(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 07.10.11 թիվ 264-Ն հրաման)
i
322.0299.151108
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 11 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32208312
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
25 սեպտեմբերի 2008 թվականի N 299-Ն
i
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2) ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի N 1930-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության 3-րդ բաժնի 12-րդ կետի ա) ենթակետի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի (հողամասերի, շենքերի, շինությունների) հաշվառման տվյալներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա:
ՀԱՎԵԼՎԱԾ
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
2008 թ. սեպտեմբերի 25-ի
N 299- Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (ՀՈՂԱՄԱՍԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՍԽԱԼՆԵՐԻ ՈՒՂՂՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Սույն հրահանգով սահմանվում է իրավունքների պետական գրանցում (այսուհետ` գրանցում) ստացած անշարժ գույքի հաշվառման տվյալներում հայտնաբերված սխալների ուղղման կարգը:
Հաշվառման (չափագրման) սխալները կարող են առաջանալ տարբեր գործոնների` չափիչ սարքերի (էլեկտրոնային տախեոմետր, լազերային հեռաչափ (DISTO), ժապավենամետր և այլն) թույլատրելի սխալի, հողամասի թեքությունների (ռելիեֆ), անկանոն երկրաչափական պատկերների, պատերի երեսպատման նյութի փոփոխությունների, պատերի անհարթությունների, տվյալների սխալ հավաքագրման, ինչպես նաև մարդկային գործոնի և այլ պատճառներով:
Հաշվառման տվյալների սխալների ուղղումը կարող է կատարվել միայն գրանցման և (կամ) կադաստրային գնահատման դեպքում:
Հաշվառման (չափագրման) տվյալներում հայտնաբերված սխալները կարող են լինել`
1. Որակական բնույթի սխալներ
1.1) հողամասի նպատակային նշանակության, հողատեսքի կամ գործառնական նշանակության գրառման սխալ
Շենքերի, շինությունների (այսուհետև` շինություն)`
1.2) պատերի շինանյութի տեսակի սխալ
1.3) միջհարկային ծածկի շինանյութի տեսակի սխալ
1.4) տանիքի նյութի տեսակի սխալ
1.5) կառուցման տարեթվի սխալ
1.6) վնասվածության աստիճանի սխալ
1.7) ավարտվածության աստիճանի սխալ
1.8) շինության նպատակային, գործառնական նշանակության գրառման սխալ
1.9) որակական բնույթի այլ սխալներ:
2. Քանակական բնույթի սխալներ
2.1) հողամասի գծային չափերի (երկարություն, լայնություն) սխալ
2.2) հողամասի մակերեսի հաշվարկի մեխանիկական սխալ
2.3) շինության գծային չափերի (երկարություն, լայնություն, բարձրություն) սխալ
2.4) շինության մակերեսի հաշվարկի մեխանիկական սխալ
2.5) շինության հարկի և (կամ) հարկայնության սխալ
2.6) բաց է թողնված շինության ծավալում գտնվող որևէ տարածք
2.7) արտաքին պատերի չափերի (կրող կոնստրուկցիաների) փոփոխություն չկրած շինության ծավալում ներքին փոփոխություններ, որոնց հաշվին փոփոխվել է ներքին մակերեսը և որի համար շինարարության թույլտվություն չի պահանջվում
2.8) քանակական բնույթի այլ սխալներ:
3. Տեխնիկական բնույթի սխալներ
3.1) հողամասի վրա գտնվող շինության, ինչպես նաև շինության ծավալում գտնվող անշարժ գույքի առանձին միավորի դիրքի սխալ
3.2) հաշվառման ընթացքում հավաքագրած տվյալների սխալ
3.3) շինության ծավալում գտնվող տարածքների միջնորմների, դռների, պատուհանների սխալ տեղադրություն կամ բացթողում
3.4) տեխնիկական բնույթի այլ սխալներ:
4. Սխալները կարող են ուղղվել`
4.1) ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ` սեփական նախաձեռնությամբ,
4.2) շահագրգիռ անձանց նախաձեռնությամբ (իրավասու մարմիններ, անձինք), որոնց կողմից հաստատված կամ ներկայացված փաստաթղթերի հիման վրա հիմնական փաստաթղթերում կատարվել է իրավունքի պետական գրանցումը,
4.3) անշարժ գույքի պետական ռեգիստրի նախաձեռնությամբ` վերադասության կարգով:
5. Հողամասի նպատակային նշանակության, հողատեսքի կամ գործառնական նշանակության գրառման սխալի ուղղման նպատակով ուսումնասիրվում է կադաստրային գործում առկա փաստաթղթերը, համեմատվում է հողային հաշվեկշռի հետ, անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև տեղազննություն հողամասի նպատակային նշանակությունը, հողատեսքը կամ գործառնական նշանակությունը ճշտելու համար: Ճշտված տվյալները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի հաշվառման բաժնի պետի (այսուհետ` հաշվառման բաժնի պետ) կողմից համապատասխան հիմնավորմամբ գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանում (այսուհետ` մատյան), կադաստրային գնահատման ամփոփ հաշվարկի ձևաթղթում (այսուհետ` ձևաթուղթ), համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականում (այսուհետ` վկայական) փոփոխություններ կատարելու համար:
6. Պատերի շինանյութի, միջհարկային ծածկի շինանյութի, տանիքի նյութի տեսակների սխալների ուղղման նպատակով ուսումնասիրվում է կադաստրային գործը, եթե գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ պատի, միջհարկային ծածկի, տանիքի շինանյութի տեսակը սխալ է գրառված ուրվագծում, մատյանում, ձևաթղթում, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղազննության միջոցով ճշտելուց հետո, սխալը ուղղելու նպատակով հաշվառման բաժնի պետի կողմից այդ մասին համապատասխան հիմնավորմամբ գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, մատյանում, ձևաթղթում ուղղում կատարելու համար:
7. Կառուցման տարեթվի, ավարտվածության աստիճանի, վնասվածության աստիճանի սխալների ուղղման նպատակով ուսումնասիրվում է կադաստրային գործը, եթե վկայականի, մատյանի, ձևաթղթի ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ կառուցման տարեթիվը, ավարտվածության աստիճանը, վնասվածության աստիճանը սխալ է գրվել, ապա հաշվառման բաժնի պետի կողմից այդ մասին համապատասխան հիմնավորմամբ գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, վկայականում, մատյանում, ձևաթղթում ուղղում կատարելու համար:
8. Շինության նպատակային, գործառնական նշանակության սխալների ճշտման նպատակով կատարվում է տեղազննություն և նշվում է շինության փաստացի օգտագործումը (բնակելի, հասարակական, արտադրական նշանակության, բնակելի տուն, խանութ, արտադրամաս և այլն գործառնական նշանակության) և այդ մասին հաշվառման բաժնի պետի կողմից գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, վկայականում, մատյանում, ձևաթղթում ուղղում կատարելու համար:
9. Կադաստրային գործում հիմնավորող փաստաթղթերի բացակայության դեպքում, որակական բնույթի` հողամասի նպատակային նշանակության, հողատեսքի կամ գործառնական նշանակության, շինության կառուցման տարեթվի, ավարտվածության աստիճանի, նպատակային, գործառնական նշանակության սխալների ուղղումը կարող է կատարվել միայն համայնքի ղեկավարի, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` համապատասխան մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի կողմից տրված փաստաթղթի, ինչպես նաև նորմատիվ իրավական բնույթի այլ ակտերի հիման վրա, իսկ վնասվածության աստիճանի սխալի դեպքում իրավասու մարմնի կողմից տրված եզրակացության հիման վրա: Դրանց առկայության դեպքում սխալի ուղղումը կատարվում է ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ` տեղյակ պահելով սեփականատիրոջը (օգտագործողին):
10. Հողամասի գծային չափերի (երկարություն, լայնություն) սխալի ուղղման նպատակով ուսումնասիրվում է կադաստրային գործը, նախկին հատակագծերում ու կադաստրային քարտեզում դրանց չափերի առկայության դեպքում, իսկ դրանց բացակայության դեպքում տեղազննության միջոցով ճշտելուց հետո հաշվառման բաժնի պետի կողմից այդ մասին համապատասխան հիմնավորմամբ գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում և վկայականում ուղղում կատարելու նպատակով:
Եթե սխալ գրված կամ բաց թողնված գծային չափի ուղղումը չի առաջացնում հողամասի մակերեսի փոփոխություն, ապա սխալի ուղղումը կատարվում է ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ` տեղյակ պահելով սեփականատիրոջը (օգտագործողին):
Եթե գծային չափի ուղղումն առաջացնում է հողամասի մակերեսի չափի փոփոխություն, որը գերազանցում է մինչև գրանցման պահը հատկացված հողամասի չափը և թույլատրելի սխալի տիրույթը, ապա ուղղում կարելի է իրականացնել միայն շահագրգիռ մարմնի կողմից մինչև գրանցման պահը հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
11. Հողամասի մակերեսի հաշվարկի մեխանիկական սխալի ուղղման նպատակով կատարվում է հողամասի մակերեսի վերահաշվարկ, համեմատվում է կադաստրային գործում առկա հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթղթերի հետ և հաշվառման բաժնի պետի կողմից այդ մասին համապատասխան հիմնավորմամբ գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, վկայականում, մատյանում, ձևաթղթում ուղղում կատարելու համար:
Եթե հողամասի մակերեսը չի գերազանցում գրանցման պահի դրությամբ հատկացված հողամասի մակերեսի չափը, ապա ուղղումը կատարվում է ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ` տեղյակ պահելով սեփականատիրոջը (օգտագործողին):
Եթե վերահաշվարկված մակերեսի չափը գերազանցում է մինչև գրանցման պահը հատկացված հողամասի չափը և թույլատրելի սխալի տիրույթը, ապա ուղղում կարելի է իրականացնել միայն շահագրգիռ մարմնի կողմից մինչև գրանցման պահը հողամասի նկատմամբ իրավունք հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում:
12. Շինության գծային չափերի (երկարություն, լայնություն, բարձրություն) սխալի ուղղման նպատակով ուսումնասիրվում է կադաստրային գործում առկա փաստաթղթերը, շինության գծային չափերի տվյալները առկա լինելու, իսկ դրանց բացակայության դեպքում տեղազննություն կատարելուց հետո, եթե արտաքին պատերը կրող կոնստրուկցիաները փոփոխության չեն ենթարկվել, ապա այդ մասին հաշվառման բաժնի պետի կողմից, համապատասխան հիմնավորմամբ, գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, վկայականում ուղղում կատարելու համար:
13. Շինության մակերեսի հաշվարկի մեխանիկական սխալի դեպքում, եթե շինության արտաքին պատերը և կրող կոնստրուկցիաները փոփոխության չեն ենթարկվել, կատարվում է մակերեսի վերահաշվարկ և հաշվառման բաժնի պետի կողմից այդ մասին գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, վկայականում, մատյանում, ձևաթղթում ուղղում կատարելու համար:
14. Շինության հարկի և (կամ) հարկայնության սխալի ուղղման նպատակով ուսումնասիրվում է կադաստրային գործը, հարկի, հարկայնության տվյալները առկա լինելու, իսկ դրանց բացակայության դեպքում տեղազննություն կատարելուց հետո հաշվառման բաժնի պետի կողմից այդ մասին համապատասխան հիմնավորմամբ գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, մատյանում, ձևաթղթում ուղղում կատարելու համար:
15. Եթե բաց է թողնված շինության ծավալում գտնվող որևէ տարածք, ապա սխալի ուղղման նպատակով ուսումնասիրվում է կադաստրային գործը, համեմատվում է հաջորդ կամ նախորդ հարկերում գտնվող նույնատիպ շինության հատակագծերի, կամ կառուցման նախագծի առկայության դեպքում նախագծի հետ: Սխալի վերաբերյալ տվյալները բաժնի պետի կողմից համապատասխան հիմնավորմամբ գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում, վկայականում, մատյանում, ձևաթղթում ուղղում կատարելու համար:
Եթե բաց թողնված տարածքը գտնվում է բազմահարկ շենքի որևէ մասում, ապա այս դեպքում չափագրվում է բաց թողնված տարածքը և նրա հարևանությամբ գտնվող տարածքներն ու այն կապակցվում է նախկին ուրվագծին: ՈՒրվագծում և վկայականում ուղղումը կատարվում է կազմելով նոր հատակագիծ միայն այն հարկի համար, որում բաց է թողնված տարածքը:
16. Արտաքին պատերի չափերի (կրող կոնստրուկցիաների) փոփոխություն չկրած շինության ծավալում ներքին փոփոխություններ, որոնց հաշվին փոփոխվել է ներքին մակերեսը և որի համար շինարարության թույլտվություն չի պահանջվում, ապա այս դեպքում սույն հրահանգով սահմանված թույլատրելի սխալի սահմանափակումը չի գործում: Կազմվում է նոր ուրվագիծ և բաժնի պետի կողմից գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին: Գրանցման դեպքում կազմվում է նոր վկայական:
17. Հողամասի վրա գտնվող շինության, ինչպես նաև շինության ծավալում գտնվող անշարժ գույքի առանձին միավորի դիրքի սխալի ուղղման նպատակով ուսումնասիրվում է կադաստրային գործը, սխալ պատկերված շինության դիրքը ճշտվում է, չափագրման միջոցով տվյալ շինությունը կապակցելով հարակից շինությունների, հողամասի մոտակա սահմանագծերի հետ: Շինության ծավալում գտնվող անշարժ գույքի առանձին միավորի դիրքի սխալ պատկերման դեպքում կազմվում է նոր ուրվագիծ: Հաշվառման բաժնի պետի կողմից այդ մասին համապատասխան հիմնավորմամբ գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին:
18. Հաշվառման ընթացքում հավաքագրված տվյալների (անվանման, ազգանվան տառասխալ, սահմանակից հարևանի անվանման շինության անվանման սխալ և այլն) սխալի ուղղման նպատակով սխալ հավաքագրված տվյալների մասին հաշվառման բաժնի պետի կողմից համապատասխան հիմնավորմամբ ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին ուրվագծում, վկայականում, մատյանում և ձևաթղթում ուղղում կատարելու համար:
19. Շինության ծավալում գտնվող տարածքների միջնորմերի, դռների, պատուհանների սխալ տեղադրության կամ բացթողման սխալի ուղղման նպատակով (բացառությամբ արտաքին պատերի վրա գտնվող դռների և լուսամուտների) ճշտվում է դրանց դիրքը չափագրման միջոցով և հաշվառման բաժնի պետի կողմից այդ մասին գրավոր ներկայացվում է ստորաբաժանման ղեկավարին` ուրվագծում և վկայականում ուղղելու համար:
Շինության արտաքին պատերի վրա դռների, պատուհանների սխալ տեղադրության կամ բացթողման սխալի ուղղումը կատարվում է քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:
20. Սույն հրահանգով սահմանված սխալների ուղղումը ուրվագծում կատարվում է համապատասխան տողում սխալ գրված տվյալի վրա կարմիր թանաքով գիծ քաշելու միջոցով, այնպես որ սխալ գրված տվյալը լինի ընթեռնելի, գրվում է ճիշտ տվյալը, նշվում է ուղղման ամիսը, ամսաթիվը ու ստորագրվում է հաշվառման բաժնի պետի և ուղղումը կատարող մասնագետի կողմից, իսկ վկայականում ուղղում կատարելու դեպքում համապատասխան տողում գրվում է «ուղղումը կատարված է իմ կողմից» նախադասությունը, ուղղման ամիսը, ամսաթիվը, ստորագրվում և կնքվում է ստորաբաժանման ղեկավարի կողմից:
Սույն հրահանգի 6-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ (բացառությամբ արտաքին պատերի վրա գտնվող դռների և լուսամուտների սխալի կամ բացթողման դեպքերի) կետերով սահմանված դեպքերում սխալների ուղղումը կարող է իրականացվել ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ` այդ մասին տեղյակ պահելով սեփականատիրոջը (օգտագործողին):
ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՍԽԱԼԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ
Հաշվի առնելով սխալների առաջացման հնարավոր` չափիչ սարքերի (էլեկտրոնային տախեոմետր, լազերային հեռաչափ (DISTO), ժապավենամետր և այլն) թույլատրելի սխալի, անկանոն երկրաչափական պատկերների, պատերի երեսպատման նյութերի փոփոխությունների, պատերի անհարթությունների, տվյալների սխալ հավաքագրման, ինչպես նաև մարդկային գործոնի և այլ պատճառները, շինության մակերեսի հաշվարկում թույլատրելի սխալի չափ սահմանել` մինչև 500 քմ մակերեսի համար 2%, 500 քմ մակերեսը գերազանցելու դեպքում` գերազանցող մասի մակերեսի համար 1%:
Օրինակ` 500քմ x 2%=10քմ
700քմ = 10քմ + 200քմ x1%=10քմ + 2.0քմ = 12.0քմ
1000քմ=10քմ + 500քմ x1%=10քմ + 5.0քմ = 15.0քմ:
Սույն հրահանգով սահմանված շինության մակերեսի թույլատրելի սխալի չափը չի գործում հասարակական, արտադրական նշանակության առանձին կանգնած շինությունների դեպքում:
Եթե շինության մակերեսի չափի փոփոխությունը գտնվում է սույն հրահանգով սահմանված մակերեսի թույլատրելի սխալի տիրույթում, ապա ուղղում իրականացվում է միայն անշարժ գույքի հաշվառման փաստաթղթերում, գրանցման և գնահատման փաստաթղթերում ուղղում չի իրականացվում և գրանցում չի կատարվում: