Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ « ...

 

 

103.1139.260115

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        01            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10315006

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

19 դեկտեմբերի 2014 թվականի N 1139-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ «ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 15.1-ին հոդվածի 3-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության դասակարգիչը» (այսուհետ` «Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության դասակարգիչ») համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

19 դեկտեմբերի 2014 թ.

N 1139-Ն հրամանի

 

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ ՀԴ-015-2014

 

ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ, ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության սույն դասակարգումը (այսուհետ` ՖՄԴ) կազմվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպություն 2001թ.` Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման հիման վրա: ՖՄԴ-ի հիմնական նպատակն առողջական և առողջությանն առնչվող վիճակների նկարագրության համար համընդհանուր և ստանդարտ լեզու ու շրջանակ ապահովելն է: Դասակարգման մեջ սահմանվում են առողջության բաղադրիչները և բարեկեցության` առողջությանն առնչվող որոշ բաղադրիչներ (օրինակ` կրթությունն ու աշխատանքը):

2. ՖՄԴ-ում ընդգրկված ոլորտներն իրենց բնույթով կարող են դիտարկվել որպես առողջական կամ առողջությանն առնչվող ոլորտներ: Այդ ոլորտները նկարագրվում են մարմնի, անհատի և հասարակության տեսանկյուններից երկու հիմնական ցանկում, որոնք են`

1) Օրգանիզմի ֆունկցիաներ և մարմնի կառուցվածք,

2) Կենսագործունեություն և մասնակցություն:

(Այս տերմինները, որոնք փոխարինում են նախկինում կիրառված «խախտում», «հաշմանդամություն» և «արատ» տերմիններին, ընդլայնում են դասակարգման շրջանակը` հնարավորություն ստեղծելով նկարագրելու նաև ֆունկցիոնալության դրական կողմը: Նոր տերմինների սահմանումները ներկայացված են այս ներածության մեջ, իսկ դրանց ավելի մանրամասն նկարագրությունը` դասակարգման մեջ: Հարկ է նշել, որ այս տերմինները կիրառվում են հատուկ իմաստներով, որոնք կարող են տարբերվել դրանց ամենօրյա կիրառությունից):

3. Որպես դասակարգում` ՖՄԴ-ում ոլորտները (ոլորտը միմյանց հետ կապված հոգեբանական ֆունկցիաների, անատոմիական մասերի, գործողությունների, առաջադրանքների կամ կյանքի բնագավառների գործնական և իմաստային ամբողջություն է) համակարգված ձևով առանձնացված են, որպեսզի հնարավոր լինի դրանք օգտագործել որոշակի առողջական խնդիր ունեցող անձի համար (օրինակ, թե ինչ է անում կամ ինչ կարող է անել հիվանդություն կամ խանգարում ունեցող անձը): Ֆունկցիոնալությունը հավաքական տերմին է օրգանիզմի ֆունկցիաների, կենսագործունեության ու մասնակցության համար: Նույն կերպ` հաշմանդամությունը հավաքական տերմին է խանգարումների/խախտումների, կենսագործունեության և մասնակցության սահմանափակումների համար:

ՖՄԴ-ում նաև թվարկված են այն միջավայրային գործոնները, որոնք փոխկապված են այդ բոլոր կառույցների հետ: Այսպիսով, այն օգտվողին թույլ է տալիս ունենալ տարբեր ոլորտներում անհատի ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության տվյալների օգտակար տեղեկատվություն:

4. Ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգումը պատկանում է առողջապահական տարբեր խնդիրների վերաբերյալ լուծումներ ապահովելու նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) կողմից մշակված միջազգային դասակարգումների ընտանիքին: ԱՀԿ-ի Միջազգային դասակարգումների ընտանիքը դիտարկվում է որպես մի շրջանակ, որի միջոցով առողջության վերաբերյալ բազմաթիվ տեղեկություններ (օրինակ` ախտորոշում, ֆունկցիոնալություն և հաշմանդամություն, ինչպես նաև առողջապահական ծառայությունների հետ առնչություն ունենալու պատճառներ) են ծածկագրվում: Այդ ընտանիքում օգտագործվում է ստանդարտ լեզու, որը հնարավորություն է ընձեռում տարբեր ոլորտներում և գիտության տարբեր ճյուղերում առողջության և առողջապահության վերաբերյալ համաշխարհային մակարդակով տեղեկություններ փոխանակել:

5. ԱՀԿ-ի միջազգային դասակարգումներում առողջական խնդիրները (հիվանդությունները, խանգարումները, խախտումները, վնասվածքները և այլն) հիմնականում դասակարգվում են ՀՄԴ-10-ում (Հիվանդությունների միջազգային դասակարգում, տասներորդ վերանայված հրատարակություն): ՖՄԴ-ում դասակարգված են առողջական խնդիրներով պայմանավորված ֆունկցիոնալությունը և հաշմանդամությունը: ՈՒստի ՀՄԴ-10-ը և ՖՄԴ-ն միմյանց լրացնում են: Կարևոր է նաև ընդունել, որ ՀՄԴ-10-ն ու ՖՄԴ-ն որոշակիորեն համընկնում են: Երկու դասակարգումներն էլ սկսվում են օրգան համակարգերի նկարագրությամբ: Խանգարումները վերաբերում են մարմնի կառուցվածքին և օրգանիզմի ֆունկցիաներին, որոնք սովորաբար «հիվանդության գործընթացի» մաս են կազմում և, հետևաբար, կիրառվում են նաև ՀՄԴ-10-ում: Այնուամենայնիվ, ՀՄԴ-10-ում խանգարումները դիտվում են որպես «հիվանդությունը» կազմող նշանների և ախտանիշների ամբողջության մաս կամ երբեմն որպես առողջապահական ծառայություններին դիմելու պատճառ, մինչդեռ ՖՄԴ-ի համակարգում խանգարումները (խախտումները) կիրառվում են որպես առողջական խնդիրներով պայմանավորված` օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի խնդիրներ:

Օգտվողներին խորհուրդ է տրվում ԱՀԿ-ի միջազգային դասակարգումների ընտանիքի այդ երկու անդամներն օգտագործել համատեղ: ՀՄԴ-10-ում տրվում է հիվանդությունների, խանգարումների, խախտումների կամ այլ առողջական խնդիրների «ախտորոշումը», և այդ տեղեկատվությունը հարստացվում է ֆունկցիոնալության վերաբերյալ ՖՄԴ-ում ներկայացված լրացուցիչ տեղեկություններով: Միևնույն հիվանդությամբ տառապող երկու անձ կարող են ունենալ ֆունկցիոնալության տարբեր մակարդակներ, իսկ ֆունկցիոնալության միևնույն մակարդակ ունեցող երկու անձ պարտադիր չէ, որ ունենան միևնույն առողջական խնդիրը: Այսպիսով, բժշկության մեջ կիրառելու նպատակներով համատեղ օգտագործելը նպաստում է տեղեկությունների որակի բարձրացմանը: ՖՄԴ-ն կիրառելիս չպետք է շրջանցել սովորաբար իրականացվող ախտորոշման ընթացակարգերը: Այլ դեպքերում ՖՄԴ-ն կարելի է կիրառել առանձին:

6. Եվ ախտորոշման, և՛ ֆունկցիոնալության վերաբերյալ տեղեկությունների առկայության պայմաններում մարդկանց կամ բնակչության առողջության նկարագիրն ավելի լայն ու իմաստալից է դառնում և կարող է հետագայում օգտագործվել որոշումներ կայացնելու նպատակով:

 

2. ՖՄԴ-ի նպատակները և կիրառումը

 

7. ՖՄԴ-ն ունի մի շարք նպատակներ և նախատեսված է տարբեր ոլորտների և ճյուղերի շրջանակում կիրառելու համար:

8. ՖՄԴ-ի Հիմնական նպատակներն են`

1) գիտական հենք ապահովել առողջական վիճակները, առողջությանն առնչվող վիճակները, առողջական վիճակների ելքերն ու որոշիչները հասկանալու և ուսումնասիրելու համար.

2) ձևավորել միասնական լեզու, որով հնարավոր կլինի նկարագրել առողջական և առողջությանն առնչվող վիճակները` նպաստելով տարբեր օգտվողների, օրինակ` առողջապահության ոլորտում աշխատողների, հետազոտություն իրականացնողների, քաղաքականություն մշակողների և հանրության, այդ թվում` հաշմանդամների միջև հաղորդակցության որակի բարձրացմանը.

3) հնարավոր դարձնել տվյալների համեմատությունը տարբեր երկրների, առողջապահության ոլորտների, ծառայությունների միջև, ինչպես նաև ժամանակային տարբեր պահերին.

4) առողջապահության տեղեկատվական համակարգերի համար ապահովել ծածկագրման համակարգված սխեմա:

Սույն կետում նշված նպատակները փոխկապակցված են, ուստի ՖՄԴ-ի նպատակներն իրագործելու և տարբեր ոլորտներում դրա կիրառումը հնարավոր դարձնելու նպատակով իմաստային և գործնական համակարգի ստեղծումը կարևոր նախապայման է: Այդ համակարգը կարող է կիրառվել տարբեր օգտվողների կողմից` առողջապահական քաղաքականության մշակման, որակի ապահովման և արդյունքների գնահատման նպատակներով:

9. ՖՄԴ-ը կարող է կիրառվել է մի շարք նպատակներով, դրանք են`

1) որպես վիճակագրության գործիք` տվյալների հավաքման և գրանցման գործընթացում (օրինակ` բնակչության վերաբերյալ ուսումնասիրություններում և հարցումներում կամ տեղեկատվության կառավարման համակարգերում),

2) որպես հետազոտության գործիք ելքերը, կյանքի որակը կամ միջավայրային գործոնները չափելու համար,

3) որպես կլինիկական գործիք` կարիքների գնահատման, որոշակի պայմաններին բուժումների համապատասխանեցման, մասնագիտական գնահատման, վերականգնողական և ելքերի գնահատման նպատակներով,

4) որպես սոցիալական քաղաքականության գործիք` սոցիալական պաշտպանության համակարգում մատուցվող սոցիալական ծառայությունների, այդ թվում դրամական փոխհատուցումների պլանավորման, ինչպես նաև քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում,

5) որպես կրթության ոլորտի գործիք` կրթական ծրագրերի մշակման, կրթության ոլորտի մասնագետների իրազեկվածության մակարդակի բարձրացման և ուսումնական հաստատություններում սոցիալական միջավայրի ձևավորման համար:

10. Քանի որ ՖՄԴ-ն ի սկզբանե առողջությանը վերաբերող և առողջությանն առնչվող հարցերին վերաբերող դասակարգում է, այն նաև կիրառվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ապահովագրությունը, սոցիալական ապահովությունը, աշխատանքը, կրթությունը, տնտեսագիտությունը, սոցիալական քաղաքականության և ընդհանուր օրենսդրության մշակումը, ինչպես նաև միջավայրի մատչելիության բարելավումը:

11. ՖՄԴ-ը կարելի է օգտագործել մի շարք ոլորտներում, օրինակ` սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտներում, ինչպես նաև տեղական և հանրապետական մակարդակներում բնակչության շրջանում հարցումներ անցկացնելիս: Այն նախատեսում է մի շարք տեղեկությունների վերաբերյալ հայեցակարգային շրջանակ, որը կարելի է կիրառել անձին բժշկական օգնություն ցուցաբերելու, այդ թվում` կանխարգելման, առողջության ամրապնդման, մասնակցության մակարդակի բարձրացման նպատակներով` վերացնելով կամ նվազեցնելով հասարակական արգելքները և խրախուսելով հասարակական աջակցությունը և օժանդակող գործոններով ապահովելը: Այն կարելի է կիրառել նաև առողջապահական համակարգերի ուսումնասիրության ժամանակ` գնահատման և քաղաքականության ձևավորման նպատակով:

12. ՖՄԴ-ը ներառում է մարդու առողջության բոլոր կողմերը, ինչպես նաև բարեկեցության` առողջությանն առնչվող որոշ բաղադրիչներ, որոնք նկարագրվում են ըստ առողջական և առողջությանն առնչվող ոլորտների (առողջական ոլորտների օրինակներ են` տեսողությունը, լսողությունը, քայլելը, սովորելը և հիշելը, իսկ առողջությանն առնչվող ոլորտների օրինակներ են` տրանսպորտը, կրթությունը և հասարակական շփումները):

13. ՖՄԴ-ով կարգավորվում են առողջության վերաբերյալ համապարփակ, ընդգրկուն հարցեր և դասակարգման մեջ ներառված չեն այնպիսի իրավիճակներ, որոնք կապված չեն առողջության հետ, ինչպես, օրինակ` սոցիալ-տնտեսական գործոններով պայմանավորված իրավիճակներն են: Օրինակ` ռասայի, սեռի, կրոնի կամ այլ սոցիալ-տնտեսական հատկանիշների պատճառով մարդիկ կարող են սահմանափակված լինել տվյալ միջավայրում առաջադրանքը կատարելիս, բայց դրանք մասնակցության` առողջությանը վերաբերող այն սահմանափակումները չեն, որոնք դասակարգված են ՖՄԴ-ում:

14. ՖՄԴ-ը միայն հաշմանդամություն ունեցող անձանց մասին չէ, այն, փաստացիորեն, վերաբերում է բոլորին: ՖՄԴ-ը կարելի է կիրառել նկարագրելու ցանկացած տեսակի առողջական խնդրով պայմանավորված առողջական և առողջությանն առնչվող վիճակ: Այլ կերպ ասած ՖՄԴ-ն ունի համընդհանուր կիրառություն:

15. ՖՄԴ-ում ներկայացված է մարդու ֆունկցիոնալության և դրա սահմանափակումների հետ կապված իրավիճակների նկարագրությունը, և այն ծառայում է որպես այդ տեղեկությունները համակարգված ձևով ներկայացնելու համար շրջանակ: Դասակարգման մեջ տեղեկությունները համակարգված են իմաստային, փոխկապակցված և մատչելի ձևով:

16. ՖՄԴ-ում տեղեկությունները ներկայացված են երկու մասով: 1-ին մասը վերաբերում է ֆունկցիոնալությանը և հաշմանդամությանը, իսկ 2-րդ մասը` կոնտեքստուալ գործոններին: Մասերից յուրաքանչյուրն ունի երկու բաղադրիչ:

1) «Ֆունկցիոնալություն և հաշմանդամություն» մասի բաղադրիչներ`

ա. «Մարմին» բաղադրիչը բաղկացած է երկու դասակարգումից. դրանք են օրգան համակարգերի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը: Երկու դասակարգումներում էլ գլուխները կազմված են ըստ օրգան համակարգերի.

բ. «Կենսագործունեություն և մասնակցություն» բաղադրիչը ներառում է ոլորտների մի ամբողջական շրջանակ, որտեղ նշված են ֆունկցիոնալության կողմերը թե՛ անհատական և թե՛ հասարակական տեսանկյունից:

2) «Կոնտեքստուալ գործոններ» մասի բաղադրիչները`

ա. «Միջավայրային գործոններ» բաղադրիչ: Միջավայրային գործոններն ազդում են ֆունկցիոնալության և հաշմանդամության բոլոր բաղադրիչների վրա և նշված են ըստ հերթականության` սկսած անհատին անմիջականորեն շրջապատող միջավայրից մինչև ընդհանուր միջավայրը:

բ. «Անձնական գործոններ» բաղադրիչը:

17. ՖՄԴ-ում ֆունկցիոնալության և հաշմանդամության բաղադրիչները կարող են արտահայտվել երկու ձևով: Մի կողմից դրանք կարող են կիրառվել` ցույց տալու խնդիրների (օրինակ` «հաշմանդամություն» հավաքական տերմինով ամփոփված խանգարում/խախտում, կենսագործունեության կամ մասնակցության սահմանափակում) առկայությունը, մյուս կողմից` նշելու առողջական և առողջությանն առնչվող վիճակների ոչ պրոբլեմատիկ (այսինքն` չեզոք) կողմերը, որոնք ամփոփված են «ֆունկցիոնալություն» հավաքական տերմինի ներքո:

Ֆունկցիոնալության և հաշմանդամության այդ բաղադրիչները ներկայացված են չորս առանձին, բայց փոխկապակցված ենթաբաղադրիչների միջոցով, որոնք գործածվում են հատկորոշիչների կիրառմամբ: Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը կարող են ներկայացվել ֆիզիոլոգիական համակարգերի կամ անատոմիական մասերի փոփոխությունների միջոցով: «Կենսագործունեություն և մասնակցություն» բաղադրիչի դեպքում կան երկու ենթաբաղադրիչներ` կարողություն և կատարողականություն:

18. Մարդու ֆունկցիոնալությունն ու հաշմանդամությունն ընկալվում են որպես դինամիկ փոխազդեցություն (այս փոխազդեցությունը կարող է դիտվել որպես գործընթաց կամ արդյունք` կախված օգտվողից) առողջական խնդիրների (հիվանդություններ, խանգարումներ, խախտումներ, վնասվածքներ, տրավմաներ և այլն) և միջավայրային գործոնների միջև: Ինչպես նշվել է վերևում, «Միջավայրային գործոններ»-ի մեջ ներառված են անձնական և անձին շրջապատող միջավայրային գործոնները: ՖՄԴ-ում, որպես դասակարգման առանցքային բաղադրիչ, ներառված է միջավայրային գործոնների համապարփակ ցանկ: Միջավայրային գործոնները փոխազդում են ֆունկցիոնալության և հաշմանդամության բոլոր բաղադրիչների հետ: «Միջավայրային գործոններ» բաղադրիչի գլխավոր կառույցը ֆիզիկական և սոցիալական միջավայրի ու հասարակության վերաբերմունքի օժանդակող կամ խոչընդոտող ազդեցությունն է:

 

3. Դասակարգման միավորը

 

19. ՖՄԴ-ում դասակարգված են առողջական և առողջությանն առնչվող վիճակները: Հետևաբար, դասակարգման միավորն առողջական և առողջությանն առնչվող ոլորտների կատեգորիաներն են: ՈՒստի հարկ է նշել, որ ՖՄԴ-ում մարդը դասակարգման միավոր չէ, այսինքն` անձինք ՖՄԴ-ում դասակարգված չեն, այլ նկարագրված է յուրաքանչյուր մարդու իրավիճակն` առողջական կամ առողջությանն առնչվող ոլորտների շրջանակում: Ընդ որում` նկարագրությունը միշտ կատարվում է միջավայրային և անձնական գործոնների համատեքստում:

 

4. ՖՄԴ-ի բաղադրիչների ընդհանուր նկարագիրը

 

20. ՖՄԴ-ում առողջության համատեքստում օգտագործվում են հետևյալ սահմանումները`

1) Օրգանիզմի ֆունկցիաներ` օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներ (ներառյալ հոգեբանական ֆունկցիաները).

2) Մարմնի կառուցվածք` մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչները.

3) Խախտումներ, խանգարումներ` օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի այնպիսի խնդիրներ, ինչպիսին էական շեղումը կամ կորուստն է.

4) Կենսագործունեություն` անհատի կողմից առաջադրանքի կամ գործողության կատարում.

5) Մասնակցություն` կյանքի իրավիճակներում ներգրավվածություն.

6) Կենսագործունեության սահմանափակումներ` դժվարություններ, որոնք անհատն ունենում է գործողություններ կատարելիս.

7) Մասնակցության սահմանափակումներ` խնդիրներ, որոնց անհատը կարող է բախվել կյանքի իրավիճակներում ներգրավվելիս.

8) Միջավայրային գործոններ` ֆիզիկական և սոցիալական միջավայր, որում մարդիկ ապրում և վարում են իրենց կյանքը, ինչպես նաև դիրքորոշումներ, որոնք հասարակությունը դրսևորում է մարդկանց նկատմամբ:

Սույն կետում նշված հասկացությունների ընդհանուր նկարագիրը ներկայացված է սույն ՖՄԴ-ի հավելված 1-ի 1-ին աղյուսակում:

21. ՖՄԴ-ն ունի երկու մաս, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու բաղադրիչ.

1) Մաս 1. Ֆունկցիոնալություն և հաշմանդամություն

ա. Օրգանիզմի ֆունկցիաներ և մարմնի կառուցվածք

բ. Կենսագործունեություն և մասնակցություն

2) Մաս 2. Կոնտեքստուալ գործոններ

ա. միջավայրային գործոններ

բ. անձնական գործոններ:

22. Յուրաքանչյուր բաղադրիչ հնարավոր է արտահայտել թե՛ դրական, թե՛ բացասական կողմից: Յուրաքանչյուր բաղադրիչ բաղկացած է մի շարք ոլորտներից, և յուրաքանչյուր ոլորտի շրջանակում կան կատեգորիաներ, որոնք դասակարգման միավորներն են: Անձի առողջական և առողջությանն առնչվող վիճակները կարելի է գրանցել` ընտրելով համապատասխան կատեգորիայի ծածկագիրը կամ ծածկագրերը, այնուհետ ավելացնելով որակիչներ, որոնք թվային ծածկագրեր են: Այդ որակիչները սահմանում են տվյալ կատեգորիայում ֆունկցիոնալության կամ հաշմանդամության չափը կամ աստիճանը, կամ այն չափը, որի դեպքում միջավայրային գործոնը դառնում է օժանդակող կամ խոչընդոտող:

 

5. Օրգանիզմի ֆունկցիաները, մարմն, մարմնի կառուցվածքը և խախտումները

 

23. Սահմանումները

1) Օրգանիզմի ֆունկցիաներ` օրգան համակարգերի ֆիզիոլոգիական ֆունկցիաներ (ներառյալ հոգեբանական ֆունկցիաները):

2) Մարմնի կառուցվածք` մարմնի անատոմիական մասեր, ինչպիսիք օրգանները, վերջույթները և դրանց բաղադրիչներն են:

3) Խախտումներ, խանգարումներ` օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի այնպիսի խնդիրներ, ինչպիսին էական շեղումը կամ կորուստն է:

24. Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը դասակարգված են երկու տարբեր բաժիններում: Այս երկու դասակարգումները մշակված են զուգահեռաբար օգտագործելու նպատակով: Օրինակ` օրգանիզմի ֆունկցիաների մեջ ներառված են մարդու հիմնական զգայարանները, ինչպես, օրինակ` «տեսողության ֆունկցիաները», իսկ դրանց համապատասխան կառուցվածքային միավորները ներկայացված են որպես «աչք և դրան փոխկապակցված կառուցվածքներ» ձևով:

25. «Մարմինը» մարդու օրգանիզմն է` որպես ամբողջություն, հետևաբար, այն ներառում է ուղեղը և դրա ֆունկցիաները, այսինքն` միտքը: Հետևապես հոգեկան/մտավոր (կամ հոգեբանական) ֆունկցիաները նույնպես ներառված են օրգանիզմի ֆունկցիաներում:

26. Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը դասակարգված են ըստ մարմնի կենսական համակարգերի, հետևաբար, մարմնի մասերը չեն համարվում օրգաններ:

27. Կառուցվածքի խախտումները մարմնի մասերի անոմալիաներ, արատներ, կորուստ կամ այլ էական շեղումներ են: Խախտումները կենսաբանորեն սահմանվել են հյուսվածքային կամ բջջային և ենթաբջջային կամ մոլեկուլյար մակարդակներում: Այնուամենայնիվ, այս մակարդակները գործնական նպատակներով չեն նշվում: Դասակարգումը կատարվել է ըստ խախտումների կենսաբանական հիմքերի, և այն հնարավոր է ընդլայնել բջջային կամ մոլեկուլային մակարդակում: Բժիշկ մասնագետների համար պետք է նշել, որ խախտումները նույնը չեն, ինչ դրանց հիմքում ընկած պաթոլոգիան, այլ այդ պաթոլոգիայի դրսևորումներն են:

28. Խախտումները/խանգարումները բնակչության ընդունված որոշակի նորմերից մարմնի կառուցվածքի և օրգանիզմի ֆունկցիաների բժշկակենսաբանական վիճակի շեղումներ են, իսկ դրանց բաղկացուցիչների սահմանումը կատարվում է նախևառաջ նրանց կողմից, ովքեր համապատասխան որակավորում ունեն ֆիզիկական և հոգեկան (մտավոր) ֆունկցիոնալությունը` ըստ այդ նորմերի գնահատելու համար:

29. Խախտումները (խանգարումները) կարող են լինել անցողիկ կամ մշտական, սաստկացող, մեղմացող կամ կայուն, ընդմիջվող (ինտերմիտացվող, ընդհատվող) կամ շարունակական: Բնակչության նորմից շեղումը կարող է լինել աննշան կամ ծանր աստիճանի և ժամանակի ընթացքում կարող է փոփոխվել: Սույն կետում նշված հատկանիշների մասին նշված է հաջորդիվ նկարագրություններում, մասնավորապես` ծածկագրերը նկարագրելիս, երբ ծածկագրում կետից հետո դրվում է որակիչ:

30. Խախտումները (խանգարումները) պայմանավորված չեն էթիոլոգիայով կամ թե ինչպես են դրանք զարգանում, օրինակ` տեսողության կամ վերջույթի կորուստը կարող է առաջանալ գենետիկ աննորմալությունից կամ վնասվածքից: Այնուամենայնիվ, խախտման (խանգարման) առկայությունը անպայմանորեն ենթադրում է պատճառ, սակայն պատճառը կարող է բավարար չլինել` առաջացած խախտումը (խանգարումը) բացատրելու համար: Բացի դրանից` խախտման (խանգարման) առկայության դեպքում օրգանիզմի ֆունկցիաներում կամ մարմնի կառուցվածքում կա դիսֆունկցիա, բայց դա կարող է պայմանավորված լինել բազմաթիվ հիվանդություններով, խանգարումներով կամ ֆիզիոլոգիական վիճակներով, դրանցից ցանկացածով:

31. Խանգարումները (խախտումները) կարող են լինել առողջական խնդրի մաս կամ արտահայտություն, բայց պարտադիր չէ, որ ցույց տան, որ առկա է հիվանդություն, կամ որ անձին պետք է վերաբերվել ինչպես հիվանդի:

32. Խախտումներն ավելի լայն են և ավելի համապարփակ իրենց շրջանակով, քան խանգարումները կամ հիվանդությունները, օրինակ` ոտքի կորուստը մարմնի կառուցվածքի խախտում է, բայց ոչ խանգարում կամ հիվանդություն:

33. Խախտումները կարող են հանգեցնել այլ խախտումների (խանգարումների), օրինակ` մկանային ուժի պակասը կարող է հանգեցնել հենաշարժական ֆունկցիաների խանգարմանը, շնչառական համակարգի ֆունկցիաների անբավարարությունը կարող է ազդել սրտի ֆունկցիաների վրա, իսկ ընկալման խանգարումը կարող է պայմանավորված լինել մտածողության ֆունկցիաներով:

34. «Օրգանիզմի ֆունկցիաներ և մարմնի կառուցվածք» բաղադրիչի որոշ կատեգորիաներ կարծես թե համընկնում են հիվանդությունների միջազգային դասակարգում-10 կատեգորիաներին (այսուհետ` ՀՄԴ-10), մասնավորապես` ախտանիշների և նշանների առումով: Այնուամենայնիվ, երկու դասակարգումների նպատակները տարբեր են: ՀՄԴ-10-ում ախտանիշները դասակարգված են հատուկ գլուխներով` հիմք ընդունելով հիվանդացությունը կամ ծառայություններից օգտվելը, մինչդեռ ՖՄԴ-ում դրանք ներկայացված են որպես օրգանիզմի ֆունկցիաների մաս, որոնք կարող են օգտագործվել կանխարգելման կամ պացիենտների կարիքները որոշելու նպատակներով: Ամենակարևորն այն է, որ ՖՄԴ-ում «Օրգանիզմի ֆունկցիաներ և մարմնի կառուցվածք» դասակարգումը նախատեսված է կիրառել «Կենսագործունեություն և մասնակցություն» բաղադրիչի կատեգորիաների հետ համատեղ:

35. Խախտումները (խանգարումները) դասակարգված են համապատասխան կատեգորիաներում` օգտագործելով ներկայացված սահմանման չափորոշիչները (օրինակ` ըստ շեմային մակարդակի` առկա կամ բացակայող): Այդ չափորոշիչները օրգանիզմի ֆունկցիաների և մարմնի կառուցվածքի դեպքում նույն են: Դրանք են`

1) կորուստ կամ բացակայություն,

2) իջեցում/անկում,

3) ավելացում կամ գերակատարում,

4) շեղում:

Եթե արդեն իսկ կա խախտում (խանգարում), ապա այն որոշվում է ըստ ծանրության աստիճանի` օգտագործելով ՖՄԴ-ի ընդհանուր որակիչը:

36. Միջավայրային գործոնները և օրգանիզմի ֆունկցիաները փոխկապված են, ինչպես օրինակ` օդի որակը և շնչառությունը, լուսավորությունը և տեսողությունը, ձայնը և լսողությունը, ուշադրությունը շեղող ազդակները և ուշադրության, հատակի կառուցվածքն/հարթությունը և հավասարակշռությունը կամ շրջակա միջավայրի ջերմաստիճանը և մարմնի ջերմաստիճանի կարգավորումը:

 

6. Կենսագործունեությունը և մասնակցությունը (կենսագործունեության սահմանափակումները և մասնակցության սահմանափակումները)

 

37. Սահմանումները

1) Կենսագործունեություն` անհատի կողմից առաջադրանքի կամ գործողության կատարում:

2) Մասնակցություն` կյանքի իրավիճակներում ներգրավվածություն:

3) Կենսագործունեության սահմանափակումներ` դժվարություններ, որոնք անհատն ունենում է գործողություններ կատարելիս:

4) Մասնակցության սահմանափակումներ` խնդիրներ, որոնց անհատը կարող է բախվել կյանքի իրավիճակներում ներգրավվելիս:

38. «Կենսագործունեություն և մասնակցություն» բաղադրիչի ոլորտները ներկայացված են միասնական ցանկում, որով կարգավորվում են կյանքի բոլոր բնագավառները (սովորելու հիմնական կարողությունից կամ դիտելուց մինչև այնպիսի բաղադրյալ ոլորտներ, ինչպեսին միջանձնային շփումը կամ աշխատանքն է): Բաղադրիչը կարող է կիրառվել կա՛մ կենսագործունեության, կա՛մ մասնակցության, կա՛մ երկուսի համար էլ: Այս բաղադրիչի ոլորտները գնահատվում են կատարողականության և կարողության երկու որակիչներով` համաձայն սույն ՖՄԴ-ի հավելված 1-ի 2-րդ աղյուսակի:

39. Կատարողականության որակիչը նկարագրում է, թե ինչպես է անհատը գործում առկա միջավայրում: Քանի որ առկա միջավայրն իր մեջ ներառում է սոցիալական համատեքստը, ապա կատարողականությունը կարող է նաև հասկացվել որպես մարդկանց «ներգրավվածություն կյանքի իրավիճակներում» կամ «կենսափորձ» հենց այն համատեքստում, որում նրանք ապրում են: «Մասնակցություն» տերմինի սահմանումը իր մեջ ներառում է ներգրավվածության գաղափարը: «Ներգրավվածություն» տերմինի վերաբերյալ առաջարկվող որոշ սահմանումներում ներառված են մասնակցությունը, կյանքի բնագավառներում ներգրավված կամ ընդգրկված լինելը, հասարակության կողմից ընդունված լինելը և անհրաժեշտ ռեսուրսներից օգտվելու հասանելիությունը: Սույն ՖՄԴ-ի հավելված 1-ի 2-րդ աղյուսակի տեղեկատվական մատրիցայի շրջանակներում մասնակցության միակ հնարավոր ցուցիչը կատարողականության ծածկագիրն է: Դա չի նշանակում, որ մասնակցությունը մեխանիկորեն հավասարեցվում է կատարողականությանը: Ներգրավվածության գաղափարն անհրաժեշտ է նաև տարբերակել ներգրավվածության սուբյեկտիվ ընկալումից (պատկանելիության զգացումը): Օգտվողները, որոնք ցանկանում են ծածկագրել ներգրավվածությունն առանձին, պետք է օգտվեն սույն ՖՄԴ-ի 6-րդ հավելվածի ծածկագրման ուղեցույցից:

Այս համատեքստում ներառված են միջավայրային գործոնները` ֆիզիկական, սոցիալական միջավայրի և հասարակության վերաբերմունքի բոլոր դրսևորոմները, որոնք կարող են ծածկագրվել ըստ «Միջավայրային գործոններ» բաղադրիչի:

40. Կարողության որակիչը նկարագրում է որևէ առաջադրանք կամ գործողություն կատարելու անհատի ունակությունը: Այս որակիչի նպատակն է ցույց տալ ֆունկցիոնալության հավանական ամենաբարձր մակարդակը, որին անձը կարող է հասնել տվյալ ոլորտում տվյալ պահին: Անհատի ամբողջ ունակությունը գնահատելու համար անհրաժեշտ է ունենալ «տիպայնացված» միջավայր` մարդու ունակությունների վրա տարբեր միջավայրերի տարաբնույթ ազդեցությունը չեզոքացնելու նպատակով: Այդ տիպայնացված միջավայրը կարող է լինել`

1) փաստացի միջավայր, որն ընդհանուր առմամբ օգտագործվում է թեստային պայմաններում կարողությունը գնահատելու համար.

2) եթե դա հնարավոր չէ, ապա պայմանական միջավայր, որը կարող է ընկալվել որպես նույնատիպ ազդեցություն ունեցող: Այդ միջավայրը կարող է կոչվել «նույնատիպ» կամ «տիպային» միջավայր:

Այդպիսով, կարողությունն արտացոլում է անհատի ունակությունը հարմարեցված միջավայրում: Նույնատիպ կամ տիպային միջավայրի առանձնահատկությունները կարելի է ծածկագրել` օգտագործելով «Միջավայրային գործոններ» դասակարգումը: Կարողության և կատարողականության անհամապատասխանությունն արտացոլում է առկա միջավայրի և տիպային միջավայրի ազդեցությունների միջև եղած տարբերությունը և, այդպիսով, ապահովում է օգտակար ուղեցույց այն մասին, թե կատարողականությունը բարձրացնելու նպատակով, անհատի միջավայրում ինչ փոփոխություններ կարելի է անել:

41. Ե՛վ կարողության, և՛ կատարողականության որակիչները կարող են կիրառվել թե՛ օժանդակ սարքերի կամ մարդու օգնության պարագայում, թե՛ առանց դրանց: Չնայած այն հանգամանքին, որ ո՛չ սարքերով և ո՛չ էլ մարդու օգնությամբ խախտումները, խանգարումները չեն վերանում, այնուամենայնիվ, դրանք կարող են նպաստել կոնկրետ ոլորտում ֆունկցիոնալության սահմանափակումների վերացմանը: Ծածկագրման այս տեսակը մասնավորապես արդյունավետ է որոշելու համար, թե ինչքանով է անհատի ֆունկցիոնալությունը սահմանափակ, առանց օժանդակ սարքերի:

42. Այս ոլորտներում դժվարություններ կամ խնդիրներ կարող են առաջանալ այն դեպքերում, երբ անհատի կողմից այս ոլորտների ֆունկցիաներն իրականացնելու ձևի մեջ առկա է որակական կամ քանակական փոփոխություն: Կենսագործունեության և մասնակցության սահմանափակումները գնահատվում են ըստ լայնորեն ընդունված բնակչության նորմի: Նորմը, որի նկատմամբ անհատի կարողությունը կամ կատարողականությունը համեմատվում է, նմանատիպ առողջական խնդիր (հիվանդություն, խանգարում, խախտում կամ վնասվածք և այլն) չունեցող անհատի կարողությունը կամ կատարողականությունն է: Կենսագործունեության սահմանափակումը կամ մասնակցության սահմանափակումը ցույց է տալիս առկա կատարողականության և ակնկալվող կատարողականության միջև անհամապատասխանությունը: Ակնկալվող կատարողականությունը բնակչության այն նորմն է, որն արտացոլում է այդպիսի առողջական խնդիր չունեցող մարդկանց գործունեությունը: Միևնույն նորմն օգտագործվում է նաև կարողության որակիչի դեպքում, որպեսզի հնարավոր լինի հասկանալու, թե կատարողականությունը բարձրացնելու նպատակով անհատի միջավայրում ինչպիսի փոփոխություններ պետք է կատարել:

43. Սոցիալական միջավայրը կարող է ուղղակիորեն հանգեցնել կատարողականության հետ կապված խնդրի առաջացմանը, եթե անգամ անհատը չունի որևէ խանգարում: Օրինակ` ՄԻԱՎ-ով վարակված անձը, որի մոտ չկա որևէ ախտանիշ կամ հիվանդություն, կամ որոշակի հիվանդության գենետիկ նախատրամադրվածություն ունեցող անձի մոտ կարող է որևէ խանգարում չդրսևորվել և, թեև նրանք կարող են ունենալ աշխատելու բավարար կարողություն, մինչդեռ չաշխատեն ծառայությունների հասանելիությունից մերժված լինելու, խտրականության կամ խարանի պատճառներով:

44. Դժվար է տարբերակել «կենսագործունեությունը» «մասնակցություն»-ից` ըստ «Կենսագործունեություն և մասնակցություն» բաղադրիչի ոլորտների: Նույն կերպ, հնարավոր չէ նաև ըստ ոլորտների տարբերակում դնել «անհատական» և «հասարակական» ասպեկտների միջև` պայմանավորված մասնագետների մոտեցումների և տեսական հայեցակարգերի միջև միջազգային փոփոխություններով և տարբերություններով: ՈՒստի, ՖՄԴ-ն ապահովում է միասնական ցանկ, որն օգտվողներն իրենց ցանկությամբ կարող են օգտագործել կենսագործունեության և մասնակցության միջև իրենց սեփական գործառնական եղանակներով տարբերակում դնելու համար:

 

7. Կոնտեքստուալ գործոնները

 

45. Կոնտեքստուալ գործոնները ներկայացնում են անհատի կյանքի և ապրելակերպի վերաբերյալ ամբողջական տվյալները: Դրանք ներառում են երկու բաղադրիչ` «Միջավայրային գործոններ» և «Անձնական գործոններ», որոնք կարող են ազդեցություն ունենալ առողջական խնդիր ունեցող անձի և նրա առողջական վիճակի ու առողջությանն առնչվող վիճակների վրա:

46. Միջավայրային գործոններն այն ֆիզիկական, սոցիալական միջավայրն են, որում մարդիկ ապրում և վարում են իրենց կյանքը, ինչպես նաև այն վերաբերմունքը, որոնք հասարակությունը դրսևորում է մարդկանց նկատմամբ: Այս գործոններն արտաքին են մարդկանց համար և կարող են ունենալ դրական կամ բացասական ազդեցություն անհատի կատարողականության վրա` որպես հասարակության անդամ, գործողություններ կամ առաջադրանքներ կատարելու` անհատի կարողության վրա, կամ նրա օրգանիզմի ֆունկցիաների կամ մարմնի կառուցվածքի վրա:

47. ՖՄԴ-ում կոնտեքստուալ գործոններն այնպես են ներկայացած, որպեսզի երկու տարբեր մակարդակները հստակորեն երևան.

1) անհատական` անհատին անմիջականորեն շրջապատող միջավայրը, այդ թվում` այնպիսի միջավայրեր, ինչպես, օրինակ` տունը, աշխատավայրը և դպրոցը: Այս մակարդակում ներառված են միջավայրի ֆիզիկական և նյութական հատկանիշները, որոնց անհատը բախվում է, ինչպես նաև այլ անձանց, օրինակ` ընտանիքի, ծանոթների, հասակակիցների և անծանոթների հետ ուղղակի կապը.

2) սոցիալական` համայնքում կամ հասարակությունում ֆորմալ և ոչ ֆորմալ սոցիալական կառույցներ, ծառայություններ և գերակա մոտեցումներ կամ համակարգեր, որոնք ազդեցություն ունեն անհատի վրա: Այս մակարդակում ներառված են այնպիսի կազմակերպություններ և ծառայություններ, որոնք կապված են աշխատանքային միջավայրի, համայնքային գործունեության, գերատեսչությունների, կապի և տրանսպորտի ծառայությունների, ոչ ֆորմալ սոցիալական ցանցերի, ինչպես նաև օրենքների, կանոնակարգերի, ֆորմալ և ոչ ֆորմալ կանոնների, դիրքորոշումների ու գաղափարախոսությունների հետ:

48. Միջավայրային գործոնները փոխկապված են «Օրգանիզմի ֆունկցիաներ և մարմնի կառուցվածք» և «Կենսագործունեություն ու մասնակցություն» բաղադրիչների հետ: Յուրաքանչյուր բաղադրիչի համար այդ փոխկապվածության բնույթը և չափը կարող են սահմանվել հետագա գիտական աշխատանքում: Հաշմանդամությունը բնորոշվում է որպես անհատի առողջական խնդրի և անձնական գործոնների միջև բարդ փոխհարաբերության, ինչպես նաև որպես անհատի կյանքի պայմանների վրա ազդող արտաքին գործոնների արդյունք կամ հետևանք: Այս փոխհարաբերության շնորհիվ տվյալ առողջական խնդիրն ունեցող նույն անհատի վրա տարբեր միջավայրեր կարող են ունենալ միանգամայն տարբեր ազդեցություններ: Անհատի կատարողականությունը սահմանափակվում է այն միջավայրում, որում առկա են խոչընդոտներ կամ չկան օժանդակող գործոններ, իսկ մեկ այլ` առավել նպաստավոր միջավայրում այդ նույն կատարողականության մակարդակը կարող է բարձրանալ: Հասարակությունը կարող է խոչընդոտել անհատի կատարողականությունը` կա՛մ խոչընդոտներ ստեղծելով (օրինակ` անմատչելի շինություններ), կա՛մ օժանդակող գործոններ չապահովելով (օրինակ` օժանդակ սարքերի անհասանելիությունը):

Անձնական գործոններն անհատի կյանքի ու ապրելակերպի ընդհանուր տեղեկություններն են և ընդգրկում են անհատի այն հատկանիշները, որոնք չեն համարվում առողջական խնդրի կամ առողջական վիճակների մաս: Այս գործոնները կարող են ներառել սեռը, ռասան, տարիքը, մյուս առողջական խնդիրները, մարզավիճակը, ապրելակերպը, սովորությունները, դաստիարակությունը, հարմարվողականության մեխանիզմները, սոցիալական ծագումը, կրթությունը, մասնագիտությունը, անցյալ և ներկա փորձը (անցյալում տեղի ունեցած իրադարձություններ և ներկայում տեղի ունեցող իրադարձություններ), ընդհանուր վարքագիծը և բնավորության տիպը, անհատական հոգեբանական որակները և այլ հատկանիշներ, որոնք բոլորը կամ դրանցից յուրաքանչյուրն առանձին կարող է ազդեցություն ունենալ ցանկացած աստիճանի հաշմանդամության դեպքում: Անձնական գործոնները ՖՄԴ-ում դասակարգված չեն: Այնուամենայնիվ, տարաբնույթ միջամտությունների արդյունքի վրա դրանց հավանական ազդեցությունը ցույց տալու նպատակով դրանք ներառված են 1-ին պատկերում:

 

8. Ֆունկցիոնալության և հաշմանդամության մոդելը

 

Ֆունկցիոնալության և հաշմանդամության գործընթացը

49. Որպես դասակարգում` ՖՄԴ-ում ֆունկցիոնալության և հաշմանդամության գործընթացը ներկայացված չէ: Այնուամենայնիվ, այն կարելի է օգտագործել գործընթացը նկարագրելու նպատակով` ապահովելով միջոցներ տարբեր կառույցները և ոլորտներն առանձնացնելու համար: Այն բազմակողմ մոտեցում է ապահովում ֆունկցիոնալության և հաշմանդամության դասակարգման վերաբերյալ` որպես ինտերակտիվ և զարգացող գործընթաց: Այն կառուցատարրեր է ապահովում այն օգտվողների համար, որոնք ցանկանում են ստեղծել մոդելներ և ուսումնասիրել այս գործընթացի տարբեր ասպեկտները: Այս իմաստով ՖՄԴ-ը կարելի է դիտարկել որպես միասնական լեզու` տեքստերը, որոնք կազմվում են դրա օգնությամբ, կախված են օգտվողներից, իրենց ստեղծագործական կարողություններից և գիտական ուղղվածությունից:

50. Սույն ՖՄԴ-ի հավելված 2-ի Նկար 1-ում ներկայացված սխեման կարող է օգտակար լինել տարբեր բաղադրիչների միջև փոխկապակցվածության վերաբերյալ առկա գիտելիքները տեսանելի դարձնելու նպատակով:

51. Սույն ՖՄԴ-ի հավելված 2-ի Նկար 1-ի սխեմայով անհատի ֆունկցիոնալությունը կոնկրետ ոլորտում ներկայացված է որպես առողջական խնդրի և կոնտեքստուալ գործոնների (օրինակ` միջավայրային և անձնական գործոններ) միջև փոխազդեցություն կամ համալիր հարաբերություն: Այդ միավորների միջև առկա է դինամիկ փոխազդեցություն. մեկ միավորում միջամտություններ կատարելով` հնարավոր է փոփոխել մեկ կամ ավելի այլ միավորներ: Յուրաքանչյուր փոխազդեցություն իր բնույթով կոնկրետ է, և միշտ չէ, որ գործում է մեկը մեկի հարաբերության սկզբունքը: Փոխազդեցությունը երկկողմանի է. հաշմանդամության առկայությունը կարող է նույնիսկ փոփոխել առողջական խնդրի բնույթը: Այն, որ մեկ կամ ավելի խախտումները/խանգարումները կարող են հանգեցնել կարողության սահմանափակման, կամ մեկ կամ ավելի սահմանափակումները` կատարողականության սահմանափակման, հաճախ կարող է տրամաբանական թվալ: Այնուամենայնիվ, կարևոր է այդ կառույցների վերաբերյալ տվյալներ հավաքել առանձին-առանձին, որից հետո ուսումնասիրել դրանց զուգորդությունները և դրանց միջև առկա պատճառահետևանքային կապերը: Հիվանդության ամբողջական պատմությունը ներկայացնելու անհրաժեշտության դեպքում բոլոր բաղադրիչները կարևոր են: Օրինակ, անձը կարող է ունենալ`

1) խանգարումներ առանց կարողության սահմանափակումների (օրինակ` բորոտության դեպքում մաշկային խնդիրը կարող է որևէ ազդեցություն չունենալ անձի կարողության վրա).

2) կատարողականության խնդիրներ և կարողության սահմանափակումներ առանց ակնհայտ խախտումների (խանգարումների) (օրինակ` ցածր կատարողականությունը ամենօրյա գործունեության ընթացքում կարող է պայմանավորված լինել շատ հիվանդություններով).

3) կատարողականության խնդիրներ առանց խախտումների (խանգարումների) կամ առանց կարողության սահմանափակումների (օրինակ` ՄԻԱՎ-ով վարակված անհատը կամ հոգեկան հիվանդությունից ապաքինված նախկին հիվանդը միջանձնային հարաբերություններում կամ աշխատանքում խարանի կամ խտրականության բախվելիս).

4) կարողության սահմանափակումներ օգնության բացակայության դեպքում, իսկ տվյալ միջավայրում կատարողականության որևէ խնդիր չունենալ (օրինակ` այն անհատին, որն ունի տեղաշարժվելու սահմանափակումներ, հասարակությունը կարող է տեղաշարժվելու համար ապահովել օժանդակ տեխնիկայով).

Որևէ երևույթի ազդեցությամբ անձի մոտ կարող են դիտվել այլ բնույթի փոփոխություններ (օրինակ` վերջույթները չօգտագործելը կարող է հանգեցնել մկանային հետաճի, ինստիտուցիոնալիզացումը (փակ հիմնարկում տեղավորելը) կարող է հանգեցնել սոցիալական հմտությունների կորստի):

52. Կոնտեքստուալ գործոնների (օրինակ` միջավայրային և անձնական գործոններ) դերը գործընթացում ներկայացված է 1-ին նկարում պատկերված սխեմայում: Այս գործոնները ներգործում են առողջական խնդիր ունեցող անհատի վրա, և դրանց ազդեցությամբ որոշվում է անհատի ֆունկցիոնալության մակարդակն ու չափը: Միջավայրային գործոնները անհատի նկատմամբ արտաքին են (օրինակ` հասարակության վերաբերմունքը, ճարտարապետական հատկանիշները, իրավական համակարգը) և դասակարգված են «Միջավայրային գործոններ» դասակարգման մեջ: Մյուս կողմից, ՖՄԴ-ի այս տարբերակում «Անձնական գործոններ» բաղադրիչը դասակարգված չէ: Վերջինս ներառում է սեռի, ռասայի, տարիքի, մարզավիճակի, ապրելակերպի, սովորությունների, ոճի կրկնօրինակման և նմանատիպ այլ գործոններ: Անհրաժեշտության դեպքում դրանց գնահատումը թողնված է օգտագործողի հայեցողությանը:

 

9. Բժշկական և սոցիալական մոդելները

 

53. Բազմաթիվ բովանդակային մոդելներ են առաջարկվել հաշմանդամությունը և ֆունկցիոնալությունը հասկանալու և բացատրելու նպատակով:

Դրանք կարող են արտահայտված լինել «բժշկական մոդել» թե «սոցիալական մոդել» տրամախոսությամբ (դիալեկտիկայով): Բժշկական մոդելը հաշմանդամությունը ներկայացնում է` որպես անձի խնդիր, որն ուղղակիորեն պայմանավորված է հիվանդությամբ, տրավմայով կամ այլ առողջական խնդրով, որը պահանջում է բժշկական խնամք, որն էլ մասնագետների կողմից տրամադրվում է անհատական բուժման ձևով: Հաշմանդամության կառավարումն ուղղված է բուժմանը կամ անհատի հարմարեցմանը և վարքի փոփոխությանը: Բժշկական խնամքը համարվում է հիմնական խնդիր, և քաղաքական մակարդակում առաջնային արձագանքը առողջական խնամքի քաղաքականությունը փոփոխելը կամ բարեփոխումներ կատարելն է: Մյուս կողմից` հաշմանդամության սոցիալական մոդելը խնդիրը դիտարկում է մեծ մասամբ որպես սոցիալական հանգամանքներով պայմանավորված խնդիր և, ըստ էության, որպես անհատների` հասարակության մեջ ամբողջովին ինտեգրվելու խնդիր: Հաշմանդամությունը անհատի հատկանիշ չէ, այլ վիճակների համալիր խումբ, և դրանցից շատերը պայմանավորված են սոցիալական միջավայրով: Այսպիսով, խնդրի կառավարումը պահանջում է սոցիալական բնույթի գործողություններ և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական կյանքի բոլոր բնագավառներում լիարժեք մասնակցության համար միջավայրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելը, ընդհանուր առմամբ, հասարակության հավաքական պարտավորությունն է: Հետևապես, խնդիրը պայմանավորված է դիրքորոշումներով կամ կրում է գաղափարական բնույթ: Այս դեպքում անհրաժեշտ է կատարել սոցիալական բնույթի փոփոխություն, որն էլ քաղաքական մակարդակում դիտարկվում է որպես մարդու իրավունքների խնդիր: Այս մոդելի համար հաշմանդամությունը քաղաքական հարց է:

54. ՖՄԴ-ն հիմնված է այս երկու հակադիր մոդելների միասնության վրա: Ֆունկցիոնալության տարբեր ասպեկտների միասնականությունը ներկայացնելու նպատակով օգտագործվում է «կենսահոգեբանական» մոտեցում: Այսպիսով, ՖՄԴ-ը փորձում է հասնել սինթեզի, որպեսզի առողջության տարբեր ասպեկտների վերաբերյալ ապահովի կենսաբանական, անհատական և սոցիալական տեսանկյունից համակցված մոտեցում:

 

10. ՖՄԴ-ի գործնական օգտագործման նկարագրությունը

 

55. ՖՄԴ-ն մարդու ֆունկցիոնալության և հաշմանդամության դասակարգում է, որում համակարգված կերպով դասակարգված են առողջական և առողջությանն առնչվող ոլորտները: Յուրաքանչյուր բաղադրիչի շրջանակում ոլորտներն այնուհետ խմբավորված են` ըստ իրենց ընդհանուր հատկանիշների (ինչպիսիք դրանց ծագումը, տեսակը կամ նմանությունն է) և դասակարգված են իմաստային հաջորդականությամբ: Դասակարգման կառուցվածքը որոշելիս հաշվի են առնվել մի շարք սկզբունքներ: Այս սկզբունքները վերաբերում են մակարդակների փոխկապակցվածությանը և դասակարգման հիերարխիային (մակարդակների խմբերին): Այնուամենայնիվ, որոշ կատեգորիաներ ՖՄԴ-ում միմյանց նկատմամբ ստորակարգված չեն, այլ մեկ ճյուղի հավասարազոր անդամներ են:

56. Ստորև ներկայացված են դասակարգման կառուցվածքային առանձնահատկությունները, որոնք ազդեցությունն ունեն դրա օգտագործման վրա.

1) ՖՄԴ-ն տալիս է առողջությանը և առողջությանն առնչվող ոլորտների ստանդարտ գործածելի սահմանումներ` ի հակադրություն մասնագիտական լեզվով և/կամ տերմիններով տրվող սահմանումների: Այս սահմանումներում ներկայացված են յուրաքանչյուր ոլորտի գլխավոր առանձնահատկությունները, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, թե յուրաքանչյուր ոլորտում ինչն է ներառված, և թե ինչ բացառություններ կան: Սահմանումներում առկա են գնահատման համար լայնորեն կիրառելի առանցքային կետեր, որոնք հնարավոր կլինի վերածել անկետաների: Եվ հակառակը` գնահատման առկա գործիքների միջոցով ստացված արդյունքները հնարավոր է ծածկագրել ՖՄԴ-ի տերմիններով: Օրինակ` «տեսողության ֆունկցիաները» սահմանվում են տարբեր հեռավորություններից, մեկ կամ երկու աչքը օգտագործելով, պատկերների ձևի և ուրվագծի ընկալման ֆունկցիաների միջոցով: Սա կատարվում է այնպես, որ այս պարամետրերի հիման վրա տեսողական խնդիրները հնարավոր լինի, ըստ ծանրության աստիճանի, ծածկագրել թեթև, միջին, ծանր աստիճանի կամ որպես խորը խնդիր:

2) ՖՄԴ-ում օգտագործվում է տառաթվային համակարգ, որում «b», «s», «d» և «e» տառերը համապատասխանաբար օգտագործվում են «Օրգանիզմի ֆունկցիաներ», «Մարմնի կառուցվածք», «Կենսագործունեություն և մասնակցություն», «Միջավայրային գործոններ» բաղադրիչների համար: Այս տառերի կողքին դրվում է թվային ծածկագիր, որի առաջին նիշը գլխի համարն է, դրան հաջորդող երկու նիշը ցույց է տալիս երկրորդ մակարդակը, իսկ դրան հաջորդող մեկական նիշը` երրորդ և չորրորդ մակարդակները:

3) ՖՄԴ-ի կատեգորիաները «հյուսված» են այնպես, որ ավելի լայն կատեգորիաները սահմանվում են մայր կատեգորիայի` դրանց մեջ ներառված ավելի մանրամասն ենթակատեգորիաների միջոցով: Օրինակ` «Կենսագործություն և մասնակցություն» բաղադրիչի` «Շարժունակությունը» վերնագիրը կրող 4-րդ գլխում կան առանձին կատեգորիաներ` կանգնելու, նստելու, քայլելու, առարկաներ տանելու և այլնի վերաբերյալ: Կրճատ (հակիրճ) տարբերակով կարգավորվում է երկու մակարդակը, իսկ ամբողջական (մանրամասն) տարբերակով` չորս մակարդակը: Կրճատ տարբերակի և ամբողջական տարբերակի ծածկագրերը համապատասխանեցված են, և ամբողջական տարբերակից հնարավոր է կրճատ տարբերակը ստանալ:

4) Միևնույն անհատը յուրաքանչյուր մակարդակում կարող է ունենալ մի շարք ծածկագրեր: Դրանք կարող են կա՛մ միմյանց հետ կապված լինել, կա՛մ անկախ:

5) ՖՄԴ-ի ծածկագրերն ամբողջական են միայն որակիչի առկայությամբ, որը ցույց է տալիս առողջական խնդրի չափը (օրինակ` խնդրի ծանրության աստիճանը): Որակիչները ծածկագրված են կետից (կամ բաժանարարից) հետո մեկ, երկու կամ ավելի թվերի միջոցով: Յուրաքանչյուր ծածկագրի պետք է կցվի առնվազն մեկ որակիչ: Առանց որակիչների ծածկագրերը որևէ ներհատուկ իմաստ չունեն:

6) «Օրգանիզմի ֆունկցիաներ և մարմնի կառուցվածք» բաղադրիչի առաջին որակիչը, «Կենսագործություն և մասնակցություն» բաղադրիչի կատարողականության և կարողության որակիչներն ու «Միջավայրային գործոններ» բաղադրիչի առաջին որակիչը բոլորն էլ նկարագրում են համապատասխան բաղադրիչում խնդրի չափը:

7) ՖՄԴ-ում դասակարգված բոլոր երեք բաղադրիչների («Օրգանիզմի ֆունկցիաներ և մարմնի կառուցվածք», «Կենսագործություն և մասնակցություն» ու «Միջավայրային գործոններ») քանակական որոշման համար օգտագործվում է միևնույն ընդհանուր սանդղակը: Խնդիր ունենալը կարող է նշանակել խախտում, խանգարում, կենսագործունեության սահմանափակում, մասնակցության սահմանափակում կամ խոչընդոտող գործոն` կախված կառույցից: Ըստ դասակարգման համապատասխան ոլորտի` անհրաժեշտ է ընտրել համապատասխան որակավորող բառեր, ինչպես ներկայացված է ստորև բերված փակագծերում (որտեղ «xxx»-ը ցույց է տալիս երկրորդ մակարդակի ոլորտի համարը): Քանակական չափման այս համակարգի միասնական կիրառությունն ապահովելու համար անհրաժեշտ է հետազոտությունների միջոցով մշակել գնահատման ընթացակարգեր: Տոկոսային մեծ միջակայքեր են նախատեսվում այն դեպքերի համար, երբ խախտման, կարողության սահմանափակման, կատարողության խնդրի կամ խոչընդոտող գործոնի չափը քանակապես որոշելու համար առկա են գնահատման աստիճանավորված գործիքներ կամ այլ չափորոշիչներ: Օրինակ` «խնդիր չկա» կամ «խորը խնդիր» սահմանելիս ծածկագրման մեջ սխալվելու շեմը մինչև 5% է: «Միջին աստիճանի խնդիրը» սահմանվում է որպես բացարձակ խնդրի համար նախատեսված տևողության կամ տիրույթի մինչև կեսի չափով: Տոկոսային արժեքները պետք է աստիճանավորվեն տարբեր ոլորտներում` հաշվի առնելով համապատասխան բնակչության նորմերը` որպես պրոցենտիլներ:

 

    ա. xxx.0 խնդիր ՉԿԱ (առկա չէ, բացակայում է, նկատելի չէ,...)     0-4%

    բ. xxx.1 ԹԵԹԵՎ աստիճանի խնդիր (աննշան, ցածր,...)              5-24%

    գ. xxx.2 ՄԻՋԻՆ աստիճանի խնդիր (չափավոր, տանելի,...)          25-49%

    դ. xxx.3 ԾԱՆՐ աստիճանի խնդիր (խիստ, արտահայտված,...)         50-95%

ե. xxx.4 ԽՈՐԸ խնդիր (բացարձակ,...) 96-100 %

զ. xxx.8 ճշտված չէ

է. xxx.9 կիրառելի չէ

8) Միջավայրային գործոնների դեպքում առաջին որակիչն օգտագործվում է կա՛մ միջավայրի դրական ազդեցության, այսինքն` օժանդակող գործոնների չափը ցույց տալու, կա՛մ բացասական ազդեցության, այսինքն` խոչընդոտող գործոնների չափը ցույց տալու համար: Երկուսի դեպքում էլ օգտագործվում է միևնույն 0-4 սանդղակը, բայց օժանդակող գործոնների դեպքում կետի փոխարեն դրվում է պլյուս նշանը, օրինակ` «e110+2»: Միջավայրային գործոնները կարելի է ծածկագրել` ա) յուրաքանչյուր կառույցի առնչությամբ առանձին-առանձին կամ բ) ընդհանուր` հղում չկատարելով որևէ առանձին կառույցի: Նախընտրելի է առաջին տարբերակը, քանի որ այն ավելի հստակ է ցույց տալիս ազդեցությունը կամ որակիչի վերագրումը:

9) Օգտվողներն անհրաժեշտության դեպքում, կամ եթե դա կարող է նրանց օգնել, յուրաքանչյուր միավորի ծածկագրին կարող են այլ տեղեկություններ ավելացնել: Կան բազմաթիվ լրացուցիչ որակիչներ, որոնք կարող են օգտակար լինել: Սույն ՖՄԴ-ի հավելված 1-ի 3-րդ աղյուսակում ներկայացված են յուրաքանչյուր բաղադրիչի որակիչների վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև առաջարկվող լրացուցիչ որակիչներ, որոնք ենթակա են մշակման:

10) Առողջական ոլորտների և առողջությանն առնչվող ոլորտների նկարագրությունները վերաբերում են տվյալ պահին դրանց օգտագործմանը (այսինքն` կարճ ամփոփման ձևով): Այնուամենայնիվ, ժամանակի և գործողության ընթացքում դրանց հետագիծը նկարագրելու նպատակով հնարավոր է նաև դրանք օգտագործել տարբեր ժամանակային պահերի:

11) ՖՄԴ-ում, անձի առողջական և առողջությանն առնչվող վիճակներին տրվում են մի շարք ծածկագրեր, որոնք ընդգրկում են դասակարգման երկու մասերը: Այսպիսով, յուրաքանչյուր անձի համար միանիշ մակարդակում ծածկագրերի հնարավոր առավելագույն թիվը 34-ն է (օրգանիզմի ֆունկցիաների` 8, մարմնի կառուցվածքի` 8, կատարողականության` 9 և կարողության` 9 ծածկագիր): Նույն կերպ երկմակարդակ միավորների համար ծածկագրերի ընդհանուր թիվը 362-ն է: Առավել մանրամասն մակարդակներում այդ ծածկագրերի թիվը հասնում է մինչև 1424 միավորի: ՖՄԴ-ն իրական կյանքում կիրառելիս` 3-18 ծածկագրերից կազմված խումբը կարող է բավարար լինել` դեպքը երկմակարդակ (եռանիշ) ճշգրտությամբ նկարագրելու համար: Առավել մանրամասն չորս մակարդակից բաղկացած տարբերակը հիմնականում նախատեսված է մասնագիտական ծառայությունների համար (օրինակ` վերականգնման արդյունքներ, ծերունաբանություն), մինչդեռ երկմակարդակ դասակարգումը կարող է օգտագործվել հարցումներ անցկացնելու և հիվանդությունների ելքերը գնահատելու նպատակով:

Ծածկագրման մանրամասն ուղեցույցը ներկայացված է 6-րդ հավելվածում: Օգտվողներին խորհուրդ է տրվում դասակարգումն օգտագործելու վերաբերյալ վերապատրաստում անցնել ԱՀԿ-ի և դրա համագործակցության կենտրոնների ցանցի օգնությամբ:

 

Հավելված 1

 

Աղյուսակ 1. ՖՄԴի ընդհանուր նկարագիր

 

._____________________________________________________________________.

|             |Մաս 1 Ֆունկցիոնալություն և |Մաս 2 Կոնտեքստուալ         |

|             |      հաշմանդամություն     |       գործոններ           |

|_____________|___________________________|___________________________|

|1. Բաղադ-    |Օրգանիզմի    |Կենսագործու- |Միջավայրային |Անձնական     |

|րիչներ       |ֆունկցիաներ  |նեություն և  |գործոններ    |գործոններ    |

|             |և  մարմնի    |մասնակցու-   |             |             |

|             |կառուցվածք   |թյուն        |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|2. Ոլորտներ  |Օրգանիզմի    |Կյանքի       |Ֆունկցիոնա-  |Ֆունկցիոնա-  |

|             |ֆունկցիաները |բնագավառները |լության և    |լության և    |

|             |Մարմնի       |(առաջադրանք- |հաշմանդամու- |հաշմանդամու- |

|             |կառուցվածք   |ներ, գործո-  |թյան վրա     |թյան վրա     |

|             |             |ղություններ) |արտաքին      |ներքին       |

|             |             |             |գործոնների   |գործոնների   |

|             |             |             |ազդեցությունը|ազդեցությունը|

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|3. Կառույցներ|Օրգանիզմի    |Կարողություն`|Ֆիզիկական,   |Անձի         |

|             |ֆունկցիաների |առաջադրանքներ|սոցիալական   |առանձնահատ-  |

|             |փոփոխություն-|կատարելը     |միջավայրի և  |կությունների |

|             |ներ (ֆիզիոլո-|տիպային      |հասարակության|ազդեցությունը|

|             |գիական)      |միջավայրում  |դիրքորոշում- |             |

|             |             |             |ների         |             |

|             |Մարմնի մասերի|Կատարողակա-  |օժանդակող    |             |

|             |փոփոխություն-|նություն`    |կամ          |             |

|             |ներ          |առաջադրանքներ|խոչընդոտող   |             |

|             |(անատոմիական)|կատարելը առկա|ազդեցությունը|             |

|             |             |միջավայրում  |             |             |

|_____________|_____________|_____________|_____________|_____________|

|4. Դրական    |Ֆունկցիոնալ  |Կենսագործու- |Օժանդակող    |Կիրառելի չէ  |

|կողմ         |և  կառուցված-|նեություն    |գործոններ    |             |

|             |քային ամբող- |Մասնակցու-   |             |             |

|             |ջականություն |թյուն        |             |             |

|             |___________________________|             |             |

|             |Ֆունկցիոնալություն         |             |             |

|_____________|___________________________|_____________|_____________|

|5. Բացասական |Խախտումներ,  |Կենսագործու- |Խոչընդոտող   |Կիրառելի չէ  |

|կողմը        |խանգարումներ |նեության     |գործոններ    |             |

|             |             |սահմանափակում|(արգելքներ)  |             |

|             |             |Մասնակցության|             |             |

|             |             |սահմանափակում|             |             |

|             |___________________________|             |             |

|             |Հաշմանդամություն           |             |             |

._____________________________________________________________________.

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
19.12.2014
N 1139-Ն
Հրաման