040.0652.030610
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2010 թվականի N 652-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 4-րդ կետի «ա» ենթակետը «շինությունների» բառից հետո լրացնել «թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի» բառերով.
2) 4-րդ կետի «բ» ենթակետը «հողատարածքներով» բառից հետո լրացնել «թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը,» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին ու Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման N 1 հավելվածում ընդգրկված պետական ոչ առևտրային կազմակերպություններին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնված գույքի կազմից հանել թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և դրանք ներառել անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ