(ուժը կորցրել է 05.12.14 թիվ 301-Ն հրաման)
i
320.0053.020707
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 07 2007 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32007250
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2007 թվականի N 53-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի N 202-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության 8-րդ կետի իը) ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի կանոնակարգը»` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2007թ. ապրիլի 10-ի
թիվ 53-Ն հրամանի
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) թռիչքաբժշկական փորձագիտական հանձնաժողովի (այսուհետ` ԹԲՓՀ) կանոնակարգը մշակվել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին կոնվենցիայի թիվ 1 հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը լիազորություններ վերապահելու մասին» N 202-Ն որոշման հիման վրա և նպատակ ունի կանոնակարգել ԹԲՓՀ-ի աշխատանքները:
2. ԹԲՓՀ-ը մշտական գործող մարմին է, որի նպատակն է` կազմակերպել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների բժշկական զննման և դրա արդյունքում բժշկական սերտիֆիկատների հատկացման գործընթացը:
Սույն կանոնակարգի իմաստով ավիացիոն մասնագետներ են համարվում`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատություններում սովորելու թեկնածուները` օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններում սովորողները (կուրսանտները)` օդաչուների, շտուրմանների, բորտինժեներների, օդային երթևեկության կառավարման կարգավարների, ավիացիոն ինժեներների (ավիացիոն տեխնիկների), բորտուղեկցորդների պատրաստման գծով.
3) Հայաստանի Հանրապետության առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի ինքնաթիռների և ուղղաթիռների օդաչուները, օդանավի վրա հատուկ աշխատանքներ կատարող գծային օդաչուները, շտուրմանները, բորտինժեներները, դիտորդ-օդաչուները, բորտօպերատորները, բորտուղեկցորդները.
4) Սիրողական օդաչուները, սավառնորդ - օդաչուները, ազատ օդապարիկի օդաչուները, պարաշյուտիստները, գերթեթև թռչող ապարատների օդաչուները, օդային երթևեկության կառավարման կարգավարները և թռիչքների ղեկավարները և այլ ավիացիոն մասնագետները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:
3. ԹԲՓՀ-ը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Գլխավոր վարչության պետի հրամանով:
4. ԹԲՓՀ աշխատանքների ապահովումը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) կամ Միջպետական Ավիացիոն Կոմիտեի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սերտիֆիկացված մասնագիտացված ավիացիոն բժշկության կազմակերպության (այսուհետ` բժշկական կազմակերպության) գործադիր մարմնի կողմից` բժշկական կազմակերպության հիմնական գործունեության վայրում և սարքավորումներով:
5. ԹԲՓՀ-ը իր գործունեությունն իրականացնում է «Ավիացիայի մասին» օրենքին, ԻԿԱՕ-ի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների փաստաթղթերին, Գլխավոր վարչության կանոնադրությանը, սույն կանոնակարգի և այլ իրավական ակտերին համապատասխան:
6. ԹԲՓՀ-ը ունի իր հայերեն անվանմամբ կլոր կնիք:
i
7. ԹԲՓՀ-ը կազմված է նախագահից, բժիշկ-փորձագետներից և քարտուղարից: ԹԲՓՀ նախագահին և անդամներին նշանակում և պարտականությունների կատարումից ազատում է Գլխավոր վարչության պետը` և բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ներկայացմամբ: Բժիշկ-փորձագետների կազմի մեջ են ընդգրկվում հետևյալ մասնագետները`
1) թերապևտ.
2) նյարդաբան.
3) ակնաբույժ.
4) վիրաբույժ.
5) օտորինոլարինգոլոգ.
6) ստոմատոլոգ.
7) ավիացիոն բժիշկ - Գլխավոր վարչության ներկայացուցիչ:
ԹԲՓՀ անդամ նշանակվելու հավակնող բժիշկը ներկայացվում է նշանակման բժշկական կազմակերպության և ԹԲՓՀ նախագահի հետ հարցազրույցից հետո:
(7-րդ կետը փոփ. 18.07.12 թիվ 116-Ն, 02.07.13 թիվ 112-Ն որոշումներ)
i
8. ԹԲՓՀ -ի նախագահը հաշվետու է Գլխավոր վարչության պետին, ինչպես նաև բժշկական կազմակերպության գործադիր մարմնին:
(8-րդ կետը փոփ. 02.07.13 թիվ 112-Ն որոշում)
9. ԹԲՓՀ-ը ձևավորվում է բարձրագույն բժշկական կրթություն ունեցող, մասնագիտական երկարատև աշխատանքային փորձ և/կամ ավիացիոն բժշկության նախնական պատրաստվածություն ունեցող, բժշկական կազմակերպությունում աշխատող բժիշկներից:
10. Գլխավոր վարչության պետի որոշմամբ, բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ներկայացմամբ ԹԲՓՀ-ի աշխատանքներին մասնակցելու համար կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների մասնագետները:
i
11. ԹԲՓՀ նախագահի որոշմամբ կարող են կազմակերպվել ԹԲՓՀ-ի արտագնա նիստեր ավիաընկերություններում: ԹԲՓՀ-ի արտագնա նիստերը գլխավորում է ԹԲՓՀ-ի նախագահը կամ ԹԲՓՀ-ի անդամներից մեկը` ԹԲՓՀ-ի նախագահի հանձնարարությամբ:
(11-րդ կետը փոփ. 02.07.13 թիվ 112-Ն որոշում)
12. Բժշկական սերտիֆիկատներում կատարվող նշումները հաստատվում են ԹԲՓՀ նախագահի ստորագրությամբ և ԹԲՓՀ կնիքով:
13. Վավերականությունը կորցրած նշումների վրա կատարվում է համապատասխան նշում:
i
14. Գլխավոր վարչությունը յուրաքանչյուր տարին մեկ անգամ ուսումնասիրություն է կատարում ԹԲՓՀ-ի և նրա անդամների գործունեության վերաբերյալ: Եթե ԹԲՓՀ անդամը չի կատարել սույն կանոնակարգով սահմանված իր պարտականությունները` նա կարող է ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգապահական տույժի:
(14-րդ կետը փոփ. 02.07.13 թիվ 112-Ն որոշում)
i
15. ԹԲՓՀ նախագահը և անդամները, ինչպես նաև Գլխավոր վարչությունում բժշկական եզրակացությունների պահպանման համար պատասխանատու Գլխավոր վարչության աշխատակիցը պահպանում են բժշկական զննման արդյունքում ստացված ավիացիոն մասնագետների անձնական տվյալների վերաբերյալ գաղտնիությունը:
(15-րդ կետը փոփ. 02.07.13 թիվ 112-Ն որոշում)
16. ԹԲՓՀ անդամները յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ անցնում են վերապատրաստում մասնագիտացված ավիացիոն բժշկության միջազգային դասընթացներում:
II. ԹՓԲՀ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
17. ԹԲՓՀ-ը կազմակերպում է ավիացիոն մասնագետների բժշկական զննման և դրա արդյունքում առողջական վիճակի պիտանիության մասին եզրակացությունների հիման վրա բժշկական սերտիֆիկատների հատկացման գործընթացը:
18. ԹԲՓՀ-ը հատկացնում է բժշկական սերտիֆիկատները ավիացիոն մասնագետներին` ԻԿԱՕ-ի, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների կողմից սահմանված ավիացիոն մասնագետների առողջության չափորոշիչների համապատասխանության բժշկական զննման արդյունքում:
19. ԹԲՓՀ-ը իր աշխատանքները կազմակերպում է նիստերի ձևով:
20. Ավիացիոն մասնագետների բժշկական զննումը իրականացվում է ԹԲՓՀ-ի ողջ կազմով:
21. Ավիացիոն մասնագետների առողջական վիճակի վերաբերյալ ԹԲՓՀ-ի որոշումները ընդունվում են ԹԲՓՀ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում, վճռորոշ ձայնի իրավունքը պատկանում է ԹԲՓՀ նախագահին: ԹԲՓՀ նիստերը արձանագրվում են ԹԲՓՀ քարտուղարի կողմից:
22. ԹԲՓՀ-ը քննարկում է եզրակացությունների վերաբերյալ բողոքները ավիացիայի մասնագետների որակավորման հարցերի վերաբերյալ և պարզաբանում է սույն կանոնակարգի և ավիացիոն մասնագետներին ներկայացվող որակավորման պահանջները:
23. ԹԲՓՀ-ը ուսումնասիրում է ԻԿԱՕ, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային այլ կազմակերպությունների փորձի և չափորոշիչների որակավորման պահանջները, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների բժշկական զննման և բժշկական սերտիֆիկատներ տալու հարցերը և դրա հիման վրա առաջարկություն է ներկայացնում Գլխավոր վարչության պետին` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառում բժշկական սերտիֆիկատների հատկացման ընթացակարգերը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
i
24. ԹԲՓՀ-ը բժշկական կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է ավիացիոն մասնագետների բժշկական սերտիֆիկատների պատրաստումը և դրանց հատկացման վերաբերյալ վարում է գրանցամատյան: Բժշկական սերտիֆիկատը հանդիսանում է Գլխավոր վարչության կողմից տրված ավիացիոն մասնագետների վկայականների անբաժանելի մաս և պահպանվում է դրա հետ:
(24-րդ կետը փոփ. 02.07.13 թիվ 112-Ն որոշում)
25. ԹԲՓՀ-ի եզրակացությունը կարող է բողոքարկվել Գլխավոր վարչության պետին` արձանագրությունը զննվողին հանձնելուց հետո հնգօրյա ժամկետում: Գլխավոր վարչության պետը դիմումը ստանալուց հետո տասնօրյա ժամկետում նշանակում է նոր բժշկական զննում, ներգրավելով Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններից բժիշկների և դրա հիման վրա տասնօրյա ժամկետում դիմումատուին տալիս է գրավոր եզրակացություն: Բողոքի արդյունքում նշանակված բժշկական զննման արդյունքում անբավարար եզրակացության դեպքում տրված եզրակացությունը բողոքարկման ենթակա չէ:
i
26. Ավիացիոն մասնագետների բժշկական զննման արդյունքում տրված եզրակացությունների վերաբերյալ տեղեկատվությունը յուրաքանչյուր ամիս ներկայացվում է Գլխավոր վարչություն:
(26-րդ կետը փոփ. 02.07.13 թիվ 112-Ն որոշում)
i
27. Բժշկական սերտիֆիկատ ստանալու նպատակով դիմած ավիացիոն մասնագետը լրացնում է հայտարարագիր, որտեղ նշվում է տվյալներ անձնական, ժառանգական անամնեզների, առողջական վիճակի մասին և հավաստում է այն իր ստորագրությունով: Նշված տեղեկատվության կեղծ լինելու դեպքում ԹԲՓՀ-ի կողմից այդ մասին անհապաղ տեղեկացվում է Գլխավոր վարչությանը:
(27-րդ կետը փոփ. 02.07.13 թիվ 112-Ն որոշում)
28. ԹԲՓՀ նյութատեխնիկական ապահովումը իրականացնում է բժշկական կազմակերպությունը:
III. ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
29. Բժշկական սերտիֆիկատների տեսակները և դրանց գործողության ժամկետները հետևյալն են.
1) Բժշկական զննության և բժշկաթռիչքային փորձաքննության արդյունքներով որոշվում է ավիացիոն մասնագետի առողջական վիճակի պիտանիությունը մասնագիտական գործունեության իրականացնելու համար և տրվում է առաջին, երկրորդ կամ երրորդ դասի բժշկական սերտիֆիկատ:
Բժշկական սերտիֆիկատը լրացվում է հայերեն և անգլերեն լեզուներով.
2) Առաջին դասի բժշկական սերտիֆիկատ տրվում է`
ա. առևտրային օդային փոխադրումներ իրականացնող ավիացիայի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) օդաչուի վկայականներ կրողներին.
բ. օդանավի բազմանդամ անձնակազմի օդաչուի վկայականներ կրողներին.
գ. գծային օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին.
3) Երկրորդ դասի բժշկական սերտիֆիկատ տրվում է`
ա. շտուրմանի վկայականներ կրողներին.
բ. բորտինժեների վկայականներ կրողներին.
գ. սիրողական օդաչուի (ինքնաթիռ, ուղղաթիռ և վերամբարձ ուժի մեծացման համակարգով օդանավ) վկայականներ կրողներին.
դ. դիտորդ- օդաչուի վկայականներ կրողներին.
ե. սավառնող օդաչուի վկայականներ կրողներին.
զ. պարաշյուտիստի, թեթև և գերթեթև թռչող ապարատների օդաչուների վկայականներ կրողներին.
է. ազատ օդապարիկի օդաչուի վկայականներ կրողներին և դրանց թեկնածուներին.
4) Երրորդ դասի բժշկական սերտիֆիկատը տրվում է`
ա. օդային երթևեկության կառավարման կարգավարի վկայականներ կրողներին.
բ. բորտուղեկցորդների վկայականներ կրողներին.
գ. բորտռադիստի վկայականներ կրողներին.
ե. բորտօպերատորի վկայականներ կրողներին և թեկնածուներին:
30. Առաջին դասի, երկրորդ և երրորդ դասի բժշկական սերտիֆիկատները ուժի մեջ են դրանց տրման օրվանից 12 ամսվա ընթացքում` բացառությամբ երրորդ դասի ա. օդային երթևեկության կառավարման կարգավարի մասնագիտության կուրսանտների, որոնց համար սերտիֆիկատը ուժի մեջ է դրա տրման օրվանից 24 ամսվա ընթացքում:
31. Բժշկական սերտիֆիկատների գործողության ժամկետները կարող են կրճատվել բժշկական ցուցումների առկայության դեպքում: Բժշկական սերտիֆիկատի գործողության ժամկետի փոփոխության հիմնավորումը պետք է արտացոլվի բժշկական եզրակացության մեջ:
32. Այն ավիացիոն մասնագետները, որոնք աշխատանքային անհրաժեշտությունից կատարում են աշխատանքներ արտասահմանյան երկրներում, բժշկական սերտիֆիկատներ տրվում են ընդհանուր հիմունքներով: Ելնելով նրանց աշխատավայրի Հայաստանի Հանրապետությունից հեռավոր լինելու հանգամանքից վերազննումը բացառիկ դեպքերում կարող է հետաձգվել ոչ ավելի, քան 45 օրով, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ, այն պայմանով, որ տվյալ անձը դրական բժշկական եզրակացություն ստացել է զննումից հետո բժշկական հանձնաժողովի նշանակված անդամի կողմից, ըստ աշխատավայրի, բժշկական զննման մասին եզրակացությունը ենթակա է առաքման բժշկական կենտրոն, բժշկական սերտիֆիկատներ տվող հանձնաժողովի նախագահին:
IV. ԲԹՓՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
33. ԹԲՓՀ -ի նախագահը`
1) ապահովում է ԹԲՓՀ-ի բնականոն աշխատանքը, խնդիրների և գործառույթների կատարումը.
2) կազմակերպում է քաղաքացիական ավիացիայի մասնագետների բժշկական զննման և բժշկական սերտիֆիկատների տրման հարցերը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի մշակումը.
3) ներկայացնում է ԹԲՓՀ աշխատանքի տարեկան հաշվետվությունը բժշկական կազմակերպության գործադիր մարմին, որը այն ամփոփում և ներկայացնում է Գլխավոր վարչության պետին.
4) կազմակերպում է ԹԲՓՀ-ի գործավարության վարումը, բժշկական սերտիֆիկատների և այլ փաստաթղթերի հաշվառման ու պահպանման աշխատանքները.
5) չի համատեղում բժիշկ փորձագետի պաշտոնը.
6) անցկացնում է ԹԲՓՀ արտագնա նիստեր.
7) ներգրավում է ԹԲՓՀ-ի աշխատանքներում այլ բժշկական կազմակերպությունների աշխատողներին` նրանց համաձայնությամբ և Գլխավոր վարչության աշխատողներին, նրանց ստորաբաժանումների ղեկավարների համաձայնությամբ.
8) տալ պարզաբանումներ ավիաընկերությունների ղեկավարներին, ավիացիոն մասնագետներին` սույն կանոնակարգի կիրառման և ավիացիոն մասնագետներին ներկայացվող առողջապահական պահանջների հարցերի վերաբերյալ.
9) տալ բժշկական սերտիֆիկատների կրկնօրինակներ` սույն կանոնակարգի դրույթներին համապատասխան:
i
34. ԹԲՓՀ-ի նախագահը պատասխանատու է ԹԲՓՀ-ի աշխատանքների կազմակերպման և սույն կանոնակարգով սահմանված գործառույթների իրականացման համար: ԹԲՓՀ անդամը բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ներկայացմամբ կարող է հանվել ԹԲՓՀ կազմից Գլխավոր վարչության պետի հրամանով:
(34-րդ կետը փոփ. 02.07.13 թիվ 112-Ն որոշում)
35. ԹԲՓՀ-ի նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը, իսկ նրանց երկուսի բացակայության դեպքում` ԹԲՓՀ անդամներից որևէ մեկը` Գլխավոր վարչության պետի որոշմամբ: