114.0088.091008
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«09» 10 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11408298
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
30 սեպտեմբերի 2008 թվականի N 88-Ն
i
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետական գույքը գնահատող կազմակերպության մրցութային հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել պետական գույքը գնահատող կազմակերպության մրցույթին մասնակցելու հայտի ձևը` համաձայն հավելված 2-ի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 04.07.2008 թ. N 52-Ա հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովին` սույն հրամանի 1-ին կետով սահմանված կանոնակարգին համապատասխան կազմակերպել և անցկացնել պետական գույքը գնահատող կազմակերպության մրցույթը:
Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2008 թ. սեպտեմբերի 30-ի
թիվ 88-Ն հրամանի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պետական գույքը գնահատող կազմակերպության մրցութային հանձնաժողովի կանոնակարգով սահմանվում է պետական գույքը գնահատող կազմակերպության մրցույթ (այսուհետ` մրցույթ) անցկացնող մրցութային հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կանոնակարգը:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կանոնակարգով և այլ իրավական ակտերով:
3. Հանձնաժողովի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով: Նույն հրամանով Հանձնաժողովի անդամներից նշանակվում է Հանձնաժողովի նախագահ:
4. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա Հանձնաժողովի կազմը չի համալրվում:
5. Եթե մրցույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի մասնակցությունը Հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա սույն կանոնակարգով սահմանված կարգով Հանձնաժողովի մյուս անդամներից նշանակվում են համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահ կամ քարտուղար:
6. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով Հանձնաժողովի կազմը հաստատելու պահից և դադարեցնում գործունեությունը` համաձայն սույն կանոնակարգի:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Հանձնաժողովի խնդիրներն են`
1) ապահովել պետական գույքը գնահատող կազմակերպությունների համար հավասար մատչելիությունը` իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային փորձին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից.
2) ապահովել անցկացվող մրցույթի թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
8. Հանձնաժողովը`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի մամուլի քարտուղարից մրցույթը սկսելուց տասը րոպե առաջ ստանում է մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց փաստաթղթերը,
2) քննության է առնում փաստաթղթերի ճշտությունը, ամբողջականությունը և կայացնում է որոշում դիմած անձանց մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին,
3) անցկացնում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակիցներ) ներկայացրած հայտերի ուսումնասիրություն,
4) իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ,
5) պաշտոնապես հրապարակում է մրցույթի արդյունքները,
6) կազմում է արձանագրություն մրցույթի արդյունքների վերաբերյալ,
7) մրցութային հայտերը բացելուց առաջ կարող է սահմանել մրցույթի հաղթողին որոշելու կշռային գործակիցներ, որի մասին հայտարարվում է ներկա գտնվող մրցույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին,
8) իրականացնում է Օրենքով, սույն կանոնակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:
10. Հանձնաժողովի նիստերը իրավազոր են Հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:
11. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:
12. Հանձնաժողովի անդամի կողմից մրցույթ անցկացնելու կարգը խախտելու դեպքում, Հանձնաժողովը տվյալ հարցի վերաբերյալ ընդունում է որոշում, որի պատճենը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետն իր հրամանով կարող է ազատել Հանձնաժողովի անդամին տվյալ Հանձնաժողովի կազմից:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
13. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) որոշում է մրցույթի հետ կապված հարցերի, դիմումների և բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով Հանձնաժողովի անդամների հետ.
4) իրականացնում է սույն կանոնակարգով և այլ իրավական ակտերով իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Սահմանել, որ.
1) մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջին ժամկետը պետք է լինի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 (մեկ) օր առաջ,
2) մրցույթի մասնակցության հայտերը` մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են փակ կնքված կամ ստորագրված ծրարով` անձամբ կամ փոստով,
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտ ներկայացնողին,
4) Մրցույթի մասնակիցները` մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերի ներկայացման կարգով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը,
5) Մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում` մասնակցին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտը ընդունելու վերաբերյալ,
6) Մրցույթի հայտ ներկայացնողները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերում և ծանոթանալ նիստերի արձանագրություններին,
7) այն հայտ ներկայացնողներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ, իսկ այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում,
8) մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը չի կարող գերազանցել մեկ շաբաթը: Ամփոփման օրը հանձնաժողովը կազմում է արձանագրություն,
9) հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների հստակեցման նպատակով իրավունք ունեն դիմել մրցույթի մասնակիցներին կամ նրա լիազոր ներկայացուցչին` առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար,
10) հանձնաժողովը մրցույթի հաղթողին որոշում է պարզ քվեարկությամբ` ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է,
11) հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը,
12) մրցույթի հաղթող է ճանաչվում մրցույթի պայմաններին առավելագույնը բավարարող այն մասնակիցը, ով կհամաձայնվի Գույքի գնահատման դիմաց վճարում իրականացվի գնահատված գույքը մասնավորեցման կամ օտարման ներկայացնելիս` տվյալ գույքի գնորդի կողմից,
13) հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին հայտնի դարձած տեղեկությունները, առանց մրցույթի մասնակիցների համաձայնության, ենթակա չեն հայտարարման,
14) հանձնաժողովը մրցույթը համարում է չկայացած, եթե`
ա) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,
բ) բոլոր հայտերը ներկայացվել են մրցույթի մասին հրապարակային ծանուցման պահանջների խախտմամբ,
գ) մրցույթի մասնակցության համար ներկայացված հայտերից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել,
դ) մրցույթի մասնակցության համար ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված նվազագույն պայմաններին,
15) մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտի ներկայացումը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար,
16) մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
15. Հանձնաժողովը, մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին մրցույթի արդյունքների վերաբերյալ արձանագրությունը ներկայացնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:
16. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2008 թ. սեպտեմբերի 30-ի
թիվ 88-Ն հրամանի
ՀԱՅՏ
պետական գույքը գնահատող կազմակերպության մրցույթին մասնակցելու
-------------------------------------------------------------------
(հայտը ներկայացնողի անվանումը (անունը)
-------------------------------------------------------------------
(հասցեն, հեռախոսահամարը)
1. Ծանոթանալով պետական գույքը գնահատող կազմակերպության ընտրության 200_թ-ի --------------- -ին կայանալիք մրցույթի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել այդ մրցույթին:
Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ) մրցույթի արձանագրությունը ստանալուց հետո --- օրվա ընթացքում կնքել համապատասխան պայմանագիր:
Անձնագրային տվյալներ` -------------------------------:
Ռեկվիզիտներն են` ------------------------------------:
(հաշվի համարը, բանկը)
Կից ներկայացվում են.
. գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ,
. գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար),
. մրցույթի մասնակցի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը),
. ----------------
. ----------------:
Մրցույթի մասնակից (լիազորված ներկայացուցիչ) ------------------------
(ստորագրություն)
200 --թ. ------------ «--»