125.0053.211107
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«21» 11 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12507398
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ՀՐԱՄԱՆ
25 հոկտեմբերի 2007 թվականի N 53-Ն
i
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ու հայտի ձևերը և որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 1858-Ն որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 4-րդ կետի համաձայն.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության որակավորման ստուգման հանձնաժողովի կազմավորման կարգը, համաձայն N1 հավելվածի:
2. Հաստատել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության որակավորման ստուգման հանձնաժողովի կանոնադրությունը, համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ պետատոմհսկողության պետի
2007 թվականի հոկտեմբերի 25-ի
N 53-Ն հրամանի
ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հանձնաժողովը կազմված է ինն անդամներից, որոնցից հինգը կարգավորող մարմնի ներկայացուցիչներն են և հանդիսանում են հանձնաժողովի մշտական անդամներ, երկուսը` «Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ներկայացուցիչներ, երկուսը` ատոմային էներգետիկայի բնագավառի պետական մարմինների և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ` վերջիններիս ներկայացմամբ:
2. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի միջուկային և ճառագայթային անվտանգության պետական կարգավորման տեսչության (այսուհետ` ՀՀ պետատոմհսկողության) պետի հրամանով:
Հավելված N 2
ՀՀ պետատոմհսկողության պետի
2007 թվականի հոկտեմբերի 25-ի
N 53-Ն հրամանի
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման ստուգման հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Լիցենզավորման մասին», «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի և հայտի ձևերը ու որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին» N 1858-Ն որոշմամբ և սույն կանոնադրությամբ:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
2. Հանձնաժողովի խնդիրն է` իրականացնել ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարևոր աշխատանքներ կատարող և պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության լիցենզիա ստանալու համար դիմած այն լիցենզավորվող անձանց որակավորման ստուգումը, որոնց նկատմամբ ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին) որակավորման ստուգում անցնելու վերաբերյալ որոշում է ընդունել:
3. Որակավորման ստուգումն իրականացնելու նպատակով հանձնաժողովը`
ա) կազմակերպում է որակավորման ստուգման գործընթացը.
բ) ստուգումից 20 օր առաջ լիցենզավորվող անձին պատշաճ ձևով տեղեկացնում է որակավորման անցկացման օրվա, ժամի և տեղի մասին.
գ) քննարկում է որակավորման ստուգման արդյունքների բողոքները և դրանք բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշումներ է ընդունում.
դ) քննարկում է որակավորման ստուգման գործընթացի կազմակերպման հետ կապված հայտատուների առաջարկները, կարգավորող մարմնի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում որակավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովն իր իրավասության հարցերը քննարկում է նիստերում, որոնք հրավիրում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամներից կեսից ավելին:
5. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ լիցենզավորվող անձի:
6. Հանձնաժողովի նախագահը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ կապված մյուս փաստաթղթերն ու գրագրությունները:
7. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
բ) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
գ) արձանագրում է հանձնաժողովի նիստերը, կազմում է Հանձնաժողովի որոշումների նախագիծը և կազմակերպում Հանձնաժողովի որոշումների հանձնումը կամ առաքումը լիցենզավորվող անձին.
դ) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ:
8. Հանձնաժողովի անդամները`
ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
բ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
9. Հանձնաժողովը` որակավորման ստուգման արդյունքների հիման վրա, յուրաքանչյուր լիցենզավորվող անձի համար կազմում է արձանագրություն, որտեղ նշվում են`
ա) որակավորման ստուգման անցկացման ամսաթիվը և տեղը.
բ) հանձնաժողովի կազմը.
գ) քննարկվող հարցի բովանդակությունը.
դ) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
ե) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
զ) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը.
է) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:
10. Որակավորման ստուգումն անցած է համարվում այն հայտատուն, ում նկատմամբ հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքների հիման վրա, կայացնում է դրական եզրակացություն:
11. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը ներկայացվում է ՀՀ պետատոմհսկողության պետին, իսկ լիցենզավորվող անձին որակավորման ստուգման արդյունքները հայտնվում են անմիջապես կամ դրանք նրան ուղարկվում են ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում: