326.0100.280213
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 02 2013 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32613071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 փետրվարի 2013 թվականի N 100-Ն
i
ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1352-Ն որոշման 3-րդ կետի, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 531-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 13-րդ կետի 4-րդ ենթակետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հ. Մխիթարյանին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետին` սույն հրամանը պետական գրանցման համար սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
Հավելված
ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարի
2013թ. փետրվարի 12-ի
N 100-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է սեյսմիկ ռիսկի գնահատման (այսուհետ` ՍՌԳ) աշխատանքների կազմակերպման և իրականացման դրույթները:
2. ՍՌԳ կատարվում է Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի, քաղաքաշինական փաստագրերի մշակման ժամանակ: ՍՌԳ արդյունքում մշակվում են սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզներ, որոնք կիրառվում են տարածքների, շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումների պլանավորման, արտակարգ իրավիճակների կառավարման և նրանց հետևանքների վերացման համար:
3. ՍՌԳ աշխատանքների պատվիրատու կարող են հանդիսանալ` ՀՀ մարզպետները, ՀՀ համայնքների ղեկավարները, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները, օբյեկտների սեփականատերերը:
4. Սեյսմիկ ռիսկը հնարավոր երկրաշարժի դեպքում մարդկային, սոցիալական, տնտեսական հավանական կորուստներն են` հաշվարկված տարածքի սեյսմիկ վտանգի և ենթակառուցվածքների խոցելիությանը համապատասխան: ՍՌԳ ճշտությունը կախված է ելակետային տվյալների ամբողջականությունից և հավաստիությունից:
5. ՍՌԳ նպատակով իրականացվող աշխատանքները ներառում են` ինժեներաերկրաբանական, սեյսմատեկտոնական, սեյսմաբանական և սեյսմահետախուզական հետազոտություններ, օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատումներ, մարդկային հնարավոր կորուստների տեսական հաշվարկներ:
6. ՍՌԳ կատարվում է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1351-Ն և N 1352-Ն որոշումների, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2012 թվականի նոյեմբերի 9-ի N 550-Ն հրամանի և սույն կարգի հիման վրա:
ՍՌԳ քարտեզի մշակման համար աշխատանքներն իրականացվում են ՀՀ ԱԻ նախարարի 2012 թվականի նոյեմբերի 9-ի N 550-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված տեխնիկական առաջադրանքի օրինակելի ձևին համապատասխան:
II. ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
7. Սույն կարգի դրույթները պարտադիր են Հայաստանի Հանրապետության տարածքում ՍՌԳ աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների համար:
8. ՍՌԳ աշխատանքների արդյունքում կազմվում է ՍՌԳ քարտեզ, որում առանձնացվում են տարբեր սեյսմիկ ռիսկ ունեցող տեղամասեր /բարձր, միջին, ցածր/:
9. Տարածքի ՍՌԳ կատարվում է երկրաշարժի մեկ կամ մի քանի սցենարների մշակման հիմքի վրա, նշելով այս կամ այն սցենարների հավանականությունը:
10. ՍՌԳ կարող է իրականացվել`
1) դետերմինիստիկ մոտեցումով, որի ժամանակ ընտրվում է վատագույն սցենարը` առանց երկրաշարժի ծագման ժամանակը հաշվի առնելու.
2) հավանականային մոտեցումով` որոշակի ընտրված ժամանակահատվածի համար (օրինակ` 50, 200, 250 և այլ տարիներ): Սեյսմիկ ռիսկի հավանականային գնահատման հիմքում դրվում է սեյսմիկ վտանգի հավանականային գնահատումը` հաշվի առնելով բնակավայրի հետագա զարգացման պլանը:
ՍՌԳ այս կամ այն մեթոդի ընտրությունը կատարվում է` ելնելով պատվիրատուի կողմից դրված խնդիրների պահանջներից, ուսումնասիրվող տարածքի առանձնահատկություններից և բարդություններից, ուսումնասիրվող օբյեկտի կարևորությունից:
11. Բոլոր դեպքերում, ՍՌԳ հիմնական արդյունքներն են` մարդկային ուղղակի և անուղղակի կորուստների որոշումը, քանդված կամ տարբեր աստիճանի վնասված շենքերի քանակի և նրանց տիպերի որոշումը, ենթակառուցվածքներին, տնտեսության ռեսուրսներին և նրանց պոտենցիալին հասցրած վնասները: ՍՌԳ հիմնական արդյունքներից է տվյալ տարածքի համար սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված առաջարկությունների մշակումը:
12. ՍՌԳ մեթոդոլոգիան ներառում է հետևյալ փուլերը`
1) սեյսմիկ վտանգի գնահատում.
2) երկրաշարժի սցենարի կամ սցենարների ընտրություն.
3) ռիսկի տարրերի (բնակչություն, շենքեր, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտներ, ենթակառուցվածքներ, հաղորդակցման գծեր, երկրաշարժով հարուցված բնական և տեխնածին այլ երկրորդային վտանգավոր երևույթներ և այլն) վերաբերյալ տվյալների հավաքագրում և քարտեզագրում.
4) ռիսկի տարրերի խոցելիության վերլուծություն.
5) ռիսկի գնահատում և քարտեզագրում, սպասվող կորուստների հաշվարկում:
13. Սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման ելակետային տվյալների բազան և հիմնական նյութերը, ինչպես նաև ստացված արդյունքները, հիմնականում ներկայացվում են Երկրատեղեկատվական համակարգի` ԵՏՀ (GIS)(ՋիԱյԷս) ֆորմատով:
14. ՍՌԳ հիմնական աշխատանքներն են`
1) Սեյսմիկ վտանգի գնահատում. սեյսմիկ վտանգի քարտեզագրումը (սեյսմիկ գոտիավորումը) իրականացվում է դետերմինիստիկ և/կամ հավանականային մոտեցումներով: Ստացված արդյունքները արտահայտում են գրունտի առավելագույն հորիզոնական արագացումները (PGA)(ՓիՋիԷյ) g-ի (ջի) մասերով, խզվածքների հարթությունների տեղադիրքը և անկման ուղղությունները, գրունտի երկրորդային էֆեկտները (սողանքներ, գրունտի քայքայվածություն և այլն), գրունտի առավելագույն արագությունները (PGV) (ՓիՋիՎի) և այլն.
2) Երկրաշարժերի սցենարի կամ սցենարների ընտրություն, որն իրականացվում է պատմական, նախապատմական և գործիքային ժամանակաշրջանների ուժեղ երկրաշարժերի օջախային գոտիների առավելագույն մագնիտուդների արժեքների ընտրության եղանակով, իսկ դրանց բացակայության դեպքում կամ որպես այլընտրանք` սեյսմիկ վտանգի դեագրեգացիայի հիման վրա:
Դեագրեգացման ամենաընդունված ձևը երկչափ դեագրեգացումն է, ըստ մագնիտուդի և հեռավորության զույգերի, ինչը հնարավորություն է տալիս որոշել երկրաշարժի գերիշխող սցենարները: Դեագրեգացումը իրականացվում է գրունտի առավելագույն հորիզոնական արագացման (PGA) (ՓիՋիԷյ) 475 և 2475 տարի կրկնելիության ժամանակահատվածների համար, ինչպես նաև սպեկտրալ արագացման տարբեր պարբերությունների համար.
3) Սեյսմիկ ռիսկի տարրերի հավաքագրում և քարտեզագրում. սեյսմիկ ռիսկի հիմնական տարրերն են` բնակչությունը, շենքերը և շինությունները, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտները, կենսաապահովման գծերը (էլեկտրականության, կապի, ջրամատակարարման, գազի), տրանսպորտի և այլ կոմունիկացիոն համակարգերը.
4) Սեյսմիկ ռիսկի տարրերի խոցելիության գնահատում. շենքերի և շինությունների խոցելիության գնահատումը կատարվում է նրանց դասակարգումով, ըստ համապատասխան պարամետրերի (կառույցի տիպը, հարկայնությունը, կառուցման թիվը, մուտքերի քանակը, այլ կառուցվածքային առանձնահատկությունները): Ռիսկի յուրաքանչյուր տարրի խոցելիությունը գնահատվում է նրա վնասվածության աստիճանի և երկրաշարժի ինտենսիվության կախվածությամբ (տարրի խոցելիության կոր):
Գրաֆիկական կորը կառուցելու համար օգտագործվում են ինչպես տեսական հաշվարկները, այնպես էլ տարածաշրջանի ուժեղ երկրաշարժերի հետևանքների հետազոտությունների արդյունքները և վիճակագրությունը:
Սեյսմիկ պաշտպանության ոլորտի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատումը կատարվում է «Սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների խոցելիության գնահատման մեթոդական ցուցումների» համաձայն.
5) Սեյսմիկ ռիսկի գնահատում. իրականացվում է սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի տարրերի խոցելիության վերլուծությամբ ստացված արդյունքների համադրման միջոցով:
Սեյսմիկ ռիսկի հաշվարկների` սպասվող կորուստների քանակական արժեքների որոշման համար, օգտագործվում են հայտնի ծրագրային փաթեթներ, որոնք փորձարկված են տվյալ տարածաշրջանի համար:
Տվյալ ծրագրային փաթեթներն օգտագործում են`
ա. Սեյսմիկ վտանգի քարտեզները` արտահայտված գրունտի առավելագույն արագացումներով, մակերևութային խզվածքների տվյալներով, երկրորդային գրունտային էֆեկտներով, սեյսմիկ ալիքների արագություններով և տարբեր պարբերությունների համար գրունտի սպեկտրալ արագացումներով,
բ. շենքերի, հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների տվյալների բազան և նրանց տեղաբաշխման քարտեզները,
գ. գիշերային ժամերին բնակչության տեղաբաշխման քարտեզը,
դ. ենթակառուցվածքների, կենսաապահովման գծերի, կոմունիկացիոն գծերի բախշվածության քարտեզները,
ե. ռիսկի տարրերի խոցելիության կախվածությունը (կորը) երկրաշարժի ինտենսիվությունից (PGA/I0) (ՓիՋիԷյ/Այ0):
15. ՍՌԳ հիմնական արդյունքներն ամփոփվում են 250մ x 250մ կամ ավելի փոքր չափի բջիջներից (Grid-cell)(Գրիդ-Սել) բաղկացած հետևյալ քարտեզների միջոցով, ԵՏՀ (GIS) (ՋիԱյԷս) ֆորմատով`
1) շենքերի տարաստիճան վնասվածության տեղաբաշխման քարտեզ` հիմնված երկրաշարժի ինտենսիվության վրա.
2) շենքերի տարաստիճան վնասվածության տեղաբաշխման քարտեզ` հիմնված տարբեր պարբերությունների սպեկտրալ արագացումների վրա.
3) մարդկային կորուստների տեղաբաշխման քարտեզ.
4) շենքերի տարաստիճան վնասվածության տեղաբաշխման քարտեզ, հիմնված սեյսմիկ վտանգի քարտեզի վրա, որը կարող է ծառայել որպես հողօգտագործման քարտեզ:
16. ՍՌԳ մյուս արդյունքները` ուղղակի և անուղղակի ֆինանսական կորուստներ, ենթակառուցվածքներին, տնտեսության ռեսուրսներին և նրանց պոտենցիալին հասցված վնասները, ներկայացվում են աղյուսակների և դիագրամների միջոցով:
17. ՍՌԳ հետազոտությունների նյութերը պատվիրատուին ներկայացվում են ՍՌԳ քարտեզների և կատարված աշխատանքների արդյունքների ամփոփագրի տեսքով` բաղկացած տեքստային և գրաֆիկական մասերից ու հավելվածներից:
18. ՍՌԳ աշխատանքների ամփոփագրի տեքստային մասը պարունակում է հետևյալ բաժիններն ու տեղեկությունները`
1) Ներածություն. աշխատանքների կատարման հիմքը, հետազննությունների խնդիրները, հետազննությունների շրջանի տեղադրությունը, կատարված աշխատանքների տեսակներն ու ծավալները, կատարման ժամկետները, առանձին տեսակի աշխատանքների կատարման մեթոդները, կատարողների կազմը, շեղումները աշխատանքային ծրագրից, դրանց հիմնավորումը և այլն.
2) Ֆիզիկաաշխարհագրական և տեխնածին պայմանները. շատ հակիրճ տրվում է աշխարհագրական դիրքը, երկրաձևաբանությունը, ջրագրությունը, ռելիեֆը, կլիման, տեղեկություններ տարածքի կառուցապատման, տեխնածին հնարավոր վտանգների մասին.
3) Տարածքի ինժեներաերկրաբանական պայմանները. տարածքի երկրաբանական կառուցվածքը, լիթոլոգիական կտրվածքը, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկությունները, երկրաձևաբանական և ջրաերկրաբանական պայմանները, ֆիզիկաերկրաբանական և ինժեներաերկրաբանական պրոցեսներն ու երևույթները.
4) Տարածքի ուսումնասիրվածությունը. նախկինում կատարված ՍՌԳ հետազոտությունների տեղամասի սահմանները, կատարող կազմակերպությունների անվանումը, աշխատանքների կատարման ժամանակը և հիմնական արդյունքները, սեյսմիկ ռիսկի նոր գնահատման համար դրանց օգտագործման հնարավորությունները.
5) ՍՌԳ քարտեզի բացատրագիրը`
ա. Աշխատանքների արդյունքները. ներկայացվում են սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերում նշված հետազննությունների և հաշվարկների արդյունքները,
բ. Եզրակացություններ և առաջարկություններ. համառոտ շարադրվում են ՍՌԳ ընթացքում բացահայտված հիմնական օրինաչափությունները, տրվում են սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկություններ (հանձնարարականներ).
6) Օգտագործված գրականության ցուցակ. բերվում է ամփոփագրի կազմման ընթացքում օգտագործված ֆոնդային և հրատարակված նյութերի ցանկը:
19. Տեքստային հավելվածները պարունակում են`
1) պատվիրատուի հայտը, Լիազոր մարմնի տեխնիկական առաջադրանքը` ներառյալ նրա փոփոխություններն ու լրացումները.
2) սեյսմիկ ռիսկի հաշվարկների աղյուսակներ:
20. Գրաֆիկական մասը պարունակում է`
1) ուսումնասիրվող տարածքի տեսածիրային քարտեզ (պլան).
2) փաստացի նյութերի քարտեզ.
3) ինժեներաերկրաբանական պայմանների քարտեզ.
4) սեյսմիկ գոտիավորման քարտեզ.
5) այլ փաստացի նյութեր.
6) ՍՌԳ քարտեզ (քարտեզներ):
21. Կատարողը ՍՌԳ քարտեզը և առդիր ամփոփագիրը ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին, որը փոխանցվում է լիազորված մարմնի արխիվ և Ճգնաժամային կառավարման կենտրոն` պահպանելով հեղինակային իրավունքը: Քարտեզին և դրան կից ներկայացվող ամփոփագրի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները բերված են ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1352-Ն որոշման N 2 հավելվածում:
22. Սեյսմիկ խոցելիության նվազեցման առաջարկությունները մշակվում են Լիազոր մարմնի կողմից:
23. ՍՌԳ քարտեզը և առդիր ամփոփագիրը, ներառյալ սեյսմիկ ռիսկի նվազեցման առաջարկությունները, Լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատվելուց հետո անվճար ներկայացվում է պատվիրատուին:
24. Աշխատանքների կատարման ելակետային նյութերն ամփոփագրի կազմի մեջ չեն մտնում, պատվիրատուին չեն տրվում, այլ ամփոփագրի բնագրի հետ պահվում են կատարողի արխիվում: