113.1540.270109
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«27» 01 2009 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11309032
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 դեկտեմբերի 2008 թվականի N 1540
i
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՑ ՊԱԿԱՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՏԻԺ ԿՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջների կատարման նպատակով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու կարգը» (կցվում է):
2. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալին`
ստանձնել հրամանի կատարման հսկողությունը:
3. Հրամանը հասցնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալներին, ՊԲ-ի, բանակային կորպուսների և զորամասերի հրամանատարներին, ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերին, ՀՀ և տարածքային զինվորական կոմիսարներին, ՀՀ զինվորական դատախազին:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ պաշտպանության նախարարի
2008 թ. դեկտեմբերի 9-ի
N 1540 հրամանի
ԿԱՐԳ
ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՑ ՊԱԿԱՍ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԱՏԻԺ ԿՐԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ
1. Սույն Կարգով սահմանվում են ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու համար որոշում կայացնելու նպատակով անհրաժեշտ չափորոշիչները, ներկայացվող փաստաթղթերը, դրանք քննարկման ներկայացնելու, քննարկելու և որոշում կայացնելու կարգը:
Սույն Կարգը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր`
1) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու կամ զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու իրավունք,
2) նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերության համաձայն ենթակա չեն զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության կամ հետագա զինվորական ծառայությունը շարունակելու ուղարկելու,
3) դատապարտվել են և պատիժը կրել են կալանքի կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով,
4) դատապարտվել են ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
2. Սույն Կարգի համաձայն` ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում երեք տարուց պակաս ժամկետով պատիժ կրած անձանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու համար որոշում կայացնելու նպատակով տարածքային զինկոմիսարիատը նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավաբանական վարչություն քննարկման է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.
1) դատավճռի և պատժի կրումից ազատվելու վերաբերյալ տեղեկանքի պատճենները,
2) անձնական գործը,
3) պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու դեպքում` նաև դատարանի` պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ որոշման պատճենը:
3. Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունը, քննարկելով ներկայացված փաստաթղթերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի կարծիքը, կազմում է տեղեկանք` անձին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու նպատակահարմարության վերաբերյալ, և ներկայացնում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
Անձին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու նպատակահարմարության վերաբերյալ տեղեկանքը կազմելիս հաշվի են առնվում ազատազրկման վայրում պատիժը կրելու ժամկետը, կատարած հանցագործության բնույթը և հանրության համար վտանգավորության աստիճանը, անձը բնութագրող տվյալները:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը ներկայացված փաստաթղթերի հիման վրա կայացնում է որոշում` զորակոչիկին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորում հաշվառելու վերաբերյալ:
5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշումն ստանալուց 3 օրվա ընթացքում պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունը այդ մասին գրավոր տեղեկացնում է տարածքային զինկոմիսարիատ:
6. Տարածքային զինկոմիսարիատը, ստանալով պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության գրությունը, զորակոչիկին սահմանված կարգով հաշվառում է պահեստազորում կամ կազմակերպում է նրան պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու գործընթացը:
7. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ենթակա անձինք զորակոչվում են ընթացիկ զորակոչի ընթացքում, իսկ զորակոչն ավարտված լինելու դեպքում` դրան հաջորդող զորակոչի ընթացքում:
8. Սույն Կարգի դրույթները տարածվում են նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված և ազատազրկման վայրում պատիժը 3 տարուց պակաս ժամկետով կրած անձանց վրա:
Վերջիններիս պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու ուղարկելու կամ պահեստազորում հաշվառելու համար որոշում կայացնելու համար տարածքային զինկոմիսարիատը, բացի սույն Կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերից, պաշտպանության նախարարության իրավաբանական վարչություն է ներկայացնում նաև զինվորական գրքույկը: