---.0189.020315
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 03 2015 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ --------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
23 փետրվարի 2015 թվականի N 189-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1731-Ն որոշման 1-ին կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել կենդանիների տուբերկուլյոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետի
2015 թվականի փետրվարի 23-ի
N 189-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տուբերկուլյոզը կաթնասունների, թռչունների և մարդկանց խրոնիկ ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է տարբեր օրգաններում արյան անոթներից զուրկ յուրահատուկ հանգույցների` տուբերկուլների առաջացումով` հակված լինելով լոռանման քայքայման և ախտահարված հյուսվածքների կրայնացմամբ:
2. Տուբերկուլյոզի հարուցիչը` 0,8-5,5 մկմ երկարությամբ ուղիղ երբեմն թույլ ծռված միկոբակտերիա է, աերոբ, անշարժ, սպոր և պատիճ չի առաջացնում, թթվասպիրտակայուն է, ըստ «գրամ» ներկվում է դրական: Տարբերակվում է հարուցչի 3 հիմնական տեսակ` մարդու` միկոբակտերիում տուբերկուլյոզիս (Mycobacterium tuberculosis), խոշոր եղջերավորների` միկոբակտերիում բովիս (Mycobacterium bovis) և թռչնի` միկոբակտերիում ավիում (Mycobacterium Avium):
3. Միկոբակտերիայի թաղանթում ճարպամոմային նյութի առկայությունը ապահովում է նրա բարձր կայունությունը քիմիական և արտաքին անբարենպաստ գործոնների նկատմամբ: Տուբերկուլյոզի հարուցիչը կենսունակությունը պահպանում է հողի մեջ 2 տարի, գետի ջրերում` մինչև 5 ամիս, գոմաղբում` 1 տարի, սառեցրած մսի մեջ` մինչև 1 տարի, յուղի մեջ` 45 օր, պանրի մեջ` մինչև 100 օր, կաթի մեջ` 10 օր: Կաթը համարվում է անվտանգ 700 C-ի պայմաններում 10 րոպե տևողությամբ տաքացնելուց կամ 3-5 րոպե տևողությամբ եռացնելուց հետո:
4. Լավագույն ախտահանիչ միջոցներ են համարվում ֆորմալդեհիդի 3%-ոց հիմնային լուծույթը, 5%-անոց ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթը, մեկքլորային յոդի 10%-ոց լուծույթը և 20%-անոց թարմ հանգած կրի լուծույթի կիրառությունը եռակի սպիտակեցումով, մեկժամյա դադարներով:
5. Տուբերկուլյոզի նկատմամբ ընկալունակ են ավելի քան 55 տեսակի կաթնասուններ և 25 տեսակի թռչուններ: Գյուղատնտեսական կենդանիներից առավել հաճախ հիվանդությունը հայտնաբերվում է խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի, ջրաքիսների և հավերի, ավելի քիչ` այծերի, շների, բադերի և սագերի, շատ հազվադեպ` ոչխարների, ձիերի, կատուների մոտ: Տուբերկուլյոզի նկատմամբ բարձր զգայունակ են պրիմատները, ծանր ձևով հիվանդանում է մարդը:
6. Տուբերկուլյոզի հարուցչի առանձին տիպերի ախտածնությունը տարբեր կենդանատեսակների և մարդու նկատմամբ տարբեր է: Մարդու տուբերկուլյոզի հարուցչի նկատմամբ ընկալունակ են խոշոր եղջերավոր կենդանիները, խոզերը, շները, կատուները, մորթատու կենդանիները: Խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզի հարուցչի նկատմամբ ընկալունակ են գյուղատնտեսական և վայրի բոլոր կենդանիները, մուշտակատու գազանները և մարդը: Թռչունների տուբերկուլյոզի հարուցչի տեսակի նկատմամբ ընկալունակ են խոզերը:
7. Վարակի հիմնական աղբյուրը հանդիսանում է տուբերկուլյոզով հիվանդ և վարակակիր կենդանին, որից մանրէներն արտազատվում են քթի լորձահոսքի, խորխի, կաթի, մեզի, կղկղանքի, երբեմն էլ սերմնահեղուկի միջոցով և տարածվում արտաքին միջավայր:
8. Փոխանցման գործոններ են համարվում տուբերկուլյոզով հիվանդ կենդանիների և դրանց արտազատուկների հետ շփված առարկաները:
9. Կենդանիները վարակվում են և մսուրային' և արոտային պահվածքի ժամանակ, որին նպաստում է կենդանիների խիտ պահվածքը, ոչ բավարար կերակրումը և գերշահագործումը: Վարակումը տեղի է ունենում օդակաթիլային և ներքին ճանապարհով: Օդակաթիլային վարակումը տեղի է ունենում հարուցչի մանրէներով աղտոտված օդի և փոշու միջոցով, իսկ ներքին ճանապարհով առավել հաճախ վարակվում է մատղաշը կաթի միջոցով, ներարգանդային շրջանում, ինչպես նաև սեռական ճանապարհով:
10. Տուբերկուլյոզը ընթանում է հիմնականում խրոնիկ, երբեմն էլ առանց որևէ կլինիկական նշանների: Հիվանդության գաղտնի շրջանը տևում է 14-40 օր, որի ընթացքում հակածնի նկատմամբ օրգանիզմում զարգանում է դանդաղ տիպի գերզգայուն վիճակ: Ախտաբանական պրոցեսի տեղակայումից կախված` տարբերում են հիվանդության թոքային, աղիքային, կրծային, մարգարտային, սեռական և այլ ձևերը:
11. Հիվանդությանը բնորոշ է տարբեր օրգաններում և հյուսվածքներում կորեկից մինչև հավի ձվի մեծության հանգույցների (տուբերկուլներ) առաջացումը, որոնք շրջապատվում են շարակցահյուսվածքային պատիճով, որոնց լոռանման զանգվածի կրակալումը վկայում է հիվանդության երկարատև ընթացքի մասին: Ախտահարված ավշային հանգույցները մեծացած են, ամուր և անհարթ, կտրվածքում` սպիտակագորշավուն օջախներ, լոռանման զանգվածով և կրակալումով: Թոքերում առկա են ամուր, կարմրագորշավուն օջախներ, որոնց կտրվածքի մակերեսը փայլուն է, կենտրոնական մասում լոռանման կազմափոխություն, երբեմն էլ թարախային օջախներ: Շճային ծածկոցների տուբերկուլյոզը բնորոշ է բազմաթիվ ամուր և մինչև ընկույզի մեծության փայլուն հանգույցների (մարգարտային) առաջացումով: Աղիքային ձևը բնորոշվում է լոռանման կամ լորձաթարախային զանգվածով, կլորավուն խոցերի առկայությամբ:
II. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
12. Տուբերկուլյոզի ախտորոշումը կատարվում է համաճարակաբանական տվյալների, կլինիկական նշանների և ալերգիական, ախտաբանաանատոմիական, հյուսվածաբանական, շիճուկաբանական, մանրէաբանական ու կենսաբանական հետազոտությունների հիման վրա:
13. Տուբերկուլյոզի ախտորոշման համար մեծ նշանակություն ունի մանրէաբանական հետազոտությունը: Հետազոտման է ենթարկվում հիվանդության մեջ կասկածվող կենդանիների կաթը, քթի լորձահոսքը, կղկղանքը: Մանրէաբանական հետազոտությունները հաճախ տալիս են դրական արդյունքներ այնպիսի օրգանների ախտահարումից, ինչպիսիք են թոքերը, լյարդը, երիկամները, աղիները, արգանդը:
14. Ախտորոշման հիմնական մեթոդն ալերգիականն է (տուբերկուլինիզացիա), որը կիրառվում է 2 ամսական և բարձր տարիք ունեցող կենդանիների նկատմամբ: Տուբերկուլինիզացիայի համար օգտագործվում է չոր մաքրված տուբերկուլին (ՊՊԴ-պրոտեին պուրիֆիեդ դերիվատ) կաթնասունների համար և չոր մաքրված տուբերկուլին թռչունների համար: Բոլոր կենդանատեսակների և թռչունների տուբերկուլյոզի ալերգիական ախտորոշման հիմնական մեթոդը ներմաշկայինն է, բացառությամբ ձիերի, որոնց մոտ ախտորոշվում է ակնային մեթոդով:
15. Տուբերկուլինիզացիան խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, եղջերուների մոտ կատարվում է պարանոցի միջին 1/3 հատվածում, հասուն խոզերին ականջի խեցու արտաքին մակերեսի հատվածում` հիմքից 2 սմ հեռավորության վրա, իսկ 2-6 ամսական խոճկորներին գոտկային հատվածում` ողնաշարից 5-8 սմ հեռավորության վրա: Ընդ որում` մի կողմից ներարկվում է կաթնասունների տուբերկուլին, մյուս կողմից թռչունների տուբերկուլին: Այծերին, ոչխարներին, շներին, կատուներին, կապիկներին, մուշտակատու գազաններին (բացի ջրաքիսներից) տուբերկուլինը ներարկվում է ազդրի ներքին մակերեսում, իսկ ջրաքիսներին` վերին կոպի մաշկի մեջ, ուղտերին` աճուկի հատվածի որովայնի պատի մաշկի մեջ, հավերին` գինդերի կամ կատարի մեջ, հնդկահավերին` ենթածնոտային գինդերի մեջ, սագերին և բադերին` ենթածնոտային ծալքի մեջ, իսկ մյուս թռչուններին` ծնկի արտաքին մակերեսում` հոդից 1-2 սմ բարձրության վրա: Տուբերկուլինի ներարկման հատվածը սափրվում է կամ հեռացվում փետուրները, մաշկը մշակվում 70%-անոց էթիլ սպիրտով: Բոլոր կենդանատեսակների ներմաշկային տուբերկուլինիզացումը կատարվում է 0,2 մլ ծավալով, բացառությամբ կապիկների, ջրաքիսների և թռչունների, որոնց ալերգենը ներարկվում է 0,1 մլ ծավալով (հետևել տվյալ պատրաստուկի օգտագործման հրահանգին): Ներմաշկային տուբերկուլինիզացիա կատարելու համար կիրառվում են անասեղ ավտոմատ ներարկիչներ:
16. Խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, ուղտերի և եղջերուների մոտ տուբերկուլինիզացիան կարդացվում և գնահատվում է ներարկումից 72 ժամ անց, ոչխարների, այծերի, խոզերի, շների, կատուների և մուշտակատու գազանների մոտ` 48 ժամ, իսկ թռչունների մոտ` 30-36 ժամ հետո: Հակազդումը համարվում է դրական և կենդանին ճանաչվում է հիվանդ, երբ խոշոր եղջերավոր կենդանիների, գոմեշների, զեբուների, ուղտերի և եղջերուների մոտ տուբերկուլինի ներարկման տեղում մաշկը 3 մմ և ավելի այտուցվում է /ցուլերի մոտ 2 մմ և ավելի/, խոզերի, այծերի, ոչխարների, շների, կապիկների, մորթատու կենդանիների և թռչունների մոտ գոյանում է որոշակի սահմանազատում չունեցող խմորանման, ցավազգաց, տեղային ջերմությամբ արյունալցված բորբոքային այտուց, ջրաքիսների մոտ այտուցվում է կոպը:
17. Ակնային տուբերկուլինացումը կատարվում է երկնվագ, 5-6 օր ընդմիջումով: 3-5 կաթիլ տուբերկուլինը կաթեցվում է ստորին կոպի շաղկապենու կամ աչքի եղջերենու վրա: Հակազդումը ստուգվում է առաջին անգամ տուբերկուլինը կաթեցնելուց 3, 6, 9, 24, իսկ երկրորդ անգամ 3, 6, 9 և 12 ժամ հետո: Հակազդումը համարվում է դրական և կենդանին հիվանդ, երբ աչքի ներքին անկյունից հոսում է լորձաթարախային կամ թարախային էքսուդատ, շաղկապենին լինում է արյունալցված և այտուցված:
18. Տուբերկուլյոզի վերջնական ախտորոշման նպատակով տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած 2-3 գլուխ կենդանիներն ախտորոշիչ սպանդի են ենթարկվում: Եթե ախտորոշիչ սպանդի ենթարկված կենդանիների ներքին օրգաններում և ավշային հանգույցներում չեն հայտնաբերվում տուբերկուլյոզ հիվանդությանը բնորոշ ախտաբանաանատոմիական փոփոխություններ, ապա հաշվի են առնվում մանրէաբանական, հյուսվածաբանական և կենսաբանական դրական արդյունքները: Ախտաբանաանատոմիական բնորոշ փոփոխությունների բացակայության և դրանց մանրէաբանական, հյուսվածաբանական և կենսաբանական դրական արդյունքի դեպքում տնտեսությունը համարվում է անապահով և անցկացվում տուբերկուլյոզի նկատմամբ առողջացման միջոցառումներ:
19. Տուբերկուլինացման արդյունավետությունը կախված է կենդանու օրգանիզմի իմունային ակտիվությունից և տուբերկուլինի նկատմամբ զգայունակությունից. ցածր բտվածությամբ, մեծ տարիքով կենդանիները, ինչպես նաև տարածված տուբերկուլյոզի դեպքում տուբերկուլինի նկատմամբ հակազդումը կարող է թույլ արտահայտվել կամ ընդհանրապես չարտահայտվել /աներգիա/:
III. ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
20. Տուբերկուլյոզի հսկողության և հիվանդության ներթափանցման կանխարգելման, ինչպես նաև կենդանիների մոտ հիվանդության դեպքի բացառման նպատակով ֆերմերային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները`
1) իրականացնում են կենդանիների առքը, վաճառքը, սպանդի հանձնումը, արոտավայրեր տեղափոխումը և այլ կենդանիների հետ խառնելը և վերախմբավորումները, ինչպես նաև կենդանական ծագման մթերքի իրացումը միայն լիազոր մարմնի իմացության և հսկողության պարագայում.
2) ապահովում են սպասարկող անձնակազմին արտահագուստներով և կոշիկներով.
3) դեղորայքներով, բժշկական սարքավորումներով և արտահագուստներով զինում ու հագեցնում են անասնաբուժասանիտարական նշանակության օբյեկտները.
4) ապահովում են տարածքում սանհանգույցներ և բժշկական առաջին օգնության միջոցներ.
5) վարում են տնտեսությունում սանիտարական մատյան` լիազոր մարմնի ցուցումները գրանցելու և դրանց կատարումը ապահովելու համար.
6) պահպանում են կերերի պահեստավորման ժամանակ անվտանգության կանոնները.
7) 30 օրվա ընթացքում կարանտինացնում են նոր բերված կենդանիներին անասնաբուժական ախտորոշիչ հետազոտություններ և մշակումներ իրականացնելու նպատակով.
8) ժամանակին տեղեկացնում են լիազոր մարմնին կենդանիների բոլոր` տուբերկուլյոզով կասկածվող դեպքերի մասին (քաշի անկում, թոքաբորբի ախտանշաններ, ավշային հանգույցների մեծացում).
9) ձեռք բերված կենդանիների մասին անասնաբույժ մասնագետներին հատկացնում են ըստ պահանջարկի անհրաժեշտ տեղեկություններ և ստեղծում պայմաններ նրանց զննումը, հետազոտությունները և մշակումներն անցկացնելու համար.
10) պահպանում են զոոհիգիենիկ և անասնաբուժասանիտարական պահանջները կենդանիների տեղափոխությունների ժամանակ, ինչպես նաև կերարտադրման և անասնապահական շինությունները կառուցելիս.
11) ապահովում են սույն հրահանգով նախատեսված կենդանիների տուբերկուլյոզ հիվանդության կանխարգելման և համաճարակային օջախի վերացման միջոցառումների անցկացումը և անհրաժեշտության դեպքում հատկացնում նյութատեխնիկական և ֆինանսական միջոցներ.
12) ապահովում են անասնապահական և կերարտադրման աշխատանքներում զբաղված բոլոր անձանց պարբերաբար և հերթական բժշկական զննությունները:
21. Անապահով տնտեսություններում կենդանիներին սպասարկող անձնակազմը պետք է իրազեկ լինի տուբերկուլյոզի դեմ անձնական կանխարգելիչ միջոցների կիրառման կանոններին: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ, նրանք ենթարկվում են բժշկական զննության:
22. Տնտեսություններում տուբերկուլյոզի նկատմամբ պայքարի և պրոֆիլակտիկայի միջոցառումների նկատմամբ հսկողություն իրականացնում է լիազոր մարմինը:
23. Անասնաբուժական և բժշկական կազմակերպությունները միմյանց տեղեկատվություն են տրամադրում կենդանիների սպասարկման կամ կաթի վերամշակման ձեռնարկություններում աշխատող մարդկանց և կենդանիների տուբերկուլյոզով վարակվածության, հիվանդացության դեպքերի մասին:
24. Առողջապահական կազմակերպությունից (հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ և այլ բժշկական հաստատություններ) համապատասխան բնակավայրերում մարդկանց տուբերկուլյոզով հիվանդացության հայտնաբերման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման դեպքում կենդանիներին հետազոտում են տուբերկուլյոզ հիվանդության նկատմամբ և հիվանդության հաստատման դեպքում կազմակերպվում է անասնահամաճարակային օջախի վերացման աշխատանքները:
IV. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ԿԵՏԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
25. Տնտեսությունները, որոնցում հաստատվել է կենդանիների տուբերկուլյոզ հիվանդությունը, լիազոր մարմնի ներկայացմամբ և տարածքային կառավարման մարմինների որոշմամբ հայտարարվում են անապահով և սահմանվում են մի շարք սահմանափակումներ հիվանդության տարածումը բացառելու նպատակով:
26. Անապահովության տևողությունը որոշվում է տարածքային կառավարման մարմինների կողմից սահմանված ժամկետով:
27. Տուբերկուլյոզի նկատմամբ անապահով կետերում օրենքով սահմանված կարգով կիրառվող սահմանափակումներով`
1) չի թույլատրվում նոր բերված կենդանիների մուտքն անապահով տնտեսություններ կամ հոտեր.
2) չի իրականացվում հոտերի վերախմբավորումն առանց տնտեսությունը (բնակավայրը) սպասարկող անասնաբույժի թույլտվության.
3) տուբերկուլյոզով հիվանդ կենդանիները չեն կարող պահվել հոտերում և ընդհանուր անասնապահական տարածքներում, ինչպես նաև կենդանիների ժամանակավոր պահման նպատակով ստեղծվել մշտական և ժամանակավոր հավաքատեղիների ու մեկուսարան-ֆերմաներ տվյալ տնտեսությունում.
4) չեն կարող օգտագործվել տուբերկուլյոզով հիվանդ կենդանիները և նրանցից ստացված սերունդը` հոտի վերարտադրման նպատակով.
5) չի թույլատրվում հում կաթի հանձնումը, որը ստացվել է տուբերկուլյոզի նկատմամբ անապահով հոտից (տնտեսությունից) շուկաներ, ճաշարաններ, բուժ-կանխարգելիչ, մանկական և դպրոցական հաստատություններ.
6) մինչև վեց ամիսը լրանալը առողջ կենդանիների համար չեն կարող օգտագործվել այն արոտավայրերը, որտեղ արածեցվել են տուբերկուլյոզի նկատմամբ անապահով հոտեր.
7) մինչև 5 ամիսը լրանալը առողջ կենդանիների համար չեն օգտագործվում կանգնած ջրամբարները, որոնք օգտագործվել են տուբերկուլյոզի նկատմամբ անապահով հոտերի կողմից:
28. Կենդանիները, որոնք դրական են հակազդել տուբերկուլինին, անմիջապես մեկուսացվում են, դրոշմվում են «Տ» տառով և 15 օրվա ընթացքում ենթարկվում սպանդի` անկախ նրա տոհմային և արտադրական արժեքից:
29. Տեղում (տնտեսությունում) հիվանդ կենդանիների մորթն իրականացվում է հատուկ կահավորված տարածքում անասնաբույժի հսկողությամբ, աշխատողների կողմից անձնական հիգիենայի պահանջների կատարմամբ, որը կկանխի վարակի տարածումը:
30. Կաթը, որը ստացվել է տուբերկուլյոզի նկատմամբ դրական հակազդած կովերից, ենթակա է վերամշակման` հալած յուղի ստացման նպատակով կամ մանրէազերծման:
31. Անապահով հոտերի (տնտեսությունների) կովերից ստացված կաթը ենթակա է մանրէազերծման անմիջապես տնտեսությունում պաստերիզացիայի մեթոդով 900 C-ի դեպքում` 5 րոպե կամ 850 C-ի դեպքում` 30 րոպե տևողությամբ, իսկ պաստերիզատորի բացակայության դեպքում` եռացումով: Մանրէազերծումից հետո կաթը տեղափոխվում է կաթի գործարան կամ օգտագործվում տնտեսության ներսում: Կաթի գործարանում կաթի դատարկելուց հետո ցիստեռնները կամ բիդոնները ենթակա են լվացման և ախտահանման:
32. Կաթը և հետ վերադարձված մնացորդը, որոնք նախատեսված են կենդանիների կերակրման համար, ենթակա են պաստերիզացման:
33. Կաթի գործարաններին թույլատրվում է մնացորդների վերադարձը տնտեսություններ, կրկնակի մանրէազերծումից հետո պաստերիզացման մեթոդով, վերը նշված ջերմային ռեժիմներում կամ եռացմամբ:
34. Տուբերկուլյոզի նկատմամբ անապահով տնտեսություններում իրականացվում է սենքերի, շինությունների և նրանց հարակից տարածքների, զբոսահրապարակների, սարքավորումների, գործիքների և պարագաների, ինչպես նաև այլ օբյեկտների ընթացիկ ախտահանում, դեզինսեկցիա և դերատիզացիա: Գոմաղբը մանրէազերծվում է կենսաբանական, քիմիական և ֆիզիկական մեթոդներով:
V. ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ԳԼՈՒԽ 1. |
ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ |
35. Առողջացման միջոցառումները իրականացվում են` ելնելով տնտեսության կամ բնակավայրի տուբերկուլյոզի համաճարակային իրավիճակից (հիվանդության տարածվածության աստիճանը, հիվանդ կենդանիների առկայությունը և այլն), կազմվում է հակահամաճարակային և տնտեսական այլ անհրաժեշտ միջոցառումների անցկացման ժամանակացույցը` որոշվում է անապահով հոտերի առողջացման մեթոդները և ժամանակահատվածները, նշանակվում պատասխանատուներ:
36. Խոշոր եղջերավոր կենդանիների հոտի անապահովության աստիճանը որոշվում է` հաշվի առնելով հիվանդության տարածվածությունը. սահմանափակ` հոտի 15% կենդանիների վարակվածությունը կրկնակի տուբերկուլինիզացիայի արդյունքներով. զգալի (էական)` հոտի 15%-ից ավելի կենդանիների վարակվածությունը կրկնակի տուբերկուլինիզացիայի արդյունքներով:
37. Տուբերկուլյոզի նկատմամբ անապահով խոշոր եղջերավոր կենդանիների հոտերի առողջացման միջոցառումներն անց են կացվում հետևյալ եղանակներով`
1) պարբերական ախտորոշիչ հետազոտությունների անցկացում հիվանդ կենդանիների կամ անապահով խմբերի առանձնացումով և հետագա սպանդով.
2) անապահով հոտի միանվագ և ամբողջական փոփոխությունը առողջ կենդանիներով:
Երկու դեպքերում էլ պարտադիր է սույն հրահանգով նախատեսված կազմակերպչատնտեսական և անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումների անցկացումը:
38. Հոտի միանվագ և ամբողջական փոփոխության մեթոդը կիրառվում է, երբ տուբերկուլյոզն առաջին անգամ հայտնաբերվել է համայնքում, տարածաշրջանում, մարզում և զգալի (էական) տարածվածության (հոտի 15%-ից ավելի կենդանիների վարակվածություն) դեպքում:
39. Սույն հրահանգի 38-րդ կետով սահմանված դեպքում սահմանափակումներ կիրառելուց հետո իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) դադարեցվում է տուբերկուլյոզի նկատմամբ ալերգիկ հետազոտությունների անցկացումը.
2) չի անցկացվում կովերի և երինջների սերմնավորում.
3) ամբողջ կաթը ենթարկվում է պաստերիզացիայի 900 C-ի դեպքում` 5 րոպե կամ 850 C-ի դեպքում` 30 րոպե, որից հետո օգտագործվում է հորթերի կերակրման համար կամ ուղարկվում է կաթի վերամշակման ձեռնարկություններ.
4) անապահով հոտի ամբողջ գլխաքանակը 6 ամսվա ընթացքում մատղաշի հետ ենթարկվում են սպանդի: Առաջնահերթ սպանդի են ենթարկվում բտման տակ գտնված կենդանիները.
5) սենքերը կենդանիներից ազատելուց հետո ախտահանվում են 3%-անոց ֆորմալդեհիդի և կաուստիկ սոդայի լուծույթներով.
6) բոլոր ազատված կովանոցներում, հորթանոցներում, ծնարաններում և արտադրական տարածքներում հատակները, պատերը, գոմաղբատար ուղիները և միջանցքները մաքրվում են գոմաղբից ու կերի մնացորդներից.
7) աղբից և գոմաղբից մաքրվում են տնտեսության մերձակա տարածքները և զբոսահրապարակները.
8) ամբողջ գոմաղբը դուրս է բերվում տնտեսության տարածքից հատուկ առանձնացված տեղ, կուտակավորվում 3 մետր լայնությամբ և 2 մետր բարձրությամբ, ծածկվում հողով ու ցանկապատվում, տվյալ գոմաղբը օգտագործվում է ոչ շուտ, քան 2 տարի անց.
9) ոչ պիտանի օգտագործված արտահագուստը, կոշիկները, ոչ արժեքավոր գույքը այրվում է:
40. Անասնաբուժասանիտարական միջոցառումների ավարտից և բոլոր տարածքների վերջնական ախտահանությունից և ախտահանության որակի լաբորատոր փորձաքննությունից հետո անապահով տնտեսությունից հանվում են բոլոր սահմանափակումները:
41. Գլխաքանակի 15%-ից պակաս հիվանդացության դեպքում հոտի առողջացումը կարող է իրականացվել պարբերական հետազոտությունների և հիվանդ կենդանիներին սպանդի ենթարկելու մեթոդով:
42. Երկու ամսականից բարձր տարիք ունեցող կենդանիներին 45-60 օրը մեկ հետազոտում են կրկնակի ներմաշկային տուբերկուլինային փորձի միջոցով: Միաժամանակ հետազոտում են տուբերկուլյոզի նկատմամբ տնտեսությունում գտնվող այլ տեսակի կենդանիներին (այդ թվում` շներին և կատուներին): Տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած կենդանիներին դրոշմում են «Տ» տառով, մեկուսացնում և 15 օրվա մեջ ենթարկում սպանդի: Տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած շներին և կատուներին քնեցնում են:
43. Ամբողջ հոտում երկու անընդմեջ հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա կենդանիները դրվում են 6-ամսյա ստուգիչ հսկողության տակ, որի ընթացքում անցկացվում է երկու հետազոտություն 3-ամսյա միջակայքով: Ստուգիչ հետազոտությունների բացասական արդյունքների և անասնաբուժասանիտարական միջոցառումների անցկացման արդյունքով տնտեսությունը (հոտը) հայտարարվում է ապահով տուբերկուլյոզի նկատմամբ:
44. Ստուգիչ հետազոտությունների ընթացքում հայտնաբերված տուբերկուլյոզի նկատմամբ դրական հակազդած բոլոր կենդանիները ենթարվկում են ախտորոշիչ սպանդի: Տուբերկուլյոզին բնորոշ ախտաբանաանատոմիական փոփոխություններ հայտնաբերելիս իրականացվում են սույն հրահանգի 39-րդ կետում նշված միջոցառումները: Տուբերկուլյոզին բնորոշ փոփոխությունների բացակայության դեպքում ընտրվում է փորձանմուշ և ուղարկվում լաբորատորիա մանրէաբանական հետազոտության նպատակով, իսկ հոտը 3 ամիս անց հետազոտում են ալերգիկ մեթոդով:
45. Ալերգիկ և լաբորատոր հետազոտությունների բացասական արդյունքների հիման վրա հոտը հայտարարում են ապահով տուբերկուլյոզի նկատմամբ, իսկ լաբորատոր փորձաքննությունների դրական արդյունքների դեպքում իրականացվում են սույն հրահանգի 39-րդ կետում նշված միջոցառումները:
46. Հոտերում, որոնք առողջացվում են սույն հրահանգի 37-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն`
1) հիվանդ կովերից ծնված հորթերին մայրերի հետ միասին ենթարկում են սպանդի.
2) առողջացվող հոտի տուբերկուլյոզի նկատմամբ չհակազդող կովերից ծնված երինջներին պահում են մեկուսացված խմբերով, բտում են և ենթարկում սպանդի.
3) մատղաշներին, որոնք ստացվել են ստուգիչ հսկողության անցկացման ժամանակաշրջանում, աճեցնում են մեկուսացված պայմաններում, իսկ տնտեսությունից սահմանափակումները հանելուց հետո` սովորական կարգով:
47. Սահմանափակումները վերացնելուց առաջ անցկացնում են համալիր անասնաբուժասանիտարական միջոցառումներ, որոնք նշված են սույն հրահանգի 39-րդ կետում:
48. Գյուղացիական տնտեսություններում խոշոր եղջերավոր կենդանիների մոտ տուբերկուլյոզ հիվանդություն հայտնաբերելու դեպքում ամբողջ գլխաքանակը հետազոտում են ներմաշկային ալերգիական մեթոդով ամեն 45-60 օրը մեկ, մինչև ամբողջ հոտում կրկնակի (անընդմեջ) բացասական արդյունքների ստացումը: Դրական հակազդած կենդանիները ենթարկվում են սպանդի: Նոր դեպքեր չգրանցվելու դեպքում հոտը համարվում է առողջացած տուբերկուլյոզ հիվանդությունից:
ԳԼՈՒԽ 2. |
ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԽՈԶԵՐԻ, ՁԻԵՐԻ, ՈՉԽԱՐՆԵՐԻ, ԱՅԾԵՐԻ, ՄՈՐԹԱՏՈՒ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ |
49. Խոզաբուծական տնտեսություններում խոզերի տուբերկուլյոզ հիվանդության հաստատման դեպքում (խոշոր եղջերավորների կամ մարդկային տիպի հարուցիչ) տուբերկուլինի նկատմամբ դրական հակազդած բոլոր խոզերը, այդ թվում` հղի խոզամայրերը, վարազները և բտվող գլխաքանակը, ենթարկվում է սպանդի: Ծնի և մատղաշի բտման ավարտից հետո տնտեսության բոլոր կենդանիները ենթարկվում են սպանդի, տուբերկուլյոզի ախտորոշումից ոչ ուշ, քան 6 ամիս անց:
Անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումների ավարտից հետո տնտեսությունից հանվում են բոլոր սահմանափակումները:
50. Ձիերի, ոչխարների և այծերի մոտ տուբերկուլյոզի հաստատման դեպքում իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) բոլոր դրական հակազդած կենդանիները ենթարկվում են սպանդի.
2) մնացած գլխաքանակը` ձիերին հետազոտում են ակնային ռեակցիայով, իսկ ոչխարներին և այծերին` ներմաշկային մեթոդով, յուրաքանչյուր 45-60 օրը մեկ, մինչև միանվագ բացասական արդյունքի ստացումը, որից հետո համապատասխան խմբի կենդանիները ճանաչվում են առողջ:
51. Մորթատու կենդանիների մոտ տուբերկուլյոզի հաստատման դեպքում իրականացվում են հետևյալ միջոցառումները`
1) ընդհանուր գլխաքանակը ենթարկվում է կլինիկական զննության, հիվանդ էգերը ձագերի հետ միասին մեկուսացվում են: Մորթու հասունացման փուլում կենդանիներին ամեն օր կերակրի հետ բուժիչ չափաբաժնով տրվում է «Տուբազիդ»: Սպանդից հետո մորթիները օգտագործվում են առանց սահմանափակումների.
2) անապահով խմբի կենդանիների կերին ավելացվում է «Տուբազիդ»` կանխարգելիչ չափաբաժնով:
52. Գազանաբուծական տնտեսությունը համարվում է առողջացած, եթե սեզոնի ընթացքում ծնից մինչև սպանդ անկած և սպանդի ենթարկված կենդանիների օրգաններում և հյուսվածքներում չեն հայտնաբերվում տուբերկուլյոզին բնորոշ փոփոխություններ:
53. Տնտեսությունից սահմանափակումները հանվում է անասնաբուժասանիտարական միջոցառումների անցկացումից հետո:
54. Թռչնաբուծական տնտեսություններում տուբերկուլյոզ հիվանդության հաստատման դեպքում անապահով թռչնանոցի ամբողջ գլխաքանակը ենթարկվում է սպանդի, անցկացվում են համապատասխան անասնաբուժասանիտարական միջոցառումներ, և սահմանափակումները վերացնելուց հետո առողջ մատղաշից ձևավորվում է նոր հոտ: Անապահով թռչնանոցների թռչուններից ստացված ձուն չի թույլատրում ինկուբացիայի և օգտագործվում է հացի և հրուշակեղենի արտադրությունում: