040.1236.261015
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հոկտեմբերի 2015 թվականի N 1236-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1543-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» N 1543-Ն որոշման հավելվածի 17-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 152.1-ին, 152.2-րդ, 152.3-րդ, 152.4-րդ և 152.5-րդ կետերով.
«152.1. Կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ կարող են փոխանցվել նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի (www.ced.am) (այսուհետ` կայքէջ) միջոցով` պատվերներ կատարելով (այսուհետ` առցանց պատվեր): Առցանց պատվեր կատարող անձը կայքէջի միջոցով ծանոթանում է առցանց պատվեր կատարելու ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրին, որով սահմանված պայմանների ընդունումից հետո կարող է կատարել առցանց պատվեր:
152.2. Առցանց պատվեր կատարելու գործընթացն իրականացվում է «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի միջոցով (այսուհետ` հիմնադրամ): Առցանց պատվերի կատարման մասին պայմանագրի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
152.3. Առցանց պատվեր կատարելու համար պատվիրատուն կայքէջի «Կատարել պատվեր» կոճակի միջոցով ձևակերպում է առցանց պատվերի կատարման մասին հայտը` նշելով ազգանունը, անունը, հայրանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, քրեակատարողական հիմնարկի անվանումը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարեթիվը:
152.4. Առցանց պատվերն ստանում է հիմնադրամը և փոխանցում համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողն ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի առկայությունը տվյալ քրեակատարողական հիմնարկում, ստանում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնությունը ծանրոցներ, հանձնուքներ և փաթեթներ ընդունելու մասին, իսկ կալանավորված անձի դեպքում նախքան համաձայնությունն ստանալն ստուգում է տվյալ կալանավորված անձի համար տվյալ ամսվա ծանրոցի, հանձնուքի և փաթեթի թույլատրելի քաշի առկայությունը: Ընդ որում, կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է որոշակի ժամկետով հետաձգել պատվերի ընդունումը կամ մասնակի ընդունել կամ փոխարինել պատվերի առարկան` նախապես հիմնադրամի աշխատողի միջոցով ստանալով պատվիրատուի համաձայնությունը: Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժման դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կամ, նրա հանձնարարությամբ, այլ ծառայող ընդունում է համապատասխան որոշում` նշելով առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու պատճառները, անունը, ազգանունը, պաշտոնը և կոչումը: Առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման ընդունումից հետո քրեակատարողական հիմնարկի ծառայողը որոշման պատճենը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հանձնում է հիմնադրամին: Հիմնադրամի աշխատողը մեկ աշխատանքային օրվա ընթացքում առցանց պատվերի կատարման մասին հայտը մերժելու մասին որոշման պատճենը հետադարձ ծանուցմամբ ուղարկում է պատվիրատուին:
152.5. Քրեակատարողական հիմնարկի համապատասխան ծառայողը հիմնադրամի աշխատողից ընդունում է ցուցակով պատվիրված ապրանքը և սահմանված կարգով մեկօրյա ժամկետում փոխանցում դատապարտյալին կամ կալանավորված անձին: Կալանավորված անձը կամ դատապարտյալը պատվիրված ապրանքներն ստանալուց հետո ստորագրում է ցուցակի երկու օրինակը, որոնցից մեկ օրինակը տրվում է հիմնադրամի համապատասխան աշխատողին:»:
2. Սահմանել, որ քրեակատարողական ծառայությունում էլեկտրոնային համակարգի ներդրմամբ փաստաթղթաշրջանառությունը հիմնադրամի և համապատասխան քրեակատարողական հիմնարկի միջև կատարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ