(ուժը կորցրել է 06.08.15 թիվ 890-Ն որոշում)
i
040.1358.021112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 2012 թվականի N 1358-Ն
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման շրջանակներում նույնականացման քարտերի միջոցով էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու և բիզնես համայնքին աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հարկ վճարողների կողմից 2012 թվականի ընթացքում նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված սպասարկման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի N 115-Ն որոշման 1-ին կետով նշված միջոցների հաշվին` սուբսիդիա տրամադրելով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն):
(1-ին կետը փոփ. 31.01.13 թիվ 86-Ն որոշում)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` սույն որոշման 1-ին կետում նշված սուբսիդավորումն ընկերությանը հատկացնել սուբսիդիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա` նախատեսելով, որ`
1) սուբսիդիան ընկերությանը հատկացվելու է սկսած 2012 թվականի չորրորդ եռամսյակից ամսական պարբերականությամբ` փաստացի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում նույնականացման քարտերով գրանցված հարկ վճարողների թվին համապատասխան.
2) տրամադրվող սուբսիդիայի չափը ծառայության մեկ միավորի դիմաց կազմում է 3 000 դրամ:
3. Սահմանել, որ`
i
1) նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը սուբսիդավորման միջոցով կարող են ձեռք բերել այն քաղաքացիները, ովքեր 2012 թվականի ընթացքում դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգում գրանցվելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամսական կտրվածքով ընկերությանն է տրամադրում անձնավորված հաշվարկի համար դիմած քաղաքացիների ցուցակը:
Ընկերությունը նշված ցուցակի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում սուբսիդավորման հայտը.
2) նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրությունը սուբսիդավորման միջոցով չեն կարող ձեռք բերել այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն էլեկտրոնային ստորագրություն:
3) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված քաղաքացիները նույնականացման քարտի սպասարկման ծառայության սուբսիդավորման հնարավորությունից կարող են օգտվել սկսած 2012 թվականի սեպտեմբերի 30-ից.
4) էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման, էլեկտրոնային գրքերի վարման և ինտերնետային հարկային հաշիվների դուրսգրման համար հարկ վճարողին օգտվողի մուտքի անունը և գաղտնաբառը (Login&Password) տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.
5) անձը, օգտվողի մուտքի անուն և գաղտնաբառ ստանալու համար, հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին (այն հարկային տեսչություն, որտեղ հաշվառված է հարկ վճարողը կամ այդ հարկային տեսչության համապատասխան տարածքային բաժին) է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա. հարկ վճարողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր կամ հրաման հարկ վճարողի կողմից էլեկտրոնային ծածկագիրը և գաղտնաբառն օգտագործելու և դրանք հարկային մարմնից ստանալու իրավասու անձ լինելու վերաբերյալ` բացառությամբ իրավաբանական անձի գործադիր մարմնի և անհատ ձեռնարկատիրոջ,
բ. նույնականացման քարտ.
6) սույն կետի 5-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու պահին հարկային մարմինը լրացնում և անձի հետ կնքում է հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագիր` նրան տրամադրելով օգտվողի մուտքի անունն ու գաղտնաբառը:
(3-րդ կետը փոփ. 31.01.13 թիվ 86-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ամսական պարբերականությամբ` հաշվետու ամսվա ավարտից հետո 5-օրյա ժամկետում ընկերությանը տրամադրել նախորդ հաշվետու ամսվա արդյունքներով հարկային մարմիններում նույնականացման քարտերի միջոցով գրանցված քաղաքացիների ցուցակը` նշելով քաղաքացու անունը, ազգանունը, նույնականացման քարտի համարը և հանրային ծառայությունների համարանիշը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել նույնականացման քարտի տրամադրման հետ միասին PIN և PUK ծածկագրերի տրամադրումը:
6. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, այն քաղաքացիներին, ովքեր ունեն էլեկտրոնային ստորագրություն, տեղափոխումն էլեկտրոնային ստորագրությունների նոր համակարգ կատարել անվճար:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ