040.1611.131210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 նոյեմբերի 2010 թվականի N 1611-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի N 626-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄԱՐԶԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.
«6.1. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի ու աշխատանքների (այսուհետ` ծրագիր) իրականացման շրջանակներում, բացառությամբ պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ապրանքների և (կամ) ծառայությունների գնումների դեպքերի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով «պատվիրատու» հանդիսացող պետական կառավարման մարմինը սույն որոշմամբ նախատեսված «պատվիրատուին», «պատվիրատուի ղեկավարին» և «պատասխանատու ստորաբաժանմանը» վերապահված լիազորությունները և խնդիրները, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածի կարգի 30-35-րդ կետերով նախատեսված դեպքերի, համաձայնագրի հիման վրա փոխանցում է ծրագրերի իրականացման գրասենյակին (այսուհետ` ԾԻԳ): Եթե սույն կետով նախատեսված ծրագրերը վերաբերում են կապիտալ շինարարության բնագավառին, ապա ԾԻԳ-ին են փոխանցվում նաև քաղաքաշինական օրենսդրությամբ սահմանված շինարարության որակի տեխնիկական հսկողության, շինարարական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ հսկողության ծրագրի լրիվ իրականացման մոնիթորինգը, հաշվետվություններ պատրաստելն ու ներկայացնելը, այդ թվում` նաև աշխատանքների որակի, ժամկետների և կատարման նկատմամբ հսկողությունը, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետք է իրականացնի սույն որոշման իմաստով «պատվիրատու» հանդիսացող մարմինը: Սույն կետում նշված համաձայնագիրն առնվազն պետք է ներառի`
ա. սույն որոշմամբ «պատվիրատուին», «պատվիրատուի ղեկավարին» վերապահված այն կոնկրետ իրավասությունները, որոնք փոխանցվելու են ԾԻԳ-ին,
բ. նշում այն մասին, որ ԾԻԳ-ին են փոխանցվում «պատասխանատու ստորաբաժանման» բոլոր իրավասությունները և պարտականությունները,
գ. բյուջետային ծախսերի գործառական դասակարգման ծրագրի անվանումը և համառոտ նկարագրությունը, որի կատարմանն է ուղղված համաձայնագրի կնքումը,
դ. համաձայնագրի շրջանակներում արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքների, կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների նկարագիրը` արտահայտված տվյալ պետական կառավարման մարմնի նախընտրելի ցուցանիշներով (եթե այդպիսիք կան կամ որոշված են),
ե. համաձայնագրով սահմանված պայմանների չկատարման համար կողմերի պատասխանատվությունը:
Համաձայնագրի մեկ օրինակը, այն կնքվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Սույն կետով նախատեսված դեպքերում պետական կառավարման մարմինը սույն որոշմամբ սահմանված կարգով գնման դիմաց վճարում, այդ թվում` նաև կանխավճար ստանալու դեպքում` այն համաձայնագրով սահմանված կարգով և ժամկետներում փոխանցում է ԾԻԳ-ի հաշվին:»:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած, Հայաստանի Հանրապետության նախարարությունների կողմից մշակված քաղաքականության և տարածքային կառավարման մարմինների կողմից ներկայացված մարզի զարգացման ծրագրերի ու աշխատանքների իրականացման մասին համաձայնագրի օրինակելի ձևը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի «Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը հաստատելու մասին» N 626-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետում`
i
ա. «ընդունող հանձնաժողովի ակտը» բառերը փոխարինել «ծրագիրն իրականացնող պետական հիմնարկի կատարված աշխատանքները ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանելու վերաբերյալ եզրակացությունը և ընդունող հանձնաժողովի ակտը» բառերով,
բ. կետից հանել երկրորդ նախադասությունը.
i
2) 12-րդ կետը «կառուցապատողը կապալառուի կողմից» բառերից հետո լրացնել «, իսկ սույն կարգի 8-րդ կետում նախատեսված դեպքում ծրագիրն իրականացնող պետական հիմնարկից» բառերով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թվականի նոյեմբերի 25-ի
N 1611-Ն որոշման
Օրինակելի ձև
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ _______________________________________ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղ. Երևան -------
Հայաստանի Հանրապետության ______________ - ը, ի դեմս ______________ -ի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մի կողմից (այսուհետ` պետական մարմին), և __________ ծրագրերի իրականացման գրասենյակը (այսուհետ` ԾԻԳ), ի դեմս ______________ -ի, որը գործում է կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Պետական մարմինը ԾԻԳ-ին է փոխանցում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշման (այսուհետ` կառավարության որոշում) իմաստով «պատասխանատու ստորաբաժանման» իրավասություններն ամբողջ ծավալով, ինչպես նաև «պատվիրատուի» և «պատվիրատուի ղեկավարի» հետևյալ իրավազորությունները`
ա.___________________________________________________________________
բ.___________________________________________________________________
_________________________________________________________________________
2. ԾԻԳ-ը սույն համաձայնագրի 1-ին կետով սահմանված իր իրավասությունների սահմաններում պատասխանատվություն է կրում պետական մարմնի տարեկան աշխատանքային ծրագրով և նպատակներով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման գործընթացի կազմակերպման և պատշաճ իրականացման, այդ թվում նաև`
ա. գնման առարկայի բնութագրի կազմման,
բ. մրցութային հանձնաժողովների կազմավորման,
գ. գնման պայմանագիր կնքող անձի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ընտրության, նրա հետ համաձայնագրի կնքման և գնման պայմանագրի կատարման նկատմամբ նախնական ու ընթացիկ վերահսկողության իրականացման համար:
3. Գնման առարկայի բնութագիրը` տեխնիկական հատկանիշները, գնման ժամանակացույցը, վճարման ժամանակացույցը, արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի, կատարվող աշխատանքի, մատուցվող ծառայության մեկ միավորի սահմանված գինը, պայմանագրի շրջանակներում արտադրման, ներմուծման կամ արտահանման ենթակա ապրանքների, կատարման ենթակա աշխատանքների, մատուցման ենթակա ծառայությունների առավելագույն քանակը և դրա փոփոխման պայմանները, արտադրվող, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի, կատարվող աշխատանքի, մատուցվող ծառայության նվազագույն շահավետ գինը կառավարության որոշմամբ սահմանված ժամկետներում մշակվում են ԾԻԳ-ի կողմից և ներկայացվում պետական մարմնի հաստատմանը: Գնման առարկայի բնութագիրը կցվում է գնման պայմանագրին և դրա անբաժանելի մասն է:
4. ԾԻԳ-ը պարտավոր է սույն համաձայնագրի շրջանակներում պետական մարմնին տրամադրել բոլոր հնարավոր և պատշաճ կազմված փաստաթղթերը, տեղեկությունները, որոնք անհրաժեշտ կլինեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և կառավարության որոշման շրջանակներում պետական մարմնի կողմից պետական լիազոր մարմիններին հաշվետվություններ կամ օրենքով պահանջվող այլ փաստաթղթեր ու տեղեկատվություն տրամադրելու համար:
5. Պետական մարմինը պարտավորվում է կառավարության որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ սահմանված ընթացակարգով և ժամկետներում գնման դիմաց վճարում, այդ թվում` նաև կանխավճար ստանալուց հետո __________ բանկային օրվա ընթացքում այն փոխանցել ԾԻԳ-ի _________ հաշվին, եթե ԾԻԳ-ը պահպանել է սույն պայմանագրի 6-րդ կետի կանոնները:
Սույն կետով սահմանված փոխանցման ժամկետների չպահպանման դեպքում պետական մարմինը պարտավոր է հատուցել դրա հետևանքով ԾԻԳ-ին և գնումների համաձայնագիր կնքած անձին պատճառված վնասները` բացառությամբ սույն համաձայնագրի 6-րդ կետով սահմանված դեպքերի:
6. Եթե պետական մարմնին գնման դիմաց վճարման տրամադրման համար «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, կառավարության համապատասխան որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշման իմաստով անհրաժեշտ են որոշակի փաստաթղթերի առկայություն, այդ թվում` հանձնման-ընդունման ակտերի առկայություն, ապա ԾԻԳ-ը պարտավոր է կառավարության համապատասխան որոշման շրջանակներում իրեն սույն համաձայնագրի 1-ին կետով պատվիրակված պարտականությունների շրջանակներում պետական մարմնին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:
Ամեն դեպքում, գնման դիմաց վճարում, իսկ այն դեպքերում, երբ վճարումը կատարվելու է պարբերաբար, ապա յուրաքանչյուր վճարման մասն ստանալու համար ԾԻԳ-ը պետք է պետական մարմին ներկայացնի մանրամասն հաշվետվություն, որը ցույց է տալիս տվյալ պահին ԾԻԳ-ի կողմից իր համաձայնագրային պարտավորությունները պատշաճ և լիովին կատարած լինելու հանգամանքը: Սույն կետի պահանջների չպահպանումը կարող է հիմք հանդիսանալ գնման դիմաց վճարումը ԾԻԳ-ին չփոխանցելու համար:
7. ԾԻԳ-ը պարտավոր է ապահովել, որպեսզի գնման համաձայնագիր կնքած անձը պատշաճ կերպով կատարի իր համաձայնագրային պարտավորությունները: Անհրաժեշտության դեպքում ԾԻԳ-ը պետք է ձեռնարկի օրենքով նախատեսված բոլոր հնարավոր միջոցները` գնման համաձայնագրի պատշաճ և ժամանակին կատարումն ապահովելու համար:
8. Պետական մարմինն իրավունք ունի ցանկացած ժամանակ ԾԻԳ-ից պահանջելու իրեն ներկայացնել գնման պայմանագրի կատարման հետ կապված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև հնարավորություն ունենալ անմիջականորեն հետևելու գնման պայմանագրի շրջանակներում իրականացվող աշխատանքներին:
9. Սույն համաձայնագրի դրույթները որևէ կերպ չեն կարող մեկնաբանվել որպես արգելք գնումների բնագավառի պետական լիազոր մարմնին և (կամ) «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել օրենքով իրենց վերապահված իրավասությունները, այդ թվում` նաև վերահսկողության առումով:
10. ԾԻԳ-ի տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառած վնասի համար: ԾԻԳ-ի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ սույն ծրագրի իրականացման ընթացքում պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
11. Սույն համաձայնագրի պայմանների չպահպանման դեպքում պետական մարմինն իրավունք ունի`
1) ԾԻԳ-ին չվճարելու գնման դիմաց, գրավոր հիմնավորելով չվճարման պատճառները.
2) Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնելու գրավոր միջնորդություն` ԾԻԳ-ի տնօրենի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու համար:
Սույն կետում նշված պատասխանատվության միջոցի կիրառումը ԾԻԳ-ի տնօրենին չի ազատում սույն համաձայնագրի 10-րդ կետով սահմանված պատասխանատվությունից:
12. Սույն համաձայնագիրը կնքվում է չորս օրինակից` հայերենով: Յուրաքանչյուր կողմի մոտ պահվում է համաձայնագրի մեկ օրինակը, իսկ մեկական օրինակներ ուղարկվում են համապատասխանաբար լիազոր մարմին և «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը: Սույն համաձայնագրում փոփոխությունները կատարվում են կողմերի գրավոր համաձայնության հիման վրա:
Կողմերի վավերապայմանները