320.0070.220415
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 04 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32015139
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
27 մարտի 2015 թվականի N 70-Ն
i
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ, ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի մարտի 13-ի թիվ 41-Ն հրամանի 17-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանով ընդունված ՓԱՐՏ-66 (PART-66) կանոնակարգով և Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) Part - FCL կանոնակարգով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Թռիչքային անձնակազմի, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների մասնագիտական ունակությունների և տեսական գիտելիքների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգ»-ը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2015 թվականի մարտի 27-ի
N 70-Ն հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՏԵՍԱԿԱՆ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Թռիչքային անձնակազմի անդամների, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և օդային երթևեկության կառավարման կարգավարների (այսուհետ` ՕԵԿ կարգավար)` (այսուհետ` Ավիացիոն մասնագետներ) մասնագիտական ունակությունների և տեսական գիտելիքների ստուգման նպատակով անցկացվող տեսական թեստավորման ընթացակարգով (այսուհետ` Ընթացակարգ) սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում թռիչքային անձնակազմի անդամների, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և ՕԵԿ կարգավարների վկայականների տրամադրման, որակավորման և հատուկ նիշերի տրման, ինչպես նաև ՕԵԿ կարգավարների վկայականների գործողության ժամկետների երկարաձգման գործընթացի շրջանակներում մասնագիտական ունակությունների ստուգման նպատակով անցկացվող թեստավորման ընթացակարգը և պայմանները:
2. Թռիչքային անձնակազմի անդամների, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և ՕԵԿ կարգավարների թեստավորման ընթացակարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի մասին Կոնվենցիայի (այսուհետ` Չիկագոյի կոնվենցիա) «Ավիացիոն մասնագետներին վկայականների տրամադրում» հավելված 1-ի, Եվրոկոնտրոլի «Անձնակազմի ատեստավորման Եվրոպական ձեռնարկ - Օդային երթևեկության կառավարման կարգավարներ» փաստաթղթի, Եվրոպական ավիացիայի անվտանգության գործակալության (EASA) Part - FCL կանոնակարգի, Part-66 կանոնակարգի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի` 2006 թվականի մարտի 13-ի N 41-Ն, 2010 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 181-Ն հրամանով ընդունված «Վկայագրող տեխնիկական սպասարկման անձնակազմ» ՓԱՐՏ-66 (PART-66) կանոնակարգի և 2012 թվականի նոյեմբերի 19-ի N 212-Ն հրամանների դրույթների հիման վրա:
ԳԼՈՒԽ 2
ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
3. Ավիացիոն մասնագետների վկայականների տրամադրման, որակավորման և հատուկ նիշերի տրման, ինչպես նաև ՕԵԿ կարգավարների վկայականների գործողության ժամկետների երկարաձգման համար` տվյալ ավիացիոն մասնագետները կամ նրանց գործատու հանդիսացող կազմակերպությունները հայտ են ներկայացնում Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում:
4. Հայտում նշվում են.
1) դիմողի անունը, ազգանունը.
2) բնակության վայրը.
3) գործատու կազմակերպության անվանումը, եթե տվյալ պահին դիմողը աշխատում է.
4) ինչ գործողության համար է դիմում հայտատուն:
5. Հայտը ներկայացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն գրավոր ծանուցվում է թեստավորման անցկացման օրվա, ժամի և վայրի մասին: Եթե հայտի և կից փաստաթղթերի մեջ առկա են թերություններ, ապա այդ դեպքում հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է դրա մասին: Համապատասխան տեղեկացումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում հայտատուն պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները և կրկին ներկայացնի Գլխավոր վարչություն: Նշված ժամկետում թերությունները չվերացնելու կամ չշտկելու դեպքում հայտը Գլխավոր վարչության կողմից թողնվում է անհետևանք:
6. Թռիչքային անձնակազմի, օդանավերի տեխնիկական սպասարկման մասնագետների և ՕԵԿ կարգավարների թեստավորումն անցկացվում է Գլխավոր վարչության համապատասխանաբար Թռիչքային գործունեության (այսուհետ` ԹԳ), Թռիչքային Պիտանիության (այսուհետ` ԹՊ) և Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման (այսուհետ` ՕՍ և ՕԵԿ) վարչությունների կողմից` տվյալ գործընթացը իրականացնելու թույլտվությունը հավաստող միջազգային նմուշի սերտիֆիկատ ունեցող մասնագետների (այսուհետ` Մասնագետ) միջոցով:
7. Թեստավորումն անցկացվում է համապատասխանաբար ՕՍ և ՕԵԿ, ԹՊ և ԹԳ վարչությունների կողմից մշակված և տվյալ վարչության պետի կողմից հաստատված կամ Գլխավոր վարչություն կողմից ճանաչված քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների կողմից մշակված հարցաշարերով:
8. Թեստավորումն անցկացվում է համապատասխան հարմարություններով կահավորված վայրում (սրահ, լսարան, դահլիճ, աշխատասենյակ և այլն):
9. Թեստավորումն անցկացվում է համակարգչային կամ թղթային եղանակով: Եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չի լինում անցկացնել դրա համար նշանակված օրը կամ այն ընդհատվում է, ապա Մասնագետների կողմից կազմվում է արձանագրություն, որի մեջ արձանագրվում է թեստավորման չանցկացման կամ ընդհատման պատճառները և նշանակվում է թեստավորման անցկացման նոր ժամկետ:
10. Հայտատուն թեստավորմանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով: Հայտատուի` թեստավորմանը չներկայանալու դեպքում նրա գրավոր բացատրության հիման վրա նշանակվում է թեստավորման անցկացման նոր ամսաթիվ:
11. Թեստավորման ընթացքում հայտատուն չի կարող օգտվել տպագիր, մեքենագիր կամ ձեռագիր նյութերից, ինչպես նաև օգտագործել կապի կամ այլ տեխնիկական միջոցներ, բացառությամբ`
1) Գիտական այլ ոչ ծրագրավորման հաշվիչ առանց առանձնահատուկ ավիացիոն ֆունկցիաների,
2) Նավիգացիոն քանոն,
3) Փոխարկիչ (տրանսպորտիր),
4) Կարկին:
Թեստավորման ընթացքում Մասնակցին թույլատրվում է օգտվել բառարանից:
12. Մինչ թեստավորման մեկնարկը, Մասնագետը հայտատուին բացատրում է թեստավորման անցկացման ընթացակարգը, պարզաբանում է դրա հետ կապված տեխնիկական հարցերը, պատասխանում է թեստավորման ընթացակարգի հետ կապված հայտատուի բոլոր հարցերին և հավաստիանում է, որ հայտատուն պատրաստ է թեստավորմանը:
13. Թեստավորման ընթացքում հայտատուն չի կարող բացակայել թեստավորման անցկացման վայրից: Հայտատուի կողմից մինչև թեստի ավարտը թեստավորման անցկացման վայրը ինքնակամ լքելու դեպքում թեստավորումը դադարեցվում է և թեստավորումը համարվում է չկայացած, ինչի վերաբերյալ Մասնագետի կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն: Կրկնակի թեստավորում անցնելու նպատակով անհրաժեշտ է ներկայացնել նոր հայտ:
14. Թեստավորումը դադարեցվում է և համարվում չկայացած, եթե հայտատուի կողմից խախտվել են սույն ընթացակարգի 11-րդ կետի պահանջները կամ նրա մոտ հայտնաբերվել է ծածկաթուղթ: Տվյալ փաստի վերաբերյալ կազմվում է համապատասխան արձանագրություն, որի մեկ օրինակը ներկայացվում է հայտատուին և նրա գործատու կազմակերպությանը:
15. Թռիչքային անձնակազմի, օդանավերի տեխնիկական սպասարկման և ՕԵԿ կարգավարների մասնագետների համար 14-րդ կետով սահմանված թեստավորման չկայացած հայտարարելու դեպքում կրկնակի թեստավորումը կարող է անցկացվել ոչ շուտ, քան տասներկու ամիս հետո:
16. Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն իրականացվում է թեստերի միջոցով` Չիկագոյի կոնվենցիայի Հավելված 1-ի սահմանված պահանջներին համապատասխան: Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն անցած հայտատուն պետք է համապատասխանի Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) լեզվի իմացության առնվազն 4-րդ մակարդակին:
17. Անգլերեն լեզվի իմացության մակարդակի թեստավորումն անցկացվում է Գլխավոր վարչության կողմից տրված կամ ճանաչված քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ ունեցող ուսումնական հաստատություններում:
ԳԼՈՒԽ 3
ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԱՎԱՐՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
18. ՕԵԿ կարգավարների համակարգչային թեստավորման հարցաշարը ներառում է հետևյալ ոլորտների վերաբերյալ հարցերը.
1) Օդային երթևեկության կառավարում, թռիչքների անվտանգության կառավարում.
2) Դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն.
3) Օդագնացություն և աերոդինամիկա:
19. Յուրաքանչյուր ոլորտի վերաբերյալ իրականացվող թեստավորումը իրականացվում է առանձին հարցաշարի միջոցով և դրանց լրացման հաջորդականությունն ըստ հարցաշարերի ընտրվում է հայտատուի կողմից այն պայմանով, որ թեստավորման ընդհանուր ժամկետը չպետք է գերազանցի երեք աշխատանքային օրը:
20. Թեստավորման առաջադրանքներն ըստ ոլորտների կազմված են լինում համապատասխանաբար 40, 30 և 30 թեստային հարցերից, որոնք ընտրվում են համակարգչի միջոցով` պատահականության սկզբունքով:
21. Ըստ սույն ընթացակարգի 18-րդ կետում նշված ոլորտների` թեստավորման տևողությունը պայմանավորված է թեստային հարցերի քանակից` նկատի ունենալով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 1 րոպե:
22. Թեստավորման արդյունքը գնահատվում է համակարգչային ծրագրի կողմից և համարվում է դրական, եթե հայտատուն ճիշտ է պատասխանել`
1) Օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի առնվազն 90 (իննսուն) տոկոսին:
2) Դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտների առաջադրանքներից յուրաքանչյուրի առնվազն 80 (ութսուն) տոկոսին:
23. Եթե օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի` Մասնակցի ճիշտ պատասխանների քանակը կազմել է 80-89 տոկոս, իսկ դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտների 70-79 տոկոս, ապա այդ դեպքում հայտատուին տրվում է հնարավորություն ևս մեկ անգամ անցնել թեստավորումը տասնհինգ օրվա ընթացքում:
24. Կրկնակի թեստավորման արդյունքում սույն ընթացակարգի 22-րդ կետի պայմաններին չհամապատասխանելու դեպքում թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և նրա գործատու կազմակերպությունը:
25. Եթե հայտատուի թեստավորման արդյունքում օդային երթևեկության կառավարման ոլորտի առաջադրանքի ճիշտ պատասխանների քանակը պակաս է 79 տոկոսից, իսկ դիտարկման, կապի ու նավիգացիոն միջոցներ, օդերևութաբանություն, մարդկային գործոն և օդագնացություն ու աերոդինամիկա ոլորտներինը 69 տոկոսից, ապա թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, ինչի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և նրա գործատու կազմակերպությունը:
26. Թեստավորման արդյունքները վավերագրվում են և պահպանվում են ՕՍ և ՕԵԿ վարչությունում, յուրաքանչյուր ՕԵԿ կարգավարի համար նախատեսված առանձին թղթապանակում, ինչպես նաև արխիվացվում են համակարգչում:
27. ՕԵԿ կարգավարների որակավորման հատուկ նիշերը տրվում կամ երկարաձգվում են 12 ամիս ժամկետով:
28. ՕԵԿ կարգավարների «Հրահանգիչ» և «Քննող» որակավորման հատուկ նիշերը տրվում կամ երկարաձգվում են 36 ամիս ժամկետով` եթե.
1) նրա վկայականը եղել է գործող առնվազն վերջին երեք տարիների ընթացքում,
2) նա ավարտել է հրահանգչի/քննողի ուսուցման դասընթացները և հանձնել քննությունները,
3) վկայականը պարունակում է նվազագույնը նախորդ մեկ տարվա վավերական որակավորման հատուկ նիշ այն սեկտորների կամ աշխատանքային տեղերի համար, որտեղ նա հրահանգավորելու է/քննելու է,
4) վկայականը պարունակում է անգլերեն լեզվի գործող հատուկ նիշ:
ԳԼՈՒԽ 4
ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ (ՕԴԱՉՈՒՆԵՐԻ) ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
29. Առաջին անգամ օդաչուի համապատասխան տեսակի վկայական (մասնավոր օդաչուի, կոմերցիոն օդաչուի, գծային օդաչուի և այլն) ստանալու կամ օտարերկրյա պետության կողմից համաձայն Չիկագոյի կոնվենցիայի «Ավիացիոն մասնագետներին վկայականների տրամադրում» հավելված 1-ի պահանջներին համապատասխան տրված վկայականը Հայաստանի Հանրապետության համապատասխան վկայականով փոխարինելու համար հայտատուն պետք է անցնի տեսական գիտելիքների մակարդակի թեստավորում:
30. Համակարգչի միջոցով թեստավորում անցկացնելու դեպքում օգտագործվում են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կենտրոնացված հարցաշարերի շտեմարանի հարցերը (CQB):
31. Այդ հարցաշարերի բովանդակությունը չպետք է հրապարակվի մինչև թեստավորման ավարտը: Հարցաշարի բովանդակությունն ըստ առարկաների քանակի պետք է համապատասխանի ԱՐՄ - ԷՅՐ ՔՐՈՒ (ARM - AIR CREW) կանոնակարգում ներկայացված պահանջներին:
32. Օդային ռադիոհեռախոսային կապի դարձաբանության թեստավորումը կարող է անցկացվել մնացած առարկաներից առանձին:
33. Հայտատուն, որը նախկինում անցել է տեսողական թռիչքների կանոններով (VFR) և/կամ սարքավորումներով թռիչքների կանոններով (IFR) իրականացվող ռադիոհեռախոսային կապի դարձաբանության թեստավորումը, կարող է ազատվել տվյալ առարկայի կրկին թեստավորում անցնելու անհրաժեշտությունից:
34. Կոմերցիոն օդաչուի, գծային օդաչուի վկայական տրամադրելու և սարքավորումներով թռիչքներ իրականացնելու որակավորում ստանալու համար համակարգչի միջոցով թեստավորման դեպքում հարցաշարում պետք է ընդգրկվի առնվազն հարյուր հարց ամեն առարկայից: Մասնավոր օդաչուի վկայական տրամադրելու համար թեստավորման դեպքում հարցաշարում պետք է ընդգրկվի առնվազն քառասուն հարց ամեն առարկայից:
35. Առարկաների թեսթավորման հերթականությունը և թեստավորման ընդհանուր տևողությունը որոշում է Մասնագետը:
36. Թեստավորման տևողությունը պայմանավորված է թեստային հարցերի քանակից` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 2 րոպե ժամանակ:
37. Դրական արդյունք ապահովելու համար հայտատուն պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր առարկայի համար հարցերի ընդհանուր քանակի առնվազն 75 տոկոսին:
38. Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, եթե թեստավորման համար հատկացված ժամանակահատվածի ավարտին տվյալ առարկայի համար հայտատուի ճիշտ պատասխանների քանակը չի գերազանցում սահմանված 75 տոկոսի շեմը: Այդ դեպքում հայտատուին տրվում է թեստավորման անցկացման օրվանից ոչ շուտ, քան տասնհինգ օր հետո տվյալ առարկայից ևս երեք անգամ թեստավորում անցնելու իրավունք: Թեստավորման արդյունքների անբավարար լինելու դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և նրա գործատու կազմակերպությունը:
39. Համապատասխան տեսակի վկայական ստանալու համար հայտատուին տրվում է տասնութ ամիս ժամանակ, սկսած առաջին առարկայի թեստավորումն անցնելու ամսվա վերջից, որի ընթացքում նա պետք է ամբողջությամբ անցնի թեստավորումը բոլոր առարկաներից:
40. Միևնույն առարկայից կրկնակի թեստավորումը չորրորդ անգամ չանցնելու կամ տասնութամսյա ժամանակահատվածում բոլոր առարկաներից թեստավորում չանցնելու դեպքերում հայտատուն պարտավոր է կրկին մասնակցել տվյալ վկայականը ստանալու համար նախատեսված ամբողջական դասընթացին Գլխավոր վարչության կողմից հայտագրված ավիացիոն ուսումնական հաստատությունում, որից հետո նրան կտրվի հնարավորություն կրկին հայտ ներկայացնել վկայական ստանալու համար:
41. Մասնավոր օդաչուի վկայական տրամադրելու համար թեստավորման արդյունքների գործողության ժամկետը կազմում է քսանչորս ամիս, իսկ կոմերցիոն օդաչուի վկայական տրամադրելու համար` երեսունվեց ամիս:
42. Հայտատուն բոլոր առարկաներից տեսական գիտելիքների մակարդակի թեստավորում անցնելուց հետո պետք է անցնի գործնական հմտության թեստ (քննություն) համապատասխան օդանավի կամ վարժասարքի վրա, որից հետո նրան կտրվի օդաչուի համապատասխան վկայական:
ԳԼՈՒԽ 5
ՕԴԱՆԱՎԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
43. Օդանավի տեխնիկական սպասարկման մասնագետի վկայական ստանալու, դրանում ներառված սահմանափակումները վերացնելու, վկայականում լրացուցիչ կատեգորիաներ/ենթակատեգորիաներ ներառելու համար Ավիացիոն մասնագետներն անցնում են թեստավորում ՓԱՐՏ-66-ի հավելված 1-ում ընդգրկված մոդուլների մասով:
44. Ընդհանուր (բազային) գիտելիքների թեստավորումները պետք է անցկացվեն ՓԱՐՏ-66-ի 1-ին և 2-րդ հավելվածներում ներկայացված ստանդարտների համաձայն:
45. Օդանավի տիպի որակավորումների թեստավորումները պետք է անցկացվեն ՓԱՐՏ-66-ի 3-րդ հավելվածում ներկայացված ստանդարտների համաձայն:
46. Մոդուլների թեստավորումների քանակը, հերթականությունը որոշում է հայտատուն:
47. Թեստավորման տևողությունը պայմանավորված է հարցերի քանակից` հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հարցի համար սահմանվում է 75 վայրկյան ժամանակ ընդհանուր (բազային) գիտելիքների մասով, օդանավի տիպի որակավորման մասով` 90 վայրկյան: Գրավոր (essay) քննությունների համար տրվում է 20 րոպե ժամանակ:
48. Դրական արդյունք ապահովելու համար հայտատուն պետք է ճիշտ պատասխանի յուրաքանչյուր առարկայի համար հարցերի ընդհանուր քանակի առնվազն 75 տոկոսին:
49. Թեստավորման դրական կամ բացասական արդյունքի դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն և դրա վերաբերյալ տեղեկացվում է հայտատուն և/կամ նրա գործատու կազմակերպությունը:
50. Թեստավորման արդյունքները համարվում են անբավարար, եթե հատկացված ժամանակահատվածի ավարտին տվյալ առարկայի համար հայտատուի ճիշտ պատասխանների քանակը չի գերազանցում սահմանված 75 տոկոսի շեմը:
51. Թեստավորման արդյունքների անբավարար լինելու դեպքում հայտատուն կարող է դիմել տվյալ մոդուլի կրկնակի թեստավորման համար նախորդ թեստավորման անցկացման օրվանից ոչ շուտ, քան իննսուն օր հետո: Տվյալ մոդուլի թեստավորումն անցնելու երեք հնարավորությունները ձախողելու դեպքում հայտատուն իրավունք ունի կրկին հայտ ներկայացնել թեստավորման անցկացման վերջին օրվանից առնվազն մեկ տարի հետո:
52. Մոդուլների մասով թեստավորման արդյունքների վավերականության ժամկետները 10 տարի են, օդանավի տիպի մասով` 3 տարի: