040.1013.250914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2014 թվականի N 1013-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 654-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում`
ա. 2-րդ ենթակետը «միջոցառումների» բառից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` նախարարության իրավասությանը վերապահված բնագավառներին վերաբերող բաժինների.» բառերով,
բ. 7-րդ և 18-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
գ. 23-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` նախարարության աշխատողների ընտրության գործընթացի կազմակերպում, կադրերի վերապատրաստման աշխատանքների իրականացում.»,
դ. 24-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործման ու պահպանության պետական ծրագրերի, հայեցակարգերի մշակումն ու իրականացումը.»,
ե. 25-րդ և 27-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,
զ. կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 31-րդ ենթակետով.
«31) նախարարության աշխատակազմի ստորաբաժանումների, ինչպես նաև նախարարության ենթակայության կազմակերպությունների աուդիտորական ուսումնասիրության անցկացում, հայտնաբերված թերությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և թերությունների վերացման նկատմամբ մոնիթորինգ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ