Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼ ...

 

 

---.0931.300915

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»        09            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

26 օգոստոսի 2015 թվականի N 931-Ն

 

i

ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել կենդանիների հելմինթոզների դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության

պետական ծառայության պետի

2015 թվականի օգոստոսի 26-ի

N 931-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կենդանիների հելմինթոզները` ախտածին որդերի կողմից կենդանիների, մարդկանց և բույսերի մոտ հարուցվող հիվանդություններն են:

2. Հելմինթոզների դեմ պայքարի և կանխարգելման նպատակով իրականացվում են ընդհանուր անասնաբուժասանիտարական և բուժկանխարգելիչ համալիր միջոցառումներ հաշվի առնելով կենդանու հասակը, հիվանդության սեզոնայնությունը, տեղական աշխարհակլիմայական պայմանները, կենդանիների կերակրման և խնամքի առանձնահատկությունները:

 

II. ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

3. Հելմինթոզների նկատմամբ անապահով կետերում և սպառնալիքի ենթակա տարածքներում կատարվում են կենդանիների իմունականխարգելում և անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներ:

4. Հելմինթոզների կանխարգելման համար անցկացվում են հետևյալ միջոցառումները.

1) կենդանիները կերակրվում են լիարժեք կերերով` հաշվեկշռված սպիտակուցների, հանքային աղերի և վիտամինների նորմերով: Այն գոտիներում, որտեղ արոտային հատվածներում միկրոտարրերը սակավ են, կերաբաժնում ներառվում են համապատասխան լրացումներ (պղինձ, կոբալտ, յոդ, մոլիբդեն և աղեր).

2) ստեղծվում են կենդանիներին կերակրելու, ջրելու, խնամքի պայմաններ` զոոհիգիենայի պահանջներին համապատասխան: Մասնավորապես`

ա. շենքերում կենդանիները կերակրվում են միայն կերամաններից,

բ. կենդանիները ջրվում են թարմ և մաքուր ջրով ջրմուղից, ջրհորներից, գետերից և արագ հոսող առվակներից: Արհեստական լճերից և այլ կանգնած ջրամբարներից ջրելն իրականացվում է ջրհոր-զտիչների միջոցով: Չի թույլատրվում ջրել ջրափոսերից, առուներից և ջրանցքներից: Ջրաղբյուրի մատույցները պետք է լինեն չոր, հատուկ հրապարակներով` կարծր հատակով կամ ծածկույթով,

գ. ապահովվում են անասնապահական շենքերի, կերամանների, ջրամանների, խնամքի առարկաների, գույքի, սարքավորումների, բակերի, արածեցման տարածքների, շրջակա տարածքների մաքրությունը: Շենքերը պետք է օդափոխվեն, լինեն չոր, լուսավոր: Կենդանիները շենքերում տեղավորվում են զոոհիգիենիկ նորմերի պահանջներին համապատասխան,

դ. շենքերից և արածեցման տարածքներից գոմաղբը և թռչնաղբը կանոնավոր կերպով հավաքվում է հատուկ գոմաղբահորերում վարակազերծման համար: Գոմաղբի հավաքման համար հատկացվում են հատուկ գործիքներ և տրանսպորտային միջոցներ, որոնք օգտագործվում են միայն այդ նպատակի համար: Շների կղանքը հավաքվում և ոչնչացվում է,

ե. իրականացվում է շենքերի, արածեցման տարածքների, սարքավորումների և գործիքների դեզինվազիա (մակաբուծազերծում),

զ. չի թույլատրվում շներին պահել անասնապահական շենքերում և կերերի պահման վայրերում,

է. կազմակերպվում է ճանճերի դեմ պայքար.

3) տնտեսություններում, որտեղ կիրառվում է կենդանիների արոտային կամ մսուրարոտային պահվածք իրականացվում են հետևյալ միջոցառումները.

ա. բարելավվում են բնական մարգագետինները և արոտավայրերը (հողը չորացվում, մաքրվում է քարերից և թփերից, անտառային արոտավայրերը` գետին ընկած ծառերից և չորացած կոճղերից), ստեղծվում են մշակելի արոտավայրեր,

բ. կենդանիներն արածեցվում են չոր արոտավայրերում: Կենդանիների արածեցումը արոտավայրի ճահճակալած, ցածրադաշտ հատվածներում չի թույլատրվում,

գ. հիվանդության նկատմամբ առավել ընկալունակ կենդանիները և մատղաշը արածեցվում են բարձրադիր, բարելավված արոտավայրերում,

դ. հորթերի մսուրային, մսուրաարոտային պահվածքի և վաղ (ձմեռային) ծնի ապահովում, ինչպես նաև հելմինթոզներից հնարավորինս զերծ մատղաշի աճեցում և առողջ հոտերի ստացում:

5. Հիվանդության իրավիճակը որոշելու և առողջացման միջոցառումները ժամանակին կազմակերպելու նպատակով տարին ոչ պակաս 2 անգամ ընտրողաբար հետազոտվում է յուրաքանչյուր խմբից նույնանման խնամքի պայմաններում գտնվող առնվազն 30 կենդանի (փոքր անասնագլխաքանակի դեպքում հետազոտվում են բոլոր կենդանիները): Ախտորոշիչ հետազոտման ժամկետները սահմանվում են` հաշվի առնելով հարուցչի կենսաբանությունը, հիվանդության անասնահամաճարակային առանձնահատկությունները և տեղական պայմաններում կենդանիների խնամքի տեխնոլոգիաները:

6. Տնտեսություն մուտք գործող նոր ընտանի և վայրի կենդանիները 30 օրվա ընթացքում ենթարկվում են կանխարգելիչ կարանտինի և հելմինթոկոպրոլոգիական հետազոտման: Հելմինթներով վարակվածության հաստատման դեպքում անցկացվում է ամբողջ անասնագլխաքանակի ճիճվաթափում:

7. Հելմինթոզների նկատմամբ ախտորոշումը իրականացվում է` հաշվի առնելով կլինիկական պատկերը, բնորոշ ախտաբանաանատոմիական փոփոխությունների առկայությունը, հյուսվածքներում և ներքին օրգաններում հելմինթների կամ նրանց թրթուրների հայտնաբերումը, հելմինթոկոպրոլոգիական հետազոտման արդյունքների (անասնաբուժությունում ընդունված լաբորատոր մեթոդներով), ինչպես նաև համաճարակաբանական տվյալները: Հելմինթոզների հայտնաբերման դեպքում բոլոր կենդանիները ճիճվաթափվում են: Ճիճվաթափության անցկացման մասին համապատասխան նշում է կատարվում անասնաբուժական վկայականում:

8. Կենդանիների և մարդու համար ընդհանուր հիվանդությունների (էխինոկոկոզ, տրիխինելյոզ, ցիստիցերկոզներ և այլն) հայտնաբերման դեպքում անասնաբուժության բնագավառի լիազոր մարմինը այդ մասին հայտնում է առողջապահության ոլորտի պետական լիազոր մարմնին` մարդկանց և կենդանիներին վարակումից զերծ պահելու համալիր միջոցառումներ անցկացնելու համար:

 

III. ՀԵԼՄԻՆԹՈԶՆԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ

 

9. Հելմինթոզները բուժելիս նախ կենդանիների օրգանիզմը անհրաժեշտ է ազատել հելմինթներից, այնուհետև վերականգնել նրանց գործունեության հետևանքով առաջացած խախտված ֆունկցիաները:

10. Ճիճվաթափության արդյունավետությունը կախված է ընտրված դեղամիջոցների տեսակից, ճիճվաթափության պարբերականությունից, տարածվածությունից և պլանավորումից:

11. Կենդանիների մոտ հիվանդության կլինիկական նշանների հայտնաբերման դեպքում անկախ տարվա եղանակից իրականացվում է հարկադիր ճիճվաթափություն: Երկրորդային ինֆեկցիայով կամ ոչ վարակիչ հիվանդություններով առաջացած բարդությունների դեպքում նշանակվում է նշանային բուժում երկրորդային հիվանդության դեմ և միայն դրանից հետո կենդանիներին ճիճվաթափում են: Զանգվածային բուժիչ կամ կանխարգելիչ ճիճվաթափությունից առաջ դեղամիջոցը նախապես փորձարկվում է ոչ մեծ խմբի կենդանիների վրա (15-20 գլուխ): Երկու-երեք օրվա ընթացքում բարդությունների բացակայության դեպքում ճիճվաթափության է ենթարկվում ամբողջ գլխաքանակը:

12. Ճիճվաթափության անցկացումից առաջ կենդանիները մինչև մեկ օր պահվում են սոված` կախված հարուցչից և օգտագործվող դեղամիջոցից:

13. Հիվանդության քիմիոկանխարգելումը արոտային պահվածքի ընթացքում իրականացվում է կենդանիներին ամեն օր փոքր քանակությամբ երկարատև ազդեցության հակաճիճվային դեղամիջոցներով խառնուրդներ կերակրելով:

14. Կենդանիների ճիճվաթափության համար օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված անասնաբուժական դեղամիջոցները:

15. Անասնաբուժական դեղամիջոցների ներմաշկային, ենթամաշկային, ներմկանային, ներերակային, ներշնչափողային և ներկտրիչային ներարկման ժամանակ խստորեն պահպանվում են ապանեխության և հականեխության կանոնները: Հզորազդու անասնաբուժական դեղամիջոցների օգտագործման դեպքում պահպանվում են անձնական անվտանգության կանոնները:

16. Ճիճվաթափության չեն ենթարկվում էգ կենդանիները` ծնից առաջ և հետո երկու շաբաթվա ընթացքում, ինչպես նաև հյուծված, փքանքով, արտահայտված օստեոմալացիայով և այլ սուր ու ծանր ընթացող հիվանդություններով հիվանդ կենդանիները: Այդպիսի կենդանիները ճիճվաթափվում են առողջական վիճակի լավանալուց հետո անհատական կարգով: Ծանր հիվանդ կենդանիներն առանձնացվում են, բարելավվում կերակրման, պահվածքի պայմանները, այնուհետև բուժում անհատական կարգով:

17. Հակաճիճվային դեղամիջոցները նշանակվում են հաշվի առնելով կենդանիների մարմնի զանգվածը` (մգ) դոզայով, կենդանու մարմնի զանգվածի 1 կգ-ին (մգ/կգ) ազդող նյութի հաշվարկով:

 

IV. ԴԵԶԻՆՎԱԶԻԱՅԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

18. Շրջակա միջավայրում հելմինթների ձվերի և թրթուռների ոչնչացման նպատակով անցկացվում է շինությունների և զբոսաբակերի կանխարգելիչ դեզինվազիա:

19. Կանխարգելիչ դեզինվազիան զուգակցում են կանխարգելիչ ախտահանության հետ, որն իրականացվում է պլանային կարգով:

20. Տնտեսության զբոսաբակերի դեզինվազիան անցկացվում է կենդանիների ճիճվաթափությունից 3-5 օր անց:

21. Շինությունների և զբոսաբակերի եզրափակիչ դեզինվազիան իրականացվում է կենդանիներին հելմինթներից ազատելուց հետո` բոլոր կենդանիներին շինություններից դուրս հանելով:

22. Դեզինվազիային և ախտահանությանը նախորդում է շինությունների մեխանիկական մաքրումը, գոմաղբի և կերային մնացորդների հեռացումը և այլն: Դեզինվազիայից հետո շինություններն օդափոխվում են, կերամանները, ջրամանները, գույքը և կենդանիների խնամքի պարագաները լվացվում են:

23. Հաշվի առնելով կենդանատեսակը և առկա հիվանդությունը շինությունների, զբոսաբակերի և ամուր մակերեսով հարթակների դեզինվազիան իրականացվում է հետևյալ կերպ.

1) Խոզերի ասկարիդոզի և ձիերի պարասկարիդոզի դեպքում օգտագործվում է 10%-ոց տաք (70-800) քսիլոնաֆտի ջրային էմուլսիա` 3 ժամ տևողությամբ, իսկ նատրիումի կամ կալիումի հիդրօքսիդի 5%-ոց տաք (70-800) լուծույթը` 6 ժամ տևողությամբ: Յուրաքանչյուր ախտահանման ժամանակ նշված լուծույթները կիրառվում են երկնվագ 1 ժամ ընդմիջումով` 0,5 լ լուծույթը ախտահանվող տարածքի 1 մ2 հաշվարկով:

2) Թռչունների ասկարիդիոզի և հետերակիդոզի դեպքում օգտագործվում են նատրիումի հիդրօքսիդի և կարբոլաթթվի 5%-ոց տաք լուծույթները:

3) Շների, աղվեսների և կզաքիսների տոքսոկարոզի և տոքսասկարիդոզի դեպքում 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով օգտագործվում է 1 լ նատրիումի հիդրօքսիդի, կալիումի հիդրօսիդի կամ կարբոլաթթվի 5%-ոց տաք (70oC-80oC) լուծույթները` 3 ժամ տևողությամբ: Երկաթյա իրերը, ցեմենտե հատակները, վանդակների և տնակների պատերը վարակազերծվում են այրման եղանակով (զոդման լամպի միջոցով):

4) Տրիխոցեֆալյոզների դեպքում 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով օգտագործվում է 1 լ նատրիումի հիդրօքսիդի 4%-ոց տաք և կարբոլաթթվի 5%-ոց լուծույթները` 3 ժամ տևողությամբ:

5) Ստրոնգիլյատոզների դեպքում օգտագործվում է 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 1 լ կրեոլինի 5%-ոց էմուլսիա, ծծմբակարբոլային 5%-ոց խառնուրդ, միաքլոր յոդի 3%-ոց լուծույթ` 1 ժամ տևողությամբ:

6) Ստրոնգիլոիդոզների դեպքում 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով օգտագործվում է 1 լ միաքլոր յոդի և կարբոլաթթվի 3%-ոց լուծույթները` 1 ժամ տևողությամբ:

7) Շների տենիիդոզների դեպքում (էխինոկոկոզ, մուլտիցեպտոզ և այլն) օգտագործվում է քլորակրի լուծույթ, 2,7% ակտիվ քլորի պարունակությամբ` 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 1 լ` 3 ժամ տևողությամբ: Ոչ մեծ ցեմենտե հարթակները, մետաղական վանդակները, կերամանները, ջրամանները, մետաղական գույքը և խնամքի պարագաները վարակազերծվում են այրման եղանակով (զոդման լամպի միջոցով): Զոդման լամպով փայտյա մակերեսների դեզինվազիայի ժամանակ անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները: Գույքը և մյուս ոչ մետաղական խնամքի պարագաները պահվում են 3 ժամ 2,7% ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթում:

24. Զբոսահարթակների հողատարածքների, շինությունների հողային հատակի, ամառային ճամբարների և կենդանիների ժամանակավոր հարթակների և այլ ախտահարված տարածքների դեզինվազիայի համար օգտագործվում է կարբաթիոն կամ քլորակիր:

25. Կարբաթիոնը օգտագործվում է թռչնանոցներում և խոզաբուծական ֆերմաներում ասկարիդիաների և հետերակիսների, տրիխոցեֆալների ձվերի, էզոֆագոստոմների և ստրոնգիլոիդների ձվերի և թրթուռների, տենիիդների ձվերի (էխինակոկ մուլտիցեպսների և այլն), ինչպես նաև անձրևաորդերի, մետաստրոնգիլիդների միջանկյալ տերերի և ասկարիդների և հետերակիսների տերերին հողում ոչնչացնելու համար:

26. Թռչնանոցների և խոզանոցների հողի դեզինվազիան անցկացվում է ճիճվաթափությունից 5-6 օր հետո կամ շինությունների եզրափակիչ դեզինվազիայից հետո` սանիտարական ընդմիջման ընթացում թռչունների և խոզերի խմբաքանակների փոփոխման ժամանակ: Բացի այդ, հողի վարակազերծումը իրականացվում է նաև գարնանը թռչուններին զբոսանքի հանելուց 5 օր առաջ և խոզերին դուրս հանելուց 10 օր առաջ կամ աշնանը զբոսահարթակների օգտագործման դադարից հետո:

27. Դեզինվազիոն լուծույթները պատրաստվում են սովորական ծորակային կամ գետի ջրով 3% խտությամբ` յուրաքանչյուր օգտագործումից անմիջապես առաջ: Օգտագործելուց առաջ լուծույթը խառնվում է 3 րոպե: Լուծույթը լցվում է մշակվող մակերեսին ախտահանիչ սարքի ցողարկման ապարատի օգնությամբ 40 սմ-ից ոչ ավելի բարձրությունից, 10oC-20oC հողի ջերմաստիճանի դեպքում:

28. Թռչնանոցների չհերկված զբոսաբակերի և հողային հատակների դեզինվազիայի համար կարբաթիոնի լուծույթը լցվում է 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 2 լիտր, հերկվող զբոսաբակերի գոմաղբով և թռչնաղբով ախտոտված, խոզաբուծական զբոսահրապարակների, թռչնանոցների, շների խնամքի և ճիճվաթափման վայրերի հողերի դեզինվազիայի համար` 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 4 լիտր:

29. Դեզինվազիա չի անցկացվում`

1) անձրևից հետո` հողի 40%-ից ավելի խոնավության պայմաններում,

2) տարվա տաք եղանակներին` 250-ից ավելի խոնավության պայմաններում: Այս դեպքում հողը մշակում են երեկոյան ժամը 1700-ից հետո կամ առավոտյան մինչև ժամը 1000:

30. Դեզիանվազիոն լուծույթի հետ աշխատելիս պահպանվում են անվտանգության կանոնները, օգտագործվում են անջրաթափանց գոգնոցներ, ռետինե երկարաճիտ կոշիկներ, ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և շնչադիմակներ: Լուծույթը մաշկին ընկնելու դեպքում այն մաքրվում է բամբակով կամ թանզիֆով և մարմնի այդ մասը մանրակրկիտ լվացվում ջրով: Աչքի մեջ ընկնելու դեպքում լվացվում է մեծ քանակությամբ ջրով: Կարբաթիոնով աշխատելու ընթացքում աշխատողների և ախտահանող սարքավորումների վրա լուծույթի թափվելը բացառելու նպատակով հաշվի է առնվում քամու ուղղությունը: Աշխատանքի ընթացքում ուտելն ու ծխելն արգելվում է:

31. Կարբաթիոնով մշակված տարածքներում թռչունների և շների մուտքը թույլատրվում է մշակումից 5 օր հետո, իսկ խոզերի մուտքը` 10 օր հետո:

32. Կարբաթիոնը պահվում է հերմետիկ փակ տարաներում, շինություններում, ծածկի տակ կամ բացօթյա` բացառելով արևի ուղիղ ճառագայթների թափանցումը 5oC-ից ցածր և 25oC-ից բարձր ջերմաստիճանի պայմաններում: Ձմռանը 5oC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում կարբաթիոնը պահվում է ջեռուցվող շենքերում, -20oC-ից ցածր ջերմաստիճանի դեպքում հնարավոր է լուծույթի բյուրեղացում, որը հետագայում ջերմաստիճանի բարձրացման և խառնելու դեպքում լուծվում է: Լուծույթը կարելի է տեղափոխել ցանկացած տրանսպորտային միջոցով: Կարբաթիոնի պահպանման ժամկետը արտադրման օրվանից 2 տարի է:

33. Քլորակիրը օգտագործվում է շների պահման և ճիճվաթափության հողատարածքների (տնակների և վանդակների շուրջ) դեզինվազիայի համար, 2,7% ակտիվ քլոր պարունակող լուծույթի տեսքով, 1 մ2 ախտահանվող տարածքի հաշվարկով 10 լ` 24 ժամ տևողությամբ:

34. Գոմաղբի, թռչնաղբի և շների կղանքի դեզինվազիան իրականացվում է կենսաբանական, քիմիական և ֆիզիկական եղանակներով:

35. Ցամքարային գոմաղբը և թռչնաղբը կենսաջերմային դեզինվազիայի է ենթարկվում հարթ ծածկով դարսման եղանակով: Դեզինվազիայի սկիզբ են համարում հարթածածկում 37-40oC-ից մինչև 50-60oC ջերմաստիճանի բարձրացումը:

36. Դեզինվազիայի նպատակով խոշոր եղջերավոր կենդանիների կիսահեղուկ և հեղուկ գոմաղբը պահվում է պահեստներում 6 ամսից, իսկ խոզի գոմաղբը` 12 ամսից ոչ պակաս: Կենսաջերմային վարակազերծման համար գոմաղբաջրերի ամուր ֆրակցիան դնում են ամուր ծածկով հարթակների վրա (հիմքի հատվածում` 2-2.5 մ բարձրությամբ և 3.5-4 մ լայնությամբ): 65-75% խոնավությամբ խոզերի գոմաղբի լայնակույտը պահվում է 1 ամսից ոչ պակաս գարուն-ամառ և 2 ամիս աշուն-ձմեռ ժամանակահատվածում, 75-78% խոնավության ժամանակ` 3 ամսից ոչ պակաս գարուն-ամառ և 6 ամիս աշուն-ձմեռ ժամանակահատվածում: Գոմաղբաջրերի հեղուկ ֆրակցիան պահվում է նստվածքարկիչներում 2 օրից ոչ պակաս, թեքվում է դեպի արհեստական լճակներ-կուտակարաններ, որից հետո ջուրը օգտագործում են ոռոգման համար:

37. Մեզոֆիլային խմորման ժամանակ (ջերմաստիճանը` 30-40oC) գոմաղբը, որը պարունակում է ասկարիդների և պարասկարիդների ձվեր, պահում են մոտ 40 օր, իսկ գոմաղբն ու թռչնաղբը, որոնք պարունակում են տրիխոցեֆալների, ստրոնգիլյատների, ստրոնգիլոիդների, ասկարիդիաների, հետերաքիսների ձվեր և թրթուրներ և կոկցիդիաների օոցիստներ` 20 օրից ոչ պակաս:

38. Ջերմային խմորման ժամանակ (ջերմաստիճանը` 50-55oC) գոմաղբը դեզինվազիայի է ենթարկվում մեկ օրվա ընթացքում:

39. Թռչնաֆաբրիկաներում թռչնաղբը հելմինթների ձվերից և կոկցիդիաների օոցիստներից վարակազերծվում է կենսաջերմային եղանակով սույն հրահանգի 35-րդ կետի համաձայն, կամ ջերմային եղանակով հակահոսքային և հոսքային չորացնող սարքերով (ագրեգատներով):

40. Թռչնաղբի դեզինվազիայի ժամանակ հակահոսքային չորացնող սարքերում պահպանվում է հաստատված ջերմաստիճանային ռեժիմ (540-720oC` կրակարանում, 120-130oC` թմբուկի սկզբնական մասում, ջերմաստիճանի հետագա բարձրացմամբ մինչև 550-600oC մինչ դրանից դուրս գալը) 60 րոպե տևողությամբ խոնավությունը հասցնելով մինչև 16%:

41. Թռչնաղբի դեզինվազիայի ժամանակ հոսքագծերում ապահովվում է հաստատված ջերմային ռեժիմ (500-600oC` կրակարանում և թմբուկի սկզբնական մասում, 110-120oC` վերջնամասում) մինչև 60 րոպե տևողությամբ: Վերջնական արդյունքում թռչնաղբի խոնավությունը պետք է լինի 15% մանր հատիկների և 25% խոշոր հատիկների (14x15 մմ, 15x20 մմ, 19x25 մմ) համար:

42. Շների կղանքը տենիիդոզների (էխինոկոկոզ, մուլտիցեպտոզ) դեպքում ճիճվաթափությունից հետո հավաքվում է մետաղական տարաներում և վարակազերծվում է այրմամբ, կամ ջրում 20 րոպե եռացմամբ, կամ վրան լցվում է 2.7% ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթ` 100գ կղանքին 1 լ լուծույթի հաշվարկով և պահվում 3 ժամ: Տեղանքը, որտեղից հավաքվել է կղանքը, սույն հրահանգի 27-րդ և 33-րդ կետերի համաձայն ենթակա է դեզինվազիայի:

43. Արտահագուստը, գործիքները և մանր առարկաները, որոնք օգտագործվել են տենիիդներով և ասկարիդներով վարակված կենդանիների հետ աշխատելիս, եռացվում է 20 րոպե կամ ախտահանվում ավտոկլավում` 30 րոպե տևողությամբ:

44. Խոզանոցների, թռչնանոցների, զբոսաբակերի, արածեցման տարածքների դեզինվազիայի որակի վերահսկողության համար ընտրվում է գոմաղբի և նրա հեղուկ ֆրակցիայի նմուշներ և հետազոտվում է հելմինթների, թրթուռների և ձվերի առկայության և կենսունակության նկատմամբ: Քերված նմուշները (10 - 15 նմուշ յուրաքանչյուրը 25 - 50 գր զանգվածով) վերցվում է դեզինվազիայից 3 ժամ հետո հատակի տարբեր հատվածներից, իսկ հողի նմուշները` (10 - 15 նմուշ, յուրաքանչյուրը 50 - 100 գր) կենդանիների կերակրման և պահման տեղանքից: Տարածքների և զբոսաբակերի դեզինվազիայի արդյունավետությունը համարվում է բավարար, եթե նմուշներում չեն հայտնաբերվում հելմինթների կենսունակ ձվեր կամ թրթուրներ:

45. Ճիճվաբանական հետազոտությունների համար գոմաղբի նմուշները ընտրվում են հարթածածկի վերին, միջին և ներքին շերտերից, ինչպես նաև համալիրների մաքրման կառույցների գոմաղբի մշակման հոսքագծերի հիմնական կետերից և կառույցներից դուրս եկող կեղտաջրերից:

 

V. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

I. ՖԱՍՑԵԼՅՈԶՆԵՐ

 

46. Ֆասցելյոզները ոչխարների, խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, այծերի հիվանդություններ են: Ձիերի, խոզերի, ուղտերի և մարդկանց մոտ հիվանդությունը հազվադեպ է հանդիպում: Հիվանդությունը հարուցվում է Fasciola hepatica և Fasciola gigantica տրեմատոդների կողմից, որոնք մակաբուծում են լեղուղիներում:

47. Ֆասցելյոզի նկատմամբ անապահով տնտեսություններում իրականացվում են համալիր միջոցառումներ` շրջակա միջավայրի պաշտպանություն հարուցչի ինվազիոն տարրերից, ճիճվաբանական գնահատում և արոտավայրերի փոփոխություն, ֆասցելյաների միջանկյալ տերերի` խխունջների թվաքանակի սահմանափակում, կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափություն:

48. Հարուցչից շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով կիրառվում են գոմաղբի վնասազերծման կենսաջերմային մեթոդներ, կանխվում է ֆասցելյոզով անապահով տնտեսությունների կեղտաջրերի թափվելը ջրամբարներ:

49. Ճիճվաբանական գնահատումը իրականացվում է արոտավայրերում, ինչպես նաև կենդանու տեղափոխման ուղիներում, դրենաժային ջրանցքներում, ջուր խմելու վայրերում, ձկնաբուծական լճերում և արոտային հանդամասերին հարակից այլ ջրամբարներում, քաղցրահամ ջրերում խխունջների (ֆասցելյաների միջանկյալ տերերի) առկայության հետազոտման, ինչպես նաև խխունջների թվաքանակի սահմանափակման միջոցառումների միջոցով:

50. Կենդանիները յուրաքանչյուր 2 ամիսը մեկ տեղափոխվում են նոր արոտավայրեր: Եթե դա հնարավոր չէ ապահովել, ապա տեղափոխությունը իրականացվում է մեկ անգամ, արոտավայրային սեզոնի միջնամասում (հուլիսի վերջ - օգոստոսի սկիզբ):

51. Միամյա մշակովի արոտավայրերի (այսուհետ` ՄՄԱ) ստեղծման համար ընտրվում են առավելապես անջրդի հովիտների վերին հողակտորները: ՄՄԱ կառուցումը սկսվում է արոտավայրային հանդավայրների ճիճվաբանական գնահատումից: Մոլյուսկոցիդներով ոչ մեծ ջրամբարները ծածկվում են հողով` իրականացնելով մշակման հետագա տեխնիկական աշխատանքներ: Արոտավայրերը ցանկապատվում են:

52. Չորացած հողերի օգտագործման ժամանակ մելիորատիվ (հողաբարելավման) ջրանցքները երկարատև մշակովի արոտավայրերից (այսուհետ` ԵՄԱ) առանձնացվում են ցանկապատներով: Ջրանցքներից կենդանիների ջուր խմեցնելն արգելվում է: Ջրելատեղը կահավորվում է ամուր ծածկույթ ունեցող հրապարակներով:

53. Խխունջների քանակի սահմանափակման համար իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) ցածրադիր արոտներում մելիորացիայի մեթոդով իրականացվում է մշակաբույսերի տեխնիկական մակերեսային բարելավում` ծածկելով ջրափոսերը, ոչ մեծ ջրամբարները և հարթեցնելով հողը,

2) վերացվում են տնտեսական նշանակություն չունեցող ջրամբարները, մանր ոռոգիչ ջրանցքները և լքյալ արտեզյան հորանցները, խորացվում են ծանծաղահուն արհեստական լճակները, ապահովելով դրանց վրա բադերի տեղակայումը: Չորացվում են արոտավայրերի ճահճացած տարածքները,

3) արոտավայրերը, մելիորատիվ ջրանցքները և այլ ջրամբարները, որոնք բնակեցված են խխունջներով, մշակվում են պղնձարջասպի կամ 5,4՛ - դիքլորսալիցիլանիլիդի լուծույթով: Մինչև խխունջներով բնակեցված վայրերի մշակումը, դրանց հարակից տեղամասի մոտ գտնվող խոտը հնարավորինս հնձվում է, օգտահանվում կամ վերամշակվում է խոտային հատիկների,

4) արոտավայրերում պղնձարջասպն օգտագործվում է խխունջի բիոտոպի 1 մ2 համար 2 գ հաշվարկով: Փոքր ջրամբարների մեջ (արհեստական լճեր, առուներ) լուծույթն ավելացվում է ստեղծելով 0,2 գ/լ խտություն, իսկ առուների և ոռոգող ջրանցքների հոսող ջրում` ժամում 0,2 - 0,3 գ/լ հաշվարկով,

5) 5,4՛ - դիքլորսալիցիլանիլիդն ավելացվում է արհեստական լճերի, առուների և ճահճուտների մեջ 1 մ3 ջրին 1 գ մաքուր նյութի հաշվարկով: Արոտավայրերը, որոնք օգտագործվում են որպես կենդանիների համար արոտատեղ ցողարկվում են մոլյուսկոցիդի 0,01%-անոց լուծույթով` 1 մ2 բիոտոպի հաշվարկով 0,2 գ: Փոքր լճախխունջների բիոտոպերի մշակումն իրականացվում է խոնավ եղանակի ժամանակ, առավոտյան ժամերին կամ ուժեղ ցողի շրջանում, +140 ոչ ցածր ջերմաստիճանին, երբ խխունջները առավել շարժուն են: Մոլյուսկոցիդները ներարկվում են բիոտոպերի մեջ տարեկան երկու անգամ` մայիսին և հուլիս-օգոստոսի սկզբին: Մշակման օրն արգելվում է կենդանիների արածեցումը:

54. Արածեցվող կենդանիների հելմինթոկոպրոսկոպիկ հետազոտությունը (հասակավոր տավարի, երինջների, մատղաշի և մեկ տարեկանից բարձր ոչխարների) իրականացվում է միանվագ, մսուրային շրջանում, հունվար ամսից ոչ շուտ:

55. Կենդանիների կանխարգելիչ ճիճվաթափությունն իրականացվում է առաջին անգամ (պրեիմագինալ և իմագինալ) մսուրային պահվածքին անցնելուց 30 օր հետո հակաճիճվային դեղամիջոցներով, որոնք ազդում են ինչպես ոչ սեռահասուն, այնպես էլ սեռահասուն ֆասցելյաների վրա, երկրորդ անգամ` (իմագինալ)` ոչ ուշ, քան արոտի հանելուց 2-2,5 ամիս առաջ, հաշվի առնելով կովերի և ոչխարների ծինը, հակաճիճվային դեղամիջոցներով, որոնք ազդում են սեռահասուն ֆասցելյաների վրա: Կենդանիների ուժեղ վարակվածությամբ տնտեսություններում, որոնցում նախորդ տարվա ընթացքում նկատվել է սուր ֆասցելյոզ և կենդանիների անկման դեպքեր, ինչպես նաև ֆասցելյաներով գարնանային ինտենսիվ վարակվածության ժամանակ արածեցվող կենդանիները ճիճվաթափվում են հունիս ամսվա վերջում և հուլիս ամսվա սկզբում տրեմատոդի երիտասարդ ձևերի վրա ազդող դեղամիջոցով: Դիեցման շրջանում կովերը ճիճվաթափվում են միայն ցուցումների առկայության դեպքում: Կենդանիների ամբողջ տարվա արոտավայրային պահվածքի ժամանակ ճիճվաթափման ժամկետները սահմանվում են հաշվի առնելով ֆասցելյոզի անասնահամաճարակային առանձնահատկությունները: Ճիճվաթափման արդյունավետությունը որոշվում է կղանքի հելմինթոօվոսկոպիկ հետազոտությունների ճանապարհով, ոչ շուտ, քան ճիճվաթափությունից 45 օր հետո:

56. Հաշվի առնելով դեղամիջոցների ազդեցությունը տարբեր կենդանատեսակների վրա, ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները`

1) Հեկսիխոլ` նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին համակցված կերերի հետ խառնուրդում միանվագ 300 մգ/կգ դեղաչափով, իսկ ոչխարներին և այծերին` 200 մգ/կգ դեղաչափով: Կովերին հեկսիխոլը տրվում է 0,5-1 կգ կերի հետ, խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշին և ոչխարներին դեղի խառնուրդը տրվում է կերի հետ հետևյալ հարաբերությամբ (դեղի 1 բաժին և կերի 6 բաժին): Բարդություններից խուսափելու նպատակով հեկսիխոլով կերակրելուց մեկ օր առաջ և երկու օր հետո կերաբաժնից հանվում են դժվարամարս և անորակ կերերը: Բարդությունների դեպքում խորհուրդ է տրվում նատրիումի սելենիտի ներմաշկային ներարկում 0,1 մգ/կգ չափով 1%-անոց ջրային լուծույթի ձևով 1 մլ/100 կգ մարմնի զանգվածի հաշվարկով: Կենդանիների սպանդը թույլատրվում է հեկսիխոլի ընդունումից 15 օր անց:

2) Պոլիտրեմ` նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին համակցված կերերի հետ խառնուրդում միանվագ 200 մգ/կգ դեղաչափով, իսկ ոչխարներին և այծերին` 140 մգ/կգ դեղաչափով: Պոլիտրեմի օգտագործման համար կիրառվում է հեկսիխոլի օգտագործման համար նախատեսված կարգը:

3) Ացեմիդոֆեն` նշանակվում է ջրային լուծույթի տեսքով ոչխարների և խոշոր եղջերավոր կենդանիների սուր ֆասցելյոզի առկայության, ինչպես նաև կանխարգելիչ նպատակով` անհատական, առանց սննդակարգի սահմանափակման: Ոչխարներին դեղը ներարկվում է 150 մգ/կգ, տավարին` 200 մգ/կգ դեղաչափերով: Կենդանիների սպանդը թույլատրվում է ճիճվաթափությունից 15 օր անց:

4) Ռաֆոքսանիդ (ուրսովերմիտ, ռանիդ)` նշանակվում է 7,5 մգ/կգ դեղաչափով, ջրային լուծույթի տեսքով, միանվագ, անհատական, մինչև առավոտյան կերակրումը: Դիեցվող կենդանիներին ռաֆոքսանիդ չի նշանակվում: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է ոչ շուտ, քան ճիճվաթափությունից 28 օր անց:

5) Ֆասկովերմ (կլոզանթել)` նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին և ոչխարներին ներմաշկային 2,5 մգ/կգ դեղաչափով: Կենդանիների կաթը և միսը բուժումից հետո 14 օրվա ընթացքում սննդում չի թույլատրվում օգտագործել:

6) Դիսալան` նշանակվում է միանվագ, ներքին, երկու օր տևողությամբ ոչ դիեցման շրջանում գտնվող խոշոր եղջերավոր կենդանիներին 15 մգ/կգ, իսկ ոչխարներին` 10 մգ/կգ դեղաչափով: Դեղը ներարկվում է ջրային լուծույթի ձևով կամ խառնվում համակցված կերի հետ: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 28 օր անց:

7) Բիթիոնոլ` նշանակվում է ոչխարներին 150 մգ/կգ անհատական, միանվագ կամ 200 մգ/կգ կերակրման միջոցով, 50-100 կենդանիներից բաղկացած խմբերի համար` խտացրած կերախառնուրդում (մեկ կենդանու համար 150-200 գ կեր հաշվով): Մինչև ճիճվաթափությունը ոչխարները պահվում են 15-17-ժամյա սոված դիետայով: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 12 օր անց:

8) Քառաքլորային ածխածին` նշանակվում է ոչխարներին և այծերին միանվագ (դեղապատիճներով): Մինչև մեկ տարեկան մատղաշներին նշանակվում է 1 մ լ դեղաչափով, մեկ տարեկանից բարձր ոչխարներին` 2-3 մլ յուրաքանչյուր կենդանուն: Ոչ լիարժեք կերակրման հետևանքով առաջացող բարդություններից խուսափելու համար ճիճվաթափությունից երկու շաբաթ առաջ կենդանիների կերաբաժնում ավելացվում է աղերով և վիտամիններով հարուստ կեր և կերային հավելումներ: Բարդությունների դեպքում հիվանդ կենդանիներին ներերակային ներարկվում է 20 մլ 10%-անոց քլորային կալցիումի լուծույթ օրը 3-4 անգամ, նաև նշանակվում է ախտանշական (սիմպտոմատիկ) բուժում: Խոշոր եղջերավոր կենդանիների և գոմեշների համար քառաքլորային ածխածինը նշանակվում է 50%-անոց լուծույթի կամ բժշկական վազելինի յուղով միանվագ 100 կգ զանգվածի հաշվարկով 10 մլ դեղաչափով: Լուծույթը ներարկվում է ներմկանային գավակի տարածքում 2-3 տեղ: Բարդությունների դեպքում ներարկվում է քլորային կալցիումի 10%-անոց լուծույթ` ներերակային 100 մլ, օրը 3-4 անգամ և նշանակվում է ռումինատոր միջոցներ: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղի օգտագործումից 28 օր անց:

9) Ֆազինեքս (Տրիկլաբենդազոլ)` նշանակվում է ոչխարներին 10 մգ/կգ դեղաչափով և ոչ դիեցման շրջանում գտնվող խոշոր եղջերավոր կենդանիներին` կախույթի տեսքով, ներքին, միանվագ, 12 մգ/կգ դեղաչափով: Խոշոր եղջերավոր կենդանիների սպանդը մսի համար թույլատրվում է ճիճվաթափությունից հետո 14 օր անց, իսկ ոչխարների սպանդը` 28 օր անց:

10) Իվոմեկ պլյուս (1% իվերմեկտինի և 10% կլորսուլոնի բաղադրությամբ) ներարկվում է ոչ դիեցման շրջանում գտնվող խոշոր եղջերավոր կենդանիներին, ենթամաշկային, կենդանի զանգվածի 50 կգ-ին 1 մլ դեղաչափով:

 

II. ՈՐՈՃՈՂՆԵՐԻ ԴԻԿՐՈՑԵԼՅՈԶ

 

57. Դիկրոցելյոզը ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, ուղտերի, եղջերուների և մի շարք այլ կենդանիների հիվանդություն է: Հարուցվում է Dicrocoelium lanceatum (D. dendriticum) տրեմատոդով, որը մակաբուծում է լեղածորաններում: Դիկրոցելիոզով հիվանդանում է նաև մարդը:

58. Խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դիկրոցելյոզի նկատմամբ անապահով տնտեսություններում իրականացվում են հետևյալ համալիր միջոցառումները.

1) ճիճվաբանական գնահատական տալու նպատակով մանրակրկիտ հետազոտվում են արոտավայրերը: 2) դիկրոցելյաների միջանկյալ տերերի` ցամաքային խխունջների քանակության նվազեցման նպատակով արոտավայրերը մաքրվում են թփուտներից և քարերից, ցանվում են մշակովի խոտեր կամ մշակվում են մետալդեհիդի հատիկներով, որոնք պարունակում են 5%-անոց մոլյուսկոցիդ` 40-60 կգ հատիկներ 1 հեկտարի հաշվով: Լուծույթն օգտագործվում է գարնանը, խխունջների ձմեռային քնից դուրս գալուց հետո, առավել արդյունավետ է օգտագործումը անձրևից հետո կամ խոնավ եղանակին,

3) բուժկանխարգելիչ ճիճվաթափությունն իրականացվում է դեկտեմբեր-հունվար ամիսներին: Հիվանդության կլինիկական նշանների առկայության դեպքում կենդանիները ճիճվաթափվում են տարվա բոլոր եղանակներին: Կենդանիների հելմինթոօվոսկոպիկ հետազոտություններն իրականացվում են ֆասցելյոզի համար սահմանված ժամկետներում սույն հրահանգի 54-րդ կետի համաձայն:

59. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Պոլիտրեմ` նշանակվում է խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին 300 մգ/կգ դեղաչափով, ներքին, երկնվագ, մեկամսյա ընդմիջումով: Հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին դեղը տրվում է անհատական 0,5-1 կգ մանրացված սերմնահատիկների կամ համակցված կերի հետ: Մատղաշ խոշոր եղջերավոր կենդանիներին և եզնուղտերին (յակերին) դեղը տրվում է 10-50 կենդանիներից բաղկացած խմբերին համակցված կերի հետ խառնուրդում: Ոչխարներին և այծերին պոլիտրեմը նշանակվում է համակցված կերի հետ խառնուրդում 1:8-1:10 հարաբերությամբ և կերակրվում է 100-150 կենդանուց բաղկացած խմբերին` առավոտյան կերակրման ժամանակ: Գառները և ուլերն առանձնացվում են մայրերից, թույլ և հյուծված կենդանիներն առանձնացվում են առանձին խմբերով և ենթարկվում անհատական բուժման, որի ժամանակ դեղամիջոցը տրվում է ալյուրի կախույթի հետ կամ բոլյուսների տեսքով: Բուժակերային խառնուրդը պատրաստվում է ձեռքով կամ հատուկ սարքերի օգնությամբ:

2) Հեքսիխոլ` նշանակվում է հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին 300 մգ/կգ, մատղաշներին` 400 մգ/կգ, ոչխարներին և այծերին` 400 մգ/կգ, եզնուղտերին (յակերին)` 200 մգ/կգ դեղաչափերով: Պոլիտրեմի և հեքսիխոլի օգտագործման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ֆասցելյոզի համար նախատեսված պայմանները և սահմանափակումները, սույն հրահանգի 56-րդ կետի համաձայն: Եթե տնտեսությունում միաժամանակ նկատվում է դիկրոցելյոզ և ֆասցելյոզ, պոլիտրեմն օգտագործվում է դիկրոցելյոզի համար սահմանված կարգով:

3) Ֆենբենդազոլ (պանակուր, ֆենկուր, սիբկուր, ֆենբենատ)` նշանակվում է ոչխարներին և այծերին 22 մգ/կգ դեղաչափով, երկնվագ, մեկօրյա ընդմիջումով, խմբակային եղանակով, 1:10 հարաբերությամբ կերային խառնուրդում, առավոտյան կերակրման ժամանակ: Ոչխարների քանակը խմբում չպետք է գերազանցի 100-150 գլուխը: Հասակավոր խոշոր եղջերավոր կենդանիներին լուծույթը նշանակվում է 33 մգ/կգ դեղաչափով, միանվագ, անհատական, 0.5-1 կգ մանրացված սերմնահատիկի կամ համակցված կերի հետ խառնուրդում: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է ճիճվաթափումից յոթ օր անց:

 

III. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՊԱՐԱՄՖԻՍՏՈՄԱՏՈԶՆԵՐ

 

60. Պարամֆիստոմատոզները խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, ոչխարների, այծերի, հյուսիսային եղջերուների և մի շարք վայրի որոճողների հիվանդություններ են, որոնց հարուցիչները մակաբուծում են բարակ աղիքում, շրդանում և նախաստամոքսում: Սեռահասուն ձևերը տեղակայվում են նախաստամոքսում, երիտասարդները` տասներկումատնյա աղիքում և շրդանում: Հելմինթները զարգանում են միջանկյալ տերերի` քաղցրահամ ջրերում բնակվող Planorbis սեռին պատկանող խխունջների մասնակցությամբ:

61. Պարամֆիստոմատներով վարակված տնտեսություններում իրականացվում են ֆասցելյոզի ժամանակ կիրառվող կանխարգելիչ միջոցառումները: Արոտավայրերում մելիորատիվ ջրանցքները և արհեստական լճակները ցանկապատվում են: Նախիրում սուր ընթացքով հիվանդ կենդանիներ լինելու դեպքում նրանք տեղափոխվում են մսուրային պահվածքի: Պայմանական առողջ կենդանիները տեղափոխվում են անջրդի հովիտների արոտավայրեր կամ մսուրային պահվածքի: Բոլոր գլխաքանակները երկնվագ, տասնօրյա ընդմիջումով ճիճվաթափվում են: Հիվանդներին նշանակվում է սիմպտոմատիկ բուժում:

62. Բոլոր արածեցվող հիվանդ կենդանիների խմբերի կանխարգելիչ ճիճվաթափությունը իրականացվում է մսուրային պահվածքի սկզբում: Անհրաժեշտության դեպքում այն կրկնվում է, սակայն ոչ շուտ, քան առաջին ճիճվաթափությունից հետո երկու շաբաթ անց: Ամռանը (հունիս-հուլիս ամիսներին) հիվանդության հնարավոր բռնկումների ժամանակ, մինչև երկու տարեկան հորթերին և մատղաշներին ողողվող մարգագետիններում արածեցումից 3-4 շաբաթ հետո ճիճվաթափում են ցուցումների հիման վրա ճիճվաթափության երկակի, տասնօրյա ընդմիջումով:

63. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Բիթիոնոլ` նշանակվում է խոշոր եղջերավոր կենդանիներին 70 մգ/կգ դեղաչափով, անհատական, մանրացված սերմնահատիկների կամ համակցված կերի հետ խառնուրդում, 1:10 հարաբերությամբ, տասներկուժամյա սոված դիետայից հետո: Ոչխարներին բիթիոնոլը նշանակվում է 150 մգ/կգ դեղաչափով, անհատական:

2) Պլատենոլ (բիթիոնոլի 20%-անոց հատիկներ)` խոշոր եղջերավոր կենդանիներին նշանակվում է համակցված կերերի հետ խառնուրդում, անհատական, 50 մգ/կգ դեղաչափով, ոչխարներին` կամ նույն դեղաչափով անհատական, կամ խմբակային կերակրման եղանակով մեկ կենդանու հաշվով 0,3 կգ համակցված կերի հետ խառնուրդում:

3) Պոլիտրեմ` օգտագործվում է 0,5 գ/կգ դեղաչափով (տասներկուժամյա սոված դիետայից հետո առավոտյան կերակրման ժամանակ) ֆասցելյոզի դեպքում օգտագործման համար սահմանված կարգով: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է համապատասխանաբար բիթիոնոլով, պլատենոլով և պոլիտրեմով ճիճվաթափելուց 12, 7 և 15 օր անց:

 

IV. ՕՐԻԵՆՏՈԲԻԼԽԱՐՑԻՈԶ

 

64. Օրիենտոբիլխարցիոզը խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների, այծերի, ուղտերի, եղջերուների, գոմեշների, զեբուների, ձիերի, ավանակների, ջորիների, խոզերի, կատուների, առնետների հիվանդություն է, որը հարուցվում է տարբեր սեռերի Օrientobilharzia turkestanica տրեմատոդներով, որոնք մակաբուծում են լյարդի և այլ օրգանների երակային անոթներում:

65. Տնտեսություններում, որտեղ հաստատված է խոշոր եղջերավոր կենդանիների, ոչխարների և այլ կենդանիների օրիենտոբիլխարցիաներով վարակվածություն, կատարվում են հետևյալ համալիր միջոցառումները.

1) խխունջների ականջավոր լճախխունջների (օրիենտոբիլխարցիների միջանկյալ տերեր) քանակությունը որոշելու համար մանրակրկիտ հետազոտվում են արոտավայրերը և ջրամբարները,

2) խխունջների քանակության նվազման համար չորացվում են արոտավայրերի ճահճացած հատվածները: Արոտավայրերի և ջրամբարների հատվածները, որոնք բնակեցված են ականջավոր լճախխունջներով պետք է մշակվեն պղնձարջասպի կամ 5,4՛-դիքլորսալիցիլանալիդի լուծույթով սույն հրահանգի 53-րդ կետի համաձայն,

3) կազմակերպվում է կենդանիների մսուրային և մսուրաարոտային պահվածք, ինչպես նաև կենդանիների արածեցում` ապահով արոտավայրերում,

4) հիվանդության կլինիկական նշանների առկայության դեպքում կենդանիներին ճիճվաթափում են տարվա բոլոր եղանակներին: Ճիճվաթափության համար օգտագործվում է պրազիկվանտել (դրոնցիտ, ազինոկս) միանվագ 25 մգ/կգ դեղաչափով:

 

V. ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ՈՉԽԱՐՆԵՐԻ ՄՈՆԵԶԻՈԶ

 

66. Մոնեզիոզը ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, եղջերուների, գոմեշների, զեբուների և որոշ վայրի որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է բարակ աղիքում մակաբուծող Moniezia expansa, M. benedeni և այլ ցեստոդների կողմից: Հիմնականում հիվանդանում են մատղաշները (գառները, ուլերը, հորթերը): Մակաբույծները զարգանում են միջանկյալ տերերի` վահանակիր տզերի (օրիբատիդների) մասնակցությամբ: 2,5-5 ամիս անց կլանված ձվերից տզերի մոտ զարգանում են ինվազիոն թրթուրները` ցիստիցերկոիդները, որոնք պահպանում են կենսունակությունը մինչև 26 ամիս: Հիվանդ կենդանիների արածեցումից հետո արոտավայրերը երեք տարի դառնում են անապահով:

67. Անասնահամաճարակային իրավիճակը ճշտելու նպատակով կոպրոսկոպիկ եղանակով խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշները հետազոտվում են մեկ տարեկանից բարձր հասակում, արոտ հանելուց 45-50 օր հետո: Ընթացիկ տարում ծնված հորթերը հետազոտվում են երկնվագ` առաջին անգամ արոտավայր հանելուց 45-50 օր հետո և երկրորդ անգամ աշնանը, մսուրային պահվածքին անցնելուց 30 օր անց: Ոչխարները և այծերը հետազոտվում են միանվագ` աշնանը, մսուրային պահվածքին անցնելուց 30 օր անց, մեկ տարեկանից բարձր մատղաշները, գառները և ուլերը` արոտավայր հանելուց 35-40 օր անց:

68. Տնտեսություններում, որտեղ հաստատված է մոնեզիոզը, հորթերն արածեցվում են հասակավոր կենդանիներից մեկուսացած, այնպիսի արոտավայրերում, որտեղ վերջին երեք տարիների ընթացքում չեն արածեցվել վարակված կենդանիներ: Կիրառվում է կենդանիների մսուրային կամ մսուրաարոտային պահվածք: Նշված միջոցառումների իրականացման անհնարինության դեպքում իրականացվում է կանխարգելիչ ճիճվաթափություն և քիմիոպրոֆիլակտիկա:

69. Գառների և ուլերի կանխարգելիչ (պրեիմագինալ) ճիճվաթափությունն իրականացվում է առաջին անգամ արոտավայրեր կամ նախաարոտավայրեր հանելուց 25-30 օր անց (ամբողջ տարվա արոտային պահվածքի դեպքում` ծնվելուց հետո 25-30 օր անց), կրկնակի ճիճվաթափությունը` առաջինից 15-20 օր անց, երրորդը` երկրորդ ճիճվաթափումից 25-30 օր անց: Սեպտեմբերին գառները և ուլերը ճիճվաթափվում են միանվագ, իսկ մսուրային պահվածքի տեղափոխելուց 30 օր անց` ոչխարների և այծերի ամբողջ գլխաքանակը: Ամբողջ տարվա արոտային պահվածքով տնտեսություններում մեկ տարեկանից բարձր կենդանիները կանխարգելիչ նպատակով ճիճվաթափվում են աշնանը և պլանային ծնի ավարտից հետո: Ընթացիկ տարում ծնված հորթերը կանխարգելիչ ճիճվաթափվում են երկու անգամ` առաջին անգամ արոտավայր հանելուց 35-40 օր անց և երկրորդ անգամ` առաջին ճիճվաթափությունից 35-40 օր անց, իսկ մեկ տարեկանից բարձր հորթերին` միանվագ, արոտավայր հանելուց 35-40 օր անց: Մոնեզիոզի հայտնաբերման դեպքում հոտի կամ նախրի բոլոր կենդանիները ենթարկվում են ճիճվաթափման:

70. Ճիճվաթափության համար օգտագործվում են հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենասալ (նիկլոզամիդ, յոմեզան)` նշանակվում է ոչխարներին, այծերին և հորթերին անհատական կամ խմբակային կերակրման եղանակով: Ոչխարներին և այծերին դեղը նշանակվում է անհատական 100 մգ/կգ դեղաչափով, բայց ոչ ավելի, քան 1 գ մեկ գառան համար 1%-անոց օսլայի կամ 5%-անոց ալյուրի կախույթի ձևով, միանվագ, խմբակային կերակրման դեպքում` 200 մգ/կգ մանրացված սերմնահատիկների կամ համակցված կերի հետ խառնուրդում: Դեղամիջոցը կշռվում է 100-150 ոչխարներից ոչ ավելի խմբի հաշվարկով, ավելացվում է կերին (մեկ կենդանու համար 100 գ կերի հաշվարկով), մանրակրկիտ խառնվում, և հավասարաչափ բաշխվում` ապահովելով դրանց նկատմամբ կենդանիների ազատ օգտագործման հնարավորությունը: Հորթերին ֆենասալը նշանակվում է անհատական 150 մգ/կգ դեղաչափով 200-300 գ մանրացված սերմնահատիկի (համակցված կերի) հետ խառնուրդում, 1%-անոց օսլայի կամ 5%-անոց ալյուրի կախույթի ձևով, միանվագ: Խմբակային կերակրման դեպքում դեղամիջոցը տրվում է 200 մգ/կգ դեղաչափով կերային խառնուրդում 10-12 հորթերից բաղկացած խմբերին: Գոմշուկներին ֆենասալը տրվում է 200 մգ/կգ դեղաչափով, անհատական, կախույթի ձևով:

2) Ֆենալիդոն (պարունակում է 80% ֆենասալ)` նշանակվում է անհատական, միանվագ, մինչև կերակրումը, 3%-անոց ջրային կախույթի ձևով, մինչև 60-70oC տաքացրած վիճակում, 45 մգ/կգ դեղաչափով, 1 մլ-ին 3%-անոց կախույթի հաշվարկով 1,5 կգ մարմնի զանգվածի համար:

3) Ֆենապեգ (պարունակում է 45% ֆենասալ)` օգտագործվում է ոչխարների անհատական և խմբակային ճիճվաթափության համար 45 մգ/կգ դեղաչափի հաշվարկով: Անհատական օգտագործման դեպքում օգտագործումից 2-3 ժամ առաջ ֆենապեգը մանրակրկիտ խառնվում է 1:1,5 հարաբերությամբ մինչև 60-65oC տաքացրած ջրի հետ: Կախույթը ներարկվում է բերանով կարճ ռետինե կամ փափուկ պլաստմասսե փողակով ներարկիչի միջոցով 0,25 մլ/կգ հաշվարկով: Խմբակային կերակրման դեպքում ֆենապեգը խառնվում է 1:9 հարաբերությամբ տաք ջրի հետ: Ճիճվաթափության համար ձևավորվում է 100-150 ոչխարներից բաղկացած մոտավորապես միանման մարմնի զանգվածով խմբեր, 1 մլ/կգ հաշվարկով կախույթը մանրակրկիտ խառնվում է համակցված կերի կամ մանրացված սերմնահատիկի հետ (100 գ մեկ ոչխարի հաշվով): Ճիճվաթափությունը իրականացվում է առավոտյան, մինչև առաջին կերակրումը: Ֆենասալի, ֆենալիդոնի, ֆենապեգի օգտագործումից հետո մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է ոչ շուտ, քան ճիճվաթափությունից 20 օր անց:

4) Ֆենադեկ (պարունակում է 50% ֆենասալ)` օգտագործվում է ոչխարների անհատական և խմբակային ճիճվաթափության համար: Անհատական ճիճվաթափության համար ֆենադեկը նշանակվում է ոչխարներին փոշու ձևով կամ մինչև 80oC տաքացրած ջրի 5%-անոց կախույթի ձևով (նախապես պատրաստուկի կշռուկը թրջվում է փոքր քանակությամբ սառը ջրով): Փոշի Ֆենադեկը դրվում է լեզվի արմատի վրա, պատրաստի կախույթը տրվում է բերանով Ժանե ներարկիչի կամ ռեզինե զոնդի միջոցով` առավոտյան սոված վիճակում 50 մգ/կգ դեղաչափով: Խմբակային ճիճվաթափության համար ֆենադեկն օգտագործվում է 100 մգ/կգ դեղաչափով: Դեղամիջոցը կշռվում է 100-150 ոչխարներից բաղկացած խմբի համար, մանրակրկիտ խառնվում համակցված կերի կամ մանրացված սերմնահատիկի հետ (100 գ մեկ կենդանու հաշվարկով) և հավասարաչափ բաշխվում կերամանների մեջ` ապահովելով ոչխարների կողմից կերի ազատ օգտագործման հնարավորությունը: Կենդանիների սպանդը մսի համար թույլատրվում է ճիճվաթափությունից 30 օր հետո:

5) Ֆենբենդազոլ` օգտագործվում է ոչխարների մոնեզիոզի ժամանակ միանվագ 10 մգ/կգ դեղաչափով: Կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 7 օր անց:

6) Ալբենդազոլ (վալբազեն, վերմիտան)` նշանակվում է գառներին և խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշներին ներքին, միանվագ 3,8 մգ/կգ դեղաչափով: Դեղամիջոցը չի նշանակվում դիեցման և վերարտադրման շրջանում գտնվող կենդանիներին: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 20 օր անց:

7) Օքսֆենդազոլ (սիստամեկս)` օգտագործվում է գառների և խոշոր եղջերավոր կենդանիների մատղաշների ճիճվաթափության ժամանակ ներքին, միանվագ 4,5 մգ/կգ դեղաչափով: Օքսֆենդազոլ չի նշանակվում դիեցման և վերարտադրողական շրջանում գտնվող կենդանիներին: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է դեղամիջոցի օգտագործումից 14 օր անց:

8) Պղնձի սուլֆատ` օգտագործվում է 1%-անոց ջրային լուծույթի ձևով, որը պատրաստվում է ապակե կամ փայտե (բայց ոչ մետաղե) ամաններում թորած, անձրևային ջրի, ձյան կամ եռացրած ջրի 1 լիտրի հաշվարկով 1-4 մլ աղաթթվի ավելացմամբ` կախված ջրի կոշտությունից:

9) Պղնձարջասպի լուծույթ` ներարկվում է գառներին ներքին եղանակով, միանվագ, ռետինե խողովակի օգնությամբ հետևյալ չափաքանակներով. 1-1,5 ամսականներին` 15-20 մլ, 1,5-2 ամսականներին` 21-25 մլ, 2-3 ամսականներին` 26-30 մլ, 3-4 ամսականներին` 31-35 մլ, 4-5 ամսականներին` 36-40 մլ, 5-6 ամսականներին` 41-45 մլ, 6-7 ամսականներին` 46-50 մլ, 7-8 ամսականներին` 51-60 մլ, 8-10 ամսականներին` 61-80 մլ, իսկ 10 ամսականից բարձր ոչխարներին` 81-100 մլ: Պղնձարջասպի դեղաչափը այծերի համար ավելի քիչ է, քան ոչխարների համար և չպետք է գերազանցի 60 մլ, 3-6 ամսական հորթերի համար այն կազմում է 120-150 մլ: Գոմշուկներին ներարկվում է 2%-անոց լուծույթ 2 մլ/կգ կենդանու զանգվածի հաշվարկով: Լուծույթի ներարկման ժամանակ կենդանու գլուխը պահվում է հորիզոնական դիրքով: Մոնեզիաներով գառների ինտենսիվ վարակվածության ժամանակ պղնձարջասպի լուծույթի ներարկումից 2-5 ժամ հետո տրվում է լուծողական (1 կգ գլաուբերյան աղը 2 լ տաք ջրի հաշվարկով) հետևյալ դեղաչափերով. 1-1,5 ամսականներին` 30 մլ, 1,5-2 ամսականներին` 40 մլ, 2-3 ամսականներին` 50 մլ, 3-4 ամսականներին` 60 մլ, 4-5 ամսականներին` 70 մլ, 5-6 ամսականներին` 80 մլ, 6-7 ամսականներին` 90 մլ, 7-8 ամսականներին` 100 մլ: Ճիճվաթափումից 12 ժամ առաջ գառներին և ուլերին անջատում են մայրերից: Հասակավոր կենդանիներին մինչև ներարկումը ջուր չի տրվում ամբողջ օրվա ընթացքում և 2-3 ժամ ներարկումից հետո: Մսի համար կենդանիների սպանդը թույլատրվում է պղնձի սուլֆատի և պղնձի կարբոնատի օգտագործումից 6 օր անց:

10) Պղնձի կարբոնատ` օգտագործվում է 3 ամսականից բարձր գառների ճիճվաթափության համար: Դեղամիջոցը տրվում է չոր, մանրացված սերմնահատիկների հետ խառնուրդում (բայց ոչ համակցված կերի հետ) երկու օր անընդմեջ, 1 կենդանու հաշվարկով օրական հետևյալ դեղաչափերով` 3 ամսականից մինչև 1 տարեկան գառներին պղնձի կարբոնատը տրվում է 1-1,5 գ, մանրացված սերմնահատիկը` 70-100 գ, իսկ 1 տարեկանից բարձր ոչխարներին` 1,6-2 գ պղնձի կարբոնատ և 110-150 գ մանրացված սերմնահատիկ: Խառնուրդի ցերեկային նորման տրվում է կերամաններից` մոտավորապես նույն տարիք ունեցող 200-400 ոչխարներից բաղկացած խմբերին: 3 ամսականից մինչև 1 տարեկան գառների կանխարգելիչ ճիճվաթափությունը իրականացվում է կենդանիներին արոտավայրեր տանելուց 1 ամիս անց և կրկնվում է յուրաքանչյուր 15-20 օրը մեկ անգամ արոտային շրջանում, իսկ 1 տարեկանից բարձր ոչխարների համար` սույն հրահանգի 69-րդ կետով սահմանված ժամկետներում: Մոնեզիոզի քիմիականխարգելման համար պղնձի կարբոնատը անհրաժեշտության դեպքում տրվում է 3 ամսականից բարձր գառներին կամ հասակավոր ոչխարներին 5%-անոց կամ 10%-անոց կերային աղի հետ խառնուրդի ձևով: 5%-անոց խառնուրդը կենդանիներին տրվում է 2-2,5 ամսվա ընթացքում, արոտավայր դուրս գալուց 15-20-րդ օրից սկսած յուրաքանչյուր օր և կրկնվում է մսուրային պահվածքի անցնելուց առաջ 20-30 օրվա ընթացքում: 10%-անոց խառնուրդը տրվում է կենդանիներին արոտավայր դուրս հանելուց հետո 15-20-րդ օրից սկսած 15-20 օր անընդմեջ: Հետագայում այդ գործողությունը տասնհինգօրյա ընդմիջումով կրկնվում է 1-2 անգամ: 5%-անոց խառնուրդը պատրաստվում է ածխաթթվային պղնձի 5 կշռային մասերի և կերակրի աղի 95 կշռային մասերի հաշվարկով, 10%-անոց խառնուրդը` դեղամիջոցի 10 կշռային մասերից և կերակրի աղի 90 կշռային մասերից: Խառնուրդը պատրաստվում է որպես պաշար 1-2 ամսվա համար:

11) Աղաֆենոթիազինապղնձարջասպային խառնուրդը (1 մաս մանրացված պղնձարջասպ, 10 մաս` անասնաբուժական ֆենոթիազին, 10 մաս` կերակրի աղ) օգտագործվում է արոտային շրջանում ոչխարներին ազատ կերակրման եղանակով: Խառնուրդը հավասարաչափ խառնվում է բետոնախառնիչի օգնությամբ, իսկ դրա բացակայության դեպքում` ձեռքով բրեզենտի վրա փայտե կամ բետոնված տարածքում և պահվում կերերի համար նախատեսված պահեստաշենքերում (բայց ոչ մետաղյա տարայով): Խառնուրդը տրվում է յուրաքանչյուր օր ամբողջ արոտավայրային շրջանում: Աղաֆենոթիազինապղնձարջասպային խառնուրդով առանց սահմանափակումների կերակրվում են բոլոր տարիքի գառներն ու հասակավոր ոչխարները, այդ թվում նաև` հղիները: Այն վայրերում, որտեղ անհնար է ոչխարների դուրս բերման ժամանակ խառնուրդի կանոնավոր կերակրումը, ինչպես նաև մոնեզիաներով վարակված կենդանիներով տնտեսություններում իրականացվում է գառների պրեիմագինալ ճիճվաթափություն:

 

VI. ԹԻԶԱՆԵԶԻՈԶ

 

71. Թիզանեզիոզը ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների և վայրի որոճողների հիվանդություն է, որը հարուցվում է բարակ աղիքներում մակաբուծող Thysaniezia giardi ցեստոդի կողմից: Թիզանեզիոզով առավելապես հիվանդանում են մեկից երկու տարեկան ոչխարները աշնան-ձմռան շրջանում:

72. Տնտեսություններում, որտեղ հաստատված է թիզանեզիոզ, տարվա ընթացքում 2 անգամ (աշնան սկզբում և ձմռանը) իրականացվում է ոչխարների ամբողջ գլխաքանակի կանխարգելիչ ճիճվաթափություն, բացառությամբ դեռ արոտի դուրս չեկած գառների: Ճիճվաթափության համար օգտագործվում է ֆենասալի դեղահաբային ձևը և ֆենբենդազոլ ոչխարների մոնեզիոզի համար նախատեսված դեղաչափերով սույն հրահանգի 70-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:

 

VII. ԱՎԻՏԵԼԻՆՅՈԶ

 

73. Ավիտելինյոզը ոչխարների և այծերի հիվանդություն է, որը հարուցվում է բարակ աղիքում մակաբուծող Avitellina centripunctata ցեստոդի կողմից: Առավել հաճախ հիվանդանում են 1 տարեկանից մեծ կենդանիները:

74. Տնտեսություններում, որտեղ հաստատվում է ավիտելինյոզ, իրականացվում է երեք կանխարգելիչ ճիճվաթափություն: Գառներն առաջին անգամ ճիճվաթափվում են հուլիսին, երկրորդ անգամ` սեպտեմբերին և երրորդ անգամ` նոյեմբեր-դեկտեմբերին: Մեկ տարեկանից բարձր ոչխարները ճիճվաթափվում են առաջին անգամ գարնանը (ապրիլ-մայիս ամիսներին), երկրորդ անգամ` օգոստոսին և երրորդ անգամ` նոյեմբեր-դեկտեմբերին: Ճիճվաթափության համար օգտագործվում են ֆենասալի դեղահաբային ձևերը և ֆենբենդազոլ ոչխարների մոնեզիոզի համար նախատեսված դեղաչափերով սույն հրահանգի 70-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:

 

VIII. ԷԽԻՆՈԿՈԿՈԶ

 

75. Էխինոկոկոզը առաջանում է ոչխարների, խոշոր եղջերավոր կենդանիերի, խոզերի, եղջերուների և այլ կաթնասունների, ինչպես նաև մարդու ներքին օրգաններում (մասնավորապես` լյարդում և թոքերում) Echinococcus granulosus ցեստոդի թրթուրների մակաբուծմամբ (էխինոկոկային բշտեր): Էխինոկոկային բշտեր կարող են հանդիպել նաև կենդանիների մկաններում: Սեռահասուն վիճակում ցեստոդը մակաբուծում է շների, գայլերի, աղվեսների և այլ շնազգի մսակերների բարակ աղիքներում: Հիվանդության հարուցչի հիմնական աղբյուրը, որից վարակվում են գյուղատնտեսական կենդանիները և մարդը` շունն է:

76. Տնտեսություններում, որտեղ գրանցվում է էխինոկոկոզով վարակվածություն, իրականացվում են շների վարակման, մարդու և կենդանիների վարակի կանխման միջոցառումներ: Մասնավորապես, իրականացվում են հետևյալ միջոցառումները.

1) արգելվում է կենդանիների սպանդը բակային և ֆերմաների հարակից տարածքներում (ֆերմաներում սպանդային կետերի և հրապարակների բացակայության դեպքում): Հոտերում կամ նախիրներում հարկադիր սպանդի դեպքում օրգանները և մսեղիքը պահվում են ամուր փակվող ամաններում մինչև անասնաբույժի զննումը: Անասնաբուժական զննման ժամանակ էխինոկոկային բշտերով վարակված ներքին օրգանները ոչնչացվում են այրելով կամ կենսաջերմային հորի մեջ: Առանց անասնաբուժական զննման արգելվում է շների կերակրումը հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների ներքին օրգաններով և մսով.

2) կենդանիների արոտավայրերում, կալատեղերում, կերերի և անասնապահական մթերքների պահպանման և վերամշակման վայրերում թույլատրվում են միայն ծառայողական շները, որոնք պատկանում են տնտեսություններին և գտնվում են նրանց հսկողության տակ: Մեկ հոտում պահվում է ոչ ավելի, քան երկու շուն, իսկ կենդանիների նախրում և կալատեղերում` մեկ շուն: Շների լողանալը ջրելատեղերում չի թույլատրում: Արգելվում է շների մուտքը անասնապահական շենքեր, կերերի և անասնապահական մթերքների պահպանման և վերամշակման վայրեր:

77. Էխինոկոկոզի նկատմամբ անապահով տնտեսությունների բոլոր ծառայողական շները, իսկ գյուղական վայրերում նաև բնակչությանը պատկանող շները (այդ թվում` որսորդական շները) տարվա ընթացքում չորս անգամ ենթարկվում են բրոմաջրածնային առեկոլինով պլանային ախտորոշիչ ճիճվաթափման:

78. Պլանային ախտորոշիչ ճիճվաթափությունը իրականացվում է բրոմաջրածնային առեկոլինով 4-5 մգ/կգ դեղաչափով: Դեղը նշանակվում է միանվագ 1%-անոց ջրային լուծույթի ձևով, ներքին, հարկադրաբար կամ կերի հետ կերակրումից 12-14 ժամ անց: Առեկոլին օգտագործելուց շները 3-4 ժամից ոչ պակաս պահվում են կապած (մինչև արտաթորման 2-3 ակտը): Արտաթորման բացակայության դեպքում 2 ժամվա ընթացքում ճիճվաթափությունը կրկնում են: Առեկոլինի ընդունումից հետո շների արտաթորված կղանքը և հատկապես լորձային զանգվածը տեղում ուսումնասիրվում է անասնաբուժական գործունեություն իրականացնող անձի կողմից` էխինոկոկերի կամ դրանց հատվածների քանակը հայտնաբերելու համար:

79. Էխինոկոկոզի ախտորոշիչ ճիճվաթափությունն իրականացվում է հատուկ ցանկապատված և ջրանցքով ապահովված ամուր ծածկով (բետոն, ասֆալտ և այլն) հրապարակում: Կողմնակի անձանց մուտքը հրապարակ չի թույլատրվում: Ճիճվաթափությունն իրականացվում է շան տիրոջ ներկայությամբ: Բոլոր արտաթորված և հետազոտված կղանքները հավաքվում և այրվում են, իսկ հրապարակը վարակազերծվում է 10%-անոց քլորակրի լուծույթով (2 լ/մ2) կամ հրակիզվում է:

80. Շները, որոնց կղանքում հայտնաբերվել են էխինոկոկեր կամ դրանց հատվածներ, անասնաբույժի հսկողությամբ ոչնչացնում են, իսկ բացառիկ դեպքերում շները ճիճվաթափվում են պրազիկվանթելով` 5 մգ/կգ դեղաչափով:

81. Տնտեսությունը համարում են առողջացած Էխինոկոկով վարակված միջանկյալ և վերջնական տերերի բացակայության դեպքում:

 

IX. ՑԵՆՈՒՐՈԶ ԵՎ ՆՐԲԱՎԻԶ ՑԻՍՏԻՑԵՐԿՈԶ

 

82. Ցենուրոզը հարուցվում է ոչխարների և այծերի ուղեղում մակաբուծող Multiceps multiceps (Coenurus cerebralis) կողմից: Հիվանդությունը հազվադեպ է հանդիպում հորթերի, վայրի որոճողների և մարդու մոտ: Սեռահասուն ձևը բնակվում է շների, գայլերի, աղվեսների և այլ գիշատիչների բարակ աղիքներում: Նրբավիզ ցիստիցերկոզը հարուցվում է ոչխարների, այծերի, խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, եղջերուների, գոմեշների, զեբուների և վայրի որոճողների ճարպոնի, շճային ծածկույթների վրա և ներքին օրգաններում մակաբուծող Taenia hydatigena ցեստոդի թրթուրների` Cysticercus tenuicollis կողմից: Հիվանդությունը հազվադեպ է հանդիպում ձիերի մոտ: Սեռահասուն ձևը բնակվում է շների, գայլերի, աղվեսների և այլ գիշատիչների բարակ աղիքում:

83. Տնտեսություններում, որտեղ գրանցված է ցենուրոզ կամ նրբավիզ ցիստիցերկոզ, իրականացվում են համալիր միջոցառումներ` որոնք սահմանված են հրահանգի 76-րդ, 77-րդ և 79-րդ կետերով:

84. Ցենուրոզի կլինիկական նշաններով կենդանիները մեկուսացվում են և սպանդի նպատակով ուղարկվում մսի կոմբինատներ կամ սպանդային կետեր: Բարձր արդյունավետությամբ օժտված և էլիտային կենդանիները ենթարկվում են վիրաբուժական բուժման:

85. Տնտեսությունների ծառայողական շները ճիճվաթափվում են դեկտեմբեր ամսից մինչև ապրիլ ընկած ժամանակահատվածում յուրաքանչյուր 45 օրը մեկ և մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում` յուրաքանչյուր 30 օրը մեկ: Տարվա ընթացքում իրականացվում է չորս պլանային ախտորոշիչ ճիճվաթափություն սույն հրահանգի 77-րդ և 78-րդ կետերով սահմանված կարգով: Գյուղական վայրերում գտնվող արդյունաբերական ձեռնարկություններին և այլ կազմակերպություններին, ինչպես նաև բնակչությանը պատկանող շները (այդ թվում` որսորդական շները), ճիճվաթափվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ:

86. Շների ճիճվաթափության համար օգտագործվում է բրոմաջրածնային առեկոլին սույն հրահանգի 77-րդ, 78-րդ և 79-րդ կետերով սահմանված կարգով, ինչպես նաև հետևյալ դեղամիջոցները.

1) Ֆենասալ` օգտագործվում է 250 մգ/կգ դեղաչափով, անհատական, միանվագ, փոշու ձևով կերի խառնուրդում կամ բրիկետների, բուլյուսների, հատիկների և հաբերի ձևով առանց կենդանիներին սոված դիետայի ենթարկելու:

2) Ֆենապեգ` օգտագործվում է 100 մգ/կգ դեղաչափով, միանվագ, մածուկի ձևով մսի կտորի, փափուկ երշիկի, խճողակի կամ շիլայի հետ (նախընտրելի է մինչև առաջին կերակրումը):

3) Պրազիկվանտել` օգտագործվում է 5 մգ/կգ դեղաչափով, ներքին, միանվագ փոշու, մածուկի, կախույթի կամ հաբերի ձևով առանց կենդանիներին սոված դիետայի ենթարկելու: Պրազիկվանտելի 5%-անոց լուծույթը ներարկվում է միանվագ, ենթամաշկային կամ միջմկանային կենդանու 0,1 մլ/կգ զանգվածի հաշվարկով 5 մգ/կգ դեղաչափով:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
26.08.2015
N 931-Ն
Հրաման