030.0037.070207
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 15-ի ՆԿ-293-Ն կարգադրությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջարկությունը` որոշում եմ.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել սույն հրամանագրի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ծրագրերի մշակումը և հաստատումը:
7 փետրվարի 2007 թվականի
ՆՀ-37-Ն
Հավելված
ՀՀ Նախագահի
2007 թվականի փետրվարի 7-ի
ՆՀ-37-Ն հրամանագրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
(Հավանության է արժանացել ՀՀ Նախագահին առընթեր ազգային
անվտանգության խորհրդի 2007թ. հունվարի 26-ի նիստում)
Ներածություն. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հասկացությունը
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը պետության, հասարակության և անհատի անվտանգության ապահովման, կայուն զարգացման, հայ ինքնության պահպանման պետական քաղաքականության համակարգն է: Այն իրականացվում է կենսագործունեության բոլոր ոլորտների համար ժողովրդավարական արժեքների համակարգի վրա հիմնված միասնական պետական քաղաքականության մշակման և իրագործման միջոցով:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը ենթակա է ճշգրտումների` ըստ ներպետական և միջազգային իրադրության, սպառնալիքների ու մարտահրավերների փոփոխման, ինչպես նաև ըստ սույն փաստաթղթում նշված նպատակների իրականացման:
Ազգային անվտանգության ռազմավարության իրագործման հիմնական երաշխիքներն են`
- պետական կառավարման համակարգի արդյունավետությունը,
- իրավունքի գերակայության ապահովումը,
- ժողովրդավարական արժեքների արմատավորումը,
- դատական իշխանության անաչառությունն ու անկախությունը,
- զինված ուժերի մարտունակությունը,
- անվտանգության և իրավապահ մարմինների արդյունավետ գործունեությունը,
- արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը,
- սոցիալական արդարության ապահովումը:
I. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար
արժեքները, անվտանգության ապահովման գործոններն ու
գործողությունները, նրա դեմ ուղղված սպառնալիքները
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքներն են`
- Անկախությունը. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
- Պետության և ժողովրդի պաշտպանվածությունը. Հայաստանի Հանրապետությունն ապահովում է իր տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, բնակչության ֆիզիկական գոյությունը:
- Խաղաղությունը և միջազգային համագործակցությունը. Հայաստանի Հանրապետությունը ձգտում է իր միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, նպաստում տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և անվտանգության ապահովմանը:
- Հայապահպանությունը. Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը` Հայրենիքում և Սփյուռքում:
- Բարեկեցությունը. Հայաստանի Հանրապետությունը ձգտում է կայուն զարգացման միջոցով բնակչության համար ապահովել կյանքի բարձր որակ:
2. Ազգային անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները
Ազգային անվտանգության հիմնարար արժեքներին ծառայող գործոններն ու գործողություններն են`
Անկախության ոլորտում.
- սահմանադրական կարգի, պետականության բոլոր բաղադրատարրերի, պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովումը,
- ժողովրդավարական համակարգի զարգացումը և պաշտպանությունը,
- մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովումը,
- Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների լիարժեք ինտեգրումը և պաշտպանվածությունը,
- շուկայական հարաբերությունների խորացումն ու արմատավորումը, տնտեսության գիտատար, ինովացիոն, արտահանմանն ուղղված ճյուղերի խթանումը,
- էներգետիկայի, տրանսպորտի և կապի ենթակառուցվածքների հուսալի գործունեության ապահովումն ու պաշտպանությունը:
Պետության և ժողովրդի անվտանգության ոլորտում.
- զինված ուժերի մարտունակության, անվտանգության և իրավապահ մարմինների գործունեության արդիականացումն ու արդյունավետության բարձրացումը,
- մասնակցությունը վերազգային հանցագործությունների, այդ թվում` միջազգային ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրանյութերի ու կեղծված դեղորայքի տարածման, մարդկանց առևտրի, անորակ սննդամթերքի արտադրության և ներմուծման դեմ միջազգային պայքարին,
- ներկա և գալիք սերունդների կենսագործունեության բարենպաստ միջավայրի ձևավորումը,
- բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ օգտագործումը, բնապահպանական իրավիճակի համակարգված բարելավումը,
- բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների` ժամանակակից մոնիտորինգով և կանխարգելմամբ զբաղվող միջազգային կառույցներում ներգրավումը, բնական և տեխնածին վտանգների հուսալի կանխատեսումը, կանխարգելումն ու չեզոքացումը, քաղաքաշինական համակարգերի անվտանգության, հուսալիության և կայունության ապահովումը:
Խաղաղության և միջազգային անվտանգության ոլորտում.
- Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակության ամրապնդումը, տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը, երկրի միջազգային ներգրավվածության աստիճանի բարձրացումը, այդ թվում` խաղաղության և անվտանգության պահպանման միջազգային ջանքերին, խաղաղապահ գործողություններին մասնակցելու միջոցով:
Հայապահպանության ոլորտում.
- Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների համապարփակ հայեցակարգի մշակումն ու իրականացումը, Սփյուռքի ներուժի համակողմանի համախմբումը,
- հայագիտական ճյուղերի` հայոց լեզվի, գրականության, պատմության ու մշակույթի` որպես ազգային հոգևոր ժառանգության հարատևությունն ապահովող և ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացումը,
- ազգային մշակույթի համակողմանի զարգացումը` ինքնատիպության հիմքերի պահպանմամբ և համամարդկային մշակութային արժեքների ու նվաճումների յուրացմամբ, արտերկրում հայկական մշակութային ժառանգության ու նվաճումների արդյունավետ ներկայացումը:
Բարեկեցության ոլորտում.
- աղքատության հաղթահարումը,
- խոցելի խմբերի պաշտպանվածությունն ապահովող սոցիալական քաղաքականության իրագործումը,
- արդյունավետ և մրցունակ գիտակրթական քաղաքականության մշակումն ու կենսագործումը` հատկապես նորարարական զարգացման ուղղությամբ,
- առողջապահության համընդգրկուն ու արդյունավետ համակարգի զարգացումը միջազգային բարձրագույն չափանիշներին համապատասխան,
- անհատի և հասարակության հոգևոր-մշակութային զարգացման պայմանների ապահովումը:
3. Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները
Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներն են` պետության, հասարակության, ընտանիքի և անհատի գոյության դեմ ուղղված, դրանց հիմքերը խարխլող կամ հեռանկարային վտանգ ներկայացնող երևույթները, գործողություններն ու անգործությունը: Այդպիսի սպառնալիքներ կարող են ծագել երկրի ներսում (ներքին սպառնալիքներ) և երկրի սահմաններից դուրս (արտաքին սպառնալիքներ):
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության առանցքային խնդիրն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը:
20-րդ դարի վերջին վերականգնելով իր անկախությունը` Հայաստանի Հանրապետությունը դեռևս պահպանում է անցումային ժամանակաշրջանին բնորոշ կերպափոխման առանձնահատկությունները, որոնցով էլ պայմանավորված են հիմնական ներքին սպառնալիքները:
Նույն ժամանակահատվածում Հայաստանի մերձակա տարածքներում ի հայտ եկան անվտանգության համար ներտարածաշրջանային և արտատարածաշրջանային սպառնալիքներ: Ներտարածաշրջանային սպառնալիքներն առավելապես պայմանավորված են տարածաշրջանում առկա ազգամիջյան հակամարտություններով, զինված բախումներով: Արտատարածաշրջանային սպառնալիքները հիմնականում բխում են տարածաշրջանի նկատմամբ բոլոր հիմնական ուժային կենտրոնների շահերի խաչաձևումից:
Արտաքին սպառնալիքներն են`
- Զինված ուժի կիրառումը. Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանդեպ զինված ուժի կիրառման բացահայտ սպառնալիքներ են հնչում Ադրբեջանի Հանրապետության կողմից: Թեև առկա են այդպիսի զարգացումը կանխող բազմաթիվ գործոններ, այնուամենայնիվ ամենաբարձր մակարդակով հնչող բացահայտ ռազմաշունչ հայտարարությունները հիմք են տալիս դրանք համարելու անմիջական սպառնալիքներ: Այդպիսի զարգացման պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել: Հայաստանի Հանրապետությունը, հենվելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերի վրա, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակումը դիտարկում է որպես իր դեմ ուժի կիրառում:
- Էթնիկական հակամարտությունները, ներքին բախումները և ռազմական գործողությունները սահմանակից պետություններում. Հայաստանի համար նման զարգացումները կարող են ներկայացնել տարաբնույթ սպառնալիքներ` տարանցիկ ենթակառուցվածքների դեմ դիվերսիոն գործողություններից մինչև հարևան պետություններում ծավալվող ռազմական գործողությունների անդրսահմանային ներազդեցությունները:
- Սահմանամերձ պետությունների տարանցիկ ուղիների խափանումը. Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ զգում է Թբիլիսի-Սուխում երկաթգծի և Վրաստանից Ռուսաստան տանող ավտոճանապարհների չգործելու հետևանքները: Հայաստանի ազգային անվտանգության համար անմիջական սպառնալիք կարող է դառնալ Իրանի հանդեպ միջազգային հանրության կողմից լայնածավալ տնտեսական պատժամիջոցների հնարավոր կիրառումը:
- Ռազմավարական դաշինքների թուլացումը կամ ոչ բավարար ներգրավվածությունը դրանց. Հայաստանի Հանրապետությունը համարում է, որ ռազմավարական դաշինքներին անդամակցությունը պետք է բացառի դաշինքի մեկ անդամի կողմից մեկ այլ անդամի շահերին հակասող գործողությունները: Անհրաժեշտ է հստակեցնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում մեկ անդամ-պետության դեմ զինված ագրեսիայի դեպքում այլ անդամների մասնակցության կանոնակարգերը:
- Ահաբեկչությունն ու անդրսահմանային հանցագործությունները. Հայաստանի Հանրապետության համար անմիջական սպառնալիք են ներկայացնում միջազգային ահաբեկչությունը` իր բոլոր դրսևորումներով, զանգվածային ոչնչացման զենքի և թմրանյութերի տարածումն ու տարանցումը, փողերի «լվացումը», մարդկանց առևտուրը (թրաֆիքինգ):
- Էներգետիկ կախվածությունը. Հայաստանի Հանրապետությունը, ունենալով սահմանափակ բնական պաշարներ, ունի էներգետիկ կախվածություն: Իրագործված բարեփոխումները թույլ են տվել նվազեցնել այդ կախվածությունը` էներգետիկայի ոլորտում ձևավորելով արդյունավետ հարաբերություններ ինչպես երկրի ներսում, այնպես էլ էներգակիրներ մատակարարող հիմնական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ:
- Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է իր ներգրավվածությունը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին: Այդ առումով հատկապես կարևոր են Եվրոպական միության (ԵՄ) ՏՐԱՍՍԵԿԱ և ԻՆՕԳԵՅԹ ծրագրերը: Նշված ծրագրերից Հայաստանի Հանրապետության դուրսմղմանը միտված Ադրբեջանի Հանրապետության ջանքերը անմիջական սպառնալիքներ են:
- Սփյուռքի ազգամշակութային ինքնության թուլացումը. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Սփյուռքում հայապահպանության խնդիրը: Կազմակերպված և բնակության երկրներում արդյունավետ կերպով ներգրավված Սփյուռքի առկայությունը կարևոր է Հայաստանի միջազգային ներգրավվածության մակարդակի բարձրացման տեսակետից: Հայաստան-Սփյուռք կապի թուլացումը, փոխհարստացնող շփման բացակայությունը կարող են վտանգ հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքների համար:
- Համաճարակները և աղետները. Հայաստանի անվտանգության համար սպառնալիք կարող են հանդիսանալ սահմանակից շրջաններում, ինչպես նաև անդրազգային համընդհանուր մահաբեր համաճարակների բռնկումը և բնական ու տեխնածին աղետները:
Ներքին սպառնալիքներն են`
- Պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը. Հայաստանի Հանրապետությունը գտնվում է անցումային շրջանում և բարեփոխումների ակտիվ փուլում: Ազգային անվտանգությանը սպառնալիք կարող են լինել պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը և բարեփոխումների գործընթացի դանդաղումը: Դատական իշխանության արդյունավետ, անաչառ և անկախ գործունեությունը բացառիկ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևոր ցուցանիշ է դրա նկատմամբ հասարակության վստահության մակարդակը:
- Քաղաքական համակարգի անկատարությունը. Ազգային անվտանգության համար վտանգ է ներկայացնում քաղաքական կուսակցությունների կայացման դեռևս ոչ բավարար մակարդակը: Ներկուսակցական ժողովրդավարացումը կարևոր է` որպես երկրում ժողովրդավարության ամրապնդման առանցքային նախապայման:
- Ժողովրդավարության արմատավորման ոչ բավարար մակարդակը. Անցումային շրջանում գտնվող պետություններում վտանգված են ժողովրդավարական համակարգի հարատևությունն ու արդյունավետությունը: Անմիջական սպառնալիքներ են` մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգի ձևավորումը, ընտրական գործընթացներում առկա թերությունները, քաղաքացիական հասարակության ոչ բավարար ներգրավվածությունը:
- Հասարակության բևեռացումը. Սոցիալական արդարության պետական արդյունավետ երաշխիքների ոչ բավարար լինելը, աղքատության մակարդակը, մասնագիտական կրթության, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության մակարդակը, հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը անցումային շրջանի ավանդական մարտահրավերներ են: Թեև Հայաստանի Հանրապետությունը կայուն առաջընթաց է գրանցում այս ուղղություններով, այնուամենայնիվ այդ ոլորտները շարունակում են մնալ բարձր ռիսկայնության դաշտում:
- ՈՒրբանիզացումը. Դեռևս ԽՍՀՄ կազմում գտնվելու ժամանակաշրջանում Հայաստանում բարձր էր ուրբանիզացման մակարդակը: Այս գործընթացը շարունակվեց նաև անկախացումից հետո: Դրա հիմնական պատճառը գյուղական շրջանների և քաղաքների` հատկապես մայրաքաղաքի միջև աշխատանքի շուկայի, կրթական հնարավորությունների, կյանքի որակի անհամաչափությունն է: Հայաստանի հետագա ուրբանիզացումը սպառնալիք է ներկայացնում ազգային անվտանգության համար: Դա կապված է սեյսմիկ գոտիներում բնակչության խիտ բնակեցման, գյուղական շրջաններում ժողովրդագրական իրավիճակի վատթարացման, սահմանամերձ գյուղերի ամայացման վտանգների հետ:
- Շուկայական տնտեսության կայացման և ֆինանսաբյուջետային կառավարման մարտահրավերները. Արդար մրցակցային միջավայրի ձևավորման և բնական մենաշնորհների կառավարման ոչ բավարար մակարդակը, ստվերային տնտեսության և կանխիկ դրամաշրջանառության մեծ ծավալները պոտենցիալ սպառնալիք են երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ձգտում է պահպանել տնտեսական զարգացման բարձր ցուցանիշները` ապահովելով անհրաժեշտ պայմաններ ազատական առևտրի, փոքր և միջին գործարարության զարգացման, ներդրումներ ներգրավելու և դրանք պաշտպանելու համար:
- Ենթակառուցվածքների ցանցի ոչ բավարար մակարդակը. Հայաստանի Հանրապետությունը շարունակում է լրացուցիչ ճանապարհների, ջրատարների, կապի համակարգերի և այլ ենթակառուցվածքների զարգացման կարիք զգալ:
- Գիտակրթական համակարգի արդյունավետության ցածր մակարդակը. Կրթությունը ավանդաբար մեծ դեր ունի Հայաստանում: Գիտակրթական համակարգի կառավարման անարդյունավետությունը, միջազգային ներգրավվածության ոչ բավարար մակարդակը, ինչպես նաև յուրաքանչյուրի համար մասնագիտական կրթության ոչ լիարժեք մատչելիությունը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար:
- Բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերի վիճակը. Հասարակության և անհատի բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակությունը պետք է սկսվի ընտանիքում և շարունակվի կրթության բոլոր մակարդակներում: Պետականության հանդեպ պատշաճ հարգանքի, առողջ ապրելակերպի, ընտանիքի ավանդական դերի նկատմամբ վերաբերմունքի դաստիարակության դեռևս ոչ բավարար մակարդակը և ազգային ինքնության աղավաղումը սպառնալիքներ են ազգային անվտանգության համար:
- Ժողովրդագրական բացասական միտումները. Հայաստանի Հանրապետությունը որպես իր ազգային անվտանգության սպառնալիք է դիտում ցածր ծնելիությունը, հիվանդացության և մահացության դեռևս ոչ ցածր և կյանքի միջին տևողության ու որակի ոչ բավարար ցուցանիշները, չկառավարվող և անօրինական արտագաղթը, հատկապես կրթական, գիտական ու մշակութային ներուժի արտահոսքը:
- Բնապահպանական խնդիրները և բնական պաշարների անարդյունավետ կառավարումը. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է լեռնահանքային արդյունաբերության, բնական, հատկապես` անտառային և ջրային պաշարների օգտագործման արդյունավետության բարձրացումը: Բնապահպանական անվտանգության տեսակետից առանձնահատուկ նշանակություն ունեն Սևանա լճի պահպանումն ու դրա պաշարների գրագետ օգտագործումը:
- Համաճարակները և աղետները. Պետության տարածքում մահաբեր համաճարակների բռնկումը, ավերիչ երկրաշարժերը և այլ բնական ու տեխնածին աղետները սպառնալիք հանդիսացող գործոններ են:
Նշված սպառնալիքների կանխման և դրանց հետևանքների վերացման, պետության և հասարակության կայուն զարգացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության հիմքում դրվում է ազգային անվտանգության ռազմավարությունը:
II. Ներքին անվտանգության ռազմավարությունը
Հայաստանի Հանրապետության կայուն և անվտանգ զարգացումը պահանջում է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում, ժողովրդավարական արժեքների արմատավորում, տնտեսական աճի պահպանմանն ուղղված քայլերի ձեռնարկում: Դրա անհրաժեշտության գիտակցմամբ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել համապարփակ բարեփոխումների իրագործմանը: Բարեփոխումներն իրականացվում են ազգային ինքնության պահպանման պայմանով` հենվելով առավելապես ազգային ներուժի վրա, օգտագործելով միջազգային հանրության փորձն ու աջակցությունը: Բարեփոխումների ձգձգումը կամ ձախողումը անմիջական սպառնալիքներ են ազգային անվտանգության համար:
Բարեփոխումների իրագործումն ապահովվում է միասնական պետական քաղաքականության իրականացմամբ: Այն արտահայտվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթների, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, կառավարության որոշումների և դրանցից բխող նորմատիվ ակտերի համալիրի միջոցով:
1. Արդյունավետ պետական կառավարում
Նպատակներն են` պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, կայունության ապահովումը, ժողովրդավարական արժեքների և առաջին հերթին մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը:
Հաստատութենական (ինստիտուցիոնալ) բարեփոխումները միտված են ժողովրդավարական պետության զորացմանը, պետական կառավարման մարմինների արդյունավետ գործունեության, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք կայացմանը, որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը, կոռուպցիայի, մասնավորապես` կաշառակերության դեմ պայքարի ուժեղացմանը: Այս նպատակով Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է համապատասխան պետական հեռանկարային ծրագրեր, այդ թվում` հակակոռուպցիոն ռազմավարական ծրագիր, վարչական արդարադատության համակարգի ձևավորման և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նախագծեր:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրներից է ճգնաժամային իրավիճակների արդյունավետ կառավարման համակարգի հաստատումը:
Որպես պետության սահմանադրական կարգի պահպանության, իրավունքի գերակայության, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեության ապահովման հիմնարար խնդիր` Հայաստանի Հանրապետությունը կարևորում է իրավապահպանության բնագավառի ռազմավարական բարեփոխումները: Դրանք ուղղված են մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ապահովմանը, հակաիրավական ոտնձգություններից պետության, հասարակության և անհատի պաշտպանությանը:
2. Բանակաշինություն
Նպատակն է` պետության այնպիսի պաշտպանական ներուժի ապահովումը, որն անհրաժեշտ է հետ մղելու որևէ ագրեսիա` Հայաստանի Հանրապետության ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, պետության տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգությունն ապահովում են մարտունակ, արտաքին սպառնալիքների հետմղման խնդիրների լուծմանը մշտապես պատրաստ զինված ուժերը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի առաջնայնություններն ու նպատակները պետք է ներկայացվեն ռազմական դոկտրինի միջոցով: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը գործում են պաշտպանողական ռազմավարության սկզբունքով:
Հայաստանի Հանրապետությունը հետևողական է զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության և ռազմական բյուջեի պլանավորման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների ապահովման խնդրում:
Գիտակցելով արդի մարտահրավերների նկատմամբ մեկ պետության կարողությունների սահմանափակ լինելը` Հայաստանի Հանրապետությունը կարևորում է ակտիվ ռազմաքաղաքական համագործակցությունը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային պետությունների հետ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մասնակցում են խաղաղության և անվտանգության ապահովման միջազգային գործողություններին:
Այս բարեփոխումներն ու համագործակցությունը իրականացվում են ի նպաստ Հայաստանի Հանրապետության շահերի և ուղղված չեն երրորդ երկրների դեմ:
3. Ազատական տնտեսություն
Նպատակներն են` տնտեսության կայուն աճը, մանր և միջին գործարարության զարգացումը, էներգետիկ անկախությունը, գործարարության համար առավել ազատական պայմանների ստեղծումը:
Մասնավոր սեփականության հանդեպ հարգանքն ու ձեռնարկատիրական ջիղը պատմականորեն բնորոշ են Հայաստանի ազգաբնակչությանը: Այդ յուրահատկությունները և դրանց արտացոլումը բարեփոխումների քաղաքականության մեջ նպաստավոր պայմաններ ստեղծեցին Հայաստանի տնտեսության արագընթաց աճի համար:
Հայաստանի Հանրապետությունը հատկապես կարևորում է մանր և միջին գործարարության զարգացումը և նպաստում դրա զարգացմանը` հաշվի առնելով դրա բացառիկ նշանակությունը ժողովրդավարական հասարակության կայացման, ինչպես նաև Հայաստանի համար ավանդական ընտանեկան կապերի պահպանման համար:
Հայաստանն իր կայուն տնտեսական առաջընթացի ապահովման գործում կարևորում է`
- շուկայական հարաբերությունների հետագա զարգացումը,
- տնտեսության մրցունակության բարձրացումը,
- մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը, ֆինանսական համակարգի զարգացումը,
- ֆինանսական միջնորդության խորացումը,
- մրցակցային միջավայրի բարելավումը, տնտեսության ստվերային մասի կրճատումն ու դոլարացման էական նվազեցումը,
- տնտեսության ճյուղերի մենաշնորհացման կանխումը, բնական մենաշնորհների արդյունավետ կառավարումը և վերահսկումը,
- ներդրումների խթանման հեռանկարային ծրագրի իրագործումը,
- տարածքային ու ճյուղային սոցիալ-տնտեսական զարգացման համաչափությունը, ենթակառուցվածքների արդյունավետ կառավարումը,
- տնտեսության կառուցվածքում գիտատար ճյուղերի և բնապահպանության տեսակետից մաքուր տեխնոլոգիաների կիրառման գերակայության ապահովումը,
- արտահանման խթանումը:
Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով գերատեսչական-ճյուղային բարեփոխումների համալիրը, այն նպատակաուղղում է.
- էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է էներգակիրների ներմուծման ուղիների և արտադրության ձևերի բազմազանեցում, նոր էներգետիկ, այդ թվում` միջուկային հզորությունների ստեղծում, արտահանման կողմնորոշում ունեցող կայուն ու հուսալի էներգահամակարգի կառուցում,
- հանրապետության տրանսպորտային համակարգի կայուն զարգացման ապահովմանը, տարանցիկ ապրանքափոխադրումների համակարգում Հայաստանի տրանսպորտային ուղիների ներգրավմանը և դրանով իսկ` տրանսպորտային շրջափակման վերացմանը,
- մաքուր շրջակա միջավայրի, բնական պաշարների, այդ թվում նաև` ջրային պաշարների ու Սևանա լճի բնահամակարգի վերականգնմանը, պահպանությանը և օպտիմալ օգտագործմանը, անտառածածկույթի պահպանմանն ու վերականգնմանը, ատոմային էներգիայի անվտանգ օգտագործմանը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի և թափոնների պահման համապարփակ վերահսկմանը, բնական և տեխնածին աղետների կանխատեսմանն ու վաղ ազդարարմանը, դրանց արագ արձագանքման համակարգի զարգացմանը, արտակարգ իրավիճակների բացահայտման և հաղթահարման կառույցների ստեղծմանը, բնակչության բնապահպանական իրազեկության ու կրթվածության ապահովմանը,
- բնակչության կենսաբանական անվտանգության և երկրի պարենային անվտանգության ապահովմանը, այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքի ու սննդամթերքի արտադրության ավելացմանը, ներմուծման և արտահանման հաշվեկշռի բարելավմանը, սննդամթերքի անվտանգության միջազգային չափանիշների ապահովմանը, տարածքային համալիր ծրագրերի իրականացմանը, հատկապես սահմանամերձ ու լեռնային շրջանների բնակավայրերի տնտեսական ու սոցիալական զարգացմանը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ագրարային հատվածում արտադրողականության մակարդակի բարձրացմանը:
4. Կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ
Նպատակներն են` աղքատության հաղթահարումը, բնակչության կենսամակարդակի հարաճուն բարձրացումը, սոցիալական արդարության արմատավորումը, հասարակության բևեռացման վերացումը, գիտակրթական համակարգի արդիականացումը, կրթության մատչելիությունը, հոգևոր-մշակութային ոլորտների շարունակական զարգացումը:
Կյանքի նոր որակ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության սոցիալական, գիտակրթական, հոգևոր-մշակութային ոլորտներում վարած քաղաքականությունը միտված է`
- սոցիալական պետության կերտմանը և սոցիալական արդարության արմատավորմանը,
- հանրային համերաշխության հաստատմանը,
- բնակչության սոցիալական պահանջմունքների բավարարմանը, սոցիալական ենթակառուցվածքների ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովմանը,
- նոր աշխատատեղերի ստեղծմամբ և ապահովագրական համակարգի ներդրմամբ բնակչության սոցիալական վիճակի հարաճուն բարելավմանը,
- կենսաթոշակային համակարգի արդյունավետության բարձրացմանը, կենսաթոշակի նվազագույն չափի համապատասխանեցմանը կենսաբանական պահանջմունքների միջազգային չափանիշներին,
- ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը,
- տնտեսության և հասարակության կայուն զարգացման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատուժի, մասնավորապես` գիտական և գիտամանկավարժական ներուժի վերարտադրությանը:
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է`
- Հայաստանի մտավոր ներուժի զորացմանը միտված հեռանկարային պետական քաղաքականության իրականացումը, գիտակրթական համակարգի վերակառուցումը և համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման կարիքներին, ուսուցման առաջատար տեխնոլոգիաների ներդրումը,
- գիտական արտադրանքի ապրանքայնացումը, գիտական ներուժի ներգրավումը կենսագործունեության բոլոր, ներառյալ` պաշտպանական ոլորտներում դրանց արդիականացումն արդյունավետ կերպով ապահովելու նպատակով,
- «ուղեղների արտահոսքի» կանխումը,
- հայոց լեզվի` որպես հայ ազգի լեզվամտածողության հենքի և Հայաստանի Հանրապետության պետական լեզվի դերի բարձրացումը,
- մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը,
- համամարդկային ու ազգային արժեքների, ազգային ավանդույթների, հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանման և դրանց վերարտադրության ու զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը,
- մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիության ապահովումը,
- աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր, բարոյական, սոցիալական և մշակութային գործունեությանը,
- հայ ժողովրդի հոգևոր-մշակութային ինքնությանն ու բարոյական արժեքներին սպառնացող երևույթների կանխարգելումը,
- այլ պետությունների հետ համագործակցությունը` նրանց տարածքում գտնվող հայկական պատմական, հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման նպատակով,
- Հայաստանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների պատմական, հոգևոր, մշակութային արժեքների և էթնիկական ինքնության պաշտպանությունը,
- ներգրավումը միջազգային տեղեկատվական դաշտին, Հայաստանի և հայության մասին ճշմարտության արհեստավարժ ներկայացումը միջազգային հանրությանը, հակազդումը ապատեղեկատվությանն ու քարոզչությանը,
- «Ինտերնետ» համացանցում հայալեզու և Հայաստանին, հայագիտության բոլոր ճյուղերին և հայությանն առնչվող բովանդակության անհրաժեշտ ծավալի և որակի, ինչպես նաև դրանց համաչափության ապահովումը,
- քաղաքաշինության հարատև զարգացումը, ներառյալ` ներդաշնակ կենսատարածքի ձևավորումը և նպաստումը բնակչության տարածքային համաչափ բաշխվածությանը: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և հատկապես Երևանում սեյսմիկ ռիսկի ծրագրված նվազեցումը,
- առողջապահության առավել արդյունավետ համակարգի ստեղծումը, որը նախատեսում է` առողջ ապրելակերպի արմատավորում, կեղծված դեղորայքի տարածման կանխում, հիվանդացության, հատկապես` ճառագայթային, սուր վարակիչ, համաճարակային հիվանդությունների, կենսաբանական ահաբեկչության ու թմրամոլության կանխարգելում, լայն տարածում ստացած հիվանդությունների վաղ հայտնաբերում, ախտորոշում ու բուժում, մայրության ու մանկության պաշտպանություն:
III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) բնակչության անվտանգության երաշխավորի` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման խնդիրն ունի առանցքային նշանակություն:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու առաքելությունը կողմերի համաձայնությամբ վստահվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահությամբ: Հայաստանի Հանրապետությունը կարևորում է խնդրի կարգավորման շուրջ ծավալվող քննարկումների մասնակիցների փորձագիտական բարձր մակարդակը: Հայաստանի Հանրապետությունը նպատակահարմար չի համարում խնդրի կարգավորման վերաբերյալ այլ կառույցների կողմից հայտարարությունների քննարկումն ու ընդունումը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների ներգրավումը կարգավորման գործընթացներին:
Հայաստանի Հանրապետությունը հետամուտ է հակամարտության կարգավորմանը միայն խաղաղ և փոխզիջումային ճանապարհով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման իրավական հիմքերն անխոցելի են: Մշտապես ելնելով այն սկզբունքից, որ ցանկացած վերջնական համաձայնություն կամ վերջնական փաստաթուղթ պետք է ստանա նաև ղարաբաղյան կողմի հավանությունը, Հայաստանն ընդունելի է համարում կարգավորման միայն այն տարբերակները, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի գոյության անշրջելի իրողությունն ամրագրելուն: Լեռնային Ղարաբաղը պետք է աշխարհագրական կապ ունենա Հայաստանի հետ: Անվտանգությունը պետք է երաշխավորված լինի:
Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված անմիջական ռազմական սպառնալիք է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, այն է` այդ հիմնախնդիրը լուծել Հայաստանի նկատմամբ ռազմական գերազանցության հասնելու միջոցով: ՈՒստի, Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերից պահանջում է մշտական բարձր մարտական պատրաստականություն: Այս գործում Հայաստանի զինված ուժերի գլխավոր խնդիրն է Հայաստանի Հանրապետության սահմանների անձեռնմխելիության, ինչպես նաև Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովումը:
IV. Արտաքին անվտանգության ռազմավարություն
Հայաստանն իր արտաքին անվտանգության ռազմավարությունն իրականացնում է` առաջնորդվելով հետևյալ գլխավոր սկզբունքներով.
Փոխլրացում
Հայաստանը միջազգային ասպարեզում հարաբերությունները կառուցում է գործընկերության հիմքի վրա` արդյունավետ հարաբերություններ զարգացնելով տարածաշրջանում գործող շահագրգիռ բոլոր ուժերի հետ միաժամանակ: Այն ուղղված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը:
Ահաբեկչության դեմ պայքարում զանգվածային ոչնչացման զենքի չտարածման խնդիրներում միջազգային հանրության համախմբումը և միջազգային կայունության արդի մարտահրավերների շուրջ մեծ տերությունների միջև ծավալված երկխոսության դրական ընթացքը ներկայումս նպաստում են Հայաստանի կողմից փոխլրացման արտաքին քաղաքականության իրականացմանը:
Ներգրավվածություն
Հայաստանը տարածաշրջանային և համաշխարհային ներգրավման գործընթացներին մասնակցող երկիր է և իրեն դիտում է որպես տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների լիիրավ մասնակից: Ներգրավվածությունը ենթադրում է մասնակցություն միջազգային ասպարեզում ընթացող այն զարգացումներին, որոնց համահունչ են Հայաստանի որդեգրած նպատակները:
Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, զարգացման եվրոպական ուղու որդեգրումը, ԱՄՆ և Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունը, ԱՊՀ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունը, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացումը ընդլայնում են փոխլրացման քաղաքականություն վարելու ներուժը:
Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման ռազմավարությունը իրականացվում է երեք հիմնական հարթություններով` միջազգային, տարածաշրջանային և համահայկական:
1. Միջազգային
Միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու, դրանց դրական և բացասական միտումներին համարժեք արձագանքելու նպատակով Հայաստանը որդեգրել է միջազգային ակտիվ ներգրավման միջոցով ազգային շահերը պաշտպանելու ռազմավարությունը: Այն ենթադրում է ակտիվ մասնակցություն միջազգային արդի գործընթացներին, բազմակողմ, բազմաշերտ և երկկողմ ակտիվ քաղաքականության իրականացում:
Միջազգային ներգրավման ռազմավարությունը իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով.
- մասնակցություն համընդհանուր նշանակության ծրագրերին, մասնավորապես` միջազգային ահաբեկչության դեմ պայքարին և խաղաղապահ գործողություններին,
- մասնակցություն սպառազինությունների վերահսկման ռեժիմներին,
- ակտիվ ներգրավվածություն միջազգային կարևորագույն կազմակերպություններում,
- համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընթացներում ներգրավված երկրների հետ փոխհարաբերությունների զարգացում,
- մասնակցություն Եվրոպայում և հետխորհրդային տարածքում ընթացող ներգրավման գործընթացներին:
1.1. Արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները
Երկրի անվտանգության ապահովմանն են նպատակաուղղված ինչպես Հայաստանի ռազմական ոլորտի համագործակցությունն առանձին երկրների հետ, այնպես էլ անդամակցությունն անվտանգության միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, մասնակցությունը դրանց շրջանակներում իրականացվող միջազգային ծրագրերին: Հայաստանի անվտանգության ռազմաքաղաքական ապահովման հիմնական բաղադրիչներն են.
- Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները, համագործակցությունը պաշտպանական և ռազմատեխնիկական ոլորտներում, երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը,
- անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը,
- երկկողմ ռազմական համագործակցությունը, մասնավորապես` ԱՄՆ և Հունաստանի հետ,
- համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ,
- անվտանգության միջազգային կազմակերպությունների, այդ թվում` Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության անվտանգության մարմինների գործունեությունը, որոնցով ապահովվում է սպառազինությունների վերահսկման բաց և թափանցիկ լինելու հանգամանքը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)
Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադիր անդամ է: Պայմանագրի նպատակն է միասնական ուժերով կանխել, իսկ անհրաժեշտության դեպքում վերացնել մասնակից պետությունների դեմ ուղղված ռազմական սպառնալիքը:
Անդամակցությունը ՀԱՊԿ-ին Հայաստանի անվտանգության ապահովման բաղադրիչներից է, որն ապահովվում է անդամ-պետությունների միջև բազմակողմ կապերի շնորհիվ: Պայմանագրի ռազմական բաղադրիչն արտոնյալ պայմաններ է ընձեռում անդամ-պետություններին ռազմատեխնիկական մատակարարումների հարցում, ինչն առաջնային կարևորություն ունի Հայաստանի համար:
ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացումը միտված է անդամ-պետությունների միջև ռազմական համագործակցության գործուն մեխանիզմների ստեղծմանն ու կայացմանը, միջազգային սպառնալիքների` ահաբեկչության, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետ միջոցների ստեղծմանը, այս ասպարեզում տեղեկատվության փոխանակմանը:
Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ)
Հայաստանը հետամուտ է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ ակտիվ և արդյունավետ հարաբերությունների զարգացմանը: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունն ընթանում է Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) և «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում:
Ակտիվ մասնակցությունը Գործընկերության շրջանակներում կարևորվում է ոչ միայն եվրոպական անվտանգության առանցքը հանդիսացող կառույցի` ՆԱՏՕ-ի հետ պատշաճ մակարդակի հարաբերություններ ունենալու անհրաժեշտությամբ, այլ նաև ԱՄՆ և դաշնակից այլ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Հայաստանի եվրոպական ներգրավման քաղաքականության տեսանկյունից:
Հայաստանը ընդլայնում է քաղաքական երկխոսությունը ՆԱՏՕ-ի հետ, խաղաղապահ գործողությունների մասնակցության նպատակով կառուցում է դաշնակիցների հետ զինված ուժերի համատեղելի ստորաբաժանումներ: Հայաստանն իր խաղաղապահ գումարտակով և մի շարք այլ ուժերով մասնակցում է «Պլանավորման և վերանայման գործընթացին»:
Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» (ԱԳԳԾ) արդյունավետ իրագործումը նպաստելու է պաշտպանության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը, բարձրացնելու է վերջինիս արդյունավետությունը և ապահովելու է համատեղելիությունը զարգացած պետությունների պաշտպանական համակարգերի, ներառյալ` զինված ուժերի հետ:
1.2. Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ և ընդունելով համամարդկային արժեքների` մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության և իրավական պետության հաստատման սկզբունքները որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին և համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների, օժանդակ մարմինների և օղակների հետ:
Հայաստանը շարունակելու է մասնակցել և գործնական ներդրում կատարել ահաբեկչության դեմ միջազգային պայքարին և ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեությանը` նպաստելով անվտանգության և կայունության ապահովման միջազգային ջանքերին:
Կարևորելով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման հարցում ՄԱԿ-ի առաջնային դերակատարությունը` Հայաստանը միևնույն ժամանակ համարում է, որ նոր աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում նոր մարտահրավերներին ավելի արդյունավետ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ը բարեփոխելու անհրաժեշտություն է առաջացել:
Եվրոպական կառույցներ
ա) Եվրոպական միություն (ԵՄ)
Եվրոպական կառույցների, առաջին հերթին ԵՄ-ի և նրա անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:
ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացումը դրական անդրադարձ կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման և իրավական պետության կայացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:
Եվրոպական միության` որպես համաշխարհային քաղաքականության և տնտեսության խոշորագույն ուժային կենտրոններից մեկի հետ հարաբերությունների զարգացումը կարևորվում է նաև առևտրատնտեսական կապերի առումով, ինչը նշանակալի գործոն է Հայաստանի տնտեսական զարգացման համար:
ԵՄ-ի կողմից հովանավորվող տարածաշրջանային ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծում Հարավային Կովկասում հարատև կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատման համար: Հայաստանի ընդգրկումը «Եվրոպական հարևանության քաղաքականություն» (ԵՀՔ) ծրագրի մեջ զգալի առաջընթաց է եվրոպական ներգրավման ճանապարհին:
ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերից:
բ) Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
Եվրոպայի խորհրդին անդամակցությունն ամրագրեց Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում, քաղաքական, իրավական, մարդու իրավունքների ու մշակութային բնագավառներում եվրոպական չափանիշներին հետևելու երկրի ընտրությունը:
Հայաստանը կարևորում է Հարավային Կովկասում միջպետական մակարդակով և քաղաքացիական հասարակության դերակատարների միջև շփումները խթանելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը, ինչը կարևոր գործոն է տարածաշրջանային համագործակցության խթանման, հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանային կայունության ապահովման համար:
գ) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)
Հայաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին կարևորվում է Եվրոպայի անվտանգության ու կայունության ապահովման, ժողովրդավարության և իրավական պետության չափանիշների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքների առումով:
ԵԱՀԿ-ն Հայաստանի համար առանձնապես կարևորվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից` կապված այդ նպատակով ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ:
ԵԱՀԿ-ի գործունեության երեք հիմնական` ռազմաքաղաքական, մարդկային և տնտեսական-բնապահպանական չափումներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը լրացուցիչ կարևոր գործոն է երկրի անվտանգության և կայունության համար:
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Հայաստանը ԱՊՀ կառույցի հիմնադիրներից է և նրա շրջանակներում համագործակցության ծրագրերի մշակման և իրականացման ակտիվ մասնակիցը: Դա պայմանավորված է տնտեսական, հումանիտար, քաղաքական, ռազմաքաղաքական և այլ բնագավառներում երկրի ունեցած շահերով:
ԱՊՀ-ն զգալիորեն նպաստում է անդամ երկրների միջև տնտեսական կապերի, սոցիալական և հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացմանը:
ԱՊՀ շրջանակներում ջանքեր են գործադրվում նաև մի շարք ոլորտներում համագործակցության արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ, այդ թվում` ռազմաքաղաքական, արտաքին սահմանների պաշտպանության ու վերահսկման, ինչպես նաև միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների տարանցման և տարածման, ապօրինի արտագաղթի դեմ պայքարի:
Միջազգային տնտեսական կազմակերպություններ
Հայաստանը մեծապես շահագրգռված է տնտեսական համագործակցության միջազգային կառույցներում իր ներգրավմամբ և դրանց շրջանակներում ծավալվող գործունեությամբ: Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցությունը:
Հայաստանի Հանրապետությունը սերտ և արդյունավետ համագործակցում է Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Այդ շարունակական համագործակցությունը և նշված կառույցների կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերած աջակցությունը մեծապես նպաստել են իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը:
Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գործունեությանը:
1.3. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափը
Ռուսաստանի Դաշնություն
Կովկասի տարածաշրջանի մի մասը ներառնող Ռուսաստանի հետ հարաբերություններն ունեն տարածաշրջանային մակարդակով չսահմանափակվող բնույթ և ներուժ: Դրանք կրում են ռազմավարական բնույթ, ինչը պայմանավորված է Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի կարևոր դերով, հայ-ռուսական ավանդական բարեկամական կապերով, առևտրատնտեսական լայնածավալ համագործակցությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարմամբ, ինչպես նաև Ռուսաստանում հայկական ստվար համայնքի առկայությամբ:
Երկու երկրների միջև կնքված «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով և «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև 21-րդ դար ուղղված դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագրով կողմերի միջև հաստատվել է ռազմավարական գործընկերություն: Նշված պայմանագրերը և պաշտպանության ոլորտում երկու երկրների սերտ համագործակցությունը, այդ թվում` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում, հանդիսանում են Հայաստանի անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկը:
Ռուսաստանի ռազմական ներկայությունը Կովկասում կարևորվում է որպես Հայաստանի անվտանգության և տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ապահովման գործոն: Հայաստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում սահմանային անվտանգության ապահովման և հակաօդային պաշտպանության բնագավառներում:
Հայաստանը մեծապես կարևորում է Ռուսաստանի հետ համագործակցությունը պաշտպանական, ռազմատեխնիկական և էներգետիկայի բնագավառներում, տրանսպորտային երթուղիների գործարկման, տարածաշրջանային կայունության և անվտանգության խնդիրներում, Հայաստանի ռուսաստանաբնակ քաղաքացիների իրավական կարգավիճակի բարելավման հարցերում:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Դա պայմանավորված է ոչ միայն համաշխարհային, տարածաշրջանային ռազմաքաղաքական և տնտեսական գործընթացներում և միջազգային հարաբերություններում ԱՄՆ կարևոր դերակատարությամբ, այլև Հայաստանին ԱՄՆ կողմից ցուցաբերվող բազմաբնույթ աջակցությամբ:
Հայաստանի Հանրապետությունը սերտորեն համագործակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` երկրի ժողովրդավարական զարգացմանը միտված բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Ընդարձակ և բազմաբնույթ տնտեսական համագործակցություն է ծավալվել: Մեծ է ԱՄՆ բաժինը Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ծավալում:
Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը ներգրավված է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում և իր նպաստն է բերում այդ ուղղությամբ տարվող միջնորդական ջանքերին: Հայաստանը կարևորում է նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատումը, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության կայացմանն ուղղված ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը:
Հայաստանը համագործակցում է ԱՄՆ հետ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, խաղաղապահ գործողություններում, միջուկային զենքի չտարածման և համընդհանուր անվտանգության հետ կապված այլ հարցերում:
Հայ-ամերիկյան հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի հայկական Սփյուռքը, որը Միացյալ Նահանգներում ներկայացված է բազմաթիվ կազմակերպություններով և կենտրոններով:
Եվրոպական պետություններ
Եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունները Հայաստանի եվրոպական ներգրավման ընդհանուր գործընթացների մասն են կազմում: Երկկողմ հարաբերությունների օրակարգում Հայաստանը կարևորում է մեր երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման, եվրոպական ներգրավման, ղարաբաղյան հակամարտության կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման ու տարածաշրջանային համագործակցության զարգացման գործընթացները: Դա հնարավորություն է ընձեռում ընդարձակել առևտրային կապերը, մուտք գործել եվրոպական շուկա, խթանել Հայաստանի տնտեսության մեջ արվող ներդրումները:
Հայաստանը շահագրգռված է զարգացնելու բազմաբնույթ հարաբերությունները եվրոպական երկրների հետ` առաջնային համարելով քաղաքական, տնտեսական ոլորտներում երկկողմ կապերի ամրապնդումն ու ընդլայնումը: Միջազգային կազմակերպություններում համագործակցության հնարավորությունների կենսագործումը, ինչպես նաև մի շարք երկրներում մեծաթիվ հայ համայնքների առկայությունը և դրանց դրական ներուժը լրացուցիչ խթան են այդ երկրների հետ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:
Հայաստանի Հանրապետությունը կարևորում է բարեփոխումների գործընթացում Արևելյան Եվրոպայի փորձի ուսումնասիրությունը և կիրառումը:
Մերձավոր Արևելք
Հայաստանի համար Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունների կարևորությունը պայմանավորված է մերձավորարևելյան տարածաշրջանին հարևան լինելու հանգամանքով և այնտեղ ծավալվող գործընթացների` միջազգային քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ հայ ժողովուրդը դարեր շարունակ բազմաբնույթ կապերով կապված է եղել Մերձավոր Արևելքի երկրների հետ, հիմնել է ստվար համայնքներ, իր գործուն մասնակցությունն է ունեցել տարածաշրջանի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:
Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել Մերձավոր Արևելքի իր ավանդական գործընկեր երկրների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ, նոր լիցք է հաղորդելու Պարսից ծոցի և Միջերկրականի արաբական երկրների հետ հարաբերություններին, առևտրատնտեսական համագործակցությանը:
Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրներ
Կայուն կերպով ընդլայնվում և խորանում են Հայաստանի հարաբերությունները Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության ուղղությամբ: Այս տարածաշրջանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը կարևորվում է ԱԽՏ-ի խոշոր պետությունների, առաջին հերթին Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի միջազգային դերակատարման բարձրացմամբ, տարածաշրջանի երկրների տնտեսական ներուժով և առաջընթացով, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում նրանց հետ համագործակցելու հնարավորություններով:
2. Տարածաշրջանային
Հայաստանի անվտանգությունը գլխավորապես պայմանավորված է հարևան երկրների հետ հարաբերություններով, ինչպես նաև նրանցում և նրանց շուրջ ընթացող իրադարձություններով:
Հայաստանը մշտապես հանդես է գալիս տարածաշրջանային համագործակցության միջավայրի ձևավորման, անվտանգության համակարգի ստեղծման, հարևան պետությունների միջև կառուցողական հարաբերությունների հաստատման օգտին: Տարածաշրջանում առկա են չկարգավորված հակամարտություններ, տարաձայնություններ հարևանների հետ: Չեն ձևավորվել կայունության, անվտանգության, հաղորդակցության ուղիների և տնտեսական համագործակցության համընդհանուր ու միասնական համակարգեր:
Երկխոսության և համագործակցության ճանապարհով է հնարավոր լուծել տարածաշրջանային հակամարտությունները, հարթել հակասություններն ու պատմական կնճիռները, կանխել տարածաշրջանում բաժանարար գծերի առաջացումը և դրանց բացասական հետևանքները:
Հայաստանի անվտանգության ապահովման տարածաշրջանային ռազմավարությունը նպատակաուղղված է.
- տարածաշրջանային կայունության ամրապնդմանը, երկկողմ և բազմակողմ փոխշահավետ համագործակցության զարգացմանն ու ծավալմանը,
- Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանը և համագործակցության բազմաբնույթ ծրագրերի կենսագործմանը,
- ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը,
- Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը,
- տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների տարածմանն ու առավել խորացմանը,
- տարածաշրջանում իրականացվող միջազգային տնտեսական ծրագրերին Հայաստանի մասնակցության ապահովմանը:
2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափ
Իրանի Իսլամական Հանրապետություն
Հայաստանի համար Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունների զարգացումը պայմանավորված է էական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտիվ գործոններով` հարևանության հանգամանքով, պատմամշակութային կապերով, փոխադարձ տնտեսական շահերով:
Իրանի տարածքով են անցնում Հայաստանն արտաքին աշխարհին կապող տրանսպորտային երթուղիները: Հարևան երկու երկրների կողմից տնտեսական և տրանսպորտային շրջափակման պայմաններում կարևորվում է Իրանի` որպես դեպի Ասիա և Միջին արևելք ռազմավարական նշանակության ճանապարհ ապահովող երկրի դերը:
Փոխգործակցում են երկու երկրների էներգետիկ համակարգերը, իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց նպատակն է Հայաստանի էներգետիկ անվտանգության այլընտրանքային աղբյուրների ապահովումը:
Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները արժևորվում են նաև այն հանգամանքով, որ վերջինս, հանդիսանալով տարածաշրջանի և իսլամական աշխարհի ծանրակշիռ ներկայացուցիչ, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հիմնականում հանդես է բերում հավասարակշռված մոտեցում:
Իրանի հետ տնտեսական համագործակցությունը Հայաստանը շարունակելու է զարգացնել էներգետիկայի, առևտրի ծավալների մեծացման, հաղորդակցության նոր ուղիների ձևավորման և արդեն առկա ներուժի արդյունավետ օգտագործման ուղղություններով:
Հայաստանը կարևորում է Իրանի ներգրավվածությունը Հարավային Կովկասում ընթացող տարաբնույթ գործընթացներում և այն դիտարկում որպես կայունության և հավասարակշռության պահպանման գործոններից մեկը:
Վրաստան
Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունները ավանդաբար բարեկամական են և իրենց նշանակալի նպաստն են բերում տարածաշրջանում կայունության պահպանման գործին:
Վրաստանը կարևորվում է որպես տարածաշրջանում Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերություններ ունեցող պետություն, և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացումն ու դրանց խորացումը բխում է Հայաստանի և Վրաստանի ռազմավարական երկարաժամկետ շահերից:
Հայաստանը մեծապես շահագրգռված է Վրաստանի կայուն և անվտանգ զարգացմամբ, ինչպես նաև առկա հակամարտությունների խաղաղ և ամբողջական կարգավորմամբ: Դա կնպաստի Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող տարանցիկ ուղիների անվտանգ և վստահելի օգտագործմանը, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող Թբիլիսի-Սուխում երկաթգծի վերաշահագործմանը:
Վրաստանը Հայաստանի համար կարևորվում է նաև այդ երկրում բնակվող մեծաքանակ հայ համայնքի առկայության հանգամանքով: Հայաստանի Հանրապետությունը համագործակցում է Վրաստանի կառավարության հետ վրացահայության, այդ թվում` Ջավախքի երկրամասի հայ համայնքի սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:
Թուրքիայի Հանրապետություն
Հայաստանը և Թուրքիան չունեն դիվանագիտական հարաբերություններ: Դրանց խոչընդոտող հանգամանքներն են Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող մի շարք նախապայմանները:
Հայաստանը հանդես է գալիս Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման օգտին և շարունակելու է ձեռնարկել համապատասխան քայլեր խոչընդոտների հաղթահարման, երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ:
Հետամուտ լինելով Հայոց ցեղասպանության համընդհանուր, մասնավորապես` Թուրքիայի կողմից ճանաչմանը և դատապարտմանը, Հայաստանն այն դիտարկում է ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլև տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման և ապագայում նման ոճիրների կանխարգելման համատեքստում:
Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված բնույթը, մասնավորապես` փակ սահմանը, Հայաստանի ազգային անվտանգության համար ստեղծում է սպառնալիքներ և խոչընդոտում Հայաստանի կայուն զարգացման գործընթացին: Այդ հարաբերությունների չկարգավորվածությունն իր անմիջական բացասական ազդեցությունն է ունենում նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման, տարածաշրջանային համագործակցության զարգացման վրա:
Փոխհարաբերությունների կարգավորման արդյունքում կնվազեն տարածաշրջանում բաժանարար գծերի ձևավորման վտանգները, բարենպաստ մթնոլորտ կստեղծվի նաև ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման շուրջ:
Հայաստանի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ցանկության կապակցությամբ նրա հետ վարվող բանակցությունների գործընթացին: Հայաստանը կարևորում է այդ գործընթացում երկակի չափանիշների կիրառման բացառումը և համարում է, որ բանակցությունների վարման կարևոր պայման պետք է լինի Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության շրջափակման վերացումը, ինչը հատկապես արդիական է եվրոպական հարևանության քաղաքականությանը Հայաստանի անդամակցելու համատեքստում:
Ադրբեջանի Հանրապետություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, ինչը պայմանավորված է ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանը որդեգրել է տարածաշրջանային համագործակցության ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու քաղաքականություն:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման վրա ներազդելու նպատակով Ադրբեջանը հրաժարվում է ինչպես միմյանց կապող տրանսպորտային երթուղիների շահագործումից, այնպես էլ երկու երկրների միջև տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում համագործակցության եզրեր փնտրելու Հայաստանի և միջազգային հանրության առաջարկություններից:
Հայաստանը համարում է, որ տարածաշրջանային և սահմանային համագործակցությունը` որպես փոխվստահության մթնոլորտի ստեղծման և ամրապնդման միջոց, նշանակալի դրական ազդեցություն կարող է ունենալ: Հայաստանը շարունակելու է ջանքեր գործադրել հակամարտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ և այդ նպատակով խրախուսելու է տարբեր մակարդակներով համագործակցությունը, շփումներն ու փոխայցելությունները:
3. Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարևոր յուրահատկություններից է Սփյուռքին առնչվող խնդիրների համալիրը: Հայկական Սփյուռքն իր թվաքանակով գերազանցում է Հայաստանի բնակչությանը, սփռված է ողջ աշխարհով և մեծ մասամբ ցեղասպանության ու բռնի տեղահանման արդյունք է: Սփյուռքը բնորոշվում է տարբեր պետություններում բարձր մակարդակի ներգրավվածությամբ, պետական և հասարակական կյանքում զգալի դերակատարությամբ: Հատկապես մեծ համայնքներ կան ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Վրաստանում և մի շարք արաբական երկրներում: Սփյուռքահայության մեծ մասը այլ պետությունների քաղաքացի է:
Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով Հայաստանի Հանրապետության ջանքերն ուղղված են ինչպես Սփյուռքի ուծացմանը դիմակայելուն և լեզվամշակութային ինքնության կորստի կանխմանը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմանը:
Սփյուռքի ներգրավումը Հայաստանի համար ունի նաև տնտեսական ու մշակութային մեծ նշանակություն, քանի որ խթանում է մասնավորապես առևտուրը, զբոսաշրջությունը, ազգային մշակութային արժեքների պահպանումը, զարգացումն ու տարածումը:
Սփյուռքի հետ կապերն առանձնահատուկ դեր ունեն Հայաստանի զարգացման համար, քանի որ Սփյուռքը մի յուրօրինակ կամուրջ է Հայաստանի և միջազգային հանրության միջև: Սփյուռքի տարբեր բնագավառների կազմակերպությունները զգալիորեն նպաստում են տվյալ երկրների հետ Հայաստանի երկկողմ կապերի զարգացմանը, Հայաստանի միջազգային ներգրավմանը և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:
Հայության ներգրավման ու զարգացման համատեքստում` որպես ազգային եկեղեցի, կարևոր առաքելություն ունի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Եզրափակիչ դրույթներ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղեցույց պետության ներքին և արտաքին անվտանգության ռազմավարության հիմնական ուղղությունները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները ներկայացնելու համար: Ռազմավարության դրույթների վերանայման հաճախականությունը պայմանավորված է երկրում, տարածաշրջանում և աշխարհում ընթացող դինամիկ գործընթացներով, իրավիճակի և քաղաքական գերակայությունների փոփոխություններով:
Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև պետական պաշտոնյաների կողմից ի պաշտոնե արվող հայտարարություններում պարտադիր է պահպանել ազգային անվտանգության ռազմավարության մեջ բերված ձևակերպումների ու դիրքորոշումների ոգին:
Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական կառավարման մարմինների կողմից միասնական քաղաքականության իրագործումն ապահովելու նպատակով ընդունվող որոշումները պետք է համահունչ լինեն ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթները կենսագործվում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական, ռազմական, տնտեսական, պարենային, էներգետիկ, բնապահպանական, հաղորդակցական և տեղեկատվական անվտանգության, ժողովրդագրական, գիտակրթական, հոգևոր-մշակութային զարգացումների հայեցակարգերի և դրանցից բխող նպատակային ծրագրերի հիման վրա, որոնք, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ, 86-րդ և 89-րդ հոդվածների պահանջներից ելնելով, մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն
Ներածություն. «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հասկացությունը
I. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները, անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները, դրանց դեմ ուղղված սպառնալիքները
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հիմնարար արժեքները
2. Ազգային անվտանգության ապահովման գործոններն ու գործողությունները
3. Ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքները
II. Ներքին անվտանգության ռազմավարությունը
1. Արդյունավետ պետական կառավարում
2. Բանակաշինություն
3. Ազատական տնտեսություն
4. Կյանքի նոր որակ և բարոյահոգեբանական մթնոլորտ
III. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն
IV. Արտաքին անվտանգության ռազմավարություն
1. Միջազգային
1.1. Արտաքին անվտանգության ռազմաքաղաքական բաղադրիչները
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ)
Հյուսիս-Ատլանտյան դաշինքի կազմակերպություն (ՆԱՏՕ)
1.2. Անդամակցությունը միջազգային կազմակերպություններին
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ)
Եվրոպական կառույցներ
ա) Եվրոպական միություն (ԵՄ)
բ) Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)
գ) Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)
Անկախ պետությունների համագործակցություն (ԱՊՀ)
Միջազգային տնտեսական կազմակերպություններ
1.3. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափը
Ռուսաստանի Դաշնություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Եվրոպական պետություններ
Մերձավոր Արևելք
Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ
2. Տարածաշրջանային
2.1. Արտաքին անվտանգության ապահովման երկկողմ ձևաչափ
Իրանի Իսլամական Հանրապետություն
Վրաստան
Թուրքիայի Հանրապետություն
Ադրբեջանի Հանրապետություն
3. Հայաստան-Սփյուռք հարաբերություններ
Եզրափակիչ դրույթներ