---.0422.200813
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 08 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ ---------
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
16 հուլիսի 2013 թվականի N 422-Ն
i
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՍՏԵՐԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1730-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել գյուղատնտեսական կենդանիների պաստերելոզ հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման հրահանգը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ ԳՆ սննդամթերքի
անվտանգության պետական
ծառայության պետի
2013 թվականի հուլիսի 16-ի
N 422-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՊԱՍՏԵՐԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պաստերելոզ հիվանդությունը ընտանի և վայրի մի շարք կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություն է, որի սուր ընթացքը բնորոշվում է շճային և լորձային ծածկույթների բազմաթիվ արյունազեղումներով, իսկ խրոնիկը` առավելապես թոքերի ախտահարմամբ: Հիվանդության նկատմամբ ընկալունակ են ընտանի և վայրի կենդանիների շատ տեսակներ և թռչուններ: Հավերի և ճագարների մոտ հիվանդությունն առավելապես ընթանում է համաճարակի ձևով: Հիվանդության նկատմամբ ընկալունակ են նաև մարդիկ:
2. Հիվանդության հարուցիչը Պաստերելլա մուլտոցիդա (Pasteurella multocida) անշարժ, սպոր չառաջացնող, գրամբացասական ցուպիկ է: Հարուցչի աղբյուրը հիվանդ և հիվանդացած առողջացած պաստերելակիր կենդանիներն են: Գոմաղբում պաստերելլաները կենսունակ են մոտ 1 ամիս, ջրում` մինչև 6 ամիս, դիերում` մինչև 4 ամիս:
3. Պաստերելոզ հիվանդության դեպքեր հիմնականում գրանցվում են ամռանը և աշնանը: Հիվանդությունն արտահայտվում է սուր, ենթասուր և խրոնիկ ընթացքով: Սուր ընթացքի դեպքում նկատվում են սեպտիցեմիան, թոքերի կրուպոզային բորբոքում, թոքերի և թոքաթաղանթի այտուց, իսկ ենթասուր և խրոնիկ ընթացքների դեպքում` նեկրոզաթարախային թոքաբորբ, արտրիտ, մաստիտ, էնդոմետրիտ, երբեմն` էնտերիտ:
Հիվանդության տարածմանը նպաստող գործոններ են համարվում կենդանիների և թռչունների զանգվածային տեղափոխումները: Հիվանդության դեպքում հիվանդացությունը և մահացությունը կարող են ունենալ մեծ տատանումներ, որը կախված է հարուցչի վարակունակությունից, կերակրման և պահվածքի պայմաններից, ինչպես նաև մի շարք այլ գործոններից: Խոնավ և անձրևային պայմաններում կարող է դրսևորվել համաճարակային բռնկումներով, որի դեպքում անկումները հասնում են 70-100%-ի:
4. Վարակի աղբյուր են հանդիսանում հիվանդ կենդանիները, հարկադիր սպանդի ենթարկված կամ անկած կենդանիներից ստացված կաթը, միսը, կաշին սպանդային այլ ենթամթերքը: Հիվանդությունը մեխանիկական եղանակով կարող է տարածվել վայրի գիշատիչների, կրծողների և արյունախում միջատների կողմից:
5. Հիվանդությունն ախտորոշվում է համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքների հիման վրա: Լաբորատոր ախտորոշման նպատակով ախտորոշիչ անասնաբուժական լաբորատորիա է ուղարկվում հակաբիոտիկներով և սուլֆանիլամիդներով բուժում չստացած կենդանիներից, իսկ դիակների դեպքում` անկումից 3-5 ժամից ոչ ուշ վերցված, փայծաղի (5x5 սմ չափի ունեցող), լյարդի, երիկամների, թոքերի ախտահարված կտորներ: Մանր կենդանիների դիակները փորձաքննության են ուղարկվում ամբողջական: Շոգ եղանակին նմուշները կոնսերվացվում են գլիցերինի 40%-անոց ջրային ստերիլ լուծույթով:
II. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԵՐԹԱՓԱՆՑՄԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
6. Հիվանդության ներթափանցման կանխարգելման նպատակով գյուղացիական և ֆերմերային տնտեսություններ պարտավոր են պահպանել հետևյալ պայմանները`
1) ձեռք բերված բոլոր կենդանիներին ենթարկել կարանտինային պահվածքի 30 օր.
2) հոտի համալրումն իրականացնել միայն հիվանդության նկատմամբ ապահով տնտեսությունների կենդանիներով.
3) այն տնտեսությունները կամ հոտերը, որտեղ գրանցվել են հիվանդության դեպքեր, 1 տարվա ընթացքում համալրել հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիներով.
4) մսուրային պահվածքի դեպքում բացառել կենդանիների շփումն այլ տնտեսությունների կենդանիների հետ.
5) տնտեսությունը ապահովել սանիտարական անցակետով, իսկ սպասարկող ողջ անձնակազմին` փոխնորդ արտահագուստով և կոշիկներով.
6) արոտներում իրականացնել մելիորատիվ աշխատանքներ` ճահճոտված և կանգնած ջրերով (ջրակուտակման) վայրերը վերացնելու նպատակով.
7) տնտեսություններում իրականացնել կրծողների դեմ պայքար.
8) այն տարածքներում կամ համայնքներում, որտեղ գրանցվել են հիվանդության դեպքեր, ապահովել կենդանիների հարկադիր իմունականխարգելումը` համաձայն օգտագործվող պատվաստանյութի հրահանգի:
7. Տնտեսության առողջացումից հետո, մեկ տարվա ընթացքում, պաստերելոզի նկատմամբ չպատվաստված կենդանիների ներմուծումն արգելվում է:
8. Տնտեսություններ և տարածքներ նոր կենդանիների մուտքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծումը թույլատրվում է միայն պաստերելոզի նկատմամբ ապահով երկրներից կամ երկրների վայրերից` ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերի առկայությամբ` կենդանու առողջ և/կամ պատվաստված լինելու հավաստմամբ:
III. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ՎԱՐԱԿԻ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԱՐԱԿԱԶԵՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
9. Անասնաբուժության բնագավառում ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հիվանդությունն ախտորոշելուց կամ ախտորոշումը հաստատելուց հետո լիազոր մարմինը`
1) որոշում է անապահով տարածքի սահմանները.
2) տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հիվանդության դեմ պայքարի միջոցառումների և առողջացման պլանը հաստատելու և իրականացնելու նպատակով վերջինիս ներկայացնում է հիվանդության դեմ պայքարի վերաբերյալ առաջարկությունները.
3) սահմանում է պաստերելոզի դեմ պայքարի միջոցառումների համալիրում պարտադիր իրականացման ենթակա սահմանափակումները:
10. Սահմանափակումների պահանջներով արգելվում է`
1) անապահով տնտեսություն կամ տարածք նոր կենդանիների մուտքը կամ ներկրումը, անապահով տնտեսությունից կամ տարածքներից կենդանիների արտահանումը և տարանցումը.
2) անապահով տնտեսությունների կամ ֆերմաների ներսում կամ տարածքներում կենդանիների վերախմբավորումը, պահվածքը և արածեցումը.
3) անապահով տնտեսություններից և տարածքներից խոտի, ծղոտի և այլ կոպիտ կերերի տեղափոխումը, առուվաճառքը այլ տարածքներ և տնտեսություններ.
4) անապահով տնտեսությունից կամ տարածքից գոմաղբի դուրս բերելը` առանց բիոթերմիկ մշակման.
5) անապահով տնտեսությունից կամ տարածքից պաստերելոզով հիվանդ գյուղատնտեսական, այդ թվում` տոհմային կենդանիների տեղաշարժը, փոխադրումը կամ իրացումը կամ առուվաճառքը.
6) հիվանդ կենդանիների մթերումը բազաներ և բտումով զբաղվող կազմակերպություններ.
7) անապահով տնտեսություններից կաթի, մսի և այլ անասնապահական մթերքի իրացումը վաճառքի նպատակով, իսկ վերամշակման համար թույլատրվում է միայն առողջ կենդանիներից ստացված կամ վնասազերծված մթերքի օգտագործումը.
8) անապահով և ապահով տնտեսությունների անասնագլխաքանակների համատեղ պահվածքը, ջրելը, արածեցումը, ամառային արոտավայրեր տեղափոխելը և գտնվելը.
9) արոտային պահվածքի ժամանակ 3 ամիսների ընթացքում այն արոտավայրերի օգտագործումը, որտեղ արածել են հիվանդ կենդանիներ.
10) հիվանդ կենդանիներին ջրելու համար օգտագործված չհոսող բաց կամ փակ ջրելատեղերի օգտագործումը առողջ կենդանիներին ջրելու նպատակով ջրելը դադարեցնելուց հետո 3 ամսվա ընթացքում.
11) հիվանդությունից անկած կենդանիների դիակների և տեղափոխումը անապահով տնտեսության կամ տարածքի սահմաններից դուրս` բացառությամբ լաբորատոր ախտորոշման դեպքերը: Դիակները ենթակա են անհապաղ ոչնչացման լիազոր մարմնի հսկողությամբ:
11. Հիվանդության բռնկման դեպքում օջախի մեկուսացման նպատակով գյուղացիական կամ ֆերմերային տնտեսությունները և սպասարկող անասնաբույժները պարտավոր են`
1) անապահով հոտի (խմբի) բոլոր կենդանիներին ենթարկել կլինիկական զննման և ջերմաչափման: Հիվանդ և հիվանդության մեջ կասկածվող կենդանիներին մեկուսացնել, ապահովել սպասարկող անձնակազմով, գործիքներով, ախտահանիչներով և այլ պարագաներով.
2) բոլոր հիվանդ և նրանց հետ շփված կենդանիներին ներարկել հակապաստերելոզային գերիմուն շիճուկ` բուժիչ դոզայով և հետևյալ հակաբիոտիկներից մեկը` տերրամիցին (օքսիտետրացիկլին), բիոմիցին (քլորտետրացիկլին), տետրացիկլին, ստրեպտոմիցին, լևոմիցիտին, երկարաձգված ազդեցության հակաբիոտիկներ (դիբիոմիցին, դիտետրացիկլին, դիստրեպտոմիդազոլ, բիցիլին-3): Հակաբիոտիկները կիրառվում են համաձայն համապատասխան հրահանգների, ներարկվում են օրը 3 անգամ 3-5 օր տևողությամբ, իսկ երկարաձգված ազդեցության հակաբիոտիկները` միանվագ: Բուժման նպատակով կարող են օգտագործվել նաև գլյուկոզա, սուլֆանիլամիդային և այլ սիմպտոմատիկ դեղամիջոցներ.
3) կերակրող մայրերի մոտ գտնվող խոճկորներին և գառներին ներարկել հակապաստերելոզային գերիմուն շիճուկ` բուժիչ դոզայով և բուժել տետրացիկլինի խմբի հակաբիոտիկներով: Անապահով տնտեսության տարածքում գտնվող մինչև 3 ամսական հորթերին նույնպես ներարկել հակապաստերելոզային գերիմուն շիճուկ` բուժիչ դոզայով և կերակրել միայն առողջ կենդանիներից ստացված կաթով.
4) հակապաստերելոզային գերիմուն շիճուկ ստացած բոլոր կենդանիներին, որոնց իմունացման տարիքը լրացել է, շիճուկաբուժումից 14 օր հետո ենթարկել իմունականխարգելման` ըստ օգտագործվող պատվաստանյութի հրահանգի.
5) հիվանդ կենդանիների հետ շփված ամբողջ գլխաքանակը թողնել նույն տարածքում և ապահովել մսուրային պահվածք նաև արոտային շրջանում մինչև սահմանափակումների հանելը` նրանց ենթարկելով շիճուկաբուժման հակապաստերելոզային գերիմուն շիճուկով և 14 օր անց պատվաստել` ըստ օգտագործվող պատվաստանյութերի հրահանգի.
6) հիվանդ կենդանիների հետ շփված գլխաքանակից զատ մնացած գլխաքանակը տնտեսության ներսում կամ տարածքում ենթարկել կլինիկական զննման և ջերմաչափման, ջերմություն չունեցող կենդանիներին` իմունականխարգելիչ պատվաստման` ըստ պատվաստանյութի օգտագործման հրահանգի:
12. Անապահով տնտեսություններում կամ տարածքներում կենդանիների իմունականխարգելիչ կամ հարկադիր պատվաստումները իրականացվում են ըստ համաճարակային իրավիճակի ցուցումների և հաստատված ժամանակացույցի:
13. Իմունականխարգելիչ պատվաստումներն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմնի հսկողությամբ և լիազոր մարմնի վերահսկողությամբ:
14. Հիվանդության նկատմամբ անապահով տնտեսություններում կամ տարածքներում անհրաժեշտ է պարբերաբար իրականացնել կրծողների դեմ պայքարի միջոցառումներ:
15. Հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների անասնագոմերի մուտքի մոտ տեղադրվում են ախտահանիչ արգելապատնեշներ` կոշիկները, անիվները ախտահանելու նպատակով:
16. Ախտահանության համար օգտագործվում են 2% ակտիվ քլոր պարունակող թարմ հանգեցված կրի կամ քլորակրի 10-20%-անոց լուծույթներ, նատրիումի հիդրօքսիդի 2%-անոց լուծույթ, 0,5%-անոց ֆորմալդեհիդի լուծույթ, 5%-անոց կրեոլինի տաք լուծույթ:
17. Գոմաղբը և մինչև 70% խոնավություն ունեցող գոմաղբի պինդ ֆրակցիան ենթարկվում են բիոթերմիկ վարակազերծման պինդ անջրաթափանց ծածկույթով` հրապարակներում դարսակավորման եղանակով (դարսակում ջերմաստիճանը 60oC-ի հասնելուց հետո տաք եղանակին պահվում է 2 ամիս, իսկ ցուրտ եղանակին` 3 ամիս):
18. 70-88% խոնավություն ունեցող գոմաղբը կոմպոստավորվում և պահվում է դարսակներում 6 ամիս:
19. Հեղուկ, կիսահեղուկ գոմաղբը և գոմաղբային հեղանյութը վարակազերծվում են քիմիական ճանապարհով` քլորակրի լուծույթի օգնությամբ (1 մ3 գոմաղբին 0,5 լ 25մգ/լ ակտիվ քլոր պարունակող քլորակրի բացեցված լուծույթ` 12-18 ժամ էքսպոզիցիայով):
20. Սպասարկող անձնակազմի արտահագուստի ախտահանության համար օգտագործվում է հոսող գոլորշի (1,5 ժամ գոլորշու խցում), եռացում (2%-անոց կալցիացված սոդայի լուծույթում 1 ժամ), ընկղմում 1%-անոց քլորամինի լուծույթի մեջ (2 ժամով, 5լ լուծույթ 1կգ-ին):
21. Ընթացիկ ախտահանությունն իրականացվում է`
1) անասնաշենքերում կենդանիների հիվանդության կամ անկման դեպքի գրանցումից անմիջապես հետո` ներառյալ հատակը, պատերը, սարքավորումները, կերատաշտերը կամ մսուրները, սպասարկող անձնակազմի համազգեստը, կոշիկները և այն ամենը, ինչի հետ շփվել են հիվանդ կենդանիները.
2) տարածքներում, որտեղ պահվում են հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիները, յուրաքանչյուր առավոտ` մեխանիկական մաքրման աշխատանքներին զուգահեռ` ներառյալ հատակը, պատերը, սարքավորումները, կերատաշտերը կամ մսուրները, սպասարկող անձնակազմի համազգեստը, կոշիկները և այն ամենը, ինչի հետ շփվել են հիվանդ կենդանիները.
3) անասնաշենքերում և անասունների համար նախատեսված զբոսահրապարակներում, որտեղ պահվում են հիվանդության մեջ կասկածվող, սակայն պայմանական առողջ կենդանիները` հիվանդության յուրաքանչյուր նոր դեպքի հաստատումից կամ անկումից հետո, իսկ մինչև սահմանափակումների հանելը` յուրաքանչյուր 10 օրը մեկ.
4) կատարումը հավաստող փաստաթղթավորմամբ:
22. Հիվանդությունից անկած կենդանիների դիերը ոչնչացվում են այրման, օգտահանման կամ բիոթերմիկ հորի միջոցով:
23. Անապահով տնտեսությունում կամ տարածքում սահմանափակումները հանելուց առաջ իրականացվում են հետևյալ միջոցառումները, որոնց պատշաճ կատարումն արձանագրվում և հավաստվում է համապատասխան փաստաթղթավորմամբ`
1) անասունների համար նախատեսված զբոսահրապարակների, փարախների և տարածքների մեխանիկական մաքրում` հետագա ախտահանումով և հողի վերավարում.
2) եզրափակիչ ախտահանություն, որն ուղեկցվում է նաև անասնաշենքերում կոսմետիկ` սպիտակեցման, փայտե կամ մաշված և ոչ պիտանի գույքի, կոնստրուկցիաների փոխարինման կամ նորոգման, իսկ անհրաժեշտության դեպքում` ավելի մեծ աշխատանքներ), եզրափակիչ ախտահանությունն իրականացվում է սույն հրահանգի 15-րդ կետում նշված նյութերով:
24. Տնտեսությունից (տարածքից) սահմանափակումները հանվում են համատարած իմունացումից և պաստերելոզ հիվանդության կամ անկման դեպքի գրանցումից և սույն հրահանգի 22-րդ կետով նախատեսված միջոցառումների և աշխատանքների ավարտից 14 օր հետո:
25. Սահմանափակումները հանելուց հետո 1 տարվա ընթացքում տնտեսությունում կամ տարածքներում իրականացվում է գլխաքանակի իմունականխարգելում համապատասխան պատվաստանյութով: Նոր տեղափոխված կենդանիներն իմմունացվում են կարանտինացման ժամանակաշրջանում, եթե չեն պատվաստվել մատակարար տնտեսությունում:
26. Ֆիզիկական և իրավաբանական անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում իմունականխարգելիչ միջոցառումների իրականացման համար, ընդգրկելով անասնագերեզմանոցների, բիոթերմիկ հորերի և կենդանիների դիակների թաղման այլ տեղերի կահավորման և սանիտարական վիճակում պահպանման կազմակերպատնտեսական միջոցառումները, ինչպես նաև կենդանիների սպանդի, մսի, մսամթերքների և կաշվե հումքի պահպանման համար պատշաճ պայմանների ստեղծումը:
IV. ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՊԱՀՈՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄՍԻ, ԵՆԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Արգելվում է հիվանդության մեջ կասկածվող կամ հիվանդ կենդանիներից ստացված մսի տեղափոխումը հում վիճակում:
28. Մսեղիքի կամ մսի վրա դիստրոֆիկ կամ այլ ախտաբանական փոփոխությունների` աբսցեսների և այլն առկայության դեպքում մսեղիքը և ներքին օրգանները ենթակա են ոչնչացման:
29. Մսեղիքում և օրգաններում ախտաբանական փոփոխությունների բացակայության դեպքում սպանդից առաջացած մսի և սպանդային մթերքի օգտագործումը թույլատրվում է բակտերիոլոգիական հետազոտության արդյունքներով սննդում օգտագործման համար պիտանի ճանաչվելուց հետո:
30. Բակտերիոլոգիական հետազոտությամբ մսեղիքում և/կամ ներքին օրգաններում լիստերիաներ հայտնաբերելու դեպքում դրանք ենթակա են ոչնչացման ամբողջությամբ:
31. Մսեղիքում և/կամ ներքին օրգաններում սալմոնելաների հայտնաբերման դեպքում ներքին օրգանները ենթակա են ոչնչացման, իսկ մսեղիքը` ջերմային մշակումից հետո օգտագործման պահածոների կամ մսային հացերի արտադրություններում:
32. Մսեղիքում և/կամ ներքին օրգաններում սալմոնելաների բացակայության դեպքում դրանք ենթակա են օգտագործման եփած կամ եփած-ապխտած երշիկների պատրաստման արտադրություններում:
33. Հիվանդության մեջ կասկածվող կամ հիվանդ կենդանիներից ստացված կաթը պաստերիզացվում է տնտեսությունում 90oC ջերմաստիճանային պայմաններում` 5 րոպե և հետագայում օգտագործվում է բացառապես կենդանիների կերակրման նպատակով:
34. Անկած կամ հարկադիր սպանդի ենթարկված կենդանիների կաշին վարակազերծվում է 1%-անոց կերակրի աղի 20%-անոց բացված աղաթթվի լուծույթով (1 միավոր կաշվին` 4 միավոր լուծույթ): Կաշիները պահվում են ախտահանիչ լուծույթում 48 ժամ (17-20oC ջերմաստիճանային պայմաններում): Կաշվի վերամշակման գործարան տեղափոխումը թույլատրվում է բացառապես հերմետիկ փակ տարայով:
35. Սույն հրահանգով նախատեսված գործողությունների կատարումը ենթակա է արձանագրման և փաստաթղթավորման, կազմված փաստաթղթերը ենթակա են պահպանության:
36. Սույն հրահանգի կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը: