Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

112.0006.200111

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «20»        01            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11211032

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

4 նոյեմբերի 2010 թվականի թիվ 6-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել.

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2010 թ. նոյեմբերի 4-ի

թիվ 6-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ

 

ԲԱԺԻՆ I
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ, ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնադրությամբ սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի (այսուհետ` ոստիկանության զորքեր) ծառայողամարտական գործունեության հիմունքները, ղեկավարման, ծառայողների դաստիարակչական աշխատանքների, պահակախմբերի և զորային վերակարգերի ծառայությունների կազմակերպման, հասարակական կարգի պահպանության, արտակարգ իրավիճակներում գործելու, թիկունքային և տեխնիկական ապահովման հետ կապված հարաբերությունները:

2. Ոստիկանության զորքերը կոչված են` օրենքին համապատասխան մասնակցելու հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը, իրականացնելու հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը, մասնակցելու ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

3. Ոստիկանության զորքերը արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության և այլ պայմաններում ներգրավվում են հետևյալ խնդիրների կատարմանը`

1) պահպանվող օբյեկտների (զորամասերի) վրա հարձակման հետմղում և դրանց պաշտպանություն.

2) պահպանվող օբյեկտների (զորամասերի) հրդեհների մարում, պայթյունների և վթարների հետևանքների վերացում.

3) ոստիկանության, այլ մարմինների և ծառայությունների հետ համատեղ օդանավեր, պահպանվող օբյեկտներ զավթած հանցագործների ձերբակալման (ոչնչացման) հատուկ օպերացիաների իրականացման ժամանակ օպերացիայի տարածքի շրջափակում.

4) արտակարգ իրավիճակների ժամանակ կազմակերպված հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներին օժանդակում.

5) բնակավայրերում հասարակական կարգի պահպանման, զանգվածային անկարգությունների կանխման հատուկ օպերացիաների ժամանակ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցել պարեկային ծառայությանը.

6) ճառագայթային վթարների ժամանակ ռադիոակտիվ գոտում` բնակավայրերի և նյութական արժեքների պահպանում.

7) մասնակցություն պահպանվող օբյեկտներում, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման վայրերում հակառակորդի կողմից գործածված զանգվածային ոչնչացման զենքի հետևանքների վերացման աշխատանքներին:

4. Ոստիկանության զորքերին առաջադրված խնդիրներն իրականացնելիս զինծառայողները պարտավոր են ցուցաբերել կայունություն, արիություն, համարձակություն, դիմացկունություն, ազնվություն, անկաշառություն, խելամիտ նախաձեռնություն, հնարամտություն և խստորեն պահպանեն ՀՀ օրենքները:

5. Ոստիկանության զորքերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, իսկ անմիջական ղեկավարումը` ոստիկանության զորքերի հրամանատարը:

6. Ծառայողամարտական խնդիրների ծավալը որոշվում է հատուկ կարևորագույն նշանակության և այլ պահպանվող օբյեկտների, պարեկապահակային ծառայության կատարման երթուղիների, կարգագրված պահակախմբերի, զորային վերակարգերի ծառայությունների քանակի համադրմամբ:

7. Մարտական ծառայության ծավալը որոշվում է օրվա պահակակետերի միջին քանակով:

Մարտական ծառայության ծավալը հաշվելիս պահակապետերի (զորային վերակարգերի պետերի), նրանց օգնականների, պահակադիրների, տրանսպորտային միջոցների վարորդների և պահակախմբերի (զորային վերակարգերի) այլ անձանց ծառայության կատարման ժամանակը հավասարեցվում է մեկօրյա պահակակետի:

8. ՈՒժերը (անձնակազմը) և միջոցները (հատուկ և մարտական տեխնիկան, հատուկ միջոցները, սպառազինությունը) կիրառվում են համակցված, տնտեսված, հաստատված չափաքանակներով:

9. Ոստիկանության զորքերի զինծառայողներին հրազեն հատկացնելու կարգը կարգավորվում է զինված ուժերում հրազենի տրման կարգը սահմանող իրավական ակտերի համաձայն:

10. Ոստիկանության զորքերի ղեկավարումը հրամանատարության, շտաբների, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով մարմինների և ծառայությունների ուղղորդված գործունեությունն է` զորամասերը և ստորաբաժանումները մշտական մարտական պատրաստականության վիճակում պահելու, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում նրա գործողությունների ղեկավարման նպատակով: Ոստիկանության զորքերի ղեկավարումը ընդգրկում է իրավիճակի տվյալների անընդմեջ ապահովումը, հավաքումը, ընդհանրացումը և ուսումնասիրումը, որոշման ընդունումը, խնդիրների կատարման պլանավորումը, փոխհամագործակցության կազմակերպումը, համակողմանի ապահովման (պահպանման) կազմակերպումը և միջոցառումների իրականացումը, կառավարման համակարգի կազմակերպումը, զորամասերի և ստորաբաժանումների անմիջական կառավարումը` ծառայողամարտական խնդիրներ կատարելու համար, զորամասերի, ստորաբաժանումների կողմից առաջադրված խնդիրների կատարման մշտական հսկողությունը և նրանց օգնության ցուցաբերումը:

11. Ղեկավարման հիմքը հրամանատարի որոշումն է: Հրամանատարը պատասխանատվություն է կրում իրեն ենթակա զորքերի կառավարման և նրանց կողմից ծառայողական, մարտական խնդիրների կատարման համար:

12. Ոստիկանության զորքերի ղեկավարումը պետք է լինի հաստատակամ, անընդմեջ, օպերատիվ, քողարկված և ապահովի զորամասերի, ստորաբաժանումների կողմից ծառայողամարտական խնդիրների ժամանակին, որակով և լիարժեք կատարումը:

13. Ոստիկանության զորքերի ղեկավարման համակարգը ներգրավում է ղեկավարման մարմինը, ղեկավարման կետը, կապի համակարգը և ղեկավարման մեքենայացված միջոցները:

14. Ոստիկանության զորքերի հրամանատարը զորքերի ղեկավարումը իրականացնում է անձամբ և շտաբի, ինչպես նաև` իր տեղակալների և ծառայության պետերի միջոցով: Նա մշտապես պարտավոր է իմանալ մարտական պատրաստության, ենթակա զորամասերի, ստորաբաժանումների նյութատեխնիկական, նրանց կողմից իրականացվող խնդիրների ընթացիկ վիճակը, տեղում ուսումնասիրի զորամասերի և ստորաբաժանումների, հատկապես բարդ իրավիճակներում խնդիրներ կատարողների գործունեության արդյունքները, ժամանակին ազդի ծառայողամարտական խնդիրների կատարման վրա:

15. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը պարտավոր է գնահատել իրավիճակը, ժամանակին ընդունել որոշում, ենթականերին տալ առաջադրանք և իրականացնել հսկողություն` զորամասերի, ստորաբաժանումների գործունեության նկատմամբ:

16. Շտաբը հանդիսանում է ոստիկանության զորքերի ղեկավարման հիմնական մարմինը: Շտաբի աշխատանքը կազմակերպվում է հրամանատարի և վերադաս շտաբի որոշումների հիման վրա:

17. Ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը պատասխանատու է զորամասերի (ստորաբաժանումների) անընդմեջ կառավարման, մարտական պատրաստականության, ծառայողամարտական խնդիրների հաջող կատարման համար:

18. Ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը հանդիսանում է ոստիկանության զորքերի հրամանատարության, զորամասերի (ստորաբաժանումների) աշխատանքների գլխավոր կազմակերպիչը, անձամբ համակարգում է հրամանատարի տեղակալների, ծառայության պետերի աշխատանքները, կազմակերպում է տվյալների պատրաստումը` ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի կողմից որոշում ընդունելու համար:

19. Ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը պարտավոր է մշտապես իմանալ իրավիճակը, կանխատեսել հետագա զարգացումները, պատրաստ լինել զեկուցելու հրամանատարին` իրավիճակից բխող հետևությունների մասին և իր առաջարկությունները` որոշման վերաբերյալ: Ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը հանդիսանում է ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի 1-ին տեղակալը:

20. Անհրաժեշտության դեպքում, ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի որոշումների իրագործման ժամանակ ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը իրավունք ունի կարգադրություններ տալ հրամանատարի անունից: Առավել կարևոր կարգադրությունների, հրահանգների մասին ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը զեկուցում է ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարին:

21. Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալները, զորամասերի հրամանատարները, ծառայությունների պետերը պատասխանատու են անմիջական ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումների կողմից խնդիրների հաջող կատարման համար:

 

ԳԼՈՒԽ II
ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐ ԵՎ ԶՈՐԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՐԳԵՐ

 

22. Պահակախումբը այն զինված ստորաբաժանումն է, որը օբյեկտները պահպանելու և պաշտպանելու նպատակով կարգված է կատարելու մարտական խնդիր: Ծառայողամարտական խնդիրների բնույթից կախված` պահակախմբերը լինում են`

1) օբյեկտների պահպանության և պաշտպանության.

2) հատուկ և զինվորական բեռների պահպանության և պաշտպանության.

3) զորամասերի պահպանություն և պաշտպանություն (ներքին):

23. Հրդեհների, վթարների, աղետների ժամանակ պետական ունեցվածքի պահպանության և այլ պահակախմբերի ուժեղացված խնդիրներ կատարելու համար նշանակվում են ժամանակավոր պահակախմբեր:

24. Զորային վերակարգը այն ստորաբաժանումը կամ զինծառայողների խումբն է, որը նշանակված է օբյեկտների պահպանությունը և պաշտպանությունը ուժեղացնելու, արտակարգ իրավիճակներում գործելու, հասարակական կարգի պահպանության համար: Զորային վերակարգը ներառում է դիտարկման պահակակետը, դարանը, դետքը, ուղեփակիչը, ծուղակը, որոնող խումբը, հետապնդման խումբը, պարեկը, հասարակական կարգի պահպանման պահակակետը, հսկիչ-անցագրային կետի (այսուհետ` ՀԱԿ) վերակարգը, զորային շղթան:

25. Ոստիկանության զորքերի զորամասերի և ստորաբաժանումների կողմից նշանակված պահակախմբերը և զորային վերակարգերը ծառայողամարտական խնդիրներ կատարելիս իրավունք ունեն`

1) շրջափակել, որոնել, հետապնդել, ձերբակալել և հանձնել ոստիկանության կամ իրավասու այլ մարմիններին այն անձանց, ովքեր փորձում են մուտք գործել (դուրս գալ) պահպանվող օբյեկտներ (օբյեկտներից) կամ այնտեղից հափշտակել իրեր, ինչպես նաև` նշված օբյեկտների, պահակատան, ժամապահի կամ պահակախմբի անդամների, զորային վերակարգի վրա հարձակում գործած անձանց.

2) օրենքով նախատեսված դեպքերում գործադրել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն, մարտական տեխնիկա, օգտագործել պահպանության ինժեներատեխնիկական միջոցներ (այսուհետ` ՊԻՏՄ):

26. Պահակախմբերի և զորային վերակարգերի պետեր նշանակվում են`

1) 15 անձ և ավելի թվաքանակով, ինչպես նաև` բարդ իրավիճակներում խնդիրներ կատարող կամ զորամասից (ստորաբաժանումից) մեծ հեռավորության վրա ծառայություն իրականացնող պահակախմբի համար` սպաներից, ենթասպաներից և ժամկետային ծառայության սերժանտներից, դասակի հրամանատարի տեղակալներից.

2) մինչև 4 անձից բաղկացած պահակախմբի (բացի հատուկներից) համար` մարտական խմբի հրամանատարը.

3) 2-3 անձից բաղկացած զորային վերակարգի համար` շարքային կազմից` պայմանագրային զինծառայողներից:

27. Պահակախմբի, պահակակետի և զորային վերակարգի անձնակազմի ընտրությունը կատարում է վաշտի հրամանատարը` հաշվի առնելով իր տեղակալների, դասակների հրամանատարների կարծիքները, առաջադրանքի բնույթը, ծառայության փորձը, զինծառայողների բարոյահոգեբանական հատկանիշները: Պահակախմբի, զորային վերակարգի կազմում նշանակվում է անձնակազմ` մեկ մարտական խմբից, իսկ մեկ մարտական խմբից ավելի թվաքանակով պահակախմբի համար` մեկ դասակից:

 

ԳԼՈՒԽ III
ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

28. Օբյեկտների պահպանությունը զորային գործողությունների համախումբ է, որը անցկացվում է օպերատիվ, ռեժիմային, ինժեներատեխնիկական և օբյեկտների վարչակազմերի ու համագործակցող մարմինների հետ համատեղ և իրականացվում է օբյեկտի պահպանության և նրա նյութական միջոցների պահպանման, օբյեկտի վրա հարձակումները կանխելու նպատակով:

29. Օբյեկտի պահպանության համակարգը առաջադրված ծառայողամարտական խնդիրների կատարման համար ստեղծված ուժերի և միջոցների խմբավորում է: Այն պետք է համապատասխանի պահպանվող օբյեկտի բնութագրին և յուրահատկություններին, նրա ՊԻՏՄ-ով սարքավորման աստիճանին, իրադրությանը, ունենա խորություն և ապահովի պահպանության ամրությունը, առավել արդյունավետ և տնտեսորեն օգտագործի ուժերն ու միջոցները:

30. Պահպանության համակարգը ներառում է` պահակախումբը (ստորաբաժանում), նրա տեղակայման վայրը, ժամապահների (զորային վերակարգերի) ծառայության պահակակետերը (տեղամաս), դիտարկման և կրակի վարման հատվածները, շարժման երթուղիները, ՊԻՏՄ-ը, օբյեկտի և պահպանությունում ներգրավված համագործակցող մարմինների ուժերը և միջոցները, ռեզերվը (կազմը, տեղավորումը և գործողությունների առավել հավանական ուղղությունները):

31. Պահպանության համակարգը որոշվում է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Նրանում փոփոխությունները կատարվում են զորամասի հրամանատարի որոշումով` համաձայնեցնելով օբյեկտի ղեկավարության հետ: Ընդունված որոշման հիման վրա մշակվում է օբյեկտի պահպանության (պահպանության և պաշտպանության) պլան:

32. Օբյեկտի պահպանությունը կարող է իրականացվել ժամապահների նշանակմամբ կամ պահակախմբի օպերատիվ հերթապահությամբ:

33. Օբյեկտի պահպանությունը ժամապահները իրականացնում են աշտարակներից (մարտական ծառայության կատարման այլ տեղերից)` դիտարկման, հաստատագրված արահետով կամ պահպանության գծի արտաքին կողմի շուրջը պարեկության միջոցով: Առանձին օբյեկտներ (պահակակետեր) կարող են պահպանվել անշարժ ժամապահներով:

34. Օբյեկտի պահպանության ժամանակ, կախված օբյեկտի բնութագրից, նրա ՊԻՏՄ-ով սարքավորվածությունից և տեղանքի պայմաններից, որոշված ժամանակահատվածում պահպանության և պաշտպանության համար ժամապահին նշանակվում է պարագծի տեղամաս`

1) դիտաշտարակներից իրականացվող պահպանության համար` մինչև 400 մ.

2) պարեկության միջոցով` մինչև 500 մ` գիշերը և 1000 մ` ցերեկը:

35. ՀԱԿ-ի և նրա պահակակետերի, ինչպես նաև` առանձին պահակատների քանակը որոշվում է կախված օբյեկտի պարագծից, կառուցվածքից և տեղակայման ձևից, մարդկանց և տրանսպորտի շարժման հաճախականությունից:

36. Պահակախմբի օպերատիվ հերթապահությամբ պահպանվում են ինժեներատեխնիկական միջոցների համակարգերով սարքավորված օբյեկտները, որոնց ՊԻՏՄ-երը ապահովում են արգելված գոտու խախտումների վերաբերյալ ստույգ ազդանշանները, պահակախմբի պահեստային խմբի ճիշտ ժամանակին դուրս գալը խախտման վայր և արտաքին արգելված գոտուց փախուստի կանխումը: Այս դեպքում պահակակետում մարտական ծառայություն են կատարում ղեկավարման կետի ժամապահ-օպերատորը, պահպանության ինժեներատեխնիկական միջոցների և հսկիչ անցագրային կետի ժամապահը:

37. ՊԻՏՄ-ի ազդանշանով գործողությունների համար պահակատանը մշտական մարտական պատրաստականության մեջ են գտնվում պահեստային խմբերը:

38. Հսկիչ հետքային գոտու վիճակը, ՊԻՏՄ-երի սարքինությունը, օբյեկտի տարածքի և նրան հարող տեղանքի դիտումը պարբերաբար ստուգելու, ինչպես նաև` օբյեկտ (օբյեկտից) իրեր գցելը կանխելու համար գրաֆիկով ուղարկվում են ժամապահներ, ովքեր ծառայությունը կատարում են պարեկությամբ` հետիոտն կարգով:

39. Պահակատնից հեռու գտնվող օբյեկտի տեղամասում, որտեղ պահեստային խմբի ուժերով ժամանակի տեսանկյունից հնարավոր չէ ձերբակալել արգելված գոտին խախտող անձանց, կարող է դրվել ժամապահ, պարեկության կամ պահեստային խմբի երթուղու արահետին դիտաշտարակից դիտարկման միջոցով մշտական ծառայություն կրելու համար:

 

ԳԼՈՒԽ IV
ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ, ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ, ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ

 

40. Առկա իրավիճակով պայմանավորված` ոստիկանության զորքերի հրամանատարը, զորամասերի հրամանատարները և շտաբները ծառայողամարտական խնդիրները իրականացնելիս կարող են գործածել հաջորդական կամ զուգահեռ աշխատանքների մեթոդները, ինչպես նաև` նրանց համատեղումը:

41. Հաջորդական աշխատանքի մեթոդը կիրառվում է բավարար ժամանակ ունենալիս: Այդ մեթոդով աշխատելիս ոստիկանության զորքերի հրամանատարը որոշումը կայացնում է միանգամից լրիվ ծավալով, որից հետո առաջադրանք է տրվում ենթակա զորամասերին, ստորաբաժանումներին: Հետագայում կազմակերպում է ենթակա զորամասերի, ստորաբաժանումների մարտական ծառայությունը:

42. Զուգահեռ աշխատանքի մեթոդը գործածվում է արտակարգ իրավիճակների և ժամանակի սղության այլ դեպքերում: Այդ մեթոդի դեպքում ոստիկանության զորքերի հրամանատարը կողմնորոշում է գործողությունների մտահղացումը, որի հիման վրա զորամասերին, ստորաբաժանումներին տրվում են նախնական կարգադրություններ, իսկ ղեկավարման ստորադաս օղակները` վերադասների հետ զուգահեռ, կազմակերպում են զորքերի գործողությունները:

43. Հրամանատարը որոշման մյուս կետերի կատարումը սահմանում է նախնական կարգադրություններ տալուց հետո, որի հիման վրա զորամասերին, ստորաբաժանումներին տրվում են խնդիրները` ամբողջ ծավալով:

44. Հրամանատարը որոշումը կայացնում է անձամբ` առաջադրված խնդրի, իրավիճակի գնահատման, շտաբի կողմից պատրաստված առաջարկությունների և հաշվարկների հիման վրա: Իրավիճակի վերաբերյալ տեղեկությունների ոչ լրիվ առկայությունը չի ազատում հրամանատարին` ժամանակին որոշում կայացնելուց: Առաջադրված խնդիրները պարզաբանելիս հրամանատարը պետք է հասկանա ավագ հրամանատարի (պետի) պահանջները (մտահղացումը), խնդիրների ծավալը և բնույթը, կատարման ժամկետները: Խնդրի պարզաբանումից հետո հրամանատարը որոշում է այն միջոցառումները, որոնք պետք է անհապաղ անցկացնել, կատարում է ժամանակի հաշվարկ, հանձնարարություններ է տալիս շտաբի պետին և իր տեղակալներին` որոշում կայացնելու նպատակով ներկայացնել առաջարկություններ, ինչպես նաև` զորամասերի (ստորաբաժանումների) համար անհրաժեշտ նախնական կարգադրություններ պատրաստել: Իրավիճակը գնահատելիս հրամանատարը ուսումնասիրում է պահպանվող օբյեկտների վիճակը և առանձնահատկությունները, ենթակա զորամասերի (ստորաբաժանումների) վիճակը, հնարավորությունները, հարևանների և համագործակցող մարմինների խնդիրները և գործողությունները, տեղանքը և տեղի բնակչությունը, տարվա եղանակը և կլիմայական պայմանները: Իրավիճակը ուսումնասիրելիս և գնահատելիս հրամանատարը օգտագործում է ենթակաների զեկույցները, ավագ պետերի, համագործակցող մարմինների և հարևանների կողմից տրված տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում` լսում է շտաբի պետի, իր տեղակալների և ենթակա այլ սպաների առաջարկությունները:

45. Ծառայողամարտական գործունեության համար որոշում կայացնում են` ոստիկանության զորքերի հրամանատարը, զորամասերի հրամանատարներին` տարվա համար (հասարակական կարգի պահպանության զորամասի հրամանատարը, բացի դրանից նաև` օրվա համար), գումարտակների հրամանատարները` կիսամյակի համար, վաշտերի հրամանատարները` ամսվա և ամեն օրվա համար, դասակների հրամանատարները` ծառայողամարտական խնդիրների կատարման համար:

46. Իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում հրամանատարը պարտավոր է ինքնուրույն, ավագ պետերի ցուցումներին չսպասելով, ժամանակին ընդունել որոշում և իրականացնել այն:

47. Իրավիճակի կտրուկ փոփոխությունների և ընդունած որոշման մասին հրամանատարը պարտավոր է զեկուցել անմիջական պետին, հասցնել ենթականերին, տեղեկացնել ավագ օպերատիվ պետին և փոխհամագործակցող շահագրգիռ մարմիններին:

48. Որոշման մեջ հրամանատարը նախատեսում է`

1) ծառայողամարտական գործունեության մտահղացումը, խնդիրների ծավալը, ինչպիսի արդյունքներ են ակնկալվում, հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունը (խնդիրներ, օբյեկտներ, զորամասեր, ստորաբաժանումներ), ուժերի և միջոցների կիրառման կարգը, զորամասերի (ստորաբաժանումների) մարտական պատրաստության, օբյեկտների և հասարակական կարգի պահպանության ապահովության բարձրացման միջոցառումները.

2) խնդիրներ զորամասերին (ստորաբաժանումներին)` խնդիրների ծավալը, որքան ժամանակում և ինչպիսի արդյունքներով կատարել դրանք, անձնակազմի կողմից իրականացվող մարտական ծառայության ծավալը և ծառայողական ծանրաբեռնվածությունը, օբյեկտների պահպանության և այլ ծառայողամարտական խնդիրների կատարման, կատարելագործման միջոցառումները, մարտական պատրաստականության բարձրացման, արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների նախապատրաստումը, հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունը.

3) զորամասերի (ստորաբաժանումների) պատրաստման, դաստիարակչական աշխատանքների իրագործման, զինվորական կարգապահության և կանոնադրական կարգի պահպանման, բազմակողմանի ապահովման խնդիրները.

4) համագործակցության հիմնական հարցերը` խնդիրներ, ըստ որոնց զորամասերը (ստորաբաժանումները) պետք է համագործակցեն միմյանց, պահպանվող օբյեկտների վարչությունների, ազգային անվտանգության և ոստիկանության մարմինների, հարևանների և այլ ուժերի հետ, համատեղ գործողությունների և փոխադարձ օգնության ցուցաբերման ուժերի և միջոցների հաշվարկը, ում հետ, ինչպիսի հարցերի շուրջ և ինչ ժամկետում հաստատել շտաբի և ծառայությունների համագործակցությունը, իրավիճակի վերաբերյալ փոխադարձ տեղեկատվության կազմակերպման կարգը.

5) ղեկավարման կազմակերպումը` ղեկավարման մարմինների աշխատանքի կատարելագործման, կապի համակարգի ճշգրտման, ղեկավարման ավտոմատ համակարգի օգտագործման, հսկողության կազմակերպումը:

49. Ամսվա հաշվարկով որոշման մեջ վաշտի հրամանատարը նախատեսում է`

1) մտահղացումը, հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունը (խնդիրները, օբյեկտները, պահակախմբերը, զորային վերակարգերը), ուժերի և միջոցների օգտագործման կարգը, ստորաբաժանումների (պահակախմբերի, զորային վերակարգերի) մարտական պատրաստականության բարձրացման միջոցառումները.

2) խնդիր դասակներին` մարտական ծառայության մեջ անձնակազմի օգտագործման, զինծառայողների ուսուցման և դաստիարակության, կենցաղի կազմակերպման նպատակով.

3) ծառայողամարտական խնդիրների կատարման միջոցառումները, սպաների (ենթասպաների) հերթապահության, մարտական ծառայության նկատմամբ հսկողության կազմակերպումը, անձնակազմի հետ տարվող աշխատանքների պլանի ճշգրտումը, բազմակողմանի ապահովման, զինվորական կարգապահության և կանոնադրական կարգի պահպանման միջոցառումները:

50. Օրվա հաշվարկով որոշման մեջ վաշտի հրամանատարը նախատեսում է`

1) մտահղացումը, ծառայություն կատարելու վայրը, պահակախմբերի, զորային վերակարգերի տեսակները, քանակը, նրանց կազմը, մարտական ծառայությունը ուժեղացնելու միջոցառումները, արտակարգ իրավիճակներում գործելու համար մարտական հաշվարկը, անձնակազմի ծառայողական ծանրաբեռնվածությունը.

2) խնդիրներ դասակներին, դասակների կողմից ուղարկված պահակախմբերի (զորային և օրվա վերակարգերի) պետերը, ուժեղացման միջոցները, մարտական ծառայություն կրելու վայրը և ժամանակը, ուժերի և միջոցների պատրաստման կարգը.

3) ծառայողամարտական խնդիրների կատարման ուժերի և միջոցների նախապատրաստման կարգը.

4) դաստիարակչական աշխատանքների միջոցառումները` զինվորական կարգապահության ամրապնդման և ամուր կանոնադրական կարգի ապահովման համար.

5) պահակախմբերի և զորային վերակարգերի համագործակցման կարգը, պահպանվող օբյեկտների վարչակազմի և այլ համագործակցող մարմինների հետ անցկացվելիք համատեղ միջոցառումները.

6) մարտական ծառայության, ուսուցման, օրվա վերակարգի ծառայության, անձնակազմի վարվելակերպի, պահպանության միջոցների օգտագործման նկատմամբ հսկողության կազմակերպումը:

51. Դասակի հրամանատարը, ստանալով խնդիրը, պարզաբանում է այն, գնահատում իրավիճակը, ընդունում որոշում, կազմակերպում անձնակազմի պատրաստումը մարտական ծառայությանը, զինամթերքի, կապի միջոցների ստացումը, ստուգում է անձնակազմը և հաստատված ժամին զեկուցում վաշտի հրամանատարին` ծառայողամարտական խնդիրների կատարմանը դասակի պատրաստ լինելու մասին: Ստացված խնդիրների պարզաբանման ընթացքում դասակի հրամանատարը պետք է հասկանա վաշտի և դասակի խնդիրները, որ օբյեկտները պահպանել, մարտական ծառայության կրման վայրը, ծառայություն իրականացնող մոտակա ստորաբաժանումների խնդիրները և նրանց հետ համագործակցելու կարգը, ծառայողական, մարտական խնդիրների կատարմանը պատրաստ լինելու ժամանակը:

52. Իրավիճակը գնահատելիս դասակի հրամանատարը ուսումնասիրում է պահպանվող օբյեկտները, ծառայություն կատարելու վայրը, դասակի վիճակը, կազմը, ապահովվածությունը և հնարավորությունները, ծառայություն իրականացնող մոտակա ստորաբաժանումների կազմը, դիրքը, գործողությունների բնույթը և նրանց հետ համագործակցելու պայմանները, տեղանքը, օրվա ժամանակը, եղանակը և նրա ազդեցությունը խնդրի կատարման վրա:

53. Դասակի հրամանատարը որոշմամբ հաստատում է ստացված խնդիրների կատարման կարգը, մարտական խմբերին տրվող խնդիրները, անձնակազմի տեղաբաշխումը պահակախմբերում, զորային վերակարգերում` ըստ պահակակետերի և օրվա վերակարգերի, անձնակազմի հետ արդյունքների ամփոփման կազմակերպումը, պահակախմբերի և զորային վերակարգերի միջև իրավիճակի մասին փոխադարձ տեղեկատվության կարգը, նշանակված դասակի կողմից պահպանվող օբյեկտների վարչակազմերի և այլ համագործակցող մարմինների հետ խնդիրների կատարման համար անձնակազմի պատրաստ լինելու ժամանակը:

54. Ոստիկանության զորքերի (զորամասի, ստորաբաժանման) հրամանատարը որոշումը հայտարարում է իր տեղակալներին և ծառայությունների պետերին, իսկ անհրաժեշտության դեպքում` այլ սպաներին (ենթասպաներին), որից հետո նշում է որոշման ձևակերպման ժամկետն ու կարգը, պլանավորումը, խնդիրների առաքումը կատարողներին, զորամասերի (ստորաբաժանումների) համագործակցության, հսկողության և օգնության ցուցաբերման կազմակերպումը:

55. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի որոշումը տարվա (կիսամյակի) համար ձևակերպվում է հրամանով: Այն պետք է ապահովի ծառայողամարտական բոլոր խնդիրների հաջող կատարումը: Լրացուցիչ աշխատանքներ կատարելու կամ իրավիճակի կտրուկ փոփոխման դեպքում որոշումը ձևակերպվում է հրամաններով կամ կարգադրություններով և պլանավորվող փաստաթղթերի մեջ կատարվում են անհրաժեշտ ուղղումներ:

56. Ոստիկանության զորքերի հրամանատարի (զորամասի հրամանատարի) տարեկան (կիսամյակային) հրամանում նշվում են ծառայողամարտական գործունեության, մարտական պատրաստության, ուժերի և միջոցների պատրաստման, զինվորական կարգապահության, նախորդ տարվա (թիկունքային) բավարարվածության վիճակի վերլուծություններից հիմնական հետևությունները` հաջորդ տարվա (կիսամյակի) համար, ավագ պետի կողմից առաջադրված հիմնական ծառայողամարտական խնդիրները, ապա` «Հրամայում եմ» բառից հետո`

1) առաջին կետում` զորամասերի (ստորաբաժանումների) հիմնական խնդիրները` մարտական պատրաստականության հետագա բարձրացման ուղղությամբ.

2) երկրորդ կետում` բոլոր զորամասերի (ստորաբաժանումների) ծառայողամարտական գործունեության ընդհանուր խնդիրները.

3) երրորդ կետում` ուսումնականից բացի, յուրաքանչյուր զորամասի (ստորաբաժանման) խնդիրները` առանձին ենթակետերով.

4) չորրորդ կետում` ուժերի և միջոցների օգտագործման վերաբերյալ խնդիրները.

5) հինգերորդ կետում` խնդիրներ մարտական պատրաստության վերաբերյալ, այդ թվում` ուսումնական զորամասերին (ստորաբաժանումներին), ուսումնական, նյութատեխնիկական բազայի կատարելագործման միջոցները.

6) վեցերորդ կետում` դաստիարակչական աշխատանքների վերաբերյալ խնդիրները.

7) յոթերորդ կետում` զինվորական կարգապահության հետագա ամրապնդման և կանոնադրական կարգի պահպանման, կայազորային և ներքին ծառայությունների կազմակերպման վերաբերյալ խնդիրները.

8) ութերորդ կետում` սպայական կադրերի, ենթասպաների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ խնդիրները.

9) իններորդ կետում` անձնակազմի բազմակողմանի ապահովումը, զենքի հետ վարվելու կարգի և անվտանգության կանոնների պահպանումը.

10) տասներորդ կետում` կառավարող մարմինների աշխատանքի, կապի համակարգի, մարտական ծառայության նկատմամբ հսկողության, պետերի և հրամանատարների աշխատանքի կատարելագործման խնդիրները:

57. Հրամանում խնդիրներ նախատեսելիս նշվում են տարվա (կիսամյակի) վերջում ինչպիսի խնդիրներ են ակնկալվում, ուժերի և միջոցների օգտագործումը, ինչի վրա հատուկ ուշադրություն դարձնել և հիմնական ջանքերի կենտրոնացման ուղղությունները (օբյեկտները, զորամասերը, ստորաբաժանումները): Հրամանին կցվում են ծառայողամարտական խնդիրների ծավալի, մարտական ծառայության ծավալի, ուժերի և միջոցների կիրառման հաշվարկները:

58. Հրամանատարի որոշման հիման վրա իրականացվում է ծառայողամարտական գործունեության պլանավորումը: Դրա հետ մեկտեղ մշակվում են`

1) ոստիկանության զորքերի հրամանատարությունում` ոստիկանության զորքերի պատրաստության պլանը, ամսական օրացուցային պլանը, անհատական պլաններն ըստ ծառայությունների.

2) զորամասերում` զորամասի մարտական պատրաստության պլանը, ամսական օրացուցային պլանը, սպաների և ենթասպաների ծառայության գրաֆիկը, անհատական պլաններ ըստ ծառայությունների (կիսամյակային).

3) գումարտակում` կիսամյակի մարտական պատրաստության պլանը, ամսական օրացուցային պլանը, պահակախմբերի, զորային վերակարգերի ստուգման և մարտական ծառայության մեջ սպաների անմիջական մասնակցության ամսական գրաֆիկը, դաստիարակչական աշխատանքների ամսական պլանը:

59. Զորամասերին (ստորաբաժանումներին) տարվա համար խնդիրներ առաջադրում է ոստիկանության զորքերի հրամանատարը` անձամբ, կամ հասցնում է իր տեղակալների և վարչության առավել պատրաստված սպաների միջոցով` ոչ ուշ, քան հերթական տարվա առաջին ամսվա սկսվելուց 10 օր առաջ (հերթական կիսամյակի առաջին ամսվա սկսվելուց 5 օրվանից ոչ ուշ):

60. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը խնդիրների իրագործման նպատակով գործնական օգնություն ցուցաբերելու համար մեկնում է անձամբ կամ զորամասեր է ուղարկում իր տեղակալներին կամ առավել պատրաստված սպաներին:

61. Գումարտակի հրամանատարը վաշտերի, դասակների հրամանատարներին, ավագներին խնդիրը տալիս է բանավոր:

62. Խնդիրներն առաջադրելուց առաջ հայտարարվում է նախորդ ամսվա (օրվա) ծառայողամարտական գործունեության ամփոփումը, տեղեկացվում է գումարտակի (վաշտի) ստացած խնդիրներում և իրավիճակի մեջ տեղի ունեցած փոփոխությունները:

63. Ոստիկանության զորքերի (զորամասի, ստորաբաժանման) հրամանատարը պարտավոր է ամեն օր տեղեկությունների հավաքման հիման վրա գնահատել իրավիճակը` հատկապես բարդացման դեպքում, զորքերի մարտական պատրաստականության, օբյեկտների պահպանության հուսալիության, ծառայողամարտական խնդիրների կատարման որակի, անձնակազմի զինվորական կարգապահության վերաբերյալ ծագող խնդիրների մասին կայացնել որոշում, վճռել (ճշտել) ուղղությունները և կազմակերպել դրանց կատարումը:

 

ԳԼՈՒԽ V
ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՒԺԵՐԻ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

64. Ծառայողամարտական խնդիրների կատարման համար ուժերի և միջոցների պատրաստումը ներառում է`

1) սպաների, ենթասպաների, սերժանտների և զինվորների ուսուցումը, շտաբների և ստորաբաժանումների պատրաստումը.

2) մարտական ծառայությանը ներգրավելու համար զինծառայողների ընտրությունը և պատրաստումը` որպես պահակախմբերի, զորային վերակարգերի պետեր, նրանց օգնականներ, ՀԱԿ-ի ժամապահ և օպերատոր-ժամապահ.

3) մարտական ծառայություն կրելու համար ստորաբաժանումների, պահակախմբերի և զորային վերակարգերի պատրաստումը.

4) սպառազինության, մարտական տեխնիկայի, կապի, տրանսպորտային միջոցների պատրաստումը.

5) ձմեռային և ամառային պայմաններում մարտական ծառայության կազմակերպման միջոցառումների անցկացումը:

65. Զինծառայողների ընտրությունը` որպես պահակախմբերի, զորային վերակարգերի պետեր, նրանց օգնականներ, ՀԱԿ-ի ժամապահներ, օպերատոր-ժամապահներ, իրականացվում է ստորաբաժանումների հրամանատարների և զորամասերի շտաբների կողմից, իսկ զինծառայողներին մարտական ծառայությանը ներգրավելու համար` որպես հատուկ, զինվորական բեռների պահպանման պահակախմբերի պետեր` զորամասի հրամանատարի, նրա տեղակալի կողմից, ստորաբաժանման հրամանատարի, նրա տեղակալների կողմից` ստորաբաժանման հրամանատարի առաջարկով:

66. Մարտական ծառայություն իրականացնելու համար զինծառայողների` որպես պահակախմբերի, նրանց օգնականների, ՀԱԿ-ի ժամապահների և օպերատոր-ժամապահների պատրաստումն անցկացվում է զորամասի շտաբի կողմից մշակված ծրագրով` ուսումնական հավաքների ընթացքում: Հավաքների ավարտից հետո յուրաքանչյուր ծառայողից ընդունվում է ստուգարք: Մարտական ծառայություն իրականացնելու համար ընտրված և պատրաստված ենթասպաները, սերժանտները, զինվորները հրամանագրվում են զորամասի հրամանատարի հրամանով:

67. Պահակախմբերի, զորային վերակարգերի` մարտական ծառայություն իրականացնելու համար նախապատրաստումը կատարվում է օրակարգում նախատեսված ժամին` մինչև խնդրի ստանալը: Պահախմբերի նախապատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագրքի պահանջների համաձայն:

68. Պահակախմբերի և զորային վերակարգերի նախապատրաստումն ընդգրկում է`

1) պահակախմբերի, զորային վերակարգերի պետերի և նրանց օգնականների հրահանգավորումը.

2) պահակախմբերի, զորային վերակարգերի անձնակազմի հրահանգչական պարապմունքները.

3) դաստիարակչական աշխատանքների պլանի համաձայն` պահակախմբերում, զորային վերակարգերում զինծառայողների հրահանգավորումը.

4) անձնակազմի նյութատեխնիկական և բժշկական ապահովումը:

69. Զորամասի տեղակայման տարածքից դուրս խնդիրներ կատարելու համար հանդերձավորված պահակախմբերի, զորային վերակարգերի նախապատրաստումը ներառում է նաև անձնակազմի բժշկական ստուգման անցկացումը, անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը և հրամանատարների որոշմամբ այլ կազմակերպչական միջոցառումների իրականացումը:

70. Զինվորական բեռների տեղափոխման ընթացքում դրանց պահպանման, զորամասի տեղակայման տարածքից դուրս ուղարկվող հանդերձավորված հետախուզական վերակարգերի, իրավիճակի բարդ պայմաններում այլ խնդիրներ կատարող հանդերձավորված պահակախմբերի և զորային վերակարգերի պետերի և նրանց օգնականների հրահանգավորումն անցկացվում է զորամասի (գումարտակի) հրամանատարի, նրա տեղակալների, շտաբի` առավելապես լավ պատրաստված սպաների կողմից: Այլ պահակախմբերի և զորային վերակարգերի պետերի և նրանց օգնականների հրահանգավորումն անցկացվում է վաշտի հրամանատարի կողմից: Հրահանգավորման ժամանակ պարզաբանվում է իրավիճակը և հայտարարվում պահակախմբերի (զորային վերակարգի) կազմը:

71. Յուրաքանչյուր պահակախմբի, զորային վերակարգի առաջադրվում են խնդիրներ, նշվում են դրանց կատարման առանձնահատկությունները, տրանսպորտային և այլ միջոցների օգտագործման կարգը, ստուգվում է պարտականությունների իմացությունը և միջադեպերի ժամանակ գործելակերպը, հիշեցվում են օրինականության, զինվորական կարգապահության, զենքի հետ վարվելու կարգի և մարտական ծառայության իրականացման պահանջները, տրվում է հանձնարարական` պահակախմբերում, զորային վերակարգերում դաստիարակչական աշխատանքների կատարման վերաբերյալ, նշվում է հարևան պահակախմբերի, զորային վերակարգերի, օբյեկտների վարչակազմերի և այլ ուժերի հետ համագործակցման կարգը, հայտարարվում հետագա հրահանգչական պարապմունքներ անցկացնելու ժամանակացույցը:

72. Պահակախմբերի, զորային վերակարգերի անձնակազմի հրահանգավորումն անցկացնում են ստորաբաժանման սպաները և դասակների հրամանատարները` վաշտի հրամանատարի որոշմամբ: Հրահանգավորումն անցկացվում է ուսումնական ավանում, դասարանում, շինությունում, տրանսպորտային միջոցներում` հաշվի առնելով խնդրի առանձնահատկությունները, օգտագործելով ծառայողական փաստաթղթեր, ուրվագծեր, մակետներ և այլ ուսումնական ձեռնարկներ: Հրահանգավորման ժամանակ հայտարարվում է պահակախմբերի (զորային վերակարգերի) կազմը` հայտնելով տեղեկություններ` օգտագործվող տրանսպորտային, կապի, այլ տեխնիկական միջոցների վերաբերյալ, պարզաբանվում է իրավիճակը, առաջադրված խնդիրները և նշվում մարտական ծառայության իրականացման, կապի միջոցների օգտագործման և համագործակցության կազմակերպման կարգը:

73. Պահակակետերում ծառայություն իրականացնելու առանձնահատկություններից ելնելով` անձնակազմը ուսումնասիրում է ժամապահի պարտականությունները, զենքի և հատուկ միջոցների կիրառման կարգն ու պայմանները, օրինականության պահպանման վերաբերյալ պահանջները, զենքի հետ վարվելու և մարտական ծառայություն իրականացնելու անվտանգության կանոնների պահպանման կարգը, կատարելագործվում են մարտական հաշվարկի վերաբերյալ գործողությունները, անցկացվում են մարզումներ` խնդիրների և նորմատիվների կատարման նպատակով:

74. Օբյեկտներ պահպանող պահակախմբերին և զորային վերակարգերին հրամաններ տալիս է վաշտի հրամանատարը կամ նրան փոխարինող անձը: Հրամանում նշվում են պահակախմբի (զորային վերակարգի) կազմը, խնդիրները, առավել ուշագրավ հանգամանքները, զենքի, հատուկ միջոցների հետ վարվելու, դրանց կիրառման առանձնահատկությունները, անվտանգության կանոնները, ծառայություն իրականացնելու ժամկետը և խնդրի կատարման արդյունքների մասին զեկույցի ժամանակը:

75. Օրակարգով նախատեսված ժամանակում վաշտի հրամանատարը կամ նրա հանձնարարությամբ ստորաբաժանման սպաներից (ավագը) մեկը կատարում է մարտական հաշվարկ, որի ընթացքում հայտարարվում է նախորդ օրվա մարտական ծառայության ամփոփումը, տիրող իրադրությունը, հաջորդ օրվա պահակախմբերը և զորային վերակարգերը, ստորաբաժանման անձնակազմի մարտական հաշվարկը և արտակարգ իրավիճակների ժամանակ գործելու կարգը: Անհրաժեշտության դեպքում մարտական հաշվարկը օրվա ընթացքում ճշտվում է:

76. Զորամասի հրամանատարը պարտավոր է մշտական հսկողություն իրականացնել սպառազինության, մարտական տեխնիկայի, կապի, տրանսպորտային միջոցների ճիշտ շահագործման, ժամանակին տեխնիկական սպասարկման, նպատակային օգտագործման, սարքինության նկատմամբ: Հրամանատարի տեղակալները, ծառայության պետերը և ստորաբաժանումների հրամանատարները պետք է ապահովեն այդ միջոցների պատրաստումը` առաջադրված խնդիրների կատարման համար և կրում են լիարժեք պատասխանատվություն` դրանց սարքինության և ճիշտ օգտագործման համար:

77. Համագործակցության հարցերը արտացոլվում են հիմնական միջոցառումների պլանում, ինչպես նաև` շտաբի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով մարմինների ծառայությունների աշխատանքային պլաններում և այլ պլանավորվող փաստաթղթերում:

78. Համագործակցությունը կազմակերպելիս զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը պարտավոր է համաձայնեցնել`

1) հարևան զորամասերի հետ խնդիրներ կատարելու և արտակարգ իրավիճակների դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերելու կարգը.

2) պահպանվող օբյեկտների վարչակազմերի հետ` պահպանվող օբյեկտի ուրվագիծը և նրա պահպանության հուսալիության ապահովման համար համատեղ գործողությունները, անցագրային և օբյեկտի ներսում ռեժիմի իրականացումը, մարտական ծառայության կրման վայրը, իրավիճակի բարդացման ժամանակ ռեզերվներ հասցնելու համար տրանսպորտային միջոցների հատկացման կարգը, արտակարգ իրավիճակներում օբյեկտների վարչակազմերի ուժերի և միջոցների օգտագործումը, նյութատեխնիկական ապահովման վերաբերյալ միջոցառումները, ծառայողամարտական խնդիրներ կատարելիս անձնակազմի անվտանգության կանոնները.

3) ոստիկանության տարածքային մարմինների հետ` զորամասերի (ստորաբաժանումների) համատեղ գործողությունները առօրյա խնդիրներ կատարելիս, ինպես նաև` օբյեկտների, հասարակական կարգի պահպանման, ուղեկցման, զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում կատարված իրավախախտումների, արտակարգ իրավիճակների, իրավիճակի այլ կտրուկ փոփոխման դեպքում որոնողական միջոցառումների անցկացումը.

4) ազգային անվտանգության ծառայության մարմինների հետ` համատեղ գործողությունների կարգը պետության անվտանգության դեմ ուղղված հանցանք կատարած անձանց որոնելիս և ձերբակալելիս, զանգվածային միջոցառումներ անցկացնելիս հասարակական կարգի և պետական անվտանգության պահպանումը, օբյեկտները և հատուկ բեռները պահպանելիս ժամապահների կողմից մարտական ծառայության իրականացման կարգը, ռեժիմային պահանջների պահպանման միջոցները (ներգրավված ուժերի և միջոցների հաշվարկը), ահաբեկչական ակտերը, հասարակական խմբակային դրսևորումները կանխելիս և կասեցնելիս զորային գործողությունների անցկացման կարգը, ինչպես նաև` զորամասերի (ստորաբաժանումների) տեղակայման վայրում հակառակորդի դեսանտի, դիվերսիոն-հետախուզական խմբերի վերացմանն ուղղված միջոցառումները, արտակարգ իրավիճակների ժամանակ առավել կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանման կարգը, արտակարգ իրավիճակների վայրերում, արդյունաբերության, տրանսպորտի և կապի օբյեկտներում, զորամասի տեղակայման տարածքից դուրս մարտական տեխնիկայի վթարի և աղետի դեպքում` պահպանությունն ապահովող միջոցառումների համատեղ գործողությունները.

5) ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի, արտակարգ իրավիճակների նախարարության, կայազորերի պետերի, սահմանապահ զորքերի զորամասերի հրամանատարների հետ` տարածքային պաշտպանության խնդիրների համատեղ կատարման վերաբերյալ միջոցառումները և համատեղ գործողությունները, շարժման ժամանակը և երթուղիները, կառավարման կետերի ծավալման վայրերը, տեղակայման վայրերում հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման վտանգի, կապի և իրավիճակի մասին փոխադարձ տեղեկացման և փախուստի դիմած հանցագործներին հայտնաբերելիս օգնության ցուցաբերման կարգը, ինչպես նաև միջոցառումները` տվյալ անձանց կողմից սահմանի խախտումները բացառելու համար:

 

ԳԼՈՒԽ VI
ԾԱՌԱՅՈՂԱՄԱՐՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՆ, ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄԸ

 

79. Հսկողությունը պետք է իրականացվի անընդհատ, ուղղված լինի առաջադրված խնդիրների ժամանակին և ճիշտ կատարմանը, բոլոր դեպքերում պետք է համընկնի զորամասերին և ստորաբաժանումներին գործնական օգնություն ցուցաբերելուն` տեղում հայտնաբերված թերությունների և դրանց պատճառների վերացմամբ, ուսումնասիրելով և ընդհանրացնելով առաջավոր փորձը:

80. Առաջին հերթին հսկվում են զորամասերի (ստորաբաժանումների) կողմից հրամանների, հրահանգների ժամանակին ստացման և դրանց հստակ կատարման ընթացքը, ծառայողամարտական խնդիրների կատարման որակը, զորային օպերատիվ ռեզերվի, համահավաք ջոկատների, պահակախմբերի, զորային վերակարգերի մարտական պատրաստականությունը, իրավիճակի բարդացման, արտակարգ իրավիճակների ժամանակ գործելու ունակությունը, համագործակցության, մարտական ծառայության համակողմանի ապահովման կազմակերպումը:

81. Հրամանատարը, շտաբը և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ծառայությունները պետք է մշտապես իմանան ենթակա զորամասերում (ստորաբաժանումներում) ծառայության իրական վիճակը, բազմակողմանի վերլուծեն մարտական ծառայության արդյունքները, մարտական պատրաստության ծրագրերի, անձնակազմի դաստիարակչական աշխատանքների, զինվորական կարգապահության ամրապնդման կանոնադրական խնդիրների պահպանման, թիկունքային բավարարվածության ապահովման որակը և ամբողջականությունը, հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ ժամանակին մշակեն և իրականացնեն միջոցառումներ: Ենթակա զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարները պարտավոր են ժամանակին զեկուցել ավագ հրամանատարին` առաջադրված խնդիրների կատարման ընթացքի, իրավիճակի կտրուկ փոփոխման և ընդունած որոշումների մասին:

82. Ոստիկանության զորքերի համալիր հսկման խմբերը կազմավորվում են ոստիկանության զորքերի հրամանատարության ներկայացուցիչներից: Հսկողություն կազմակերպելիս ոստիկանության զորքերի (զորամասի, ստորաբաժանման) հրամանատարը, ուսումնասիրելով տեսչական, ամփոփիչ ստուգումները, պետք է ապահովի համալիր խմբերի աշխատանքը յուրաքանչյուր զորամասում (ստորաբաժանումում)` կիսամյակը մեկ անգամից ոչ պակաս:

83. Իրավիճակի առանձնահատկություններից ելնելով` հսկողության և տարբեր ուղղություններով օգնություն ցուցաբերելու համար զորամասեր (ստորաբաժանումներ) կարող են ուղարկվել շտաբի, ծառայությունների ինքնուրույն խմբեր:

84. Հրամանատարը, շտաբի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ծառայությունների սպաները պարտավոր են գործնական օգնություն ցուցաբերել մարտական ծառայության կազմակերպման, մարտական պատրաստության, նյութատեխնիկական և բժշկական ապահովման գործում, ունենալ անձնական մասնակցություն` անձնակազմի ուսուցման, զինվորական կարգապահության ամրապնդման հարցերում, զինծառայողների հետ անցկացնել անհատական աշխատանքներ:

85. Անհրաժեշտության դեպքում համալիր խումբը (սպաների խումբը) ղեկավարող սպան պարտավոր է ստուգվող զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի և օպերատիվ պետի հետ համատեղ ձեռնարկել միջոցառումներ` առաջադրված խնդիրների կատարման որակի բարձրացման վերաբերյալ և դրանց իրականացման գործում ունենալ անմիջական մասնակցություն: Դրա հետ մեկտեղ հիմնական ջանքերը կենտրոնացվում են հայտնաբերված թերությունների պատճառների և դրանց վերացման վրա:

86. Զորամասում (ստորաբաժանումում) աշխատանքների արդյունքների վերաբերյալ, հրամանատարի որոշմամբ կարող են ընդունվել թերությունների վերացման վերաբերյալ հանձնարարականներ:

87. Վաշտի հրամանատարը պարտավոր է ամեն օր վերլուծել մարտական ծառայության նկատմամբ հսկողության արդյունքները և թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին համապատասխան գրառումներ կատարել պահակախմբերի և զորային վերակարգերի ծառայողական փաստաթղթերում:

88. Պահակախմբի, զորային վերակարգի պետի` ծառայության վերաբերյալ գնահատականը («գերազանց», «լավ», «բավարար», «անբավարար») որոշվում է վաշտի հրամանատարի կողմից, հայտարարվում մարտական ծառայության ամփոփման ժամանակ` կատարելով նշում պահակախմբի պահակային (պարեկապահակային, երթուղու) ամփոփագրի մեջ: Պահակախմբի, զորային վերակարգի պետը գնահատում է յուրաքանչյուր զինծառայողի մարտական ծառայությունը:

89. Ծառայողամարտական խնդիրների կատարման արդյունքները ամփոփվում են սպաների, ենթասպաների, սերժանտների, մասնագետ զինծառայողների հետ անցկացվող խորհրդակցություններում, ոստիկանության զորքերի զորամասերի անձնակազմի ընդհանուր ժողովներում. ոստիկանության զորքերում` եռամսյակի համար, գնդում` ամսական, գումարտակում` շաբաթական, վաշտում, դասակում, ջոկում` ամեն օր: Արդյունքների ամփոփումը անցկացվում է վերադաս պետի մասնակցությամբ, իսկ վաշտում` նաև պահպանվող օբյեկտի, ոստիկանության մարմինների և այլ համագործակցող մարմինների վարչակազմերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

90. Արդյունքները ամփոփելիս հայտարարվում են լավ արդյունքների հասած զորամասերը, ստորաբաժանումները, մարտական ծառայության պահակախմբերում, զորային վերակարգերում լավագույն ծառայություն կատարած զինծառայողները: Վերլուծվում են մարտական ծառայության ընթացքում հայտնաբերված թերությունները և դրանց ծնող պատճառները, ընտրվում են թերությունների վերացման ուղիները:

91. Վաշտի (գումարտակի) հրամանատարը ամսվա մարտական արդյունքների ամփոփումից հետո պահակախմբերի պահակային (երթուղային) ամփոփագրերը ներկայացնում է գումարտակի (գնդի) շտաբ:

92. Ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանման զորամասերի վաշտերի հրամանատարները պարեկապահակային ամփոփագրերը հանձնում են զորամասի շտաբ` ծառայություն կրելու հաջորդ օրը:

 

ԳԼՈՒԽ VII
ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ

 

93. Մարտական ծառայության ուժեղացումը իրականացվում է`

1) նախատոնական և տոնական օրերին,

2) ավագ պետի հրահանգով:

94. Մարտական ծառայության ուժեղացումը կարող է հայտարարվել բոլոր զորամասերում, ստորաբաժանումներում, պահակախմբերում, զորային վերակարգերում կամ նրանցից յուրաքանչյուրում: Պահպանման համակարգը և ժամապահների, զորային վերակարգերի ուժեղացված ծառայություն իրականացնելու կարգը սահմանվում է պահպանության պլաններով:

95. Մարտական ծառայության ուժեղացումը հայտարարվում է որոշակի ժամանակահատվածով. ոստիկանության զորքերի հրամանատարի կողմից` մինչև 10 օր, զորամասի հրամանատարի կողմից` մինչև 5 օր, գումարտակի հրամանատարի կողմից` մինչև 3 օր:

96. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարի մարտական ծառայության ուժեղացման անցնելու մասին որոշումը ձևակերպվում է հրամանով (հրահանգով), իսկ ստորաբաժանման հրամանատարի որոշման մասին նշում է կատարվում մարտական ծառայության գրքում: Մարտական ծառայության ուժեղացման անցնելու մասին զեկուցվում է ավագ հրամանատարին (պետին):

97. Մարտական ծառայության ուժեղացման ժամանակահատվածում նախատեսվում են`

1) մարտական պատրաստականության բարձրացման, արտակարգ իրավիճակներում գործելու պլանների ճշգրտման, ռեզերվի պատրաստվածության ստուգման, կապի լրացուցիչ միջոցների ծավալման և նրանց շուրջօրյա աշխատանքի տեղափոխման վերաբերյալ միջոցառումներ.

2) շտաբներում օպերատիվ խմբի նշանակում` իրավիճակի բարդացման ու արտակարգ իրավիճակների դեպքերում ծառայության դուրս գալու համար.

3) պահակախմբերի, զորային վերակարգերի քանակի ավելացում, նրանց պետերի նշանակում` սպաների, ենթասպաների, առավել փորձված սերժանտական կազմից.

4) մարտական ծառայության նկատմամբ հսկողության ուժեղացում.

5) անձնակազմի զգոնության բարձրացման ուղղությամբ դաստիարակչական աշխատանքների ակտիվացում.

6) զենքի, ռազմամթերքի, հատուկ միջոցների, պայթուցիկ, թունավոր, վառելիքաքսուքային նյութերի քանակի ճշգրտում, դրանց պահպանման և բացթողման նկատմամբ ուժեղացված հսկողության սահմանում.

7) հակահրդեհային միջոցների վիճակի և ոչ հաստիքային հակահրդեհային խմբի պատրաստվածության ստուգում:

98. ՈՒժեղացված մարտական ծառայության ժամանակահատվածում` անհրաժեշտության դեպքում ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը զորամասերի (ստորաբաժանումների) հրամանատարներին գործնական օգնություն ցույց տալու նպատակով գործուղում է սպայական խումբ: Իրավիճակից ելնելով` սպաների, ենթասպաների մի մասը անցնում են զորանոցային ծառայության ռեժիմի:

99. Մարտական ծառայության վերաբերյալ բոլոր միջոցառումները անցկացվում են պահպանվող օբյեկտների վարչակազմերի, ոստիկանության տարածքային մարմինների ղեկավարության և անհրաժեշտության դեպքում` պետական կառավարման այլ մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

 

ԳԼՈՒԽ VIII
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ԿԵՏԵՐԸ ԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

100. Խաղաղ ժամանակներում զորքերի ղեկավարումը իրականացվում է մշտական տեղակայման վայրերից:

101. Արտակարգ իրավիճակների ժամանակ և այլ ծառայողամարտական խնդիրներ իրականացնելիս զորամասերի (ստորաբաժանումների) ղեկավարման համար կարող է ստեղծվել ղեկավարման օժանդակ կետ (ՂՕԿ)` օգտագործելով շարժական միջոցներ և ուղղաթիռներ:

102. Ոստիկանության զորքերը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս տեղակայման մշտական վայրում կամ կենտրոնացման վայրում կազմակերպվում է ղեկավարման կետ (ՂԿ): Ընդ որում, զորամասերից մեկի ղեկավարման կետը օգտագործվում է որպես պահեստային ղեկավարման կետ (ՊՂԿ), որը նախօրոք համալրվում է կապի միջոցներով: Զորամասի պահեստային ղեկավարման կետը կազմակերպվում է ստորաբաժանումներից մեկի բազայի վրա:

103. Ղեկավարման և պահեստային ղեկավարման կետերը շարքից դուրս գալու դեպքում ենթակա զորամասերի ղեկավարումը իրականացվում է այլ զորամասերից մեկի ղեկավարման կետից: Զորամասի ղեկավարման կետի շարքից դուրս գալու դեպքում ստորաբաժանումների ղեկավարումը իրականացվում է ստորաբաժանումների հրամանատարներից մեկի կողմից` ոստիկանության զորքերի հրամանատարի որոշմամբ: Զորամասերի, ստորաբաժանումների ղեկավարումը իր վրա վերցրած հրամանատարը այդ մասին զեկուցում է ավագ հրամանատարին (պետին), հայտնում ենթականերին, մոտակա վայրերում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներին և համագործակցող մարմիններին:

104. Վերադաս հրամանատարը և շտաբը պարտավոր են ժամանակին միջոցներ ձեռնարկել ենթակա զորամասերի (ստորաբաժանումների) ղեկավարման կետերի հետ կայուն կապ հաստատելու համար:

105. Կապը զորքերի ղեկավարման ապահովման հիմնական միջոցն է: Այն կազմակերպվում է հրամանատարի որոշման, շտաբի պետի ցուցումների, վերադաս շտաբի հրահանգի համաձայն:

106. Կապի կազմակերպման և վիճակի համար պատասխանատվություն է կրում ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը: Կապի պետը անմիջապես կազմակերպում է կապը և կրում պատասխանատվություն` նրա` ժամանակին կազմակերպման և կայուն աշխատանքի համար:

107. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը և ոստիկանության զորքերի (զորամասի) շտաբի պետը իրավիճակի փոփոխման բոլոր պայմաններում պարտավոր են իրենց մոտ ունենալ կապի միջոցներ, որոնք թույլ կտան մշտական և կայուն կապ պահպանել իրենց շտաբների, ենթակա զորամասերի (ստորաբաժանումների), վերադաս հրամանատարի (շտաբի) հետ, կարողանան անձամբ անցկացնել բանակցություններ կապի միջոցներով:

108. Ոստիկանության զորքերում (զորամասերում) ստեղծվում է կապի համակարգ, որի հիմքը կազմում են մշտական և շարժական կապի հանգույցները: Այն մշտապես պետք է լինի մարտական պատրաստ վիճակում` զորքերի ղեկավարումը ապահովելու համար:

109. Զորամասերի (ստորաբաժանումների) ղեկավարման համար օգտագործվող ռադիո, ռադիոռելեային, հաղորդալարային, շարժական և ազդանշանային կապի միջոցները, ինչպես նաև` այլ գերատեսչությունների և կազմակերպությունների կապի միջոցները պետք է օգտագործվեն և ապահովեն իրավիճակի բոլոր պայմաններում հրամանների, հրահանգների և այլ տեղեկությունների ժամանակին հաղորդման հուսալիությունը և գաղտնիությունը:

110. Ավագ և ենթակա հրամանատարների միջև կապը կազմակերպվում է ուղիղ կապի կամ հենակետային (օժանդակ) հանգույցների, ինչպես նաև` այլ գերատեսչությունների, կազմակերպությունների կապի շրջանցիկ ուղղություններով և ուղիներով: Ընդ որում, պետք է ապահովվի կապի հաստատման հնարավորություն` մեկ-երկու աստիճան ներքև կանգնած օղակների հետ:

111. Համագործակցող միավորումների (զորամասերի, ստորաբաժանումների) միջև կապը ապահովվում է համագործակցություն կազմակերպող հրամանատարի (շտաբի) ցուցումով` ուղիղ կապի տեղադրման, գերատեսչությունների և կազմակերպությունների կապի օգտագործումով, վերադաս շտաբի կապի հանգույցի միջոցով, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև համագործակցող զորքեր և մարմիններ` կապի միջոցների հետ միասին ուղարկած ներկայացուցիչների միջոցով:

112. Կապի խափանման դեպքում համագործակցող միավորումների (զորամասերի, ստորաբաժանումների) շտաբները պարտավոր են անմիջապես ձեռնարկել միջոցներ` դրա վերականգնման համար:

113. Ոստիկանության զորքերի զորամասերի համատեղ գործողությունների ժամանակ նրանց միջև համագործակցության, կապի կազմակերպման և ապահովման պատասխանատվությունը դրվում է վերադաս շտաբի վրա:

114. Մարտական պատրաստականության պահպանման, ծառայողամարտական խնդիրների կատարման կազմակերպմամբ պայմանավորված` զորամասերի (ստորաբաժանումների) քողարկված ղեկավարումը պետք է ապահովվի միջոցառումների խստագույն գաղտնիությամբ: Այն ապահովվում է կապի տեխնիկական միջոցներով խոսակցություններ տանելու կարգին և կանոններին հետևելով, խոսակցությունները և հաղորդումները գաղտնիացնող սարքավորումների օգտագործմամբ, փաստաթղթերի ծածկագրմամբ, ազդանշանների և կանչերի, խոսակցական աղյուսակների և քարտեզների կոդավորումների օգտագործմամբ: Ոստիկանության զորքերում (զորամասերում, ստորաբաժանումներում) կապի տեխնիկական միջոցներով բաց հաղորդումներ թույլատրվում է միայն պահակախմբերի, զորային վերակարգերի պետերին պատահարների մասին տեղեկություններ հաղորդելու ժամանակ, ինչպես նաև` արտակարգ իրավիճակներում գործողությունների կառավարման և հրամանների փոխանցման ժամանակ` առանց գործողությունների մտահղացման բացահայտման:

115. Բաց հաղորդման բոլոր դեպքերում միավորումների (զորամասերի, ստորաբաժանումների) համարները և անվանումները տրվում են կանչերով, իսկ տեղանքի կետերը` կոդավորումներով:

116. Հրամանատարները (պետերը) անհապաղ կասեցնում են կապի կարգապահության և քողարկված կառավարման կանոնների խախտումներով խոսակցությունները:

117. Ղեկավարման մեքենայացման միջոցները նախատեսված են զորքերի կառավարման օպերատիվության հուսալիության բարձրացման համար և պետք է ապահովեն իրավիճակի մասին տեղեկությունները կարճ ժամանակահատվածում մշակումը, փոխանցումը և օպերատիվ տեխնիկական հաշվարկների փաստաթղթավորումը: Ղեկավարման մեքենայացման (ավտոմատացման) միջոցները օգտագործվում են հրամանատարի ցուցումների և վերադաս շտաբի հրահանգների հիման վրա: Այդ միջոցների աշխատանքի, ներդրման, տիրապետման, կիրառման, հուսալիության, ինչպես նաև` նրանցում գտնվող տեղեկությունների պահպանման պատասխանատվությունը դրվում է շտաբի պետի վրա:

118. Ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարությունում իրականացվում է մշտական հերթապահություն: ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով նախատեսված անձանցից բացի, իրավիճակի մասին տվյալներ հավաքելու, մարտական ծառայության նկատմամբ հսկողության, զինվորական կարգապահության և կանոնադրական խնդիրների պահպանման, օրվա ոչ աշխատանքային ժամերին միջադեպերի դեպքերում նախնական գործողությունների կազմակերպման համար հանգստյան և տոնական օրերին կազմակերպվում է ղեկավար կազմի հերթապահություն:

119. Ղեկավար կազմից հերթապահը (ՈԶ հրամանատարության պատասխանատու) պարտավոր է իմանալ իրավիճակը զորամասերում (ստորաբաժանումներում), ուսումնասիրել ստացված զեկույցները, անհրաժեշտության դեպքում` դրանց վերաբերյալ ընդունել որոշումներ և տալ կարգադրություններ` այդ մասին հետագայում զեկուցելով հրամանատարին:

120. Ոստիկանության զորքերի օպերատիվ հերթապահը (զորամասի հերթապահը) պետք է մշտապես իմանա իրավիճակը, արտակարգ իրավիճակների ժամանակ նախատեսված ազդանշաններով (հրահանգներով) գործելու կարգը և պատրաստ լինի զեկուցելու ոստիկանության զորքերի հրամանատարին (զորամասի) և ղեկավարման վերադաս մարմնի օպերատիվ հերթապահին` իրավիճակի մասին տվյալները և դրա վերաբերյալ հետևությունները, որտեղ և ինչ խնդիրներ են իրականացնում զորամասերը (ստորաբաժանումները, պահակախմբերը, զորային վերակարգերը), ինչպիսին են նրանց գործողությունների արդյունքները, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում` դրանց բնույթը և հետևանքները, անցկացվող միջոցառումները, զորքերի և համագործակցող մարմինների գործող ուժերն ու միջոցները:

121. Օպերատիվ հերթապահի (զորամասի հերթապահի) պարտականությունները որոշում է ոստիկանության զորքերի (զորամասի) հրամանատարը:

 

 

ԲԱԺԻՆ II
ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ IX
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

122. Ոստիկանության զորքերին առաջադրված խնդիրներն արդյունավետ իրականացնելու համար որոշիչ նշանակություն ունի գաղափարական համոզվածությունը, հոգեբանական կայունությունը, բարոյական բարձր ոգին և անձնակազմի ծառայողամարտական վարպետությունը: Այս հատկանիշների ամրապնդման գործում մեծ դեր ունի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների որակը: Ոստիկանության զորքերում և նրա ստորաբաժանումներում անձնակազմի հետ տարվող աշխատանքները նպատակաուղղված են ամրապնդելու մարտունակությունը և մարտական պատրաստականությունը:

123. Անձնակազմի հետ տարվող աշխատանքները (ԱՀՏԱ) կազմակերպվում և իրականացվում են` համաձայն ՀՀ ոստիկանության պետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանների և կարգադրությունների, ինչպես նաև` անձնակազմի հետ տարվող աշխատանքների համապատասխան ծառայության ուղեցույցների և խնդիրների:

124. Անձնակազմի հետ տարվող աշխատանքներն ուղղվում են անձնակազմի ամուր գաղափարական դաստիարակության, մարտական պատրաստության, հոգեբանական վիճակի բարելավման, զինվորական կարգապահության, զենքին և հատուկ միջոցներին վարպետորեն տիրապետելու, մարտական և հատուկ տեխնիկայի օգտագործման, ծառայողական վարպետության, մարտական ծառայության օրինակելի կատարման բարելավմանը: Դաստիարակչական աշխատանքներն ակտիվացվում են իրավիճակի և լարվածության աստիճանին համապատասխան, որի ընթացքում աշխատանքները պետք է լինեն նպատակաուղղված, հստակ, օպերատիվ և ճկուն: Աշխատանքները կազմակերպելու համար անհրաժեշտ է լայնորեն օգտագործել եղած հնարավորությունները, դաստիարակչական աշխատանքների ձևերն ու մեթոդները: Դաստիարակչական աշխատանքների կարևորագույն մեթոդ է համարվում անհատական մոտեցման մեթոդը, որը պարտավոր են սահուն և նրբանկատորեն իրականացնել ոստիկանության զորքերի բոլոր պաշտոնատար անձինք: Դաստիարակչական աշխատանքների կատարման ընթացքում հրամանատարները և հրամանատարների անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալները, ինչպես նաև` այդ աշխատանքներում ընդգրկված սպաները պարտավոր են մշտական կապ հաստատել պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև` պահպանվող օբյեկտների վարչակազմերի ղեկավարների հետ:

125. Դաստիարակչական աշխատանքների խնդիրներն են`

1) անձնակազմի հավատարմությունը զինվորական երդմանը.

2) զինծառայողներին բարձր պատասխանատվության ոգով դաստիարակելը.

3) զինվորական կարգապահության ամրապնդումը զորամասերում, ստորաբաժանումներում, մարտական ծառայության ընթացքում զինծառայողների կողմից իրենց դերի և նշանակության գիտակցման ապահովումը, հրամանատարների (պետերի) հեղինակության և միանձնյա ղեկավարման ամրապնդումը, զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների և զինվորական կոլեկտիվում բացասական երևույթների կանխարգելումը.

4) անձնակազմի դաստիարակումը ռազմահայրենասիրական ոգով, ծառայության պատշաճ կատարման օրինակներով.

5) անձնակազմի մարտական և հոգեբանական բարձր որակների ձևավորումը, անսասան գաղափարական և հոգեբանական կայունության, զինվորական բարձր ակտիվության ապահովումը.

6) ՀՀ տարածաշրջանում և աշխարհում տիրող քաղաքական իրավիճակի և ծառայողամարտական խնդիրների վերաբերյալ զինծառայողներին տեղեկատվությամբ, կրթական անհրաժեշտ բազայով, ժամանակին մամուլով ապահովելը.

7) մարտական ծառայության առաջավոր փորձի քարոզչության կազմակերպումը և ներդրումը, անձնակազմի ուսուցումը և դաստիարակումը` աչքի ընկած զինծառայողների դրական օրինակով.

8) զինվորական գույքի նկատմամբ զինծառայողներին խնայողական վերաբերմունք դաստիարակելը, ինչպես նաև անտնտեսվարության և վատնման նկատմամբ պայքարի ծավալումը.

9) ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական և կարգապահական վիճակի վերաբերյալ վերադաս հրամանատարներին ժամանակին և օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելը.

10) անձնակազմին համարձակության, տոկունության, ինքնատիրապետման, ազնվության և անկաշառելիության, հնարամտության և նախաձեռնության, բարեկամության և զինվորական ընկերության, փոխադարձ սատարման և աջակցման, մարտական ծառայության արդյունավետ կատարման զգացումով ձևավորումը.

11) մարտական գործողություններում հակառակորդի նկատմամբ անհանդուրժողականություն դրսևորելու, թշնամական քարոզչության գաղափարախոսությանը հակազդելու, զինծառայողներին ծառայողական զգոնության և անձնական պատասխանատվության աստիճանը բարձրացնելու, պետական և ծառայողական գաղտնիքների հրապարակումները բացառելու, հայրենիքի հանդեպ հանցավոր մտայնությունները ժամանակին հայտնաբերելու և կանխարգելելու գործում վճռականության ձևավորելը.

12) նորակոչիկների անհատական դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը.

13) զինվորական գույքի նկատմամբ խնայողաբար վարվելու և դրանք արդյունավետ օգտագործելու պատասխանատվության բարձրացումը:

 

ԳԼՈՒԽ X
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ ՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

126. Դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը և անցկացումը խաղաղ և պատերազմական իրավիճակներում հրամանատարների, պետերի, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների կարևորագույն պարտականությունն է: Նրանք ցանկացած իրավիճակում պարտավոր են անձամբ զբաղվել իրենց ենթակաների իրավական, բարոյական և զինվորական դաստիարակությամբ:

127. Դաստիարակչական աշխատանքները անմիջականորեն կազմակերպում և անցկացնում է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, նա պատասխանատու է այդ աշխատանքների վիճակի և գործունեության համար: Նա պարտավոր է.

1) իմանալ իրավիճակը, դրված խնդիրները և դրանց կատարման արդյունքները, ենթակա ստորաբաժանումների իրական վիճակը և դրա հիման վրա մշակել, անցկացնել համապատասխան դաստիարակչական աշխատանքներ.

2) ենթակաների հետ ժամանակին անցկացնել հարցադրումներ, զարգացնել նրանց նախաձեռնությունները, ստորաբաժանումների հրամանատարներին և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներին ծանոթացնել կոլեկտիվի համախմբման մեթոդներին և ձևերին.

3) անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանքներ կազմակերպելու պրակտիկայում հասնել բոլոր սպաների ամենօրյա մասնակցությանը, ընդհանրացնել և տարածել առաջավոր փորձը, օպերատիվ արձագանքել իրավիճակի փոփոխություններին.

4) նախաձեռնություն, ստեղծագործական մոտեցում ցուցաբերել անձնակազմի նկատմամբ, արդյունավետորեն ազդելու միջոցներ ձեռնարկել ծառայողական, մարտական խնդիրների բարեհաջող կատարման և բացասական երևույթների բացառման նպատակով:

128. Անցկացված դաստիարակչական աշխատանքների, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը զեկուցում է հրամանատարին և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բարձրաստիճան հրամանատարությանը:

129. Հրամանատարը և նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պարտավոր են նաև.

1) ժամանակին անձնակազմին հասցնել տեղեկատվություն առկա իրավիճակի մասին, բացատրել դրված խնդիրները և պահանջները.

2) պահակախմբերում և զորային վերակարգերում, հերթափոխերում և պահակակետերում անձնակազմին տեղաբաշխելիս հաշվի առնել նրանց գործնական ունակությունները, բարոյահոգեբանական վիճակը, ծառայության փորձը, անհատական յուրահատկությունները.

3) պահակախմբերում, վերակարգերում ծառայության նշանակված զինծառայողներին անընդմեջ սերմանել ծառայության հանդեպ բարձր զգոնության և պատասխանատվության զգացում, ընդհանրացնել և տարածել ծառայողական, մարտական պրակտիկայում նրանց դրական փորձը.

4) ապահովել զինծառայողների կողմից ծառայողամարտական կանոնադրական նորմերի հստակ յուրացումը, պաշտպանական և կապի տեխնիկական միջոցների օգտագործման կանոնների տիրապետումը.

5) զինծառայողների բարոյահոգեբանական պատրաստվածությանը, նրանց` կողմից դժվարություններ հաղթահարելուն, զորահավաքի և մարտական ծառայության ժամանակ վստահ և հմուտ գործելակերպին հասնելու համար անձամբ տանել դաստիարակչական աշխատանքներ պահակախմբերում և վերակարգերում` ապահովելով սպաների, ենթասպաների և ստորաբաժանման ակտիվի մասնակցությունն այդ գործում:

130. Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պահակախմբերում և վերակարգերում ընտրում է ագիտատորներ, մարտական թերթիկների խմբագրողներ և ակտիվիստներ, դնում նրանց առջև խնդիրներ, աշխատանքների արդյունավետ կատարման նպատակով անցկացնում հրահանգավորում, օգնում նրանց պարտականությունների կատարման գործում, ընդհանրացնում և տարածում նրանց առաջավոր փորձը:

131. Դասակի (մարտական խմբի) հրամանատարը դաստիարակչական աշխատանքներ կատարելիս պարտավոր է.

1) ենթականերին դաստիարակել հավատարմության զգացումով` զինվորական երդման և պարտքի նկատմամբ.

2) անձնակազմին պարբերաբար բացատրել իրավիճակի առանձնահատկությունները, ավագ հրամանատարության (պետերի) կողմից դրված խնդիրների կատարման արդյունավետ եղանակները, խրախուսել զինծառայողների` ծառայողամարտական խնդիրների կատարման ժամանակ ցուցաբերած հերոսությունները.

3) ենթակաների մոտ կանոնադրական պահանջների և ամենօրյա անհատական աշխատանքների միջոցով ձևավորել բարձր բարոյահոգեբանական և մարտական որակ, դաստիարակել գիտակցված զինվորական կարգապահություն, ուսումնասիրել անձնակազմի տրամադրվածությունը.

4) զինծառայողներին սերմանել զինվորական բարեկամության և ընկերության զգացումով, անձնական փորձով օրինակ ծառայել զինվորական պարտքի կատարման համար:

132. Ավագ հրամանատարները (պետերը) և անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով սպաները պարտավոր են մշտապես կատարելագործել և բարձրացնել դաստիարակչական աշխատանքները ստորաբաժանումներում, հասնել այն բանին, որպեսզի ոչ մի զինծառայող դուրս չմնա գաղափարական ազդեցության ոլորտից, ակտիվորեն ազդել զինվորական կոլեկտիվի կյանքի և գործունեության վրա, օգնություն ցուցաբերել հրամանատարներին և նրանց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալներին:

 

ԳԼՈՒԽ XI
ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՊԱՀԱԿԱԽՄԲԵՐՈՒՄ ԵՎ ՎԵՐԱԿԱՐԳԵՐՈՒՄ

 

133. Պահակախմբի և վերակարգի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների նպատակը բարձր մարտական պատրաստվածության, զգոնության, զինվորական կարգապահության, օրինականության պահպանման, օրինակելի մարտական ծառայության կատարման ապահովումն է:

134. Յուրաքանչյուր պահակախմբի համար (մեկ կամ մի քանի օրով հանդերձավորվող), հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը մշակում է դաստիարակչական աշխատանքների պլան, որտեղ նշում է ակտիվի կազմը, բաշխումը, միջոցառումները և երբ, ում հետ, որտեղ պետք է դրանք անցկացվեն:

135. Ակտիվիստներին և պահակախմբում ընդգրկված զինծառայողներին, ովքեր կատարում են ծառայողամարտական խնդիրներ մեկ օրից պակաս տևողությամբ, հրահանգավորման ժամանակ դաստիարակչական աշխատանքների գծով տրվում են հստակ անհատական առաջադրանքներ: Դաստիարակչական աշխատանքներն անցկացվում են մարտական ծառայության նախապատրաստման, ծառայության և կատարված խնդիրների ամփոփման ժամանակ:

136. Պահակախմբի վերակարգի նախապատրաստման ընթացքում անձնակազմին բացատրվում է իրավիճակը, ծառայության բնույթը, ծառայողամարտական խնդրի առանձնահատկությունները և կատարման կարգը:

137. Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պարտավոր է հրահանգավորել պահակախմբերին, վերակարգերի պետերին և նշանակված ակտիվի անդամներին, նրանց բացատրել անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքներ տանելու ժամանակը, բովանդակությունը, մեթոդները և ձևերը, ում հետ և ինչ հարցերով պետք է անցկացնել անհատական դաստիարակչական աշխատանքներ, ապահովել պահակակետերը և վերակարգը` անհրաժեշտ գրականությամբ, թերթերով և ամսագրերով, սեղանի խաղերով և քարոզչական նյութերով, ստուգել սպաների և ենթասպաների (ովքեր նշանակված են մարտական ծառայությունը հսկելու համար) պատրաստվածությունը, դաստիարակչական աշխատանքներ տանելու ունակությունները:

138. Մարտական ծառայություն իրականացնելու ժամանակահատվածում հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը, մյուս պաշտոնատար անձինք, վերակարգի պետերը դաստիարակչական աշխատանքներն ուղղում են մարտական խնդրի բարեհաջող կատարմանը:

139. Անձնակազմին բացատրվում է ընթացիկ իրավիճակը, ծառայողամարտական խնդրի կատարման պետական կարևորությունը, մարտական կանոնադրության առանձին դրույթները, պարտականություններն` ըստ պահակակետային ամփոփագրի, օրինականության և կարգապահության պահպանման և իրավիճակի փոփոխման:

140. Պահակախմբի (վերակարգի) պետը առաջադրանք կատարելու ժամանակ հենվում է ակտիվի վրա և իր տեղակալների միջոցով ակտիվի անդամներին գործնական օգնություն և օժանդակություն է ցուցաբերում` միջոցառումների անցկացման գործում, նրանց հետ միասին կոլեկտիվում ստեղծում է բարենպաստ մթնոլորտ և օգնում նորակոչիկների ծառայողական վարպետություն ձեռք բերելու հարցում: Նա անցկացնում է յուրաքանչյուր հերթափոխի ամփոփում` նշելով զինծառայողների գործողություններում տեղ գտած թերությունները, հոգ է տանում անձնակազմի ժամանակին և լիովին հանգստի, սննդի կազմակերպման և առողջության պահպանման հարցերի կարգավորման համար:

141. Պահակախմբի պետը պարտավոր է` լինել զգոն և արդարացի, անձնական օրինակով ենթականերին ցույց տալ և պահանջել մշտական մարտական պատրաստություն և զգոնություն, ապահովել մարտական ծառայության ժամանակ ծառայողական պարտականությունների և անվտանգության կանոնների օրինակելի կատարումը, միջոցներ ձեռնարկել ոչ կանոնադրական փոխհարաբերությունները կանխելու ուղղությամբ, անմիջապես զեկուցել զինծառայողների վարքի շեղումների, անառողջ մթնոլորտի և տրամադրությունների վերաբերյալ, այդ մասին տեղյակ պահել ծառայությունը ստուգող անձանց:

142. Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը պարտավոր է ամեն օր ստուգել պահակախմբի, վերակարգի դաստիարակչական աշխատանքների պլանի կատարումը, պարզել մարտական ծառայության ժամանակ անձնակազմի պարտականությունների և զինվորական կարգապահության պահանջների կատարման որակը, զեկուցել այդ մասին ստորաբաժանման հրամանատարին` նշելով ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին, նշված բացթողումների վերացման և ձեռնարկած միջոցառումների մասին անել հետևություններ ու ներկայացնել առաջարկություններ` դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը բարելավելու համար:

143. Հրամանատարը և նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը անձնակազմի` վաշտ վերադառնալուց հետո անցկացնում են պահակակետերի (վերակարգի) մարտական ծառայության և անցկացված դաստիարակչական աշխատանքների արդյունքների ամփոփում:

 

ԳԼՈՒԽ XII
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

144. Արտակարգ իրավիճակների ժամանակ տարբեր զորամասերից ստորաբաժանումների ընդգրկման դեպքում (համահավաք) դաստիարակչական աշխատանքների ղեկավարման համար ավագ հրամանատարը նշանակում է անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին:

145. Արտակարգ իրավիճակների դեպքում զորքերի գործողության ողջ ժամանակահատվածի համար անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով նշանակված սպաները մշակում են անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների պլան և ապահովում դրա կատարումը: Պլանում պետք է նախատեսվի անձնակազմի գծով սպաների տեղաբաշխումը, ակտիվի ընտրումը և հրահանգավորումը:

146. Պլանով պետք է նախատեսվեն. անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով սպաների բաշխումը` ըստ ստորաբաժանումների և մարտակարգի, ակտիվի ընտրությունը և հրահանգավորումը, իրադրության առանձնահատկությունները, խնդիրները, նպատակները, սպասվող գործողությունների բնույթը և ձևերը, նմանատիպ պայմաններում գործողությունների ժամանակ զորքերի ունեցած փորձը, բացատրական աշխատանքներ` ուղղված զինծառայողների վարքի և բնակչության հետ փոխհարաբերությունների նորմերի պահպանմանը, զգոնության, ռազմական գաղտնիքը խստիվ պահպանելու անհրաժեշտության միջոցառումներ` գործողությունների շրջանում հրահրիչ լուրերի և խուճապային տրամադրությունների նախազգուշացման և կանխման վերաբերյալ, տեղի իշխանությունների, ոստիկանության և այլ մարմինների, գործողությունների շրջանում տեղակայված զորամասերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով մարմինների հետ կապերի և փոխհարաբերությունների հաստատումը, բացատրական աշխատանքների կազմակերպումը տեղի բնակչության հետ:

147. Դաստիարակչական աշխատանքներում հատուկ ուշադրություն է դարձվում.

1) բնակավայրերում զանգվածային անկարգությունների կանխման նպատակով զորքերի գործողություններին` անձնակազմին բացատրելով հասարակական կարգի զանգվածային խախտման սոցիալական վտանգի, դրանց կանխման, խիզախ և վճռական գործողությունների մասին` հնարավոր հրահրումներից խուսափելու նպատակով ծանոթացնելով տեղի բնակչության սովորույթներին և ծիսակատարություններին.

2) հրդեհի և տարերային աղետների հետևանքների վերացմանը ներգրավելու ժամանակ անձնակազմին բացատրել նյութական արժեքները փրկելու եղանակներն ու ձևերը, տուժողներին օգնություն ցույց տալու կարգը, զինծառայողների զորահավաքը փրկարարական աշխատանքներում, պետական և հասարակական գույքի, հասարակական կարգի պահպանությունը, զինծառայողների արիության և ազնվության օրինակների քարոզչությունը.

3) զորքերի կողմից կարանտինային և անասնաճարակային միջոցառումների ապահովման ընթացքում անձնակազմին խորապես բացատրել համաճարակի և սանիտարահիգիենիկ կենցաղային պահանջների խստորեն պահպանման անհրաժեշտությունը, հոգալ զինծառայողների պայմանների ստեղծման մասին, կազմակերպել ակտիվի մանրակրկիտ ընտրությունը և բաշխումը, հատկապես ՀԱԿ-ի և տրանսպորտի ստուգման ծառայության ժամանակ` սերտ համագործակցելով տեղական մարմինների հետ:

148. Արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելիս դաստիարակչական աշխատանքները պետք է անցկացվեն առավելագույն օպերատիվությամբ, որի համար անհրաժեշտ է օգտագործել դաստիարակչական աշխատանքների ազդեցության հնարավորությունները` անձնակազմի զորամասից դուրս գալուց առաջ, երթի դադարի ժամանակ, հավաքակետերում և մարտակարգում հատկացված տեղերում:

149. Արտակարգ իրավիճակների ժամանակ զորքերի գործողությունների ընթացքում դաստիարակչական աշխատանքների հիմնական ձևը ենթակաների հետ հրամանատարների և նրանց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալների անձնական շփումն է: Իրավիճակի փոփոխման ժամանակ և նոր խնդիրների ծագման դեպքերում հրամանատարներն ու նրանց անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալները պարտավոր են դրանք ժամանակին հասցնել անձնակազմին և կազմակերպել դաստիարակչական աշխատանքներ` հաշվի առնելով այդ փոփոխությունները և հրամանատարի ընդունած որոշումները: Եթե զորքի գործողությունները տևում են մի քանի օր, ապա ծառայողամարտական խնդիրների կատարման և դաստիարակչական աշխատանքների արդյունքների ամփոփումը կատարվում է ամեն օրվա վերջում:

150. Այն ծառայողը, ում վրա դրված է անձնակազմի հետ տարվող աշխատանքների անմիջական կազմակերպումը, զորքի գործողությունների ավարտից հետո, անցկացված միջոցառումների, բարոյահոգեբանական վիճակի, զինվորական կարգապահության, զինվորների կողմից ցուցաբերած հերոսական օրինակների, խիզախության և արիության իր ուսումնասիրությունների ու առաջարկությունների մասին զեկուցում է հրամանատարին և նրա անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալին:

151. Հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալը կազմակերպում է անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով սպաների կողմից անցկացված դաստիարակչական աշխատանքների վերլուծություն` նշելով բացթողումները և դրանց վերացման ուղիները, շտաբի հետ համատեղ կազմում է առավել աչքի ընկնող զինծառայողների խրախուսման նյութերը:

 

ԲԱԺԻՆ III
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ XIII
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

152. Հասարակական կարգի պահպանության նպատակով պարեկապահակետային ծառայության գործունեության կազմակերպման խնդիրների, նպատակի, իրավական հիմքերի, ինչպես նաև` պարեկապահակետային ծառայություն իրականացնելու կարգի, պարեկապահակետային ծառայություն իրականացնող հատուկ վերակարգերի պարտականությունների վերաբերյալ իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշմամբ:

153. Հասարակական կարգի պահպանության խնդիրների իրականացմանը ներգրավվում են հասարակական կարգի պահպանության զորամասերը`

1) հասարակական կարգի պահպանության զորամասերի տեղակայման վայրում` ոստիկանության զորքերի հրամանատարի և ավագ օպերատիվ պետի որոշմամբ, տեղակայման վայրից դուրս` ոստիկանության զորքերի հրամանատարի որոշմամբ.

2) ուսումնական զորամասը հասարակական կարգի պահպանության համար զանգվածային միջոցառումներ անցկացնելիս (իրավիճակից ելնելով)` ոստիկանության զորքերի հրամանատարի որոշմամբ:

154. Հասարակական կարգի պահպանության ծառայություն իրականացնելու համար ոստիկանության զորքերի ուժերի և միջոցների հատկացման չափաքանակը որոշում է ոստիկանության պետը: Պարեկապահակային ծառայություն իրականացնելու համար հատկացված զորամասերի ուժերը և միջոցները օգտագործվում են կենտրոնացված և, որպես կանոն, բարդ օպերատիվ իրավիճակային շրջաններում (տեղամասերում):

155. Տարին մեկ անգամ ոստիկանության զորքերի շտաբը` ոստիկանության հասարակական կարգի պահպանության վարչության հետ համատեղ, մշակում է հասարակական կարգի պահպանության ծառայությունում անձնակազմի օգտագործման պլան, որում նշվում է ոստիկանության այն ստորաբաժանման անվանումը, որի տրամադրության տակ ուղարկվում է պարեկային ստորաբաժանումը, հատկացված անձնակազմի և տրանսպորտային միջոցների, հետիոտն և ավտոպարեկների քանակը, ծառայություն իրականացնելու օրերը և ժամանակը, ուսումնական, հավաքակայանատնտեսական և հանգստի օրերը, ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ մարզումների և զորավարժությունների անցկացման տեղերը և ժամանակը: Պլանը ստորագրվում է զորամասի հրամանատարի և հասարակական կարգի ապահովման վարչության պետի կողմից և հաստատվում ավագ օպերատիվ պետի կողմից:

156. Ոստիկանության զորքերի շտաբը հասարակական կարգի ապահովման վարչության հետ համատեղ մասնակցում է քաղաքի տարածքում պարեկապահակային ծառայության ուժերի և միջոցների համալիր օգտագործման սկզբունքային ուրվագծերի և պարեկների երթուղիների քարտերի մշակմանը: Քաղաքի տարածքում պարեկապահակային ծառայության ուժերի և միջոցների համալիր օգտագործման սկզբունքային ուրվագծերի և պարեկների երթուղիների քարտերի մեկ օրինակը, ինչպես նաև` շարքային անձնակազմի համար ծառայողական վկայականների որոշված նմուշների ձևաթերթերը ավագ օպերատիվ պետը ուղարկում է ոստիկանության զորքերի շտաբ:

157. Զորային վերակարգի անձնակազմի համազգեստի ձևը, սպառազինությունը և հանդերձավորումը յուրաքանչյուր օրվա համար որոշում է ոստիկանության զորքերի հրամանատարը: Հասարակական կարգը պահպանող զորային վերակարգերը հրազենով զինելու որոշումը ընդունում է ավագ օպերատիվ պետը` համաձայնեցնելով ոստիկանության զորքերի հրամանատարի հետ: Զորային վերակարգերին ձեռնաշղթաներ և կապելու հարմարանքներ (1 մետր երկարությամբ կանեփե կամ կապրոնե ճոպան, պարան) տրվում է զորամասի հրամանատարի որոշմամբ:

158. Հերթափոխից առաջ պարեկապահակային ծառայություն կատարելու համար նշանակված յուրաքանչյուր զինծառայողի տրվում է սուլիչ, անհատական վիրակապային փաթեթ, գրպանի էլեկտրական լապտեր: Բացի այդ, զորային վերակարգի պետին տրվում է ծառայողական պայուսակ, շարքային անձնակազմի համար որոշված նմուշի ծառայողական վկայական (պարեկի, հասարակական կարգի պահպանման պահակակետերի պետերին), ծառայողական գիրք, երթուղու քարտ, պարեկի ստուգողական թերթ (հասարակական կարգի պահպանման պահակակետի), լուսանկարներ, հետախուզվող անձանց վերաբերյալ կողմնորոշիչներ, տեղեկություններ հափշտակված ավտոտրանսպորտային միջոցների մասին, ռադիոկայան և հատուկ հեռախոսների բանալիներ (տեղադրված երթուղու կամ նրա մոտ):

159. Զորային վերակարգերի հերթապահը հրահանգավորումից հետո զորամասի շտաբից (վաշտի հրամանատարից) ստանում է պարեկապահակային ամփոփագիրք: Զորային վերակարգի անձնակազմը հերթափոխի համար շարվում է ծավալուն երկտողան շարքով: Պարեկային տրանսպորտը տեղակայվում է դրա համար առանձնացված տեղում:

160. Ծառայության անցնելու համար անձնակազմի պատրաստվածությունը ստուգելուց հետո զորամասի հրամանատարը կամ նրան փոխարինող անձը թույլատրում է ծառայության անցնելու:

161. Տրանսպորտային միջոցներով անձնակազմի տեղափոխումը զորամասից ոստիկանության ստորաբաժանումներ և հակառակը, որպես կանոն, իրականացվում է շարասյունով: Զորամասի հրամանատարի կողմից որոշված կետերում ստորաբաժանման անձնակազմը տրանսպորտային միջոցով դուրս է գալիս շարասյան կազմից և շարժվում նախապես որոշված երթուղով համապատասխան ոստիկանության ստորաբաժանում (բաժին): Պարեկային տրանսպորտային միջոցների կայանումը կազմակերպվում է ոստիկանության ստորաբաժանումների ցանկապատված տարածքում կամ զորային վերակարգի անձանց հսկողության տակ:

162. Հասարակական կարգի պահպանության իրականացման ժամանակաընթացքում ստորաբաժանման ղեկավարումը իրականացնում է զորամասի հրամանատարը կամ նրա տեղակալներից որևէ մեկը: Նա պատասխանատու է զորային վերակարգի ծառայության նախապատրաստման, ժամանակին ոստիկանության ստորաբաժանումներ ժամանելու (ծառայության կատարման վայր), առաջադրված խնդիրների լիարժեք կատարման, ծառայության ժամանակ զինվորական կարգապահության պահպանման, անձնակազմի կողմից օրինականության պահպանման համար և պարտավոր է`

1) տիրապետել քաղաքում տիրող օպերատիվ իրավիճակին և ավագ օպերատիվ պետից (զորամասի հրամանատարից) ստացված առաջադրանքին.

2) ապահովել անվտանգության կանոնները առաջադրված խնդիրների կատարման վայր անձնակազմի տեղափոխման ժամանակ.

3) ստուգել զորային վերակարգերի հերթապահների, պարեկային խմբերի պետերի և պարեկների ծառայության կատարումը` ծառայողական փաստաթղթերում կատարելով նշումներ.

4) մշտական կապ պահպանել քաղաքի ոստիկանության ստորաբաժանման հերթապահի հետ, նրա հետ փոխանակել տեղեկություններ` պարեկապահակային ծառայության կատարման տարածքում տիրող իրադրության վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում, քաղաքի ոստիկանության ստորաբաժանման պետի որոշմամբ (համաձայնեցնելով ոստիկանության զորքերի հրամանատարի հետ) կատարել ուժերի և միջոցների տեղաշարժ.

5) զորային վերակարգերի հերթապահներից ընդունել զեկույցներ, ծառայության ավարտից հետո ստուգել անձնակազմի, գույքի առկայությունը և ամփոփել ծառայության արդյունքները.

6) զորամասի հրամանատարին զեկուցել ծառայության արդյունքների մասին (այն դեպքում, երբ ստորաբաժանումների ղեկավարումը իրականացնում է նրա տեղակալը):

163. Հասարակական կարգի պահպանության զորային վերակարգերը, բացառությամբ օպերատիվ պետի ղեկավարմանը հատկացված հատուկ մեքենայացված զորամասի վերակարգերի, առաջադրանքները կատարում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատու ծառայողի անմիջական ղեկավարությամբ:

164. Հասարակական կարգի պահպանության խնդիրներն իրականացնելիս հասարակական կարգի պահպանման զորամասերի զինծառայողների իրավունքները, պարտականությունները սահմանվում են «Ոստիկանության մասին», «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշմամբ:

 

ԳԼՈՒԽ XIV
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

165. Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայողամարտական խնդիրների կատարման համար զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ընդունում է որոշում, որը գրաֆիկորեն ձևավորվում է քաղաքի ուրվագծի վրա (զանգվածային միջոցառումներ անցկացվող շրջանի ուրվագծի վրա) կարճ պարզաբանող գրությամբ, որը հաստատվում է ավագ օպերատիվ պետի կողմից:

166. Զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության համար ներգրավված ուժերի և միջոցների խմբավորումը կարող է ներառել շրջապատման, պարեկության և պահպանության խմբերը, հատուկ վերակարգերը և ռեզերվը: Անձնակազմի գործողությունները ապահովելու համար ստեղծվում են բժշկական կետեր (պահակակետեր):

167. Շրջապատման խումբը կազմված է զորային շղթաներից, ՀԱԿ-ի վերակարգերից, հասարակական կարգի պահպանման պահակակետերից և պարեկներից:

168. Զորային շղթաները օգտագործվում են շրջանի (տեղամասի) օղակման համար` այնտեղ քաղաքացիների անկազմակերպ մուտքն արգելելու նպատակով:

169. ՀԱԿ-ի վերակարգերը նշանակվում են զանգվածային միջոցառումների անցկացման շրջանում` տրանսպորտի և հետիոտնի մուտքը ապահովելու համար: ՀԱԿ-ի շրջանցումները արգելելու նպատակով հարակից տարածքը ապահովվում է հասարակական կարգի պահպանման պահակակետերով և պարեկներով: ՀԱԿ-ի վերակարգերի պետեր, որպես կանոն, նշանակվում են ոստիկանության (ԱԱԾ) մարմինների ղեկավար կազմի անձինք:

170. Պարեկային խումբը կազմված է պարեկներից և հասարակական կարգի պահպանման պահակակետերից: Երթուղիներում պարեկությունը իրականացվում է իրավախախտումները կասեցնելու, ինչպես նաև` զանգվածային միջոցառումների անցկացման շրջանի մատույցներում մարդկանց կուտակումներ թույլ չտալու նպատակով:

171. Պահպանության խումբը ստեղծվում է իրավիճակի բարդացման և օբյեկտները, ինչպես նաև` տարբեր իրավախախտումների համար ձերբակալված անձանց պահպանելու անհրաժեշտության առաջացման ժամանակ: Այն կազմված է պահակախմբերից` յուրաքանչյուրում 5 զինծառայողից ոչ պակաս քանակով:

172. Բժշկական կետեր (պահակակետեր) նշանակում են ստորաբաժանումների (զորային վերակարգերի) զինծառայողներին, իսկ անհրաժեշտության դեպքում, նաև զանգվածային միջոցառումների մասնակիցներին` առաջին բժշկական օգնություն ցույց տալու համար:

173. Զորամասի հրամանատարի և ավագ օպերատիվ պետի որոշմամբ, կախված կոնկրետ ստեղծված իրավիճակից, ծառայության կատարման շրջանում կարող են նշանակվել նաև այլ վերակարգեր:

174. Ռեզերվը կարող է լինել զինված և չզինված: Զինված ռեզերվի անձնակազմը ունենում է հաշվեցուցակային զենք: Զինամթերքը լիցքավորված պահունակներում պահպանվում է փակված և կնքված արկղում: Ռեզերվի կազմը, տեղաբաշխումը և օգտագործման կարգը որոշում է զորամասի հրամանատարը` ավագ օպերատիվ պետի հետ համատեղ:

175. Ծառայողամարտական խնդիրների կատարման որոշման հիման վրա զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը տալիս է հրաման, որում նշում է`

1) առաջին կետում` զանգվածային միջոցառման բնույթը և դրա անցկացման շրջանում հասարակական կարգի վիճակը.

2) երկրորդ կետում` զորամասի (ստորաբաժանման) խնդիրը.

3) երրորդ կետում` համագործակցող ուժերի խնդիրները.

4) չորրորդ կետում` գործողությունների մտահղացումը.

5) հինգերորդ կետում` «Հրամայում եմ» բառից հետո առանձին ենթակետով դրվում է յուրաքանչյուր ստորաբաժանման (ինքնուրույն գործող զորային վերակարգի) խնդիրը, հատկացված ուժերի և միջոցների քանակը, դրանց խմբավորումը և խմբավորման տարրերի խնդիրները, համախմբման շրջանները, ոստիկանության (ԱԱԾ) ստորաբաժանումների վերակարգերի հետ համագործակցելու կարգը, անձնակազմի համազգեստի ձևը և հանդերձավորումը, ծառայության կատարման տևողությունը, պահեստազորի կազմը և տեղակայման վայրը.

6) վեցերորդ կետում` զենքի կիրառման, ավտոտրանսպորտի, ինժեներական, տեխնիկական և հատուկ միջոցների օգտագործման կարգը, անձնակազմի անվտանգության կանոնները, ռեժիմային միջոցառումները, բերման ենթարկած խախտողներին (հանցագործներին) ոստիկանության մարմիններ հանձնելու կարգը.

7) յոթերորդ կետում` գործողություններին պատրաստ լինելու ժամանակը.

8) ութերորդ կետում` ղեկավարման օժանդակ կետի ծավալման տեղը և ժամանակը, կապի կարգը զեկույցների (տեղեկատվության) ներկայացման ժամկետը:

176. Ստորաբաժանումների (զորային վերակարգերի) հետ` միմյանց, ինչես նաև ոստիկանության (ԱԱԾ) մարմինների վերակարգերի հետ համագործակցությունը կազմակերպվում է ըստ խնդիրների, տեղի և ժամանակի: Ընդ որում, զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը օպերատիվ պետի հետ համատեղ որոշում են`

1) ծառայության կատարման շրջանում ուժերի և միջոցների կենտրոնացման և ելման դրության զբաղեցման ժամանակը և հաջորդականությունը.

2) զանգվածային միջոցառման անցկացման շրջանի շրջապատման և այնտեղից կողմնակի անձանց դուրսբերման կարգը.

3) քաղաքացիների կուտակումների, շրջափակող օղակի ճեղքման և ճեղքման վտանգի, անկարգությունների կասեցման, հրահրումների, խուճապի առաջացման, զանգվածային միջոցառման մասնակիցների կամ զորային վերակարգերի վրա հարձակման դեպքում գործողությունների կարգը.

4) միմյանց և զորամասի շտաբի հետ ստորաբաժանումների և խմբավորման տարրերի կապի կազմակերպման և ղեկավարման կարգը.

5) խնդիրը կատարելուց հետո ստորաբաժանումների (զորային վերակարգերի) հավաքի տեղը և զորամաս վերադառնալու կարգը:

177. Հասարակական կարգի պահպանության ծառայության կատարման համար ստորաբաժանումների նախապատրաստումը ներառում է օպերատիվ իրավիճակի և ստացված խնդրի պարզաբանումը զինծառայողներին, զորային վերակարգերի անձնակազմերի և պետերի հրահանգավորումը, դաստիարակչական միջոցառումների անցկացումը, զենքի, հատուկ տեխնիկայի, համազգեստի և հանդերձանքի նախապատրաստումը, պարապմունքների, շարային ստուգատեսների, մարզումների և զորավարժանքների անցկացումը:

178. Զորամասը (ստորաբաժանումը) ծառայության կատարման վայր ժամանում է զանգվածային միջոցառման սկսվելուց 1,5-ից 2 ժամ առաջ: Զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը կազմակերպում է ավտոտրանսպորտի պահպանությունը, կապ է հաստատում օպերատիվ պետի (տեղամասի, հատվածի պետի) հետ, ճշտում է իրավիճակը, անձամբ և շտաբի սպաների միջոցով ստուգում է ստորաբաժանումների (զորային վերակարգերի) ելման դիրքի (տեղամասեր, հատվածներ) ժամանակին զբաղեցնելը, ճշտում է ստորաբաժանումների (զորային վերակարգերի) խնդիրները, ստուգում է ծառայության կատարման նպատակով անձնակազմի պատրաստությունը:

179. Զանգվածային միջոցառման անցկացման շրջանը շրջապատելուց հետո ազատվում է կողմնակի անձանցից: Դրա համար հատկացված ստորաբաժանումը հրապարակի լայնությամբ շարվում է երկու տողանով և օպերատիվ պետի ցուցումով սկսում են շրջապատված շրջանի կենտրոնից շարժվել հակառակ ուղղություններով` դուրս մղելով այնտեղ հայտնված քաղաքացիներին: Միաժամանակ զորային վերակարգերը ոստիկանության (ԱԱԾ) մարմինների աշխատակիցների հետ համատեղ զննում են տրիբունաները և կողմնակի անձանց թաքնվելու այլ հնարավոր տեղերը: Քաղաքացիների մուտքը շրջապատված շրջան (շրջանից) իրականացվում է ՀԱԿ-ի միջոցով:

180. ՈՒղղորդ միջանցքների կառուցման համար հատկացված ստորաբաժանումները ոստիկանության (ԱԱԾ) մարմինների աշխատակիցների հետ համատեղ նախօրոք կամ շարասյան շարժման սկզբում գրավում են իրենց համար նշված տեղերը: Զինծառայողները շղթայում շարվում են մեկընդմեջ` դեմքով դեպի հակառակ կողմեր:

181. Շրջապատող խմբի ստորաբաժանումը ոստիկանության (ԱԱԾ) այլ ստորաբաժանումների հետ համատեղ կազմում են սահմանափակող ուղղանկյուններ:

182. Զանգվածային միջոցառման մասնակիցների շարասյուները սահմանափակող ուղղանկյուններին մոտենալուն պես զորային վերակարգերի պետերը օպերատիվ պետի կարգադրությամբ շղթաներում ստեղծում են անցումներ, նրանցով ներս են թողնում շարասյուները, որից հետո դրանք նորից փակում:

183. Զորային շղթաների անձնակազմերը չեն թույլատրում քաղաքացիների անցումը մեկից մեկ այլ սահմանափակող ուղղանկյուն: Հատուկ ուշադրություն է դարձվում առաջին շղթայի ճեղքմանը և քաղաքացիների ելքը դեպի տրիբունա սահմանափակելուն: Բացառիկ դեպքերում օպերատիվ պետի ցուցումով թույլատրվում է միջոցառման առանձին մասնակիցներին բաց թողնել սահմանափակող ուղղանկյուններից:

184. Զորային շղթաների ճեղքման վտանգի (ճեղքման) դեպքում ստորաբաժանման հրամանատարը (զորային վերակարգի պետը) զեկուցում է օպերատիվ պետին, նրա ցուցումով վտանգավոր տեղամասում մեծացնում է շղթայի խտությունը և վերականգնում շղթայի գիծը: Այդ նպատակի համար, անհրաժեշտության դեպքում, օգտագործվում է ռեզերվը:

185. Ծառայության կատարման շրջանում անկարգություններ, հրահրում, զանգվածային միջոցառման մասնակիցների կամ զորային վերակարգերի վրա հարձակում կատարելու դեպքում, խուճապի և այլ պատահարների առաջացման ժամանակ ռեզերվով ուժեղացված զորային վերակարգերը ոստիկանության (ԱԱԾ) այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ համատեղ, օպերատիվ պետի որոշմամբ ձեռք են առնում անհրաժեշտ միջոցներ` պատահարի վերացման և խախտողների ձերբակալման համար: Միջոցառման անցկացման շրջան քաղաքացիների ելքն ու մուտքը ժամանակավորապես դադարեցվում է:

186. Կառավարական պատվիրակությունների ընդունման և ճանապարհելու ժամանակ հասարակական կարգը պահպանելիս ստորաբաժանումը ոստիկանության (ԱԱԾ) այլ ստորաբաժանումների հետ համատեղ ծառայություն են կատարում պատվիրակության ուղևորման ուղեգծի երկարությամբ` փողոցների երթուղային մասի եզրերի մոտ տեղադրելով զորային շղթաներ կամ գտնվում են օպերատիվ պետի ռեզերվում: Զինծառայողները շղթայում շարվում են մեկընդմեջ` դեմքով դեպի հակառակ կողմը: Անցումների և բակերի միջոցով քաղաքացիների մուտքը դեպի պատվիրակության շարժման երթուղի արգելելու համար կարող են դրվել լրացուցիչ վերակարգեր:

187. Մարզական, մշակութային միջոցառումներ անցկացնելու ժամանակ ստորաբաժանումը (զորային վերակարգը) ոստիկանության վերակարգերի հետ համատեղ հսկիչ կետերի, դրամարկղերի մոտ և տրիբունաներում ապահովում է կարգուկանոնը, կատարում ծառայություն մարզադաշտի, համերգասրահի շրջապատում և նրա առաջին շարքերում, իսկ անհրաժեշտության դեպքում, քաղաքացիների մարզադաշտ, համերգասրահ և հասարակական տրանսպորտից օգտվելու վայրեր անցնելու համար ստեղծում ուղղորդող միջանցքներ:

188. Զորամասի (ստորաբաժանման) հրամանատարը ծառայության ընթացքում կազմակերպում է իրավիճակի տվյալների հավաք և դրա փոփոխության հաշվարկով անձամբ ձեռք է առնում միջոցներ:

189. Ստորաբաժանումները ծառայությունը դադարեցնում են օպերատիվ պետի թույլտվությամբ: Ստորաբաժանման հրամանատարները (զորային վերակարգերի պետերը) ստուգում են անձնակազմի, զենքի, զինամթերքի, հանդերձանքի առկայությունը, զեկուցում են այդ մասին ըստ հրամանի, որից հետո զինծառայողներին դուրս են բերում ավտոտրանսպորտ նստեցնելու համար որոշված վայրերը և մեկնում մշտական տեղակայման վայր:

 

ԲԱԺԻՆ IV
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 

ԳԼՈՒԽ XV
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

190. Արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանության (ազգային անվտանգության ծառայության) մարմինների հետ համատեղ խնդիրների կատարմանը ներգրավվում են ոստիկանության զորքերի զորային օպերատիվ ռեզերվները` մարտական ծառայությանը չընդգրկված և ամենօրյա խնդիրների ծավալների կրճատումից ազատված անձնակազմից ստեղծված համահավաք ջոկատները:

191. Մշտական տեղակայման վայրերում հասարակական կարգի պահպանության զորամասերը ծառայության են ներգրավվում ՈԶ հրամանատարի որոշմամբ:

192. Բնակավայրերում հասարակական կարգի խմբակային և զանգվածային խախտումների կանխման և կարանտինային միջոցառումների ապահովման համար ոստիկանության մարմիններին օգնություն ցուցաբերելու նպատակով համահավաք ջոկատները ծառայության են ներգրավվում ոստիկանության պետի որոշմամբ` երկրաշարժ, տարերային աղետների և տեխնածին վթարների հետևանքների վերացման համար:

193. Արտակարգ իրավիճակներում գործողությունների ժամանակ ԶՕՌ-ը, համահավաք ջոկատները, հերթապահ ստորաբաժանումները կարող են բերվել N 2 և N 1 պատրաստականության:

194. N 2 պատրաստականության ժամանակ զորամասերի և ստորաբաժանումների սպաները, ենթասպաները և ժամկետային զինծառայողները գտնվում են զորանոցային պայմաններում, անձնակազմը հանդերձավորվում է, մարտական տեխնիկան և տրանսպորտային միջոցները դուրս են բերվում շարման վայր, կապի միջոցները պատրաստ են շահագործման, ռազմամթերքը, նյութական միջոցների շարժական պաշարները, հատուկ և տեխնիկական միջոցները բեռնավորվում են տրանսպորտային միջոցներում, զինամթերքը չի բաժանվում, մարտական խնդիրը չի առաջադրվում:

195. N 1 պատրաստականության ժամանակ անձնակազմը լրիվ հանդերձավորվում է, տեղավորվում տրանսպորտային միջոցներում, զինամթերքը (անհրաժեշտության դեպքում) բաժանվում է և դրվում է մարտական խնդիրը: Գործողություններին անցնելու ժամանակը հայտնվում է անմիջապես հրաման (ազդանշան) ստանալուց հետո:

196. N 2 և N 1 պատրաստականության անցնելու վերաբերյալ հրաման արձակելու իրավունք ունեն. զորամասերին` ՈԶ հրամանատարը, համահավաք ջոկատներին` ՈԶ հրամանատարը, զորամասի հրամանատարը, իսկ անհապաղ դեպքերում` հերթապահ ստորաբաժանումներին` զորամասի հրամանատարի հրամանով` զորամասի հերթապահը կամ զորամասի հրամանատարը:

197. Զորամասի հրամանատարը, պարզաբանելով ավագ օպերատիվ հրամանատարի մտահղացումը և գնահատելով իրադրությունը, արտակարգ իրավիճակների ժամանակ հնարավոր գործողությունների համար վաղօրոք ընդունում է որոշում, որում նշում է`

1) հնարավոր գործողությունների շրջանները (կետերը).

2) ներգրավվող ուժերն ու միջոցները, նրանց խնդիրները, գործողությունների ձևերը, շարժման երթուղիները և կարգը, նշանակված շրջաններ (կետեր) ժամանման ժամկետները.

3) ուժերի և միջոցների պատրաստման և բազմակողմանի ապահովման վերաբերյալ խնդիրները.

4) համագործակցության կարգը.

5) ղեկավարման կազմակերպումը:

198. Որոշման հիման վրա մշակվում է ՈԶ հրամանատարության, զորամասերի, ստորաբաժանումների արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների պլանը: Զորամասի (ստորաբաժանման) գործողությունների պլանը համաձայնեցվում է կայազորի պետի, ԱԱԾ ծառայության տարածքային մարմինների և այլ համագործակցող մարմինների հետ:

199. Արտակարգ իրավիճակների ժամանակ գործելու պլանը մշակվում է ՈԶ (զորամասի) շտաբի կողմից` ավագ օպերատիվ հրամանատարի խնդրի և հրամանատարի որոշման հիման վրա և հաստատվում է`

1) ստորաբաժանման համար` զորամասի հրամանատարի կողմից.

2) զորամասի համար` ՈԶ հրամանատարի կողմից:

 

ԳԼՈՒԽ XVI
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

 

200. Հասարակական կարգի խմբակային խախտումները և զանգվածային անկարգությունները խափանելու, պահպանվող օբյեկտները պահպանելու համար անցկացվում է հատուկ օպերացիա:

201. Հատուկ օպերացիան օպերատիվ հետախուզական, ռեժիմային և այլ միջոցառումների համալիր է, որն իրականացվում է ոստիկանության ստորաբաժանումների, ոստիկանության զորքերի զորամասերի և այլ համագործակցող մարմինների մասնակցությամբ` սահմանափակ ժամանակահատվածում, ընդհանուր պլանով և միանձնյա ղեկավարումով:

202. Հատուկ օպերացիայի վերաբերյալ որոշումն ընդունում է ավագ օպերատիվ ղեկավարը:

203. Հատուկ օպերացիան ղեկավարում է ավագ օպերատիվ պետը: Եթե օպերացիան անցկացվում է ազգային անվտանգության մարմնի ղեկավարությամբ, ապա օպերացիայի ղեկավար է նշանակվում այդ մարմնից: ՈԶ (զորամասի) հրամանատարը համարվում է հատուկ օպերացիայի ղեկավարի տեղակալը` զորքերի գծով:

204. Հատուկ օպերացիայի ղեկավարման հիմնական մարմինը համարվում է օպերատիվ շտաբը: Զորամասերի (ստորաբաժանումների) գործողությունների անմիջական ղեկավարման համար օպերատիվ շտաբին կից ստեղծվում է զորային օպերատիվ խումբ: Անհրաժեշտության դեպքում, հատուկ օպերացիայի շրջանում ստեղծվում է ղեկավարման օժանդակ կետ:

205. Հատուկ օպերացիայի անցկացման զորային գործողությունների հիմնական միջոցներն են` շրջափակումը, որոնումը, շրջապատումը, հետապնդումը, ապակենտրոնացումը և պաշարումը:

206. Շրջափակումը ստորաբաժանումների գործողություններն են հանցագործի գտնվելու շրջանը մեկուսացնելու ուղղությամբ` տվյալ շրջանից նրա դուրս գալն արգելելու, փնտրելու և ձերբակալելու նպատակով: Այն կարող է լինել համատարած կամ հանցագործների հավանական շարժման ուղղություններով: Տեղանքի համատարած շրջափակման դեպքում շրջանի (օբյեկտի) սահմանագծում գտնվող հարևան վերակարգերի միջև պետք է ապահովվի տեսողական և կրակային կապ: Կախված հանցագործների թվաքանակից, գործողությունների բնույթից և վտանգավորության աստիճանից, շրջապատված շրջանի (օբյեկտի) կարևորությունից, տարվա եղանակից, ուժերի և միջոցների առկայությունից` ստորաբաժանումներին նշանակվում է սահմանագիծ հետևյալ երկայնքով`

1) փակ տեղանքում` մարտական խմբի համար մինչև 300 մետր.

2) բաց տեղանքում` մարտական խմբի համար մինչև 600 մետր.

3) փակ տեղանքում` դասակի համար մինչև 750 մետր.

4) բաց տեղանքում` դասակի համար մինչև 1500 մետր:

207. Առավել խիտ պետք է փակվեն այն ուղղությունները, որոնք տանում են դեպի անտառներ, բնակավայրեր, ճանապարհներ և կտրտված տեղանքով տեղամասեր: Գիշերային ժամերին շրջափակման խտությունը մեծացվում է պահեստայինների և հայտնաբերման տեխնիկական միջոցների տեղադրման հաշվին: Հանցագործների շարժման հավանական ուղղությամբ շրջափակումը կատարվում է հանցագործների գտնվելու շրջանը համատարած շրջափակելու համար ուժերի և միջոցների անբավարարության դեպքում կամ եթե տեղանքի պայմաններից ելնելով համատարած շրջափակումը հնարավոր չէ: Շրջափակումը կարող է իրականացվել մեկ կամ մի քանի սահմանագծերով:

208. Հետապնդումը զորային վերակարգերի աննահանջ շարժումն է հեռացող հանցագործների ուղղությամբ նրանց ձերբակալելու նպատակով: Հետապնդումը կարող է լինել`

1) անմիջական, երբ հեռացող հանցագործները գտնվում են զորային վերակարգի տեսադաշտում.

2) հետքերով.

3) հանցագործների շարժման հավանական ուղղություններով:

209. Հետապնդումը պետք է վարվի մինչև հետապնդվողների ձերբակալումը (ոչնչացումը) և կարող է դադարեցվել միայն ավագ հրամանատարի հրամանով:

210. Որոնումը հանցագործներին հայտնաբերելու, ձերբակալելու համար զորային վերակարգերի (ստորաբաժանումների) գործողություններն են` նրանց գտնվելու հնարավոր վայրերում: Որոնումը կարող է լինել համատարած կամ ընտրովի: Համատարած որոնման դեպքում զննման է ենթարկվում ամբողջ տարածքը: Ընտրովի որոնման դեպքում զննման են ենթարկվում տեղանքի առանձին հատվածները, օբյեկտները:

211. Ըստ ձևերի` որոնումը լինում է միակողմանի, երկկողմանի, առանձին ուղղություններով, օբյեկտներով և կոմբինացված: Միակողմանի որոնումը վարվում է հետախուզող վերակարգերի (ստորաբաժանումների) միաժամանակյա շարժման ճանապարհով` մի ուղղությամբ, նշանակված շերտի սահմաններում: Երկկողմանի որոնումը վարվում է հետախուզող վերակարգերի (ստորաբաժանումների) հանդիպակաց շարժման ճանապարհով` նշանակված շերտի սահմաններում: Օբյեկտներով որոնումը, որպես կանոն, կիրառվում է բնակավայրերում` առանձին շենքերի և շինությունների զննման համար: Կոմբինացված որոնումը ներառում է որոնումը վարելու վերը թվարկված ձևերից մի քանիսը:

212. Ստորաբաժանման (որոնող խմբի) համար նշանակված շերտի լայնությունը և որոնելու աստիճանը որոշվում է` կախված տեղանքի բնույթից, տարվա եղանակից և հանցագործների թաքնվելու հնարավորություններից:

213. Միջին կտրտված փակ տեղանքում (անտառ) շղթայով որոնում վարելու համար ծառայողների միջև հեռավորությունը պետք է լինի 10 մ-ից ոչ ավելի: Այդ դեպքում որոնման միջին տեմպը կարող է կազմել 1-1,5 կմ/ժ: Բաց տեղանքում որոնման գոտու լայնությունը և շարժման տեմպը ավելացվում է:

214. Որոնում վարող զորային վերակարգերին նշանակվում է բնագծեր` ելման, հավասարեցնող, հանդիպման (երկկողմանի որոնման ժամանակ) և վերջնական:

215. Պաշարումը հետախուզական վերակարգերի (ստորաբաժանումների) գործողություն է, հայտնաբերված հանցագործներին ձերբակալելու նպատակով նրանց մեկուսացնելու համար:

216. Շրջափակումը կարանտինային միջոցառումների ապահովման ուղղությամբ ստորաբաժանումների (զորամասերի) գործողություններն են` բնակավայրերում հասարակական կարգի խմբակային խախտումների, զանգվածային անկարգությունների, հրդեհի, պայթյունի, վթարի, տարերային աղետների շրջանի (օբյեկտի) մեկուսացման և այդ շրջան (օբյեկտ) մուտքը (ելքը) արգելելու նպատակով:

217. Ապակենտրոնացումը ստորաբաժանման գործողություն է` կազմակերպիչների ձերբակալման և կարգի վերականգնման նպատակով անկարգությունների մասնակիցների կուտակումները անդամահատելու համար:

 

ԳԼՈՒԽ XVII
ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

218. Օպերացիայի ղեկավարի մտահղացման հիման վրա հատուկ օպերացիայի ղեկավարի զորքերի գծով տեղակալը ընդունում է որոշում` զորամասերի (ստորաբաժանումների) խնդիրների կատարման համար, որում նշում է`

1) գործողությունների մտահղացումը, գործողությունների միջոցները, որտեղ կենտրոնացվել են հիմնական ջանքերը.

2) զորամասերի (ստորաբաժանումների) խնդիրները, զենքի, մարտական տեխնիկայի, ինժեներատեխնիկական և հատուկ միջոցների, ծառայողական շների և տրանսպորտի կիրառման կարգը.

3) ուժերի և միջոցների պատրաստման, դաստիարակչական աշխատանքները և օպերացիայի ժամանակ բազմակողմանի ապահովման խնդիրները.

4) ստորաբաժանումների (զորային վերակարգերի), ոստիկանության (ԱԱԾ) մարմինների և օպերացիային մասնակցող այլ ուժերի միջև համագործակցության կարգը, համագործակցության և փոխադարձ ճանաչման ազդանշանները.

5) ղեկավարման կազմակերպումը:

219. Հատուկ օպերացիայի ղեկավարի զորքերի գծով տեղակալը որոշման մասին զեկուցում է օպերացիայի ղեկավարին և ավագ զինվորական պետին: Որոշումը ձևակերպվում է հրամանով և գրաֆիկորեն անցկացվում է քարտեզի (ուրվագծի) վրա` կարճ պարզաբանող գրությունով:

220. Մարտական հրամանում նշվում են.

1) 1-ին կետ` իրադրության (շրջան, գտնվելու վայր, հանցագործների և անկարգությունների մասնակիցների գործողությունների բնութագիր) գնահատումից բխող հակիրճ եզրակացությունները.

2) 2-րդ կետ` օպերացիայում զորքերի մարտական խնդիրները.

3) 3-րդ կետ` հարևան և համագործակցող մարմինների խնդիրները, ավագ օպերատիվ պետի կողմից իրականացվող միջոցառումները.

4) 4-րդ կետ` օպերացիայում զինվորական ուժերի գործողությունների մտահղացումը.

5) 5-րդ կետ` «Հրամայում եմ» բառից հետո առանձին ենթակետերով մարտական խնդիրներ են դրվում յուրաքանչյուր զորամասի (ստորաբաժանման ինքնուրույն գործող զինվորական վերակարգի) առջև.

6) 6-րդ կետ` զենքի, մարտական տեխնիկայի, ինժեներատեխնիկական հատուկ միջոցների և անձնակազմի անհատական պաշտպանական միջոցների, անվտանգության միջոցառումները.

7) 7-րդ կետ` գործողություններին պատրաստ լինելու ժամանակը.

8) 8-րդ կետ` փոխադարձ ճանաչման ազդանշանները.

9) 9-րդ կետ` ղեկավարման օժանդակ կետի ծավալման տեղը և ժամանակը, զեկույցների ներկայացման ժամկետները, տեղակալները:

221. Առանձին դեպքերում ժամանակի սղության պատճառով հրամանի փոխարեն կարող են տրվել մարտական կարգադրություններ, որտեղ նշվում են.

1) իրադրության գնահատումից բխող հակիրճ եզրակացությունները.

2) օպերացիայում զորքերի մարտական խնդիրները.

3) հարևանների խնդիրները և նրանց հետ համագործակցության կարգը.

4) պատրաստ լինելու ժամանակը.

5) գործողությունները սկսելու ժամանակը.

6) զենքի, մարտական տեխնիկայի, ինժեներատեխնիկական և հատուկ միջոցների կիրառման կարգը.

7) համագործակցության և փոխադարձ ճանաչման ազդանշանները:

222. Անհրաժեշտության դեպքում, մարտական կարգադրության մեջ կարող են նշվել նաև այլ տեղեկություններ:

223. Կազմակերպելով զորքերի համագործակցությունը` հատուկ օպերացիայի ղեկավարի զորքերի գծով տեղակալը պետք է համաձայնեցնի.

1) ուժերի և միջոցների կենտրոնացման կարգը և ժամկետները, ստորաբաժանումների (զորային վերակարգերի) դուրս գալը ելման շրջաններ (նշանակված բնագծեր), ծավալումը և գործողությունները.

2) ստորաբաժանումների (զորային վերակարգերի) և օպերացիայում ներգրավված այլ ուժերի գործողությունները.

3) տեղական ինքնակառավարման մարմիններից և օպերացիայի շրջանի բնակչությունից տեղեկությունների ստացման կարգը.

4) զորամասերի ստորաբաժանումների, առանձին գործող վերակարգերի կապի ապահովման կարգը` շտաբի և միմյանց միջև.

5) համագործակցության, միասնական համակարգի, փոխադարձ ճանաչման և տեղեկացման ազդանշանները:

224. Հատուկ օպերացիային զորամասերի (ստորաբաժանումների), զորային վերակարգերի գործողությունների ապահովումը ներառում է մարտական (հետախուզություն, պահպանություն, քողարկում), տեխնիկական և թիկունքային ապահովումը:

225. ՈՒժերի և միջոցների պատրաստումը օպերացիային իր մեջ ներառում է.

1) անձնակազմի ընտրությունը, տեղաբաշխումը.

2) առաջիկա օպերացիայի գործողությունների համար անձնակազմի հրահանգավորումը և անվտանգության միջոցառումների պահպանումը.

3) անձնակազմի հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպումը.

4) զենքի, մարտական տեխնիկայի, հատուկ միջոցների, հանդերձավորման, անհատական պաշտպանության միջոցների, պարենի, տրանսպորտային, կապի միջոցների, ծառայական շների պատրաստումը` հաշվի առնելով առաջադրանքի բնույթը, տարվա եղանակը, ժամանակը և օպերացիայի շրջանի այլ առանձնահատկությունները.

5) ժամանակի առկայության դեպքում հրահանգչական պարապմունքների և մարզումների անցկացումը:

226. Հրամանում (կարգադրությունում) զորամասի (ստորաբաժանման) հատուկ օպերացիայի շրջան մեկնելու խնդիրների առաջադրման մեջ նշվում են`

1) մեկնելու նպատակը.

2) շարժման երթուղիները.

3) տեղը` երթակարգում.

4) կենտրոնացման շրջանը (կետը) և այնտեղ ժամանելու ժամանակը.

5) հանցագործների հետ հանդիպման դեպքում` գործողությունների կարգը.

6) ելման և կարգավորման կետերի անցման ժամանակը:

 

ԳԼՈՒԽ XVIII
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ԽՄԲԱԿԱՅԻՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՕՊԵՐԱՑԻԱՆ

 

227. Եթե հասարակական կարգի պահպանության ժամանակ խմբակային խախտումների և զանգվածային անկարգությունների կանխման նպատակով ձեռնարկված միջոցառումները ցանկալի արդյունքներ չեն տվել, ոստիկանության և ԱԱԾ մարմիններին օգնություն ցուցաբերելու համար ներգրավվում են ՈԶ ուժերը և միջոցները: Հատուկ օպերացիային ներգրավվող ուժերի և միջոցների քանակը, խնդիրները, սպառազինությունը և անձնակազմի հանդերձավորումը, ուժեղացման միջոցները որոշվում են ավագ օպերատիվ ղեկավարի որոշմամբ:

228. ՈԶ զորամասերը (ստորաբաժանումները) հատուկ օպերացիայի ժամանակ կատարում են հետևյալ խնդիրները`

1) օգնություն ցուցաբերել ոստիկանության ստորաբաժանումներին` օպերացիայի շրջանը շրջափակելու, քաղաքացիների հոսքը թույլ չտալու նպատակով.

2) ուժեղացնել շենքերի, շինությունների, բանկերի և այլ կարևոր օբյեկտների պահպանությունը օպերացիայի շրջանում.

3) օգնություն ցուցաբերել ոստիկանության ստորաբաժանումներին` ամբոխի մասնատման, օպերացիայի շրջանից նրանց դուրսմղման, հասարակական կարգի խմբակային խախտումների ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների մեկուսացման ուղղությամբ.

4) ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների հետ ՀԱԿ-ում ծառայության, օպերացիայի շրջանում հասարակական կարգի պահպանման նպատակով պարեկության կազմակերպում.

5) ձերբակալվածների պահպանում և ուղեկցում:

229. Հատուկ օպերացիայի ժամանակ կազմավորվում են հետևյալ խմբերը.

1) շրջափակման.

2) մասնատման.

3) ձերբակալման.

4) պարեկային.

5) պահպանության.

6) ուղեկցման.

7) հատուկ միջոցների կիրառման.

8) պահեստային:

230. Օպերացիայում գործողությունները ապահովելու համար ստեղծվում են բժշկական կետեր:

231. Շրջափակման խումբը զորային շղթաներով փակում է փողոցները` քաղաքացիների անցումը օպերացիայի շրջան արգելելու նպատակով: Ելնելով փակված հատվածների կարևորությունից և իրադրության պայմաններից` զորային շղթաները կարող են տեղակայվել մեկը մյուսի հետևից և օգտագործել պարաններ, շարժական արգելափակոցներ, ինչպես նաև` ավտոմեքենաներ: Քաղաքացիների դուրս գալը շրջափակման շրջանից թույլատրվում է ՀԱԿ-ով, որը ղեկավարում են ոստիկանության ծառայողները:

232. Մասնատման խումբը տեղակայվում է շրջափակման գծից դուրս: Հատուկ օպերացիայի ղեկավարի հրամանով (ազդանշանով) խումբը, գործելով շարասյունում, ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների հետ համատեղ կատարում է ամբոխի ապակենտրոնացում` տարբեր ուղղություններով:

233. Ձերբակալման խումբը ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների գլխավորությամբ գործում է ապակենտրոնացման խմբի հետ համատեղ, իրականացնում է հասարակական կարգը խախտող ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների ձերբակալում և հանձնում է ուղեկցող խմբին, նրանց զտման կետ հանձնելու համար:

234. Պահպանության խումբը կազմված է պահակախմբերից, որոնք ավագ օպերատիվ ղեկավարի որոշմամբ արտաքին պահպանության տակ են վերցնում առավել կարևոր օբյեկտները (բանկերը, հեռախոսահեռագրային կայանները և այլ վարչական շենքերը): Անցագրային ռեժիմը այդ օբյեկտներում կատարվում է ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների կողմից: Պահակախմբերի անձնակազմերը զինվում են հաշվեցուցակային զենքով և տանում մարտական ծառայություն: Պահպանության ուժեղացման համար կարող են օգտագործվել զրահափոխադրիչներ:

235. ՈՒղեկցման խումբն իրականացնում է ձերբակալված ակտիվ մասնակիցների և կազմակերպիչների ուղեկցումը զտման կետ` հատուկ նշանակված պահակախմբերով:

236. Պարեկային խումբը (ոստիկանության ստորաբաժանումների հետ համատեղ) ծառայության կատարման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձնում պահպանվող օբյեկտների և օպերացիայի շրջանի մոտակայքում քաղաքացիների կուտակումներ թույլ չտալուն վրա:

237. Հատուկ միջոցների կիրառման խումբը կազմված է հաշվարկներից` սպայի գլխավորությամբ:

238. Ամբոխը մասնատելուց և հատուկ օպերացիայի շրջանից դուրս բերելուց հետո զորքերի անձնակազմը շարունակում է ծառայություն կատարել այդ շրջանում` մինչև ավագ օպերատիվ ղեկավարի հատուկ կարգադրությունը: ՈՒժերի մի մասն օգտագործվում է պարեկապահակային ծառայության ուժեղացման համար կամ դուրս է բերվում ռեզերվ:

 

ԳԼՈՒԽ XIX
ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ, ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

 

239. Համաճարակների և անասնաճարակների պայմաններում կարանտինային միջոցառումների ապահովման դեպքում զորամասերը (ստորաբաժանումները) ոստիկանության մարմինների հետ իրականացնում են հետևյալ խնդիրները`

1) մեկուսացնող-սահմանափակող միջոցառումներ` կարանտինային միջոցառումների սահմանագծից ներս.

2) ապահովում են հատուկ բժշկական հիմնարկությունների, հոսպիտալների, հիվանդանոցների բակտերիոլոգիական լաբորատորիաների մեկուսացումը, պահպանում են ջրամբարները և այլ օբյեկտները.

3) ապահովում են քաղաքացիների տարհանումը.

4) պահպանում են հասարակական կարգը կարանտինային շրջանում:

240. Կարանտինային միջոցառումների ապահովման համար ներգրավված ուժերի և միջոցների թվաքանակը, սպառազինությունը և հանդերձավորումը որոշվում է ՀՀ ոստիկանության պետի կողմից:

241. Կարանտինային շրջանում խնդիրներ կատարող զորամասերի և ստորաբաժանումների ղեկավարումը իրականացնում է զորային օպերատիվ խմբի պետը:

242. Զորային օպերատիվ խմբում նշանակվում են`

1) շտաբի պետ.

2) անձնակազմի և թիկունքի գծով խմբի ղեկավարի օգնական, բժիշկ-համաճարակաբան, կապի պետ և շտաբի այլ սպաներ:

243. Զորային օպերատիվ խմբի պետը ենթարկվում է արտակարգ հակահամաճարակային հանձնաժողովի և ավագ օպերատիվ ղեկավարին:

244. Զորային օպերատիվ խումբը տեղեկություններ է հավաքում համաճարակային իրավիճակի մասին, կազմակերպում զորամասերի գործողությունները և ապահովում դրանց ղեկավարումը, օպերատիվ շտաբի հետ համատեղ մշակում է պահակախմբերի և զինվորական վերակարգերի ծառայողական փաստաթղթերը, ծառայության կատարման հսկողության գրաֆիկը, ինչպես նաև ծառայողներին պարբերաբար ծանուցում է անձնական հիգիենայի պահպանման և հիվանդությունների նախազգուշացման մասին:

245. Զորամասերին (ստորաբաժանումներին) տրված հրամանում զորային օպերատիվ խմբի պետը նշում է`

1) հակիրճ տեղեկություններ` համաճարակային և օպերատիվ իրավիճակի մասին.

2) ստացված խնդիրը և գործողությունների մտահղացումը.

3) ռեժիմային միջոցառումները.

4) զորամասերի (ստորաբաժանումների) խնդիրները.

5) անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների խնդիրները.

6) նյութական, տեխնիկական և բժշկական (համաճարակային) ապահովման կարգը.

7) հատվածների, տեղամասերի, բնագծերի զբաղեցման ժամկետները և խնդրի կատարմանը պատրաստ լինելու ժամանակը:

246. Կարանտինային շրջանում ծառայություն կատարելու համար նշանակվում են հատվածներ, բնագծեր, տեղամասեր և օբյեկտներ: Զինվորական ուժերի և միջոցների խմբավորումը բաղկացած է շրջապատման, պահպանության, տրանսպորտային միջոցների ստուգման, ուղեկցման, պարեկային և պահեստային խմբերից:

247. Շրջապատման խումբը նախատեսված է կարանտինային շրջանում մեկուսացնող-սահմանափակող միջոցառումներ ապահովելու համար: Այն բաղկացած է ՀԱԿ-ի զինվորական վերակարգերից, դետքերից, դիտորդներից: ՀԱԿ-երը ստեղծվում են բնակավայրից դուրս գալու ճանապարհին և կարանտինային շրջանի արտաքին սահմանում: ՀԱԿ-երի վերակարգերը ղեկավարվում են ոստիկանության ծառայողների կողմից: Տեղանքի հատվածների փակման համար ՀԱԿ-երի միջև ուղարկվում են դետքեր և տեղակայվում են դիտորդական պահակակետեր:

248. Պահպանության խումբը նախատեսված է հատուկ բուժհիմնարկների, հոսպիտալների, հիվանդանոցների, բակտերիոլոգիական լաբորատորիաների մեկուսացման, ջրամբարների պահպանության համար: Այդ խնդիրների կատարման համար պահպանության խմբից նշանակվում են պահակախմբեր:

249. Օբյեկտների ընդունումը զինվորական պահպանության տակ (մեկուսացման ապահովման համար) կատարվում է հանձնաժողովով` զորային օպերատիվ խմբի, ոստիկանության ստորաբաժանումների, տեղի առողջապահության մարմինների և օբյեկտի վարչակազմի ներկայացուցիչների կազմով:

250. Ընդունման ակտում նշվում են օբյեկտի անվանումը և հակահամաճարակային ռեժիմը, պահակախմբի անձնակազմի քանակը, պահակակետերի քանակը և տեղակայումը, պահակախմբի մասնաշենքի սարքավորման կարգը, կապի և ահազանգման միջոցները: Պահպանության խմբի անձնակազմը նշանակվում է ծառայության կատարման ողջ ընթացքում և փոխարինման ենթակա չէ, պահակախմբերը փոխարինվում են ամեն օր և ծառայությունը կատարում են համաձայն կայազորային և պահակային ծառայության կանոնագրքի պահանջների:

251. Պահակախմբերը տեղակայվում են պահպանվող (մեկուսացվող) տարածքի սահմաններից դուրս: Ժամապահները նշանակվում են ծառայության արգելափակոցի արտաքին կողմից: Պահպանվող շինությունների մուտքի մոտ ստեղծվում են ՀԱԿ-եր: Պահպանության եզրագիծը նշվում է ցուցանակներով` «Արգելված գոտի, անցումն արգելված է» գրությամբ:

252. Զինծառայողին խստիվ արգելվում է հարաբերությունների մեջ մտնել հիվանդների և սպասարկող անձնակազմի հետ:

253. Մարդկանց և տրանսպորտային միջոցների մուտքը ՀԱԿ-երով պահպանվող օբյեկտ թույլատրվում է միայն օբյեկտի վարչակազմի ներկայացուցչի ներկայությամբ կամ նրա անձնական ցուցումով:

Պահակախմբի պետը վարում է ՀԱԿ-ով անցած քաղաքացիների հաշվառումը:

254. Հատուկ բժշկական հիմնարկներից քաղաքացիների տարհանումից առաջ այդ հիմնարկությունների մեկուսացումը ուժեղացվում է` պահակակետերում լրացուցիչ ժամապահներ նշանակելով:

255. Քաղաքացիներին տրանսպորտային միջոցների, գնացքներ նստեցման վայրը շրջապատվում է` սպասարկող անձնակազմի կապը կողմնակի անձանց հետ բացառելու նպատակով:

256. ՈՒղեկցման խումբը (թվաքանակով մինչև մեկ մարտական խումբ) նախատեսված է ոստիկանության ստորաբաժանումներին օգնություն ցուցաբերելու համար: Խմբի անձնակազմը խնդիրը կատարելուց հետո ենթարկվում է սանիտարական մշակման:

257. Պարեկային խումբը նախատեսված է ոստիկանության ծառայողների հետ համատեղ կարանտինային շրջանում հասարակական կարգի պահպանման համար: Խմբից որոշված երթուղիներով ուղարկվում են պարեկներ:

258. Զինծառայողների առողջական վիճակի, նրանց սնման և ջրով մատակարարման նպատակով ծառայության կատարման ամբողջ ընթացքում կարանտինային շրջանում իրականացվում է անընդմեջ բժշկական հսկողություն:

259. Արտակարգ իրավիճակներում ոստիկանության զորքերի առջև դրված խնդիրներն իրականացնելուց հետո զորամասի հրամանատարը պարտավոր է`

1) զեկուցել ավագ հրամանատարին խնդիրների կատարման արդյունքների մասին.

2) կարգադրել ենթակա զորամասերին (ստորաբաժանումներին) գործողությունների ավարտման համար և այդ մասին հաղորդել հարևան զորամասերին և համագործակցող մարմիններին (հաստատություններին).

3) կազմակերպել անձնակազմի սպառազինության, տեխնիկայի, կապի և այլ նյութական միջոցների ստուգումը, ստորաբաժանումների (զորամասերի) դուրս գալը գործողությունների շրջանից և նրանց հետ վերադառնալը մշտական տեղակայման վայրեր.

4) կազմակերպել կարանտինային շրջանում ծառայություն իրականացրած անձնակազմի բժշկական հետազոտումը.

5) անձնակազմի հետ կատարել իրականացված խնդիրների վերլուծություն:

 

ԲԱԺԻՆ V
ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

ԳԼՈՒԽ XX
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

260. Թիկունքային ապահովումը իրականացվում է զորամասերը և ստորաբաժանումները նյութատեխնիկական միջոցներով անընդմեջ բավարարելու, մարտական և այլ տեխնիկայի վառելիքով ապահովման, անձնակազմի սննդի, ջրի, բաղնիքալվացքային սպասարկման, վիրավորներին և հիվանդներին բուժօգնության ցուցաբերման, նրանց տարհանման կազմակերպման նպատակով:

261. Տեխնիկական ապահովումը իրականացվում է մարտական և այլ տեխնիկայի, զենքի, զինամթերքի և ռազմատեխնիկական գույքի մշտական մարտական պատրաստ վիճակում պահելու, տեխնիկապես ճիշտ շահագործելու, ժամանակին ծախսերի ու կորուստների վերականգնման և լրացման նպատակով:

262. Նյութատեխնիկական միջոցների տեղափոխումը ստորաբաժանումներ կազմակերպվում է զորամասի տրանսպորտով: Անհրաժեշտության դեպքում, զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի որոշմամբ նյութատեխնիկական միջոցների տեղափոխման համար կարող է ներգրավվել ստորաբաժանումների տրանսպորտը:

263. Նյութատեխնիկական միջոցների ստացումը և բաշխումը դրվում է պահակախմբի պետի (զորային վերակարգի պետի) կամ նրա օգնականի վրա: Պահակախմբերի (զինվորական վերակարգերի) ծառայության դուրս գալու ժամանակ ստորաբաժանման հրամանատարը կամ նրա ցուցումով այլ պաշտոնատար անձն ստուգում է նյութատեխնիկական միջոցներով դրանց ապահովվածությունը:

 

ԳԼՈՒԽ XXI
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԶԵՆՔՈՎ, ՀԱՏՈՒԿ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

 

264. Օբյեկտների պահպանության, հատուկ և զինվորական բեռների տեղափոխման պահակախմբի անձնակազմը զինվում է ինքնաձիգներով: Զորամասի հրամանատարի կարգադրությամբ հատուկ օպերացիայի անցկացման ժամանակ պահակախմբերը կարող են զինվել ինքնաձիգներով, դիպուկահար հրացաններով, ձեռքի նռնակներով: Անհրաժեշտության դեպքում անձնակազմը ապահովվում է հատուկ և անհատական պաշտպանության միջոցներով:

265. Զենքի, ռազմամթերքի և հատուկ միջոցների ընդունման համար պահակախմբի (զինվորական վերակարգի) պետը ստորագրում է զենքի և ռազմամթերքի ընդունման և հանձնման գրքում: Մինչև 3 ծառայողից բաղկացած պահակախմբերում, ինչպես նաև` մեկ օրից ավելի ծառայություն իրականացնելու նպատակով հանդերձավորված ծառայողների ստացած զենքի և ռազմամթերքի համար ստորագրում է պահակախմբի պետը և յուրաքանչյուր զինծառայող:

266. Ստորաբաժանումը տագնապ ազդանշանով վերկացի դեպքում անձնակազմին զենքն ու ռազմամթերքը, անհատական պաշտպանության միջոցները տրվում են տագնապ հայտարարած անձի ցուցումով:

267. Զորամասի վարչությանը կից տեղակայված ստորաբաժանումներում զենքը (բացի ատրճանակներից) վաշտի հերթապահի կողմից անձնակազմին տրվում է զենքի պահման սենյակներից` զենքի և ռազմամթերքի ընդունման և հանձնման գրքում վաշտի հրամանատարի գրավոր թույլտվությամբ: Ատրճանակները, զինամթերքը պահպանվում են զորամասի հերթապահի զենքի պահպանման սենյակում: Դրանց ընդունումը և հանձնումը իրականացվում է ռազմամթերքի ընդունման և հանձնման գրքում շտաբի պետի գրավոր թույլտվությամբ` զորամասի հերթապահի, նրա օգնականի կողմից: Շտաբի սպաներին, ենթասպաներին, զորամասի ծառայություններին անձնական զենքը և ռազմամթերքը տրվում է զորամասի հրամանատարի սահմանած կարգով` զորամասի հերթապահի կողմից:

268. Պահակախմբերը և զինվորական վերակարգերը ապահովվում են մարտական փամփուշտներով` ինքնաձիգի համար` 30 փամփուշտ, 2 փամփշտատուփով (մեկում` 30 փամփուշտ, մյուսը դատարկ` պահեստային փամփուշտների համար), ատրճանակի համար` 2 լիցքավորված փամփշտատուփով, պահակախմբի ողջ կազմի համար ձեռքի նռնակներով (յուրաքանչյուրի համար 2 նռնակ), ինչպես նաև լուսավորության և ազդանշանային փամփուշտներով: Պահակախմբերի (զինվորական վերակարգերի) փամփուշտների քանակը յուրաքանչյուր զենքի համար, կախված իրադրությունից, կարող է փոխվել ՈԶ հրամանատարի ցուցումով:

269. Արտակարգ իրավիճակներում գործողությունների ապահովման համար զորամասի հրամանատարի որոշմամբ պահակախմբի մասնաշենքում կարող է ստեղծվել մարտական փամփուշտների պաշար հետևյալ հաշվարկով` յուրաքանչյուր ինքնաձիգի համար` 30 փամփուշտ, ատրճանակի համար` 16 փամփուշտ: Մարտական փամփուշտների պաշարը պահպանվում է պահակախմբի պետի սենյակում, հերմետիկ փաթեթավորված (ցինկում) մետաղական արկղում (պահարանում): Ձեռքի նռնակները և նրանց բռնիչները պահպանվում են առանձին, հատուկ արկղերում (պահարաններում), բռնիչները պահպանվում են անջրանցիկ փաթեթում` նռնակների հետ: Մարտական փամփուշտների, ձեռքի նռնակների ու նրանց բռնիչների հաշվառման գիրքը, ինչպես նաև ցինկերի փակման բանալին պահվում են այդ նույն արկղերում (պահարաններում): Արկղերը (պահարանները) փակվում են կողպեքով և կնքվում զորամասի շտաբի պետի կողմից: Կնքված տուփերով բանալիները և արկղերի (պահարանների) կնիքների պատճենները, ռազմամթերքի հետ միասին պահվում են պահակախմբի պետի մոտ: Բանալիները այլ անձանց փոխանցելը խստիվ արգելվում է:

270. Պահակախումբը (զորային վերակարգը) ծառայությունից ստորաբաժանում վերադառնալուն պես զինամթերքը հանձնում է անհապաղ, իսկ զենքը` մաքրելուց հետո:

271. Պահակախմբերի, զորային վերակարգերի կողմից զենքի կամ ռազմամթերքի ոչ լրիվ հանձնման դեպքում ստորաբաժանման հերթապահը (ավագը) կատարում է գրանցում զենքի և ռազմամթերքի հանձնման գրքում` նշելով չհանձնված զենքի անվանումը և համարը, ինչպես նաև` չհանձնած զինամթերքի քանակը: Գրանցումը հաստատվում է ստորաբաժանման հերթապահի և պահակախմբի (զինվորական վերակարգի) պետի ստորագրությամբ: Կատարվածի մասին զեկուցվում է զորամասի (ստորաբաժանման) հրամանատարին, որն էլ միջոցներ է ձեռնարկում` չհանձնված զենքն ու զինամթերքը հայտնաբերելու ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ XXII
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

272. Տրանսպորտային միջոցները, որոնք նախատեսված են ծառայողամարտական խնդիրների ապահովման համար, պետք է լինեն տեխնիկապես սարքին, հատուկ սարքավորված և խնամված: Զորամասի հրամանատարի հրամանով դրանք ամրակցվում են վարորդներին:

273. Հավաքակայանից տրանսպորտային միջոցները վերակարգով չնախատեսված դեպքերում կարող են դուրս գալ հրամանատարի գրավոր թույլտվությամբ` երթուղային թերթիկում «Թույլատրում եմ դուրս գալ վերակարգից դուրս» նշման դեպքում:

274. Անձնակազմի և պայթյունավտանգ բեռների տեղափոխման դեպքում շարասյան ավագներ նշանակվում են սպայական կազմից, իսկ բեռների տեղափոխման դեպքում` սպաներից, ենթասպաներից և պայմանագրային զինծառայողներից:

275. Առանձին տրանսպորտային միջոցներով, բեռների տեղափոխման դեպքում ավագներ նշանակվում են սպաներից, ենթասպաներից կամ ժամկետային զինծառայողներից, սերժանտներից, ովքեր նշանակված են պահակախմբերի զինվորական վերակարգերի պետեր:

276. Շարասյան ավագը գտնվում է առջևից գնացող տրանսպորտային միջոցի խցում և պատասխանատվություն է կրում կարգապահության պահպանման և մեքենայում գտնվող անձնակազմի անվտանգության ապահովման համար:

277. Շարասյան երթի դեպքում ռադիո և ազդանշանային կապի ղեկավարմամբ կազմակերպվում է տեխնիկական հատում` ճանապարհային ոստիկանության ուղեկցմամբ կամ շարժման երթուղում զինվորական կարգավորումով:

278. Տրանսպորտային միջոցների շարժումն իրականացվում է սահմանված երթուղիներով: Նրանցից յուրաքանչյուրի համար մշակվում է ուրվագիծ` երթուղու երկարություն, ճանապարհների (փողոցների) վտանգավոր հատվածների, վառելիքի լիցքավորման կայանների, երթի ճանապարհին ՈԶ զորամասերի (ստորաբաժանումների) և ոստիկանության մարմինների տեղակայման վայրերի, ինչպես նաև` մեքենաների կայանման տեղերի նշումով:

279. Երթուղու սխեման մշակվում է շտաբի և ավտոմոբիլային ծառայության կողմից, հաստատվում է զորամասի հրամանատարի կողմից և երթից առաջ տրվում շարասյան (մեքենայի) ավագին:

280. Լիցքավորումը և վերալիցքավորումը, տեխնիկական սպասարկումը, անսարքությունների վերացումը և մեքենաների վերանորոգումը հետապնդման ճանապարհներով կատարվում է երթադադարի ժամանակ ՈԶ զորամասերում և ստորաբաժանումներում կամ տարածքային ոստիկանության մարմիններում:

 

ԳԼՈՒԽ XXIII
ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

281. Պահակախմբերի և զինվորական վերակարգերի անձնակազմերը ապահովվում են տաք սննդով` օրը 3 անգամ: Պահակախմբին և զինվորական վերակարգի անձնակազմին սննդով ապահովման կարգը սահմանվում է ստորաբաժանման հրամանատարի կողմից` մարտական ծառայության որոշումը ընդունելուց հետո, իսկ զորամասի տեղակայման կետի սահմաններից դուրս` զորամասի հրամանատարի կողմից:

282. Եթե պահակախումբը կամ զինվորական վերակարգը տեղակայված է զինվորական ստորաբաժանմանը մոտ, հրամանատարի կողմից նշանակված, բժշկական հետազոտություն անցած զինծառայողների կողմից սնունդը ճաշարանից հասցվում է կնքված թերմոսներով: Կաթսաները կնքվում են զորամասի հերթապահի կնիքով: Սնունդը կաթսայում պետք է պահպանվի 2 ժամից ոչ ավելի (ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը): Նշված ժամկետը անցնելուց հետո սնունդը ենթարկվում է ջերմամշակման: Հացը և սպասքեղենը տարվում են հատուկ տարաներով, որը պետք է համապատասխանի սանիտարահիգիենիկ պահանջներին:

283. Շուրջօրյա ծառայության նշանակված պահակախմբերին և զորային վերակարգերին գիշերը տրվում է երկրորդ ընթրիք` օրապահիկի հաշվին (թեյի տեսքով):

284. Ստորաբաժանման տեղակայման կետից մեծ հեռավորության վրա ծառայության ներգրավված պահակախմբերը և զինվորական վերակարգերը ապահովվում են չոր սննդի օրապահիկով, սննդի պատրաստման և ջրի մատակարարման միջոցով: Սնունդը պատրաստվում է տեղում` պահակախմբում ծառայություն իրականացնող զինծառայողներից մեկի կողմից, ով անցել է բժշկական հետազոտություն:

285. Պահակախմբերին, զինվորական վերակարգերի անձնակազմերին ջրի օգտագործման համար թույլտվություն տրվում է միայն զորամասի բուժաշխատողի եզրակացությամբ: Ջրի բացակայության դեպքում յուրաքանչյուր ծառայության դուրս եկող զինծառայող ապահովվում է տափաշշով` լցված եռացրած ջրով, իսկ սննդի պատրաստման համար ջուրը մատակարարվում է ստորաբաժանումից (զորամասից):

 

ԳԼՈՒԽ XXIV
ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

 

286. Պահակախմբերը և զորային վերակարգերն ապահովվում են բժշկական տուփերով և բժշկական անհատական փաթեթներով: Դրանց կիրառման կարգի հրահանգավորումը կատարվում է զորամասի բժշկական կետի պետի (բժշկի) կողմից` անձնակազմի հետ պարապմունքներ անցկացնելու ժամանակ:

287. Բժշկական տուփերը ստուգվում են բուժակի կողմից յուրաքանչյուր շաբաթ և անհրաժեշտության դեպքում դրանք համալրվում են:

288. Պահակախմբի անձնակազմում վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում զորամասի հրամանատարի կողմից ձեռնարկվում են միջոցառումներ` հիվանդների մեկուսացման և պահակախմբի մասնաշենքի ախտահանման ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ XXV
ԹԻԿՈՒՆՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ

 

289. Արտակարգ իրավիճակների դեպքում և հատուկ օպերացիայի անցկացման ժամանակ թիկունքային ապահովումը կազմակերպվում է հրամանատարի որոշմամբ: Թիկունքային և տեխնիկական ապահովումը համալիր միջոցառումների խումբ է` ուղղված թիկունքի պատրաստմանը, ուժերի և միջոցների տեղակայման և տեղաբաշխման կարգը որոշելուն, տարհանմանը և տեղափոխմանը, ճանապարհների ընտրությանը, տրանսպորտային միջոցների պատրաստմանը` բոլոր տեսակի տեղափոխումներն ապահովելու համար, թիկունքի համագործակցության կազմակերպմանը և պաշտպանության իրականացման պատրաստականությանը, տեղի ռազմատնտեսական միջոցների օգտագործման կազմակերպմանը:

290. Ներգրավված ուժերի և միջոցների կազմից և թվաքանակից կախված` արտակարգ իրավիճակների ժամանակ զորամասի թիկունքի գծով տեղակալի որոշման հիման վրա մշակվում է թիկունքային և տեխնիկական ապահովման պլան` բացատրական գրությամբ:

291. Զորամասերը և ստորաբաժանումները մշտական տեղակայման կետից կտրված խնդիրներ կատարելիս պետք է ունենան նյութատեխնիկական միջոցների պահեստ: Պաշարները լինում են անձեռնմխելի և ծախսվող: Անձեռնմխելի պաշարը ծախսվում է զորամասի հրամանատարի, իսկ անհետաձգելի դեպքերում` գումարտակի հրամանատարի թույլտվությամբ` զեկուցելով ավագ հրամանատարին: Այդ պաշարը բաղկացած է մեկ օրվա պարենային օրապահիկից, որը գտնվում է անձնակազմի (մարտական մեքենաների) մոտ:

292. Օպերատիվ ռեզերվների, համահավաք ջոկատների, հերթապահ ստորաբաժանումների կողմից համապատասխան խնդիրների կատարման համար ստեղծվում են նյութատեխնիկական միջոցների պաշարներ` զինվորական պաշարների հաշվին:

293. Կախված իրադրությունից` ՈԶ հրամանատարի (զորամասի հրամանատարի) կարգադրությամբ նյութատեխնիկական միջոցների պաշարները կարող են ավելացվել կամ պակասեցվել: Թիկունքային և տեխնիկական ստորաբաժանումները պետք է պատրաստ լինեն տրանսպորտային միջոցներով երկարատև երթերի կատարմանը, երկաթգծով տեղափոխումներին, դաշտային պայմաններում աշխատելուն, սահմանափակ ժամկետում տրանսպորտային միջոցների, զենքի վերանորոգման շարժական արհեստանոցների, սննդի ապահովմանը:

294. Հատուկ օպերացիայի ընթացքում թիկունքային և տեխնիկական ապահովման ստորաբաժանումները նյութատեխնիկական միջոցների պաշարների հետ միասին տեղակայվում են համահավաք ջոկատի տեղակայման վայրում, զորքերի գործունեության շրջանում:

295. Եթե իրադրությունը թույլ է տալիս, թիկունքային և տեխնիկական ստորաբաժանումների տեղակայումը և անձնակազմի սնունդը կազմակերպվում է օպերացիայի անցկացման շրջանում տեղակայված ՈԶ զորամասերում (ստորաբաժանումներում): Այդպիսի հնարավորությունների բացակայության դեպքում ոստիկանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ` անձնակազմի տեղավորումը կատարվում է հատուկ հատկացված շինություններում կամ վրաններում:

296. Տեխնիկական ապահովումը կազմակերպելիս ուժերով և միջոցներով զորաշարժեր կատարելու համար ձեռնարկվում են միջոցառումներ` մեքենաները մշտական մարտական վիճակում պահելու և նրանց ռեզերվը ստեղծելու ուղղությամբ:

297. Նյութատեխնիկական միջոցների տեղափոխման և տարհանման բոլոր տեսակների ապահովման նպատակով զորամասերում նշանակվում և սարքավորվում են տեղափոխման և տարհանման ճանապարհներ:

298. Զորամասերին (համահավաք ջոկատներին) նյութատեխնիկական միջոցներով ժամանակին ապահովելու, տարհանման կազմակերպման պարտականությունները դրվում են զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալի վրա: Հատուկ օպերացիայում մի քանի զորամասերի համագործակցության դեպքում թիկունքային ապահովման պարտականությունը դրվում է ՈԶ հրամանատարի թիկունքի գծով տեղակալի վրա:

299. Տրանսպորտային միջոցները, պաշարները տեղափոխելուց վերադառնալիս օգտագործվում են վիրավորների և հիվանդների տարհանման համար, իսկ նրանց բացակայության դեպքում` անսարք տեխնիկայի, զենքի և գույքի տարհանման նպատակով:

300. Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանումներին (համահավաք ջոկատներին) նյութատեխնիկական միջոցներով ապահովումը և հիվանդների տարհանումն իրականացվում է օդային տրանսպորտով: Այդ նպատակով կազմակերպվում է վայրէջքային հրապարակների ժամանակին նախապատրաստումը: Զորամասերի հրամանատարների (համահավաք ջոկատների պետերի) ցուցումներով վայրէջքային հրապարակների և բեռնավորման, բեռնաթափման աշխատանքների պատրաստման համար կարող են առանձնացվել համապատասխան ուժեր և միջոցներ:

301. Զորամասի (համահավաք ջոկատի) հիմնական տեղակայման վայրերին մոտ խնդիրներ կատարելիս զորքերի սպասարկումը նյութատեխնիկական միջոցներով իրականացվում է անմիջականորեն այդ զորամասերի պահեստներից:

302. Զորամասի (համահավաք ջոկատի) հիմնական տեղակայման վայրից հեռու խնդիրներ կատարելիս ռազմամթերքով, պարենով, վառելիքով և այլ գույքով սպասարկումը կազմակերպվում է ՈԶ զորամասերի, ոստիկանության մարմինների կամ ՊՆ պահեստներից (եթե առաջադրանքի կատարման վայրում դրանք առկա են): Նյութատեխնիկական միջոցների ապահովումը կատարվում է համապատասխան մարմինների կարգագրերով` ՈԶ հրամանատարի հայտի հիման վրա: Անհրաժեշտության դեպքում, պարենը, վառելիքը կարող է ապահովվել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կողմից:

303. Անձնակազմի սնունդը կազմակերպվում է բոլոր իրավիճակներում: Տաք սնունդը պատրաստվում է օրը 3 անգամ և անձնակազմի կողմից ընդունվում է զորամասի հրամանատարի (համահավաք ջոկատի) սահմանած ժամանակում: Հատուկ օպերացիայի ընթացքում 3-անգամյա տաք սնունդը կազմակերպելու անհնարինության դեպքում այն պատրաստվում և տրվում է օրը 2 անգամ:

304. Խմելու, կենցաղային պահանջները բավարարելու համար զորամասերին, ստորաբաժանումներին ջրով ապահովումը կատարվում է թիկունքային ստորաբաժանումների ուժերով, միջոցներով և իրականացվում է հետազոտված ջրամատակարարման կետերում: Ջրի օգտագործումը այլ աղբյուրներից արգելվում է: Խմելու համար օգտագործվում է միայն եռացրած ջուր: Զինծառայողները պետք է միշտ ապահովված լինեն տափաշշերով:

305. Անձնակազմի բաղնիքի կազմակերպումը կատարվում է ՈԶ մոտակա զորամասերի բաղնիքներում կամ տեղի բաղնիքներում` անկողնային սպիտակեղենի, սրբիչների լրակազմը պարտադիր փոխելով: Սպիտակեղենի լվացումը կազմակերպվում է տեղի լվացքատներում, իսկ հանդերձանքը` հատուկ հատկացված տեղերում: Գույքի և կոշիկի մանր վերանորոգումը կատարվում է զինծառայողների կողմից, իսկ միջին վերանորոգումը` մշտական տեղակայման կետերի վերանորոգման արհեստանոցներում:

306. Տեխնիկայի սպասարկումն իրականացվում է շարժական վերանորոգման արհեստանոցների մասնագետների մասնակցությամբ, հրամանատարի կողմից հաստատված ժամանակահատվածում, ընթացիկ վերանորոգումը` զորամասերի արհեստանոցներում:

307. Վիրավորներին և հիվանդներին առաջին բժշկական օգնությունը կազմակերպվում է մարտակարգերում կամ մոտակա թաքստոցներում` հրաձիգ-բուժակների, վարորդ-բուժակների, սանիտարների և զորամասի հրահանգիչ բուժակների կողմից, մինչ բժշկական օգնությունը` սանիտարների, գումարտակների բուժակների կողմից, բժշկական օգնությունը` զորամասերի ստացիոնար բժշկական կետերում: Յուրաքանչյուր զինծառայող ապահովվում է անհատական վիրակապական փաթեթով:

308. Համաճարակի կամ անասնաճարակի դեպքում զորքերի կողմից խնդիրներ կատարելու համար ստեղծվում են նյութատեխնիկական միջոցների պաշարներ` 3-5 օրվա համար: Բացի հաստատված պաշարներից, զորամասերը (համահավաք ջոկատները), որոնք ժամանել են գործողությունների շրջան, պետք է ունենան գազազերծող սարքավորումներ, ստորաբաժանումների, շտաբների և բուժկետերի տեղակայման համար վրաններ, ամենօրյա հանդերձավորման 2 լրակազմ, անկողնային պարագաներ և սպիտակեղեն, տեխնիկայի վերանորոգման սարքավորումներ, լուսավորող սարքեր, լվացող և ախտահանող նյութեր:

309. Սննդի կազմակերպման համար, բացի գնդային, գումարտակային և վաշտային պարենային կետերից, կարող են ստեղծվել մատակարարման կետեր` սննդի պատրաստման և ապահովման, ջրի տեղափոխման և պահպանման միջոցներով:

310. Սննդի պատրաստման կետերը սարքավորվում են ծածկով, ապահովվում սննդամթերքի մշակման և սպասքեղենի լվացման հարմարանքներով: Սպասքեղենը, խոհանոցային իրերը և գույքը լվացվում են` օգտագործելով քլոր և հետագայում ենթարկվում են եռացման (15 րոպե):

311. Անձնակազմի բաղնիքը կազմակերպվում է ՈԶ զորամասերի բաղնիքներում` օգտագործելով ախտահանող նյութեր, սարքավորումներ:

312. Մարտական ծառայության ընթացքում` հատկապես հատուկ վտանգավոր վարակման շրջաններում առավելագույնս սահմանափակվում է անձնակազմի շփումը տեղի բնակչության հետ, ուժեղացվում բժշկական հսկողությունը զինծառայողների նկատմամբ:

313. Հիվանդները և հիվանդության մեջ կասկածվողները ժամանակին մեկուսացվում են և հոսպիտալացվում: Մշտական հսկողություն է սահմանվում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների որակի վրա, ցուցումով կատարվում է արտահերթ պրոֆիլակտիկ ստուգում: Մշտական տեղակայման վայր ներկայանալուն պես ամբողջ անձնակազմը մեկուսացվում է և կազմակերպվում ախտորոշիչ, բուժկանխարգելիչ միջոցառումներ:

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
04.11.2010
N 6-Ն
Հրաման