Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ...

 

 

103.0209.080609

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «08»        06            2009 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10309216

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

25 մարտի 2009 թվականի N 209-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդ բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման կարգը` համաձայն հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի 2005 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության բողոքարկման խորհուրդ բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման կարգը հաստատելու մասին» N 36-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Տարասյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2009 թ. մարտի 25-ի

N 209-Ն հրամանի

 

ԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանված է «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան և նախատեսված է կարգավորելու արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հարցերը:

 

II. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԲՈՂՈՔՆԵՐԸ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ

 

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ` գործակալություն) բողոքարկման խորհուրդ (այսուհետ նաև` խորհուրդ) կարող են ներկայացվել հետևյալ բողոքները`

1) գյուտի արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

2) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

3) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու հայտերով փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

4) ապրանքային կամ սպասարկման նշանի (այսուհետ` ապրանքային նշան) գրանցման հայտը, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտը քննարկման չընդունելու մասին նախնական փորձաքննության որոշման դեմ.

5) ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին հայտարկվող նշանի փորձաքննության ցանկացած որոշման դեմ, այդ թվում` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության շրջանակներում, որոնք ընդունվել են հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքում` Մադրիդյան համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերին համապատասխան.

6) ապրանքային նշանը գրանցելու (այդ թվում` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության շրջանակներում պահպանություն տրամադրելու) մասին նշանի փորձաքննության ցանկացած որոշման դեմ, այդ թվում`

ա. ապրանքային նշանի մեկ կամ մի քանի տարրերը փորձաքննության կողմից պահպանությունից հանելու դեպքում.

բ. ապրանքների ցանկից դրանց մի մասը փորձաքննության որոշմամբ հանելու դեպքում (մասնակի մերժում).

7) ապրանքի ծագման տեղանվան գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունք տալը մերժելու մասին փորձաքննության ցանկացած որոշման դեմ.

8) գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր տալու դեմ.

9) արդյունաբերական նմուշին իրավական պահպանություն տրամադրելու դեմ.

10) Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն տրված եվրասիական արտոնագրի գործողության դեմ.

11) լիցենզային պայմանագրերի և զիջման մասին պայմանագրերի գրանցման հետ կապված որոշումների դեմ.

12) ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու դեմ, այդ թվում` Նշանների գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի կամ դրա արձանագրության շրջանակներում.

13) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ.

14) ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրելու դեմ, եթե այն տրամադրվել է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի գործակալի կամ ներկայացուցչի անունով` առանց տվյալ անձի թույլտվության` համաձայն Փարիզյան կոնվենցիայի 6-septies հոդվածի.

15) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու դեմ.

16) Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության դեմ.

17) հավատարմատարների թեկնածուների կողմից որակավորման քննությունը հանձնելու վերաբերյալ որակավորման հանձնաժողովի որոշումների դեմ:

3. Բողոքարկման խորհուրդ կարող են ներկայացվել հետևյալ դիմումները`

1) ապրանքային նշանի գրանցման գործողությունը դրա չօգտագործման պատճառով վաղաժամկետ դադարեցնելու մասին.

2) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին:

 

III. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4. Սույն կարգի 2-րդ կետի 1-7-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է հայտատուի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

5. Սույն կարգի 2-րդ կետի 8-10-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ ենթակետերին համապատասխան բողոքները և 3-րդ կետի 1-2-րդ ենթակետերին համապատասխան դիմումները ներկայացվում են ցանկացած անձի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

6. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է զիջման մասին պայմանագիրը կամ լիցենզային պայմանագիրն ստորագրած կողմերից մեկի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

7. Սույն կարգի 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետությունում տվյալ նշանի սեփականատերը հանդիսացող անձի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

Սույն կարգի 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է հավատարմատարի թեկնածուի կողմից անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով:

8. Բողոքի (դիմումի) հետ կապված գործերը վարելու և դրա քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կամ սեփականատերը կարող է նշանակել ներկայացուցիչ:

Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող ֆիզիկական անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք, նրանց հավատարմատարներն ու ներկայացուցիչները բողոքների և դիմումների ներկայացման հետ կապված գործերը վարում են գործակալությունում գրանցված հավատարմատարների կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող ներկայացուցչի միջոցով:

9. Ներկայացուցչի, այդ թվում` սույն կարգի 8-րդ կետում նշված հավատարմատարի լիազորությունները հաստատվում են օրենքով սահմանված կարգով նրան տրված համապատասխան լիազորագրով:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված լիազորագիրը կարող է ներկայացվել բողոքի (դիմումի) հետ միաժամանակ կամ համապատասխան ծանուցագրում նշված ժամկետի ընթացքում:

11. Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ գործակալության ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ բողոքարկողի կամ դիմողի գործողությունը կամ նրանց նկատմամբ կատարված գործողությունը:

12. Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:

13. Բողոքում (դիմումում) նշվում են գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան հայտի համարը, իսկ պահպանական փաստաթղթի կամ գրանցման գործողության վիճարկման դեպքում` արտոնագրի կամ գրանցման վկայագրի համարը, բողոքարկողի (դիմողի) ազգանունը, անունը, հայրանունը կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը և նամակագրության հասցեն:

14. Սույն կարգի 2-րդ կետի`

1) 1-7-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է փորձաքննության որոշումը հայտատուի կողմից ստանալու օրվանից եռամսյա ժամկետում.

2) 8-10-րդ ենթակետերին համապատասխան բողոքը ներկայացվում է պահպանական փաստաթղթի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում.

3) 11-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է համապատասխան պայմանագիրը գրանցման ներկայացրած անձի կողմից որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում.

4) 12-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է ապրանքային նշանի գրանցման գործողության ամբողջ ժամկետում, եթե ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվել է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի և 11-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, և ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու օրվանից 5 տարվա ընթացքում, եթե ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվել է «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ.

5) 13-րդ կետին համապատասխան բողոքը ներկայացվում է ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում.

6) 14-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում.

7) 15-16-րդ ենթակետերին համապատասխան բողոքները ներկայացվում են հանրահայտ ապրանքային նշանի իրավական պահպանության ամբողջ ժամկետի ընթացքում.

8) 17-րդ ենթակետին համապատասխան բողոքը ներկայացվում է դիմում ներկայացրած անձի կողմից համապատասխան որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

15. Սույն կարգի 3-րդ կետի`

1) 1-ին ենթակետին համապատասխան դիմումը ներկայացվում է դիմումում նշված ապրանքային նշանի գրանցման գործողության ամբողջ ժամկետի ընթացքում.

2) 2-րդ ենթակետին համապատասխան դիմումը ներկայացվում է ցանկացած ժամանակ:

16. Գործակալության ստորաբաժանումների և հավատարմատարների որակավորման հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացվող բողոքին պետք է կցվի համապատասխան որոշման պատճենը, ինչպես նաև հակադրված նյութերի (այդպիսիք լինելու դեպքում) պատճենները:

17. Բողոքին (դիմումին) պետք է կցվի օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը, առանց որի բողոքը (դիմումը) քննարկման չի ընդունվում:

18. Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում օրենքով սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Այս դեպքում բողոքի (դիմումի) հետ կապված հետագա գործավարությունը կատարվում է միայն պակաս վճարված պետական տուրքի վճարումը հաստատող անդորրագիրը բողոքարկման խորհուրդ ներկայացնելուց հետո:

Բողոքարկողի (դիմողի) խնդրանքով ավելի վճարված պետական տուրքի գումարը օրենքով սահմանված կարգով կարող է վերադարձվել կամ սահմանված կարգով հաշվի առնվել այլ պետական տուրքերի վճարման ժամանակ:

19. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամկետները խախտելու դեպքում «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի և «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի բողոքը կարող է քննարկման ընդունվել բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումի առկայության դեպքում: Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումը ներկայացվում է բողոքի հետ միաժամանակ:

Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտով փորձաքննության որոշմանը վերաբերող բողոքի ներկայացման բաց թողնված ժամկետի վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա, իսկ ապրանքային նշանին վերաբերող դիմումը` երեք ամսվա ընթացքում:

Այս դեպքում բողոքի և դիմումի հետ միասին պետք է ներկայացվի բաց թողնված ժամկետի վերականգնման համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացված բողոքը քննարկման չի ընդունվում, եթե այն ներկայացված է առանց բաց թողնված ժամկետի վերականգնման դիմումի և դրա համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագրի:

20. Սույն կարգի 2-րդ կետի 1-7-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է վերաբերի գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի, ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան մեկ հայտին և պարունակի փորձաքննության որոշման անճշտությունը հաստատող հիմնավոր փաստարկներ:

21. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքը պետք է պարունակի որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ և վերաբերի մեկ պայմանագրի:

22. Սույն կարգի 2-րդ կետի 8-10-րդ և 12-14-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի պահպանական փաստաթուղթը և (կամ) գրանցումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ, վերաբերի մեկ պահպանական փաստաթղթի կամ մեկ գրանցման:

23. Սույն կարգի 2-րդ կետի 8-10-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ, 14-րդ և 59-րդ հոդվածներով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

24. Սույն կարգի 2-րդ կետի 12-13-րդ ենթակետերին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի ու 43-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

25. Սույն կարգի 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված հիմքերի առկայությունը հաստատող փաստարկներ:

26. Սույն կարգի 2-րդ կետի 15-րդ ենթակետին համապատասխան բողոքը պետք է պարունակի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 21.1-րդ հոդվածի պահանջների համապատասխանությունը հերքող տեղեկություններ:

27. Սույն կարգի 2-րդ կետի 16-րդ ենթակետին համապատասխան բողոքը պետք է պարունակի ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանների վերանալը հաստատող տեղեկություններ:

28. Սույն կարգի 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան բողոքը պետք է պարունակի որոշման անճշտությունը հաստատող փաստարկներ:

29. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում ապրանքային նշանի օգտագործման ապացույցները ներկայացնում է դրա սեփականատերը կամ լիցենզային պայմանագրով տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձը:

30. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան դիմումը պետք է պարունակի «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 21.1-րդ հոդվածով պահանջվող տեղեկություններ, մասնավորապես տվյալ ապրանքային նշանի լայնածավալ օգտագործումն ապացուցող, ինչպես նաև սպառողների համապատասխան շրջանակի համար լավ հայտնի լինելը հիմնավորող փաստարկներ:

 

IV. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

31. Որպես բողոք քննարկման են ընդունվում սույն կարգի 2-րդ կետում նշված և սույն կարգի 14-րդ, 16-րդ, 20-րդ և 28-րդ կետերով սահմանված, իսկ որպես դիմում` 3-րդ կետում նշված և 15-րդ, 29-րդ և 30-րդ կետերով սահմանված պահանջներին բավարարող գրավոր դիմումները:

32. Ներկայացված բողոքը (դիմումը) գրանցվում է, և դրան տրվում է մտից համար:

33. Բողոքը (դիմումը) ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում բողոքարկման խորհրդի քարտուղարն ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 14-րդ, 15-րդ, 16-րդ, 20-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերով սահմանված պահանջներին:

Եթե պարզվում է, որ ներկայացված բողոքը (դիմումը) համապատասխանում է վերը նշված կետերով սահմանված պահանջներին, բողոքարկման խորհրդի քարտուղարը դրա մասին զեկուցում է բողոքարկման խորհրդի նախագահին, որը յուրաքանչյուր բողոքի կամ դիմումի քննարկման համար 1-օրյա ժամկետում որոշում է կայացնում բողոքարկման խորհրդի առնվազն 3 անդամներից բաղկացած կոլեգիա նշանակելու և տվյալ բողոքի (դիմումի) քննարկման համար բողոքարկման խորհրդի նիստի անցկացման օրվա մասին:

34. Սույն կարգի 33-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում բողոքարկման խորհրդի քարտուղարը բողոքարկողին (դիմողին) ծանուցագիր է ուղարկում բողոքը (դիմումը) քննարկման ընդունելու մասին, որտեղ նշվում է նաև տվյալ բողոքի (դիմումի) քննարկման հարցով բողոքարկման խորհրդի նիստի անցկացման օրվա մասին:

35. Սույն կարգի 2-րդ կետի 1-7-րդ և 11-րդ ենթակետերում նշված բողոքները քննարկման ընդունելու դեպքում բողոքի ստացման և դրա քննարկման օրվա մասին ծանուցվում է նաև գործակալության այն բաժինը, որի որոշումը բողոքարկվում է:

36. Սույն կարգի 2-րդ կետի 8-10-րդ, 12-16-րդ ենթակետերում նշված բողոքները և 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված դիմումը քննարկման ընդունելու դեպքում բողոքի (դիմումի) ստացման և քննարկման ընդունման մասին ծանուցվում է նաև վիճարկվող պահպանական փաստաթղթի իրավատերը:

Եթե բողոքը ներկայացվել է ապրանքի ծագման տեղանվան գրանցման դեմ, ապա դրա քննարկման ընդունելու մասին ծանուցվում են տվյալ տեղանվան օգտագործման իրավունք ունեցող բոլոր սուբյեկտները:

Սույն կետում նշված բոլոր ծանուցագրերին կցվում է համապատասխան բողոքի (դիմումի) պատճենը և առաջարկվում է դրա վերաբերյալ նկատառումները ներկայացնել ոչ ուշ, քան բողոքարկման խորհրդի նիստի անցկացման օրվանից 10 օր առաջ:

37. Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի կամ Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջը նշված ծանուցագիրն ուղարկվում է անմիջականորեն կամ նրա ներկայացուցչի միջոցով, որը նշված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրոյի գրանցամատյանում:

Ծանուցագիրը կարող է ուղարկվել նաև այլ հայտով կամ գրանցման հարցերով տվյալ սեփականատիրոջ ներկայացուցիչը հանդիսացող Հայաստանի Հանրապետությունում գրանցված նրա հավատարմատարի միջոցով, եթե հայտնի է այդպիսին: Ընդ որում, բոլոր դեպքերում նշվում է, որ վիճարկվող գրանցման գործողության վերաբերյալ նա կարող է ներկայացնել իր նկատառումները, հաշվի առնելով, որ բողոքի քննարկման հետ կապված գործերը պետք է վարի միայն Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր ունեցող իր ներկայացուցչի կամ գրանցված հավատարմատարի միջոցով:

38. Այն դեպքում, երբ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն կարգի 14-րդ, 16-րդ, 20-րդ և 28-րդ կետերով սահմանված, իսկ դիմումը` 15-րդ, 29-րդ և 30-րդ կետերով սահմանված պահանջներին, դրա ստացման օրվանից 10-օրյա ժամկետում բողոք կամ դիմում ներկայացնողին ծանուցագիր է ուղարկվում ներկայացված դիմումը քննարկման չընդունելու մասին:

39. Այն դեպքում, երբ բողոքը կամ դիմումը չի համապատասխանում սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջին, դրա ստացման օրվանից 10-օրյա ժամկետում ծանուցագիր է ուղարկվում այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում լիազորագիրը ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում պահանջված լիազորագիրը չներկայացնելու դեպքում բողոքը կամ դիմումը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է բողոք կամ դիմում ներկայացնողը:

Այն դեպքում, երբ բողոքը կամ դիմումը չի համապատասխանում սույն կարգի 20-30-րդ կետերով սահմանված պահանջներին, դրա ստացման օրվանից մեկամսյա ժամկետում հարցում է ուղարկվում բողոք կամ դիմում ներկայացնողին, այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում բողոքի (դիմումի) քննարկման համար անհրաժեշտ նյութեր ներկայացնելու առաջարկությամբ: Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում բողոքը կամ դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է բողոք կամ դիմում ներկայացնողը:

40. Սույն կարգի 34-39-րդ կետերում նշված ծանուցագրերը և հարցումներն ստորագրում է բողոքարկման խորհրդի նախագահը կամ քարտուղարը:

41. Բողոքարկողի (դիմողի) խնդրանքով բողոքը (դիմումը) կարող է հետ կանչվել դրա քննարկման ցանկացած փուլում, մինչև բողոքարկման խորհրդի նիստում խորհրդի որոշման հրապարակումը: Այս դեպքում բողոքի կամ դիմումի քննարկումը և դրանցով վարվող գործավարությունը դադարեցվում է, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

Սույն կետի համաձայն հետ կանչված բողոքի (դիմումի) ներկայացման համար վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

42. Եթե բողոքի (դիմումի) հետկանչման մասին խնդրագիրը բողոքարկման խորհուրդ է ներկայացվել մինչև սույն կարգի 34-րդ կետով նախատեսված` բողոքը (դիմումը) քննարկման ընդունելու մասին ծանուցագիրը բողոքարկողին առաքելը, ապա բողոքը (դիմումը) համարվում է չներկայացված և վճարված պետական տուրքի գումարը ենթակա է օրենքով սահմանված կարգով վերադարձման կամ սահմանված կարգով կարող է օգտագործվել գործակալության կողմից այլ գործողությունների կատարման համար: Հակառակ դեպքում վճարված պետական տուրքի գումարը վերադարձման ենթակա չէ:

 

V. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

43. Սույն կարգի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերին համապատասխան բողոքները քննարկվում են ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

44. Սույն կարգի 2-րդ կետի 4-րդ, 6-7-րդ, 11-14-րդ ենթակետերին համապատասխան բողոքները և 3-րդ կետի 1-ին, 2-րդ ենթակետերին համապատասխան դիմումները քննարկվում են ստացման օրվանից եռամսյա ժամկետում:

45. Սույն կարգի 2-րդ կետի 8-10-րդ ենթակետերին համապատասխան բողոքը քննարկվում է ստացման օրվանից 4-ամսյա ժամկետում:

46. Սույն կարգի 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան բողոքը քննարկվում է ստացման օրվանից 1-ամսյա ժամկետում:

47. Ցանկացած անձ, որին սույն կարգի 34-37-րդ կետերի համաձայն ծանուցագիր է ուղարկվել բողոքը կամ դիմումը քննարկման ընդունելու մասին, կարող է դիմել բողոքարկման խորհուրդ` խորհրդի նիստի անցկացման ժամկետների տեղափոխման խնդրանքով, սույն կարգի 43-46-րդ կետերով սահմանված համապատասխան ժամկետների սահմաններում:

Դիմումը ներկայացվում է գրավոր, և դրա բավարարման դեպքում նշանակվում է բողոքարկման խորհրդի նիստի անցկացման նոր թվական, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

48. Բողոքի (դիմումի) քննարկման մասնակիցներից մեկի խնդրանքով և մնացած բոլորի համաձայնությամբ, բողոքի (դիմումի) քննարկման սկիզբը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան վեց ամսով` սկսած սահմանված համապատասխան ժամկետի ավարտի օրվանից:

49. Սույն կարգի 43-46-րդ կետերով սահմանված ժամկետները կարող են երկարաձգվել նաև բողոքարկման խորհրդի նախաձեռնությամբ` բողոքի (դիմումի) սպառիչ լրիվությամբ և անշահախնդիր քննարկումն ապահովելու նպատակով:

Եթե բողոքի (դիմումի) քննարկման համար բողոքարկման խորհրդի կողմից պահանջվել են անհրաժեշտ լրացուցիչ նյութեր, ապա մինչև դրանց ստացումը քննարկման համար նշված ժամկետների ընթացքը կասեցվում է:

 

VI. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

 

50. Բողոքը (դիմումը) նախապես քննարկվում է բողոքարկման խորհրդի կոլեգիայի կողմից, որի որոշումը քննարկման է դրվում խորհրդի նիստում:

Բողոքի (դիմումի) նախնական քննարկմանը կարող են մասնակից դարձվել բողոքարկողը (դիմողը), պահպանական փաստաթղթի սեփականատերը և (կամ) նրանց ներկայացուցիչը, ինչպես նաև համապատասխան փորձաքննության բաժնի պետն ու փորձագետը:

Կոլեգիայի կազմում չպետք է ընդգրկվեն բողոքարկողի կամ փորձաքննության բաժնի վիճարկվող որոշում ընդունած փորձագետի հետ ազգակցական կապեր ունեցող անձինք, ինչպես նաև վիճարկվող որոշման ընդունմանը ուղղակիորեն կամ անուղղակի մասնակցած անձինք:

51. Բողոքարկման խորհրդի նիստին մասնակցելու համար պարտադիր հրավիրվում են բողոքին առնչվող բոլոր կողմերը, որոնք ծանուցվում են բողոքի ստացման և խորհրդի նիստում դրա քննարկման թվականի մասին, այդ թվում` բողոքարկողը (դիմողը), վիճարկվող պահպանական փաստաթղթի սեփականատերը և (կամ) նրանց ներկայացուցիչները, իսկ որոշման վիճարկման դեպքում` տվյալ որոշումն ընդունած փորձագետը (մասնագետը) և համապատասխան բաժնի պետը:

Գործակալության աշխատակիցները չեն կարող լինել նշված անձանց ներկայացուցիչներ:

52. Բողոքարկման խորհրդի համաձայնությամբ քննարկման ցանկացած մասնակից, անհրաժեշտության դեպքում, կարող է մասնագետներ հրավիրել բողոքի քննարկմանը մասնակցելու համար:

Եթե բողոքը վերաբերում է այնպիսի հայտերի, որոնց մասին դեռևս պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել, մասնագետներ կարող են հրավիրվել միայն հայտատուի համաձայնությամբ:

53. Քննարկման մասնակիցներն իրավունք ունեն նախօրոք ծանոթանալու գործի նյութերին` սահմանված կարգով դրանցից քաղվածքներ և պատճեններ ստանալու, իսկ քննարկման ընթացքում` հարցեր տալու մյուս մասնակիցներին և կոլեգիայի անդամներին, խնդրագրեր ներկայացնելու, քննարկվող հարցի էության վերաբերյալ բանավոր և (կամ) գրավոր պարզաբանումներ տալու, որոնք կցվում են նիստի արձանագրությանը:

54. Բողոքարկման խորհրդի նիստին սույն կարգի 51-րդ կետում նշված և պատշաճ ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում բողոքի (դիմումի) քննարկմանը:

Սակայն խորհուրդն իրավասու է նրանցից որևէ մեկի չներկայանալու դեպքում հետաձգել նիստը, եթե անհնարին է համարում բողոքի (դիմումի) քննարկումը տվյալ նիստի ընթացքում:

55. Բողոքարկման խորհրդի նախաձեռնությամբ կամ սույն կարգի 51-րդ կետում նշված անձանց կողմից գրավոր խնդրագիր ներկայացնելու դեպքում խորհրդի նիստի անցկացման թվականը կարող է տեղափոխվել մինչև երկու ամիս ժամկետով բողոքի (դիմումի) լրիվ և օբյեկտիվ քննարկման համար, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

56. Բողոքարկման խորհրդի նիստը համարվում է իրավազոր և գումարվում է, եթե նիստին մասնակցում են խորհրդի անդամների առնվազն 3/4-ը: Քվորում չլինելու դեպքում խորհրդի նիստի անցկացման թվականը կարող տեղափոխվել մինչև մեկ ամիս ժամկետով, ինչի մասին ծանուցվում են բողոքի (դիմումի) քննարկման բոլոր հնարավոր մասնակիցները:

57. Նիստը ղեկավարում է բողոքարկման խորհրդի նախագահը` ապահովելով բողոքի (դիմումի) ամբողջական, բազմակողմանի և անկողմնակալ քննարկումը: Նախագահողը բացում է խորհրդի նիստը, ներկայացնում է խորհրդի անդամներին և քննարկմանը մասնակցող անձանց:

Բողոքարկման խորհրդի նախագահի բացակայության դեպքում, նիստը ղեկավարում է նրա կողմից նշանակված խորհրդի անդամներից մեկը:

58. Քննարկման յուրաքանչյուր մասնակից կարող է բացարկ հայտարարել կոլեգիայի ցանկացած անդամին (անդամներին)` սույն կարգի 50-րդ կետի 3-րդ պարբերությունում նշված պատճառների հիման վրա: Բացարկը պետք է լինի պատճառաբանված և հայտարարվի մինչև բողոքի ըստ էության քննարկումը:

Բացարկը քննարկվում է խորհրդի անդամների կողմից, և այն բավարարելու դեպքում բողոքարկման խորհրդի նախագահը նշանակում է կոլեգիայի նոր կազմ և որոշում է բողոքի (դիմումի) քննարկման նոր ժամկետ:

59. Բողոքի (դիմումի) ըստ էության քննարկումն սկսվում է կոլեգիայի նախագահի և (կամ) կոլեգիայի անդամներից մեկի զեկուցումով, որը ներկայացնում է կոլեգիայի նախնական քննարկման արդյունքները:

Հետագա քննարկումը կատարվում է հետևյալ հաջորդականությամբ`

1) բողոքարկողի (դիմողի) և (կամ) նրա ներկայացուցչի ելույթը.

2) փորձաքննության (որոշումն ընդունած) բաժնի պետի և (կամ) փորձագետի (մասնագետի) ելույթը.

3) արտոնագրատիրոջ (ապրանքային նշանի (պահպանական փաստաթղթի) սեփականատիրոջ) կամ դրա իրավատիրոջ ելույթը` պահպանական փաստաթղթի վիճարկման դեպքում.

4) բողոքարկման խորհրդի մնացած անդամների ելույթները` այդպիսիք լինելու դեպքում.

5) կողմերի պատասխանները կոլեգիայի և խորհրդի մնացած անդամների հարցերին:

60. Գործի քննարկումը չպետք է դուրս գա բողոքի (դիմումի) մեջ պարունակվող հիմնավորումների շրջանակներից: Քննարկման ընթացքում կոլեգիան և բողոքարկման խորհուրդը լրացուցիչ հիմքերով որոնումներ չեն կատարում, սակայն հաշվի են առնվում քննարկվող հարցի վերաբերյալ բողոքարկման խորհրդի ցանկացած անդամի կամ կողմերի առաջարկությունները, որոնք վերաբերում են վիճարկվող որոշման կամ այլ փաստաթղթի ընդունման իրավաչափությանը:

61. Նոր ներկայացված տեղեկությունների կապակցությամբ ավելի մանրամասն հետազոտություններ կատարելու անհրաժեշտության դեպքում խորհրդի որոշմամբ նիստը կարող է հետաձգվել սույն կարգի 55-րդ կետի դրույթներին համապատասխան:

62. Բողոքարկման խորհրդի նիստի ընթացքն արձանագրվում է, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ձայնագրվում մագնիսական ժապավենի վրա, ինչի մասին տեղեկացվում են բոլոր մասնակիցները:

Մի քանի նիստերի ընթացքում նույն հարցի քննարկման դեպքում յուրաքանչյուր նիստի համար կազմվում է առանձին արձանագրություն:

63. Նիստի արձանագրությունը վարում է բողոքարկման խորհրդի քարտուղարը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի կողմից նշանակված` խորհրդի որևէ անդամը:

64. Արձանագրության մեջ նշվում են`

1) բողոքարկման խորհրդի անվանումը.

2) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը (թվականը).

3) խորհրդի, կոլեգիայի անդամների և նիստի բոլոր մասնակիցների ազգանունը, անունը, նրանց առնչությունը քննարկվող հարցին.

4) այն հայտի, արտոնագրի և (կամ) վկայագրի համարը և օբյեկտի անվանումը (նշանի, արդյունաբերական նմուշի պատկերը, սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դիմումի քննարկման դեպքում նաև` ապրանքային նշանի նկարագրությունը), որին առնչվում է քննարկվող բողոքը կամ դիմումը.

5) գործի գրանցման համարը.

6) քննարկվող հարցի համառոտ բովանդակությունը.

7) բողոքում (դիմումում) կամ փորձաքննության որոշման մեջ բացակայող փաստարկների, խնդրագրերի կամ պարզաբանումների վերաբերյալ մասնակիցների դիմումների համառոտ բովանդակությունը.

8) մասնակիցների և նիստի ընթացքում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

9) ընդունված որոշման եզրափակիչ մասը:

65. Նիստի արձանագրությունն ստորագրվում է բողոքարկման խորհրդի բոլոր անդամների կողմից և կցվում է գործին:

66. Քննարկմանը մասնակցող անձինք և խորհրդի անդամները կարող են արձանագրության մեջ մտցնել իրենց հատուկ կարծիքը կամ այն գրավոր ներկայացնել եռօրյա ժամկետում: Վերջինս գրանցվում և կցվում է նիստի արձանագրությանը:

 

VII. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

 

67. Սույն կարգի 2-րդ կետի 1-4-րդ ենթակետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի հայտով գործավարությունը շարունակելու մասին.

2) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր տալու մասին.

3) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, նախնական փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու և ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտով գործավարությունը շարունակելու մասին.

4) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

68. Սույն կարգի 2-րդ կետի 5-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և ընդունված որոշմանը համապատասխան հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

69. Սույն կարգի 2-րդ կետի 6-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու, փորձաքննության որոշումն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու և ընդունված որոշմանը համապատասխան հայտարկված ապրանքային նշանը գրանցելու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

70. Սույն կարգի 2-րդ կետի 7-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքը բավարարելու, փորձաքննության որոշումը չեղյալ ճանաչելու, ապրանքի ծագման տեղանունը գրանցելու և (կամ) դրա օգտագործման իրավունք տալու մասին.

2) բողոքը մերժելու և փորձաքննության որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

71. Սույն կարգի 2-րդ կետի 8-9-րդ ենթակետերին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու և համապատասխան արտոնագիրը կամ արդյունաբերական նմուշի վկայագիրն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

2) բողոքը մերժելու և համապատասխան արտոնագիրը կամ արդյունաբերական նմուշի վկայագիրն ուժի մեջ թողնելու մասին:

72. Սույն կարգի 2-րդ կետի 10-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, եվրասիական արտոնագիրը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

2) բողոքը մերժելու և եվրասիական արտոնագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ուժի մեջ թողնելու մասին:

73. Սույն կարգի 2-րդ կետի 11-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքը բավարարելու, զիջման մասին կամ լիցենզային պայմանագրի գրանցումը մերժելու մասին որոշումը չեղյալ ճանաչելու և զիջման կամ լիցենզային պայմանագիրը գրանցելու մասին.

2) բողոքը բավարարելու, զիջման կամ լիցենզային պայմանագիրը գրանցելու մասին որոշումն անվավեր ճանաչելու մասին.

3) բողոքը մերժելու և զիջման մասին կամ լիցենզային պայմանագրի գրանցման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

74. Սույն կարգի 2-րդ կետի 12-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ապրանքային նշանի իրավական պահպանության տրամադրումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

2) բողոքը մերժելու և ապրանքային նշանին իրավական պահպանության տրամադրումն ուժի մեջ թողնելու մասին:

75. Սույն կարգի 2-րդ կետի 13-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքը բավարարելու, ապրանքի ծագման տեղանվան գրանցումը և (կամ) դրա օգտագործման իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին.

2) բողոքը մերժելու և տեղանվան գրանցումը և (կամ) տեղանվան օգտագործման վկայագիրն ուժի մեջ թողնելու մասին:

76. Սույն կարգի 2-րդ կետի 14-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքը բավարարելու և ապրանքային նշանի գրանցումն անվավեր ճանաչելու մասին.

2) բողոքը մերժելու և ապրանքային նշանի գրանցումն ուժի մեջ թողնելու մասին:

77. Սույն կարգի 2-րդ կետի 15-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին որոշումն ամբողջովին կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.

2) բողոքը մերժելու և Հայաստանի Հանրապետությունում ապրանքային նշանը հանրահայտ ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

78. Սույն կարգի 2-րդ կետի 16-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունն ամբողջովին կամ մասնակիորեն դադարեցնելու մասին.

2) բողոքը մերժելու և ՀՀ-ում հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի իրավական պահպանությունն ուժի մեջ թողնելու մասին:

79. Սույն կարգի 2-րդ կետի 17-րդ ենթակետին համապատասխան բողոքի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) բողոքն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու և հավատարմատարի թեկնածուի կողմից որակավորման քննությունն ամբողջ ծավալով կամ որոշ օբյեկտների նկատմամբ հանձնելու մասին.

2) բողոքը մերժելու և որակավորման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին:

80. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) դիմումն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, վիճարկվող ապրանքային նշանի գրանցման գործողությունն ամբողջովին կամ մասնակիորեն վաղաժամկետ դադարեցնելու մասին.

2) դիմումը մերժելու և վիճարկվող ապրանքային նշանի գրանցման գործողությունն ուժի մեջ թողնելու մասին:

81. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան դիմումի քննարկման արդյունքում ընդունվում են հետևյալ որոշումները`

1) դիմումն ամբողջովին կամ մասնակիորեն բավարարելու, ապրանքային նշանը դիմումում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին.

2) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումը մերժելու մասին:

 

VIII. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

82. Բողոքարկման խորհրդի նիստում բողոքի (դիմումի) քննարկումն ավարտելուց հետո խորհրդի նախագահն ամփոփում է քննարկումը և քվեարկության է դնում քննարկման արդյունքում ձևավորված բողոքարկման խորհրդի որոշման նախագիծը:

83. Բողոքարկման խորհուրդը որոշումն ընդունում է նիստին մասնակցող անդամների ձայների առնվազն 2/3-ով:

84. Բողոքարկման խորհրդի որոշումն ստորագրվում է բողոքարկման խորհրդի նախագահի կողմից:

85. Բողոքարկման խորհրդի որոշումը կցվում է գործին, իսկ դրա պատճեն(ներ)ը ոչ ուշ, քան որոշումն ստորագրելուց հետո 5-օրյա ժամկետում առաքվում կամ առձեռն հանձնվում է բողոքարկողին (դիմողին), իսկ պահպանական փաստաթղթի կամ գրանցման գործողության վիճարկման դեպքում` նաև դրա իրավատիրոջը կամ սույն կարգի 8-12-րդ կետերի համաձայն` այդ անձի (անձանց) ներկայացուցչին (ներկայացուցիչներին):

Գործակալության որոշմանը (փորձաքննության կամ պայմանագրի գրանցմանը) վերաբերող բողոքների քննարկման արդյունքում բողոքարկման խորհրդի ընդունած որոշման պատճենը փոխանցվում է նաև վիճարկվող որոշումն ընդունած համապատասխան բաժին, ինչպես նաև պետական գրանցամատյանների բաժին` համապատասխան գրանցամատյանում գրառումներ կատարելու համար:

86. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշման պատճենը սույն կարգի 85-րդ կետում նշված անձանցից վերջինին կամ սույն կարգի 8-12-րդ կետերի համաձայն այդ անձի (անձանց) ներկայացուցչին (ներկայացուցիչներին) առաքման կամ առձեռն հանձնման օրվանը հաջորդող օրվանից:

87. Բողոքների և դիմումների վերաբերյալ բողոքարկման խորհրդի որոշումները պարտադիր են գործակալության արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերով փորձաքննություն իրականացնող և պետական գրանցամատյանները վարող ստորաբաժանումների, ինչպես նաև հավատարմատարների որակավորման հանձնաժողովի համար:

88. Բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում կողմերից յուրաքանչյուրը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:

 

 

pin
Էկոնոմիկայի / Տնտեսական զարգ. եւ նե
25.03.2009
N 209-Ն
Հրաման