14/05/08-25/09/16
320.0037.160408
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«16» 04 2008 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32008137
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2008 թվականի N 37-Ն
i
ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել «Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը» համաձայն հավելվածի:
2. Հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2008 թվականի ապրիլի 10-ի
N 37-Ն հրամանի
ԿԱՐԳ
ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
1. Աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման տեխնիկական աշխատանքներն իրականացնելու ընթացակարգերը:
2. Կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում գրանցված օդանավերի աերոնավտիկական արտադրատեսակների վրա:
3. Կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
1) աերոնավտիկական արտադրատեսակներ`` թռիչքային անվտանգության տեսակետից կարևոր համարվող օդանավի պահեստամասեր, հարմարանքներ և սարքավորումներ.
2) ռեսուրս` աերոնավտիկական արտադրատեսակի շահագործման տևողության չափման մեծություն` արտահայտված ժամերով, վայրէջքներով, ցիկլերով, օրացուցային տարիներով և չափման այլ միավորներով.
3) ծրագիր`` աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման ծրագիր.
4) ռեսուրսների երկարաձգման ծրագիրը մշակող` աերոնավտիկական արտադրատեսակի նախագծող, պատրաստող կամ այլ կազմակերպություն, որին տրվել է համապատասխան հանձնարարական նախագծողի, արտադրողի կամ գրանցման պետության լիազորված մարմնի կողմից.
5) նախագծող` աերոնավտիկական արտադրատեսակի տիպային կառուցվածքի համար պատասխանատու կազմակերպություն:
4. Օդանավերի շարժիչների ռեսուրսների երկարաձգումը իրականացվում է դրանց տրված միջվերանորոգման և նշանակված ռեսուրսների սահմաններում:
5. Օդանավերի շարժիչների միջվերանորոգման և նշանակված ռեսուրսների երկարաձգումը նախագծողի կողմից տրված համապատասխան ռեսուրսներից ավելի չի իրականացվում:
6. Օդանավերի շարժիչների և համալրող արտադրատեսակների միջվերանորոգման և նշանակված շահագործման օրացուցային ժամկետների երկարաձգումը իրականացվում է ժամերով, ցիկլերով, վայրէջքներով արտահայտված ռեսուրսների առկայության դեպքում:
7. Յուրաքանչյուր աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման համար օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետ` Գլխավոր վարչություն) ներկայացնում է հայտ` համաձայն Ձև 1-ի (կցվում է): Մեկից ավելի արտադրատեսակների խմբի համար ներկայացվում է մեկ հայտ:
8. Գլխավոր վարչությունը հայտը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում` ուսումնասիրելով աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման հնարավոր բացասական ազդեցությունը թռիչքային անվտանգության վրա, տալիս է իր գրավոր եզրակացությունը նշված ավիացիոն արտադրատեսակի (արտադրատեսակների) ռեսուրսների երկարաձգման մասին և նշում Ծրագիր մշակող կազմակերպության անվանումը:
9. Ստանալով Կարգի 8-րդ կետով նախատեսված եզրակացությունը` օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը Ծրագիրը մշակողից ստանում է Ծրագիրը: Ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 61-Ն հրամանով սահմանված կարգով սերտիֆիկացված կամ այլ պետության տեխնիկական սպասարկման սերտիֆիկատ ունեցող և Գլխավոր վարչության կողմից ճանաչված տեխնիկական սպասարկման ինժեներատեխնիկական կազմակերպություններում:
10. Ավիացիոն արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման աշխատանքների ավարտից հետո, Ծրագիրը մշակողի կողմից իրականացվում է դրանց տեխնիկական վիճակի հետազոտում:
11. Աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման տեխնիկական աշխատանքների արդյունքները ձևակերպվում են աերոնավտիկական արտադրատեսակի տեխնիկական վիճակի գնահատման ակտում (այսուհետ` Ակտ), որը կազմվում է աշխատանքները կատարած տեխնիկական սպասարկման կազմակերպության հանձնաժողովի կողմից: Ակտը հաստատվում է տեխնիկական սպասարկման կազմակերպության ղեկավարի կողմից և ներկայացվում Ծրագիրը մշակողին դրա վերաբերյալ երկարաձգման որոշում ստանալու նպատակով:
12. Ծրագիրը մշակողը օդանավ շահագործողի կամ օդանավի սեփականատիրոջ կողմից ստացված Ակտի ուսումնասիրությունից հետո օդանավ շահագործողին կամ օդանավի սեփականատիրոջը տալիս է իր կողմից հաստատված գրավոր որոշում` աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման հնարավորության մասին:
13. Օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը ռեսուրսների երկարաձգման ծրագիրը մշակողի կողմից հաստատված աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշումը ներկայացվում է Գլխավոր վարչություն` հաստատման: Միաժամանակ Գլխավոր վարչություն են ներկայացվում Ծրագիրը և Ակտը:
14. Աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշումը կիրառվում է Գլխավոր վարչության կողմից օդանավի թռիչքային պիտանիության վերաբերյալ եզրակացություն տալիս:
15. Օդանավ շահագործողը կամ օդանավի սեփականատերը ապահովում են ռեսուրսները երկարաձգված աերոնավտիկական արտադրատեսակների շահագործումը` աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման որոշման մեջ նշված պայմաններին և ժամկետներին համապատասխան:
Ձև 1
ՀԱՅՏ
ԱԵՐՈՆԱՎՏԻԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՁԳՄԱՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 200.....թ. ........................-ի
(ամիսը, ամսաթիվը) թիվ ....... հրամանով հաստատված աերոնավտիկական արտադրատեսակի ռեսուրսների երկարաձգման կարգի»`
.......................................................................
.......................................................................
.......................................................................
.......................................................................
(նշել աերոնավտիկական արտադրատեսակի կամ արտադրատեսակների տիպը և գործարանային համարը, ինչպես նաև երկարաձգվող ռեսուրսների տեսակը և մեծությունը)
Ելակետային տվյալները`
1. Թողարկման ամսաթիվը .............................................
2. Նշանակված ռեսուրսը .............................................
3. Օգտագործված ռեսուրսը` շահագործման սկզբից սկսած .................
4. Նշանակված միջվերանորոգման ռեսուրսը .............................
5. Վերջին վերանորոգման իրականացման ամսաթիվը և վայրը ..............
6. Վերջին վերանորոգումից հետո օգտագործված ռեսուրսը ................
7. Ռեսուրսների նախորդ երկարաձգման ամսաթիվը ........................
8. Նախորդ երկարաձգումից հետո ծախսված ռեսուրսը .....................
9. Սույն հայտին կցված են հետևյալ փաստաթղթերը`
Աերոնավտիկական արտադրատեսակի տեղեկամատյանը (տեխնիկական անձնագիրը):
Սահմանափակ ռեսուրսներով ավիացիոն արտադրատեսակների ցանկը` նշելով սահմանափակումների և ռեսուրսների մեծությունները` օդանավում տեղադրվելու պահից սկսած:
Օդանավ շահագործողի կազմակերպության ղեկավարի կամ օդանավի սեփականատիրոջ ազգանունը, ստորագրությունը և հայտի ստորագրման ամսաթիվը
.......................................................................
Կ.Տ.
_______________________________________________________________________
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդանավերի թռիչքային պիտանիության հարցերի գծով իրավասու ստորաբաժանման պետի եզրակացությունը նշված աերոնավտիկական արտադրատեսակների ռեսուրսների երկարաձգման թույլտվության, Ծրագիրը մշակողի և փորձագետների ընդգրկման անհրաժեշտության մասին` ................................................
.......................................................................
.......................................................................
.......................................................................
_____________________________
(ամսաթիվը, ստորագրությունը, ազգանունը)