---.0599.261213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 12 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
10 հոկտեմբերի 2013 թվականի N 599-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԼԱՐԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել տուլարեմիա հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2013 թվականի հոկտեմբերի 10-ի
N 599-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՈՒԼԱՐԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում տուլարեմիա հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների իրականացման գործառույթների մեջ ընդգրկված պետական և տարածքային մարմինների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի համար:
2. Տուլարեմիան` վարակիչ, բնաօջախային զոոնոզ հիվանդություն է, որը ընթանում է ինտոքսիկացիայով, տենդով, գլխացավով, թուլությամբ և ավշային հանգույցների ու նրանց շրջակա հյուսվածքների ախտահարմամբ: Տուլարեմիայի գաղտնի շրջանը 3-7 օր է: Հիվանդությունը սովորաբար տևում է 2-3 շաբաթ (երբեմն ավելի երկար), հազվագյուտ դեպքերում կարող է տալ ռեցիդիվ:
3. Ըստ առաջնային ախտահարման տարբերում են տուլարեմիայի խոցաբուբոնային (ավշային հանգույցների բորբոքում), բուբոնային, անգինոզաբուբոնային, աչքաբուբոնային, որովայնային և կրծքային (թոքային) կլինիկական ձևերը:
4. Տուլարեմիայի հարուցիչը ֆրանցիսելա տուլարենսիս մակկոյ եթ չապին, 1912 (francisella tularensis mccoy et chapin, 1912) կոկոբակտերիան է, որը դիմացկուն է ցածր ջերմաստիճանի, սակայն զգայուն է տարբեր ֆիզիկական (արևի, ուլտրամանուշակագույն ճառագայթներ, իոնացնող ռադիացիա, բարձր ջերմաստիճան) և քիմիական ազդեցությունների նկատմամբ:
5. Տուլարեմիայի բակտերիաներ պարունակող նյութերը ախտահանում են լիզոլի 5% լուծույթով կամ լիզոլ Ա (A)-ի, լիզոլ Բ (B)-ի 10% լուծույթով, ֆենոլի 3-5% լուծույթով, սուլեմայի 1:1000 լուծույթով (ոչնչացնում է բակտերիաներին 2-5 րոպեի ընթացքում), ֆորմալինի 1-2% լուծույթով (ոչնչացնում է 2 ժամվա ընթացքում), 70% էթիլ սպիրտով, Բ (Բ) կամ ԽԲ (ԽԲ) քլորամինի 5% լուծույթով: Վարակված կենդանիների դիակների լիակատար ախտազերծման համար առնվազն 1 օր պահում են ախտահանիչ լուծույթում, այնուհետև ավտոկլավի պայմաններում և այրում:
II. ՏՈՒԼԱՐԵՄԻԱՅԻ ԲՆԱԿԱՆ ՕՋԱԽՆԵՐԻ ԿՐՃԱՏՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
6. Տուլարեմիայի ակտիվ բնական օջախներ են այն օջախները, որտեղ հաճախ արձանագրում են մարդկանց հիվանդության դեպքեր և տուլարեմիայի հարուցչի կուլտուրա են անջատում կրծողներից, հոդվածոտանիներից, արտաքին միջավայրի օբյեկտներից կամ պարբերաբար հայտնաբերում են տուլարեմային հակածին թռչնախպում: Տուլարեմիայի քիչ ակտիվ են համարվում այն օջախները, որտեղ չեն արձանագրվում տուլարեմիայով մարդկանց հիվանդացության դեպքեր, այլ արտաքին միջավայրի օբյեկտներում հայտնաբերվում են հարուցիչը կամ տուլարեմային հակածինը:
7. Տուլարեմիայի բնական օջախների համաճարակային հետազոտությունը ներառում է դաշտային նյութի հավաքումը, հավաքված նյութի լաբորատոր հետազոտությունը, ստացված տվյալների վերլուծությունը և հակահամաճարակային միջոցառումների մշակումը: Համաճարակային հետազոտության դեպքում կիրառվում են ինչպես ընդհանուր զոոլոգո-պարազիտոլոգիական, այնպես էլ սպեցիֆիկ` տուլարեմիայի համաճարակների ակտիվ որոնմանն ուղղված մեթոդներ:
8. Համաճարակների որոնումը իրականացվում է առաջին հերթին այն շրջաններում, որտեղ նախկինում արձանագրվել են հիվանդության բռնկումներ, տուլարեմիայի սպորադիկ դեպքեր կամ առանձնացվել է տուլարեմիայի հարուցչի կուլտուրան:
9. Ըստ զգայունակության բոլոր կաթնասունները տուլարեմիայի առումով բաժանվում են երեք խմբի`
1) բարձր ընկալունակ և բարձր զգայունակ կաթնասուններ (կրծողներ, նապաստականմաններ, միջատակերեր).
2) բարձր ընկալունակ, բայց ցածր զգայունակ կաթնասուններ (դաշտամուկ, առնետների բոլոր տեսակները, սկյուռներ, ոզնիներ, կուղբեր և կաթնասունների այլ տեսակներ).
3) քիչ ընկալունակ և գործնականորեն ոչ զգայունակ կաթնասուններ (գիշատիչներ և գյուղատնտեսական կենդանիների մեծամասնությունը):
10. Համաճարակային հետազոտության դեպքում առաջին հերթին հետազոտում են 1-ին խմբի, այնուհետև 2-րդ և 3-րդ խմբերի կենդանիներին: Դաշտերում և այլ տարածքներում իրականացնում են 1-ին խմբի փոքր կաթնասունների (փոքր մկնանման կրծողներ և նապաստակներ) որս և դիակների որոնման աշխատանքներ: Համաճարակաբանական հետազոտության շրջանակներում բակտերիոլոգիական հետազոտության են ենթարկում իքսոդային տզերին, արյունածուծ երկթևանիներին (մասսայական թռիչքի շրջանում) և ջրի նմուշները, որոնք բերվել են տարբեր ջրի պաշարներից:
11. Տուլարեմային համաճարակների հայտնաբերման արդյունավետ եղանակ է համարվում տուլարեմիային հակածնի հայտնաբերման նպատակով թռչունների բխկոցի և գիշատիչ կաթնասունների կղկղանքի հետազոտությունը: Շիճուկաբանական ռեակցիաներում (ագլյուտինացիայի ռեակցիա, ուղղակի հեմագլյուտինացիայի ռեակցիա) հակածնի բարձր տիտրերը (1:160 և ավելի) վկայում են վերջերս ընթացած կամ ընթացիկ համաճարակի, իսկ ցածր տիտրերը (1:20-1:40)` հին համաճարակի մասին:
12. ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) մարզային կենտրոնի մասնագետը`
1) տուլարեմիայի համաճարակային հետազոտության արդյունքների և իրավիճակի կանխագուշակման նպատակով կաթնասունների բաշխվածության, քանակության դինամիկայի և արյունածուծ հոդվածոտանիների, հարուցչի կուլտուրայի անջատման կամ արտաքին միջավայրի օբյեկտներում հակածնի գտածոների վերաբերյալ տեղեկությունները նշում է քարտեզի վրա, վերլուծում և բոլոր նոր հայտնաբերված բնական օջախների մասին հայտնում է Ծառայությանը.
2) իրականացնում է փոքր կաթնասունների ֆոնային տեսակների քանակության գնահատում:
13. Տուլարեմիայի կանխարգելման և պայքարի միջոցառումները կազմակերպելիս հարկավոր է տարբերել տուլարեմիայի նկատմամբ անապահով կետը և սպառնալիքի տարածքը կամ գոտին:
14. Տուլարեմիայի անապահով կետ են համարում այն բնակավայրերը, համայնքները, մարզերը, անասնապահական տնտեսությունը` շենքերով և նրանց հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, ինչպես նաև առանձին նրանց հողահատվածները, հանդամասերը և այլ օբյեկտները, որտեղ անկախ ժամանակի վաղեմությունից երբևէ արձանագրվել են տուլարեմիայով հիվանդանալու դեպքեր:
15. Տուլարեմիայի նկատմամբ սպառնալիքի տարածք է համարվում վայրը, համայնքի տարածքը կամ համայնքը կամ մարզը, որտեղ գրանցվել են տուլարեմիայի անապահով կետերը և առկա է կենդանիների տուլարեմիայով հիվանդության առաջացման սպառնալիք:
16. Տուլարեմիայի նկատմամբ անապահով կետի և սպառնալիքի տարածքի սահմանները որոշում է Ծառայությունը:
17. Տուլարեմիայի նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը Ծառայության կողմից հայտարարվում է տուլարեմիայի նկատմամբ անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր:
18. Տուլարեմիայի ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանտին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
19. Տուլարեմիայի հայտարարված տարածքում կիրառվում են օրենքով սահմանված արգելքներ ու սահմանափակումներ:
20. Տուլարեմիայի հարուցչի, փոխանցման մեխանիզմների և հարուցչի փոխանցողների ախտազերծման միջոցառումները իրականացվում են երկու հիմնական ուղղություններով`
1) մարդկանց վարակման պայմանների վերացում.
2) բնական օջախների նվազեցում (հիվանդության հարուցչի և փոխանցողների ոչնչացման միջոցառումներ):
21. Տուլարեմիայի կանխարգելման անասնաբուժասանիտարական միջոցառումների առանձնահատկություններն են`
1) արյունածուծ միջատների տրանսմիսիվ վարակումների դեպքում պաշտպանիչ արտահագուստի օգտագործումը, չպատվաստված բնակչության մուտքի սահմանափակումը անապահով տարածքներ, ջրամբարների ախտահանություն իրականացումը.
2) նապաստակների, խլուրդների և ջրային առնետների որսի, կաշիների հանման, պահպանման պահեստներում սանիտարահակահամաճարակային համալիր միջոցառումների իրականացումը.
3) ջրային բռնկումների դեպքում վարակված ջրամբարից ջրի օգտագործման արգելումը, խմելու նպատակով միայն եռացրած ջրի օգտագործումը, ջրհորային ջրի վարակման դեպքում ջրհորը կրծողների դիակներից մաքրումը, ջրի ախտազերծումը.
4) կենցաղային վարակումների դեպքում բնակելի և օժանդակ շինություններ կրծողաանթափանցիկության ապահովումը, դերատիզացիայի և ախտազերծող միջոցների կիրառմամբ խոնավ մաքրման իրականացումը.
5) արտադրական և մթերքային վարակումների դեպքում ձեռնարկություններում և պահեստներում սանիտարահակահամաճարակային միջոցառումների և վարակված հումքի և մթերքների ջերմային ախտազերծման իրականացումը:
22. Կենդանիների զանգվածային տզակալման դեպքում սեռահասուն տզերի ոչնչացման նպատակով 7-10 օր ընդմիջումներով, իսկ թրթուրների և նիմֆաների ոչնչացման նպատակով 12-15 օրը մեկ իրականացվում են հակատզային մշակումներ: Կենդանիների վրա տզերին ոչնչացնում են քիմիական միջոցներով (դեզինսեկտանտներով) կամ մեխանիկական եղանակով:
23. Փոքր կաթնասունների ոչնչացումը իրականացնում են որսի տարբեր սարքավորումների, թունավորած խայծերի և քիմիական միջոցների, բակտերիային պատրաստուկների, ընտանի կենդանիների միջոցով: Դերատիզացիան և դեզինսեկցիան պլանավորում և իրականացնում են համաճարակային հետազոտությունների հիման վրա, որը պարտադիր ուղեկցվում է իրականացված միջոցառումների արդյունավետության գնահատականով:
24. Տուլարեմիայի կանխարգելման համար օգտագործում են կենդանի պատվաստանյութ, որը պատրաստված է Գայսկու N 15 վակցինային շտամից: Պատվաստումը (կամ ռեվակցինացիան) իրականացնում են ուղեցույցին համապատասխան վերմաշկային (կամ ներմաշկային) եղանակով տարվա ցանկացած եղանակին: Կենդանիների մոտ պատվաստումը ապահովում է կայուն և երկարատև իմունիտետ (5-7 և ավելի տարի):
25. Մարդկանց և գյուղատնտեսական կենդանիների շրջանում հակատուլարեմային վարակամերժության ապահովման նկատմամբ հսկողությունը իրականացնում են Ծառայության և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումները:
26. Պատվաստումների անցկացման հետ զուգընթաց իրականացվում են ընդհանուր միջոցառումներ, որոնք ուղղված են վարակի աղբյուրների ոչնչացմանը և փոխանցման գործոնների վերացմանը:
27. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Ծառայությունը: