110.1220.300112
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«30» 01 2012 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10012066
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 նոյեմբերի 2011 թվականի N 1220-Ն
i
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:
Հավելված
ՀՀ կրթության և
գիտության նախարարի
9 նոյեմբերի 2011 թ.
N 1220-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում են արհեստագործական և միջին մասնագիտական կրթության փորձնական կրթական ծրագրերի (այսուհետ` փորձնական ծրագիր) հիմնական նպատակները, խնդիրները և առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ծրագրերի մշակման և Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում (այսուհետ` Կազմակերպություն) ներդրման, փորձարկման և արդյունքների ամփոփման պայմաններն ու կարգը:
2. Փորձնական ծրագրերի հիմնական նպատակներն են`
1) Հայաստանի Հանրապետության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգի կայուն զարգացմանը և կրթության գլոբալ համակարգերին ինտեգրմանն ուղղված կրթական առաջավոր հայեցակարգերի, տեխնոլոգիաների, միջազգային փորձի և նորարարությունների ներդրումն ու տարածումը.
2) արհեստագործական և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի իրականացման գործընթացում ի հայտ եկած թերությունների շտկումը և այդ ծրագրերի արդյունավետության բարձրացումը.
3) Կազմակերպությունների կառավարչական, ուսումնամեթոդական, գիտամանկավարժական, մշակութային, նյութատեխնիկական ներուժի զարգացումը:
3. Փորձնական ծրագրերի հիմնական խնդիրներն են`
1) նոր կրթական ծրագրերի և տեխնոլոգիաների, ուսուցման և դաստիարակության նոր ձևերի, մեթոդների, հնարքների և միջոցների փորձարկումը, դրանց հետագա հնարավոր ներդրման համար էական նշանակություն ունեցող փաստացի արդյունքների ստացումը.
2) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության կազմակերպման և իրականացման բնագավառում սկզբունքային նոր, այլընտրանքային մոտեցումների ձևավորումը և զարգացումը.
3) Կազմակերպությունների նորարարական գործունեության կարգավորումը և համակարգումը:
4. Փորձնական ծրագրերը կարող են արհեստագործական և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերից, պետական կրթական չափորոշիչներից, ինչպես նաև Կազմակերպությունում կրթության և ուսուցման կազմակերպման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներից տարբերվել`
1) Կազմակերպությունում ուսանողների (ունկնդիրների) ընդունելության կարգով և մասնագիտության համար պահանջվող կրթության հիմքով.
2) մասնագիտությամբ (մասնագիտացմամբ), որակավորմամբ կամ որակավորման աստիճանով.
3) ուսումնական գործընթացի կազմակերպման, իրականացման, ուսումնառության, գնահատման (ատեստավորման) ձևերով և ժամկետներով.
4) Կազմակերպության կառավարման, ղեկավարման, ինչպես նաև ֆինանսական և տնտեսական գործունեության ձևով:
5. Փորձնական ծրագրի հեղինակ կարող են լինել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) կամ Կազմակերպությունները, դրանց մասնագետները կամ այլ անձինք (այսուհետ` Հեղինակ):
6. Փորձնական ծրագիրն իրականացվում է Նախարարության թույլտվությամբ:
2. ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ
7. Փորձնական ծրագրի իրականացման թույլտվություն ստանալու համար Հեղինակը Նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի կողմից հաստատված ձևին համապատասխան հայտ` կցելով փորձնական ծրագրի փաթեթը, որը պետք է ներառի`
1) ուսումնական պլան,
2) առարկայական (մոդուլային) ուսումնական ծրագրեր,
3) փորձնական ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումներ,
4) փորձնական ծրագրի ընթացքի և արդյունքների ներկայացման համար առաջադրվող ցուցանիշների խումբ, դրանց վերաբերյալ պարզաբանումներ, տվյալների ներկայացման պարբերականությունը և կարգը,
5) ծրագրի իրականացման արժեքը,
6) ծրագրի հեղինակի հայեցողությամբ` այլ փաստաթղթեր:
8. Հայտը ստանալուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարությունը` սույն կարգի 7-րդ կետով սահմանված փաթեթի առկայության դեպքում, այն ուղարկում է փորձաքննության «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ԿԱԻ) կամ փորձնական ծրագրին առնչվող գիտական, տեխնիկական, արվեստի կամ արհեստի բնագավառում մասնագիտացած կազմակերպություն:
9. Փորձաքննության արդյունքների մասին ԿԱԻ-ն կամ այդ աշխատանքը կատարելու համար ընտրված կազմակերպությունը` համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում Նախարարություն է ներկայացնում փորձագիտական եզրակացություն, որը ներառում է`
1) փորձնական ծրագրի նպատակի գնահատականը,
2) փորձնական ծրագրի կարևորության գնահատականը,
3) փորձնական ծրագրի տևողության և ժամկետի գնահատականը,
4) փորձնական ծրագրի փաթեթի միջոցով սահմանված նպատակին հասնելու իրատեսությունը,
5) պահանջվող ֆինանսական միջոցների հասանելիությունը և երաշխավորվածությունը,
6) փորձնական ծրագիրն իրականացնելու համար Հեղինակի կողմից ներկայացված կազմակերպության հնարավորությունների` ծրագրի կարիքներին համապատասխանության գնահատականը,
7) փորձնական ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ այն իրականացնող կազմակերպության կողմից ներկայացվելիք հաշվետվությունների և տեղեկությունների բովանդակության, ցուցանիշների և պարբերականության գնահատականը,
8) փորձաքննություն անցկացնող կազմակերպության հայեցողությամբ` այլ գնահատականներ,
9) փորձաքննության ամփոփիչ եզրակացությունը` փորձնական ծրագիրը տվյալ բովանդակությամբ ներդնելու կամ մերժելու առաջարկությամբ:
10. Փորձաքննության եզրակացության հիման վրա Նախարարությունը թույլատրում կամ մերժում է հայտը և փորձաքննության եզրակացությունն ու ներկայացված փաստաթղթերը տրամադրում Հեղինակին:
11. Փորձաքննության ներդնելու եզրակացության և համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում Նախարարությունը թույլատրում է փորձնական ծրագրի իրականացումը, սահմանելով`
1) Կազմակերպությունը (ները), որտեղ իրականացվելու է փորձնական ծրագիրը,
2) փորձնական ծրագրի իրականացման նպատակները,
3) փորձնական ծրագրի բովանդակությունը,
4) փորձնական ծրագրի տևողությունը և իրականացման ժամկետը,
5) փորձնական ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների տրամադրման կարգը և աղբյուրները,
6) փորձնական ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ միջանկյալ և ամփոփիչ հաշվետվությունների և (կամ) տեղեկությունների ստացման սահմանված ցուցանիշները, պարբերականությունը և կարգը,
7) անհրաժեշտության դեպքում` փորձնական ծրագրի իրականացման այլ պահանջներ և պարզաբանումներ:
12. Հեղինակը կարող է լրամշակել մերժված փորձնական ծրագիրը և կրկին ներկայացնել Նախարարություն:
13. Փորձնական ծրագիրն իրականացնող Կազմակերպությունը` սույն կարգի 9-րդ կետի 7-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, Նախարարությանը հաշվետվություններ և տեղեկություններ է ներկայացնում ծրագրի իրականացման ընթացքի և արդյունքների վերաբերյալ, որոնց հիման վրա Նախարարությունը որոշում է ընդունում փորձնական ծրագրի շարունակման, արհեստագործական և միջին մասնագիտական կրթության համակարգում ներդրման կամ դադարեցման մասին: