(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հուլիսի 1995 թվականի թիվ 501
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՍՈՒՅԹԻ (ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ) ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
Ելնելով «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի դրույթներից, առևտրի և հասարակական սննդի ոլորտում ապրանքների իրացման ծավալների հաշվառման և հարկային կարգապահության ապահովման նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների կամ ձեռքբերման, կամ իրացման վերաբերյալ պահանջվող փաստաթղթերի բացակայության, կամ այդ ապրանքների գծով հաշվառում (այդ թվում վաճառքի գների գրանցում) չվարելու հետևանքով առևտրի և հասարակական սննդի ոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների հասույթի (համախառն եկամտի) ուղղակի հաշվարկման անհնարինության դեպքում այն համապատասխանաբար ընդունվում է կամ ապրանքների ձեռքբերման գներից 35 տոկոս, կամ իրացման գներից 25.93 տոկոս հաշվարկային վերադիրի չափով` իրացված ապրանքների քանակի նկատմամբ:
i
2. Ապրանքների ձեռքբերումը հիմնավորող փաստաթղթերի բացակայության, սահմանված կարգով այդ ապրանքների հաշվառում (այդ թվում վաճառքի գների հաշվառում) չվարելու դեպքում այդ ապրանքների իրացումից ստացված հասույթի (համախառն եկամտի) որոշումը թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմինների կողմից, կամ ելնելով ստուգման պահին տվյալ շրջանում (շրջանային բաժանում չունեցող քաղաքում) առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող համանման առնվազն 3 սուբյեկտների մոտ նմանատիպ ապրանքների գործող գներից կամ տվյալ սուբյեկտի մոտ կատարված այդ ապրանքների հսկիչ գնման միջոցով որոշված գներից, կիրառելով սույն որոշման 1-ին կետում սահմանված վերադիրի նորման, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգը կիրառվում է գործունեությունից ստացված սեփականության հավելաճի չափերի որոշման նպատակով:
4. Սույն որոշման 1-3-րդ կետերով սահմանված կարգով որոշվող հասույթի (համախառն եկամտի) հիման վրա շահույթի (զուտ եկամտի), առանձին հարկատեսակների և պարտադիր վճարումների հաշվարկումն իրականացվում է, ինչպես նաև հարկային օրենսդրության խախտումների համար պատասխանատվությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Սույն որոշման գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատագրված վճարումներով հարկվող տնտեսական գործունեության առանձին տեսակների վրա (այդ գործունեության գծով առանձնացված հաշվառում վարելու դեպքում)` այդ գործունեությունից ստացվող հասույթի (համախառն եկամտի) մասով:
6.Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և արդարադատության նախարարության հետ համաձայնեցնելով, 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման կիրարկումն ապահովող հրահանգ:
7. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից: