112.0005.161109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 11 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12109396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
23 հոկտեմբերի 2009 թվականի թիվ 5-Ն
i
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ օգտագործելու և դրանք ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու կարգը` համաձայն հավելված 1-ի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
Հավելված 1
ՀՀ ոստիկանության պետի
2009 թ. հոկտեմբերի 23-ի
թիվ 5-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ օգտագործելու (գործադրելու) և դրանք ոստիկանության զորքերի զինծառայողներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Ոստիկանության զորքերի զինծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմով իրավունք ունեն գործադրել հատուկ միջոցները հետևյալ դեպքերում`
1) քաղաքացիների, զինծառայողների, Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների վրա կատարվող հարձակումը խափանելիս.
2) ոստիկանության զորքերի զինծառայողների նկատմամբ իրենց պարտականությունները կատարելիս ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս.
3) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց ձերբակալելիս.
4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.
5) ձերբակալված անձանց Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմիններ բերման ենթարկելիս, երբ նրանք իրենց վարքագծով հիմք են տալիս ենթադրելու, որ կարող են դիմել փախուստի, վնաս հասցնել շրջապատին կամ իրենց կամ դիմադրություն ցույց տալ ոստիկանության զորքերի զինծառայողներին.
6) զինվորական բնակավայրերի, շարժակազմերի և շարասյուների, պահպանվող օբյեկտների, կառույցների և բեռների վրա կատարվող հարձակումները խափանելիս.
7) առևանգված, ապօրինաբար ազատությունից զրկված և բռնի կերպով պահվող անձանց, զավթած կառույցները, շենքերը, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.
8) տրանսպորտի, կապի հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) աշխատանքները խանգարող, ինչպես նաև զանգվածային անկարգությունները և խմբակային գործողությունները խափանելիս:
3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության վիճակում ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցների կամ հրազենի բացակայության դեպքում իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
4. Ոստիկանության զորքերի սպառազինությունում ընդգրկված հատուկ միջոցների գործադրման հիմքերը սահմանված են «Ոստիկանության զորքերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով:
5. Հատուկ միջոցներ գործադրելիս ոստիկանության զորքերի զինծառայողը պարտավոր է`
1) դրանք գործադրելու մասին նախազգուշացնել իրավախախտողներին` բավարար ժամանակ տալով նրանց իր պահանջները կատարելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցներ գործադրելու հապաղումը վտանգի տակ է դնում իր, քաղաքացիների, զինծառայողների կամ ոստիկանության աշխատակիցների կյանքն ու առողջությունը, կարող է այլ ծանր հետևանքներ առաջացնել, կամ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնարին է.
2) հատուկ միջոցների գործադրման բոլոր դեպքերում ձգտել, որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.
3) սեղմ ժամկետներում ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությունը.
4) սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով զեկուցել հատուկ միջոցներ գործադրելու յուրաքանչյուր դեպքի մասին:
6. Հատուկ միջոցների տեսակները և դրանց գործադրման հաճախականությունը որոշվում է` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավախախտման բնույթը և իրավախախտի անձը:
7. Արգելվում է ակտիվ պաշտպանության և հատուկ միջոցառումների ապահովման միջոցները գործադրել`
1) հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի).
2) օրենքով սահմանված կարգի խախտմամբ, սակայն խաղաղ, առանց զենքի զանգվածային հրապարակային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ապահովման ժամանակ.
3) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով.
4) մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները` այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր:
8. Ակտիվ պաշտպանության և հատուկ միջոցառումների ապահովման միջոցներ օգտագործող ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են տիրապետել առաջին բուժօգնություն ցուցաբերելու հնարքներին:
9. Ոստիկանության զորքերի հրամանատարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և դատախազին անհապաղ տեղեկացնել հատուկ միջոցներ գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան բոլոր դեպքերի մասին:
10. Հատուկ միջոցներ գործադրելու հետևանքով վիրավորվածների կամ մահվան դեպքերի մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը և դատախազը տեղեկացվում են գրավոր զեկուցագրով, որում նշվում են հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները, այն անձինք, ում նկատմամբ գործադրվել են հատուկ միջոցները, հատուկ միջոցների գործադրման իրավական հիմքերը, հատուկ միջոցի տեսակը (քանակը), մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանն ուղղված միջոցառումները, վիրավորվածներին կամ զոհվածներին տեղաբաշխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են զինծառայողները:
11. Օրենքով չնախատեսված դեպքերում հատուկ միջոցներ գործադրելը կամ սահմանների անցումով դրանք գործադրելն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
12. Ոստիկանության զորքերի սպառազինության մեջ ընդգրկված` իրավախախտների նկատմամբ օգտագործվող հատուկ միջոցները դասակարգվում են`
1) ակտիվ պաշտպանության միջոցների.
2) հատուկ միջոցառումների ապահովման միջոցների:
13. Ակտիվ պաշտպանության միջոցներն են`
1) ձեռնաշղթաները.
2) ռետինե մահակները.
3) արցունքաբեր գազը (օդակաթիլային փոշեցրիչներ).
4) ուշադրություն շեղող լուսաձայնային միջոցները (լուսաձայնային փամփուշտներ).
5) էլեկտրահարող սարքերը:
14. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցներն են`
1) արցունքաբեր գազը (ձեռքի գազային, օդակաթիլային նռնակներ, ծխանռնակներ).
2) ուշադրություն շեղող լուսաձայնային միջոցները (լուսաձայնային նռնակներ և սարքավորումներ).
3) ջրանետերը.
4) զրահամեքենաները.
5) տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցները:
15. Ծառայության վերակարգին հատուկ միջոցներով զինելու թույլտվություն տալիս են`
1) ակտիվ պաշտպանության միջոցներով` ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարը.
2) հատուկ միջոցառումների ապահովման միջոցներով` ոստիկանության պետը, ոստիկանության զորքերի հրամանատարը կամ նրա առաջին տեղակալը:
16. Ջրանետերը և զրահամեքենաները կարող են գործադրվել միայն ոստիկանության զորքերի հրամանատարի կամ նրա առաջին տեղակալի հրամանով:
17. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցները (բացառությամբ ջրանետերի և զրահամեքենաների) ստորաբաժանման կազմով կոնկրետ միջոցառման ժամանակ գործադրվում են միջոցառումը ղեկավարող պաշտոնատար անձի հրամանով:
18. Ակտիվ պաշտպանության միջոցների օգտագործման որոշում իրավունք ունի ընդունել ոստիկանության զորքերի զինծառայողը` անձամբ:
19. Սպառազինության մեջ չընդգրկված հատուկ միջոցների օգտագործումն արգելվում է:
21. Հատուկ միջոցներ օգտագործելուց հետո իրականացվում է տեղանքի, շինության զննություն` տուժած անձանց, հրդեհի հնարավոր օջախների, կենսաապահովման օբյեկտների խափանումների հայտնաբերման, ինչպես նաև չգործած հատուկ միջոցները հայտնաբերելու և հավաքելու նպատակով: Անհրաժեշտության դեպքում իրականացվում է ապագազացում:
22. Ակտիվ պաշտպանության և հատուկ միջոցառումների ապահովման միջոցների (բացառությամբ ձեռնաշղթաների և ռետինե մահակի) օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության զորքերի զինծառայողը զեկուցում է ըստ վերադասության` սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով:
II. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
23. Հատուկ միջոցներն օգտագործվում են ըստ նշանակության, սույն կարգով նախատեսված հատուկ միջոցների մարտավարատեխնիկական բնութագրերի և (կամ) դրանց շահագործման ընդհանուր ցուցումների համաձայն` անվտանգության պահանջներին համապատասխան:
24. Ակտիվ պաշտպանության միջոցների նշանակությունն ու մարտավարատեխնիկական բնութագրերը.
1) Ձեռնաշղթաներ «ԲՌ» և «ԲՌ - Ս»` նախատեսված են իրավախախտների ֆիզիկական դիմադրությունը սահմանափակելու համար: Քաշը` 0,4 կգ:
2) Հատուկ ռետինե մահակ «ՊՌ-73»` նախատեսված է իրավախախտների հարձակումները հետ մղելու կամ նրանց անհնազանդությունը կանխելու համար: Քաշը` 730 գ, երկարությունը` 65 սմ, տրամագիծը` 32 մմ:
3) Հատուկ մահակ «Արգումենտ-4»` Քաշը` 250 գ, երկարությունը փակված վիճակում` 23 սմ, բացված վիճակում` 39 սմ:
4) Հատուկ մահակ «ՊՌ-Տոնֆա» ամրանավորված միջուկով, երկարությունը 65 սմ, տրամագիծը` 35 մմ, բռնակի երկարությունը` 14 սմ, քաշը` 950 գ:
5) Օդակաթիլային փոշեցրիչ (սրվակ) «Ռեզեդա-10Մ»` նախատեսված է հասարակական կարգը խախտող խմբերի կամ անհատների նկատմամբ կանխարգելիչ և վնասազերծող գործողություններ իրականացնելու համար: Տրամագիծը` 35 մմ, բարձրությունը` 101 մմ, քաշը` 75 գ, ծավալը` 65 մլ, արցունքաբեր-գրգռիչ տարր` CS+ՄՊԿ, տարրի զանգվածը` 230+850 մգ, արտանետման հեռավորությունը` 3-4 մ, գործողության ժամանակը` 12 վրկ, գործադրման ջերմաստիճանը` -10-ից +50 oC, ազդեցության տևողությունը` 15-ից 30 րոպե:
6) 18,5x60 մմ լուսաձայնային փամփուշտ` տրամաչափը` 18,5 մմ, քաշը` 26 գ, ձայնի ճնշման մակարդակը 1 մ-ից` 140+-5 դբ:
7) «ԱԻՌ-107ՈՒ» էլեկտրահարող սարք` իրենից ներկայացնում է անմիջական և հեռահար ազդեցության սարք, որը կարող է օգտագործվել նաև որպես մահակ: Նախատեսված է առանց ֆիզիկական վնաս հասցնելու իրավախախտի վնասազերծման, խուլիգանական գործողությունների ակնթարթային կանխարգելման, ինչպես նաև իրավախախտին ձերբակալելու համար: Հեռահար ազդեցության համար, սարքի հետ օգտագործվում է ԴԷԿ տիպի մեկանգամյա օգտագործման քարթրիջ: Ազդեցության թույլատրելի ժամանակը` 1 վրկ, շոկային վիճակից դուրս գալու ժամանակը` 20 րոպե, հագուստի ներթափանցման հաստությունը` 17 մմ, կայծի պարպման լարումը` 120000 Վ, հզորությունը` 10 Վտ, պարպումների քանակը` 250, քաշը` 540 գ, երկարությունը` 33 սմ:
8) «ԱԻՌ-107ՈՒ-Ս» էլեկտրահարող սարք` անմիջական և հեռահար ազդեցության, փոքր չափեր ունեցող սարք է: Նախատեսված է առանց ֆիզիկական վնաս հասցնելու իրավախախտի վնասազերծման, խուլիգանական գործողությունների ակնթարթային կանխարգելման, ինչպես նաև իրավախախտին ձերբակալելու համար: Հեռահար ազդեցության համար, օգտագործվում է ԴԷԿ տիպի քարթրիջը: Ազդեցության թույլատրելի ժամանակը` 1 վրկ, շոկային վիճակից դուրս գալու ժամանակը` 20 րոպե, հագուստի ներթափանցման հաստությունը` 22 մմ, կայծի պարպման լարումը` 120000 Վ, հզորությունը` 10 Վտ, պարպումների քանակը` 250, քաշը` 220 գ, երկարությունը` 18,5 սմ:
25. Ակտիվ պաշտպանության միջոցների շահագործման ընդհանուր ցուցումները.
1) Ձեռնաշղթաների օգտագործման ժամանակ, երկու ժամը մեկ, անհրաժեշտ է ստուգել փականների վիճակը:
2) Ռետինե մահակների օգտագործման ժամանակ պետք է ձգտել խուսափել գլխին և պարանոցին հարվածելուց:
3) «Ռեզեդա-10Մ» օդակաթիլային փոշեցրիչը (սրվակ) օգտագործելու համար անհրաժեշտ է շիթը ուղղել իրավախախտի ուղղությամբ: Անհրաժեշտ է խուսափել քամու ուղղությանը հակառակ օգտագործումից, ինչպես նաև արգելվում է գործադրել բաց կրակին մոտ տարածության վրա:
4) 18,5x60 մմ լուսաձայնային փամփուշտը նախատեսված է ՊԲ-4ՍՊ հատուկ անփող ատրճանակից կրակ արձակելու համար: Թույլատրվում է դիմահար կրակ իրավախախտի ուղղությամբ 1-2 մ հեռավորությունից: Արգելվում է դիմահար կրակը դեմքին:
5) Էլեկտրահարող սարքերը թույլատրվում է օգտագործել միայն մարդու մարմնի մկանոտ հատվածների վրա: Արգելվում է օգտագործումը մարդու գլխի, պարանոցի և սրտի շրջանում:
26. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցների նշանակությունն ու մարտավարատեխնիկական բնութագրերը.
1) Բարձր հզորության և անբեկոր` գրգռիչ գործողության ձեռքի նռնակ ՌԳՌ «Ռուլետ ՎՎ»` նախատեսված է գրգռիչ նյութերի բաղադրությամբ գազածխային ծածկույթի հաշվին զանգվածային անկարգությունների կանխման և հատուկ միջոցառման անցկացման ժամանակ իրավախախտների հոգեկամային կայունության ճնշման համար: Գազածխային նռնակը լիցքավորված է CS (մալոնոնիտրիլ-քլորբենզիլիդեն) նյութի բաղադրությամբ: Նռնակը նետելուց հետո վայր ընկած հատվածում այն անընդմեջ պտտվում է, որի շնորհիվ իրավախախտները հնարավորություն չեն ունենում այն բռնելու և հետ նետելու: Տրամագիծը` 58 մմ, երկարությունը ապահովագործարկման մեխանիզմի հետ (ՊՊՄ-ՈՒ-517)` 170 մմ, քաշը` 0,25 կգ, ինտենսիվ այրման ժամանակը` 20 վրկ, խոցման տարածքի մակերեսը 220 մ2:
2) Ակնթարթային ազդեցության ձեռքի ծխանռնակ «ՌԴԳ-Մ» (ԴԻՄ)` նախատեսված է հատուկ միջոցառումների ժամանակ զինծառայողների գործողությունները քողարկելու և նրանց վրա նշանառու կրակոցները բացառելու համար: Ապահովում է գազածխային ծածկույթի ակնթարթային գոյացումը: Նռնակը լիցքավորված է ծխային բաղադրությամբ` ֆոսֆորի հիմքով: Նռնակում բացակայում է պայթուցիկ լիցքը, որն ապահովում է վնասվածք պատճառող բեկորների բացակայությունը: Տրամագիծը` 58 մմ, բարձրությունը ապահովագործարկման մեխանիզմի (ՊՊՄ-ՈՒ-517) հետ` 170 մմ, քաշը` 350 գ, ծխածածկույթի գոյացման ժամանակը` 2 վրկ ոչ ավելի, ծխածածկույթի երկարությունը` 10 մ ոչ պակաս, բարձրությունը` 3 մ ոչ պակաս, ծխածածկույթի գոյատևման ժամանակը` 30 վրկ ոչ պակաս, ծխածածկույթում գտնվելու թույլատրելի ժամանակը առանց անհատական պաշտպանական միջոցի` 1 րոպեից ոչ ավելի: Նռնակը գործադրմանը նախապատրաստելու ժամանակը` 5 վրկ ոչ ավելի, դանդաղեցման ժամանակը մինչև պայթյունը` 3-5 վրկ:
3) Ծխանռնակ «ԳԴՄ 40»` նախատեսված է հատուկ միջոցառումների ժամանակ զինծառայողների գործողությունները քողարկելու համար: Երկարությունը` 229 մմ, տրամագիծը` 40 մմ, քաշը` 300 գ, ծխածածկույթի գոյացման ժամանակը` 3 վրկ: Բաց տարածքում միջին եղանակային պայմաններում (2 մ բարձրության վրա քամու արագությունը` 2-6 մ/վրկ, օդի հարաբերական խոնավությունը` 70%) ծխածածկույթի չափը` բարձրությունը` 3 մ ոչ պակաս, լայնությունը` 10 մ ոչ պակաս: Ծխածածկույթի գոյատևման ժամանակը` 20 վրկ ոչ պակաս, շահագործման ջերմաստիճանային տատանումը` -40-ից +50 oC, ծխի խտանյութի զանգվածը` 0,9+-0,1 գ/սմ3: Բեկորային վնասվածքներ չի պատճառում:
4) 38 մմ փամփուշտ գազային նռնակով (Չինաստան)` նախատեսված է ակտիվ նյութերի (կծու պղպեղ) բաղադրությամբ գազածխային ծածկույթի ստեղծման համար, որը բացառում է իրավախախտների երկարատև գտնվելու հնարավորությունը ծածկույթի տարածքում: Նռնակը ծխացող տիպի է: Տրամագիծը` 38 մմ, բարձրությունը` 12 սմ, քաշը` 135 գ, հրաձգության առավելագույն հեռավորությունը` 180 մ, ինտենսիվ այրման ժամանակը` 20 վրկ, գազածխային ծածկույթի ծավալը` 75 մ3, շահագործման ջերմաստիճանային տատանումը` -40-ից +50 oC: Բեկորային վնասվածքներ չի պատճառում:
5) Ակնթարթային ազդեցության արցունքաբեր օդակաթիլային փոշեցրման սարքավորում «Տյորեն-6» (նռնակ)` նախատեսված է հակաիրավական գործողությունների և զանգվածային անկարգությունների կանխարգելման համար` իրավախախտների հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշման եղանակով: Բարձրությունը` 185+-2 մմ, տրամագիծը` 63+-2 մմ, քաշը` 158+-15 գ, օդակաթիլային ծածկույթի ծավալը` 150-180 մ3, սարքի գործադրման դանդաղեցման ժամանակը` 3-4 վրկ, կիրառման նվազագույն հեռավորությունը` 2 մ ոչ պակաս, շահագործման ջերմաստիճանային տատանումը` -10-ից +40 oC:
6) Ձեռքի անբեկոր արցունքաբեր օդակաթիլային նռնակ «Դրեյֆ»` նախատեսված է ակտիվ նյութերի բաղադրությամբ օդակաթիլային ծածկույթի ստեղծման համար, որը բացառում է իրավախախտների երկարատև գտնվելու հնարավորությունը ծածկույթի տարածքում: Բարձրությունը` 205+-5 մմ, տրամագիծը` 81+-0,9 մմ, նռնակի իրանի ծավալը` 500 սմ3, ապահովագործարկման մեխանիզմը` «ՄԳԻՖ 773611.01 ՏՈՒ», նռնակի քաշը ապահովագործարկման մեխանիզմի հետ` 287+-10 գ, օդակաթիլային ծածկույթի ծավալը` 50 մ3, շահագործման ջերմաստիճանային տատանումը` -40-ից +50 oC:
7) Ձեռքի անբեկոր գրգռիչ օդակաթիլային նռնակ «Դրեյֆ-2»` նախատեսված է հատուկ միջոցառումների անցկացման և զանգվածային անկարգությունների կանխման նպատակով գրգռիչ տարրով ակնթարթային օդակաթիլային ծածկույթ ստեղծելու համար: Բարձրությունը` 170 մմ, տրամագիծը` 58 մմ, նռնակի քաշը` 250 գ, ապահովագործարկման մեխանիզմը` «ՈՒ-528», գործադրման դանդաղեցման ժամանակը 4 վրկ, օդակաթիլային ծածկույթի ծավալը` 50 մ3, շահագործման ջերմաստիճանային տատանումը` -40-ից +50 oC:
8) Ձեռքի լուսաձայնային նռնակ «Զարյա-2»` նախատեսված է իրավախախտների վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցության համար` հզոր լուսային և ձայնային ազդակների միջոցով: Ապահովագործարկման մեխանիզմը` «ՈՒ-515Մ»: Նռնակի բարձրությունը ապահովագործարկման մեխանիզմի հետ` 120 մմ, տրամաչափը` 70 մմ, քաշը` 175 գ, լիցքի քաշը` 110 գ, լույսի առավելագույն ուժը` 30x10.6 կդ, այրման տևողությունը` 0,05 վրկ, ձայնի ճնշման մակարդակը 10 մ հեռավորության վրա` 145-175 դբ, դանդաղեցման ժամանակը` 4+-1 վրկ: Բեկորային վնասվածքներ չի պատճառում:
9) Լուսաձայնային նռնակ «Պլամյա»` նախատեսված է իրավախախտների վրա հոգեֆիզիոլոգիական ազդեցության համար` հզոր լուսային և ձայնային ազդակների միջոցով: Նռնակի տրամագիծը` 75 մմ, քաշը` 180 գ, լույսի ուժը` 60x10.6 կդ, ձայնի ճնշման մակարդակը 15 մ հեռավորության վրա` 170 դբ, ազդեցության շառավիղը` 15 մ, օգտագործման անվտանգ հեռավորությունը` 2 մ:
10) Ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել»` լուսաձայնային բաղկացուցիչների քանակը` 6, քաշը` 500 գ, տրամաչափը` 90 մմ, բարձրությունը` 250 մմ, դանդաղեցման ժամանակը` 3,5 վրկ, ձայնի ճնշման մակարդակը 10 մ-ից` 145 դբ, բաղկացուցչի լույսի ուժը` 10x10.6 կդ, արդյունավետ գործողության շառավիղը` 20 մ: Բեկորային վնասվածքներ չի պատճառում:
11) Ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել-Ս»` լուսաձայնային բաղկացուցիչների քանակը` 1, քաշը` 160 գ, տրամաչափը` 34 մմ, բարձրությունը` 107 մմ, դանդաղեցման ժամանակը` 3,5-4,2 վրկ, ձայնի ճնշման մակարդակը 10 մ-ից` 145 դբ, լույսի ուժը` 10x10.6 կդ, արդյունավետ գործողության շառավիղը` 5 մ: Կիրառվում է փակ տարածքներում: Բեկորային վնասվածքներ չի պատճառում:
12) Լուսաձայնային կրակոց «Սվիրել» ԱՍԶ-40` տրամաչափը` 40 մմ, երկարությունը` 230 մմ, կրակոցի քաշը` 400 գ, ձայնի ազդեցության տևողությունը` 3 վրկ, ձայնի ճնշման մակարդակը 10 մ-ից` 130 դբ, լուսաձայնային ճայթքման գործարկման հեռավորությունը` 100 մ, լույսի առավելագույն ուժը` 50x10.6 կդ: Նախատեսված է ԳՊ-25, ԳՊ-30 փողատակի նռնականետներից արձակելու համար: Բեկորային վնասվածքներ չի պատճառում:
13) Գրգռող լուսաձայնային ազդեցության ձեռքի նռնակ «Դրոֆա»` նռնակի ընկնելու վայրից 5 մ հեռավորության վրա լուսաձայնային տարրերի պայթյունից առաջանում է լուսաձայնային ազդակ, իսկ գլանակի այրումից` գրգռիչ ազդեցությամբ օդակաթիլային ծածկույթ: Նռնակը լիցքավորված է CՏ նյութի բաղադրությամբ: Տրամագիծը` 35 մմ, բարձրությունը` 140 մմ, քաշը` 140 գ, օդակաթիլային ծածկույթի գույնը` սպիտակ, օդակաթիլային ծածկույթի ծավալը` 50 մ3 ոչ պակաս, դանդաղեցման ժամանակը` 4+-1 վրկ: Գազարձակման ժամանակը` 10 վրկ, լուսային ազդակի առավելագույն ուժը` 2,0x10.6 կդ, ձայնի ճնշման մակարդակը 5 մ հեռավորության վրա` 120 դբ, շահագործման ջերմաստիճանային տատանումը` -40-ից +50 oC:
14) Ջրանետ մեքենա «Լավինա»` նախատեսված է հրդեհների մարման և զանգվածային անկարգությունների մասնակիցների առաջընթացը կասեցնելու համար: Ջրի շիթի ճնշումը կազմում է 8 մթնոլորտ, տարողությունը` 10 մ3, ջրի ծախսը` 40 լ/վրկ: Ջրանետ մեքենայի օգտագործումն արգելվում է 0 աստիճանից ցածր ջերմաստիճանի պայմաններում:
15) Զրահափոխադրիչ ԲՏՌ-60-80ՊԲ` չորս առանցքանի (ութ անիվանի), բոլոր անիվները` քաշող, լողացող մեքենա է, որը նախատեսված է 10 հոգանոց հետևակի և գործարանային փաթեթավորմամբ հատուկ միջոցների տեղափոխման համար: Շարժման արագությունը մայրուղու վրա` 80 կմ/ժ, ջրում` 9-10 կմ/ժ: Երկարությունը` 7,22 մ, լայնությունը` 2,82 մ, բարձրությունը` 2,4 մ: Սպառազինությունը` ԿՊՎՏ և ՊԿՏ գնդացիրներ, ռադիոսարքավորում:
16) Մարտական հետախուզական դետքային մեքենա ԲՌԴՄ-2` անիվային, լողացող մեքենա է, որը նախատեսված է 6 հոգանոց հետևակի և գործարանային փաթեթավորմամբ հատուկ միջոցների տեղափոխման համար: Շարժման արագությունը մայրուղու վրա` 80 կմ/ժ, ջրում` 9-10 կմ/ժ: Երկարությունը` 5,20 մ, լայնությունը` 1,88 մ, բարձրությունը` 1,6 մ: Սպառազինությունը` ԿՊՎՏ և ՊԿՏ գնդացիրներ, ռադիոսարքավորում:
17) Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոց «ՅՈԺ-Մ»` նախատեսված է փոքր և միջին բեռնատարողության բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների կանգնեցման համար: Քաշը` 13 կգ, երկարությունը` 7 մ, լայնությունը` 0,131 մ:
18) Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոց կցորդ-արգելափակիչ «Զագռադիտել»` նախատեսված է արգելափակիչների արագացված մեխանիկական բացազատման համար, ունի եռանիստ պրիզմայի տեսք` կազմված փշալարային պարույրներից: Կցորդի քաշը` 1,6 տ, արգելափակչի երկարությունը` 100 մ, բարձրությունը` 1,8 մ, պարույրի տրամագիծը` 955 մմ, բացազատման ժամանակը` 3 րոպեից ոչ ավելի, շահագործման ջերմաստիճանային տատանումը` -45-ից +45 oC:
27. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցների շահագործման ընդհանուր ցուցումները.
1) ՌԳՌ «Ռուլետ ՎՎ» բարձր հզորության և անբեկոր ձեռքի գրգռող նռնակն օգտագործելու հրաման ստանալուց հետո անհրաժեշտ է նռնակի իրանից հանել խցանը, նրա տեղում` ժամացույցի սլաքի ուղղությամբ` մինչև վերջ սահուն պտտեցնել ապահովագործարկման մեխանիզմը` ուժ չգործադրելով լծակի և երիթակի վրա, լծակը մատներով սեղմած պահել նռնակի իրանին, ուղղել երիթակի ծայրերը և օղակի միջոցով այն սահուն դուրս քաշել` պահելով լծակը մինչև նռնակի նետումը: Նռնակը պետք է նետել իրավախախտների ոտքերի տակ: Նետումից 3-5 վայրկյան հետո գործադրվում է ապահովագործարկման մեխանիզմը, և իրանի վրա գտնվող անցքից արտանետվում է գրգռող օդակաթիլային զանգվածը: Օդակաթիլային ծածկույթի առաջացման և դրա պահպանման ժամանակահատվածի ընթացքում անհրաժեշտ է գտնվել նռնակի ընկնելու վայրից 30 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
2) «ՌԴԳ-Մ» (ԴԻՄ) ակնթարթային ազդեցության ձեռքի ծխանռնակն օգտագործելու հրաման ստանալուց հետո անհրաժեշտ է նռնակի իրանից հանել խցանը, նրա տեղում` ժամացույցի սլաքի ուղղությամբ` մինչև վերջ սահուն պտտեցնել ապահովագործարկման մեխանիզմը` ուժ չգործադրելով լծակի և երիթակի վրա: Լծակը մատներով սեղմած պահել նռնակի իրանին, ուղղել երիթակի ծայրերը և օղակի միջոցով այն սահուն դուրս քաշել` պահելով լծակը մինչև նռնակի նետումը: Նետումից 3-5 վայրկյան հետո նռնակը գործում է: Գազածխային ծածկույթի առաջացման և դրա պահպանման ժամանակահատվածի ընթացքում անհրաժեշտ է գտնվել նռնակի ընկնելու վայրից 30 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա կամ թաքստոցում, առավել վտանգավոր գոտին` 10 մ: Նռնակը նախատեսված չէ զանգվածային անկարգությունները խափանելու համար:
3) «ԳԴՄ 40» ծխանռնակն օգտագործելու համար անհրաժեշտ է այն վերցնել կափարիչի կողմից և մտցնել ինքնաձիգի վրա տեղադրված ԳՊ-25 կամ ԳՊ-30 տեսակի փողատակի նռնականետի փողանցքի կողմից մինչև բնորոշ ձայնային ազդանշանը, բացել նռնականետի ապահովիչը, ուղղություն տալ ինքնաձիգին ամբոխի գլխավերևից մինչև 7 մետր բարձրությամբ և մոտ 20 աստիճան անկյան տակ բարձրացնելով փողը` կրակ արձակել նռնականետից` սեղմելով ձգանը:
4) Գազային նռնակով 38 մմ փամփուշտը (Չինաստան) օգտագործելու համար անհրաժեշտ է այն վերցնել կափարիչի կողմից և մտցնել 38 մմ հրացանի կամ 38 մմ (6 փամփուշտ տարողությամբ) նռնականետի փողանցքի կողմից մինչև բնորոշ ձայնային ազդանշանը, ուղղություն տալ հրացանին կամ նռնականետին և կրակ արձակել` սեղմելով ձգանը:
5) Ակնթարթային ազդեցության արցունքաբեր օդակաթիլային փոշեցրման սարքավորում «Տյորեն-6» (նռնակ) օգտագործելու հրաման ստանալուց հետո անհրաժեշտ է նռնակի իրանից հանել խցանը, նրա տեղում` ժամացույցի սլաքի ուղղությամբ` մինչև վերջ սահուն պտտեցնել ապահովագործարկման մեխանիզմը` ուժ չգործադրելով լծակի և երիթակի վրա: Լծակը մատներով սեղմած պահել նռնակի իրանին, ուղղել երիթակի ծայրերը և օղակի միջոցով այն սահուն դուրս քաշել` պահելով լծակը մինչև նռնակի նետումը: Նռնակը պետք է նետել իրավախախտների ուղղությամբ: Նետումից 3-5 վայրկյան հետո գործադրվում է ապահովագործարկման մեխանիզմը, և իրանի վրա գտնվող անցքից արտանետվում է օդակաթիլային զանգվածը: Օդակաթիլային ծածկույթի առաջացման և դրա պահպանման ժամանակահատվածի ընթացքում անհրաժեշտ է գտնվել նռնակի ընկնելու վայրից 30 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
6) Ձեռքի անբեկոր օդակաթիլային «Դրեյֆ» և «Դրեյֆ-2» նռնակները օգտագործելու հրաման ստանալուց հետո անհրաժեշտ է նռնակի իրանից հանել խցանը, նրա տեղում` ժամացույցի սլաքի ուղղությամբ` մինչև վերջ սահուն պտտեցնել ապահովագործարկման մեխանիզմը` ուժ չգործադրելով լծակի և երիթակի վրա: Լծակը մատներով սեղմած պահել նռնակի իրանին, ուղղել երիթակի ծայրերը և օղակի միջոցով այն սահուն դուրս քաշել` պահելով լծակը մինչև նռնակի նետումը: Նռնակը պետք է նետել իրավախախտների ոտքերի տակ: Նետումից հետո նռնակը հանդիպելով արգելքի` գործում է և ակնթարթորեն առաջացնում օդակաթիլային ծածկույթ: «Դրեյֆ» նռնակը արգելքին հանդիպելիս չգործելու դեպքում 2,5-3 վրկ հետո գործադրվում է ինքնաոչնչացման մեխանիզմը` առաջացնելով գրգռիչ օդակաթիլային ծածկույթ: Օդակաթիլային ծածկույթի առաջացման և դրա պահպանման ժամանակահատվածի ընթացքում անհրաժեշտ է գտնվել նռնակի ընկնելու վայրից 30 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
7) «Զարյա-2» լուսաձայնային նռնակն օգտագործելու համար անհրաժեշտ է ապահովագործարկման լծակը մատներով սեղմած պահել նռնակի իրանին, ուղղել երիթակի ծայրերը և օղակի միջոցով այն դուրս բերել ապահովագործարկման մեխանիզմից` նետել նռնակն անհրաժեշտ ուղղությամբ` իրավախախտների դիմաց կամ նրանց միջև առաջացած ազատ տարածությունում:
8) «Պլամյա» լուսաձայնային նռնակն օգտագործելու համար անհրաժեշտ է հանել կափարիչը և էլեկտրաբռնկիչի հաղորդալարերը միացնել էլեկտրական շղթային: Նռնակը գործողության մեջ է դրվում էլեկտրապայթուցչին 5 Ա հզորությամբ հաստատուն լարում հաղորդելու դեպքում:
9) «Ֆակել» և «Ֆակել-Ս» լուսաձայնային նռնակներն օգտագործելու համար անհրաժեշտ է ձեռքի մատներով լծակը սեղմած պահել նռնակի իրանին, մյուս ձեռքով ուղղել երիթակի ծայրերը, օղակի միջոցով դուրս քաշել այն և նետել նռնակն անհրաժեշտ ուղղությամբ` իրավախախտների դիմաց կամ նրանց միջև առաջացած ազատ տարածությունում: Նռնակն առավել հեռավորության կհասնի 45 աստիճան անկյան տակ նետելու դեպքում: «Ֆակել-Ս» նռնակը նախատեսված է փակ տարածքներում գործադրելու համար:
10) «Սվիրել» լուսաձայնային կրակոցն օգտագործելու համար անհրաժեշտ է այն վերցնել կափարիչի կողմից և մտցնել ինքնաձիգի վրա տեղադրված ԳՊ-25 կամ ԳՊ-30 տեսակի փողատակի նռնականետի փողանցքի կողմից մինչև բնորոշ ձայնային ազդանշանը, բացել նռնականետի ապահովիչը, ուղղություն տալ ինքնաձիգին ամբոխի գլխավերևից մինչև 7 մետր բարձրությամբ և մոտ 20 աստիճան անկյան տակ բարձրացնելով փողը` կրակ արձակել նռնականետից` սեղմելով ձգանը:
11) «Դրոֆա» գրգռող լուսաձայնային ազդեցության ձեռքի նռնակն օգտագործելու հրաման ստանալուց հետո անհրաժեշտ է նռնակի իրանից հանել խցանը, նրա տեղում` ժամացույցի սլաքի ուղղությամբ` մինչև վերջ սահուն պտտեցնել ապահովագործարկման մեխանիզմը` ուժ չգործադրելով լծակի և երիթակի վրա: Լծակը մատներով սեղմած պահել նռնակի իրանին, ուղղել երիթակի ծայրերը և օղակի միջոցով այն սահուն դուրս քաշել` պահելով լծակը մինչև նռնակի նետումը: Նռնակի նետումից 0,5+-0,1 վրկ հետո լուսաձայնային տարրերի պայթյունից առաջանում է լուսաձայնային ազդակ, որից հետո տեղի է ունենում նռնակի իրանի նետում հակառակ ուղղությամբ` առաջացնելով գրգռիչ ազդեցությամբ օդակաթիլային ծածկույթ: Օդակաթիլային ծածկույթի առաջացման և դրա պահպանման ժամանակահատվածի ընթացքում անհրաժեշտ է գտնվել նռնակի ընկնելու վայրից 30 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:
12) «ՅՈԺ-Մ» տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոցն օգտագործելիս անհրաժեշտ է բացել բեռնարկղը, հանել սարքը և փռել ճանապարհի վրա այնպես, որ ծակող ասեղներն ուղղված լինեն դեպի մոտեցող ավտոմեքենան:
13) Տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման միջոց «Զագռադիտել» կցորդ-արգելափակիչն օգտագործելու համար անհրաժեշտ է փշալարի ծայրն ամրացնել անշարժ առարկայից (ծառ, պարիսպ և այլն) և վարել ավտոմոբիլը 30 կմ/ժ արագությամբ, որպեսզի բացվի կցորդում գտնվող արգելափակիչը:
III. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
28. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցներն իրավասու են օգտագործել այն զինծառայողները, ովքեր անցել են համապատասխան պատրաստականություն կամ ստացել են հատուկ որակավորում:
29. Հատուկ միջոցներ օգտագործող զինծառայողը պետք է հանդերձավորված լինի անհատական պաշտպանության միջոցներով (հակագազեր, սաղավարտներ, զրահաբաճկոններ, գնդակապաշտպանիչ հագուստ, հակահարվածային և զրահային վահաններ և այլն):
30. Գազածխային ծածկույթում աշխատանքներն իրականացվում են անհատական պաշտպանության միջոցներով:
31. Գազածխային ծածկույթից տուժած անձանց խոցված տարածքից դուրս բերելուց հետո առաջին բուժօգնություն ցուցաբերելիս օգտագործվում է անուշադրի սպիրտ (շնչելու համար) և կերակրի սոդայի կամ բոռաթթվի 2 տոկոսանոց լուծույթ (աչքերի լվացման համար):
32. Արգելվում է իրականացնել հատուկ միջոցների մասնատում:
33. Հատուկ միջոցառումների ապահովման միջոցները տեղափոխվում են պայթուցիկ սարքերից առանձին:
34. Արգելվում է մոտենալ չգործած հատուկ միջոցներին դրանց օգտագործումից հետո 10 րոպեի ընթացքում:
35. «Պլամյա» հատուկ միջոցների էլեկտրական գործարկումից առաջ անհրաժեշտ է համոզվել էլեկտրական շղթայի սարքինության մեջ և միացնել միայն լարման բացակայության դեպքում, այնուհետև կատարել կրկնակի գործարկում: 10 րոպե անց (չգործարկվելու դեպքում) անջատել գործարկման միջոցները ոչ սարքին հատուկ միջոցից և տեղափոխել մշտական պահպանության վայր:
36. Արգելվում է իրանի կամ թաղանթի վրա վնասվածքներ (ճաքեր, փոսիկներ և այլն) ունեցող նռնակների օգտագործումը:
37. Նետմանը պատրաստ ՌԳՌ «Ռուլետ ՎՎ», ՌԴԳ-Մ (ԴԻՄ), «Տյորեն-6», «Դրոֆա», «Դրեյֆ», «Դրեյֆ-2» նռնակները չօգտագործելու դեպքում անհրաժեշտ է ապահովագործարկման մեխանիզմը սահուն պտտեցնելով դուրս բերել նռնակից: Ապահովագործարկման մեխանիզմը նռնակի իրանի մեջ տեղադրելը և հանելը թույլատրվում է հինգ անգամից ոչ ավելի: Արգելվում է քաշված երիթակը նորից մտցնել նախկին տեղը` փորձելով ապահովագործարկման մեխանիզմը բերել անվտանգ դրության, քանի որ դա կարող է բերել նռնակի պայթյունի:
38. Արգելվում է «ՅՈԺ-Մ» հատուկ միջոցը օգտագործել`
1) մարդկանց փոխադրում իրականացնող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մարդկանց տեղափոխող բեռնատար ավտոմոբիլների նկատմամբ.
2) մոտոցիկլների, մոտոսայլակների և մոպեդների նկատմամբ.
3) լեռնային ճանապարհներին կամ սահմանափակ տեսանելիությամբ ճանապարհային հատվածներում.
4) երկաթուղային գծանցներում, թունելներում, կամուրջների, ուղետարների և էստակադների վրա:
39. Հատուկ միջոցները պահպանվում են մինչև դրանց գործարանային մարտավարատեխնիկական տվյալներով նախատեսված ժամկետների լրանալը:
40. Արգելվում է ժամկետանց հատուկ միջոցների օգտագործումը:
IV. ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
41. Հատուկ միջոցները հատկացվում են հատուկ միջոցների հաշվառման մատյանում (հավելված 2) գրառում կատարելուց հետո` ստացողի ստորագրությամբ:
42. Միջոցառման կամ հերթապահության ավարտից հետո ոստիկանության զորքերի զինծառայողը հատուկ միջոցները հանձնում է ոստիկանության զորքերի զորամասի հատուկ սպառազինության պատասխանատուին, որը համապատասխան նշում է կատարում մատյանում:
Հավելված 2
ՀՀ ոստիկանության պետի
2009 թ. հոկտեմբերի 23-ի
թիվ 5-Ն հրամանի
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
._____________________________________________________________________.
|Հ/հ|Հատուկ|Հատ-|Քա-|Հատ- |Ստա- |Հատկաց|Վերա-|Հանձ-|Ընդու|Օգտա|Թույլա-|
| |միջոցի|կաց-|նա-|կաց- |ցողի |նողի |դարձ-|նողի |նողի |գործ|տրված է|
| |անվա- |նե- |կը |նելու|ազգա-|ազգա- |նելու|ազգա-|ազգա-|ման |ՈԶ |
| |նումը |լու | |նպա- |նունը|նունը |ամսա-|նունը|նունը|ամսա|հրամ. |
| | |ամսա| |տակը |և |և |թիվը |և |և |թիվը|կարգա- |
| | |թիվը| | |ստորա|ստորա-| |ստորա|ստորա| |դրու- |
| | | | | |գրու-|գրու- | |գրու-|գրու-| |թյամբ |
| | | | | |թյու-|թյունը| |թյու-|թյու-| | |
| | | | | |նը | | |նը |նը | | |
|___|______|____|___|_____|_____|______|_____|_____|_____|____|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 |
._____________________________________________________________________.