040.0079.080210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2010 թվականի N 79-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 48 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշմամբ հաստատված կարգի 66-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«66. Տվյալ տարվա դեկտեմբերի 20-ից հետո հիմնարկներին, բացառությամբ համայնքային, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-5-րդ կետերով նախատեսված հիմնարկների, չի թույլատրվում ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված դեպքերի, ընդ որում, մինչև սահմանված ժամկետն ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը տվյալ տարվա դեկտեմբերի 25-ից հետո գանձապետարանի ստորաբաժանումը չի ընդունում` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված դեպքերի:
Համայնքային, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության 1-5-րդ կետերով նախատեսված հիմնարկներին թույլատրվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ` պայմանով, որ ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետարանի ստորաբաժանում են ներկայացվում մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 30-ը»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ