101.0003.041012
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 10 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10112361
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՀՐԱՄԱՆ
11 սեպտեմբերի 2012 թվականի N 3-Ն
i
ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի և 5-րդ հոդվածի 11-րդ մասի, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի թիվ 433 որոշմամբ հաստատված ՀՀ ԱԱԾ կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել արժեքավոր նվերի արժեքի կամ միանվագ գումարի առավելագույն չափը և դրանց տրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հրամանը ծանոթացնել ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներին, կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների սպայական և ենթասպայական կազմերին:
Հավելված
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2012 թ. սեպտեմբերի 11-ի
N 3-Ն հրամանի
ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԵՐԻ ԱՐԺԵՔԻ ԿԱՄ ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգը սահմանում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողներին արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրման կարգը:
2. Արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրվում են ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով:
3. Արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով պարգևատրման միջնորդությունները ներկայացնում են`
1) ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալները,
2) ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմինների և մարզային վարչությունների պետերը:
4. Արժեքավոր նվերը կամ միանվագ գումարը հանձնվում է ՀՀ ԱԱԾ տնօրենի կամ վերջինիս հանձնարարությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված պաշտոնատար անձանց կողմից:
5. ՀՀ ԱԱԾ սպաներին, ենթասպաներին և պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմին կարող են տրվել արժեքավոր նվերներ կամ միանվագ գումար` զինծառայողի պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի գումարը չգերազանցող չափով:
6. Առանձին դեպքերում ՀՀ ԱԱԾ տնօրենը կարող է պարգևատրել համակարգի զինծառայողներին սույն կարգի 5-րդ կետում նշված արժեքավոր նվերի արժեքը կամ միանվագ գումարի չափը գերազանցող արժեքավոր նվերով կամ միանվագ գումարով: