113.0575.260508
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«26» 05 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11308163
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 մայիսի 2008 թվականի N 575
i
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
Սահմանել քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
պաշտպանության նախարարի
2008 թ. մայիսի 14-ի
N 575-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում նշված Հայաստանի Հանրապետության պաշտպանության հանրապետական գործադիր մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայողներին (այսուհետ` քաղաքացիական ծառայող) քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում (այսուհետ` կադրերի ռեզերվ) գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու հետ կապված հարաբերությունները:
2. Կադրերի ռեզերվն Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով նշված քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ չզբաղեցնող քաղաքացիական ծառայողների հանրույթ է:
3. Կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:
4. Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:
5. Կադրերի ռեզերվում գրանցվում են`
1) հաստիքների կրճատման հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.
2) պաշտոնավարման ժամկետը լրանալու հիմքով պաշտոնից ազատված համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը (այսուհետ` աշխատակազմի ղեկավար).
3) Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:
6. Սույն կարգի 5-րդ կետում նշված կադրերի ռեզերվում գրանցելու հիմքերի առկայության դեպքում համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում համապատասխան մարմնի ղեկավարին է ներկայացնում քաղաքացիական ծառայողի անձնական գործը` կադրերի ռեզերվում գրանցումը հիմնավորող փաստաթղթի պատճենի և կադրերի ռեզերվում գրանցվելու վերաբերյալ տվյալ քաղաքացիական ծառայողի դիմումի հետ միասին:
7. Սույն կարգի 6-րդ կետում նշված անձնական գործը և համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, համապատասխան մարմնի ղեկավարը կայացնում է որոշում կադրերի ռեզերվում քաղաքացիական ծառայողին գրանցելու մասին:
8. Սույն կարգի 7-րդ կետում նշված որոշումն ընդունելուց հետո հնգօրյա ժամկետում լրացվում է գրանցման թերթիկ (Ձևը կցվում է): Գրանցման թերթիկը լրացվում է մեկ օրինակից, որը տրամադրվում է կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողին, իսկ պատճենը` պահվում է համապատասխան մարմնի աշխատակազմում:
9. Կադրերի ռեզերվում գրանցելու մասին սույն կարգի 7-րդ կետում նշված համապատասխան մարմնի ղեկավարի որոշման հիման վրա կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի տվյալներն ընդգրկվում են այդ նպատակի համար նախատեսված գրանցման մատյանում:
10. Կադրերի ռեզերվից քաղաքացիական ծառայողին հանելու հիմքերն են`
1) անձնական դիմումը.
2) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
3) քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական կամ քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.
4) սույն կարգի խախտմամբ կադրերի ռեզերվում գրանցվելը.
5) Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը.
7) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
8) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելը.
9) դատական կարգով պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը, ինչը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.
11) կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը լրանալը.
12) 65 տարին լրանալը.
13) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը.
14) Օրենքով սահմանված այլ հիմքերը:
11. Սույն կարգի 10-րդ կետով սահմանված հիմքերի ի հայտ գալուց հետո` հնգօրյա ժամկետում, համապատասխան մարմնի ղեկավարը կայացնում է որոշում քաղաքացիական ծառայողին կադրերի ռեզերվից հանելու մասին, ինչի վերաբերյալ կատարվում է նշում սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գրանցման մատյանում և գրավոր տեղեկացվում կադրերի ռեզերվից հանված անձին:
12. Կադրերի ռեզերվում գրանցված անձը համարվում է կադրերի ռեզերվից հանված` նրա մահվան կապակցությամբ:
Ձև
Քաղաքացիական հատուկ ծառայության
կադրերի ռեզերվում գրանցելու և
կադրերի ռեզերվից հանելու կարգի
ԳՐԱՆՑՄԱՆ ԹԵՐԹԻԿ N
(քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվի)
1. Ազգանունը, անունը, հայրանունը ----------------------------------
2. Ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը ---------------------------------
3. Անձնագիրը ------------------------------------------------------
(սերիան, համարը, ում կողմից է տրվել և տրման ամսաթիվը)
4. Զբաղեցրած վերջին քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնը -------
-------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------
(պաշտոնի անվանումը, ծածկագիրը)
5. Քաղաքացիական հատուկ ծառայության
դասային աստիճանը --------------------------------------------------
6. Կադրերի ռեզերվում գրանցելու հիմքը ------------------------------
7. Կադրերի ռեզերվում գրանցելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի որոշումը ---------------------------------------
8. Կադրերի ռեզերվում գրանցման ժամանակաշրջանը *
«___» ________________ թ-ից մինչև «___» ________________ թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
---------------------
(ստորագրությունը)
Կ.Տ.
«___» __________ 200 թ.
* Կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի գրանցման ժամանակաշրջանն ավարտվում է միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետից շուտ «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում: