Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՇԿԻ ՀԱՆԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՇԿԻ ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԲՈՐԲՈ ...

 

 

---.0282.011116

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «01»        11            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

24 հոկտեմբերի 2016 թվականի N 282-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՇԿԻ ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավորների մաշկի հանգուցային բորբոքում հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

2016 թվականի հոկտեմբերի 24-ի

N 282-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՇԿԻ ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԲՈՐԲՈՔՈՒՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Խոշոր եղջերավորների մաշկի հանգուցային բորբոքումը` դերմատիտիս նոդուլարիս բովումը (Dermatitis nodularis bovum), լամպի սքին դիզիսը (Lumpy skin disease) (այսուհետ` մաշկաբորբ) խոշոր եղջերավոր կենդանիների վիրուսային հիվանդություն է, որը բնորոշվում է բարձր ջերմությամբ, մեռուկացող մաշկային հանգույցների առաջացումով, ավշային հանգույցների մեծացումով, վերջավորությունների այտուցով, կենդանիների հյուծվածությամբ, որոշ դեպքերում կենդանիների անկումով: Հիվանդությունը առաջ է բերում կաթնատվության նվազում, իսկ ցլերի մոտ` ժամանակավոր կամ մշտական անպտղություն:

2. Մաշկաբորբի հարուցիչը ռիբոնուկլեինաթթու (ՌՆԹ) պարունակող վիրուս է, որը պատկանում է Նիդլինգ (Neethling) վիրուսների խմբին: Մաշկաբորբի նկատմամբ զգայունակ են խոշոր եղջերավոր կենդանիները, գոմեշները, ոչխարները: Հիվանդ կենդանիների մոտ հարուցիչը գտնվում է մաշկային հանգույցներում, մկաններում, արյան մեջ և շարակցական հյուսվածքի բջիջներում (ֆիբրինոբլաստներ): Մարդիկ չեն հիվանդանում այս հիվանդությամբ:

3. Մաշկաբորբի հարուցիչը դիմակայուն է ջերմաստիճանային ազդակների նկատմամբ` կենդանիների մաշկային ախտահարումներում պահպանվում է 33 օր, թքում` 11 օր, արյան մեջ և ներքին օրգաններում` 4 օր:

4. Մաշկաբորբին բնորոշ կլինիկական նշաններն են` ախորժակի նվազումը, արցունքահոսությունը, քթից լորձային կամ թարախային արտադրությունը տհաճ հոտով, մարմնի ջերմաստիճանի բարձրացումը (40-410 C), որը պահպանվում է 7 օր, ավշային հանգույցների (հարթիակային, ազդրային և ենթամաշկային) մեծացումը, կրծի և վերջավորությունների հատվածում այտուցը:

5. Հիվանդության գաղտնի շրջանը տևում է միջինը 7 օր, որը կախված է հարուցչի ախտածնությունից, կենդանու տեսակից և հարուցչի ներթափանցման ուղիներից: Հարուցչի ներթափանցելուց 2 օր հետո մարմնի տարբեր հատվածներում և մաշկի վրա գոյանում է հանգուցային ցան, որը աստիճանաբար բարձրանում է մաշկից, որոշակի սահմանազատվում և հասնում 0,2-5 սմ մեծության: Բերանի խոռոչից հոսում է խիտ ձգվող տհաճ հոտով թուք: Ակնակապիճների վրա առաջանում են էրոզիաներ, աչքերից նկատվում է առատ արցունքահոսություն, աչքի եղջերաթաղանթի բորբոքում, եղջերաթաղանթի մթագնում, որը կարող է հասցնել մասնակի կամ ամբողջական տեսողության կորստի: Շնչառական ուղիների լորձաթաղանթների վրա կարող են առաջ գալ խոցանման բորբոքումներ, որոնք առաջացնում են ուժեղ այտուց` առաջ բերելով շնչահեղձություն, որից կենդանին մահանում է:

6. Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ և վիրուսակիր կենդանիները, որոնք մեծ քանակությամբ վիրուս են արտազատում արտաքին միջավայր թքի, մեզի, կաթի, սերմնահեղուկի, կղանքի և պտղաջրերի հետ:

7. Հիվանդացած և առողջացած կենդանիները ձեռք են բերում հետվարակային անընկալություն, որը տևում է մինչև 11 ամիս:

8. Մաշկաբորբը հիվանդ կենդանիներից առողջներին փոխանցվում է հիվանդ և վիրուսակիր կենդանիների շփման, սեռական ճանապարհով, իսկ հորթերին` նաև վարակված կաթի միջոցով:

9. Մաշկաբորբը փոխանցվում է նաև միջատների կծելու միջոցով (արյունախում միջատներ, ճանճեր, մոծակներ և մլակներ):

10. Հիվանդության տարածման գործում մեծ դեր ունեն Հայաստանի Հանրապետությունում ձմեռող ձկնկուլները:

11. Հիվանդությունն ախտորոշվում է համաճարակաբանական վերլուծության, կլինիկական նշանների, ախտաբանաանատոմիական փոփոխությունների և լաբորատոր պարտադիր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա:

12. Մաշկաբորբը պետք է տարբերել`

1) դերմատոֆիտոզից, որին բնորոշ է մաշկի մակերեսային շերտի խրոնիկ ախտահարումը, մաշկից վեր բարձրացած և կեղևով ծածկված հանգույցների առաջացումը.

2) մաշկային տուբերկուլոզից, որին բնորոշ է բլրակների ենթամաշկային բնույթը և ավշային հանգույցների ուղղությամբ տեղադրվածությունը և երկար ժամանակ պահպանվելը.

3) միջատների կծելուց առաջացած մաշկային հակազդումից, որին բնորոշ է ցանցային ախտահարումները, փափուկ և թույլ արտահայտված բլրակները:

 

II. ՄԱՇԿԱԲՈՐԲԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

13. Մաշկաբորբի ներթափանցումը կանխելու նպատակով անասնապահությամբ զբաղվող անձինք պահպանում են հետևյալ պահանջները`

1) զգայունակ կենդանիներին չարածեցնել մաշկաբորբ հիվանդության նկատմամբ անապահով երկրների սահմանային տարածքներում և սահմանամերձ վայրերում.

2) ստեղծել անասնազերծ գոտիներ` նպատակ ունենալով բացառել հիվանդության համաճարակաբանական շղթայում ընկալունակ կենդանիների առկայությունը և արոտավայրերում հիվանդ և առողջ կենդանիների համատեղ պահվածքի հնարավորությունը.

3) հաշվառել հիվանդության նկատմամբ զգայունակ կենդանիներին և պատվաստել մաշկաբորբի դեմ պատվաստանյութով.

4) նոր ձեռք բերված բոլոր կենդանիներին ենթարկել կարանտինային պահվածքի 30 օր:

14. Ֆերմաներում կենդանիների պահվածքի նկատմամբ անասնաբուժական ծառայությունը իրականացնում է անասնաբուժասանիտարական հսկողություն:

15. Մաշկաբորբ հիվանդության կասկածի դեպքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին) հիվանդության հնարավոր բռնկման վայրում և հարակից տարածքներում` այդ թվում համայնքներում իրականացնում է անասնահամաճարակային իրավիճակի գնահատում, մշտադիտարկում (մոնիթորինգ):

16. Նախնական ախտորոշումը հաստատելու կամ հերքելու նպատակով հիվանդ կենդանիներից վերցվում է ախտաբանական նյութ բիոպսիայի կամ աուտոպսիայի (դիահերձում) միջոցով մաշկային բշտիկներից, լիմֆատիկ հանգույցներից և ուղարկվում է փորձաքննության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

17. Բշտերը կամ նրանց պարունակյալը վերցվում են ամենաքիչը 5 գրամ քաշով: Մնացած նյութերի քանակությունը, որոնք անհրաժեշտ են վիրուսների անջատման և նրա հետագա նույնականացման համար, պետք է լինեն 10 գրամից ոչ պակաս:

18. Քայքայման նշաններ չունեցող վերցված ախտաբանական նյութը տեղափոխվում է պտտվող կամ հղկված խցաններով ամրացվող սրվակների մեջ` սառեցված վիճակում, իսկ սառեցման հնարավորություն չունենալու դեպքում ավելացվում է պահածոյացնող հեղուկ:

19. Ախտաբանական նյութի համար պահածոյացնող հեղուկ է ծառայում չեզոք գլիցերինի և 0,9%-անոց կերակրի աղի լուծույթի տարբեր ծավալների խառնուրդը կամ էլ բջիջների կուլտիվացման նպատակով օգտագործվող, արյան շիճուկ չպարունակող սննդարար միջավայրերը:

20. Ախտաբանական նյութով սրվակները հերմետիկ փակվում են, պիտակավորվում, որի վրա նշվում է ախտաբանական նյութի անունը և քանակը, պահածոյացնող նյութը, վերցման ժամկետը և ուղարկողի հասցեն: Սրվակները տեղադրվում են սառույցով կամ սառեցուցիչով հատուկ տուփերի մեջ և կնքված տեղափոխվում փորձարկման լաբորատորիա 48 ժամվա ընթացքում: Այն դեպքերում, երբ հնարավոր է ախտաբանական նյութն ուղարկել 6-12 ժամվա ընթացքում, ապա սառեցման կամ պահածոյացման կարիքը բացակայում է:

21. Լաբորատոր հետազոտություն կատարելու համար ուղարկվող ախտաբանական նյութերը պետք է պարտադիր ունենան ուղեկցող փաստաթղթեր, որտեղ պետք է նշվի այդ հիվանդությունների նկատմամբ զգայունակ կենդանիների ընդհանուր գլխաքանակը, առաջին նշաններ երևալու ժամանակը, վերջին պատվաստման ժամկետը, օգտագործված պատվաստանյութի խմբաքանակը, հիվանդացած և անկած կենդանիների քանակը, ախտաբանական նյութի վերցման ժամանակը և որոշակի տվյալներ հիվանդության կլինիկական արտահայտման և ընթացքի մասին:

22. Մաշկաբորբի իմունոկանխարգելման նպատակով օգտագործվում է չոր կուլտուրալ պատվաստանյութը, որի դեպքում իմունիտետի տևողությունը լինում է տարբեր և տևում է 1-2 տարի:

23. Կենդանիների մոտ պարբերաբար իրականացվում է հետպատվաստային վարակամերժության մակարդակի հսկողություն:

24. Տնտեսության առողջացումից հետո, մեկ տարվա ընթացքում, մաշկաբորբի նկատմամբ չպատվաստված կենդանիների ներմուծումը տնտեսություն չի թույլատրվում:

25. Տնտեսություններ և տարածքներ նոր կենդանիների մուտքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է միայն մաշկաբորբի նկատմամբ ապահով երկրներից կամ երկրների վայրերից` ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի առկայությամբ` կենդանու առողջ և/կամ պատվաստված լինելու հավաստմամբ:

26. Հիվանդ կամ հնարավոր վարակակիր կենդանիների տեղափոխումը իրականացվում է համայնքը սպասարկող անասնաբույժի գրավոր ցուցումով կամ լիազոր մարմնի գիտությամբ և թույլտվությամբ, որի դեպքում արոտավայր տեղափոխելուց առաջ կազմակերպվում և իրականացվում են զգայունակ կենդանիների հակամաշկաբորբային պատվաստումներ, հակամիջատային ցողարկումներ:

 

III. ՄԱՇԿԱԲՈՐԲԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

 

27. Մաշկաբորբն ախտորոշելուց կամ ախտորոշումը հաստատելուց հետո լիազոր մարմինը`

1) որոշում է անապահով տարածքի սահմանները` տվյալ տարածքը, տնտեսությունը համայնքը կամ մարզը` շենքերով և նրանց հարակից արոտավայրերով, ջրամբարներով, կենդանիների տեղափոխման երթուղիների որոշակի հատվածներով և այլ տարածքներով (այսուհետ` անապահով կետ).

2) իրականացնում է անասնահամաճարակային իրավիճակի մշտադիտարկում (մոնիթորինգ) և մաշկաբորբի տարածման պատճառների վերլուծություն.

3) առաջարկություն է ներկայացնում տարածքային կառավարման մարմիններին սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:

28. Մաշկաբորբի նկատմամբ անապահով կետերում օրենքով սահմանված կարգով կիրառվող սահմանափակումներով չի իրականացվում`

1) կենդանիների վերախմբավորումը, պահվածքը և արածեցումը.

2) խոտի, ծղոտի և այլ կոպիտ կերերի առուվաճառքը, տեղափոխումը այլ տարածքներ և տնտեսություններ.

3) գոմաղբի դուրսբերումը` առանց բիոթերմիկ մշակման.

4) մաշկաբորբով հիվանդ գյուղատնտեսական կենդանիների տեղաշարժը, փոխադրումը և իրացումը.

5) անապահով կետի և ապահով տնտեսությունների անասնագլխաքանակների համատեղ պահվածքը, ջրելը, արածեցումը, ամառային արոտավայրեր տեղափոխելը և գտնվելը.

6) արոտային պահվածքի ժամանակ 3 ամիսների ընթացքում այն արոտավայրերի օգտագործումը, որտեղ արածել են հիվանդ կենդանիներ.

7) հիվանդ կենդանիներին ջրելու համար օգտագործված չհոսող, բաց կամ փակ ջրելատեղերի օգտագործումը առողջ կենդանիներին ջրելու նպատակով ջրելը դադարեցնելուց հետո 3 ամսվա ընթացքում.

8) մաշկաբորբով հիվանդ և անկած կենդանիներից ստացված կաշվի և ներքին օրգանների իրացումը.

9) մաշկաբորբից անկած կենդանիների դիակների տեղափոխումը անապահով կետի սահմաններից դուրս` բացառությամբ լաբորատոր ախտորոշման դեպքերը:

29. Մաշկաբորբով հիվանդ կենդանիների սպանդից ստացված միսը թույլատրվում է օգտագործել սննդում առանց սահմանափակումների, եթե միսը չունի տեսանելի ախտաբանաանատոմիական փոփոխություններ և անասնաբուժասանիտարական տեսակետից անվտանգ է:

30. Մաշկաբորբով հիվանդ կենդանիների սպանդից ստացված կաշին և ներքին օրգանները ենթակա են ոչնչացման կամ օգտահանման:

31. Մաշկաբորբով հիվանդ կենդանիներից ստացված կաթը թույլատրվում է օգտագործել 850 C-ում 30 րոպե տևողությամբ պաստերիզացնելուց կամ 5 րոպե եռացնելուց հետո:

32. Անապահով կետի բոլոր տեսակի կենդանիները տեղափոխվում են մսուրային պահվածքի:

33. Սպասարկող անձնակազմի արտահագուստի ախտահանության համար օգտագործվում է հոսող գոլորշի (1,5 ժամ գոլորշու խցում), եռացում (2%-անոց կալցիացված սոդայի լուծույթում 1 ժամ), ընկղմում 1%-անոց քլորամինի լուծույթի մեջ (2 ժամով, 5 լ լուծույթ 1 կգ-ին):

34. Ընթացիկ ախտահանությունն իրականացվում է`

1) անասնաշենքերում, տարածքներում, կենդանիների համար նախատեսված զբոսահրապարակներում, որտեղ պահվում են մաշկաբորբի մեջ կասկածվող կենդանիները, մաշկաբորբի յուրաքանչյուր դեպքի հաստատումից կամ անկումից հետո մինչև սահմանափակումների հանելը` յուրաքանչյուր 10 օրը մեկ մեխանիկական մաքրման աշխատանքներին զուգահեռ` ներառյալ հատակը, պատերը, սարքավորումները, կերատաշտերը կամ մսուրները, սպասարկող անձնակազմի համազգեստը, կոշիկները և այն ամենը, ինչի հետ շփվել են հիվանդ կենդանիները.

2) ախտահանության կատարումը հավաստող փաստաթղթավորմամբ:

35. Ախտահարված օբյեկտների եզրափակիչ ախտահանության նպատակով անասնաշենքերը, դրանց հարակից տարածքները, զբոսաբակերը, արոտավայրերը նախապես ենթարկվում են մանրակրկիտ մեխանիկական մաքրման: Այնուհետև կատարում են ախտահանություն հարուցչի վնասազերծումը արտաքին միջավայրում ապահովող ախտահանիչներով` համաձայն դրանց օգտագործման հրահանգների:

36. Փոխադրամիջոցներն ախտահանվում են այդ նպատակի համար կահավորված հարթակներում կամ էլ ախտահանիչ խցերում հարուցչի վնասազերծումը արտաքին միջավայրում ապահովող ախտահանիչներով` համաձայն դրանց օգտագործման հրահանգների: Անասնաշենքերի պատերը և միջնապատերը սպիտակեցվում են հանգեցրած կրի թարմ լուծույթով:

37. Անապահով կետում գտնվող կենդանական և բուսական ծագման մթերքները, հատիկային և մնացած կերերը, որոնց հետ մաշկաբորբով հիվանդ կենդանիներ են շփվել, թողնվում են անապահով կետի սահմաններում:

38. Հիվանդության բռնկման դեպքում վարակի օջախի մեկուսացման նպատակով անասնապահությամբ զբաղվող անձինք ապահովում են հետևյալ միջոցառումների կատարումը`

1) անասնաշենքերը, որոնցում առկա են հիվանդ կենդանիներ, ենթարկվում են ամենօրյա մաքրման և հարակից տարածքների հետ միասին կատարում ախտահանություն և դեզինսեկցիա (միջատների դեմ պայքար): Ախտահանությունը իրականացնում են հարուցչի վնասազերծումը արտաքին միջավայրում ապահովող ախտահանիչներով` համաձայն դրանց օգտագործման հրահանգների.

2) հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների անասնագոմերի մուտքի մոտ տեղադրվում են ախտահանիչ արգելապատնեշներ` կոշիկները, անիվները ախտահանելու նպատակով.

3) գոմաղբը և մինչև 70% խոնավություն ունեցող գոմաղբի պինդ ֆրակցիան ենթարկվում են բիոթերմիկ վարակազերծման պինդ անջրաթափանց ծածկույթով` հրապարակներում դարսակավորման եղանակով (դարսակում ջերմաստիճանը 600 C-ի հասնելուց հետո տաք եղանակին պահվում է 2 ամիս, իսկ ցուրտ եղանակին` 3 ամիս): 70-88% խոնավություն ունեցող գոմաղբը կոմպոստավորվում և պահվում է դարսակներում 6 ամիս: Հեղուկ, կիսահեղուկ գոմաղբը և գոմաղբային հեղանյութը վարակազերծվում են քիմիական ճանապարհով` քլորակրի լուծույթի օգնությամբ (1 մ3 գոմաղբին 0,5լ 25 մգ/լ ակտիվ քլոր պարունակող քլորակրի բացեցված լուծույթ` 12-18 ժամ էքսպոզիցիայով).

4) անկած կենդանիների դիակները այրվում և թաղվում են վարակի օջախի տարածքում առնվազն 3 մետր խորությամբ:

39. Անասնաբուժական ծառայությունը իրականացնում է`

1) մարմնի նորմալ ջերմություն ունեցող կլինիկապես առողջ կենդանիների պատվաստում, իսկ վարակի մեջ կասկածվող կենդանիների զննում և ջերմաչափում` հատուկ ուշադրություն դարձնելով արցունքահոսությանը, քթի արտազատուկին (լորձային կամ թարախային), բերանի խոռոչից արտազատվող հեղուկին, բերանի լորձաթաղանթի փոփոխություններին, աչքի կոպերին, ակնախնձորի, եղջերաթաղանթի վիճակին, շնչառության, մաշկի վիճակին, վերջավորություններին, ներմաշկային բշտերի ձևին, բշտերի առկայությանը բերանի, քթի և հեշտոցի լորձաթաղանթների վրա, կաթնագեղձի վիճակին, ավշային հանգույցների (հատկապես հարթիակային) չափերին.

2) պատվաստումից հետո նոր հիվանդ կենդանիներ հայտնաբերելու դեպքում դրանց մեկուսացում և բուժում կամ կենդանիները անասնաբույժի ցուցումով ենթարկվում են սպանդի:

40. Մաշկաբորբով հիվանդ կենդանիների սանիտարական սպանդը կատարվում է լիազոր մարմնի թույլտվությամբ և անասնապահական ֆերման կամ համայնքը սպասարկող անասնաբույժի հսկողությամբ, ինչն արձանագրվում է գրավոր:

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
24.10.2016
N 282-Ն
Հրաման