040.1141.140912
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2012 թվականի N 1141-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 1405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԵԿՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածների ու 16-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները և Կենտրոն վարչական շրջանի գոտևորման նախագիծը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1405-Ն որոշման հավելվածի 8-րդ կետը:
2. Սույն որոշման հավելվածում նշված տարածքի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն կետում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. սույն որոշման հավելվածում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երևանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին և խարխուլ շինություններով,
բ. համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի` սույն որոշման հավելվածում նշված տարածքը` արդեն իսկ կառուցապատված ու կառուցապատվող գլխավոր պողոտայի հետ միասին կհանդիսանա որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատումը` ժամանակակից պահանջներին համապատասխանող մայթերով, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա բնակարանային ֆոնդը մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցումը, իսկ կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երևան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ`
ա. դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, արդեն իսկ մասնակիորեն կառուցապատվել է գլխավոր պողոտան,
բ. անհնար է այդ տարածքում ապահովել բնականոն երթևեկություն, ջրամատակարարում, ջրահեռացում և քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող այլ պայմաններ, որոնք նախատեսված են Երևան քաղաքի գլխավոր հատակագծով: Կառուցապատման աշխատանքները թույլ կտան մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել քաղաքաշինական ծրագիրը` համադրելով հին Երևանի ճարտարապետական ոճը ներկայումս կառուցվող շենքերի, շինությունների հետ, բացի դրանից, տարածքում արդեն իսկ մասնակիորեն կատարված են սեփականության իրացման աշխատանքներ:
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես է գալիս Երևանի քաղաքապետը.
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացման համակարգման և սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմնի գործառույթները պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է.
4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման և սեփականության օտարման գործառույթներն իրականացնում է որպես լիազոր մարմին ճանաչված` Երևանի քաղաքապետը.
5) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի և դրանում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու, գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և նկարագրության արձանագրության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ սահմանված նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
6) սույն որոշման հավելվածում նշված տարածքը ձեռք բերողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տարածքը ձեռք բերողի և լիազոր մարմնի միջև կնքվող պայմանագրին համապատասխան:
4. Լիազորել Երևանի քաղաքապետին`
1) անցկացնել հասարակության և պետության կարիքների համար օտարվող սեփականությունը ձեռք բերողի հրապարակային սակարկություն` մրցույթ` հետևյալ նվազագույն պայմաններով`
ա. կառուցապատման ավարտի ժամկետ սահմանել մինչև 2016 թվականի հունվարի 1-ը,
բ. սահմանել կառուցապատման հարկայնությունը` 0.0 նիշից բարձր` 12-14 հարկ,
գ. տարածքը ձեռք բերողն ստանձնում է նաև տարածքի նախկին ձեռք բերողներ Գագիկ Պապոյանի և «Նարեկգրադ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կադաստրային գրանցում ստացած` օտարման գործընթացի հետևանքով առաջացած և չկատարված հատուցման պարտավորությունները, ինչպես նաև նախնական առուվաճառքի պայմանագրերով գնորդների վճարած գումարները վերադարձնելու պարտավորությունը` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից որոշված իրավատերերի կազմով և չափերով,
դ. տարածքը ձեռք բերողը պարտավոր է շենքի կառուցման ավարտից հետո Երևանի համայնքին սեփականության իրավունքով տրամադրել բնակելի տարածքներ` «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կրկնակի վաճառքներից տուժած անձանց որպես օգնություն տրամադրելու համար` ըստ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի մարտի 2-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 194-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից առաջարկված իրավատերերի կազմի և չափերի: Սույն ենթակետով նախատեսված մակերեսի չափը մրցույթի հաղթողին որոշելու հիմնական չափանիշն է.
2) տարածքը ձեռք բերող թեկնածուի ընտրության դեպքում ընտրված ընկերության հետ պետության անունից կնքել «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանագիր և ներկայացնել առաջարկություն սույն որոշման մեջ համապատասխան փոփոխություն կատարելու վերաբերյալ.
3) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքում առկա` պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի` պետության և հասարակության կարիքների համար գույքի օտարման գործառույթների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2012 թվականի սեպտեմբերի 6-ի
N 1141-Ն որոշման
ՑԱՆԿ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԵԿՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ` ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
.______________________________________________________________.
|NN | Գտնվելու վայրը և նկարագիրը |Նկարագրության |
|ը/կ| |արձանագրության |
| | |կազմման ժամկետը|
|___|__________________________________________|_______________|
| 1.|1-ին Եկմալյան 6, 1-ին Եկմալյան 8, 1-ին | 4 ամիս |
| |Եկմալյան 10, 1-ին Եկմալյան 12, 1-ին | |
| |Եկմալյան 14, Ջափարիձեի 1 (սխեման կցվում է)| |
.______________________________________________________________.
ՍԽԵՄԱ
ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ
(ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ԵԿՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔ)
____________________________
ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում