Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՌԱ ...

 

 

115.0066.310712

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        07            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11512303

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 հուլիսի 2012 թվականի N 66-Ն

 

i

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 1 ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 2 ՑՈՒՑԱԿԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 153-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. հունվարի 12-ի N 12-Ն որոշման 2-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 1 ցուցակը և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների թիվ 2 ցուցակը կիրառելու կանոնները` համաձայն N 1 հավելվածի.

2) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 11-ի «Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակի և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակի կիրառման կանոնները հաստատելու մասին» N 153-Ն հրամանը:

 

Հավելված N 1

ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարարի

2012 թ. հուլիսի 20-ի

N 66-Ն հրամանի

 

ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 1 ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ԾԱՆՐ, ՎՆԱՍԱԿԱՐ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ N 2 ՑՈՒՑԱԿԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 1 ցուցակը (այսուհետ` թիվ 1 ցուցակ) և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների, պաշտոնների և ցուցանիշների N 2 ցուցակը (այսուհետ` թիվ 2 ցուցակ) հաստատվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թ. հունվարի 12-ի թիվ 12-Ն որոշմամբ:

2. Սույնով սահմանվում են թիվ 1 և թիվ 2 ցուցակները կիրառելու կանոնները` հաշվի առնելով դրանցում նշված արտադրությունների արտադրական առանձնահատկությունները, այդ ցուցակները կիրառելու յուրահատկությունները, ինչպես նաև արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժը համապատասխան փաստաթղթերով հաստատելու կարգը:

3. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ է.

1) ճշտել, թե որ արտադրությունում է կատարվել տվյալ աշխատանքը,

2) հիմնավորել, որ անձն աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքների ստորաբաժանումում կամ արտադրությունում (արտադրամասում, տեղամասում, բաժանմունքում),

3) ճշտել թիվ 1 ցուցակում և թիվ 2 ցուցակում տվյալ մասնագիտության և պաշտոնի առկայությունը (բաժին, ենթաբաժին, ծածկագիր),

4) ճշտող տեղեկանքներով հիմնավորել, որ անձը լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներ (հատուկ նյութերով, որոշակի սարքավորումներով և այլն), ինչպես նաև այդ աշխատանքների պայմանները և բնույթը:

 

2. ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Թիվ 1 և թիվ 2 ցուցակները կազմված են ըստ արտադրական հատկանիշների: Յուրաքանչյուր բաժնում և ենթաբաժնում նշված են արտադրության որոշակի տեսակներ:

5. Այս առումով նախ պետք է որոշել, թե որ ցուցակի որ բաժինը կամ ենթաբաժինը պետք է կիրառել, այն է` որոշել, թե որ արտադրությունում է ընթանում այն տեխնոլոգիական գործընթացը, որին ներգրավված է աշխատողը:

6. Այս հարցը դժվարություններ չի հարուցում, եթե կազմակերպության կամ նրա կառուցվածքային ստորաբաժանման անվանումն արդեն իսկ վկայում է այս կամ այն արտադրության առկայությունը (կոշիկի ֆաբրիկա, ձուլող գործարան, արտադրամասի ձուլման տեղամաս, դարբնոցային տեղամաս և այլն):

7. Որևէ աշխատանք ցուցակներում նշված այս կամ այն արտադրությանը պատկանելու հիմք կարող են լինել տեխնոլոգիական կարգավորումը, հաստատված նախագծային հանձնարարականները, պլանային և արտադրական բաժինների փաստաթղթերը: Օրինակ` մետաղագործական գործարանում կա ձուլման արտադրամաս, որն ունի պողպատաձուլման տեղամաս: Հաշվի առնելով, որ մետաղագործական գործարանի արտադրանքը մետաղն է, իսկ ձուլման արտադրամասինը` մեքենաների և սարքերի մանրամասեր (դետալներ) պատրաստելու համար օգտագործվող ձուլվածքը` այդ տեղամասի բանվորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Մետաղամշակում» բաժինների «Ձուլման արտադրություն» ենթաբաժիններով:

8. Թիվ 1 և թիվ 2 ցուցակները կիրառվում են բոլոր կազմակերպություններում` անկախ սեփականության ձևից և գերատեսչական պատկանելությունից (բացառությամբ որոշ բաժինների, օրինակ` «Քիմիական արտադրություն» բաժնի): Այսպես, պլաստմասսե իրերի թողարկման արտադրություն կարող է կազմակերպվել պետական կամ մասնավոր կազմակերպությունում: Ցուցակներում նշված մասնագիտություններով աշխատած և պաշտոններ զբաղեցրած աշխատողները երկու դեպքում էլ օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:

9. Քիմիական արտադրանք պատրաստող աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ է նկատի ունենալ, որ թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Քիմիական արտադրություն» բաժինների «Ա» ենթաբաժինները տարածվում են միայն քիմիական արդյունաբերության ճյուղի կազմակերպությունների աշխատողների վրա, իսկ «Բ» ենթաբաժինները` տնտեսության մյուս ճյուղերի կազմակերպությունների աշխատողների վրա, ովքեր աշխատում են առանձին արտադրամասերում և տեղամասերում:

10. Որպեսզի որոշվի, թե քիմիական արտադրանք թողարկող աշխատողներին տվյալ բաժնի որ ենթաբաժնով պետք է կենսաթոշակային արտոնություն տրվի, անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք տվյալ կազմակերպությունը քիմիական արդյունաբերության ճյուղին է պատկանում: Օրինակ` եթե քիմիական արտադրանքը կազմակերպության հիմնական արտադրանքն է, ապա այդ կազմակերպությունը, պետք է դասվի քիմիական արդյունաբերության կազմակերպությունների շարքը` անկախ գերատեսչական պատկանելությունից:

11. Եթե քիմիական արդյունաբերության ճյուղին չպատկանող կազմակերպությունում կա առանձին արտադրամաս (տեղամաս, բաժանմունք), որի աշխատողները կատարում են արծնի (էմալի) արտադրության աշխատանքներ, ապա նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 և թիվ 2 ցուցակների «Քիմիական արտադրություն» բաժինների «Բ» ենթաբաժիններով:

12. Գիտահետազոտական ինստիտուտների, նախագծային բյուրոների բանվորները, ղեկավարները և մասնագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն (ըստ ցուցակներում նշված մասնագիտությունների և պաշտոնների), եթե աշխատում են փորձարարական արտադրություններում (գործարաններում, արտադրամասերում, տեղամասերում): Սա բացատրվում է նրանով, որ գիտահետազոտական ինստիտուտների, նախագծային բյուրոների ստորաբաժանումները կառուցվածքայնորեն առանձնացված են և կարող են ունենալ ինքնուրույն հաշվեկշիռ: Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ արտադրությունները կրեն «փորձարարական» անվանումը (փորձարարական գործարան, փորձարարական արտադրամաս և այլն): Կարևորն այն է, որ դրանք իրենց գործունեության բնույթով լինեն փորձարարական, իսկ անվանումները կարող են լինել տարբեր: Ըստ էության, այդ արտադրությունների աշխատողների աշխատանքի բնույթը և պայմանները, չեն տարբերվում արդյունաբերական կազմակերպությունների աշխատողների աշխատանքի բնույթից և պայմաններից:

13. Նախագծային բյուրոների, փորձնական-փորձարարական գործարանների բաժինների և լաբորատորիաների աշխատողները կարող են օգտվել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, եթե ուղղակիորեն նշված են թիվ 1 կամ թիվ 2 ցուցակում: Օրինակ` թիվ 1 ցուցակի XIX և թիվ 2 ցուցակի XXIX բաժիններում նշված են գիտահետազոտական ինստիտուտների, նախագծային բյուրոների, լաբորատորիաների աշխատողները, ովքեր աշխատում են որոշակի ակտիվության ճառագայթաակտիվ նյութերով: Կազմակերպությունների լաբորատորիաների աշխատողները նույնպես օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, եթե նրանց աշխատանքն ուղղակիորեն նշված է թիվ 1 կամ թիվ 2 ցուցակում, օրինակ` քիմիական արդյունաբերության կազմակերպությունների արտադրամասերի լաբորատորիաների աշխատողները:

 

3. ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

14. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս ճշտվում է, թե ցուցակների որ բաժնում կամ ենթաբաժնում է նշված այն արտադրությունը, որտեղ կատարվել է աշխատանքը, պարզվում է` արդյո՞ք այդ արտադրության բոլոր աշխատողներն են օգտվում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից, քանի որ, առանձին դեպքերում, այդպիսի կենսաթոշակ նշանակելը պայմանավորված է նրանով, թե որ կառուցվածքային ստորաբաժանումում է կատարվում աշխատանքը: Այսինքն` եթե ցուցակներում նշված են ոչ միայն արտադրություններ, այլ նաև որոշակի արտադրամասեր կամ տեղամասեր, ապա աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տրվում, եթե կազմակերպությունում կան այդպիսի կառուցվածքային ստորաբաժանումներ: Օրինակ` թիվ 1 ցուցակում (բաժին XIII) նշված են որոշակի արտադրամասերում, տեղամասերում (քիմիական, շտապելի և այլն) աշխատող բանվորները, ղեկավարները և մասնագետները: Արհեստական և սինթետիկ թելի կազմակերպությունների աշխատողները, ովքեր աշխատում են կառուցվածքային այլ ստորաբաժանումներում, թիվ 1 ցուցակում նշված չեն և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Կամ` ձուլման արտադրությունում (թիվ 1 ցուցակ, բաժին VIII) նշված են ձուլման, լցման և այլ տեղամասերի վարպետները և ավագ վարպետները: Այլ կառուցվածքային ստորաբաժանումներ ղեկավարող վարպետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով, օրինակ` հողապատրաստման տեղամասի վարպետները:

15. Այսպիսով, եթե աշխատողին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելը պայմանավորված է նրանով, թե որ կառուցվածքային ստորաբաժանումում է նա աշխատում, ապա պետք է ճշտվի կազմակերպության ստորաբաժանման անվանումը, որտեղ կատարած աշխատանքն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է տալիս, ինչպես նաև այն, որ աշխատողը մշտապես աշխատել է այդ ստորաբաժանումում:

16. Ցուցակներում նշված մասնագիտություններով աշխատողներից շատերն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են, եթե աշխատում են տաք տեղամասերում: Օրինակ` թիվ 1 ցուցակի VIII բաժնի 5-րդ ենթաբաժնում նշված են առասանողները, ովքեր աշխատում են աշխատանքային տաք պայմաններում: Այս դեպքում նկատի է առնվում ոչ թե կառուցվածքային առանձնացված տեղամասը, այլ աշխատանքի այն տեղամասը, որի տարածքում կամ գոտում զբաղված է աշխատողը: Այս դեպքում անհրաժեշտ է, որ աշխատատեղը, ջերմաստիճանի չափումների արդյունքներով, համարվի տաք աշխատատեղ:

 

4. ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՒ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

 

17. Աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս առանձին դեպքերում բավարար են լինում նրանց աշխատանքային գրքույկներում նշված մասնագիտությունները կամ պաշտոնները: Օրինակ` այդ տվյալները բավարար են կավե աղյուսի և կերամիկական բլոկների արտադրության աշխատողների համար, և նրանց աշխատանքի բնույթի կամ աշխատանքային պայմանների մասին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա: Ընդսմին, երբ կենսաթոշակ նշանակող մարմինների կատարած ստուգումներով հիմնավորվում է, որ այդ աշխատողները կատարում են իրենց մասնագիտությանը չհամապատասխանող աշխատանքներ կամ աշխատում են համատեղությամբ, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ չի նշանակվում:

18. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու հիմնական պայմանը ցուցակներում նշված աշխատանքներով, մասնագիտություններով և պաշտոններում լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես աշխատելն է, այսինքն` ցուցակներում նշված աշխատանքներով զբաղվածությունը պետք է պակաս չլինի աշխատաժամանակի 80%-ից: Ընդ որում, նշված ժամանակի մեջ հաշվառվում են նաև նախապատրաստական և օժանդակ աշխատանքները, իսկ մեքենաներով և սարքավորումներով աշխատողների համար` նաև դրանց ընթացիկ նորոգման և տեխնիկական շահագործման ժամանակահատվածները:

19. Թիվ 1 և թիվ 2 ցուցակներում նշված աշխատանքները, մասնագիտությունները և պաշտոնները համատեղելու դեպքում փոխվում են աշխատանքի բնույթը և աշխատանքային պայմանները, հետևաբար` արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հիմքերը: Այս դեպքում կենսաթոշակը նշանակվում է`

1) թիվ 1 ցուցակով, եթե համատեղությամբ կատարվող աշխատանքներից մեկը նշված է թիվ 1 ցուցակում, և այն կատարելու համար ծախսվում է աշխատաժամանակի առնվազն 80%-ը:

2) թիվ 2 ցուցակով, եթե համատեղությամբ կատարվող աշխատանքներից մեկը նշված է թիվ 2 ցուցակում, և այն կատարելու համար ծախսվում է աշխատաժամանակի 20%-ից ավելի ժամանակահատված:

20. Այն դեպքում, երբ ցուցակներում նշված են արտադրություններ և աշխատանքներ` առանց մասնագիտությունները և պաշտոնները նշելու, ապա արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են բոլոր աշխատողները` անկախ մասնագիտության և պաշտոնի անվանումից: Այս դեպքում այդ իրավունքից օգտվում են նաև աշակերտները: Այսպես, թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են բոլոր այն բանվորները, որոնք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են ստորգետնյա պայմաններում օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ, ինչպես նաև քիմիական կազմակերպությունների բանվորները, ղեկավարները և մասնագետները, ովքեր աշխատում են քիմիական արտադրանք թողարկող արտադրություններում` անկախ մասնագիտության և պաշտոնի անվանումից:

21. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ցուցակներում մասնագիտությունները նշված են ընդհանուր անվանումներով, օրինակ` «ձուլող» «կաղապարող» «եռակցող» և այլն: Այդուհանդերձ, բանվորների համար կարող է սահմանվել մասնագիտության ածանցյալ (լրացուցիչ) անվանում, որի դեպքում աշխատանքի բնույթը չի փոխվում: Այն բանվորները նույնպես, որոնց մասնագիտությանը տրվել է ածանցյալ անվանում, կարող են օգտվել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից: Օրինակ` թիվ 2 ցուցակի I բաժնում նշված են ամբարձիչների մեքենավարները: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից այս դեպքում օգտվում են նաև ավագ մեքենավարները և նրանց օգնականները:

22. Թիվ 2 ցուցակի II բաժնում նշված են հիմնական արտադրության տեղամասերի բրիգադավարները, ովքեր աշխատում են այնպիսի արտադրություններում, որոնց բոլոր բանվորներն օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:

23. Երբ ցուցակներում նշված են արտադրությունների բոլոր աշխատողները` անկախ մասնագիտության և պաշտոնի անվանումից, ապա այդ արտադրությունների բրիգադավարները նույնպես օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ նրանից` ազատվա՞ծ են բանվորական պարտականությունները կատարելուց, թե՞ աշխատում են բանվորի մասնագիտությամբ և միաժամանակ ղեկավարում են բանվորներին: Ազատված (բանվորական աշխատանքներ չկատարող) բրիգադավարները մյուս բոլոր դեպքերում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:

24. Ցուցակների որոշ բաժիններում նշված են արտադրամասերի պետերը և նրանց տեղակալները, օրինակ` թիվ 2 ցուցակի XI բաժնի 7-րդ ենթաբաժնում` ձուլման արտադրամասերի պետերը: Այս աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելը դժվարություն չի հարուցում, քանի որ այստեղ ուղղակիորեն նշված են այն արտադրամասերը, որոնք նրանք ղեկավարում են:

25. Այլ կերպ է լուծվում այն արտադրությունների ղեկավարների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը, որոնց ստորաբաժանումների պետերի աշխատանքը նշված է ցուցակներում, բայց արտադրամասերը, որոնք նրանք ղեկավարում են, նշված չեն: Այս դեպքում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը որոշելիս խոսք կարող է լինել միայն տեխնոլոգիական արտադրամասերի պետերի մասին, այսինքն` կազմակերպությունների այն ստորաբաժանումների, որտեղ ընթանում է արտադրանքի թողարկման տեխնոլոգիական գործընթացը: Օրինակ` «Ձուլման արտադրություն» (թիվ 2 ցուցակ, XI բաժին, 1-ին ենթաբաժին), «Ասբեստի արտադրություն» ենթաբաժիններում (թիվ 2 ցուցակ, XIV բաժին, 3-րդ ենթաբաժին) նշված են արտադրամասերի պետերը և նրանց տեղակալները: Նրանցից արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այն պետերը և նրանց տեղակալները, որոնք ղեկավարում են հիմնական տեխնոլոգիական արտադրամասերը, օրինակ, ձուլման արտադրությունում` կաղապարելու, լցնելու և հատելու արտադրամասերը: Շինվերանորոգման, երկաթուղային, հսկիչ-չափիչ սարքերի, ավտոմատիկայի և այլ արտադրամասերի պետերը և նրանց տեղակալները, ովքեր կատարում են արտադրամասերի սպասարկման աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում, քանի որ այդ արտադրամասերը չեն համարվում հիմնական տեխնոլոգիական ստորաբաժանումներ:

26. Պայմանավորված արտադրանքի ծավալով և արտադրության բնույթով` արտադրամասերի պետերը կարող են ունենալ տարբեր պարտականություններ ունեցող մի քանի տեղակալ (արտադրության գծով տեղակալ, շինարարության գծով տեղակալ և այլն): Եթե արտադրամասերի պետերի տեղակալների պաշտոնները նշված են ցուցակներում, բայց նրանց պարտականությունները ճշտված չեն, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են միայն այն տեղակալները, որոնք մասնակցում են արտադրության տեխնոլոգիական գործընթացին (տեխնոլոգիայի գծով տեղակալները) կամ էլ կատարում են սարքավորումներ նորոգելու և սպասարկելու աշխատանքներ (սարքավորումների նորոգման գծով տեղակալներ):

27. Որոշ կազմակերպություններ, նորոգելու աշխատանքների որակը բարձրացնելու նպատակով, արտադրությունների և արտադրամասերի կազմերից դուրս են բերում նորոգելու աշխատանքներ կատարող բանվորներին` կենտրոնացնելով նորոգելու ծառայությունը: Հաշվի առնելով, որ աշխատողների աշխատանքի բնույթը և աշխատանքային պայմաններն այս դեպքում չեն փոխվում, այլ միայն կատարվում է կազմակերպական փոփոխություն, նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը պահպանվում է:

28. Այն աշխատողներին, ովքեր, ըստ ցուցակներում նշված մասնագիտությունների և պաշտոնների, տեխնոլոգիական սարքավորումներ նորոգելու և սպասարկելու աշխատանքներ են կատարում անմիջականորեն արտադրամասերում, տեղամասերում և բաժանմունքներում, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժիններով` անկախ նրանից` գտնվում են արտադրական արտադրամասերի՞, թե՞ մասնագիտացված նորոգման կազմակերպությունների հաստիքում: Օրինակ` փականագործ նորոգողները, էլեկտրամոնտյորներն օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ նրանից` համարվում են մետաղագործական կազմակերպությունների՞, թե՞ մասնագիտացված կազմակերպության աշխատողներ, քանի որ այս մասնագիտություններն ուղղակիորեն նշված են թիվ 1 և թիվ 2 ցուցակների համապատասխան բաժիններում: Եթե ասբեստի արտադրության (թիվ 1 ցուցակ, բաժին XI) փականագործ նորոգողների պարագայում հարկ չկա հիմնավորել, որ նրանք աշխատել են նշված արտադրամասերում, ապա մասնագիտացված կազմակերպությունների` նորոգման և սպասարկման աշխատանքներ կատարող աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս անհրաժեշտ է փաստաթղթերով հիմնավորել, որ նրանք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես կատարել են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքներ:

29. Բացի կենսաթոշակային արտոնություններից, տրվում են նաև մի շարք այլ արտոնություններ (լրացուցիչ արձակուրդ, հատուկ սնունդ, կրճատ աշխատանքային օր և այլն), սակայն դրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հիմք լինել չեն կարող:

 

5. ԼԵՌՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ (ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ I ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ I)

 

30. Լեռնային աշխատանքները կարող են կատարվել ինչպես ստորգետնյա պայմաններում, այնպես էլ հողի մակերևույթին: Ելնելով օգտակար հանածոներ արդյունահանելու եղանակից` աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 կամ թիվ 2 ցուցակով: Այսպես, թիվ 1 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հանքերի, հանքարանների բոլոր բանվորները` անկախ մասնագիտության անվանումից, ովքեր լրիվ աշխատանքային օրվա ընթացքում կատարում են օգտակար հանածոներ արդյունահանելու ստորգետնյա աշխատանքներ: Այդ իրավունքից օգտվում են նաև երկրաբանահետախուզական կազմակերպությունների, հանքերի, հանքարանների շինարարության աշխատողները, եթե աշխատում են ստորգետնյա պայմաններում: Նշված աշխատանքներն ստորգետնյա տեղամասերում կատարող ղեկավարներին և մասնագետներին նույնպես, անկախ պաշտոնի անվանումից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակով:

31. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև բոլոր այն աշխատողները, անկախ մասնագիտության կամ պաշտոնի անվանումից, որոնք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում սպասարկում են բանվորներին և ծառայողներին: Դրանք են` ստորգետնյա բուժկետի բժշկական անձնակազմի անդամներ, ստորգետնյա հեռախոսակապի աշխատողներ, ստորգետնյա տրանսպորտի աշխատողներ և այլն: Ստորգետնյա պայմաններում կարող են գտնվել պահեստներ, պահեստարաններ, արհեստանոցներ և այլն, որոնց աշխատողները չեն առնչվում օգտակար հանածոների արդյունահանմանը և թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն: Նրանց այդ իրավունքը կարող է տրվել թիվ 1 և թիվ 2 ցուցակների այլ բաժիններով: Օրինակ` ստորգետնյա հիվանդանոցում (օգտագործված աղի հանքում) հիվանդներին սպասարկող բուժանձնակազմի անդամներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով (XXI բաժին):

32. Այն աշխատողներին, որոնք, պայմանավորված իրենց աշխատանքի բնույթով, չեն կարող լրիվ օրվա ընթացքում կատարել ստորգետնյա աշխատանքներ, թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «գ» և «դ» կետերով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք տարեկան (հաշվարկային ժամանակահատվածի) աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատում են ստորգետնյա պայմաններում: Այն աշխատողներին, որոնց մասնագիտությունները և պաշտոնները նշված են այդ կետերում, ստորգետնյա պայմաններում աշխատաժամանակի 50%-ից պակաս տևողությամբ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակով:

33. Ստորգետնյա պայմաններում աշխատաժամանակի լրիվ տևողությամբ աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելիս նրանց մասնագիտությունների և պաշտոնների անվանումները նշանակություն չունեն: Թիվ 1 ցուցակով նրանց կենսաթոշակ նշանակելու հիմնական պայմանն այն է, որ փաստաթղթերով հիմնավորվի, որ նրանք աշխատաժամանակի լրիվ տևողությամբ կատարում են ստորգետնյա պայմաններում օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ: Օրվա լրիվ աշխատաժամանակի տևողությամբ ստորգետնյա պայմաններում աշխատելը կարող է հիմնավորվել այդ փաստը հաստատող ցանկացած փաստաթղթով: Այդ փաստաթղթերից են աշխատանքային գրքույկը, հանք իջնելու և բարձրանալու գրանցամատյանը, հրամանները, կարգադրությունները և այլն: Նշված տվյալների բացակայության դեպքում կարող են օգտագործվել կազմակերպության արխիվում պահպանվող այլ փաստաթղթեր, որոնք տվյալներ կպարունակեն երկարամյա աշխատանքի համար միանվագ պարգևատրում վճարելու, լրացուցիչ արձակուրդ տրամադրելու կամ հատուկ հագուստ հատկացնելու մասին և այլն: Այս փաստաթղթերը միայն մասնակիորեն են հաստատում ստորգետնյա պայմաններում աշխատելու հանգամանքը, բայց կարող են անհրաժեշտ ապացույց լինել թիվ 1 ցուցակի I բաժնով կենսաթոշակ նշանակելու համար:

34. Ստորգետնյա պայմաններում մշտական զբաղվածությունը հաստատելը կազմակերպության վարչակազմի պարտականությունն է: Նախարարությունների և գերատեսչությունների որոշումները, որոնք հիմնավորված չեն արխիվային փաստաթղթերով, չեն կարող ստորգետնյա պայմաններում աշխատելու ապացույց լինել և արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելու հիմք ծառայել:

35. Մարկշեյդերական աշխատանքը աշխատաժամանակի լրիվ տևողությամբ ստորգետնյա պայմաններում աշխատել չի պահանջում, այդ իսկ պատճառով երկրաբանական և մարկշեյդերական աշխատանքներ կատարող բանվորներն ընդգրկված են թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «դ» կետում: Նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք տարեկան աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատում են ստորգետնյա պայմաններում: Այդ իրավունքից օգտվում են նաև գլխավոր մարկշեյդերները, նրանց տեղակալները, հանքի տեղամասի մարկշեյդերները: Այլ կազմակերպությունների մարկշեյդերները, գլխավոր մարկշեյդերները և նրանց տեղակալները թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն, եթե աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատում են ստորգետնյա պայմաններում:

36. Շինարարական կազմակերպությունների աշխատողներին թիվ 1 ցուցակի I բաժնի 1 ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե նրանք կատարում են հանքի, հանքահորի և հանքարանի շինարարական աշխատանքներ:

37. Եթե կազմակերպությունը (հանքը, հանքարանը) օգտակար հանածոները արդյունահանում է բացառապես ստորգետնյա եղանակով, ապա ստորգետնյա տեղամասերի պետերին, նրանց տեղակալներին և մեքենագետներին, հանածոների և նախապատրաստական (լեռնակապիտալ) տեղամասերի լեռնային վարպետներին, ինչպես նաև գլխավոր ճարտարագետներին, գլխավոր մեքենագետներին, գլխավոր էներգագետներին և այդ կազմակերպությունների պետերին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս հարկ չկա պահանջել հիմնավորող փաստաթուղթ այն մասին, որ նրանք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես աշխատել են ստորգետնյա պայմաններում: Նշված աշխատողներին այդպիսի կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «բ» և «գ» կետերով: Այս դեպքում բավարար են աշխատանքային գրքույկի գրառումները:

38. Հանքաշինարարական և դրան հավասարեցված վարչությունների գլխավոր ճարտարագետներին, գլխավոր մեքենագետներին, գլխավոր էներգագետներին և նրանց տեղակալներին թիվ 1 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում, եթե փաստաթղթերով հիմնավորվում է, որ նրանք տարեկան աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատել են ստորգետնյա պայմաններում:

39. Հանքաշինական և հանքահորատման վարչությունների լեռնային արտադրամասերի պետերը մտնում են ստորգետնյա գծային անձնակազմի մեջ` որպես հորատման պետեր և տեղամասի պետեր: Նրանք հանքում ղեկավարում են լեռնակապիտալ աշխատանքները, ապահովում են աշխատանքների անվտանգությունը, կարգավորում են ստորգետնյա կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը: Այդ աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «գ» կետով:

40. Գունավոր մետաղագործության համակարգի լեռնապատրաստման, ամրացման, մաքրման և այլ ստորգետնյա տեղամասերի մեքենագետները և էլեկտրամեքենագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով` առանց որևէ լրացուցիչ փաստաթղթի, եթե ստորգետնյա եղանակով հանածոներ արդյունահանելու ժամանակ, իրենց աշխատանքի բնույթի բերումով, լրիվ աշխատանքային օրվա ընթացքում աշխատում են ստորգետնյա պայմաններում:

41. Ղեկավարները և մասնագետները (հանքի, հանքարանի, հանքավարչության երկրաբաններ, գլխավոր երկրաբաններ, տեղամասի երկրաբաններ և այլն) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «դ» կետով: Այդ իրավունքից կարող են օգտվել նաև հանքի երկրաբանական խմբի երկրաբանները, ովքեր երկրաբանահետախուզական արշավախմբի, ջոկատի անդամներ են: Այս դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկանք այն մասին, որ նրանք կատարել են վերը նշված աշխատանքները:

42. Թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «դ» կետում նշված են գլխավոր մեքենագետները, նրանց տեղակալները և օգնականները: Բացի նրանցից, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն նաև ավագ մեքենագետները, որոնք կատարում են թիվ 1 ցուցակում նշված աշխատանքները:

43. Հանքաշինարարական և հանքահորատանցման կազմակերպություններից են այն կազմակերպությունները, որոնք հանք, հանքարան, մետրոպոլիտեն, թունել կառուցելու համար կատարում են որոշակի ծավալի շինմոնտաժային աշխատանքներ:

44. Շինմոնտաժային աշխատանքների մեջ մտնում են լեռնային, ստորգետնյա աշխատանքները, ինչպես նաև արդյունաբերական օբյեկտի շինարարական և մոնտաժային աշխատանքները:

45. Հանքաշինարարական և հանքահորատանցման վարչությունների ղեկավարները և մասնագետները, ովքեր լրիվ աշխատանքային օրվա ընթացքում ստորգետնյա պայմաններում կատարում են հանքի, հանքարանի շինարարության աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով:

46. Հանքաշինարարական և հանքահորատանցման կազմակերպությունների այն ղեկավարները և մասնագետները, որոնք հանքաշինարարական և հորատանցման աշխատանքների ընթացքում առնչվում են ստորգետնյա աշխատանքներին, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով (բաժին I, 1-ին ենթաբաժին, «բ» կետ): Հանքաշինարարական վարչությունների պետերը, արտադրության գծով ճարտարագետները և նրանց օգնականները, ովքեր առնչվում են ստորգետնյա աշխատանքներին, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են այնպես, ինչպես հանքերի շինարարության պետերը, նրանց տեղակալները և օգնականները, այն է` նրանց կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով: Այդ իրավունքից օգտվում են նաև հանքահորատանցման վարչությունների` նշված պաշտոններում աշխատողները:

47. Թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնում նշված են այն բանվորները, մասնագետները և ծառայողները, որոնք կատարում են ոչ միայն ստորգետնյա շինարարական աշխատանքներ, այլ նաև մետրոպոլիտենի, ստորգետնյա ջրատարի և ստորգետնյա այլ կառույցների վերակառուցման, տեխնիկական վերազինման և հիմնական (կապիտալ) նորոգման աշխատանքներ: Ի տարբերություն ստորգետնյա պայմաններում մշտապես օգտակար հանածոների արդյունահանման, ինչպես նաև հանքի և հանքարանի շինարարական աշխատանքներ կատարողների` վերը նշված աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ըստ թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնի «ա» և «բ» կետերում թվարկված մասնագիտությունների և պաշտոնների: Ընդ որում` ղեկավարներին և մասնագետներին այդպիսի կենսաթոշակ նշանակվում է, եթե նրանք տարեկան աշխատաժամանակի առնվազն 50%-ի տևողությամբ աշխատել են ստորգետնյա պայմաններում, ինչը պետք է հիմնավորվի փաստաթղթերով: Իսկ եթե նրանք տարեկան աշխատաժամանակի 50%-ից պակաս տևողությամբ են աշխատել ստորգետնյա պայմաններում, ապա նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի I բաժնով:

48. Թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնում նշված են հանքափորվածքի, մետրոպոլիտենի, ստորգետնյա ջրանցքի, թունելի և ստորգետնյա այլ կառույցների շինարարության, վերակառուցման, տեխնիկական վերազինման և հիմնական նորոգման ստորգետնյա աշխատանքներ կատարող բանվորները, ղեկավարները, մասնագետները և ծառայողները:

49. Անհրաժեշտ չէ կազմակերպության (հանքի, հանքարանի) վարչակազմից միշտ տեղեկանք պահանջել այն մասին, որ աշխատողը լրիվ աշխատանքային օրվա ընթացքում աշխատել է ստորգետնյա պայմաններում: Օրինակ` եթե աշխատանքային գրքույկում գրանցված են «հորանայինե, «հորատանցող» («հորատող») մասնագիտությունները, ապա այս դեպքում անհրաժեշտություն չկա պահանջել ճշտող տեղեկանք այն մասին, որ աշխատողը մշտապես կատարել է ստորգետնյա աշխատանքներ, քանի որ այդ բնույթի աշխատանք կատարողները չեն կարող աշխատել վերգետնյա պայմաններում: Այդուհանդերձ, նույն մասնագիտությունն ունեցող բանվորները հանքում, հանքահորում և հանքարանում կարող են կատարել ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա աշխատանքներ, օրինակ` պայթանցք հորատողները, հորատման սարքի մեքենավարները, կեռաշերեփի (սկրեպերի) մեքենավարները: Այս աշխատողների պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ նրանք լրիվ աշխատանքային օրվա ընթացքում մշտապես կատարել են ստորգետնյա աշխատանքներ:

50. Մետրոպոլիտենի ստորգետնյա շինարարության աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնով, եթե կատարում են ստորգետնյա եղանակով մեծ խորությամբ մետրոպոլիտենի շինարարական աշխատանքներ: Մետրոպոլիտենի շինարարության աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքը որոշելու ժամանակ անհրաժեշտ է առաջնորդվել թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնում և թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «բ» կետում թվարկված մասնագիտություններով և պաշտոններով:

51. Ստորգետնյա հորատանցման սարքավորումների էլեկտրափականագործ-մոնտաժողները, ովքեր կատարում են մետրոպոլիտենի ստորգետնյա շինարարության աշխատանքներ, նշված են թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնում: Նախկինում այդ մասնագիտությունն անվանվել է «փականագործ-մոնտաժող»: Հաշվի առնելով, որ «փականագործ-մոնտաժող» և «ստորգետնյա հորատանցումների սարքավորումների էլեկտրափականագործ-մոնտաժող» մասնագիտությունները նույն մասնագիտության տարբեր անվանումներ են և աշխատանքի բնույթով իրարից չեն տարբերվում` ստորգետնյա այն փականագործ-մոնտաժողները, որոնք կատարում են վերը նշված աշխատանքները, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնով:

52. Թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնի «բ» կետում նշված են այն ղեկավարների, մասնագետների և ծառայողների պաշտոնները, որոնք կատարում են հանքի և մետրոպոլիտենի ստորգետնյա շինարարական աշխատանքներ: Այդ իրավունքից օգտվում են նաև համանման պաշտոններ զբաղեցնող այն աշխատողները, որոնք կատարում են ստորգետնյա ջրանցքի, թունելի և ստորգետնյա այլ կառույցների` հանածոների արդյունահանմանը չառնչվող շինարարական աշխատանքներ:

53. Հաղորդակցման ուղիների համար թունել հորատանցելու աշխատանքներ կատարող վարչությունների պետերը, գլխավոր ճարտարագետները և նրանց տեղակալներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:

54. Թիվ 1 ցուցակի I բաժնի 4-րդ ենթաբաժնում («Հանքափրկարարական մասեր (կայաններ)») նշված են նմուշ հավաքողները, շնչադիմակավորները, ինչպես նաև ղեկավարները և մասնագետները (հրամանատարական կազմը): Թեև նրանք մշտապես չեն աշխատում ստորգետնյա պայմաններում, այդուհանդերձ նրանց աշխատանքի հատուկ պայմանները թույլ են տալիս արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս նրանցից լրացուցիչ փաստաթղթեր չպահանջել:

55. Թիվ 2 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն այդ բաժնում նշված հետևյալ օգտակար հանածոները արդյունահանողները` հանքաքար, թերթաքար, օզոկերիտ, տալկ, կաոլին, գրաֆիտ, դոլոմիտ, քվարցիտ, կիր, մերգել, մագնեզիտ, դաշտային և ֆլորական շպատ, գիպս, բորատ, պիեզաքվարց, ագաթ, բորիտ, ֆոսֆորիտ, ապատիտ, ծծումբ, ալմաստ, մարմար, գրանիտ, անդեզիտ, կավիճ, ավազից կորզվող թանկարժեք և գունավոր մետաղ, դիաբազ, գրանոդիորիտ, բազալտ, ավազաքար, սաթ, փայլար, ասբեստ, աղ և այլ ոչ մետաղական հանածոներ, որոնք պարունակում են վտանգավորության 1-2-րդ դասերի, ինչպես նաև 3-րդ դասի վնասակար նյութեր:

56. Բացի օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներից, թիվ 2 ցուցակի I բաժնում նշված են նաև հանքի, հանքարանի, բաց հանքարանի, մետրոպոլիտենի, թունելի մակերևույթին կատարվող այլ աշխատանքներ, որոնք կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի I բաժնով:

57. Լեռնային աշխատանքների վերջնական նպատակն օգտակար հանածոներ արդյունահանելն է, այդ իսկ պատճառով թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված այն աշխատողների համար, որոնք կատարում են օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ:

58. Օգտակար հանածոներ արդյունահանելու համար կարող են կատարվել ինչպես պայթեցման հիմնական աշխատանքներ, այնպես էլ հանածոներ արդյունահանելուն առնչվող նախապատրաստական աշխատանքներ, ինչը աշխատողներին չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:

59. Օգտակար հանածոներ արդյունահանելուն չառնչվող` ստորգետնյա ջրանցքի, թունելի և այլ ստորգետնյա կառույցների շինարարության ղեկավարներին և մասնագետներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնի 2-րդ ենթաբաժնով` որպես ստորգետնյա մետրոպոլիտենի շինարարական աշխատանքներ կատարողների: Նրանց այդպիսի կենսաթոշակ նշանակելու ժամանակ լրացուցիչ տեղեկանք պահանջելու անհրաժեշտություն չկա:

60. Շինարարական նյութեր արտադրող կազմակերպություններում, որպես կառուցվածքային միավոր, կարող են լինել լեռնային արտադրամասեր: Թիվ 2 ցուցակում թվարկված օգտակար հանածոներ արդյունահանող այդ արտադրամասերի աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն ըստ թիվ 2 ցուցակի I բաժնում նշված մասնագիտությունների և պաշտոնների` անկախ այն բանից, թե արդյունաբերական որ ճյուղի կազմակերպությունն է օգտակար հանածոներ արդյունահանում:

61. Հանքարանի (հանքահորի) սահմանը որոշվում է հատկացված լեռնային տարածքով, որը կազմակերպությանը տրվում է օգտակար հանածոներ արդյունահանելու համար: Երբեմն, սխալմամբ, հանքարանի (հանքահորի) սահման են համարում հատկացված հողատարածքը: Մինչդեռ հողատարածքն ավելի մեծ հողային մակերես է, քան լեռնային տարածքը: Հողային տարածք հատկացվում է ոչ միայն հանքարանի, այլև կազմակերպության բոլոր արտադրական և ծառայողական այլ շինությունների համար: Եթե ջարդող-տեսակավորող ֆաբրիկան (արտադրամասը) գտնվում է հանքարանի սահմաններից դուրս, բայց հատկացված հողատարածքի սահմանում, ապա այդ ֆաբրիկայի (արտադրամասերի) աշխատողները թիվ 2 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այդ իրավունքից չեն օգտվում նաև ջարդող-տեսակավորող կազմակերպությունների աշխատողները (հիմնականում` ջարդողները), ովքեր խճաքար ստանալու համար կատարում են լեռնահանքային հումքը ջարդելու աշխատանքներ, ինչը լեռնահանքային աշխատանքների շարունակություն չէ:

62. Ինչպես ստորգետնյա, այնպես էլ բաց եղանակով օգտակար հանածոներ արդյունահանող կազմակերպություններից են նաև ոսկեխուզական կազմակերպությունները: Այդ կազմակերպությունների այն աշխատողները, որոնք մշտապես կատարում են ստորգետնյա պայմաններում օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 1 ցուցակի I բաժնով` որպես հանքերի, հանքարանների աշխատողներ:

63. Թիվ 2 ցուցակի I բաժնով, ըստ դրանում նշված մասնագիտությունների և պաշտոնների, արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում ոսկեխուզական կազմակերպությունների այն աշխատողներին, որոնք կատարում են բաց եղանակով օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ:

64. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են բաց հանքի, հանքարանի երկրաբանները և տեղամասի երկրաբանները, ովքեր բաց եղանակով օգտակար հանածոներ արդյունահանելու աշխատանքներ են կատարում հանքերի մակերևույթին: Եթե երկրաբանի աշխատատեղը գտնվում է նշված կազմակերպությունների տարածքից դուրս (օրինակ` բաժնում, որտեղ նա ստուգում է հանքերից, բաց հանքերից, հանքարաններից բերված օգտակար հանածոների որակը), ապա այդ երկրաբանն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չի օգտվում:

65. Հանքային վարչությունների կազմում լինում են ջարդող-տեսակավորող առանձնացված ֆաբրիկաներ, որտեղ կատարվում են թիվ 2 ցուցակում նշված օգտակար հանածոներ ջարդելու աշխատանքներ: Եթե այդ աշխատանքները լեռնային աշխատանքների տեխնոլոգիական գործընթացի շարունակություն են, ապա այդ ֆաբրիկաների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակի I բաժնով: Նույն կերպ է լուծվում նաև տնտեսության որոշ ճյուղերի խճաքարի գործարանի աշխատողների արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքի հարցը, ովքեր քար են արդյունահանում իրենց կառուցվածքում այնպիսի արտադրամասեր ունեցող քարհանքերում, որտեղ կատարվում են քար ջարդելու աշխատանքներ: Այս գործընթացը համարվում է օգտակար հանածոներ արդյունահանելու տեխնոլոգիական գործընթացի շարունակություն, և այդ գործարանների աշխատողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով:

66. Արտադրական, արտադրատեխնիկական, հիմնական շինարարության բաժինների պետերն ու նրանց տեղակալները կարող են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվել թիվ 2 ցուցակով, եթե նրանց աշխատանքն առնչվում է ստորգետնյա պայմաններում կատարվող աշխատանքներին:

67. Ստորգետնյա արդյունահանում կատարող հանքերի մակերևույթին աշխատող բեռնակիրներն օգտվում են արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից` անկախ բեռնման աշխատանքների տեսակից (խցիկի, երկաթուղային վագոնի, ավտոմեքենայի բեռնում և այլն):

68. Լեռնարդյունահանման կազմակերպություններում լեռնային զանգված դուրս կրելու աշխատանքներ են կատարում ավտոմեքենայի վարորդները, ովքեր արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակով:

69. Մետրոպոլիտենի շինարարության այն աշխատողները, որոնք կատարում են փոքր խորությամբ մետրոպոլիտենի գծեր կառուցելու աշխատանքներ, որոնց վրա կայարանները կառուցվում են բաց եղանակով, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թիվ 2 ցուցակով (բաժին I, 1-ին ենթաբաժին): Այն աշխատողները, որոնք կատարում են մետրոպոլիտենի վերգետնյա մասերի շինարարական աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում:

70. Այս կամ այն եղանակով մետրոպոլիտենի շինարարության աշխատանքներ կատարելը հաստատող հիմնական փաստաթուղթը մետրոպոլիտենի շինարարության տեխնիկական նախագիծն է, որը հաստատում է համապատասխան կազմակերպությունը:

71. Թիվ 2 ցուցակով (բաժին I, 1-ին ենթաբաժին) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև այն աշխատողները, որոնք կատարում են ստորգետնյա կառույցի (կայարան, թունել, նվազեցնող ենթակայան և այլն) շինարարական աշխատանքներ, որոնք նախատեսված են մետրոպոլիտենի շինարարության տեխնիկական նախագծով: Փոքր խորությամբ մետրոպոլիտեն կառուցելը նախատեսում է նաև հողահանման, հատուկ վահանակների կառուցման, ստորգետնյա կառույցների (կայարաններ, թունելներ և այլն) շինարարության աշխատանքներ:

72. ՈՒժակուտակչային (ակումուլյատորային) լամպեր և բանվորական համարներ հանձնելու և ընդունելու, հանք իջնելու և բարձրանալու հաշվառման աշխատանքները միշտ նախատեսված են եղել լամպագործի աշխատանքների մեջ: Նրանք արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնի «ա» կետով:

73. Հաշվառողի պաշտոնային պարտականությունների մեջ են մտնում աշխատատեղերում բանվորներին հաշվառելը, սահմանված կարգով հաշվետախտակներ կազմելը և ներկայացնելը, աշխատանքային կարգապահության խախտումները հաշվառելը և այլն: Այս աշխատանքներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չեն տալիս: ՈՒստի եթե դրանք կատարում է լամպագործը, ապա նա զրկվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:

74. «ՈՒղեշարժիչի մեքենավարը» և «ուղեփոխիչի մեքենավարը» նույն մասնագիտության տարբեր անվանումներ են, սակայն, ըստ էության, աշխատանքները կատարվում են նույն ագրեգատով: ՈՒղեփոխիչի մեքենավարների աշխատանքի բնույթը և պայմանները նույնն են, ինչ ուղեշարժիչի մեքենավարներինը, ուստի ուղեփոխիչի մեքենավարները նույնպես արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի I բաժնի 1 ին ենթաբաժնի «ա» կետով:

75. Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հանքի մակերևույթին հանքաքար տեսակավորողները: Այդ իրավունքից օգտվում են նաև թերթաքար տեսակավորողները:

76. Թիվ 2 ցուցակով (բաժին I) արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք է սահմանված լեռնային աշխատանքների արտադրությունում սարքավորում մոնտաժողների և ապամոնտաժողների, սարքավորում նորոգող փականագործների համար: Այդ իրավունքից օգտվում են նաև մետաղագործական գործարանների սարքավորումների փականագործ-մոնտաժողները, ովքեր ապամոնտաժում, մոնտաժում և նորոգում են բացահանքերի սարքավորումները, և այն վարպետները (որպես արտադրական տեղամասերի վարպետներ), որոնք ղեկավարում են վերը նշված փականագործներին:

77. Թիվ 2 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են թերթաքարի հանքից և բացահանքից հանքաքար և խտանյութ (կոնցենտրատ) տեղափոխող բեռնատար մեքենայի վարորդները: Թիվ 2 ցուցակի I բաժնում թվարկված հանածոների արդյունահանման հանքում, բաց հանքարանում, բացահանքում սարքավորում նորոգող էլեկտրամոնտյորներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով:

78. Հանքերի հիմնանցքի բաժնաչափիչ սարքերի էլեկտրափականագործներն աշխատում են ստորգետնյա պայմաններում: Այդ պատճառով նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնով:

79. Հիմնանցքերի և վերելակների էլեկտրափականագործներն աշխատում են ինչպես ստորգետնյա պայմաններում, այնպես էլ հանքի մակերևույթին, հետևաբար նրանց արտոնյալ պայմաններով կենսաթոշակ է նշանակվում թիվ 2 ցուցակի I բաժնով:

80. Հիմնանցքի և հետախուզահորի էլեկտրափականագործներն աշխատում են ստորգետնյա պայմաններում, ուստի նրանց կենսաթոշակ է նշանակվում թիվ 1 ցուցակի I բաժնով:

81. Եթե էլեկտրափականագործները կատարում են ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա աշխատանքներ, ապա կենսաթոշակի իրավունք են ձեռք բերում թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով:

82. Թիվ 2 ցուցակի I բաժնի 1-ին ենթաբաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն հանքի և բացահանքի մակերևույթի տեղամասերում և հանքի ու բացահանքի շինարարության արդյունաբերական հրապարակներում աշխատող մեքենագետները, վարպետները: Ընդ որում` պարտադիր չէ, որ նրանք առնչվեն ստորգետնյա աշխատանքներին:

83. Թիվ 2 ցուցակի I բաժնի 1 ին ենթաբաժնի «բ» կետում նշված են այն մեքենագետները, ավագ մեքենագետները, գլխավոր մեքենագետները և նրանց տեղակալները (օգնականները), որոնք կատարում են որոշակի հանածոներ արդյունահանելու աշխատանքներ: Պաշտոնի «գլխավոր մեքենագետի օգնական» անվանումը «ավագ մեքենագետ» անվանմամբ փոխարինելը նրանց չի զրկում արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:

84. Թիվ 2 ցուցակի I բաժնով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից օգտվում են նաև երկրաբանական, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական և կարոտաժային ջոկատներում, արշավախմբերում, դաշտային բազաներում, խմբերում, ջրաերկրաբանական կայաններում, կարոտաժային, ռադիոկարոտաժային, ինելիոմետրական, պերֆերատորային և գազակարոտաժային ջոկատների խմբերի աշխատողները, ովքեր կատարում են երկրաֆիզիկական հետազոտություններ: Վերը նշված աշխատողներին արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակելիս նախ պետք է որոշել, թե կատարված աշխատանքները համարվու՞մ են երկրաբանական-հետախուզական աշխատանքներ: Այդ աշխատանքները ներառում են երկրաբանական նկարահանումները (հողի վերին շերտի կեղևի երկրաբանական կառուցվածքը ուսումնասիրելը և հանքահումքային պաշարները բացահայտելը), որոնողական աշխատանքները (հանածոները հայտնաբերելը) և հետախուզական աշխատանքները (օգտակար հանածոների քանակը և որակը որոշելը): Այսպիսով, երկրաբանական-հետախուզական աշխատանքները համալիր հետազոտություններ են` երկրաբանական քարտեզ կազմելուց մինչև հանքանյութի կառուցվածքը ճշտելը, ինչը հնարավորություն է տալիս ճիշտ պլանավորել հետագա նախապատրաստական և շահագործման աշխատանքները:

85. Հետախուզական աշխատանքներ (բոլոր պայմանների նախնական հետազոտում, որոնց առկայությամբ պետք է կառուցվի և շահագործվի որևէ օբյեկտ) կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Հետախուզական աշխատանքներից են երկաթուղային, շինարարական, ջրատեխնիկական, ճանապարհային, ջրատնտեսական աշխատանքները և այլն: Թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարող հորատողները: Ինքնաշարժ հորատման սարքը նոր շինհրապարակ փոխադրելու ժամանակ, աշխատանքային ռեսուրսները տնտեսելու նպատակով, մեքենան վարում է հորատման բրիգադի որևէ հորատող: Հորատման սարքը նոր շինհրապարակ փոխադրելը նախատեսված է երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու տեխնոլոգիայով, հետևաբար այդ հանգամանքը չի կարող հորատողին զրկել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից:

86. Լվացող սարքերում նմուշ լվանալը հարստացման գործընթաց է, ինչի շնորհիվ նմուշի ամբողջ զանգվածից կորզվում են օգտակար հանածոները: Նմուշ լվացողները, ելնելով նրանց կատարած աշխատանքի բնույթից և պայմաններից, կարող են դասվել հարստացման աշխատանքներ կատարող բանվորների շարքը: Այս դեպքում անհրաժեշտ են հարստացման աշխատանքներին մասնակցելու մասին լրացուցիչ փաստաթղթեր (արտադրության տեխնոլոգիա, հրամաններ, կարգադրություններ, հաստիքացուցակներ, աշխատած ժամանակի հաշվառման մատյաններ և այդ հանգամանքը ուղղակիորեն կամ անուղղակիորեն հաստատող այլ փաստաթղթեր):

87. Լաբորատոր աշխատանքները երկրաբանահետախուզական աշխատանքների մի մասն են: Եթե լաբորատոր աշխատանքները կատարվում են դաշտային պայմաններում (երկրաբանական-հետախուզական աշխատանքներ կատարելու վայրում), ապա այդ աշխատանքները կատարելու ժամանակահատվածը կարող է հաշվարկվել թիվ 2 ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժում: Ոչ դաշտային պայմաններում լաբորատոր աշխատանքներ կատարողներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Վերահսկիչ-մեթոդական խմբերի և լաբորատորիաների ղեկավարները և մասնագետները երկրաբանահետախուզական աշխատանքներին չեն առնչվում և արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունքից չեն օգտվում: Այն ղեկավարները և մասնագետները, որոնց աշխատանքի բնույթն այնպիսին է, որ նրանք մշտապես և անմիջականորեն չեն կատարում վերը նշված աշխատանքները, այլ միայն միջամտում են դրանց կատարմանը, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք չունեն:

88. Երկրաֆիզիկական աշխատանքները երկրաբանահետախուզական աշխատանքների մի մասն են և նշված են թիվ 2 ցուցակի I բաժնում: Երկրաֆիզիկական աշխատանքները կատարվում են սեյսմիկ, էլեկտրոնային, մագնիսական, գրավիմետրական և այլ եղանակով: Այդ պատճառով, անկախ երկրաֆիզիկական աշխատանքների եղանակից, ղեկավարները և մասնագետներն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն:

89. Սեյսմիկ հետախուզությունում երկրաֆիզիկական աշխատանքներ կատարող ղեկավարներից և մասնագետներից են ջոկատի պետերը, ավագ երկրաֆիզիկոսը, ավագ երկրաբանը, երկրաֆիզիկոսը, ինտերպրետատորը, տեխնիկը, խմբի պետը, ավագ տեխնիկը, օպերատորը, տեխնիկ-պայթեցնողը:

90. Հանքավայր որոնելու և դաշտային պայմաններում հետախուզական աշխատանքներ կատարելու ընթացքում լայնորեն կիրառվում են երկրաբաշխական ձևեր: Այդ աշխատանքների զգալի ծավալը կազմում են տեղագրական և երկրաբաշխական աշխատանքները: Դրանք կատարում են տեղագրական ջոկատները, որոնց կազմում ընդգրկված են ջոկատի պետը, ավագ տեղագիրը և 2-ից 4 տեղագիր:

91. Թիվ 2 ցուցակի I բաժնի 5-րդ ենթաբաժնում նշված են արշավախմբերի, ջոկատների, խմբերի, տեղամասերի և դաշտային բազաների այն ղեկավարները և մասնագետները, որոնք կատարում են երկրաբանական-հետախուզական և որոնողական աշխատանքներ: Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող ստաժի մեջ հաշվարկվում է նաև երկրաբանական-հետախուզական և որոնողական աշխատանքների վայրում լաբորատոր աշխատանքներ կատարելու ժամանակահատվածը:

92. Արշավախմբերի կազմում գտնվող տեղագրական խմբերի այն տեղեկագիրները և պետերը, որոնք կատարում են երկրաբանական-հետախուզական և որոնողական աշխատանքներ, արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեն թիվ 2 ցուցակի I բաժնի 5-րդ ենթաբաժնի «բ» կետով:

 

6. ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ, ՀԱՐՍՏԱՑՈՒՄ, ԿՈՏՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ (ԲԵԿՈՐԱՇԵՂՋՈՒՄ (ԱԳԼՈՄԵՐԱՑՈՒՄ), ԲՐԻԿԵՏԱՎՈՐՈՒՄ, ԿՈՇՏԱՎՈՐՈՒՄ), ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ ԵՎ ՈՉ ՄԵՏԱՂԱԿԱՆ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԹՐԾՈՒՄ

 

(ԹԻՎ 1 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ II ԵՎ ԹԻՎ 2 ՑՈՒՑԱԿ, ԲԱԺԻՆ II)

 

93. Հանքաքարը լինում է մետաղական (երկաթի, պղնձի, կապարի, ցինկի և այլն) և ոչ մետաղական (զառիկի, բարիտի, ասբեստի և այլն): Հանքաքար հարստացվում է նախնական մշակման միջոցով, որի ժամանակ հեռացվում են դատարկ հանքաքարերը, իսկ հանքաքարերում պարունակվող օգտակար հանածոները բաժանվում են ըստ նրանց խտության (գրավիտացիոն հարստացում), մակերեսի ֆիզիկաքիմիական հատկանիշների (ֆլոտացիա), մագնիսական ընկալունակության (մագնիսական հարստացում) և այլն, ինչի հետևանքով ստացվում է օգտակար բաղադրիչներ պարունակող խտանյութ, որն ուղարկվում է մշակման: Հանքաքար հարստացնելու ընթացքում կարող է ստացվել նաև միջանկյալ նյութ, որը պարունակում է ինչպես հանքային, այնպես էլ ոչ հանքային բաղադրիչներ:

94. Օգտակար հանածոներ հարստացնելու տեխնոլոգիան բաղկացած է առանձին գործընթացներից (գործառնություններից)` նախապատրաստական, հիմնական և օժանդակ.

1) նախապատրաստական գործընթացների ժամանակ օգտակար հանածոները ջարդվում են, մանրացվում, մաղվում, կատարվում է դրանց ջրաբաշխական դասակարգում և մագնիսացնող թրծում.

2) հիմնական գործընթացների ժամանակ օգտակար հանածոները հարստացվում են` հանքաքարը ջոկվում է, տեսակավորվում, լվացվում, կատարվում է դրանց գրավիտացիոն հարստացում, մագնիսացում և ֆլոտացիա.

3) հանքապատրաստման գործընթացների ժամանակ հանքաքարը ջարդվում, մանրացվում, մաղվում և աղացվում է հարստացնելուց անմիջապես առաջ, իսկ որոշ դեպքերում (պայմանավորված հանքաքարում պարունակվող օգտակար հանածոյի քանակով և որակով)` այն պատրաստելուց հետո` շրջանցելով հարստացնելը և կոտորակավորելը:

95. Հանքաքարը նախապատրաստելուց հետո ստացված փոշեձև մանր հանքային նյութերը կոտորակավորելու գործընթացում հատուկ եղանակներով խոշորացվում են և նախապատրաստվում ձուլման: Օգտագործվում են կոտորակավորելու հետևյալ ձևերը` բեկորաշեղջել (ագլոմերացնել), բրիկետավորել և կոշտավորել.

1) բեկորաշեղջելու գործընթացում հանքաքարի մանր նյութերը ջերմային եղանակով խոշորացվում են, ինչով բարելավվում են դրանց մետաղագործական հատկությունները: Դա կատարվում է բեկորաշեղջող մեքենայով հանքաքարն այրելու միջոցով, որից հետո ստացվում է բեկորաշեղջ (ագլոմերատ), որը մետաղագործական արդյունաբերության հիմնական հումքն է.

2) բրիկետավորելու գործընթացում հանքային նյութը ժապավենային, գրտնակային, դրոշմային և օղակային մամլիչներով մամլելու եղանակով վերածվում է բրիկետների (մամլած աղյուսների).

3) կոշտավորելու գործընթացում` պտտվող թմբուկներում կամ ափսեներում ստացվում է մանրացված հանքային նյութ (փոքր կոշտ), որը անվանվում է գնդիկ (օկատիշ):

96. Վերադարձի գործընթացում` ձևախեղված (դեֆորմացված) մետաղները և ձուլվածքները բյուրեղացման ջերմաստիճանից ցածր ջերմաստիճանում տաքացնելու շնորհիվ դրանց կառուցվածքային հատկությունները մասնակիորեն վերականգնվում են:

97. Օգտակար հանածոները հարստացնելուց հետո ստացված պոչուկները (թափոնները) պահվում են պահեստում:

98. Քարածուխը կամ հանքաքարը թաց եղանակով հարստացնելու ընթացքում գոյանում է տղմային նստվածք` խարամ:

99. Հանքաքարը մանրացնելու, ջրարդյունահանելու ժամանակ և այլ դեպքերում գոյանում է մանրացված օգտակար հանածոյի և ջրի խառնուրդ` խյուս (ապարախյուս):

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
20.07.2012
N 66-Ն
Հրաման