104.0159.210509
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 05 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10409194
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
30 ապրիլի 2009 թվականի N 2/159-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի իրավունքները և պարտականությունները` համաձայն հավելվածի:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ արտաքին գործերի նախարարի
2009 թ. ապրիլի 30-ի
թիվ 2/159-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հյուպատոսական հարաբերությունների մասին» 1963 թվականի ապրիլի 24-ի Վիեննայի Կոնվենցիայի և «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) համաձայն, օտարերկրյա պետությունում (այսուհետ` նստավայր պետություն) կամ դրա մի մասում հյուպատոսական գործառույթներ իրականացնելու նպատակով` նստավայր պետության համաձայնությամբ կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս (այսուհետև` պատվավոր հյուպատոս):
2. Պատվավոր հյուպատոս կարող են լինել Օրենքի 59-րդ հոդվածով սահմանված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և այլ պետության քաղաքացիները, որոնք նստավայր պետությունում ունեն մշտական բնակչի կարգավիճակ, հասարակական զգալի դիրք են զբաղեցնում այդ պետությունում կամ դրա մի մասում, ունեն անհրաժեշտ գիտելիքներ, քաջատեղյակ են նստավայր պետության քաղաքական, պետական և հասարակական կյանքին, օրենսդրությանը, չեն գտնվում պետական ծառայության մեջ և քաղաքական գործունեությամբ չեն զբաղվում:
3. Պատվավոր հյուպատոսը կարող է զբաղվել ցանկացած մասնագիտական կամ ձեռնարկատիրական գործունեությամբ, եթե դա չի հակասում նստավայր պետության օրենսդրությանը և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին:
4. Պատվավոր հյուպատոսն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետության այլ միջազգային պայմանագրերով, միջազգային սովորույթներով, «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերով, նստավայր պետության օրենսդրությամբ և սույն հրամանով:
5. Պատվավոր հյուպատոսն օգտվում է «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի Կոնվենցիայով նախատեսված` պատվավոր հյուպատոսներին վերապահված սահմանափակ անձեռնմխելիություններից և արտոնություններից, կրում է Կոնվենցիայով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն Հավելվածով նախատեսված պարտականություններ:
II. ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՆՑՆԵԼԸ
6. Պատվավոր հյուպատոսին նշանակում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
7. Պատվավոր հյուպատոս նշանակելու մասին առաջարկություն ներկայացնում է նստավայր պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության, հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
Առաջարկությունը ներառում է պատվավոր հյուպատոսի թեկնածությունը կամ թեկնածությունները, ինչպես նաև պատվավոր հյուպատոս նշանակելու անհրաժեշտության մանրամասն հիմնավորումը:
8. Նշանակման ժամանակ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսը ստանում է արտոնագիր (պատենտ), որը հաստատում է նրա լիազորությունները: Հյուպատոսական պատենտում նշվում է նրա անունը, հյուպատոսական տարածաշրջանը և նստավայրը: Պատենտը ստորագրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից և վավերացվում է զինանշանով կնիքով:
Պատվավոր հյուպատոսի հյուպատոսական տարածաշրջանը որոշում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` նստավայր պետության հետ համաձայնեցնելով:
9. Պատվավոր հյուպատոս նշանակվող անձի հետ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կնքում է պայմանագիր, որով որոշվում են պատվավոր հյուպատոսի գործառույթների և պարտականությունների շրջանակը:
Պայմանագիրը կնքվում է 2 տարի ժամկետով և երկարաձգվում է յուրաքանչյուր անգամ 1 տարի ժամկետով սույն Հավելվածի 15-րդ կետով նախատեսված հաշվետվության հիման վրա պատվավոր հյուպատոսի կատարած աշխատանքները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից դրական գնահատվելու դեպքում:
10. Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսն անցնում է իր պարտականությունների կատարմանը նստավայր պետության համաձայնությունը (էկզեկվատուրան) ստանալուց հետո:
III. ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
11. Պատվավոր հյուպատոսը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ և հաշվի առնելով նստավայր պետության օրենքները, կանոնները և սովորույթները, իրավունք ունի.
1) հյուպատոսական գործառույթների կատարման նպատակով զբաղեցրած շինության և փոխադրամիջոցի վրա ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական դրոշը.
2) զբաղեցրած շինության ճակատում, մուտքի մոտ, ամրացնել Հայաստանի Հանրապետության զինանշանով և «Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս» բառերով վահանակ հայերեն և նստավայր պետության լեզուներով.
3) օգտագործել կնիք` Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և «Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս» բառերով հայերեն և նստավայր պետության լեզվով:
IV. ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
12. Պատվավոր հյուպատոսը`
1) իր հյուպատոսական տարածաշրջանում պաշտպանում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, իրավաբանական անձանց շահերը միջազգային նորմերով թույլատրվող սահմաններում.
2) նպաստում է Հայաստանի Հանրապետության և նստավայր պետության միջև առևտրական, տնտեսական, մշակութային և գիտական կապերի զարգացմանը, ինչպես նաև այլ ուղիներով երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը.
3) իր հյուպատոսական տարածաշրջանում անհրաժեշտ օգնություն և աջակցություն է ցուցաբերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և իրավաբանական անձանց.
4) բոլոր օրինական միջոցներով պարզում է նստավայր պետության տնտեսական, առևտրական, մշակութային և գիտական կյանքի զարգացումները և դրանց մասին տեղեկություններ է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն.
5) պարտավոր է իր գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով` ներկա գտնվել իր հյուպատոսական տարածաշրջանում հյուպատոսական պարտականությունների կատարման ժամկետի ընթացքում.
6) պարբերաբար կազմակերպում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց ներկայացուցիչների ընդունելություն` այդ նպատակով, անհրաժեշտության դեպքում, շրջագայելով իր հյուպատոսական տարածաշրջանում.
7) իր գործառույթների կատարման նպատակով ապահովում է առանձին գրասենյակ և պարտավոր է ունենալ գործավար-օգնական.
8) կազմակերպում է գործավարություն, ձևավորում է հյուպատոսական արխիվ, ապահովում է դրա պահպանումը և անվտանգությունը.
9) կատարում է սույն Հավելվածի 9-րդ կետում նշված պայմանագրում ամրագրված այլ պարտականություններ:
13. Պատվավոր հյուպատոսը իր վրա դրված պարտականությունները կատարում է անձամբ և չի կարող հանձնարարել դրանց կատարումն այլ անձանց:
14. Իր պարտականությունների կատարման ընթացքում պատվավոր հյուպատոսը ենթարկվում է նստավայր պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին, իսկ եթե այդպիսիք չկան, անմիջականորեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
15. Պատվավոր հյուպատոսն իր գործունեության արդյունքների մասին տարեկան հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին կամ, եթե այդպիսիք չկան, անմիջականորեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 15-ը:
Նշված հաշվետվության հիման վրա, համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը և/կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարը իրենց եզրակացությունն են ներկայացնում արտաքին գործերի նախարարին:
V. ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
16. Պատվավոր հյուպատոսին իր պարտականությունները կատարելուց ազատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը`
1) նստավայր պետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կամ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հիմնավորված միջնորդության հիման վրա.
2) պատվավոր հյուպատոսի դիմումի համաձայն, որը նա ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործունեությունը դադարեցնելու պահից առնվազն երեք ամիս առաջ.
3) նստավայր պետության կողմից էկզեկվատուրան վերացնելու դեպքում կամ երբ նստավայր պետության իրավասու մարմինները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հայտնում են, որ նստավայր պետությունը դադարել է նրան պատվավոր հյուպատոս համարել:
17. Սույն Հավելվածի 16-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նախատեսված դեպքերում պատվավոր հյուպատոսի գործունեությունը դադարում է, երբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտնում է նստավայր պետության իրավասու մարմիններին, որ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի լիազորությունները դադարեցվում են:
18. Իր գործունեությունը դադարեցնելուց հետո պատվավոր հյուպատոսը պարտավոր է հանձնել նստավայր պետությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին կամ, եթե այդպիսիք չկան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լիազորված ներկայացուցչին ամբողջ հյուպատոսական գրագրությունը, արխիվը, կնիքը: