103.0085.010705
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 07 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10305240
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
12 ապրիլի 2005 թվականի N 85-Ն
i
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետին և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ արտոնագրային վարչության պետի 2000թ. հուլիսի 31-ի «Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» և «Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոնները» հաստատելու մասին» N 42 հրամանի 1-ին կետը:
3. Նախարարի տեղակալ Ա. Գևորգյանին` սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն:
Հավելված
Հաստատված է
ՀՀ առևտրի և տնտեսական
զարգացման նախարարի
2005թ. ապրիլի 12-ի
N 85-Ն հրամանով
ԿԱՐԳ
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Կարգում օգտագործվող հասկացությունները
Օրենք` «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը
Գործակալություն` Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալություն
Ապրանքային նշան` ապրանքային և (կամ) սպասարկման նշան
Հայտ` ապրանքային և (կամ) սպասարկման նշանի գրանցման հայտ
Փարիզյան կոնվենցիա` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա
Համաձայնագիր` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագիր
Արձանագրություն` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրություն
Ընդհանուր հրահանգ` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության ընդհանուր հրահանգ
ԱԾՄԴ` Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգում (ըստ Նիցայի համաձայնագրի)
Ապրանքներ` ապրանքներ և ծառայություններ
Հայտատու` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող
օտարերկրյա ֆիզիկական անձ, ում անունով խնդրարկվում է ապրանքային նշանի գրանցումը
Բաժին` գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժին, որը գործակալության անունից իրականացնում է ապրանքային նշաների գրանցման և իրավական պահպանության հետ կապված սույն կարգով նախատեսված գործողությունները
Փորձաքննություն` հայտարկված նշանը որպես ապրանքային նշան գրանցելու նպատակով իրականացվող հետազոտություն, որով որոշվում է հայտի առարկա հանդիսացող նշանի համապատասխանությունը օրենքով սահմանված պահանջներին:
Սույն կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2002թ. հուլիսի 11-ի N 1231-Ն որոշմամբ հաստատված Գործակալության կանոնադրության 8-րդ կետի «ա» ենթակետի և «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածների համաձայն ապրանքային նշանների հայտերի ձևակերպման և ներկայացման, ինչպես նաև դրանց քննարկման և գրանցման հետ կապված հարցերը կարգավորելու նպատակով:
ՄԱՍ 1. Ապրանքային և սպասարկման նշանների գրանցման
հայտերի ձևակերպումը և ներկայացումը
I. Հայտի ներկայացումը
Հայտի ներկայացման իրավունք ունեցող անձինք
1. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի և 6-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի համաձայն, հայտ ներկայացնելու իրավունք ունի ցանկացած անձ, այսինքն` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա ֆիզիկական անձ:
Լրատվության միջոցների անվանումները որպես ապրանքային նշան կարող են գրանցվել ֆիզիկական անձի անունով, եթե դրանց թողարկումը կամ տպագրումը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում:
Հայտի ներկայացման ընթացակարգը
2. Հայտատուն կարող է հայտը ներկայացնել անձամբ, ներկայացուցչի կամ Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով: Ընդ որում, օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ապրանքային նշանի հայտատուն պետք է լինի մեկ անձ:
Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, լիազոր մարմնում գրանցված օտարերկրյա անձինք ապրանքային նշանի գրանցման հետ կապված գործերը վարում են Գործակալությունում արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ կարգ սահմանված չէ:
Հայտը Գործակալություն ներկայացվում է անմիջականորեն կամ փոստով:
II. Ապրանքային նշանի գրանցման հայտը
Ապրանքային նշանը
i
3. Օրենքի 1-ին հոդվածի համաձայն, ապրանքային նշանները (այսուհետ` ապրանքային նշան) այն նշաններն են, որոնցով որևէ անձի ապրանքները տարբերվում են այլ անձանց նույնատիպ ապրանքներից:
(3-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Ապրանքային նշանի տեսակները
i
4. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային (ներառյալ` բառեր, թվեր, տառեր, անուններ, կարգախոսներ), պատկերային, ծավալային (ապրանքի փաթեթավորումներ, ապրանքի արտաքին տեսքը և մակերևույթը), ձայնային և պատկերմամբ (գրառմամբ) ներկայացվող այլ նշանները կամ դրանց համակցությունները:
(4-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
5. Բառային ապրանքային նշանների թվին են պատկանում` բառերը, բառային բնույթ ունեցող տառակապակցությունները, բառակապակցությունները, նախադասությունները, լեզվական այլ միավորները և դրանց համակցությունները:
6. Պատկերային ապրանքային նշանների թվին են պատկանում` կենդանի էակների, առարկաների, բնության և այլ օբյեկտների պատկերները, ինչպես նաև ցանկացած ձևի այլ պատկերները և գծերի, բծերի, պատկերների համակցությունը հարթության վրա:
7. Ծավալային ապրանքային նշանների թվին են պատկանում` եռաչափ օբյեկտների պատկերները, ինչպես նաև պատկերների և գծերի համակցությունները եռաչափ տարածության մեջ:
8. Համակցված ապրանքային նշանների թվին են պատկանում տարբեր բնույթի բառային, պատկերային, ծավալային և այլ տարրերի համակցությունները:
i
9. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված այլ ապրանքային նշանների թվին են պատկանում, օրինակ` լուսային նշանները:
(9-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
i
10. Ապրանքային նշանը գրանցվում է սև-սպիտակ, ցանկացած գույնով կամ գունային համակցությամբ:
(10-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Ապրանքային նշաններ, որոնք օրենքի 11-րդ հոդվածի համաձայն
ենթակա չեն գրանցման
i
11. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք չունեն տարբերակող հատկություն: Տարբերակող հատկություն չունեցող նշանները մասնավորապես այն նշաններն են, որոնք իրենցից ներկայացնում են պատկերներ և կազմված են`
1) գրաֆիկական յուրահատուկ ոճ չունեցող առանձին տառերից, թվերից, որպես բառ չընկալվող տառերի զուգակցումից.
2) գծերից, պարզ երկրաչափական պատկերներից, ինչպես նաև դրանց զուգակցումից, որոնց համակցությունը չի տալիս դրա մեջ մտնող տարրերի ընկալումից տարբերվող ընկալման այլ որակական մակարդակ. ապրանքների իրական կամ սխեմատիկ պատկերներից, որոնք գրանցման են ներկայացվել նույն կամ նույնատիպ ապրանքների համար.
3) եռաչափ օբյեկտների պատկերներից, որոնց ձևը բացառապես պայմանավորված է դրանց գործառնական նշանակությամբ.
4) համընդհանուր ընդունված անվանումներից, որոնք, որպես կանոն, իրենցից ներկայացնում են ապրանքների կամ դրանց արտադրության (մատուցման) հաստատության պարզ նշումներ կամ անվանումներ և հայտարկված են այդ ապրանքների նկատմամբ գրանցելու համար.
5) կազմակերպությունների, ընկերությունների, բնագավառների, համընդհանուր ընդունված անվանումներից, դրանց հապավումներից կամ խորհրդանիշերից:
(11-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
12. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն նաև այն նշանները, որոնք բաղկացած են միայն հետևյալ տարրերից`
1) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.
2) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշներ և տերմիններ են.
3) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության և իրացման տեղն ու ժամանակը.
4) բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը`
- բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկությունից).
- անհրաժեշտ է որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար և բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը).
- ապրանքին տալիս է էական արժեք.
5) Օրենքի 11-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք վերարտադրում են պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ են կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշաններ: Այդպիսի նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ` դրանց սեփականատերերի կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ:
Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված նշանները որպես չպահպանվող տարրեր կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում դրա գերիշխող մասը:
Սույն կետով սահմանված պահանջները չեն տարածվում այն նշանների վրա, որոնք օգտագործման հետևանքով ձեռք են բերել տարբերակող հատկություն:
13. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսանում կամ որպես դրա տարր պարունակում են`
1) կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ ապրանքի կամ արտադրողի մասին.
2) աշխարհագրական նշում և գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, եթե այդ աշխարհագրական նշման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին ապրանքների իրական ծագման վայրի հարցում.
3) գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ:
14. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք`
1) հակասում են հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորույթներին).
2) անհարիր են ազգային և հոգևոր արժեքներին:
Ապրանքային նշաններ, որոնք օրենքի 12-րդ հոդվածի 1-ին
մասի համաձայն չեն կարող գրանցվել
i
15. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական կամ շփոթելու աստիճան նման են`
1) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված (եթե դրանց հայտերը հետ կանչված կամ մերժված չեն) ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշանին.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույն կամ նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պահպանվող, ավելի վաղ առաջնությամբ` այլ անձանց ապրանքային նշաններին.
3) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող հանրահայտ ճանաչված այլ անձանց ապրանքային նշաններին.
4) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքի ծագման տեղանվանը կամ աշխարհագրական նշումին, բացառությամբ այն դեպքերի, երբ որպես չպահպանվող տարր դրանք ներառված են դրանց օգտագործման իրավունք
ունեցող անձանց անունով գրանցված ապրանքային նշանի մեջ.
5) սահմանված կարգով գրանցված հավաստագրային, կոլեկտիվ կամ երաշխիքային նշաններին.
6) Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումներին (կամ դրանց տարբերակող նշանակության անվանը), եթե դրանց նկատմամբ իրավունքը ծագել է մինչև նույնատիպ ապրանքների համար գրանցման ներկայացված ապրանքային նշանի առաջնության թվականը: Ֆիրմային անվանումների համար նույնատիպ ապրանք ասելով պետք է հասկանալ այն ապրանքները և ծառայությունները, որոնք արտադրվում կամ մատուցվում են տվյալ ֆիրմային անվանմամբ իրավաբանական անձի կողմից:
Նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանմանը շփոթելու աստիճան նման ապրանքային նշանը կարող է գրանցվել միայն տվյալ ֆիրմային անվանման իրավատիրոջ (իրավաբանական անձի) համաձայնությամբ:
(15-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Ապրանքային նշաններ, որոնք օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի
համաձայն չեն կարող գրանցվել
i
16. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն որպես ապրանքային նշան չեն գրանցվում այն նշանները, որոնք վերարտադրում են`
1) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշները, որոնց տնօրինման իրավունքը Հայաստանի Հանրապետությունում պատկանում է այլ անձանց.
2) հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումները կամ դրանցից մեջբերումներն ու հատվածները (ֆրագմենտներ), դրանց հերոսներին` առանց դրանց նկատմամբ հեղինակային իրավունքի իրավատիրոջ համաձայնության, եթե այդ իրավունքները ձեռք են բերվել մինչև տվյալ ապրանքային նշանի առաջնության թվականը: Արվեստի հայտնի ստեղծագործությունների հատվածներ (ֆրագմենտներ) ասելով պետք է հասկանալ ստեղծագործության առանձին դրվագների վերարտադրությունը գեղարվեստական պատկերների միջոցով, այն է` կերպարվեստի, քանդակների, ճարտարապետության մաս հանդիսացող հատվածների միջոցով: Այստեղ ենթադրվում է, որ այդ ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի գործողության ժամկետը չի լրացել:
Սույն կետը չի տարածվում այն ստեղծագործությունների անվանումների կամ դրանցից կատարված մեջբերումների կամ դրանց հերոսների նկատմամբ, որոնք բացառապես իրենցից ներկայացնում են աշխարհագրական նշում.
3) հռչակավոր անձանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանցից ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեները` առանց այդ անձանց, նրանց ժառանգների կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հունիսի 7-ի N 289 որոշմամբ հաստատված կարգով տրված թույլտվության:
(16-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Ներկայացվող հայտի նկատմամբ պահանջները
i
17. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի: Հայտարկված նշանները, որոնք իրարից տարբերվում են որևէ տարրով, համարվում են տարբեր, այսինքն` ոչ նույնական ապրանքային նշաններ:
(17-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Հայտի կազմը
18. Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հայտը պարունակում է`
1) դիմում ապրանքային նշանի գրանցման մասին (այսուհետ` դիմում), որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն).
2) հայտարկվող ապրանքային նշանի պատկերը և դրա նկարագրությունը, այդ թվում` գույնի և գունային համակցության նշումը.
3) ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:
Հայտին կցվող փաստաթղթերը
19. Օրենքի 6-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հայտին կցվում են`
1) պետական տուրքի սահմանված չափով վճարման անդորրագիրը կամ բանկային հանձնարարագիրը (բնօրինակը): Եթե պետական տուրքը վճարված է զեղչով, ապա կցվում է նաև տեղեկանք` պետական տուրքի վճարման օրվա դրությամբ հայտատուի աշխատողների թվաքանակի մասին: Տեղեկանքը տրվում է պետական տուրքը վճարած իրավաբանական անձի (ընկերության) տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ ստորագրությամբ և վավերացվում է կնիքով, որի վրա նշվում է հայտատուի հարկային կոդը.
2) Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում անհատ ձեռնարկատիրոջ գրանցման վկայականի պատճենը, եթե հայտատուն անհատ ձեռնարկատեր է: Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող օտարերկրյա ֆիզիկական անձինք ներկայացնում են իրենց երկրի օրենքով սահմանված կարգով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու մասին փաստաթղթի վավերացված պատճենը.
3) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը, եթե ներկայացվում է կոլեկտիվ նշանի հայտ: Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կոլեկտիվ նշանի կանոնադրությունը պարունակում է միության կամ կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու համար լիազորված իրավաբանական անձի անվանումը, տվյալ նշանի օգտագործման իրավունք ունեցող անձանց ցուցակը, գրանցման նպատակը, կոլեկտիվ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրերը, կոլեկտիվ նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը կոլեկտիվ նշանի կանոնադրության խախտման համար.
4) արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտին կցվում է հայտատուի կողմից տրված արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող լիազորագիր:
Լիազորագրի օրինակելի ձևը կցվում է (Հավելված 1):
Գործակալություն ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում ձևակերպվող լիազորագիրը կարող է տրվել հասարակ գրավոր ձևով, առանց նոտարական վավերացման:
Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի լիազորագիրը, որը ներկայացնում է ՀՀ սահմաններից դուրս մշտապես բնակվող անձանց շահերը, կարող է տրվել ինչպես այդ անձանց կողմից, այնպես էլ նրանց կողմից լիազորված արտոնագրային հավատարմատարի կողմից, եթե վերջիններս ունեն վերալիազորման իրավունք: Այս դեպքում լիազորագիրը հաստատվում է նոտարի կողմից:
Լիազորագիրը պետք է բավարարի հետևյալ պայմաններին`
ա) լիազորագիրը ստորագրվում է լիազորող անձի կողմից. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` ՔՕ) 321-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն իրավաբանական անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ղեկավարի կամ դրա համար նրա կանոնադրությամբ լիազորված մեկ այլ անձի ստորագրությամբ` այդ կազմակերպության կնիքի դրոշմմամբ: Եթե այն պետության իրավունքով, որտեղ տրվել է լիազորագիրը, նախատեսված է այլ բան, ապա կիրառվում են ՀՀ ՔՕ 1282-րդ հոդվածի դրույթները.
բ) լիազորագիրը տրվում է Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարին.
գ) լիազորագրում նշվում է արտոնագրային հավատարմատարի իրավասությունների շրջանակները.
դ) լիազորագրում նշվում է դրա կատարման թվականը, առանց որի այն առոչինչ է:
Լիազորագրի գործողության ժամկետը 3 տարի է: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է կատարման թվականից մեկ տարվա ընթացքում:
Արտասահմանում կատարված և գործողության ժամկետի մասին նշում չպարունակող` նոտարի վավերացրած լիազորագիրը պահպանում է ուժը մինչև լիազորագիր տված անձի կողմից այն վերացնելը:
Եթե լիազորագիրը տրվում է հայտատուի կողմից լիազորված հավատարմատարի կողմից (վերալիազորում), ապա այն վավերացվում է նոտարական կարգով: Այս դեպքում վերալիազորման կարգով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել այն լիազորագրի գործողության ժամկետը, որի հիման վրա դա տրված է:
Եթե լիազորագիրը տրված է մի քանի արտոնագրային հավատարմատարի անունով, ապա ապրանքային նշանի գրանցման հետ կապված գործերը կարող է վարել նրանցից յուրաքանչյուրը:
Արտոնագրային հավատարմատարի կողմից լիազորագրում նշված իրավասությունների շրջանակներում կատարված ցանկացած գործողություն գնահատվում է որպես հայտատուի կողմից կատարված գործողություն:
5) Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, հայտին կցվում է նաև Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացված առաջին հայտի (այսուհետ` առաջին հայտ) պատճենը` վավերացված տվյալ պետության հայտ ընդունող լիազոր մարմնի կողմից: Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն առաջին հայտի պատճենը Գործակալություն ներկայացվում է կոնվենցիայով հայտը Գործակալություն ներկայացնելու օրվանից երեք ամսվա ընթացքում:
Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում:
6) Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում, հայտին կցվում է այդ պահանջի իսկությունը հաստատող փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը կարող է ներկայացվել հայտը Գործակալություն ներկայացնելու թվականից երեք ամսվա ընթացքում:
Ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն պարտավոր է նշել հայտը ներկայացնելիս կամ հայտի ներկայացման թվականից երկու ամսվա ընթացքում:
Հայտատուի կողմից ներկայացված փաստաթուղթը պետք է հաստատի ցուցահանդեսի կարգավիճակը որպես Փարիզյան Կոնվենցիայի մասնակից որևէ պետության տարածքում կազմակերպված պաշտոնական կամ պաշտոնապես միջազգային ճանաչված լինելը և պարունակի ապրանքը ցուցադրող անձի անվանումը, նշանը, դրանով նշված ապրանքների ցանկը, ինչպես նաև ցուցահանդեսում ցուցանմուշների բաց ցուցադրման թվականը:
Հայտատուի կողմից ներկայացված փաստաթուղթը վավերացվում է տվյալ ցուցահանդեսի վարչական մարմնի կամ կազմկոմիտեի կողմից:
7) Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» ենթակետի համաձայն, եթե ապրանքային նշանում օգտագործված է որևէ
հռչակավոր անձի անուն, ազգանուն, կեղծանուն և դրա ածանցյալ, դիմանկար կամ ֆաքսիմիլե, ապա հայտին կցվում է դրանց օգտագործման համար տվյալ անձի կողմից տրված թույլտվությունը, իսկ նրա մահվան դեպքում` տվյալ անձի ժառանգների թույլտվությունը: Վերջիններիս մահվան և այլ ժառանգներ չունենալու դեպքում թույլտվություն տալու հարցը Գործակալության կողմից քննարկվում է հայտի քննարկման ընթացքում, և այդպիսի թույլտվություն տրվում է, եթե այդ ապրանքային նշանի օգտագործումը հարիր է տվյալ անձի հռչակին և չի կարող ստվեր գցել տվյալ անձի հեղինակության վրա:
Հայտ ներկայացնելը
20. Օրենքի 6-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն դիմումը, նշանի նկարագրությունը և ապրանքների ցանկը ներկայացվում են հայերեն: Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այս դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնում են հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում:
21. Հայտը (բացառությամբ գրանցման ներկայացված հայտարկվող նշանի պատկերի) և դրան կից փաստաթղթերը ներկայացվում են մեկ օրինակից` տպագրված:
Հայտարկվող նշանի պատկերը ներկայացվում է 5 օրինակից: Եթե հայտարկվում է ստանդարտ տառատեսակով բառային ապրանքային նշան, ապա նշանի պատկերները չեն կցվում:
III. Հայտի բովանդակությունը
22. Հայտը ներկայացվում է սույն կարգին կցված ձևաթղթի տեսքով (Հավելված 2):
Եթե հայտի որևէ տեղեկություն հնարավոր չէ տեղավորել ձևաթղթի համապատասխան սյունակում, ապա այն տրվում է լրացուցիչ թերթի վրա, հայտի համապատասխան սյունակում նշելով` «տես լրացուցիչ թերթի վրա»:
Հայտի դիմումը
23. 730 ծածկագրով սյունակում տրվում են տեղեկություններ հայտատուի մասին` իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ձեռնարկատիրական գործունեություն ծավալող ֆիզիկական անձի անունը, ազգանունը (հայրանունը, եթե նշված է) և հայտատուի հասցեն և երկրի ծածկագիրն ըստ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄՍՀԿ) ST 3 ստանդարտի:
24. Կոնվենցիայով առաջնություն կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում համապատասխան շրջանակում կատարվում է նշում` «X» նշանով: Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում լրացվում են 310, 320 և 330 ծածկագրերով սյունակները, իսկ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում` 230 ծածկագրով սյունակը:
Հաջորդ սյունակում նշվում են նամակագրության հասցեն, հեռախոսի և ֆաքսի համարները:
25. Որպես նամակագրության հասցե կարող է նշվել հայտատու` իրավաբանական անձի գտնվելու վայրը, հայտատու` ֆիզիկական անձի բնակության վայրը, կամ Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի հասցեն, կամ որևէ հասցե ՀՀ տարածքում:
26. 740 ծածկագրով, որը լրացվում է, եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով, տրվում են տեղեկություններ նրա մասին` անունը, ազգանունը և Գործակալությունում նրա գրանցման համարը:
Նշանի պատկերը և նկարագրությունը
i
27. 540 ծածկագրով սյունակում զետեղվում է հայտարկվող նշանի պատկերը (լուսանկար, տպագրական դրոշմվածք և այլն), ընդ որում, եթե դրա չափերը թույլ չեն տալիս, որ այն զետեղվի նախատեսված դաշտում (սյունակում), ապա այդտեղ կատարվում է «Նշանի պատկերը կցվում է» գրառումը, և նշանի պատկերը ներկայացվում է մնացած 5 օրինակների հետ միասին:
Նշանի պատկերը պետք է ունենա ժամանակակից տեխնիկական միջոցներով անսահմանափակ վերարտադրման (բազմացման) հնարավորություն, որակյալ գրաֆիկական կատարում և ներկայացվի որակյալ, հարթ և սպիտակ, առնվազն 80 գ/քառ. մ տեսակարար կշռով թղթի վրա, 5x5 չափերով (կախված նշանի չափերից, լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել մինչև 8x10սմ):
Եթե գրանցման է ներկայացված բառ կամ բառային արտահայտություն և հայտում նշված չեն դրանց նկատմամբ հատուկ պահանջներ կամ առանձնահատկություններ, ապա համարվում է, որ տվյալ բառը կամ բառային արտահայտությունը կատարված են ստանդարտ (հատուկ չոճավորված) տառատեսակով: Ստանդարտ տառատեսակով բառային ապրանքային նշանի հայտ ներկայացնելու դեպքում ապրանքային նշանի պատկերներ չեն կցվում:
Եթե որպես նշան գրանցման է ներկայացված պիտակը, ապա որպես հայտարկվող նշանի պատկեր իր բնական մեծությամբ ներկայացվում է պիտակը:
Եթե պիտակի չափը գերազանցում է 21x29.7սմ, ապա հայտարկվող նշանը ներկայացվում է փոքրացված չափերով:
Եթե գրանցման է ներկայացվում ծավալային (եռաչափ) նշան, ապա 540 ծածկագրով սյունակում զետեղվում է այդ նշանի ընդհանուր տեսքը: Լրացուցիչ ներկայացվում են նաև հայտարկվող ծավալային նշանի մասին սպառիչ պատկերացում տվող բոլոր անհրաժեշտ պրոյեկցիաները:
Հայտարկվող նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ներկայացվում են այն գույնով կամ գունային համակցությամբ, որով խնդրարկվում է նշանի գրանցումը:
Եթե որպես ապրանքային նշան գրանցման է ներկայացվում ձայնային (լուսային) նշան, ապա այն ներկայացվում է ձայնագրված (տեսագրված) տեսալսաերիզների կամ սկավառակների վրա:
(27-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
28. Նկարագրությունը ծառայում է հայտարկվող նշանի էությունը հասկանալու, ինչպես նաև այն նույնականացնելու համար:
Նկարագրության մեջ տրվում է հայտարկվող նշանի բնութագիրը` դրա տեսակը (բառային, պատկերային և այլն), բաղկացուցիչ տարրերի նկարագրությունը, նշանի և դրա մասերի իմաստային նշանակությունը: Եթե բառային նշանը կամ դրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է դրա կազմման եղանակը, օրինակ` մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառ և այլն:
Եթե բառային նշանը հայերենում հազվադեպ է գործածվում (օրինակ` հատուկ տերմին, պատմական անուն, հնացած բառ), ապա տրվում է դրա իմաստի պարզաբանումը:
Եթե բառային նշանը ներկայացվում է ոչ հայերեն, ապա տրվում է դրա գրադարձությունը` հայոց լեզվի այբուբենի տառերով և թարգմանությունը, եթե նշանն ունի բառային իմաստ:
Եթե նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը և նշվում է դրա իմաստային նշանակությունը, եթե այդպիսին կա:
Եթե պատկերային նշանը վերացական բնույթի է, ապա նշվում է, թե ինչ է այն խորհրդանշում:
Եթե որպես ապրանքային նշան ներկայացվում է ձայնային նշան, ապա տրվում է ձայնի տեսակը (երաժշտական ստեղծագործություն կամ դրա մի մասը, որևէ ծագում ունեցող աղմուկ և այլն): Եթե նշանի մեջ օգտագործված է երաժշտական ստեղծագործություն, ապա նկարագրության մեջ տրվում է դրա նոտագրությունը:
Եթե որպես ապրանքային նշան ներկայացվում է լուսային նշան, ապա բերվում են լուսային ազդանշանների, դրանց հաջորդականության, լուսարձակման երկարության, տևողության և այլ առանձնահատկությունների բնութագրերը:
29. Եթե խնդրարկվում է գունավոր նշանի գրանցում, ապա նշվում է դրա գույնը կամ գունաշարը: Գույների նկարագրությունը պետք է համապատասխանի նշանի մեջ օգտագործված գույներին:
Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է սև-սպիտակ, ապա նշված սյունակը չի լրացվում:
Գունավոր նշանների համար 591 ծածկագրով տրվում է նշանի գույնը կամ գունային համակցությունը:
591 ծածկագրից ներքև գտնվող սյունակները հայտատուի կողմից չեն լրացվում:
Ապրանքների ցանկը
30. Ապրանքների ցանկը նախատեսված է որոշելու այն ապրանքները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:
31. 510 ծածկագրով սյունակում տրվում է ԱԾՄԴ դասը` դիմացը նշելով այն ապրանքների անվանումները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը: Ըստ ԱԾՄԴ դասերի խմբավորված ապրանքները նշվում են ճշգրիտ տերմիններով` հնարավորություն տալով նույնականացնել ապրանքը: Մեկից ավելի դասերի ապրանքների դեպքում դրանք տրվում են ըստ դասերի աճման հերթականության:
Հայտին կցվող փաստաթղթերի ցանկը
32. Նշված սյունակը լրացվում է համապատասխան վանդակում «X» նշան դնելով, նշելով կցվող փաստաթղթերից յուրաքանչյուրի օրինակների և թերթերի քանակը: Հայտի ձևաթղթում չնախատեսված այլ փաստաթղթեր ներկայացնելու դեպքում նշվում է դրանց ճշգրիտ նշանակությունը:
i
33. Այն դեպքում, երբ հայտարկվող նշանը պարունակում է օրենքի 11-րդ հոդվածի 1.1-րդ մասում նշված կամ դրանց շփոթելու աստիճան նման նշաններ, ապա հայտին կցվում է դրանց օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ`
1) համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը պետական զինանշանների, դրոշների և խորհրդանիշների պատկերները, պետությունների պաշտոնական անվանումները, պաշտոնական խորհրդանիշները, միջազգային միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումները կամ թվարկածին շփոթելու աստիճան նման նշանը (տարրը) ապրանքային նշանում օգտագործելու համար.
2) համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը պետական պարգևների և այլ տարբերանշանների պատկերները կամ դրանց շփոթելու աստիճան նման նշանն ապրանքային նշանում օգտագործելու համար.
3) համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը պաշտոնական վերահսկողական, երաշխիքային կամ հարգորոշիչ դրոշմի, կնիքի պատկերը կամ դրան շփոթելու աստիճան նման նշանն ապրանքային նշանում օգտագործելու համար կամ դրա օգտագործման իրավասությունը հաստատող համապատասխան փաստաթղթի պատճենը:
(33-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
34. Այն դեպքում, երբ հայտարկվող նշանի մեջ տրվում է հայտատուի հիմնադրման թվականը կամ այլ թվական, կամ հայտատուի կողմից թողարկվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների համար տրված պարգևների պատկերները, ապա հայտին կցվում են հայտատուի հիմնադրման թվականը հաստատող փաստաթղթերը կամ այլ թվականի օգտագործման իրավասությունը հաստատող փաստաթղթերը, իսկ երրորդ դեպքում` պարգևի նկատմամբ հայտատուի իրավունքը հաստատող փաստաթղթերը:
Լրացուցիչ տեղեկություններ
i
35. Նշված սյունակը լրացվում է հայտարկվող առանձնահատուկ նշանի դեպքում (ծավալային, ձայնային, լուսային, կոլեկտիվ և այլն):
Եթե գրանցման ներկայացված նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում տվյալ հայտատուի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված նշանին, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան պահպանվող տվյալ հայտատուի նշանին, կամ նշանում որպես տարր օգտագործված է ապրանքի ծագման տեղանուն, որի օգտագործման իրավունքը հայտատուն ունի, ապա հայտում վկայակոչվում է հայտատուի այդ իրավունքները հաստատող փաստաթուղթը:
Եթե ներկայացվում է ծավալային կամ կոլեկտիվ նշան, ապա «լրացուցիչ տվյալներ» սյունակում լրացվում է համապատասխան վանդակը` «X» նշան դնելով:
Եթե ներկայացվում է լուսային, ձայնային կամ այլ նշան, ապա «այլ նշան» վանդակում դրվում է «x» նշանը և կողքը գրվում է «ձայնային», «լուսային» բառը կամ նշանի տեսակը բնութագրող այլ բառ:
(35-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Ստորագրություն
36. Հայտի «ստորագրություն» սյունակը լրացվում է` նշելով ստորագրության թվականը:
Հայտը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա հայտը ստորագրում է դրա ղեկավարը` նշելով անունը (անվան առաջին տառը) և ազգանունը, պաշտոնը: Ստորագրությունը վավերացվում է հայտատուի կնիքով:
Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը ստորագրվում է նրա կողմից: Բոլոր ստորագրությունների կողքին նշվում է ստորագրող անձի անունը (առաջին տառը) և ազգանունը: Հայտին կցվող լրացուցիչ թերթերը ևս ստորագրվում են նույն կարգով:
ՄԱՍ 2. Ապրանքային նշանի հայտով գործավարությունը
IV. Ներկայացուցչի նշանակումը
37. Հայտով գործերը վարելու և հայտի քննարկման ընթացքում իր շահերը ներկայացնելու համար հայտատուն կարող է նշանակել ներկայացուցիչ` նրան տալով սույն կարգի 19-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված պահանջներին համապատասխան ձևակերպված լիազորագիր:
Օտարերկրյա անձինք ապրանքային նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Հայաստանի Հանրապետության հայտատուների համար որպես ներկայացուցիչ կարող է նշվել ինչպես արտոնագրային հավատարմատար, այնպես էլ այլ անձ:
Լիազորագիրը ներկայացվում է հայտի հետ կամ գործավարության ընթացքում, որը կցվում է հայտին:
Մինչև լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կողմից կատարվող գործողությունները համարվում են անվավեր և փորձաքննության ընթացքում հաշվի չեն առնվում:
Ներկայացուցչի ցանկացած գործողություն` նրան տրված լիազորությունների շրջանակներում, կամ նրա նկատմամբ Գործակալության ցանկացած գործողություն ունի նույն հետևանքները, ինչ հայտատուի գործողությունը կամ հայտատուի նկատմամբ կատարված գործողությունը:
Ներկայացուցչությունը վավերական է մինչև լիազորագրում նշված լիազորությունների սպառումը կամ դրա գործողության ժամկետի ավարտը:
Լիազորագրով տրված լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կատարվում է հայտատուի կամ նրա իրավահաջորդի կողմից Գործակալություն ներկայացված դիմումի համաձայն (լիազորագրի վերացում):
V. Գործակալության հետ գրագրությունը
38. Գործակալության հետ գրագրությունը կատարվում է հայտատուի կամ նրա կողմից լիազորված ներկայացուցչի միջոցով, յուրաքանչյուր հայտով առանձին:
Հայտ ներկայացնելուց հետո Գործակալություն ուղարկվող նյութերում, որոնք ստորագրում է հայտատուն կամ նրա ներկայացուցիչը, նշվում է հայտի համարը:
Եթե ներկայացված նյութերում նշված չէ հայտի համարը և այլ կերպ հնարավոր չէ այն պարզել, ապա դրանք հետ են վերադարձվում առանց քննարկման:
39. Հայտի քննարկման ընթացքում ուղարկվող նյութերը ներկայացվում են օրենքով սահմանված երկամսյա ժամկետում: Եթե ժամկետն արտահայտված է «ընթացքում...» բառով, իսկ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային է, ապա դրա ավարտը համարվում է հանգստյան օրվան հաջորդող աշխատանքային օրը: Եթե ժամկետի ավարտը վերջանում է այնպիսի ամսում, որում չկա համապատասխան ամսաթիվը, ապա ժամկետը վերջանում է այդ ամսվա վերջին օրը:
40. Եթե գրագրությունն իրականացնում է հայտատուի ներկայացուցիչը, ապա Գործակալության գրության (հարցման, որոշման և այլն) հետ կապված նյութերի ներկայացման ժամկետը հաշվարկվում է ներկայացուցչի կողմից նյութերի ստացման օրվանից:
Եթե Գործակալության կողմից փոստային համակարգով պատվերով առաքված նյութերը հայտատուին չեն հասնում նրա հասցեի փոփոխության պատճառով, ինչի մասին հայտատուն ժամանակին տեղյակ չի պահել Գործակալությանը, ապա գործավարությունը դադարեցվում է և հայտը համարվում է հետ կանչված:
41. Գործակալությունում գործավարությունն իրականացվում է հայերեն: Հայտատուի կողմից այլ լեզվով ներկայացված նյութին պետք է կցվի դրա հայերեն թարգմանությունը:
VI. Հայտի մեջ լրացումներ, ճշգրտումներ, ուղղումներ և
փոփոխություններ կատարելը
i
42. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտատուն իրավունք ունի փորձաքննության ընթացքում, մինչև նշանի գրանցման մասին որոշման ընդունումը, լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարել հայտի նյութերում, այսինքն` դիմումի, նշանի պատկերի և (կամ) դրա նկարագրության մեջ և ապրանքների ցանկում: Հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարվում են հայտատուի գրավոր դիմումի համաձայն, որին կցվում է հայտի նյութերում փոփոխություններ կատարելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվել է առանց պետական տուրքի վճարման անդորրագրի, այն քննարկման չի ընդունվում, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
Եթե վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Այս դեպքում փորձաքննության ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև հարցման պատասխանի ստացումը: Նշված ժամկետում այդ գումարը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված:
Դիմումը քննարկման ընդունելու դեպքում առաջարկվող փոփոխությունները հաշվի են առնվում Գործակալության կողմից և տեղ գտնում նրա հետագա որոշումներում, եթե այդ փոփոխությունները համապատասխանում են օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի և սույն կարգի 125-127-րդ կետերի պահանջներին:
Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, եթե լրացուցիչ նյութերը էապես փոփոխում են գրանցման ներկայացված նշանը, կամ եթե հայտի մեջ նշված ապրանքների ցանկում ներառվել են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ, ինչի մասին, համապատասխան հիմնավորմամբ, ծանուցվում է հայտատուն: Այս դեպքում նշանի առաջնությունը սահմանվում է լրացուցիչ նյութերի ստացման թվականով, եթե նոր հայտը ներկայացվել է այդ թվականից հետո երեք ամսվա ընթացքում և դրա ներկայացման թվականի դրությամբ սկզբնական հայտը հետ կանչված չէ:
(42-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
43. Հայտարկվող նշանի մեջ փոփոխություններ կատարելիս ներկայացվում է նշանի փոփոխված պատկերը` սույն կարգի 21-րդ կետում նշված օրինակների քանակով և սույն կարգի 28-րդ կետի համաձայն նշանի նկարագրությունը` մատնանշելով կատարվող փոփոխությունը:
44. Հայտատուի անվանման փոփոխության դեպքում ներկայացվում է այդ փոփոխությունը հաստատող փաստաթուղթը:
45. Ապրանքային նշանի գրանցման հայտով վկայական ստանալու իրավունքի զիջումը, այն է` Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն հայտի քննարկման ցանկացած փուլում, մինչև նշանի գրանցման մասին որոշման ընդունումը, հայտատուի փոփոխությունը կատարվում է Գործակալություն ներկայացված դիմումի համաձայն, որին կցվում է սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Դիմումը նշում է պարունակում նշանի վկայական ստանալու իրավունքն այլ անձի (իրավահաջորդին) զիջելու մասին, ինչպես նաև այդ անձի մասին սույն կարգի 23-րդ և 25-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում` նաև 26-րդ կետով նախատեսված տեղեկությունները և լիազորագիրը:
Դիմումը ստորագրում են հայտատուն և նրա իրավահաջորդը` սույն կարգի 36-րդ կետով նախատեսված կարգով:
Դիմումը կարող է ստորագրել նաև հայտատուն: Այս դիմումին կցվում է հայտատուի և նրա իրավահաջորդի կողմից ստորագրված իրավունքի զիջումը հաստատող փաստաթուղթը:
Սահմանված պահանջների կատարման դեպքում հայտատուն և նրա իրավահաջորդը ծանուցվում են հայտի նյութերում հայտատուի փոփոխության վերաբերյալ գրառում կատարելու մասին: Հետագա գրագրությունը կատարվում է նոր հայտատուի հետ:
Հայտատուի փոփոխության թվականը համարվում է հայտի նյութերում հայտատուի փոփոխման վերաբերյալ գրառում կատարելու մասին հայտատուին և նրա իրավահաջորդին ուղղված ծանուցագրի ուղարկման թվականը:
Սահմանված պահանջները խախտելու դեպքում հայտատուն և նրա իրավահաջորդը ծանուցվում են ներկայացված փաստաթղթերը ճշգրտելու և (կամ) ուղղելու անհրաժեշտության կամ հայտի նյութերում հայտատուի փոփոխության մասին գրառում կատարելու անհնարինության մասին` բերելով համապատասխան հիմնավորումներ:
46. Հայտատուի ներկայացրած լրացուցիչ փաստաթղթերը ստուգվում են սույն կարգի 125-127-րդ կետերին համապատասխան:
VII. Հայտի զատումը
i
47. Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն, եթե նշանի գրանցումը խնդրարկվում է երկու կամ ավելի ապրանքների համար, ապա մինչև նշանի գրանցման մասին փորձաքննության որոշման ընդունումը, ինչպես նաև օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, փորձաքննության որոշման բողոքարկման ընթացքում հայտատուն կարող է դիմում ներկայացնել տվյալ հայտը երկու կամ ավելի հայտերի բաժանելու մասին (զատված հայտեր)` այդ ապրանքները սկզբնական և զատված հայտերի միջև բաշխելու միջոցով (դիմումի ձևը կցվում է` Հավելված 3): Այս դեպքում զատված հայտերը պահպանում են սկզբնական հայտի ներկայացման թվականը և նշանի խնդրարկված առաջնության թվականը:
Ապրանքային նշանի հայտի զատման հետ կապված փոփոխությունները բաժնում կատարվում են այն դեպքում, երբ`
1) օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և սույն կարգի 45-րդ կետի համաձայն ներկայացվել է ապրանքային նշանի գրանցման հայտով վկայական ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ապրանքների մի մասի նկատմամբ, որոնց համար ներկայացված է ապրանքային նշանի գրանցման հայտը.
2) օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն հայտատուն դիմում է ներկայացրել հայտի զատման մասին:
(47-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
48. Սույն կարգի 47-րդ կետի համաձայն հայտը զատվում է և նոր հայտի գրանցումը կատարվում է այն դեպքում, երբ սկզբնական հայտը ներկայացված է մեկից ավելի ապրանքների համար, իսկ նշանի գրանցման հայտով վկայական ստանալու իրավունքի զիջման մասին դիմումը վերաբերում է դրանցից այն ապրանքներին, որոնք նույնատիպ չեն սկզբնական հայտի ապրանքներին:
49. Սույն կարգի 47-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում ապրանքային նշանի գրանցման հայտով զատման հիմք է ծառայում սեփականատիրոջ դիմումը, որի նկատմամբ կիրառվում են սույն կարգի 42-րդ կետի և 125-127-րդ կետերով սահմանված պահանջները:
i
50. Ապրանքային նշանի գրանցման հայտի զատման մասին դիմումը, որին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, բաժինը քննարկման է ընդունում, որի ընթացքում`
1) զատված հայտին տրվում է նոր համար, ընդ որում, այն կրկնում է սկզբնական հայտի գրանցման համարը` գծիկով ավելացված հերթական թիվը (օրինակ` 20050025-1 կամ 20050025-2).
2) զատված հայտով ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է տվյալ ապրանքային նշանի համար սկզբնական հայտով սահմանված առաջնության թվականով.
3) զատված հայտի ներկայացման թվականը սահմանվում է սկզբնական հայտի ներկայացման թվականով, եթե այն արդեն սահմանված էր:
(50-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
51. Ապրանքային նշանի գրանցման հայտը զատելու մասին հայտատուն ծանուցվում է: Եթե զատվող հայտով դեռևս չի անցկացվել Օրենքի 9-րդ հոդվածի և սույն կարգի 68-րդ և 69-րդ կետերի համաձայն նախնական փորձաքննություն, ապա անցկացվում է նախնական փորձաքննություն, որի արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է զատված հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին: Հայտը քննարկման ընդունվելու դեպքում հայտատուն ծանուցվում է ապրանքային նշանի ներկայացման թվականի մասին:
VII. Հայտի փաստաթղթերին ծանոթանալը
52. Հայտատուն (նրա ներկայացուցիչը) իրավունք ունի ծանոթանալու իր կողմից ներկայացված հայտին և դրան վերաբերող փաստաթղթերին ինչպես Գործակալությունում` նախօրոք համաձայնեցնելով օրը և ժամը, այնպես էլ դրանց պատճենները պահանջելու միջոցով: Պատճեններն ուղարկվում են հայտատուին` օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում:
VIII. Փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին ծանոթանալը
53. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հայտատուն իրավունք ունի ծանոթանալու փորձաքննության որոշման մեջ նշված նյութերին:
Որոշման ստացման օրվանից մեկ ամսվա ընթացքում հայտատուն կարող է պահանջել այդ նյութերի պատճենները, եթե դրանք կցված չեն նշված որոշմանը, որոնք տրվում են հայտատուին` օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում:
IX. Հայտի քննարկումը հայտատուի մասնակցությամբ
i
54. Հայտի հետ կապված հարցերի քննարկումն անցկացվում է հայտատուի (նրա ներկայացուցչի) մասնակցությամբ, եթե փորձաքննության համար անհրաժեշտ է ստանալ հայտարկվող նշանի, ապրանքների ցանկի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ, ինչպես նաև գրանցման պայմաններին հայտարկվող նշանի համապատասխանության հարցում հայտատուի և փորձաքննության դիրքորոշումների հստակեցման նպատակով:
Այդպիսի քննարկում անցկացվում է Գործակալության առաջարկությամբ կամ հայտատուի խնդրանքով, երբ երկու կողմերն էլ ծանոթացել են այդ հարցերին: Փորձաքննության հարցերը շարադրվում են հարցման մեջ, որտեղ լրացուցիչ նշվում է համատեղ քննարկման անհրաժեշտությունը, իսկ հայտատուի հարցերը` համատեղ քննարկում անցկացնելու մասին դիմումի մեջ:
Հարցմանը հայտատուն պատասխանում է Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն նախատեսված ժամկետում, անկախ նրանից` մտադիր է մասնակցել հայտի քննարկմանը, թե ոչ:
Հայտի քննարկման օրն ու ժամը նախօրոք համաձայնեցվում են: Հանգամանքների փոփոխության դեպքում այն կողմը, որը հնարավորություն չունի նշանակված ժամին մասնակցելու հայտի քննարկմանը, անհապաղ այդ մասին տեղեկացնում է մյուս կողմին:
Եթե Գործակալությունը կամ հայտատուն հայտի համատեղ քննարկումը համարում է վաղաժամ կամ ոչ նպատակահարմար, Գործակալության առաջարկությունը կամ հայտատուի խնդրանքը մերժվում է:
Հայտատուի ներկայացուցիչը կարող է մասնակցել հայտի քննարկմանը սույն կարգի 19-րդ կետի 4-րդ ենթակետի և 37-րդ կետի պայմանները պահպանելու դեպքում: Հայտի համատեղ քննարկման արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որն ստորագրում են քննարկման մասնակիցները:
(54-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
X. Պահանջված նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգումը
55. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան, հայտատուի գրավոր դիմումի համաձայն, Գործակալության հարցմամբ պահանջված նյութերի ներկայացման ժամկետը երկարաձգվում է ոչ ավելի, քան 6 ամսով: Դիմումին կցվում է այն ներկայացնելու համար սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը:
56. Լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին դիմումը ներկայացվում է հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
57. Ժամկետի երկարաձգման մասին դիմումի մեջ նշվում է, թե ինչքան ժամանակով է խնդրարկվում ժամկետի երկարաձգումը, որը չի կարող 6 ամսից ավելի լինել: Դիմումի մեջ նման նշում չլինելու դեպքում ժամկետը երկարաձգվում է 6 ամսով: Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուն ծանուցվում է:
58. Պահանջվող նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում, եթե դիմումն ստացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, կամ չի ներկայացվել սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափին, հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ: Այդ ժամկետում նշված գումարը չվճարելու դեպքում, պահանջված նյութերի ներկայացման ժամկետը չի երկարաձգվում:
Այս դեպքում հայտատուն ծանուցվում է իր խնդրանքը մերժելու մասին:
XI. Բաց թողնված ժամկետների վերականգնումը
59. Օրենքի 10-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան վերականգնվում են հայտատուի կողմից բաց թողնված հետևյալ ժամկետները`
1) փորձաքննության հարցումով լրացուցիչ նյութերի ներկայացման ժամկետը.
2) մերժման մասին որոշման դեմ առարկություն ներկայացնելու ժամկետը.
3) փորձաքննության ցանկացած որոշման դեմ բողոք ներկայացնելու ժամկետը.
4) փորձաքննության որոշման մեջ նշված փաստաթղթերի պատճենները պահանջելու ժամկետը:
60. Գործակալությունը հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը վերականգնում է դրա լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, հայտատուի ներկայացրած դիմումի համաձայն, որին պետք է կցվի սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը:
61. Առանց պետական տուրքի վճարման անդորրագրի ներկայացված դիմումը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
62. Բաց թողնված ժամկետի վերականգնման մասին հայտատուն ծանուցվում է:
XII. Հայտի հետկանչումը
63. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն հայտատուի դիմումի հիման վրա հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում: Դիմումը կարող է ներկայացվել մինչև նշանի պետական գրանցումը: Հայտը համարվում է հետ կանչված` այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու թվականից:
64. Հետ կանչված հայտով իրավաբանական նշանակություն ունեցող որևէ գործողություն չի կատարվում (այդպիսի հայտով փորձաքննություն չի կատարվում, ապրանքային նշանը չի գրանցվում): Այլ հայտերի փորձաքննության ընթացքում հետ կանչված հայտը հաշվի չի առնվում:
i
65. Սույն կարգի 64-րդ կետի դրույթները գործում են նաև այն հայտերի նկատմամբ, որոնք օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն համարվել են հետ կանչված: Ընդ որում, այդպիսի հայտի հետկանչման թվականը որոշվում է այդ մասին ծանուցագիրը հայտատուին ուղարկելու թվականով, եթե ծանուցագրի մեջ այլ թվական նշված չէ: Ծանուցագրի մեջ նշվում են հետկանչման հիմքերը:
(65-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
ՄԱՍ 3. Հայտի քննարկումը Գործակալությունում
XIII. Նախնական փորձաքննությունը
Ներկայացված հայտի գրանցումը
66. Գործակալություն ներկայացված հայտին, որին կցված է համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը, տրվում է գրանցման համար, եթե հայտում նշված են առնվազն հայտատուն և նրա բնակության կամ գտնվելու վայրի հասցեն, ապրանքային նշանը և այն ապրանքներն ու ծառայությունները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը: Եթե հայտում բացակայում է նշված տվյալներից որևէ մեկը, կամ հայտին կից չի ներկայացվել պետական տուրքի վճարման անդորրագիրը, կամ եթե հայտը ներկայացված է այլ լեզվով, ինչը նախատեսված չէ ՀՀ միջազգային պայմանագրով, ապա ներկայացված հայտը չի գրանցվում և վերադարձվում է հայտատուին` պահպանելով դրա պատճենը:
Գրանցված հայտը վերադարձման ենթակա չէ:
Նախնական փորձաքննության ժամկետները
67. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայտի նախնական փորձաքննությունն անցկացվում է այն ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Հայտատուին հարցում ուղարկելու դեպքում նշված ժամկետի ընթացքը դադարեցվում է մինչև պատասխանի ստացումը:
Նախնական փորձաքննության խնդիրները
68. Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն նախնական փորձաքննության խնդիրն է` ստուգել հայտի կազմը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Դրա արդյունքների հիման վրա որոշում է հայտը քննարկման ընդունել կամ քննարկման չընդունել, ինչի մասին ծանուցում է հայտատուին: Հայտը քննարկման ընդունելու դեպքում, հայտատուն ծանուցվում է ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականի մասին, այսինքն` համապատասխան ծանուցման տեղեկանքում պարտադիր ձևով նշվում է հայտի ներկայացման թվականը:
Նախնական փորձաքննության բովանդակությունը
69. Նախնական փորձաքննության ընթացքում ստուգվում է հետևյալ նյութերի և տվյալների առկայությունն ու սահմանված պահանջներին դրանց համապատասխանությունը`
1) դիմում` ներկայացված պատկերը որպես ապրանքային նշան գրանցելու մասին.
2) հայտատուի անվան (անվանման) ու հասցեի նշումը.
3) արտոնագրային հավատարմատարի կամ հայտատուի այլ ներկայացուցչի (եթե այդպիսիք կան) անունը և հասցեն.
4) հայտարկվող նշանի պատկերը.
5) այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը.
6) հայտարկվող նշանի նկարագրությունը.
7) առաջին հայտի պատճենը` կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում.
8) ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում` դրա իրավասությունը հաստատող փաստաթղթերը.
9) հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
10) կոլեկտիվ նշանի կանոնադրությունը` կոլեկտիվ նշանի հայտ ներկայացնելու դեպքում.
11) արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը.
12) հայտին կից այլ լեզվով ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը:
70. Հայտի ներկայացման թվականը սահմանվում է սույն կարգի 69-րդ կետի 1, 2, 4, 5, 9 ենթակետերում թվարկված տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման թվականով:
71. Նշանի առաջնությունը սահմանվում է հայտի ներկայացման թվականով, բացառությամբ այն դեպքերի, երբ խնդրարկվում է կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնություն:
72. Հայտին կցվող փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության հայտատուները դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնում են հայտի հետ, իսկ օտարերկրյա հայտատուները` հայտը ներկայացնելու օրվանից երկամսյա ժամկետում: Հայտին կցված այլ լեզվով փաստաթղթերը, մինչև դրանց հայերեն թարգմանություն ներկայացնելը, համարվում են չներկայացված:
73. Սույն կարգի 69-րդ կետի 3, 7, 8, 10 ենթակետերում թվարկված տեղեկությունների կամ փաստաթղթերի բացակայությունը կամ սույն կարգին դրանց անհամապատասխանությունը չի կարող արգելք հանդիսանալ հայտը քննարկման ընդունելու և հայտի ներկայացման թվականը սահմանելու համար:
Նախնական փորձաքննության փուլում հայտում ոչ ճիշտ ձևակերպված նյութեր և (կամ) տեղեկություններ հայտնաբերելու և (կամ) փաստաթղթերի բացակայության դեպքում, հայտը քննարկման ընդունելու մասին որոշմամբ հայտատուն ծանուցվում է նաև դրանց ներկայացման և (կամ) ճշգրտման անհրաժեշտության մասին:
Պետական տուրքի վճարման ստուգումը
74. Ներկայացված փաստաթղթերում ստուգվում է նաև հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Անդորրագրի բացակայության դեպքում հայտը քննարկման չի ընդունվում:
Եթե ներկայացվել է պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` անդորրագրի բնօրինակը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:
Երկու ամսվա ընթացքում պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
Եթե անդորրագիրը ներկայացվել է, սակայն վճարված գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, ապա հայտատուին ուղարկվում է հարցում` պակաս վճարված գումարը երկամսյա ժամկետում վճարելու առաջարկությամբ:
Երկու ամսվա ընթացքում նշված գումարի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
Եթե ներկայացված անդորրագրով հաստատվում է հայտ ներկայացնելու և ԱԾՄԴ-ի մեկ կամ մի քանի դասով փորձաքննություն անցկացնելու համար սահմանված չափով պետական տուրքի վճարումը, սակայն դա չի համապատասխանում ԱԾՄԴ-ի դասերի քանակին, որոնցով խնդրարկվում է նշանի գրանցումը, ապա հայտատուին առաջարկվում է համապատասխան հարցումն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում ներկայացնել դասերի քանակին համապատասխան լրացուցիչ վճարված պետական տուրքի անդորրագիրը կամ ճշգրտել ԱԾՄԴ-ի դասերի քանակը, որոնցով պետք է կատարվի նշանի գրանցումը:
Երկու ամսվա ընթացքում նշված պետական տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված դասերին համապատասխան, իսկ այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում` հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված այն դասերից ելնելով, որոնց քանակը համապատասխանում է վճարված պետական տուրքի գումարին:
Եթե պետական տուրքը վճարվել է զեղչով, ապա ստուգվում է նաև աշխատողների թվաքանակի մասին սույն կարգի 19-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված տեղեկանքի առկայությունը:
Նշված տեղեկանքի բացակայության դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում` երկամսյա ժամկետում այն ներկայացնելու կամ պետական տուրքի համապատասխան լրավճարում կատարելու և դրա անդորրագիրը ներկայացնելու կամ վճարված գումարին համապատասխան նրա հավակնությունների ծավալի սահմանափակման առաջարկությամբ, եթե դա հնարավոր է:
Երկու ամսվա ընթացքում նշված տեղեկանքը կամ պետական տուրքի լրավճարման անդորրագիրը չներկայացնելու դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ հայտի հետագա քննարկումը կիրականացվի նրա կողմից ճշգրտված դասերին (ծավալին) համապատասխան, իսկ այդպիսի ճշգրտման բացակայության դեպքում` հայտի սկզբնական նյութերում առաջինը նշված այն դասերից ելնելով, որոնց քանակը համապատասխանում է վճարված պետական տուրքի գումարին, իսկ դրա անհնարինության դեպքում` հայտը կհամարվի հետ կանչված:
(74-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Հայտում բացակայող կամ ուղղված նյութեր ներկայացնելու մասին հարցումը
75. Եթե նախնական փորձաքննության ընթացքում պարզվում է, որ հայտը ձևակերպված է սույն կարգով նախատեսված պահանջների խախտմամբ, հայտատուին ուղարկվում է հարցում` այն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում ի հայտ բերված խախտումներն ուղղելու կամ բացակայող տեղեկությունները ներկայացնելու առաջարկությամբ:
76. Հարցման հիմք կարող է հանդիսանալ`
1) հայտի նյութերում սույն կարգի 69-րդ կետի 1, 2, 4, 5, 6, 11 ենթակետերում նշված փաստաթղթերում բացակայող տեղեկությունները.
2) պետական տուրքի վճարման անդորրագրի մեջ այն տեղեկության բացակայությունը, որ պետական տուրքը վճարված է համապատասխան հաշվի համարին.
3) վճարված պետական տուրքի գումարի անհամապատասխանությունը սահմանված չափերին, իսկ զեղչով պետական տուրք վճարելու դեպքում` աշխատողների թվաքանակի մասին տեղեկանքի բացակայությունը:
77. Սույն կարգի 75-րդ կետին համապատասխան ուղարկված հարցումը սահմանված ժամկետում անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
Հայտը քննարկման ընդունելու մասին որոշումը
78. Օրենքի 9-րդ հոդվածի համաձայն սահմանված պահանջներին հայտի համապատասխանության, ինչպես նաև հարցմանը համապատասխան պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը ժամանակին ներկայացնելու դեպքում, հայտատուին ուղարկվում է տեղեկանք հայտը քննարկման ընդունելու և նշանի առաջնությունը սահմանելու մասին (բացառությամբ այն դեպքերի, երբ առաջնությունը պետք է սահմանվի հայտարկվող նշանի փորձաքննության ընթացքում):
79. Հայտը քննարկման ընդունելու մասին տեղեկանքով հայտատուն կարող է ծանուցվել`
1) հայտարկվող նշանի փորձաքննության ընթացքում կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնություն սահմանելու հնարավորության մասին, եթե այդ պահանջի իրավասությունը հաստատող փաստաթղթերը Գործակալություն ներկայացվեն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, հայտի ներկայացման օրվանից 3 ամսվա ընթացքում.
2) փորձաքննության ընթացքում ապրանքների ցանկի վերլուծության արդյունքում վճարման ենթակա պետական տուրքի չափի հնարավոր ճշտման մասին.
3) Օրենքով և սույն կարգով նախատեսված այլ տեղեկությունների և փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին:
Հայտը քննարկման չընդունելու մասին որոշումը
80. Եթե փորձաքննության հարցման համաձայն հայտատուի ներկայացրած նյութերը չեն պարունակում պահանջված տեղեկությունները և (կամ) փաստաթղթերը, ապա որոշում է կայացվում հայտը քննարկման չընդունելու մասին` բերելով անհրաժեշտ հիմնավորումներ:
81. Սույն կարգի 66-րդ կետի համաձայն, համապատասխան որոշմամբ հայտը քննարկման չի ընդունվում նաև այն դեպքերում, երբ`
1) բացակայում է նշանը որպես ապրանքային նշան գրանցելու մասին դիմումը.
2) բացակայում է հայտատուի լրիվ անվանումը և բնակության կամ գտնվելու վայրի հասցեն.
3) բացակայում է այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը.
4) բացակայում է նշանի պատկերը.
5) բացակայում է պետական տուրքի վճարման անդորրագիրը:
XIV. Հայտարկվող նշանի փորձաքննությունը
Հայտարկվող նշանի փորձաքննության խնդիրները
82. Փորձաքննության խնդիրն է` ստուգել հայտարկվող նշանի համապատասխանությունը օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ և 12-րդ հոդվածների պահանջներին և սահմանել ապրանքային նշանի առաջնությունը, եթե այն չի սահմանվել նախնական փորձաքննության ընթացքում:
83. Հայտարկվող նշանի փորձաքննության արդյունքներով որոշում է կայացվում ապրանքային նշանը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու մասին:
84. Ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման մեջ հիմնականում նշվում են հետևյալ տեղեկությունները`
1) հայտի համարը.
2) հայտի ներկայացման թվականը.
3) կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնությանը վերաբերող տվյալները (եթե դրանք կան).
4) հայտատուն.
5) ապրանքային նշանի պատկերը.
6) չպահպանվող տարրերի նշումը (եթե դրանք կան): Այս դեպքում բերվում են օրենքին և սույն կարգին համապատասխան ապրանքային նշանի տարրերի պահպանությունը մերժելու հիմքերը.
7) նշանի գույնը կամ գունային համակցությունը (եթե խնդրարկվում է գունավոր ապրանքային նշան).
8) ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված ապրանքների ցանկը:
85. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշման մեջ հիմնականում նշվում են սույն կարգի 84-րդ կետի 1, 2, 4 և 5 - րդ ենթակետերը և բերվում են օրենքին և սույն կարգին համապատասխան ապրանքային նշանի գրանցումը մերժելու հիմքերը:
Հայտարկվող նշանի փորձաքննության բովանդակությունը
86. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն քննարկման ընդունված հայտով նախնական փորձաքննության ավարտից հետո 6-ամսյա ժամկետում անցկացվում է հայտարկվող նշանի փորձաքննություն:
Հայտարկվող նշանի փորձաքննության ընթացքում`
1. ստուգվում է հայտի նյութերի համապատասխանությունը սույն կարգի 17-36-րդ կետերով սահմանված պահանջներին, բացառությամբ այն նյութերի, որոնք ստուգվում են նախնական փորձաքննության ընթացքում (կարգի 69-74-րդ կետերի).
2. ստուգվում է ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված ապրանքների ցանկը.
3. սահմանվում է ապրանքային նշանի առաջնությունը օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասին համապատասխան, եթե այն չի սահմանվել նախնական փորձաքննության ընթացքում.
4. ստուգվում է հայտարկվող նշանի համապատասխանությունը սույն կարգի 11-15-րդ կետերով նախատեսված գրանցման պայմաններին:
Ապրանքների ցանկի ստուգումը
87. Ապրանքների դասակարգումը կատարվում է ԱԾՄԴ-ի հիման վրա: Ստուգման ընթացքում պարզվում է`
1. հայտատուի կողմից ապրանքի կամ ծառայության նշման համար օգտագործված տերմինը ԱԾՄԴ այս կամ այն դասի որոշակի ապրանքի կամ ծառայության հետ միանշանակ նույնականացնելու հնարավորությունը.
2. հայտատուի կողմից ապրանքների խմբավորման ճշտությունը:
88. Հայտատուի կողմից ներկայացված ապրանքների ցանկի ճշգրտման անհրաժեշտության դեպքում (եթե հայտում տրված ապրանքների ցանկը շատ ընդհանրացված է և հնարավորություն չի տալիս միանշանակ որոշել ապրանքների դասերը), փորձագետն հայտատուից պահանջում է համապատասխան ճշգրտումներ կատարել այդ ցանկում: Անհրաժեշտության դեպքում պարզել ապրանքների կիրառման բնագավառը կամ պահանջել այն նյութերի ցանկը, որոնցից դրանք պատրաստված են: Օրինակ` շատ ընդհանրացված «կարի արտադրանքներ» անվանումը ներառում է կարի արտադրանքի որոշակի տեսակներ, որոնք վերաբերում են ԱԾՄԴ տարբեր դասերի` հագուստ -դաս 25, սպիտակեղեն (անկողնային) - դաս 24, կտորից պարկեր - դաս տիկնիկների հագուստ -դաս 28:
Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից նշված ԱԾՄԴ դասերի իրական քանակն ավելի է ԱԾՄԴ դասերի այն քանակից, որոնց համար վճարված է փորձաքննություն անցկացնելու համար պետական տուրքը, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` լրացուցիչ պետական տուրք վճարելու կամ իր հավակնությունների սահմանափակման (ԱԾՄԴ այն դասերի քանակի կրճատման, որոնցով խնդրարկվում է նշանի գրանցումը) անհրաժեշտության մասին:
Լրացուցիչ պետական տուրք վճարելուց կամ իր հավակնությունների սահմանափակումից հայտատուի հրաժարվելու կամ ծանուցագիրն անպատասխան թողնելու դեպքում, փորձաքննությունն անցկացվում է հայտում առաջինը նշված ԱԾՄԴ այն քանակի դասերի նկատմամբ, որոնց համար վճարված է պետական տուրքը:
Եթե պարզվում է, որ հայտատուի կողմից հայտում նշված ապրանքները ճիշտ դասակարգված չեն ըստ ԱԾՄԴ դասերի և դրանց ճիշտ դասակարգման դեպքում ԱԾՄԴ դասերի քանակը դառնում է ավելի, քան նշված է հայտում և որոնց համար վճարված է պետական տուրք, ապա հայտատուին ուղարկվում է ծանուցագիր` լրացուցիչ պետական տուրք վճարելու կամ ապրանքների ցանկի սահմանափակման անհրաժեշտության մասին:
Լրացուցիչ պետական տուրք վճարելուց կամ ապրանքների ցանկի սահմանափակումից հայտատուի հրաժարվելու կամ ծանուցագիրն անպատասխան թողնելու դեպքում, փորձաքննությունն անցկացվում է սույն կարգի 31-րդ կետին համապատասխան առաջինը նշված այն քանակի դասերում դասակարգված ապրանքների նկատմամբ, որոնց համար բավարարում է վճարված պետական տուրքը: Օրինակ` եթե հայտում նշված ապրանքները ներկայացված են որպես 2-րդ և 25-րդ դասի ապրանքներ և պետական տուրքը վճարված է մեկ լրացուցիչ դասի համար, իսկ փորձաքննության կողմից ճիշտ դասակարգման արդյունքում 2-րդ դասում նշված տեխնիկական յուղերը դասակարգվել են 4-րդ դասում, ինչի հետևանքով հայտում նշված բոլոր ապրանքները դասակարգվում են 2-րդ, 4-րդ և 25-րդ դասերում, ապա տվյալ դեպքում փորձաքննությունը կանցկացվի 2-րդ և 4-րդ դասերի ապրանքների նկատմամբ: Կամ եթե հայտում նշված ապրանքները ներկայացված են որպես 2-րդ դասի ապրանքներ և մեկ լրացուցիչ դասի համար պետական տուրքը վճարված չէ, իսկ փորձաքննության կողմից ճիշտ դասակարգման արդյունքում 2-րդ դասում նշված առաջին ապրանքը` տեխնիկական յուղերը դասակարգվել են 4-րդ դասում, ապա ապրանքային նշանի փորձաքննությունը կանցկացվի 2-րդ դասի ապրանքների նկատմամբ:
(88-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Հայտարկվող նշանի պահպանունակության ստուգումը
89. Հայտարկված նշանն ստուգվում է նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքերով` օրենքի 11-րդ հոդվածին և սույն կարգի 11-14-րդ կետերին համապատասխան, ինչպես նաև գրանցման մերժման այլ հիմքերով` օրենքի 12-րդ հոդվածին և սույն կարգի 15-րդ կետին համապատասխան:
Նշանի ստուգումը գրանցումը մերժելու բացարձակ հիմքերով
90. Նշանի գրանցման մերժումը բացարձակ հիմքերով պայմանավորված է նշանի առանձնահատկություններով և կախված չէ նրանից, թե ինչ ապրանքների ծառայությունների համար է խնդրարկվում դրա գրանցումը (ապրանքի բնույթից): Հայտարկվող նշանի ստուգմամբ առաջին հերթին պարզվում է` արդյոք նշանը սույն կարգի 11-14-րդ կետերում նշված նշաններից է, թե որպես տարր ներառում է այդպիսի նշան: Դրա համար անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը`
1) Որպես ապրանքային նշան չեն գրանցվում այն նշանները, որոնք չունեն տարբերակող հատկություն, նկարագրական կամ գովաբանական բնույթի են: Այդպիսի նշաններ են, մասնավորապես, այն նշանները, որոնք իրենցից ներկայացնում են պատկերներ և կազմված են, օրինակ`
սոսկ պարզ երկրաչափական պատկերներից, գծերից, ինչպես նաև դրանց զուգակցումից, որոնց համակցությունը չի տալիս դրա մեջ մտնող տարրերի ընկալումից տարբերվող ընկալման այլ որակական մակարդակ. ապրանքների իրական կամ սխեմատիկ պատկերներից, որոնք գրանցման են ներկայացվել նույն կամ նույնատիպ ապրանքների համար.
գրաֆիկական յուրահատուկ ոճ չունեցող առանձին տառերից, թվերից, որպես բառ չընկալվող տառերի զուգակցումից.
համընդհանուր ընդունված անվանումներից, որոնք, որպես կանոն, իրենցից ներկայացնում են ապրանքների կամ դրանց արտադրության (մատուցման) հաստատության պարզ նշումներ և հայտարկված են այդ ապրանքները մակնշելու համար, ապրանքի պարզ պատկերումից, ապրանք արտադրողին վերաբերող տեղեկություններից, ինչպես նաև ապրանքների արտադրման ժամանակը, եղանակը, արտադրման կամ իրացման վայրը, ապրանքների տեսակը, որակը, հատկանիշները (այդ թվում և գովաբանական բնույթի), քանակը, բաղադրությունը, կշռային հարաբերակցությունը, նյութը, հումքը, կիրառությունը և արժեքը մատնանշող կամ սպառողի կողմից որպես այդպիսին ընկալվող տվյալներից.
եռաչափ օբյեկտների պատկերներից, որոնց ձևը բացառապես պայմանավորված է դրանց գործառնական նշանակությամբ.
կազմակերպությունների, ընկերությունների, բնագավառների, համընդհանուր ընդունված անվանումներից կամ դրանց հապավումներից:
2) Բացառապես պարզ երկրաչափական պատկերներից կազմված նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք որպես միակ տարր ներառում են եռանկյունու, շրջանի, քառակուսու, գծի կամ այդ տարրերի պարզ համակցության պատկերները, կամ բաղկացած են միայն մեկ գույնի պարզ երկրաչափական պատկերներից:
Մասնավորապես նման նշանների թվին են դասվում նաև այն նշանները, որոնք չնայած կատարված են մեկից ավելի գույների և (կամ) երկրաչափական պատկերների համակցությամբ, այնուամենայնիվ, ենթակա չեն գրանցման այն պատճառով, որ չունեն տարբերակող հատկություն, քանի որ դրանց գրաֆիկական կատարումը հնարավորություն չի տալիս սպառողին դրանք տարբերել նմանատիպ այլ նշաններից, չունի որոշակի երկրաչափություն, որը բավարար է այն «ճանաչելու» համար կամ շփոթելու աստիճան նմանվում է մեկ գույն ունեցող ապրանքին կամ դրա փաթեթավորմանը: Այդպիսի նշաններից են, մասնավորապես, հոլոգրաֆիական նշանները, այն նշանները, որոնք կատարված են մեկ գույնի երփներանգման տեսքով և ունեն պարզ երկրաչափական պատկերի տեսք և այլն:
3) Թվերից, առանձին տառերից կամ տառերի զուգակցումից կազմված, բայց բառային բնույթ չունեցող նշանների թվին են պատկանում տառերը, թվերը և դրանց զուգակցումը, որոնք չեն ընկալվում որպես բառ և հայերենով դժվար արտասանելի են: Այդպիսի նշաններ են` ՍԿԴ (ՀԿՓ), Հայջրփրկ, ԵրՄՄԳՀ, կպ-12, Q10 և այլն: Բացառություն են կազմում այն նշանները, որոնք կատարված են գրաֆիկական յուրահատուկ ոճով և դրա շնորհիվ կարող են դիտվել որպես պատկերային նշան, և այն տառերի զուգակցումը, որոնք ունեն բառային բնույթ, օրինակ` ԵրԱԶ, ԻՄԱԿ, (ԼՕՄՕ, BCAPM, ՎԻԼԱՐ, ԳԻՆԱՐ և այլն):
4) Տարբերակող հատկություն չունեցող նշանների թվին են պատկանում նաև այն նշանները, որոնք գրանցման են ներկայացվել որպես բառային նշաններ, սակայն ունեն հիերոգլիֆներով, արաբական, պարսկական, վրացական և այլ համանման տառերով գրված բառի տեսք և ընդհանուր առմամբ ընկալելի չեն ՀՀ սպառողների համար, ինչպես նաև այն նշանները, որոնց մեջ այդպիսի նշանը գերիշխող տարր է հանդիսանում:
5) Որպես կանոն, համընդհանուր ճանաչում ստացած անվանումների թվին են պատկանում ապրանքների սեռային և տեսակային անվանումները, որոնք ներկայացվում են գրանցման որպես ապրանքային նշաններ` այդ նույն ապրանքների նշումով, օրինակ` մեղվի մեղր, օշարակ, խնձորի հյութ և այլն:
6) Ապրանքների պարզ պատկեր ներկայացնող նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք ապրանքների պարզ վերարտադրումն են և ներկայացվում են գրանցման այդ նույն ապրանքների նշումով:
7) Ապրանք արտադրողի վերաբերյալ տեղեկություններից բաղկացած նշանների թվին են դասվում հայտարկվող նշանի մեջ պարունակվող արտադրության ստեղծման պատմությանը, հասցեին և այլնին վերաբերող տվյալները, որոնք չունեն տարբերակող հատկություն:
8) Ապրանքի արտադրման ժամանակը, եղանակը, արտադրման կամ իրացման վայրը, ապրանքի տեսակը, որակը, հատկանիշները (այդ թվում և գովաբանական բնույթի), քանակը, բաղադրությունը, կշռային հարաբերակցությունը, նյութը, հումքը, կիրառությունը և արժեքը մատնանշող նշանների թվին են դասվում այնպիսի նշանները, ինչպիսիք են` «LIGEROS» (թեթև) սիգարետների համար` որակը, «ԷՔՍՏՐԱ», «ԼՅՈՒՔՍ», «SUPER» համընդհանուր օգտագործվող գովաբանական բնույթի հատկանիշները, «SUGAR WIN» (շաքարի երկվորյակը) արհեստականորեն քաղցրացնող նյութի համար` կիրառությունը, «GALVANAL» գալվանապատման եղանակով ստացվող մետաղաթերթերի համար` արտադրման եղանակը, «METALL» ձևավոր ձուլվածքի համար` նյութը:
9) Նկարագրական բնույթի նշանների թվին են դասվում նաև այն բառերը, որոնք չունենալով երևակայական բնույթ, կազմված են որևէ բնագավառի հանրահայտ կրճատ անվանումից, որպես կանոն, աշխարհագրական բնույթի անվանումների կրճատումների զուգակցմամբ, օրինակ` Հայէներգո:
10) Տարբերակող հատկություն չունեն նաև այն անվանումները, որոնք կազմված են բացառապես իրավաբանական անձի տեսակի նշումից (գործարան, ընկերություն, միություն), ինչպես նաև ընդհանուր լեզվական ֆոնդի բառային նշանները, օրինակ` «international», «general» «միավորում» և այլն:
11) Որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ, ինչպես նաև որոշակի գործունեության հետ կապված և համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշները և տերմինները:
12) Համընդհանուր գործածում գտած որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք նախկինում գրանցված են եղել որպես ապրանքային նշան, բայց սպառողի կողմից ընկալվում են որպես ապրանքի սեռային կամ տեսակային անվանում տարբեր արտադրողների կողմից նույն կամ նույնատիպ ապրանքների համար իրարից անկախ բազմիցս օգտագործելու պատճառով, օրինակ` թերմոս, վազելին, ցելոֆան, նովոկաին, լինոլեում և այլն:
13) Որոշակի գործունեության հետ կապված համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշների թվին են պատկանում այն նշանները, որոնք մատնանշում են ապրանքների ցանկի մեջ ընդգրկված տնտեսության կամ գործունեության այն ճյուղը, բնագավառը, որին վերաբերում է հայտարկվող նշանը, օրինակ` թել ու ասեղի կամ մկրատի պատկերները` կարի արդյունաբերության համար, ատամնանիվը` մեքենաշինության համար, կարկինը` նախագծային կազմակերպության համար, որոնք չեն կարող ծառայել որպես անհատականացման (նույնականացման) միջոց:
14) Համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշների թվին են պատկանում գիտության և տեխնիկայի մեջ օգտագործվող պայմանական նշանները, օրինակ` քիմիական տարրերի սիմվոլները (Fe, Ca), կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ, ԵՍԿԴ) սկզբունքային սխեմաների գրաֆիկական նշանները: Համընդհանուր ճանաչում ստացած տերմինների թվին են պատկանում գիտության և տեխնիկայի մասնագիտացված ճյուղերին վերաբերող բառապաշարային միավորները: Այդպիսի տերմինների օրինակներ են` կոբալտ, հիդրոդինամիկա, քրոմ, ստատիկա և այլն: Համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշների թվին են պատկանում նաև այնպիսի նշանները, ինչպիսիք են, օրինակ` կենտրոնախույս աղեղներից բաղկացած շրջանաձև պատկերը, որը խորհրդանշում է հավերժությունը, գլոբուսի պատկերը մայր ցամաքների ուրվագծերով` որպես Երկիր մոլորակի խորհրդանիշ, գավաթին փաթաթված օձի պատկերը, որը խորհրդանշում է բժշկությունը և այլն:
15) Որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնց առանձնահատկության պատճառով դրանց օգտագործման բացառիկ իրավունքը չի կարելի ընձեռել որևէ անձի, նկատի ունենալով, որ առևտրային գործունեության ընթացքում բոլոր անձինք օրինաչափ ձևով կարող են օգտագործել այդ նշանները: Օրինակ` ամբողջապես կազմված են այնպիսի անվանումից, որը կարող է ընկալվել որպես տվյալ ապրանքի ծագումը կամ դրա հետ կապված` ապրանքի հիմնական առանձնահատկությունը բնորոշող միջոց կամ որպես գերիշխող տարր ներառված են նշանի մեջ: Այդպիսի նշանների թվին են պատկանում, օրինակ` «հայկական խոհանոց», «ռուսական հեռուստատեսություն», «համահայկական կինոփառատոն», «հայկական ջրեր», «Երևան», «Հայաստան» և այլն:
16) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, որպես ապրանքային նշան գրանցման ենթակա չեն այն նշանները, որոնք վերարտադրում են պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշներ, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշներ, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ, հավաստագրային նշաններ և այլ տարբերանշաններ կամ թվարկվածներին շփոթելու աստիճան նման նշանները, քանի որ դրանցով կարող են նշվել տարբեր հայտատուների ապրանքները, իսկ վերջիններս հավասար իրավունքներ ունեն օգտագործելու դրանք իրենց նշանի մեջ` ընդգծելու համար, մասնավորապես, իրենց ապրանքների բարձր որակը: Դրանք որպես չպահպանվող տարրեր կարող են ներառվել ապրանքային նշանի մեջ, եթե հայտատուն ներկայացրել է դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը հաստատող փաստաթուղթ:
17) Աշխարհագրական անվանումները, որոնք կարող են ընկալվել որպես տվյալ ապրանքն արտադրողի գտնվելու վայր, չեն կարող գրանցվել որպես ապրանքային նշան, քանի որ դրանց գրանցումը որևէ անձի անունով սահմանափակում է նույն տեղանքում գտնվող մյուս բոլոր անձանց իրավունքները և հնարավորություն չի տալիս այդ անվանումներն օգտագործել իրենց ապրանքների նշման կամ գովազդի համար: Այդպիսի անվանումների օրինակներ են` Երևան, Հայաստան և այլն: Աշխարհագրական անվանումները կարող են գրանցվել որպես ապրանքային նշան, եթե դրանք չեն ընկալվում որպես ապրանքն արտադրողի վայրի ուղղակի մատնանշում: Օրինակ` գետերի, սարերի, լճերի անվանումները, քաղաքների հինավուրց անվանումները, ասենք` Նեմրութ, Արփա, Որոտան, Տիգրանակերտ, Քասախ և այլն: Անհրաժեշտ է տվյալ ապրանքային նշանի աշխարհագրական անվանումը հիմնավորել (այսինքն` ապրանքային նշանի սեփականատերը պետք է գտնվի տվյալ բնակավայրում, գետի ափին, պետությունում, որտեղ գտնվում է գետը, սարը և այլն), հակառակ դեպքում նշանը չի կարող գրանցվել` որպես ապրանք արտադրողի մասին կամ ապրանքի ծագման հարցում կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն բովանդակող նշան: Որոշ դեպքերում, երբ ապրանքային նշանի մեջ ներառված է որևէ աշխարհագրական անվանում, և դրա հետ միասին ապրանքի իրական ծագման մասին սպառողի համար լիարժեք և մատչելի տեղեկատվություն է պարունակում, նշանը կարող է գրանցվել, եթե տվյալ անվանումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1182.1 հոդվածի համաձայն չի հանդիսանում պահպանվող աշխարհագրական նշում, այսինքն չի հանդիսանում տվյալ աշխարհագրական տեղանքին վերագրվող որակ, համբավ կամ այլ բնութագրեր ունեցող ապրանքի նույնականացման միջոց:
18) Միջազգային, ազգային և կրոնական տոնակատարությունների և հիշատակի օրերի անվանումները` դրանց տարեթվի նշումով կամ առանց դրա, համարվում են համընդհանուր օգտագործման անվանումներ և որևէ անձի անունով չեն գրանցվում:
19) Որպես ապրանքային նշաններ չեն գրանցվում այն նշանները, որոնք բացառապես ներկայացնում են ապրանքի արտաքին ձևը, որը`
բխում է զուտ ապրանքի բնույթից (հատկությունից),
անհրաժեշտ է որևէ տեխնիկական արդյունքի հասնելու համար և բնորոշում է ապրանքի նշանակությունը (գործառնությունը),
ապրանքին տալիս է էական արժեք:
20) Որպես ապրանքային նշաններ չեն գրանցվում այն նշանները, որոնք ապրանքի կամ արտադրողի մասին պարունակում են կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ, օրինակ` «BOSTON» (ԱՄՆ-ի քաղաքի անվանում)` ներկայացված իտալական ֆիրմայի կողմից, սրվակի պատկեր «օծանելիք» անվանումով` ներկայացված որպես ապրանքային նշան ատամի մածուկի համար, ընդ որում, նշանի գրանցումը մերժելու համար բավական է, որ հայտարկվող նշանի մի տարրը լինի կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն:
21) Չեն գրանցվում նաև այն նշանները, որոնք հանդիսանում կամ պարունակում են աշխարհագրական նշում և գրանցման են ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, եթե այդ աշխարհագրական նշման օգտագործումը մոլորության մեջ է գցում սպառողին ապրանքների իրական ծագման վայրի հարցում: Այս դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը.
եթե խոսքը վերաբերում է այն աշխարհագրական նշումներին, որոնք պահպանվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1182.1 հոդվածին համապատասխան, այսինքն` նշումներ, որոնք առևտրային գործունեության մեջ օգտագործվում են որևէ պետության տարածքից կամ այդ տարածքի որոշակի շրջանից կամ տեղանքից ծագող այն ապրանքը նույնականացնելու համար, որի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնութագրերը հիմնականում վերագրվում են դրա աշխարհագրական ծագմանը, ապա դա առանձին չի կարող գրանցվել որևէ սուբյեկտի անունով, անկախ ապրանքների ցանկից և հայտատուի գտնվելու վայրից, քանի որ մի դեպքում (եթե դա իրոք այդպիսի աշխարհագրական նշում է և համապատասխան ապրանքների համար գրանցման է ներկայացվել դրա օգտագործման իրավունք ունեցող որևէ սուբյեկտի կողմից) դա կխախտի մնացած սուբյեկտների` դրա օրինաչափ օգտագործման իրավունքը, մյուս դեպքում (եթե տվյալ տեղանքից դուրս գտնվող սուբյեկտի կողմից դա գրանցման է ներկայացվել այնպիսի ապրանքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական տեղանքից և որոնց նույնականացման համար տվյալ աշխարհագրական նշումը չի օգտագործվում) սպառողներին մոլորության մեջ կգցի ապրանքի ծագման հարցում:
Եթե խոսքը վերաբերում է ապրանքային նշաններին, որոնց մեջ ներառված են (զետեղված են) աշխարհագրական նշումներ, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1182.1 հոդվածին համապատասխան չեն պահպանվում, ապա նշանը կարող է գրանցվել` առանձին պահպանություն չընձեռելով աշխարհագրական նշումներին, եթե նշանի գրանցումը մերժելու այլ հիմքեր չկան, և նշանում առկա է ապրանքի ծագման և դրա արտադրողի հարցում սպառողին լիարժեք կողմնորոշող տեղեկատվություն, ինչը լիովին բացառում է սպառողին մոլորեցնելու հնարավորությունը:
22) Չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք հանդիսանում կամ պարունակում են գինիներ անհատականացնող աշխարհագրական նշում այն գինիների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, կամ սպիրտային խմիչքներ անհատականացնող աշխարհագրական նշում այն սպիրտային խմիչքների համար, որոնք չեն ծագել տվյալ աշխարհագրական նշմամբ տեղանքից, նույնիսկ եթե նշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական նշումն օգտագործվում է թարգմանաբար կամ «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» և այլ նման արտահայտությունների զուգակցմամբ: Օրինակ` օղու համար գրանցման ենթակա չէ ոչ ռուսական որևէ ընկերության այն ապրանքային նշանը, որի վրա պատկերված է Մոսկվայի կրեմլի աշտարակների պատկերը,
եթե նույնիսկ նշված է դրա արտադրության իսկական վայրի անվանումը, օրինակ` «պատրաստված է Թբիլիսիում»:
Եթե գինու համար ներկայացված ապրանքային նշանի (պիտակի) վրա զետեղված է նաև խաղողի որևէ տեսակի անուն, ապա այն գրանցվում է միայն այն գինու համար, որը պատրաստված է տվյալ տեսակի խաղողից, այսինքն` ապրանքների ցանկը պետք է սահմանափակվի միայն տվյալ տեսակի խաղողից պատրաստված գինով:
23) Չեն գրանցվում նաև`
ա) հասարակության շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին կամ անբարեխիղճ մրցակցության կանխման կանոններին (գործարար շրջանառության սովորույթներին) հակասող նշանները.
բ) անհարիր են ազգային և հոգևոր արժեքներին: Ազգային և հոգևոր արժեքներ են համարվում նյութական, գիտական, մշակութային արժեքները, ինչպես նաև հոգևոր արժեքները: Արժեք հասկացությամբ նշվում է այն հանգամանքը, որ մարդկային գործունեության մեջ ներգրավված իրականությունը ձեռք է բերում մի նոր հատկանիշ, այն իմաստավորվում է հասարակական-մշակութային և հոգևոր ենթատեքստում և դառնում զանազան գնահատականների առարկա: Օրինակ` խաչքարը ճարտարապետական հուշարձան է, սակայն հայ ժողովրդի իրականության մեջ այն ձեռք է բերել մի նոր հատկանիշ: Մեր ազգային մտածելակերպին հարիր չէ, օրինակ` օղու պիտակի վրա զետեղել մեր սրբերից որևէ մեկի անունը կամ պատկերը, եկեղեցու պատկերը կամ հայ ժողովրդի պատմության և գրականության մեջ նշանակալի և առանձնահատուկ տեղ զբաղեցնող անձանց, ինչպես, օրինակ` Ներսես Շնորհալու, Կոմիտասի կամ Գրիգոր Նարեկացու անունները:
Այս առումով անհրաժեշտ է, որ ապրանքային նշանների փորձաքննության ընթացքում հաշվի առնվեն հատկապես այն ապրանքների արտադրության, սպառման և կիրառման առանձնահատկությունները, որոնց համար գրանցվում է տվյալ ապրանքային նշանը:
Հարցին առնչվող ապրանքային նշանների փորձաքննության ընթացքում կողմնորոշման համար հաշվի են առնվում նաև համապատասխան իրավասու մարմինների (պետական համապատասխան մարմին, հասարակական կազմակերպություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի և այլն) եզրակացություններն ու պարզաբանումները:
24) Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ», «դ» ենթակետերում և 1.1-րդ մասում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը: Սակայն ապրանքային նշանը գրանցելիս նշվում է, որ այդպիսի տարրերը հանվում են պահպանությունից, եթե դրանք նշանի մյուս տարրերի հետ հորինվածքային կապ չունեն, կամ ապրանքային նշանը պահպանվում է իր ամբողջության մեջ, առանց պահպանություն ընձեռելու դրա հորինվածքի մեջ ներառված վերը նշված տարրերին.
25) այդպիսի նշանների հիմնական տեսակներ են`
ա) ապրանքների անվանումները, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը, օրինակ` «սիգարետներ», «բրենդի», «օծանելիք» և այլն.
բ) ապրանքներ բնորոշող պատկերները, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը.
գ) նկարագրական նշանները, որոնք նշում են ապրանքի արտադրման կամ սպառման ժամանակը, տեղը, եղանակը, տեսքը կամ ձևը, որակը, հատկությունները, բաղադրությունը, ստեղծման նպատակը, արժեքը, օրինակ` «with the micronite filter», «formate ovale», «made in USA», «distilled», «պրօֆիլակտիչեսկայա զուբնայա պաստա», «սեղանի սպիտակ» և այլն.
դ) որևէ իրավաբանական անձի մասին տեղեկություն տվող նշանները. օրինակ` ապրանքի կամ իրավաբանական անձի ստեղծման պատմությունը, թվականը, իրավաբանական անձի հիմնադրումը, օրինակ` «հայկական կոնյակի արտադրությունն սկսվել է 1887թ.» և այլն.
ե) տարբերակող բնույթ չունեցող ընդհանուր նշանակության բառերը, օրինակ` «ֆորմուլա 70».
զ) ապրանքի որակի գովաբանական բնույթի նշումը, օրինակ` «luxus klass», «finest quality beer», «բարձր տեսակի» և այլն.
է) նշումն այն մասին, որ նշանները ապրանքային նշաններ կամ գրանցված ապրանքային նշաններ են, օրինակ` «R», «TM», «trade mark», «registered trade mark» և այլն.
ը) աշխարհագրական անվանումներն այն դեպքում, երբ դրանք ապրանքի ծագման տեղանուն են, օրինակ` «Ջերմուկ», «Բջնի», «Cognac», «Canadien», «Santiago de Cuba».
թ) երկրի պատկերը աշխարհագրական քարտեզի վրա.
ժ) առանձին տառերը և թվերը, առանձնահատուկ նշանակություն չունեցող դժվար արտասանելի տառերի զուգակցումը.
ի) պարզ երկրաչափական պատկերները, օրինակ` եռանկյունի, շրջանագիծ, քառակուսի և այլն.
26) այն դեպքում, երբ ոչ պահպանունակ տարրը հորինվածքային կապ չունի նշանի պահպանվող մյուս տարրերի հետ, այն հանվում է պահպանությունից, օրինակ` ՀՀ-ում N 5126 գրանցված ապրանքային նշանի բառային «Ice Cream» արտահայտությունը հանված է պահպանությունից.
27) այն դեպքում, երբ ոչ պահպանունակ տարրը հորինվածքային կապ ունի մյուս պահպանվող տարրերի հետ կամ մտնում է բառային անվանման մեջ որպես դրա մի մաս, ապրանքային նշանը պահպանվում է իր ամբողջության մեջ` առանց առանձին պահպանություն ընձեռելու ոչ պահպանունակ տարրին: Օրինակ` ՄՍՀԿ-ի կողմից ծանուցված ապրանքային նշանի N 443828 միջազգային գրանցման մեջ «PRES - DU - SPORT» արտահայտությունը պահպանվում է իր ամբողջության մեջ` առանց առանձին պահպանություն ընձեռելու «SPORT» բառին:
28) ապրանքային նշանի կազմի մեջ մտնող ոչ պահպանունակ տարրի բացառումը պահպանությունից ձևակերպվում է այդ մասին հատուկ գրառման տեսքով` ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ (որոշման մեջ պարտադիր նշվում են նաև օրենսդրական և ենթաօրենսդրական հիմքերը), ապրանքային նշանների պետական գրանցամատյանում, ապրանքային նշանի վկայագրում և Գործակալության «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
(90-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
90.1. Եթե հայտարկվող նշանը որպես տարրեր ներառում է սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերում նշված տարրերից գոնե մեկը, կամ կազմված է միայն 11-րդ և 12-րդ կետերում նշված տարրերից, ապա նշանի գրանցումը մերժվում է:
(90.1-րդ կետը լրաց. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
91. Եթե հայտարկվող նշանը կազմված չէ միայն սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերում նշված ոչ պահպանունակ տարրերից, այլև ներառում է դրանցից գոնե մեկը, ապա`
1) նշանի մեջ սույն կարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետում նշված տարրերի ներառման դեպքում ստուգվում է դրա սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը.
2) սույն կարգի 11-րդ կետի և 12-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված տարրերի ներառման դեպքում ստուգվում է` արդյոք դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը: Այդ նպատակով հաշվի է առնվում տվյալ տարրի իմաստային և (կամ) տարածական նշանակությունը:
Եթե տվյալ չպահպանվող տարրը տարածական առումով ավելի մեծ տեղ է զբաղեցնում ապրանքային նշանի ընդհանուր պատկերի մեջ («ստվերում է» մնացած տարրերը) կամ ապրանքային նշանի բոլոր տարրերով արտահայտված հավաքական իմաստը տվյալ տարրի իմաստից բացի այլ իմաստ չի արտահայտում, կամ սպառողի մոտ այլ պատկերացում (ասոցիացիա) չի առաջացնում, ապա համարվում է, որ տվյալ չպահպանվող տարրը ապրանքային նշանի գերիշխող մաս է կազմում:
Չպահպանվող տարրի գերիշխող լինելը կարող է պայմանավորված լինել նաև տվյալ տարրի գունային կատարմամբ: Այսինքն` եթե տվյալ չպահպանվող տարրը ապրանքային նշանի պատկերի ընդհանուր ֆոնի վրա կատարված է խիստ ընդգծված (վառ) գունային լուծմամբ և դրանով իսկ ձեռք է բերել «առաջնահերթ» ընկալման հատկանիշ, ապա համարվում է, որ տվյալ տարրը ապրանքային նշանի գերիշխող մաս է կազմում:
Եթե չպահպանվող տարրը կազմում է նշանի գերիշխող մասը, ապա եզրակացություն է արվում նշանը որպես ապրանքային նշան գրանցելու անհնարինության մասին և որոշում է կայացվում նշանի գրանցումը մերժելու մասին:
Չպահպանվող տարրի առկայությունն ու դրա հորինվածքային կապերը մնացած տարրերի հետ ապահովում են տվյալ ապրանքային նշանի տարբերակող հատկությունը, սակայն չպահպանվող տարրն այլ սուբյեկտների կողմից ևս կարող է բարեխղճորեն օգտագործվել: Այս դեպքում չպահպանվող տարրերը սպառողի մոտ չպետք է շփոթություն առաջացնեն տարբեր արտադրողների կամ դրանց արտադրանքի հարցում:
Մասնավորապես, շատ կարևոր է ապրանքային նշաններում աշխարհագրական նշումների ներառման հարցը այն դեպքերում, երբ առկա է արդեն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետով սահմանված պահանջներին համապատասխան գրանցված ապրանքային նշան, որի մեջ աշխարհագրական անվանումը կենտրոնական տեղ է զբաղեցնում (օրինակ` Երևանի կոնյակի գործարանի անունով թիվ 3192 գրանցում ունեցող պիտակի տեսքով ապրանքային նշանի մեջ օգտագործված են «Երևան» և «EPEBAH» բառերը, որոնք պահպանությունից հանված են) և ծառայում է որպես տվյալ ապրանքի յուրատեսակ առևտրային անվանում: Այս դեպքում մյուս տնտեսավարող սուբյեկտներն իրենց ապրանքային նշաններում կարող են օգտագործել «Երևան» անվանումը (այդ թվում` այլ լեզուներով)` նշելու համար իրենց գտնվելու կամ ապրանքի արտադրության վայրը, կամ իրենց ֆիրմային անվանումը, որի մեջ առկա է «Երևան» անվանումը և այլ տվյալներ, սակայն նրանք ապրանքային նշաններում չեն կարող օգտագործել «Երևան» անվանումը (այդ թվում` այլ լեզուներով), եթե այդ անվանումն օգտագործվում է որպես նույնատիպ ապրանքների առևտրային անվանում (այսինքն` այսպիսի ապրանքային նշանների գրանցումը ենթակա է մերժման):
(91-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Այլ հիմքերով ստուգումը
92. Նշանը համարվում է այլ նշանին նույնական, եթե դրանք համընկնում են իրենց բոլոր տարրերով, դրանց փոխդասավորվածությամբ, գույներով և մնացած առանձնահատկություններով:
Նշանը համարվում է այլ նշանին շփոթելու աստիճան նման, եթե այն ընդհանուր առմամբ զուգորդվում է դրա հետ (այսինքն` մարդու մոտ առաջացնում է նույն պատկերի, բառի, գույների, դրանց համակցության, իմաստի ընկալման զգացողություն), չնայած առանձին տարբերությունների առկայությանը: Ընդ որում, նշանները համարվում են ընդհանուր առմամբ զուգորդվող, եթե տվյալ նշանների հիմնական տարրերը կամ դրանց մասը համընկնում են կամ կատարված են այնպես, որ, տեսնելով դրանցից մեկը, սպառողի մոտ առաջանում է պատկերացում մտապատկերված մեկ այլ նշանի մասին, որին ինքն արդեն առնչվել է: Պետք է հաշվի առնել, որ առանձին տարբերությունների առկայությունը սովորաբար որոշվում է անմիջական համեմատության արդյունքում, այդ նշանների այնպիսի տարբերություններով, որոնք էական դեր չեն կատարում նշանի ընկալման համար:
Նշանի` այլ նշաններին նույնական կամ նման լինելն ստուգելու համար կատարվում են հետևյալ գործողությունները`
1) անցկացվում է հայտարկված նշանին նույնական կամ նման այն նշանների որոնումը, որոնք ունեն ավելի վաղ առաջնության թվական (ՀՀ-ում գրանցված, գրանցման ներկայացված կամ ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ-ում պահպանվող կամ պահպանության ներկայացված նշանների մեջ).
2) համեմատվում են հայտարկված և որոնման ընթացքում ի հայտ բերված նշանները, և որոշվում է դրանց նմանության աստիճանը.
3) որոշվում է այն ապրանքների նույնատիպ լինելը, որոնց համար գրանցված կամ գրանցման են ներկայացված ի հայտ բերված նշանները, այն ապրանքների նկատմամբ, որոնց համար հայտարկված է ստուգվող նշանը:
Նույնական և նման նշանների որոնումը
93. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանների որոնումը կատարվում է այն նշանների մեջ, որոնք`
1) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված (եթե դրանց հայտերը հետ կանչված կամ մերժված չեն) ավելի վաղ առաջնությամբ ապրանքային նշաններ են.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, նույն կամ նույնատիպ ապրանքների համար առանց գրանցման պահպանվող ավելի վաղ առաջնությամբ` այլ անձանց ապրանքային նշաններ են.
3) նույն կամ նույնատիպ ապրանքների համար Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում պահպանվող հանրահայտ ճանաչված այլ անձանց ապրանքային նշաններ են.
4) սահմանված կարգով գրանցված հավաստագրային, կոլեկտիվ կամ երաշխիքային նշաններ են.
5) Հայաստանի Հանրապետությունում Օրենքով պահպանվող ապրանքի ծագման տեղանուններ և աշխարհագրական նշումներ են, հաշվի առնելով Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի և սույն կարգի 15-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները: Այս դեպքում, եթե տեղանվամբ նշված ապրանքը որևէ սուբյեկտի կողմից լրացուցիչ վերամշակվում կամ նորից փաթեթավորվում է տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս, ապա դա տնտեսական շրջանառության մեջ է մտցվում` վերամշակման կամ նորից փաթեթավորման վայրի և տվյալ սուբյեկտի անվանման պարտադիր նշմամբ, օրինակ` «շշալցված է Չարենցավանում», «հղկամշակված է Սպիտակում» և այլն: Ընդ որում, հանքային ջրերի համար աշխարհագրական օբյեկտում գտնվող են համարվում նաև տվյալ աշխարհագրական օբյեկտից դուրս գտնվող այն սուբյեկտները, որոնք հանքային ջուրը ստացիոնար խողովակաշարով անմիջականորեն վերցնում են համապատասխան հորատանցքից:
Ապրանքային նշաններում տեղանունն օգտագործվում է միայն նշանի գերիշխող մաս համարվող որևէ բառային նշանի (առևտրային անվանման) զուգակցմամբ, օրինակ` Ջերմուկ- ԿԱՄԵԼԻԱ: Տվյալ դեպքում ԿԱՄԵԼԻԱ բառը որպես առևտրային անվանում պետք է լինի նշանի գերիշխող մաս: Դա նշանակում է, որ տվյալ անվանումը, որը կարող է լինել ինչպես իմաստ արտահայտող բառ կամ բառային արտահայտություն, այնպես էլ իմաստազուրկ, մտացածին բառ կամ բառային արտահայտություն, ապրանքային նշանում պետք է ունենա սպառողի համար ընկալման ավելի ցայտուն հատկանիշներ, քան տեղանունը: Այդպիսի հատկանիշների թվին կարող են դասվել դրա կատարումն ավելի մեծ չափի տառերով, դրա ավելի ընդգծված գույնը, նշանի մեջ դրա զբաղեցրած տեղն ու ավելի մեծ մակերեսը և այլն:
Նման ապրանքների համար պիտակի տեսքով ապրանքային նշանների գրանցման դեպքում պահպանվում են նաև ՀՀ ստանդարտներով և այլ նորմատիվային ակտերով սահմանված պահանջները:
Ընդհանրապես, եթե գրանցման ներկայացված նշանի մեջ ներառված է ՀՀ-ում պահպանվող որևէ ապրանքի ծագման տեղանուն, ապա`
ա) գրանցումը մերժվում է, եթե նշանն իրենից ներկայացնում է ապրանքի ծագման տեղանունը և որևէ այլ տարր չի ներառում.
բ) քննարկվում են դրա գրանցման հնարավորությունները, եթե հայտատուն ունի տվյալ ապրանքի ծագման տեղանվան օգտագործման թույլտվություն, անկախ նրա գտնվելու վայրից: Ընդ որում, այն հայտատուները, որոնք չեն գտնվում տեղանքում, ներկայացնում են ապրանքի ծագման տեղանվան հայտ` պահպանելով Օրենքի 32-րդ հոդվածի պահանջները: Մասնավորապես, եթե նույնիսկ հայտատուն տեղանունն օգտագործում է Օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, ապա անհրաժեշտ է, որ վերջինս ստանա դրա օգտագործման թույլտվություն, որի համար հիմք են ծառայում տվյալ ապրանքի ծագման տեղանվամբ նշված ապրանքի ձեռքբերման (և նորից տնտեսական շրջանառության մեջ մտցնելու) մասին պայմանագիրը, տնտեսական շրջանառության մեջ մտցնելու համար անհրաժեշտ նորմատիվային փաստաթղթերը, ինչպես նաև համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթերն այն մասին, որ հայտատուի կողմից թողարկվող ապրանքի որակական հատկությունները համապատասխանում են տվյալ տեղանվամբ նշվող ապրանքներին (մանրամասն տե՛ս Ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի հայտի ձևակերպման, ներկայացման և քննարկման կանոններում):
Այսպիսի դեպքերում նշանի գրանցումը կատարվում է միայն տեղանվամբ նշվող ապրանքի համար.
6) սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն, եթե նույն կամ նույնատիպ ապրանքների համար հայտնաբերվել է գրանցված նույնական ապրանքային նշան, անկախ դրա սեփականատիրոջ և հայտատուի (քննարկվող հայտով) իրավական-կազմակերպական ձևից և դրանց միջև նշանի օգտագործման մասին համաձայնության առկայությունից, ստուգվող նշանի գրանցումը ենթակա է մերժման:
Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, եթե նույն կամ նույնատիպ ապրանքների համար սույն կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված նշաններից հայտնաբերվել է հայտարկված նշանին շփոթելու աստիճան նման նշան, ապա հայտարկվող նշանը կարող է գրանցվել հետևյալ պայմանների դեպքերում`
ա) ավելի վաղ առաջնություն ունեցող ՀՀ-ում պահպանվող կամ ՀՀ-ում պահպանվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի և հայտարկված (ստուգվող) նշանի տարբերությունը միայն գունային չէ.
բ) առկա է ավելի վաղ առաջնություն ունեցող ՀՀ-ում պահպանվող կամ ՀՀ-ում պահպանվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունն այն մասին, որ հայտարկված (ստուգվող) նշանը գրանցվի նույնատիպ ապրանքների համար:
Մնացած դեպքերում հայտարկված նշանի գրանցումը մերժվում է: Օրինակ, եթե գրանցման է ներկայացված պիտակի տեսքով ապրանքային նշան, որի մեջ ներառված է կենտրոնական դիրք զբաղեցնող, այսինքն` առևտրային անվանման նշանակություն ունեցող «Մառան» բառը, ապա նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե հայտնաբերվել է նույնատիպ ապրանքների համար գրանցված «Մառան» բառային ապրանքային նշանը, նույնիսկ եթե այն կատարված է այլ տառատեսակով կամ այլ լեզվով, եթե առկա չէ դրա սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը տվյալ հարցում: Կամ եթե գրանցման ներկայացված համակցված նշանի և ավելի վաղ առաջնություն ունեցող ՀՀ-ում պահպանվող կամ ՀՀ-ում պահպանվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի մեջ օգտագործված է կենտրոնական դիրք զբաղեցնող առևտրային նշանակության նույն անվանումը, նույնիսկ եթե դրանց պատկերային տարրերը լիովին տարբերվում են, իսկ այդ անվանումը գրված է տարբեր լեզուներով և ինքնուրույն պահպանության ենթակա չէ, ապա հայտարկված նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե դրա գրանցման հարցում չկա ՀՀ-ում պահպանվող կամ ՀՀ-ում պահպանվող հանրահայտ ճանաչված ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությունը: Օրինակ` մերժման ենթակա է հայկական կոնյակի համար գրանցման ներկայացված պիտակի տեսքով այն ապրանքային նշանի գրանցումը, որի վրա որպես առևտրային անվանում օգտագործված է «Արմենիա» բառը, անկախ դրա պատկերային մասի կատարումից (դիզայնից), եթե առկա է այլ անձի անունով գրանցված պիտակի տեսքով ապրանքային նշան, որի վրա օգտագործված է «Հայաստան» կամ «Արմենիյա», կամ «Armenia» կամ որևէ այլ լեզվով գրված` «արմենիա» տառադարձվող բառ և չկա վերջինիս սեփականատիրոջ համաձայնությունը:
Բոլոր դեպքերում, եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվում են ստուգվող նշանին նույնական կամ շփոթելու աստիճան նման նշան, ապա ստուգվում են տվյալ նշանի իրավական կարգավիճակին վերաբերող բոլոր տվյալները, մասնավորապես` սեփականատերը, գործողության մեջ գտնվելը, այն ապրանքները, որոնց համար գործում է տվյալ նշանի գրանցումը:
(93-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
94. Օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի զ) կետին համապատասխան նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանների որոնումը կատարվում է նաև Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումների, մասնավորապես` ֆիրմային անվանման տարբերակող անունների մեջ, որոնց նկատմամբ իրավունքը նրանք ստացել են մինչև ստուգվող (գրանցման ներկայացված) ապրանքային նշանի հայտի ներկայացման թվականը:
Այս դեպքում, եթե պարզվում է, որ ստուգվող ապրանքային նշանը համընկնում է որևէ իրավաբանական անձի ֆիրմային անվանմանը կամ դրա տարբերակող մասին, կամ ներառում է այն, և գրանցումը խնդրարկվում է այնպիսի ապրանքների համար, որոնց արտադրությամբ և (կամ) մատուցմամբ զբաղվում է տվյալ իրավաբանական անձը, ապա եզրակացություն է արվում նշանի գրանցման անհնարինության մասին, և որոշում է կայացվում տվյալ նշանի գրանցումը մերժելու մասին:
Նման դեպքերում, եթե տվյալ իրավաբանական անձի գործունեության տեսակները հնարավոր չէ ճշտել, քանի որ նա կամ նրա ֆիրմային անվանումը գրանցվել է առանց գործունեության տեսակը նշելու, ապա ընդունվում է, որ նա զբաղվում է գործունեության բոլոր տեսակներով, և հայտարկված ապրանքային նշանի գրանցումը մերժվում է:
Սույն կետի համաձայն հայտարկվող նշանը գրանցվում է, եթե հայտատուն ներկայացնում է նշանի գրանցման մասին համաձայնություն, որտեղ նշվում է, որ ֆիրմային անվանման սեփականատերը չի առարկում նշանի գրանցմանը և ինքը չի զբաղվելու այն ապրանքների արտադրությամբ և (կամ) ծառայությունների մատուցմամբ, որոնց համար խնդրարկվում է տվյալ նշանի գրանցումը:
Սույն կարգի 93-րդ և 94-րդ կետերի համաձայն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են տվյալ ընկերության ձևաթղթով, որը ստորագրում է ընկերության ղեկավարը` նշելով անունը, ազգանունը և պաշտոնը, որի ստորագրությունը վավերացվում է կնիքով:
(94-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
95. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան նույնական կամ շփոթելու աստիճան նման նշանների որոնումը կարող է կատարվել նաև`
1) ավելի վաղ առաջնությամբ արդյունաբերական նմուշների մեջ, որոնց նկատմամբ իրավունքները Հայաստանի Հանրապետությունում պատկանում են այլ կամ միևնույն անձի.
2) հայտի ներկայացման թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումների կամ դրանցից մեջբերումների ու հատվածների (ֆրագմենտների) և գործող անձանց անունների, արվեստի և մշակույթի ստեղծագործությունների կամ դրանցից հատվածների մեջ, եթե դրանք չեն համընկնում հայտնի պատմական դեպքերի, ժողովրդական ստեղծագործության երկերի (էպոսների, հեքիաթների, առասպելների) և աշխարհագրական անվանումների հետ, և այդ ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքների գործողության ժամկետը չի ավարտվել.
Սույն կետը չի տարածվում այն ստեղծագործությունների անվանումների կամ դրանցից կատարված մեջբերումների կամ դրանց հերոսների նկատմամբ, որոնք բացառապես իրենցից ներկայացնում են աշխարհագրական նշում.
3) հռչակավոր անձանց անունների, ազգանունների, կեղծանունների և դրանցից ածանցյալների, դիմանկարների և ֆաքսիմիլեների մեջ:
Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի համաձայն, եթե հեղինակային իրավունքի գործողության ժամկետը չի ավարտվել, նշանը գրանցվում է հեղինակային իրավունքի օբյեկտի նկատմամբ իրավունք ունեցող անձի կամ դրա ժառանգների համաձայնությամբ: Ժառանգների համաձայնություն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ժառանգության իրավունքի վկայականի պատճենը:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն սույն կետում նշված տվյալների նկատմամբ որոնման աշխատանքների անցկացումը փորձագետի համար պարտադիր չէ, սակայն նրա կողմից կարող են օգտագործվել նշանի գրանցման վերաբերյալ որոշում կայացնելիս, անկախ այն հանգամանքից, թե ինչ ճանապարհով են դրանք հայտնի դարձել փորձագետին:
(95-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Բառային նշանների նմանությունը որոշելը
96. Բառային նշանները համեմատվում են`
1) բառային նշանների հետ.
2) համակցված նշանների հետ, որոնց մեջ ընդգրկված են բառային տարրեր.
3) ֆիրմային անվանումների հետ (սույն կարգի 94-րդ կետի համաձայն):
97. Բառային նշանների նմանությունը կարող է լինել ձայնային (հնչյունային), գրաֆիկական (տեսողական) և իմաստային (արտահայտած մտքի):
98. Ձայնային նմանությունը հիմնականում որոշվում է հետևյալ հատկանիշներով`
1) համեմատվող նշաններում մոտ և համընկնող հնչյունների առկայությամբ.
2) նշանը կազմող մոտ հնչյունների մոտիկությամբ.
3) մոտ հնչյունների և հնչյունային կապակցությունների միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.
4) համընկնող վանկերի առկայությամբ և դրանց դասավորվածությամբ.
5) նշանի մեջ պարունակվող վանկերի ընդհանուր քանակով.
6) նշաններում համընկնող հնչյունային կապակցությունների տեղով.
7) ձայնավորների կազմի մոտիկությամբ.
8) բաղաձայնների կազմի մոտիկությամբ.
9) նշանների համընկնող մասերի բնույթով.
10) նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով, հատկապես բառային արտահայտությունների, այդ թվում` ֆիրմային անվանումների մեջ: Այս դեպքում համընկնող վանկերի առկայության կամ մի նշանը այլ նշանի մեջ մտնելու դեպքում նմանության ծագման որոշիչ գործոն է համարվում համընկնող մասերի սկզբնական դիրքը: Շատ դեպքերում նշանների նման ճանաչման հիմք կարող է հանդիսանալ ինչպես սկզբնամասերի, այնպես էլ վերջնամասերի համընկնումը` տարբեր միջնամասերի դեպքում.
11) շեշտադրությամբ:
99. Գրաֆիկական նմանությունը որոշվում է հետևյալ չափանիշներով`
1) ընդհանուր տեսողական տպավորությամբ.
2) օգտագործված տառանմուշների (շրիֆտի) տեսակով.
3) տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձևով (օրինակ` տպագիր կամ ձեռագիր, մեծատառ կամ փոքրատառ, ոճավորումը և այլն).
4) միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ.
5) այբուբենով, որի տառերով գրված է բառը.
6) գույնով կամ գունային համակցությամբ:
100. Իմաստային նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշների հիման վրա`
1) նշանների մեջ դրված նման հասկացության, գաղափարի, մասնավորապես տարբեր լեզուներով նշանների համընկնող իմաստի.
2) նշանների տարրերից որևէ համընկնող տարրի, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը.
3) նշանների մեջ դրված հասկացությունների, գաղափարների հակադրության:
101. Սույն կարգի 98-100-րդ կետերում թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր համակցություններում:
Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել որոշ շատ կարևոր հանգամանքներ. շփոթելու աստիճան նմանությունը որոշելիս հաշվի է առնվում նաև այն ապրանքների առանձնահատկությունը, որոնց համար գրանցման է ներկայացված նշանը: Եթե նշանը գրանցման է ներկայացված այնպիսի ապրանքների համար, որոնք իրացվում են միայն հատուկ սպառման շրջաններում, մասնավորապես` հատուկ մասնագետների օգնությամբ, կամ միայն մասնագիտացված կազմակերպություններին, օրինակ` բժշկի դեղատոմսերով, դեղատան մասնագետների կողմից, կամ տրանսպորտային, կապի, էներգետիկայի և այլ բնագավառների մասնագիտացված կազմակերպություններին իրացվող հատուկ ապրանքները, ապա անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվյալ պարագայում «շփոթելու աստիճան նմանությունը» տարածվում է և կիրառվում հատկապես այդ մասնագետների կամ կազմակերպությունների նկատմամբ, այլ ոչ թե բոլոր հնարավոր սպառողների: Եթե նշանը գրանցման է ներկայացված այնպիսի ապրանքների համար, որոնք թանկարժեք են կամ չեն համարվում լայն սպառման ապրանքներ, այսինքն` յուրաքանչյուր դեպքում, մինչև տվյալ ապրանքի ձեռքբերումը, սպառողը մանրազնին ուսումնասիրում է ապրանքը, ապա շփոթելու աստիճան նմանությունը որոշելիս հաշվի է առնվում նաև սպառողի անխուսափելի աչալուրջ վերաբերմունքը:
Պատկերային և ծավալային նշանների նմանությունը որոշելը
102. Պատկերային և ծավալային նշանները համեմատվում են`
1) պատկերայինների հետ.
2) ծավալայինների հետ.
3) համակցված նշանների հետ, որոնց կազմության մեջ մտնում են պատկերային կամ ծավալային տարրեր:
103. Պատկերային և ծավալային նշանների նմանությունը որոշվում է հետևյալ հատկանիշներով`
1) արտաքին տեսքով.
2) սիմետրիայի առկայությամբ կամ բացակայությամբ.
3) իմաստային նշանակությամբ.
4) պատկերի տեսքով և բնույթով (նատուրալիստական, ոճավորված, ծաղրանկարային և այլն).
5) գույների և երանգների զուգադրմամբ.
6) համեմատվող նշաններում մոտ և համընկնող պատկերների (տարրերի) առկայությամբ և միմյանց նկատմամբ դասավորվածությամբ.
7) նշանների համընկնող մասերի բնույթով.
8) նշաններից մեկը մյուսի մեջ մտնելով.
9) նշանների տարրերից (պատկերներից) որևէ համընկնող տարրով (պատկերով), որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտը:
104. Թվարկված հատկանիշները հաշվի են առնվում ինչպես առանձին, այնպես էլ տարբեր զուգակցություններով: Նշանների նմանությունը նմանակելու երևույթ է, որն առաջանում է նշանների տարրերի միատեսակ ընկալման արդյունքում: Նշանների նմանությունը որոշվում է դրանց տարրերի ընդհանրությամբ: Նմանության աստիճանի վրա ազդեցություն է թողնում համընկնող և չհամընկնող տարրերի հարաբերակցությունը, ինչպես նաև դրանց նշանակությունը նշանի ընդհանուր հորինվածքում:
Ապրանքային նշանների նմանության առավել ընդհանուր չափանիշը տնտեսական շրջանառության մեջ սպառողի կողմից դրանք շփոթելու հնարավորությունն է: Նշանի նմանությունը որոշելիս փորձագետը հաշվի է առնվում, որ սպառողը, որպես կանոն, հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորությամբ: Հաշվի է առնվում ընդհանուր տեսողական տպավորությունը:
Համակցված նշանների նմանությունը որոշելը
105. Համակցված նշանները համեմատվում են`
1) համակցված նշանների հետ.
2) նշանների այն տեսակների հետ, որոնք որպես տարրեր ներառված են ստուգվող համակցված նշանի մեջ:
Համակցված նշանների նմանությունը որոշելիս օգտագործվում են սույն կարգի 98-104-րդ կետերում թվարկված հատկանիշները, ինչպես նաև ուսումնասիրվում է հայտարկվող նշանի մեջ նույնական կամ նման տարրի զբաղեցրած տեղի (դիրքի) նշանակությունը:
(105-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
105.1. Համակցված նշանների նմանությունը որոշելիս հաշվի է առնվում դրանց մեջ առկա բառային տարրերի նմանության հարցը առանձին վերցված, եթե դրանց մեջ տվյալ տարրերը հանդիսանում են հիմնական ընկալման տարրեր կամ տվյալ նշանների այսպես կոչված «առաջնային ընկալման» տարրեր կամ «անվանումներ»:
Համակցված ապրանքային նշանի գրանցումը ենթակա է մերժման, եթե առկա է ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշան, որի հիմնական ընկալման բառային տարրը շփոթելու աստիճան նման է հայտարկված նշանի հիմնական ընկալման բառային տարրին, այդ թվում նաև այն դեպքերում, երբ այդ բառային տարրերը տարբեր լեզուներով գրված նույն բառերը կամ բառային արտահայտություններն են կամ դրանց թարգմանությունները (նույնիսկ եթե նշված նշանները միմյանցից լիովին տարբերվում են պատկերային մասով): Այս դեպքում հայտարկված նշանը կարող է գրանցվել միայն ավելի վաղ առաջնության թվական ունեցող իրավական պահպանություն ստացած ապրանքային նշանի սեփականատիրոջ համաձայնությամբ:
(105.1-րդ կետը լրաց. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Ապրանքների նույնատիպությունը որոշելը
106. Ապրանքների նույնատիպությունը որոշելիս պարզվում է նույն կամ շփոթելու աստիճան նման նշաններով դրանց վաճառքի ժամանակ նույն անձի (արտադրողի) կողմից թողարկվելու հարցում սպառողի մոտ պատկերացում առաջանալու սկզբունքային հնարավորությունը: Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն փորձաքննության ընթացքում փորձագետը հաշվի է առնում այն հանգամանքը, թե որքանով է հայտնի գրանցման ներկայացված, ինչպես նաև հայտնաբերված նույնական և շփոթելու աստիճան նման նշանը: Եթե ի հայտ է եկել ավելի վաղ առաջնությամբ սահմանված կարգով հանրահայտ ճանաչված նշան, ապա նոր ներկայացված նշանի գրանցումը մերժվում է նույնիսկ այն դեպքում, երբ ապրանքները, որոնք նշված են այդ նշանով, նույնատիպ չեն, եթե դա սպառողին մոլորության մեջ է գցում և պատճառ դառնում այդ ապրանքների և գրանցված կամ առանց գրանցման պահպանվող կամ Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ համարվող ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև կապ ենթադրելու, հաշվի առնելով, որ դա կարող է վնաս հասցնել վերջինիս շահերին:
Ապրանքի ծագման հարցում շփոթություն առաջացնելու հնարավորությունը քիչ հավանական է, եթե նույնիսկ միմյանցից զգալիորեն տարբերվող ապրանքների նկատմամբ կիրառված են նույնական նշաններ:
Այս կապակցությամբ ապրանքների նույնատիպ լինելը որոշելիս հաշվի է առնվում ապրանքի տեսակն ու սովորական ծագումը, ապրանքի օգտագործման բնագավառը, նյութի տեսակը, որից դրանք պատրաստված են, ապրանքի իրացման կետերն ու պայմանները, սպառողների շրջանակը և այլ հատկանիշներ:
Եթե տարբեր ապրանքները պատրաստվում են նույն տեսակի սուբյեկտների կողմից, կամ եթե սպառողները հակված են կարծելու, որ սովորաբար դրանք թողարկվում են նույն սուբյեկտի կողմից, հիմնականում կհամարվի, որ դրանք ընդհանուր ծագում ունեն:
Նույնատիպ ապրանքներ համարվում են նույն սեռին, տեսակին վերաբերող այն ապրանքները, որոնք նման ապրանքային նշանով նշելու դեպքում սպառողի կողմից ընկալվում են որպես նույն ընկերության արտադրանք:
Ապրանքների նույնատիպ լինելը որոշելիս հաշվի է առնվում`
- ապրանքի տեսակը,
- ապրանքի պատրաստման առանձնահատկությունները (տեխնոլոգիական),
- ապրանքի օգտագործման բնագավառը,
- ապրանքի իրացման պայմանները (իրացման ոլորտը և կարգը):
Ապրանքների նույնակականությունը և նույնատիպությունը որոշելիս փորձաքննության ընթացքում հաշվի է առնվում, որ նույնատիպ ապրանքները, որոնց համար անցկացվում է գրանցման ներկայացված նշանի փորձաքննությունը, վերաբերում են տարբեր դասերի: Այդ պատճառով նույնական կամ շփոթելու աստիճան նման ապրանքային նշան հայտնաբերելիս փորձագետը անմիջականորեն ստուգում է ապրանքների ցանկով, անկախ այն դասերից, որոնց վերաբերում է տվյալ ապրանքային նշանը: Օրինակ` կրակվառիչները ընդհանրապես վերաբերում են դաս 34-ին, իսկ էլեկտրական կրակվառիչը` դաս 9-ին. կտորից պայուսակները վերաբերում են դաս 24-ին, իսկ կաշվից պայուսակները` դաս 18-ին:
(106-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Լրացուցիչ նյութեր ներկայացնելու մասին հարցումը
107. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան, փորձաքննության ընթացքում Գործակալությունը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, եթե առանց այդ նյութերի փորձաքննության անցկացումն անհնար է:
Մասնավորապես, հարցման հիմք ծառայում են հետևյալ հանգամանքները`
1) հայտարկվող նշանի նկարագրության ճշգրտման անհրաժեշտությունը.
2) սույն կանոնների 12-րդ կետի 5-րդ ենթակետի, 15-րդ կետի 5-րդ ենթակետի, 19-րդ կետի, 33-րդ, 69.7-րդ և 69.8-րդ կետերում նշված փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը.
3) ԱԾՄԴ դասակարգման կամ ապրանքների ցանկի ճշգրտման անհրաժեշտությունը.
4) լրացուցիչ գումարի վճարման անհրաժեշտությունը, եթե փորձաքննության արդյունքում պարզվել է, որ վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված պետական տուրքի չափին, կամ եթե այն չի համապատասխանում հայտում նշված ապրանքների դասերի քանակին: Այս դեպքում հայտատուն ծանուցվում է այն մասին, որ սահմանված ժամկետում լրացուցիչ գումարը չվճարելու կամ իր հավակնությունները չսահմանափակելու դեպքում փորձաքննությունն անցկացվելու է սույն կարգի 87-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն ընտրված ապրանքների նկատմամբ, որոնց համար վճարված է պետական տուրքը.
5) այն հարցերի լուծման անհրաժեշտությունը, որոնք պայմանավորված են ապրանքների կամ դրանց մի մասի համար ավելի վաղ գրանցման ներկայացված շփոթելու աստիճան նման ապրանքային նշանի ի հայտ բերմամբ:
Վերոհիշյալ հիմքերով ուղարկվող հարցման մեջ կարող են տեղ գտնել նաև այլ բնույթի հարցեր, դիտողություններ և առաջարկություններ, որոնք կարող են առաջանալ հայտի քննարկման ընթացքում, օրինակ` առաջնության սահմանման հետ կապված և այլն:
Այն դեպքում, երբ նշված պատճառներով հարցման հիմքեր չկան, առաջացած դիտողությունների և առաջարկությունների մասին հայտատուն ծանուցվում է:
108. Եթե փորձաքննության ընթացքում հայտատուի ներկայացրած ցանկացած փաստաթղթի կամ տեղեկության հավաստիության նկատմամբ ծագում են հիմնավոր կասկածներ, փորձագետը իրավունք ունի հայտատուից պահանջելու անհրաժեշտ հիմնավորումներ:
109. Հարցման կամ նամակի մեջ բերված փորձաքննության կարծիքը որևէ հարցի շուրջ պետք է հիմնավորված լինի, մասնավորապես, օրենքից, սույն կարգից կամ այլ նորմատիվ փաստաթղթերից համապատասխան վկայակոչումներով:
110. Փորձաքննության հարցման համաձայն հայտատուի ներկայացրած լրացուցիչ նյութերը քննարկվում են սույն կարգի 125-127-րդ կետերին համապատասխան:
111. Սահմանված ժամկետում փորձաքննության հարցումն անպատասխան թողնելու և այդ ընթացքում նշված ժամկետը երկարաձգելու մասին դիմում չներկայացնելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
Ապրանքային նշանի գրանցման մասին որոշումը
112. Եթե փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկված նշանը հայտում նշված բոլոր ապրանքների համար օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածներով (հաշվի առնելով սույն կարգի 90-95-րդ կետերը) սահմանված պահանջների համաձայն ենթակա չէ մերժման, ապա որոշում է կայացվում հայտում նշված բոլոր ապրանքների համար նշանը գրանցելու մասին: Ընդ որում, եթե որևէ դասին վերաբերող ապրանքների ցանկը որոշման մեջ սահմանափակված է ԱԾՄԴ դասերի ցանկում տվյալ դասի համար նշված բոլոր ապրանքների կամ ծառայությունների ընդհանուր անվանումներով (դասի վերնագրով), ապա համարվում է, որ նշանը գրանցվում է տվյալ պահին գործող ԱԾՄԴ խմբագրության տվյալ դասին վերաբերող բոլոր ապրանքների կամ ծառայությունների համար:
113. Եթե հայտարկվող նշանը համապատասխանում է սույն կարգի 112-րդ կետի պահանջներին միայն ապրանքների մի մասի համար, ապա որոշում է կայացվում նշանը ապրանքների այդ մասի համար գրանցելու մասին:
114. Ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ թվարկվում են դրա մեջ ներառված չպահպանվող տարրերը, բացառությամբ օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված նախազգուշական գրառումների, որոնք չնայած ըստ էության չպահպանվող տարրեր են, սակայն կարող են չնշվել որպես այդպիսիք, քանի որ օրենքի 24-րդ հոդվածով դրանց օգտագործումը թույլատրված է բոլոր ապրանքային նշանների սեփականատերերին, և որևէ սուբյեկտ չի կարող հավակնել դրա նկատմամբ բացառիկ իրավունքների ձեռքբերմանը:
Եթե գրանցվող նշանը բառային արտահայտություն է, որն ունի որևէ իմաստ, ապա նշանը պահպանվում է իր ամբողջությամբ, առանց դրա մեջ ներառված առանձին բառերին կամ բառակապակցություններին ինքնուրույն պահպանություն ընձեռելու, անկախ որոշման մեջ այդ մասին հատուկ գրառման առկայությունից: Այսինքն` իմաստ ունեցող բառային արտահայտության գրանցման դեպքում նշանի նկատմամբ դրա սեփականատիրոջ բացառիկ իրավունքը տարածվում է միայն տվյալ բառային արտահայտության վրա, այլ ոչ թե նաև դրա մեջ ներառված առանձին բառերի կամ բառակապակցությունների վրա:
Եթե գրանցվող նշանը իմաստ չունեցող բառային արտահայտություն է (բառերի խումբ), ապա նշանը պահպանվում է իր ամբողջության մեջ, իսկ որոշման մեջ նշվում են այն բառերը, որոնք առանձին պահպանության ենթակա չեն:
Այս դեպքում արտահայտության մեջ մտնող առանձին բառերից կազմված հնարավոր կապակցությունները (խմբերը) ևս ինքնուրույն պահպանության ենթակա չեն, անկախ որոշման մեջ այդ մասին հատուկ գրառման առկայությունից:
Սույն կետի 2-4-րդ պարբերություններում նշված մոտեցումները կիրառվում են նաև ապրանքային նշանի մեջ ներառված թվային արտահայտությունների և տառակապակցությունների նկատմամբ:
Ապրանքային նշանի գրանցման մասին որոշման մեջ թվարկվում են նաև այն գույնը կամ գույների համակցությունը, որով կատարված է գրանցվող նշանը: Ընդ որում, սև-սպիտակ նշանների դեպքում որևիցե գրառում չի կատարվում:
115. Ապրանքային նշանի գրանցման մասին որոշումը կարող է վերանայվել մինչև դրա պետական գրանցման թվականը` ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ավելի վաղ առաջնությամբ հայտի ստացման կապակցությամբ, մասնավորապես` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիային, Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրին կամ դրա Արձանագրությանը համապատասխան:
116. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «է» ենթակետի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ապրանքային նշանի գրանցման մասին որոշումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում վճարվում է նշանի գրանցման համար պետական տուրքը և վճարման անդորրագիրը ներկայացվում է Գործակալություն: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելանում է 50 տոկոսով: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակըը ներկայացվում է ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ պետական տուրքը համարվում է չվճարված, ապրանքային նշանը չի գրանցվում, և որոշում է կայացվում հայտը հետ կանչված համարելու մասին:
Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում, տվյալ որոշումն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում, հայտատուն իրավունք ունի դիմել Գործակալության բողոքարկման խորհուրդ:
(116-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
Ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին որոշումը
117. Եթե օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան անցկացված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ սույն կարգի 11-16-րդ կետերում նշված հիմքերից թեկուզ մեկի առկայության պատճառով հայտում նշված բոլոր ապրանքների համար հայտարկվող նշանը ենթակա չէ գրանցման, որոշում է կայացվում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին (տե՛ս հավելված 6):
Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նշանի գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև այդ երկամսյա ժամկետի ավարտը:
Մինչև որոշման կայացումը հայտատուին կարող է ուղարկվել ծանուցում` նշելով այն փաստարկները, որոնք կարող են ապրանքային նշանի գրանցումը մերժելու հիմք հանդիսանալ և, անհրաժեշտության դեպքում, դրան կցել համապատասխան տեղեկատվության աղբյուրների վկայակոչումներ ու քաղվածքներ, առաջարկելով եռամսյա ժամկետում հերքել բերված փաստարկները, ներկայացնել լրացուցիչ փաստաթղթեր կամ հայտի մեջ կատարել անհրաժեշտ ճշգրտումներ: Եռամսյա ժամկետում ծանուցումն անպատասխան թողնելու դեպքում որոշում է կայացվում ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին:
Ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշում ընդունելը
հետաձգելու մասին որոշումը
118. Եթե օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան անցկացված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի և սույն կարգի 15-րդ կետի 1-ին, 4-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն հայտնաբերվել է հայտարկված ապրանքային նշանին նույնական և (կամ) շփոթելու աստիճան նման ավելի վաղ առաջնությամբ նշան, որի հայտով գործավարությունը դեռևս ավարտված չէ, ապա փորձաքննությունը որոշում է կայացնում հայտարկված ապրանքային նշանի գրանցման վերաբերյալ որոշման ընդունումը հետաձգելու մասին:
Հայտարկված նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումն ընդունվում է գրանցման ներկայացված ավելի վաղ առաջնությամբ նշանը գրանցելուց հետո, կամ դրա գրանցումը մերժելուց հետո, եթե գրանցման հնարավորություններն սպառվել են (հայտը հետ է կանչվել հայտատուի կողմից կամ գրանցումը մերժելու կամ հայտը հետ կանչելու մասին որոշումը հայտատուի կողմից չի բողոքարկվել և այն ստանալու օրվանից անցել է ավելի քան 6 ամիս):
Կրկնական փորձաքննության անցկացումը
119. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, նշանի գրանցման կամ գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել Գործակալություն` կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն, նշված ժամկետը հայտատուի խնդրանքով կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 6 ամսով, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև այդ ժամկետի ավարտը:
Եթե հայտատուի խնդրանքով կրկնական փորձաքննություն խնդրարկելու ժամկետը երկարաձգվում է, սակայն դրա լրանալուց հետո հայտատուն կրկնական փորձաքննություն չի խնդրարկում, ապա տվյալ հայտով գործավարությունն այլևս չի շարունակվում, և փորձաքննության որոշումը մնում է անփոփոխ, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
Կրկնական փորձաքննություն խնդրարկելու հիմք են հանդիսանում`
ա) նշանի գրանցումը մերժելու մասին որոշումները.
բ) այն որոշումները, որոնց համապատասխան նշանը կարող է գրանցվել հայտում նշված ապրանքների մի մասի համար, որոնք կարող են դասակարգված լինել ինչպես մեկ դասում, այնպես էլ մեկից ավելի դասերում.
գ) նշանի գրանցման մասին այն որոշումները, որոնք վերաբերում են օրենքի 11-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն ներառված տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (պահպանությունից հանելուն):
Ապրանքային նշանի գրանցման մասին որոշումն ստանալուց հետո հայտատուի կողմից նշանի գրանցման համար պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը սահմանված ժամկետում ներկայացնելը գնահատվում է որպես տվյալ որոշման հետ համաձայնության և կրկնական փորձաքննության խնդրարկման իրավունքից հրաժարման հաստատում, որից հետո կրկնական փորձաքննություն խնդրարկելու մասին դիմումը չի ընդունվում քննարկման:
XV. Ապրանքային նշանի առաջնության սահմանումը
120. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է հայտը Գործակալություն ներկայացնելու թվականով, եթե հայտը պարունակում է առնվազն դիմում` ապրանքային նշանը գրանցելու մասին, հայտատուի անվանումը և նրա հասցեն (այսինքն` նրա անհատականացման նվազագույն տվյալները), հայտարկվող նշանի պատկերը, ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը կամ ԱԾՄԴ դասը, ինչպես նաև համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:
121. Ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է նաև հայտը արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն) կամ նշված կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում դրանով նշված ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե պահպանված են օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջները, ներկայացված են առաջնության պահանջը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը և սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը յուրաքանչյուր առաջին հայտի համար:
Կոնվենցիայով առաջնության սահմանման պայմանները
122. Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում են`
1) օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների պահպանումը.
2) Փարիզյան Կոնվենցիայի մասնակից պետություն ներկայացված առաջին հայտի պատճենի առկայությունը` սույն կարգի 19-րդ կետի 5-րդ ենթակետի նախատեսված պահանջներին համապատասխան: Եթե պատճենը Գործակալություն է ներկայացված հայտի ներկայացման թվականից հետո, ապա ստուգվում է հայտատուի կողմից առաջին հայտի պատճենը հայտի ներկայացման թվականից 3-ամսյա ժամկետում ներկայացնելու պայմանի պահպանումը.
3) հայտատուի կողմից կոնվենցիայով առաջնության խնդրարկմամբ հայտը առաջին հայտի ներկայացման թվականից 6-ամսյա ժամկետում Գործակալություն ներկայացնելու պայմանի պահպանումը.
4) առաջին հայտում ընդգրկված նշանի ու ապրանքների ցանկի համապատասխանությունը հայտարկված նշանին ու ապրանքների ցանկին: Այս դեպքում ապրանքների ցանկում, որի համար ներկայացված է նշանը, կարող են բացակայել առաջին հայտի մեջ նշված որոշ ապրանքներ.
5) սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջների պահպանումը ԱԾՄԴ յուրաքանչյուր դասի ապրանքների համար, այսինքն` առաջնությունը սահմանվում է ներկայացված հայտում նշված յուրաքանչյուր դասի ապրանքների համար առանձին` պահպանելով սույն կետի 4-րդ ենթակետի պահանջները:
Ցուցահանդեսային առաջնության սահմանման պայմանները
123. Օրենքի 7-րդ հոդվածի համաձայն երրորդ և չորրորդ մասերին համապատասխան ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում ստուգվում են`
1) օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների պահպանումը.
2) ցուցահանդեսային առաջնության իրավունքը հաստատող` սույն կարգի 19-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված պահանջներին համապատասխան ձևակերպված փաստաթղթի առկայությունը.
3) հայտատուի կողմից ցուցահանդեսային առաջնության խնդրարկմամբ հայտը ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականից 6-ամսյա ժամկետում Գործակալություն ներկայացնելու պայմանի պահպանումը.
4) հայտարկվող նշանի համապատասխանությունը ցուցանմուշի վրայի նշանին` պայմանով, որ ապրանքները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը, ցուցադրվել են ցուցահանդեսում.
5) սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջների պահպանումը ԱԾՄԴ յուրաքանչյուր դասի ապրանքների համար, այսինքն` առաջնությունը կարող է սահմանվել ներկայացված հայտում նշված յուրաքանչյուր դասի ապրանքների համար առանձին, պահպանելով սույն կետի 4-րդ ենթակետի պահանջները:
Ապրանքային նշանի առաջնության սահմանման պայմանների պահպանման
ստուգումը և առաջնությունը սահմանելու առանձնահատկությունները
124. Սույն կարգի 122-123-րդ կետերի 1-3-րդ ենթակետերում նշված պայմաններից որևէ մեկը հայտատուի կողմից չկատարելու դեպքում, ապրանքային նշանի առաջնությունը սահմանվում է սույն կարգի 120-րդ կետին համապատասխան` հայտը Գործակալություն ներկայացնելու թվականով, այդ մասին ծանուցելով հայտատուին:
Եթե կոնվենցիայով կամ ցուցահանդեսային առաջնության խնդրարկմամբ հայտում որևէ դասի ապրանքները ավելի շատ են (այսինքն` բացի առաջին հայտում կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքը հաստատող փաստաթղթում նշվածներից ներառված են նաև ԱԾՄԴ նույն դասին պատկանող այլ ապրանքներ), քան առաջին հայտի համապատասխան դասում կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքը հաստատող փաստաթղթում, ապա տվյալ դասի ապրանքների համար կսահմանվի խնդրարկվող առաջնությունը, եթե Բաժնի համապատասխան հարցման հիման վրա հայտատուն կհանի այդ ապրանքները կամ Օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի և սույն կարգի 47-րդ կետի համաձայն հայտատուի նախաձեռնությամբ դիմում է ներկայացվում հայտը զատելու մասին: Հակառակ դեպքում այդ դասի ապրանքների համար առաջնությունը կսահմանվի ընդհանուր հիմունքներով` հայտի ներկայացման թվականով:
Հարցման հիման վրա դասի ապրանքների ցանկից լրացուցիչ ներառվածները հանելու դեպքում, տվյալ նշանը հայտատուն կարող է գրանցման ներկայացնել ցանկից հանված ապրանքների համար, խնդրարկելով առաջնությունը սահմանել սկզբնական հայտի ներկայացման թվականով:
XVI. Լրացուցիչ նյութերի ստուգումը
125. Գործակալության հարցման հիման վրա հայտատուի կողմից լրացուցիչ նյութեր ներկայացնելու դեպքում ստուգվում է նշված նյութերի ներկայացման համար սահմանված ժամկետների պահպանումը:
Նշված նյութերը ներկայացվում են այդ մասին հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:
Հայտատուի կողմից սահմանված ժամկետների պահպանումը ստուգելիս պետք է առաջնորդվել սույն կարգի 39-րդ կետով:
Եթե հայտատուն խախտել է սահմանված ժամկետը և սույն կարգի 55-58-րդ կետերին համապատասխան չի ներկայացրել դրա երկարաձգման մասին խնդրագիր, կամ փորձաքննության հարցումը թողել է անպատասխան, ապա հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:
126. Փորձաքննության հարցմանը համապատասխան կամ հայտատուի նախաձեռնությամբ ներկայացված լրացուցիչ նյութերը քննարկման ընդունելու դեպքում ստուգվում է` արդյոք այդ նյութերը էապես չեն փոխում ներկայացված հայտը:
Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող, եթե փոփոխությունը վերաբերում է հայտարկվող նշանի ամբողջական կամ նրա հիմնական ընկալմանը (այսինքն` կենտրոնական դիրք զբաղեցնող), ինչպես նաև գերիշխող տարրերի ընկալմանը: Այդպիսի փոփոխությունների թվին են պատկանում, մասնավորապես` բառային կամ հիմնական պատկերային տարրը նշանի մեջ ընդգրկելը կամ նշանից հանելը, բառի տարրի հնչյունաբանական կամ իմաստային փոփոխությունը, հիմնական պատկերային տարրի գրաֆիկական կամ իմաստային փոփոխությունը:
Լրացուցիչ նյութերը ճանաչվում են հայտն ըստ էության փոփոխող նաև այն դեպքում, եթե դրանք ապրանքների ցանկը լրացնում են հայտում չնշված ապրանքներով:
(126-րդ կետը փոփ. 17.10.06 թիվ 215-Ն հրաման)
127. Եթե լրացուցիչ նյութերը ճանաչվել են որպես հայտն ըստ էության փոփոխող, ապա մինչև գրանցման մասին կամ գրանցման մերժման մասին որոշում ընդունելը հայտատուն ծանուցվում է այն մասին, թե լրացուցիչ նյութերի որ տվյալներն են հիմք ծառայել փորձաքննության այդպիսի եզրակացության համար:
Մնացած տեղեկությունները փորձաքննության ընթացքում հաշվի են առնվում:
XVII. Փորձաքննության որոշման բողոքարկումը
128. Օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան փորձաքննության ցանկացած որոշմանը չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից երեք ամսվա ընթացքում բողոք ներկայացնել Գործակալության բողոքարկման խորհուրդ: Բողոքը քննարկվում է սահմանված կարգով:
XVIII. Ապրանքային նշանի գրանցումը
129. Օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան ապրանքային նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա, սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալուց հետո բաժինը 10-օրյա ժամկետում ապրանքային նշանի հայտը փոխանցում է Գործակալության պետական գրանցամատյանների բաժին` ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ապրանքային նշանը գրանցելու համար պետական տուրքը վճարվում է նշանի գրանցման մասին Բաժնի որոշումը, կամ եթե հայտատուն այդ որոշմանը չհամաձայնելով (ոչ բոլոր ապրանքների համար, կամ որոշակի տարրերին ինքնուրույն պահպանություն չտալու մասին գրառում պարունակող գրանցման մասին որոշումները) դիմել է Գործակալության բողոքարկման խորհուրդ և (կամ) դատարան, բողոքարկման խորհրդի կամ դատարանի որոշումը հայտատուի կողմից ստանալուց հետո 3-ամսյա ժամկետում: Նշված պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետը լրանալուց հետո 6 ամսվա ընթացքում, որի դեպքում դրա չափն ավելացվում է 50 տոկոսով: Նշված ժամկետներում պետական տուրքը չվճարելու և այդ վճարման անդորրագիրը սահմանված ժամկետում (առավելագույնը 3 ամիս + 10 օր, եթե պետական տուրքը վճարված է 3 ամսվա ընթացքում, և 9 ամիս + 10 օր, եթե պետական տուրքը վճարված է 3+6 ամսվա ընթացքում) չներկայացնելու դեպքում պետական տուրքը համարվում է չվճարված, ապրանքային նշանի գրանցումը չի կատարվում, հայտը համարվում է հետ կանչված` նշանի գրանցման մասին որոշումը հայտատուի կողմից ստանալուց հետո 3 ամիսը լրանալուն հաջորդող օրվանից:
Ապրանքային նշանի գրանցման մասին որոշումը հայտատուին ուղարկելուց հետո վերջինիս կողմից առաջարկվող ցանկացած փոփոխություն (եթե դա Բաժնի կողմից թույլ տրված վրիպակ չէ) քննարկվում է որպես գրանցամատյանում կատարվող փոփոխություն, եթե վճարված է սահմանված պետական տուրքը: Եթե առաջարկվող փոփոխությունը ներկայացվել է ապրանքային նշանի գրանցման և վկայագիր տալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելուց ոչ ուշ, ապա այն քննարկվում է բաժնի կողմից և, անհրաժեշտության դեպքում, ճշգրտում է կատարվում նշանի գրանցման մասին որոշման մեջ, ինչի մասին ծանուցվում է հայտատուն: Հայտատուն ծանուցվում է նաև առաջարկված փոփոխությունները հաշվի չառնելու մասին:
Եթե առաջարկվող փոփոխությունը վերաբերում է Գործակալության կողմից թույլ տրված վրիպակին, ապա Գործակալությունն ուղղում է տվյալ վրիպակը:
Փոխանցված հայտով, այն ստանալու օրվանից 20-օրյա ժամկետում, Գործակալության պետական գրանցամատյանների բաժինը ապրանքային նշանի գրանցման մասին որոշման հիման վրա ապրանքային նշանը գրանցում է պետական գրանցամատյանում:
Գրանցամատյանում գրանցվում են ապրանքային նշանը, ապրանքային նշանի սեփականատիրոջը, ինչպես նաև ապրանքային նշանի հայտին և գրանցմանը վերաբերող տեղեկությունները:
Օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից մեկ ամսվա ընթացքում Գործակալության պետական գրանցամատյանների բաժինը ապրանքային նշանի վկայագիրը պատրաստում և հանձնում է նշանի սեփականատիրոջը:
Վկայագրում նշվում են` պետական գրանցման համարը և թվականը, նշանի սեփականատիրոջ անունը (անվանումը) և երկրի կոդը, հայտի համարը և ներկայացման թվականը, նշանի առաջնության թվականը, գրանցման գործողության ժամկետը, նշանի պատկերը, ապրանքային նշանի գույնն ու գունային համակցությունը, չպահպանվող տարրերը, ինչպես նաև ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար գրանցված է նշանը:
ՄԱՍ 3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն
ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը
և միջազգային գրանցման հայտ ներկայացնելը
XIX. Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և
դրա արձանագրության համաձայն ներկայացվող միջազգային հայտը
130. Ընդհանուր դրույթներ
1) Նշանների միջազգային գրանցման մասին Համաձայնագրի 1(2) հոդվածի, ինչպես նաև դրա Արձանագրության 2(1) հոդվածի համաձայն մասնակից որևէ պետության ցանկացած անձ մնացած մասնակից պետություններում իր ապրանքային նշանի պահպանությունն ապահովելու նպատակով կարող է նշանի միջազգային գրանցման հայտ (այսուհետ` միջազգային հայտ) ներկայացնել Միջազգային բյուրո: Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Համաձայնագրի և Արձանագրության անդամ, օրենքի 19-րդ հոդվածի համաձայն միջազգային հայտ կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետության ցանկացած անձ:
2) Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն ապրանքային նշանի միջազգային հայտը ներկայացվում է Գործակալության միջոցով: Հայտատուն դիմումը ներկայացնում է անձամբ կամ Գործակալությունում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով, հաշվի առնելով սույն կարգի 19-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:
3) Որպես ծագման երկրի գերատեսչություն, ապրանքային նշանի միջազգային հայտը Գործակալությունը ներկայացնում է ֆրանսերեն` ըստ Համաձայնագրի և անգլերեն կամ ֆրանսերեն` ըստ Արձանագրության:
4) Ապրանքային նշանի միջազգային հայտը Համաձայնագրի շրջանակներում ներկայացվում է միայն ազգային գրանցման հիման վրա, այսինքն` տվյալ ապրանքային նշանը պետք է գրանցված լինի պետական գրանցամատյանում, իսկ Արձանագրության շրջանակներում` ազգային հայտի հիման վրա, այսինքն բավարար է, որ տվյալ նշանի գրանցման համար Գործակալություն ներկայացված հայտը համապատասխանի սույն կարգի 66-րդ կետի պահանջներին:
5) Ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտը և դրան կից փաստաթղթերը Գործակալություն ներկայացվում են մեկ օրինակից` տպագրված և էլեկտրոնային տարբերակով, որոնք բավարարում են Համաձայնագրի և Արձանագրության 3-րդ հոդվածների, Ընդհանուր հրահանգի 8-13-րդ կանոնների և սույն կետի 6-8-րդ ենթակետերով սահմանված պահանջներին:
Ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտը լրացվում է Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա արձանագրության հայտերի վարչական հրահանգի (այսուհետ` Վարչական հրահանգ) 2-րդ մասի 2-րդ բաժնի համաձայն: Հայտերը ներկայացվում են`
5.1 MM1 ձևաթղթի վրա, ֆրանսերեն լեզվով, եթե հայտը ներկայացվում է Համաձայնագրի շրջանակներում.
5.2 MM2 ձևաթղթի վրա, անգլերեն լեզվով, եթե հայտը ներկայացվում է Արձանագրության շրջանակներում.
5.3 MM3 ձևաթղթի վրա, ֆրանսերեն կամ անգլերեն լեզվով, եթե հայտը ներկայացվում է Համաձայնագրի և Արձանագրության շրջանակներում:
6) Ապրանքային նշանի միջազգային հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի, սակայն կարող է հիմնվել նույն ապրանքային նշանի Հայաստանի Հանրապետության մի քանի ազգային գրանցումների կամ հայտերի վրա:
7) Ապրանքային նշանի միջազգային հայտում տրված տեղեկությունները պետք է ամբողջովին համապատասխանեն ազգային հայտում և Պետական գրանցամատյանում տեղ գտած տեղեկություններին:
8) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի «ժե» ենթակետի համաձայն, ապրանքային նշանի միջազգային հայտ ներկայացնելու համար սահմանված պետական տուրքը վճարվում է ՀՀ կենտրոնական բանկում բացված 90005016200 հաշվին, իսկ Համաձայնագրի 8(2) հոդվածի և Արձանագրության 8(2) հոդվածի, Ընդհանուր հրահանգի 34(2) կանոնի համաձայն սահմանված միջազգային պետական տուրքերը հայտատուն վճարում է Միջազգային բյուրոյի համապատասխան հաշվին: «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և Ընդհանուր հրահանգի 34(2) կետի համաձայն, վերը նշված բոլոր պետական տուրքերի վճարման անդորրագրերի բնօրինակները ներկայացվում են Գործակալություն:
9) Սույն կարգի 130-րդ կետի 5.1-5.3 ենթակետերում նշված ձևաթղթերից որևէ մեկով ներկայացված ապրանքային նշանի միջազգային հայտը ներկայացվում է Գործակալություն, որն էլ իր հերթին մեկ ամսվա ընթացքում ստուգում է դրա համապատասխանությունը սույն կարգի 130-րդ կետի 5-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներին:
10) Եթե Գործակալությունը ապրանքային նշանի միջազգային հայտում ի հայտ է բերում սխալներ կամ անճշտություններ, որոնց ուղղումը մտնում է իր իրավասության շրջանակների մեջ և չի պահանջում հայտատուի կամ սեփականատիրոջ համաձայնությունը, կատարում է համապատասխան ուղղումները:
11) Եթե Գործակալությունը ապրանքային նշանի միջազգային հայտում ի հայտ է բերում սխալներ կամ անճշտություններ, որոնց ուղղումը դուրս է իր իրավասության շրջանակներից և պահանջում է հայտատուի կամ սեփականատիրոջ համաձայնությունը, այդ մասին ծանուցում է հայտատուին:
12) Եթե Միջազգային բյուրոն Գործակալությանը ծանուցում է այն մասին, որ ապրանքային նշանի միջազգային գրանցման հայտը սխալ է լրացված, ապա այս դեպքում կիրառվում են սույն կարգի 130-րդ կետի 10-11-րդ ենթակետերը:
XX. Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի և դրա
արձանագրության համաձայն ապրանքային նշաններին իրավական պահպանություն
տրամադրելը
131. Համաձայնագրի 1(2) և 2-րդ և Արձանագրության 2-րդ հոդվածների համաձայն, միջազգային գրանցման միջոցով համաձայնագրի և (կամ) արձանագրության մասնակից այլ պետություններում իրենց ապրանքային նշանների իրավական պահպանությունն ապահովելու նպատակով նշանի սեփականատերը կամ հայտատուն միջազգային հայտ է ներկայացնում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո (այսուհետ` Միջազգային բյուրո), որը միջազգային գրանցում կատարելուց հետո այդ մասին ծանուցում է այն պայմանավորված կողմերի ազգային գերատեսչություններին, որոնք նշված են միջազգային հայտում: Մասնակից որևէ պետությունում իրավական պահպանություն իրականացվում է նաև տարածքային ընդարձակման միջոցով, որի մասին ևս Միջազգային բյուրոն ծանուցում է համապատասխան ազգային գերատեսչությանը: Տարածքային ընդարձակումը կատարվում է ՄՍՀԿ հատուկ ձևաթղթով:
132. Ազգային գերատեսչությունը ազգային օրենսդրության համապատասխան անցկացնում է ապրանքային նշանի անհրաժեշտ փորձաքննություն, որպեսզի համաձայնագրի շրջանակներում` 1 տարվա ընթացքում, իսկ արձանագրության շրջանակներում` 1,5 տարվա ընթացքում իր դիրքորոշումը հայտնի Միջազգային բյուրո` տվյալ նշանին իրավական պահպանություն տրամադրելու հարցում: Այս կապակցությամբ Գործակալությունն անցկացնում է սույն կարգի 82-111-րդ կետերով նախատեսված նշանի փորձաքննություն, ինչի արդյունքների հիման վրա, ՀՀ տարածքում տվյալ նշանին իրավական պահպանություն տալը (գրանցման գործողությունը) ամբողջովին (բոլոր ապրանքների համար) կամ մասնակիորեն (ապրանքների մի մասի համար) մերժելու, ինչպես նաև նշանի որոշ տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելու մասին համապատասխան ծանուցում է ուղարկում Միջազգային բյուրո.
1. Եթե օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան անցկացված փորձաքննության արդյունքում պարզվում է, որ հայտարկվող նշանը չի համապատասխանում սույն կարգի 11-15-րդ կետերով նախատեսված պահանջներից թեկուզ մեկին, ապա որոշում է կայացվում ապրանքային նշանի գրանցման գործողությունը ՀՀ տարածքում նախնական մերժելու մասին: Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի և սույն կարգի 119-րդ կետի համաձայն նշանի գրանցումը մերժելու մասին որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն կարող է դիմում ներկայացնել Գործակալություն` կրկնական փորձաքննություն անցկացնելու խնդրանքով` բերելով հիմնավոր փաստարկներ և կից ներկայացնելով սույն կարգի 19-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան ձևակերպված լիազորագիրը, Միջազգային բյուրոյի կողմից հայտատուին նախնական մերժման մասին ծանուցող փաստաթղթի պատճենը` հայտատուի կողմից վերոհիշյալ ծանուցման ստացման թվականը և դրանից հետո սահմանված երկամսյա ժամկետում կրկնական փորձաքննություն անցկացնելու մասին դիմումի ներկայացման հանգամանքը պարզելու համար: Եթե ծանուցագրի վրա բացակայում է դրա ստացման թվականի մասին համապատասխան գրառումը, ապա հայտատուի կողմից դրա ստացման թվականը համարվում է Միջազգային բյուրոյի առաքման օրվանից հետո 14-րդ օրը:
2. Եթե հայտատուն կրկնական փորձաքննություն է խնդրարկում Գործակալության կողմից նախնական մերժումն ուղարկելու թվականից երկամսյա ժամկետում, ապա Միջազգային բյուրոյի վերոհիշյալ ծանուցումը կարող է չներկայացվել:
3. Սույն կարգի 119-րդ կետի համաձայն կրկնական փորձաքննություն անցկացնելուց հետո կայացվում է որոշում ապրանքային նշանի միջազգային գրանցման կրկնական փորձաքննության մասին, որտեղ նշվում է միջազգային հայտի համարը, հայտատուի անվանումը, հասցեն և մերժման հիմքերը, եթե որոշվում է ապրանքային նշանի միջազգային գրանցման նախնական որոշումը թողնել ուժի մեջ ամբողջովին կամ մասնակիորեն: Համապատասխան սյունակում նշվում է «Մերժման մասին որոշումը մնում է անփոփոխ», «Մերժման մասին որոշումը չեղյալ է ճանաչվում», «Նշանը գրանցվում է սահմանափակումներով» (ապրանքները ու չպահպանվող տարրերը) արտահայտություններից մեկը:
4. Միջազգային գրանցում ունեցող ապրանքային նշանի գրանցման գործողությունը ՀՀ-ում ամբողջովին կամ մասնակիորեն մերժելու (այդ թվում` առանձին տարրերը պահպանությունից հանելու) մասին ցանկացած որոշումից հետո (այդ թվում` նախնական մերժման մասին, կրկնական փորձաքննության, բողոքարկման խորհրդի և դատարանի), երբ արդեն լրացել են տվյալ որոշման վիճարկման համար օրենքով սահմանված բոլոր ժամկետները, և հայտատուն չի վիճարկել տվյալ որոշումը, Գործակալությունը վերջնական որոշում է կայացնում տվյալ նշանի գրանցման գործողության մասին` նախապես ստուգելով տվյալ որոշման բոլոր հիմքերը:
Եթե փորձաքննության ընթացքում ապրանքային նշանի գրանցումը մերժվում է մասնակիորեն (այսինքն` այն ապրանքների մի մասի նկատմամբ, որոնք նշված են ծանուցման մեջ) և մինչև տվյալ հայտով գործավարության ավարտը այդ ապրանքների նկատմամբ և մերժման հիմք հանդիսացող գրանցումը զիջվում է քննարկվող նշանի սեփականատիրոջը, ապա վերանայվում է ապրանքային նշանի գրանցումը նախնական մերժելու մասին որոշումը: Այս դեպքում հաշվի է առնվում հայտատուի կողմից ներկայացված կրկնական փորձաքննության մասին դիմումը, ընդ որում, եթե այն ներկայացվել է Գործակալության կողմից ՄՍՀԿ ուղարկված մերժման օրվանից ավելի, քան 2 ամիս ուշ, ապա դիմումին կից պետք է ներկայացվի ՄՍՀԿ-ի մերժման մասին հայտատուի ծանուցագրի պատճենը դրա փաստացի ստացման թվականով և ՄՍՀԿ ուղարկված` սեփականատիրոջ փոփոխության մասին դիմումի համապատասխան պատճենը:
5. Ապրանքային նշանների միջազգային գրանցման զիջման մասին ծանուցագրերով Գործակալությունն ստուգում է դրա համապատասխանությունը Օրենքի 25-րդ հոդվածի պահանջներին: Ապրանքային նշանի միջազգային գրանցման զիջումը մերժվում է, եթե դրա հետևանքով սպառողը կարող է մոլորության մեջ ընկնել ապրանքի կամ արտադրողի հետ կապված հարցերում, մասնավորապես ստուգվում է` արդյոք զիջումը չի հանգեցնի նրան, որ դրա հետևանքով նույնական և շփոթելու աստիճան նման ապրանքային նշանները դառնան տարբեր սուբյեկտների սեփականություն:
Եթե ապրանքային նշանի միջազգային գրանցման զիջման մասին պայմանագրի քննարկման արդյունքում պարզվում է, որ`
ա) ապրանքային նշանը զիջվում է նույնատիպ ապրանքների մի մասի համար,
բ) զիջվող ապրանքային նշանը շփոթելու աստիճան նման է տվյալ նշանի սեփականատիրոջ` նույնատիպ ապրանքների համար գրանցված և չզիջվող այլ նշանի, և այդ նշանները օրենսդրությամբ սահմանված կարգով, նույնատիպ ապրանքների համար չեն կարող գրանցվել տարբեր անձանց անունով,
գ) զիջվող ապրանքային նշանը օրենքով սահմանված կարգով հանրահայտ ճանաչված ապրանքային նշան է,
դ) զիջվող ապրանքային նշանը ներառում կամ վերարտադրում է արդյունաբերական նմուշի պատկեր, որի արտոնագրատերը տվյալ ապրանքային նշանի սեփականատերն է և այդ արտոնագիրը չի զիջվում այդ ապրանքային նշանի հետ միասին,
ե) զիջվող ապրանքային նշանը ներառում է իրեն պատկանող, Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ֆիրմային անվանումը կամ դրա տարբերակիչ անունը,
զ) ապրանքային նշանը ներառում է ապրանքի արտադրության վայրը մատնանշող նշում, որը որպես չպահպանվող տարր ներառված է ապրանքային նշանի մեջ, սակայն նշանն ստացողը չի գտնվում տվյալ աշխարհագրական տեղանքում,
է) ապրանքային նշանը ներառում է որևէ աշխարհագրական նշում, որի օգտագործման իրավունքը չունի նշանն ստացողը, ապա համարվում է, որ այդպիսի զիջումը մոլորության մեջ կգցի սպառողներին, և օրենքի 25-րդ հոդվածի համաձայն միջազգային գրանցման զիջումը մերժվում է:
6. Ընդհանուր հրահանգի 27(4) կանոնի համաձայն ապրանքային նշանների միջազգային գրանցումը զիջելու մասին պայմանագրի գրանցման մերժման մասին որոշումը ներկայացվում է Միջազգային բյուրո, որն այդ մասին ծանուցում է հայտատուին:
7. Տվյալ որոշմանը չհամաձայնելու դեպքում, այն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում հայտատուն իրավունք ունի բողոք ներկայացնելու Գործակալության բողոքարկման խորհուրդ:
8. Եթե փորձաքննության ընթացքում ապրանքային նշանի միջազգային գրանցման զիջումը մերժվում է մասնակիորեն (այսինքն` այն ապրանքների մի մասի նկատմամբ, որոնք նշված են ծանուցման մեջ) և մինչև տվյալ հայտով գործավարության ավարտը այդ ապրանքների նկատմամբ և մերժման հիմք հանդիսացող գրանցումը զիջվում է քննարկվող նշանի սեփականատիրոջը, ապա վերանայվում է ապրանքային նշանի զիջումը նախնական մերժելու մասին որոշումը: Այս դեպքում հաշվի է առնվում հայտատուի կողմից ներկայացված բողոքարկման մասին դիմումը, որին կցվում է ապրանքային նշանի գրանցումը նախնական մերժելու մասին գործակալության որոշման պատճենը և ՄՍՀԿ ուղարկված` սեփականատիրոջ փոփոխության մասին դիմումի համապատասխան պատճենը:
ՄԱՍ 4. Եզրափակիչ դրույթներ
XXI. Նախորդ կանոնները
133. Մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելն ստացված հայտերով`
ա) նախնական փորձաքննությունն անցկացվում է նախորդ կանոններով.
բ) նշանի փորձաքննությունն անցկացվում է նախորդ կանոններով, եթե սույն կարգն ուժի մեջ մտնելու պահին նախնական փորձաքննությունն ավարտված է և հայտը քննարկման ընդունելու մասին տեղեկանքն ուղարկված է հայտատուին: Ընդ որում, եթե ներկայացված նշանը ներառում է Հայաստանի Հանրապետությունում պահպանվող ապրանքի ծագման տեղանուն, ապա նշանի փորձաքննության ժամանակ կիրառվում է նաև սույն կարգի 93-րդ կետի 5-րդ ենթակետը.
գ) նշանի փորձաքննությունն անցկացվում է սույն կարգի համաձայն, եթե նախնական փորձաքննությունը դեռևս ավարտված չէ:
134. Սույն կարգով նախատեսված գործողությունները Գործակալությունում իրականացնում է Բաժինը:
Հավելված 1
Սույն լիազորագիրը տրված է ---- The power is granted to --------
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
(հասցեն ---------------------- (address -----------------------
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
-----------------------------) -------------------------------)
ի դեմս գրանցված արտոնագրային in the name of the registered
հավատարմատար (ներ)ի ---------- patent attorney (ies) ----------
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
առ այն, որ նա (նրանք) that is hereby empowered to
լիազորված է (են) ներկայացնել represent the interests of
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
------------------------------ --------------------------------
շահերը Հայաստանի Հանրապետության in all matters related to
տարածքում արդյունաբերական application for acquisition and
սեփականության օբյեկտների protection of industrial property
նկատմամբ իրավունքների ձեռքբերման, rights in respect of rights of
պահպանության, գործողության մեջ objects within the territory of
պահելու հետ կապված բոլոր հարցերով: the Republic of Armenia.
Լիազորագիրը տրված է 3 տարի ժամկետով: Effect of this Power is 3 years.
Կատարված է ______________________________________________________
(տեղը)
Done in
(place)
Թվականը _________________________________________________________
Date
Լիազորող
Issuer
Անուն, հայրանուն, ազգանուն ______________________________________
Name
Պաշտոնը ______________________________________________________
Position
Ստորագրություն Առանց ընկերության կնիքի վավեր չէ:
Signature The power is not valid without
corporate seal or stamp.
Հավելված 2
._________________________________________________________________________.
| ՀԱՅՏ Հայաստանի Հանրապետության մտավոր|
|ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման սեփականության գործակալություն |
| |
| Երևան 10, Գլխավոր պող., |
| Կառավարական տուն 3 |
|_________________________________________________________________________|
| ԴԻՄՈՒՄ |
| |
| Ներկայացնելով հայտը և ստորև նշված փաստաթղթերը, խնդրում եմ հայտում |
|ներկայացված նշանը գրանցել որպես ապրանքային (սպասարկման) նշան |
|_________________________________________________________________________|
|730 Հայտատու |Երկրի ծածկագիրն|
| | ըստ ՄՍՀԿ ՍՏ 3 |
|(նշվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը կամ ֆիզիկական | ստանդարտի |
|անձի անունը, ազգանունը) | |
|_________________________________________________________| |
|._. Խնդրում եմ նշանի առաջնություն սահմանել` | |
|._. առաջին հայտի (հայտերի) ներկայացման թվականով` օրենքի | |
| 7-րդ հոդվածի երկրորդ մասին համապատասխան | |
| | |
|._. ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու | |
|._. թվականով` օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասին | |
| համապատասխան | |
|_________________________________________________________________________|
|310 Առաջին հայտի N |320 (230) Խնդրարկվող|330 Առաջին հայտի ստացման երկրի |
| |առաջնության թվականը |ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ST 3 |
| | |ստանդարտի (կոնվենցիայով |
| | |առաջնություն խնդրարկելու |
| | |դեպքում) |
|____________________|____________________|_______________________________|
|_________________________________________________________________________|
|Հայտատուի իրավաբանական հասցեն |
| |
| Հեռախոս Ֆաքս |
|_________________________________________________________________________|
|Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը, ազգանունը |
|կամ անվանումը) |
| Հեռախոս Ֆաքս |
|_________________________________________________________________________|
|740 Արտոնագրային հավատարմատար (անունը, ազգանունը, գրանցման համարը) |
| |
|_________________________________________________________________________|
|540 Հայտարկվող նշանի պատկերը Հայտարկվող նշանի նկարագրությունը |
| |
| |
|591 Գույնը կամ գունային համակցությունը (եթե խնդրարկվում է գրանցել նշանի |
| գունավոր տարբերակը) |
|_________________________________________________________________________|
|220 Հայտի ներկայացման թվականը|Մտից N |210 Հայտի N |
|_____________________________|___________________________________________|
|Առաջնություն |511 ԱԾՄԴ |
|_________________________________________________________________________|
|510 ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված (գերադասելի է այդ դասակարգման |
| տերմիններով) ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց համար |
| խնդրարկվում է նշանի գրանցումը *) |
|_________________________________________________________________________|
| Դասը | Ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումը |
|________|________________________________________________________________|
| | |
| | |
|_________________________________________________________________________|
| *) Եթե ցանկը չի տեղավորվում հատկացված սյունակում, ապա այն որպես |
| հայտի հավելված ամբողջապես ներկայացվում է առանձին թերթի վրա |
|_________________________________________________________________________|
| Կցվող փաստաթղթերի ցանկը |Թերթերի|Օրինակների|
| |քանակը |քանակը |
|._. |_______|__________|
|._. սահմանված տուրքի վճարման անդորրագիրը | | |
|._. |_______|__________|
|._. հայտարկվող նշանի պատկերները | | |
|._. |_______|__________|
|._. կոլեկտիվ նշանի կանոնադրությունը | | |
|._. |_______|__________|
|._. հայտին կցված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը | | |
|._. |_______|__________|
|._. արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող| | |
| փաստաթուղթը (լիազորագիր) | | |
|._. |_______|__________|
|._. ապրանքների և ծառայությունների ցանկը, եթե այն | | |
| ներկայացվում է հավելվածի ձևով | | |
|._. |_______|__________|
|._. այլ փաստաթղթեր (նշել) | | |
|_________________________________________________________________________|
|Լրացուցիչ տվյալներ` |
|._. |
|._. ավելի վաղ գրանցված նշանի վկայականի N |
|._. ._. |
|._. ծավալային նշան ._. կոլեկտիվ նշան |
|_________________________________________________________________________|
| / / |
|Հայտատու ______________________________ |
| (անունը, ազգանունը, պաշտոնը) |
| |
|Կ.Տ. «___»__________ թ. |
._________________________________________________________________________.
Հավելված 3
ՀՀ մտավոր սեփականության
գործակալություն
375010, Երևան, Գլխավոր պող.,
Կառավարական տուն 3
Ապրանքային նշանի հայտատուն
անվանումը (անունը, ազգանունը), հասցեն
Դիմում
«Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` խնդրում եմ զատել ապրանքային նշանի N ______________ հայտը հետևյալ ապրանքների և (կամ) ծառայությունների համար:
(ապրանքները և (կամ) ծառայությունները նշվում են ըստ դասերի)
Կից ներկայացվում է`
1. Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը
2. Արտոնագրային հավատարմատարին տրված լիազորագիրը
Կ. Տ. ______________ _________________ _____________
ստորագրություն անունը, ազգանունը թվական