Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ Պ ...

 

 

---.0423.200813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

16 հուլիսի 2013 թվականի N 423-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ԳՆ սննդամթերքի

անվտանգության պետական

ծառայության պետի

2013 թվականի հուլիսի 16-ի

N 423-Ն հրամանի

 

ՀՐԱՀԱՆԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽՈԶԵՐԻ ԱՖՐԻԿԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Խոզերի աֆրիկական ժանտախտը /ԽԱԺ/` վիրուսային, խիստ կոնտագիոզ հիվանդություն է, բնութագրվում է գերազանցապես գերսուր, սուր, երբեմն ենթասուր, հազվադեպ քրոնիկ ընթացքով և բարձր մահացածությամբ: Հիվանդանում են և հիվանդության նկատմամբ ընկալունակ են ընտանի և վայրի խոզերը անկախ տարիքից և ցեղից:

2. Խոզերի աֆրիկական ժանտախտի ախտորոշումը կատարվում է համաճարակաբանական, կլինիկական, ախտաբանաանատոմիական և լաբորատոր հետազոտությունների հիման վրա:

3. ԽԱԺ-ի դեմ պայքարի միջոցառումները կազմակերպելիս հարկավոր է տարբերել ԽԱԺ-ի նկատմամբ անապահով կետը կամ համաճարակային օջախը և սպառնալիքի տարածքը կամ գոտին:

4. Անապահով կետ կամ համաճարակային օջախ են համարվում այն բնակավայրերը, համայնքները, մարզերը, տնտեսությունը, անասնապահական ֆերմաները` շենքերով և նրանց հարակից արոտատեղերով, արոտավայրերով, ջրամբարներով, ինչպես նաև առանձին նրանց հողահատվածները, հանդամասերը և այլ օբյեկտները, որտեղ տեղի են ունեցել ԽԱԺ-ով խոզերի հիվանդացության և անկման, թաղման կամ ոչնչացման դեպքեր:

5. Սպառնալիքի տարածք կամ գոտի են համարվում վայրը, համայնքի տարածքը կամ համայնքը կամ մարզը, որտեղ գրանցվել են անապահով կետերը և կա հիվանդության առաջացման սպառնալիք: Առաջին սպառնալիքի գոտին այն տարածքն է, որը շրջապատում է խոզերի աֆրիկական ժանտախտի համաճարակային օջախը 3 կմ շառավղով տարածքով, իսկ երկրորդ սպառնալիքի գոտին այն տարածքն է, որը շրջապատում է առաջին սպառնալիքի գոտին 10 կմ շառավղով:

6. ԽԱԺ-ի նկատմամբ անապահով կետի կամ համաճարակային օջախի և սպառնալիքի տարածքի կամ գոտու սահմանները որոշում է անասնաբուժության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական մարմինը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (այսուհետ` լիազոր մարմին)` հաշվի առնելով անասնատերերի, ֆերմաների, բնակավայրերի, համայնքների, մարզերի մթերող և վերամշակող կազմակերպությունների, կենդանիների, գյուղատնտեսական արտադրանքի շուկաների առկայությունը և գործունեությունը, կենդանիների պահվածքի տիպը, արոտավայրերի առկայությունը և օգտագործումը, հողաաշխարհագրական և բնակլիմայական պայմանները և այլ հանգամանքներ:

7. Հիվանդությունը ծագելու կամ կասկածի դեպքում կարևոր է նրա ժամանակին ախտորոշումը, անապահով կետերում կարանտինի սահմանումը և համաճարակային օջախի վնասազերծումը, հիվանդ կենդանիների դիակների և ախտահարված մթերքների ոչնչացումը, շենքերի, սարքավորումների և վարակված տարածքների ախտահանությունը, հիվանդության տարածումը կանխող և վերացման միջոցառումների իրականացումը:

8. ԽԱԺ գրանցած տնտեսությունները, տարածքները, համայնքները, մարզերը պարտադիր կարգով հաշվառվում և գրանցվում են համաճարակային քարտեզներում և հաշվառման մատյաններում, որոնք կազմում և վարում են տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժները և համայնքի ղեկավարը, տարածքի` համայնքի կամ մարզի համաճարակային քարտեզի վրա նշելով ամսաթիվը, կենդանիների հիվանդացության և անկման դեպքերի քանակը, վարակի օջախի ստույգ տեղը:

9. Համաճարակային քարտեզի հետ պարտադիր պահում են անապահով տարածքների հողօգտագործման քարտեզի պատճենները, որի վրա պայմանական նշաններով գծանշվում են ԽԱԺ-ից անկած կենդանիների կամ հարկադիր ոչնչացված դիակների թաղման տեղերը:

10. Համաճարակային հաշվառման մատյանների տվյալները հաշվի են առնվում հակաժանտախտային միջոցառումների տարեկան պլանները կազմելիս:

11. ԽԱԺ-ի նկատմամբ անապահով և սպառնալիքի ենթակա վայրերում հիվանդության տարածման կանխարգելման նպատակով օգտագործել մամուլը, ռադիոն և զանգվածային լրատվության այլ միջոցները բնակչության և անասնապահների շրջանում կանոնավոր բացատրական աշխատանք տանելու, հիվանդության, վարակման և տարածման ուղիների վերաբերյալ:

 

II. ԽԱԺ-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

12. Հայաստանի Հանրապետության տարածք խոզերի աֆրիկական ժանտախտի թափանցումը կանխելու նպատակով արգելվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել ընտանի և վայրի կենդանիներ, նրանց սպանդի մթերքներ և կենդանական ծագման կերեր այն երկրներից, որոնք անապահով են ԽԱԺ-ի նկատմամբ:

13. Հայաստանի Հանրապետության հարակից երկրներում ԽԱԺ-ի արձանագրման դեպքում անասնաբուժության բնագավառում քաղաքականություն իրականացնող պետական մարմինը և լիազոր մարմինը կազմակերպում են սահմանամերձ շրջանների ազգաբնակչության, համայնքների ղեկավարների, առևտրական կազմակերպությունների, հասարակական սննդի, ինչպես նաև ինտուրիստի և տրանսպորտային կազմակերպությունների համար տեղեկատվություն, խոզաբուծության համար ծագած վտանգների, հանրապետության տարածք վարակի ներթափանցման վտանգի մասին:

14. ԽԱԺ-ի նկատմամբ անապահով կետերում և սպառնալիքի ենթակա տարածքներում կատարվում են հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող խոզերի գլխաքանակի հարկադիր ոչնչացում անարյուն եղանակով և արտաքին միջավայրում հիվանդության հարուցչի վերացման անասնաբուժասանիտարական համալիր միջոցառումներ:

15. Անասնաբուժասանիտարական միջոցառումներն ընդգրկում են`

1) անասնագերեզմանոցների, անկած կենդանիների դիակների կամ կենդանական ծագման մթերքի և հումքի թաղման վայրերի, բիոթերմիկ հորերի ցանկապատումը և պատշաճ սանիտարական վիճակում պահպանելու աշխատանքների անցկացումը.

2) անապահով, վարակված, կենդանիների անկած վայրի կամ տարածքի կամ տնտեսության ախտահանությունը, որի ստույգ հաստատված սահմաններում արձանագրվել են վարակման կամ անկման դեպքեր.

3) կենդանիների կուտակման, կենդանական ծագման մթերքների և հումքի մթերման, պահպանության և վերամշակման վայրերի անասնաբուժասանիտարական և համաճարակային վիճակի մշտական հսկողության կազմակերպումը և իրականացումը.

4) ԽԱԺ-ով վարակվածության կամ կասկածի դեպքում տնտեսությունը կամ տարածքը սպասարկող անասնաբույժին պարտադիր տեղեկացնելը, առանց անասնաբույժի գիտության և թույլտվության, անասնաբուժական զննման չենթարկված կենդանու սպանդի կամ մորթի բացառումը, լաբորատոր հետազոտության արդյունքում ԽԱԺ-ը բացառող պայմաններում և օգտագործման համար պիտանի ճանաչված կենդանական ծագման մթերքի և հումքի իրացումը.

5) ԽԱԺ-ի նկատմամբ անապահով վայրերում և հարակից տարածքներում ագրոհիդրոմելիորատիվ և շինարարական այլ աշխատանքների կատարման համար լիազոր մարմնին տեղեկացնելը և լիազոր մարմնի թույլտվությամբ հողաթափման և հողահանման աշխատանքներ իրականացնելը:

16. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում սույն հրահանգով սահմանված միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման կազմակերպատնտեսական միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվեհումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:

 

III. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԽԱԺ-Ի ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

17. Կենդանիների սեփականատերերը կամ տնտեսությունները և համայնքները սպասարկող անասնաբույժները, համայնքի ղեկավարները պարտավոր են լիազոր մարմնին անհապաղ տեղեկացնել խոզերի հանկարծակի, առանց ակնհայտ պատճառների անկման կամ հիվանդանալու դեպքերի մասին, երբ այն ուղեկցվում է ԽԱԺ-ին բնորոշ կամ այլ հիվանդությանը համանման կլինիկական նշաններով և ախտաբանական փոփոխություններով:

18. Խոզերի հիվանդության, անկման կամ հարկադիր մորթի մասին տեղեկություն ստանալով` տնտեսությունը կամ համայնքը սպասարկող անասնաբույժը կամ անասնաբուժական ծառայությունը դեպքի վայրում ձեռնարկում է համապատասխան միջոցներ.

1) ջերմաչափում է ֆերմայի, անասնաբակի խոզերի ամբողջ անասնագլխաքանակը.

2) առանձին խմբերով առանձնացնում է հիվանդ և հիվանդության մեջ կասկածելի կենդանիներին.

3) ապահովում դրանց մեկուսացումը և առանձին պահվածքը.

4) անկած կամ հարկադիր մորթի ենթարկված կենդանուց վերցնում է ախտաբանական նյութ և պահպանելով անվտանգության բոլոր միջոցները` այն ուղարկում է լիազոր մարմին լաբորատոր հետազոտության.

5) դեպքերի մասին հայտնում է լիազոր մարմնին, համայնքի ղեկավարին և տեղական առողջապահական մարմնին:

19. Լաբորատոր հետազոտության նպատակով վերցված ախտաբանական նյութը հերմետիկ փակվում է, պիտակավորվում, որի վրա նշվում է կենդանու տեսակը, ախտաբանական նյութի անունը և քանակը, պահածոյացնող նյութը, վերցման ժամկետը և ուղարկողի հասցեն: Նմուշները տեղադրվում են սառույցով կամ սառեցուցիչով հատուկ տարաների մեջ և տեղափոխվում ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն (այսուհետ` Լիազոր մարմին):

20. Լաբորատոր հետազոտություն կատարելու համար ախտաբանական նյութերը ուղարկվում են ուղեկցող փաստաթղթով, որտեղ պետք է նշվի այդ հիվանդությունների նկատմամբ զգայունակ կենդանիների ընդհանուր գլխաքանակը, առաջին նշաններ երևալու ժամանակը, վերջին պատվաստման ժամկետը, օգտագործված պատվաստանյութի խմբաքանակը, հիվանդացած և անկած կենդանիների քանակը, ախտաբանական նյութի վերցման ժամանակը և որոշակի տվյալներ հիվանդության կլինիկական արտահայտման և ընթացքի մասին:

21. Լիազոր մարմինը ԽԱԺ-ի ախտորոշման հաստատումից հետո կազմակերպում և իրականացնում է`

1) դեպքի վայրում և հարակից տարածքներում, այդ թվում` համայնքներում համաճարակաբանական հետազոտություն և վերլուծություն.

2) համաճարակային իրավիճակը, հիվանդության հնարավոր տարածման ուղիները և սահմանները պարզելուց հետո սահմանում է անապահով կետի վարակի օջախի, վարակի նկատմամբ սպառնալիքի գոտու սահմանները.

3) վարակի մեջ կասկածվող կենդանիների կլինիկական զննում և ջերմաչափում` հատուկ ուշադրություն դարձնելով կլինիկական նշանների և հիվանդության ընթացքի վրա.

4) կաթի, կաթնամթերքի, մսի, մսամթերքի, կենդանական ծագման հումքի և բոլոր տեսակի կերերի օգտագործման, տեղափոխման և իրացման նկատմամբ սահմանափակումներ:

22. ԽԱԺ-ի նախնական ախտորոշման հաստատումից հետո տվյալ տարածքը, համայնքը կամ տարածաշրջանը կամ մարզը լիազոր մարմնի կողմից հայտարարվում է անապահով, որոշվում են սահմանները և այդ տարածքում սահմանվում է կարանտին, տեղադրվում են շուրջօրյա կարանտինային պահակակետեր:

23. ԽԱԺ-ի կասկածի և ախտորոշման հաստատումից հետո սահմանվում է կարանտին «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

24. Կարանտին հայտարարված տարածքում կիրառվում են արգելքներ ու սահմանափակումներ.

1) անապահով տարածքում չի թույլատրվում իրականացնել կենդանիների, կենդանական ծագման մթերքների, հումքի և կերերի զանգվածային վաճառք, ինչպես նաև կազմակերպել միջոցառումներ, որոնք կարող են առաջացնել կենդանիների, մարդկանց և տրանսպորտային միջոցների մեծաքանակ կուտակումներ.

2) արգելվում է`

ա. անապահով կետից բոլոր տեսակի կենդանիների, այդ թվում նաև թռչունների դուրսբերումը, տեղափոխումը և իրացումը.

բ. բոլոր տեսակի կենդանական և բուսական ծագման մթերքների, հումքի, կերերի արտահանումը, ինչպես նաև հարուցիչներով ախտահարված գույքի, խնամքի առարկաների, տեխնիկական և տրանսպորտային միջոցների դուրսբերումը կարանտինային գոտու սահմաններից.

գ. խոզերի գլխաքանակի վերախմբավորումները անասնապահական տնտեսության ներսում և տնտեսությունից դուրս առանց անասնաբույժի թույլտվության.

դ. կողմնակի անձանց մուտքն անասնաշենքեր և կենդանիներ պահելու համար նախատեսված այլ շինություններ և տարածքներ` բացառությամբ խնամող անձնակազմի.

ե. անկած կենդանիներ թաղել կամ անասնագերեզմաններ ստեղծել այն վայրերում, որտեղ բարձր է ստորգետնյա ջրերի մակարդակը.

զ. անկած կենդանիների դիակները թաղելը կամ հորելը այդ նպատակի համար չնախատեսված վայրերում.

է. իրացման նպատակով հիվանդ կամ հիվանդության նկատմամբ կասկածվող կենդանիների սպանդը: Չիմացության կամ միտումնավոր կատարված հարկադիր մորթի արդյունքում հիվանդ կենդանիներից ստացված միսը, ենթամթերքը և հումքը կամ դրանց հետ շփված մսեղիքը, սպանդային ենթամթերքը ենթակա են ոչնչացման.

ը. դիակների հերձումը և անկած կենդանիների կաշիները հանելը, դիերի հերձումը թույլատրվում է միայն նյութատեխնիկական հագեցվածություն ունեցող վայրում` ախտորոշման նպատակով.

թ. վիրաբուժական վիրահատություններ կատարելը, բացի անհետաձգելիներից.

ժ. արհեստական սերմնավորման նպատակով սերմնահեղուկի ստացումն ու արտահանումը.

ժա. բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն անապահով տարածքով, այս դեպքում երթևեկությունն իրականացվում է շրջանցող ճանապարհներով և ցուցանակներով նշված երթուղիներով.

3) անապահով տարածք թույլատրվում է միայն հատուկ նշանակության ավտոմեքենաների մուտքն ու ելքը համայնքային հանձնաժողովի կողմից տրված գրավոր թույլտվությամբ այն պայմանով, որ դուրս գալուց առաջ ավտոմեքենան, ուղևորների արտահագուստն ու կոշիկները պարտադիր ենթարկվեն ախտահանության: Այդ նպատակով կարանտինային հսկիչ կետերից մեկում պետք է տեղադրված լինի ախտահանիչ խցիկ, որտեղ պետք է լինեն անհրաժեշտ նյութեր և պարագաներ` արտահագուստի և կոշիկների, ինչպես նաև սարքավորումների, տրանսպորտային միջոցների ախտահանության համար.

4) ապահով ցանքատարածություններից, արոտավայրերից, խոտհարքի հանդավայրերից մթերված հացահատիկը, կոպիտ և հյութալի կերերը, որոնք չեն շփվել հիվանդ կենդանիների հետ և չեն աղտոտվել նրանց արտաթորանքներով, թույլատրում են արտահանելու միայն կարանտինը հանելուց հետո.

5) այն հողամասերից, որոնց վրա անմիջապես գտնվել են անկած կենդանիները, ստացված հացահատիկը, կոպիտ և հյութալի կերերը, տնտեսությունից արտահանման ենթակա չեն, պետք է իրացվեն տեղում:

25. Խոզերի աֆրիկական ժանտախտի դեմ պայքարի համալիրում իրականացվում են հետևյալ աշխատանքները`

1) վարակի օջախում գտնվող բոլոր խոզերին ոչնչացնում են անարյուն մեթոդով.

2) սպանված և անկած խոզերի դիակները, գոմաղբը, կերի մնացորդները, տարաները և ցածրարժեք գույքը, ինչպես նաև կիսաքանդ շինությունները, փայտյա հատակը, կերամանները, միջնապատերը այրում են տեղում: Չվառված մնացորդը հորում են 2 մետրից ոչ պակաս խորությամբ փոսերի մեջ.

3) դիակների այրման հետ կապված բարդությունների դեպքում դրանք թաղում են համաճարակային օջախին հնարավորինս մոտ փորված, 2 մետրից ոչ պակաս խորությամբ փոսերում: Թաղելուց առաջ փոսերի մեջ բացում են դիակների որովայնի խոռոչը, դիակները ծածկում քլորակրի շերտով.

4) իրականացվում է շենքերի, վանդակների և այլ վայրերի եռակի ախտահանություն. առաջինը` անմիջապես կենդանիների ոչնչացումից, երկրորդը` փայտյա հատակի, միջանցքների կերամանների հեռացումից և մանրակրկիտ խնամքով մաքրելուց հետո, երրորդը` կարանտինը հանելուց առաջ: Միաժամանակ առաջին ախտահանման ժամանակ իրականացվում է միջատների, տզերի և կրծողների դեմ պայքար` կիրառվող նյութերի օգտագործման հրահանգների համաձայն.

5) կրծողների դիակները, որոնք հավաքվել են նրանց դեմ իրականացված պայքարից և փայտյա իրերը հանելուց հետո, այրվում են կամ թաղվում.

6) մեխանիկական մաքրումից առաջ բոլոր շինությունները և այնտեղ գտնվող սարքավորումները, ցանկապատերը, մորթի կետերը և այլ վայրերը, որտեղ գտնվել են կենդանիները, թրջում են որևէ ախտահանիչ նյութի լուծույթով` 1.5% ֆորմալդեհիդ պարունակող ֆորմալինի լուծույթով կամ 0.5%-ոց նատրիումի քլորիդի լուծույթում լուծված պարաֆորմի 1.5%-ոց լուծույթով կամ պարասոդի կամ ֆոսպարի 3%-ոց լուծույթով կամ 5%-ոց ակտիվ քլոր պարունակող չեզոք կալցիումի հիպոքլորիդ-տեկսոնիտի լուծույթով կամ քլորամինի 5% լուծույթով: Կարելի է օգտագործել նաև ոչ պակաս 25% քլոր պարունակող քլորակիր չոր վիճակում, որը հավասարաչափ շաղ տալուց հետո պետք է թրջել: Ախտահանումից առաջ պատերը, հատակը, շինությունները, դռները, սարքավորումները ենթարկում են լվացման լվացող միջոցներ պարունակող տաք ջրով.

7) կենդանիների պահվածքի շինությունների, վանդակների, կերահրապարակների և այլ շինությունների ընթացիկ և եզրափակիչ ախտահանության համար ախտահանիչները օգտագործվում են 1 մ2 մակերեսին 1 լիտրի հաշվարկով, 3 ժամից ոչ պակաս ախտահանության տևողությամբ: Կարելի է օգտագործել նաև 4% ակտիվ քլոր պարունակող քլորակրի, նատրիումի կամ կալցիումի 3% ակտիվ քլոր պարունակող հիպոքլորիդի կամ 0.5% ֆորմալդեհիդ պարունակող ֆորմալինի լուծույթներ` 1.5 լիտր 1 մ2 մակերեսի հաշվարկով, 24 ժամ ախտահանության ժամկետով.

8) հողի, շինության հողե մակերեսի, անասնաբակի և այլն վայրերի, որտեղ գտնվել են կենդանիների դիակները, ախտահանությունը իրականացնում են 25% ակտիվ քլոր պարունակող քլորակրի լուծույթով` 1 մ2 տարածքին 2 կգ հաշվարկով, հետագայում ախտահանված 1 մ2 մակերեսը խոնավացնելով 10 լիտր ջրով: Ախտահանությունից 24 ժամ հետո հողի վերին շերտը 10-15 սմ հաստությամբ հանում են և լցնում 2 մետր խորությամբ հատուկ փորված խրամուղի` խառնելով քլորակրով և հետագայում ջրով խոնավացնելով, ինչպես նշված է վերևում.

9) գոմաղբահեղուկը հավաքման կետում մշակում են 25 % ակտիվ քլոր պարունակող քլորակրով` 10 լիտր գոմաղբաջրին 1.5 կգ քլորակիր հաշվարկով.

10) գոմաղբահորերում գոմաղբը վերևից ծածկում են 25 % ակտիվ քլոր պարունակող քլորակրով 0.5 կգ/մ2 հաշվարկով, հետո խառնում են փոսի մեջ և թողնում 1.5 մ խորությամբ: Գոմաղբի մեծ քանակությունները թողնում են կենսաբանական վարակազերծման համար 1 տարի ժամկետով: Դրա համար գոմաղբի պահման հորի եզրերով լցնում են քլորակիր 1մ2/2 կգ հաշվարկով: Գոմաղբահորի ամբողջ եզրերով արտաքինից տեղադրում են փշալարերից ցանկապատ և փորում են փոս.

11) տրանսպորտային միջոցները և այլ տեխնիկան /բուլդոզերներ, էքսկավատորներ և այլն/ խնամքով լվանալուց հետո ախտահանում են համաճարակային օջախում հատուկ առանձնացված հրապարակում, որի համար օգտագործում են նշված նյութերից որևէ մեկը. ֆորմալդեհիդի 1.5% լուծույթը, ֆոսպատի կամ պարասոդի 3% լուծույթը, պարաֆորմի 1.5% լուծույթը, պատրաստված 0.5% կծու նատրիումի վրա, տեկսանիտի 5% ակտիվ քլոր պարունակող լուծույթը, քլորամինի 5% լուծույթը: Նշված միջոցները ախտահանվող մակերեսին տրվում է 1 մ2- 1 լիտրի հաշվով: Ախտահանման ժամանակը 3 ժամ.

12) համաճարակային օջախում, ախտահարված տարածքում աշխատողների արտահագուստը, գործիքները, ապակե տարաները վնասազերծում են ֆորմալդեհիդի գոլորշիներով պարաֆորմալինային խցերում մեկ ժամ տևողությամբ 57-60 աստիճան ջերմաստիճանում 1 մ3 մակերեսին 75 մլ ֆորմալինի ծախսի հաշվարկով կամ քլորամին F-ի 5% լուծույթում թրջելու միջոցով 1 կշռաչափ հագուստին 9 բաժին ախտահանիչ լուծույթ հարաբերությամբ` 3 ժամ տևողությամբ կամ ֆորմալդեհիդի կամ գլուտարալդեհիդի 0.5% լուծույթով` 24 ժամ տևողությամբ.

13) համաճարակային օջախում աշխատող մարդկանց համար սնունդ բերող կամ սննդի պատրաստման համար օգտագործվող թերմոսները և այլ տարողությունները մշակել քլորամինի 5% լուծույթով.

14) կատարված ախտահանությունները փաստաթղթավորել` կազմելով համապատասխան ակտեր, զուգահեռաբար ստուգելով արդյունավետությունը և որակը:

26. Անապահով տարածքում տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը կազմակերպում և ապահովում է հետևյալ միջոցառումները`

1) անկած կենդանիների դիակների անարյուն եղանակով ոչնչացումը և թաղումը.

2) փակել անապահով կետից տանող բոլոր ճանապարհները, նշանակել անհրաժեշտ քանակության կարանտինային շուրջօրյա պահակակետեր, տեղադրել համապատասխան նախազգուշական ցուցանակներ.

3) կարանտինային պահակակետերը ապահովել անհրաժեշտ քանակությամբ հերթապահ մասնագետներով, բացի այդ կահավորեն արգելաձողերով, ախտահանիչ ավազանով և անհրաժեշտ այլ միջոցներով.

4) անապահով տարածքի բոլոր կենդանիներին տեղափոխել մսուրային պահվածքի կամ արածեցման համար հատկացնել առանձին արոտավայրեր.

5) զգայունակ խոզերին հաշվառել.

6) պահակակարանտինային միջոցառումների, ախտահանության աշխատանքների կատարման համար տրամադրել անապահով տնտեսության և համայնքին պատկանող տեխնիկա, անհրաժեշտ թվով մարդկանց` արտաքին միջավայրում հիվանդության հարուցչի ոչնչացման նպատակով.

7) դիակների թաղման վայրում ցանկացած հողային աշխատանքի կատարման արգելումը մեկ տարվա ընթացքում.

8) հիվանդ և հիվանդ լինելու մեջ կասկածելի կենդանիների խնամքի համար, առանձնացնել հատուկ սպասարկող անձնակազմ և նրան ապահովել արտահագուստով /խալաթներ, գոգնոցներ, ռետինե ձեռնոցներ, կոշիկներ և այլն/:

 

IV. ԿԱՐԱՆՏԻՆԻ ՀԱՆՈՒՄԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ՀԵՏՈ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

27. Խոզերի աֆրիկական ժանտախտի անապահով կետից, տնտեսությունից, տարածաշրջանից /մարզից/, հանրապետությունից կարանտինը հանում են սույն հրահանգով նախատեսված համաճարակային օջախում, առաջին սպառնալիքի գոտում, բոլոր խոզերի սպանդից այլ միջոցառումների իրականացումից, հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր միջոցառումների իրականացման ավարտից 30 օր հետո:

28. Կարանտինը հանելուց հետո 1 տարվա ընթացքում կարանտինի ենթարկված վայրերում արգելվում է`

1) բոլոր տեսակի փոխադրամիջոցներով խոզերի և նրանց սպանդի հետևանքով ստացված մթերքների և հումքի տեղափոխումը.

2) կենդանիների շուկաներում խոզերի վաճառքը.

3) խոզերի նոր գլխաքանակի ձեռքբերումը կամ գլխաքանակի համալրումը:

29. Խոզաբուծությամբ զբաղվող տնտեսություններում այլ կենդանատեսակների պահվածքը և բուծումը, ինչպես նաև խոզերի գլխաքանակի համալրումը և խոզաբուծությամբ զբաղվելը կատարվում է Ծառայության թույլտվությամբ:

30. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

 

 

pin
Սննդամթերքի անվտանգ ծառայություն
16.07.2013
N 423-Ն
Հրաման