111.0908.040214
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 02 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11114044
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
17 դեկտեմբերի 2013 թվականի N 908-Ն
i
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գրադարանների և գրադարանային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել գրադարանային տեղեկատվական շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ մշակույթի նախարարի
2013 թվականի դեկտեմբերի 17-ի
N 908-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են գրադարանային տեղեկատվական շտեմարանի ստեղծման, շտեմարանում գրադարանների հավաքածուների ընդգրկման և շտեմարանի համակարգման հետ կապված հարաբերությունները:
2. Գրադարանային տեղեկատվական շտեմարանի ստեղծման հիմնական նպատակը գրադարանային հավաքածուների կազմի և քանակի վերաբերյալ համակարգված տեղեկույթի տրամադրումն է օգտվողներին:
3. Սույն կարգում օգտագործված հիմնական հասկացությունները`
1) Տեղակայման վայր` գրադարանային փաստաթղթի մշտական պահպանության հանձնված վայր.
2) Դասիչ` նիշերի համակարգ` նախատեսված գրադարանային փաստաթղթի կոդավորման, դասակարգման և կազմակերպման համար.
3) Հաշվառանիշ` գրադարանային փաստաթղթի` գլխավոր մատյանում գրանցման հաշվառման համար.
4) Սպասարկող կայան` էլեկտրոնային հաշվիչ մեքենա, որի վրա տեղակայվում են շտեմարանները և որը համապատասխան ծրագրատեխնիկական միջոցների օգնությամբ ցանցային ծառայություններ է տրամադրում մասնակից գրադարաններին և օգտվողներին.
5) Տաք ռեզերվ` սպասարկող կայանների տեխնիկական փոխհամագործակցության համակարգ, որում ռեզերվ կայանը հանդիսանում է հիմնականի հայելային պատճենը և դրա շարքից դուրս գալու պարագայում ավտոմատ իր վրա է վերցնում համակարգի կառավարումը.
6) Գրադարանի տեղեկատվական շտեմարան (այսուհետ` շտեմարան)` տրամաբանորեն իրար հետ կապված տեղեկատու և մատենագիտական տվյալների ամբողջություն է, որը ծառայում է հաշվողական տեխնիկայի կիրառմամբ գրադարանից օգտվողների տեղեկատվական պահանջմունքների բավարարմանը:
II. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ
4. Շտեմարանի ստեղծման աշխատանքներին կարող է մասնակցել յուրաքանչյուր գրադարան` անկախ սեփականության ձևից:
5. Շտեմարանի կազմման գործում ընդգրկված գրադարանները պետք է միացված լինեն տվյալների հաղորդման լայնաշերտ արագագործ ցանցին:
6. Շտեմարանի ստեղծման աշխատանքները կազմակերպում և համակարգում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
7. Շտեմարանի կազմմանը մասնակցող յուրաքանչյուր գրադարան գրադարանային փաստաթղթի կազմի վերջին էջում փակցնում է նրբաթելային (շտրիխ կոդ) հաշվառանիշ, որը կազմված է 9 նիշից: Առաջին երկու նիշը գրադարանի կոդն է, հաջորդ 7 նիշը` փաստաթղթի հաշվառանիշը:
8. Գրադարանների կոդերը տրամադրում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և այդ կոդերը տարբեր գրադարանների համար նույնը չեն կարող լինել:
9. Յուրաքանչյուր մասնակից գրադարան մինչ գրառում ստեղծելը պետք է ստուգի իր նկարագրած գրադարանային փաստաթղթի առկայությունը տեղեկատվական շտեմարանում: Եթե փաստաթուղթը առկա է, ապա գրադարանը ավելացնում է հաշվառանիշը, տեղակայման վայրը, դասիչ(ներ)ը: Եթե փաստաթուղթը առկա չէ, ապա գրադարանը իրականացնում է դրա մատենագիտական նկարագրությունը, այնուհետև ավելացնում է հաշվառանիշը, տեղակայման վայրը, դասիչ(ներ)ը:
10. Շտեմարանում գրադարանային փաստաթուղթը մուտքագրվում, նկարագրվում և որոնվում է ըստ բնօրինակի լեզվի:
11. Շտեմարանն ապահովում է գրադարանային փաստաթղթի մուտքագրումը և որոնումը, ինչպես գրադարանում, այնպես էլ առցանց:
III. ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
12. Շտեմարանը գործում է շուրջօրյա` ապահովելով պահպանվող տեղեկույթի ապահովությունն ու օգտվողների հետ անխափան կապը:
13. Շտեմարանն օգտվողներին տրամադրվում է ազատ դիտման կարգավիճակով:
14. Շտեմարանի անխափան շահագործումը ապահովում է «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
15. Շտեմարանը տեղակայված է երկու սպասարկող կայանների վրա, որոնցից առաջինը (հիմնական կայանը) ծառայում է ժամանակի իրական մասշտաբում օգտվողների հարցումների սպասարկմանը, իսկ երկրորդը գործում է «տաք ռեզերվի» վիճակում և հանդիսանում է առաջին կայանի հայելային պատճենը: