115.0047.130505
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 05 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11505186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 ապրիլի 2005 թվականի N 47-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի բ ենթակետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործավարության կարգը (համաձայն հավելվածի):
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործավարության կարգի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Մ. Վանյանի վրա:
Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2005 թ. ապրիլի 19-ի
թիվ 47-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) գործավարության իրականացման կարգը:
2. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատակիցների (այսուհետ` աշխատակիցներ) համար:
3. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմիններում սույն կարգով սահմանված գործավարության կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է գործակալության մեթոդավերլուծական բաժինը (այսուհետ` բաժին):
4. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմիններում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
5. Գործակալությունում գաղտնի գործավարությունը իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ
6. Գործակալությունում ստացված պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունը, բացի «գաղտնի» մակագրով ծրարներից, ընդունվում և գրանցվում է գործավարի կողմից:
7. Գործավարը բացում է ստացված բոլոր ծրարները (նաև էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրով ծրարներից: «Անձամբ» մակագրով ծրարները չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատերերին:
8. Գործավարը ծրարը բացելիս պարտավոր է ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, համեմատել փաստաթղթերի ելից համարները ծրարի վրա նշված համարների հետ:
9. Փաստաթղթի կամ փաստաթղթի էլեկտրոնային օրինակի (ֆայլի) բացակայության կամ վնասման դեպքում կազմվում է ակտ 3 օրինակից, որից մեկը մնում է գործավարի մոտ, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը: Ծրարում (ֆայլում) սխալմամբ դրված փաստաթղթերը նոր ծրարներով ուղարկվում են ըստ պատկանելության` կցելով նաև այն ծրարները, որոնցով ստացվել էին: Նշվածի մասին անհրաժեշտության դեպքում տեղյակ է պահվում այն կազմակերպությանը, որտեղից ստացվել էր ծրարը:
10. Ծրարները (նաև էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին կցվում են այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն, կամ եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
11. Ստացված թղթակցությունը, ինչպես նաև ֆաքսի և էլեկտրոնային կապի միջոցով ստացված փաստաթղթերը գրանցվում են համակարգչային ծրագրի միջոցով, որտեղ արտացոլվում է փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը: Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
12. Գրանցված փաստաթղթի առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթուղթը համարակալվում է հերթական մտից համարով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը), նախարարությունից ստացված թղթակցությունները գրանցման համարից հետո ավելացվում է N պայմանանշանը:
13. Նախարարությունում մուտքագրված և գործակալություն ուղարկված գրությունները մուտքագրվում են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների առանձին գրանցամատյաններում:
14. Գրանցման ենթակա չեն տեղեկատվական բնույթի փաստաթղթերը: Այդպիսի փաստաթղթերի վրա դրվում է դրոշմակնիք, նշվում միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք հանձնվում են ստորաբաժանումներին և տարածքային մարմիններին:
15. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմերից և նախարարություններից ստացված շտապ թղթակցությունները գրանցվում և արտահերթ ներկայացվում են գործակալության պետին` գործավարի միջոցով:
16. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներին հասցեագրված գրությունները գրանցվում են և օրվա ընթացքում հանձնվում հասցեատերերին` ըստ պատկանելության:
17. Գործակալության պետին հանձնված թղթակցությունը հաջորդ օրը վերադարձվում է գրանցողին և նույն օրը գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելուց հետո ըստ մակագրությունների փոխանցվում կատարողներին:
18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներին տրված փաստաթղթերը գրանցվում են համապատասխան ստորաբաժանման գրանցամատյանում:
19. Գործակալության մի կառուցվածքային ստորաբաժանումից մյուսին թղթակցության հանձնումը կատարվում է գործավարի միջոցով:
20. Յուրաքանչյուր ստորաբաժանում ստացված փաստաթղթում բարձրացված հարցերին ընթացք տալուց հետո, սույն կարգով սահմանված ժամկետներում այն վերադարձնում է գրանցողին` կցելով կատարման մասին տեղեկանքը: Գործին կցելու համար փաստաթուղթն ընդունվում է այն դեպքում, երբ համապատասխան հիմնավորման վրա առկա է գործակալության պետի «գործին» մակագրությունը:
21. Գործակալության աշխատակիցները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանման համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց: Արգելվում է գործակալությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում որևէ ուղղում կատարել: Գործակալության աշխատողներին արգելվում է փաստաթղթերը գործակալությունից դուրս բերել:
22. Արձակուրդ գնալու կամ 5 աշխատանքային օրից ավել բացակայելու կամ աշխատանքից ազատվելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ եղած փաստաթղթերը (այդ թվում` անավարտ) հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
III. ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՈՒ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
23. Առանձնացված ստորաբաժանումների կողմից նախապատրաստված և նախարարին ստորագրության տրվելիք հրամանների նախագծերը նախապատրաստվում են համաձայն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 30.09.04 թ. թիվ 117-Ն/1 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգի»:
24. Գործակալության պետի կարգադրությունների և հանձնարարականների (այսուհետ` կարգադրություններ և հանձնարարականներ) նախագծերը նախապատրաստվում են կառուցվածքային ստորաբաժանումների կողմից:
25. Հանձնարարականների և կարգադրությունների նախագծերը գործակալության պետին ներկայացվում են ստորագրության գործավարի միջոցով:
26. Կարգադրությունների և հանձնարարականների նախագծերի վերջին էջի հակառակ երեսին գործակալության պետի կողմից նշվում է այն հասցեատերերի ցանկը, որոնց պետք է առաքվի փաստաթուղթը և ըստ հասցեատերերի քանակի, համապատասխան հիմքերով ու փաստաթղթերով ներկայացվում է գործավարին:
27. Կարգադրությունները և հանձնարարականները գործավարը ձևակերպում է համապատասխան մատյաններում, իսկ բնօրինակները կարում է առանձին գործերում:
28. Կարգադրությունները և հանձնարարականները ձևակերպվում են առանձին հաշվառման մատյաններում (այսուհետ` հաշվառման մատյաններ), որտեղ ըստ հերթականության նշվում են.
ա) հաշվառման հերթական համարը
բ) տեսակը
գ) վերնագիրը
դ) ընդունման ամսաթիվը, ամիսը, տարին
ե) ստորագրման ամսաթիվը, ամիսը, տարին
զ) գործողության դադարեցման ամսաթիվը, ամիսը, տարին:
29. Հաշվառման մատյանները խիստ հաշվառման փաստաթղթեր են: Դրանք պետք է լինեն կարված (ժապավենած), իսկ թերթերը համարակալված: Թերթերի թիվը պետք է հաստատվի գործակալության պետի կնիքով: Չի թույլատրվում հաշվառման մատյաններում մատիտով գրանցումներ կատարել:
30. Հաշվառման մատյաններում նշումները պետք է կատարվեն առանց կրճատումների, ջնջումների, պարզ ու ընթեռնելի ձեռագրով:
31. Հաշվառման մատյանի հաշվառման համարների հերթականությունը վերսկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից և շարունակվում մինչև տարեվերջ:
32. Կարգադրությունների և հանձնարարականների համարները ձևավորվում են հաշվառման հերթական համարից:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
33. Գործակալության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի միջոցով:
V. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
34. Ելից փաստաթղթերը գործակալության գործավարին են հանձնվում յուրաքանչյուր ստորաբաժանման ներսում առկա ելից գրանցամատյաններով` բաց վիճակում, 3 օրինակից, հիմքերի հետ միասին` ներառելով հասցեատերերի հասցեները: Առաջին օրինակը ուղարկվում է հասցեատիրոջը, երկրորդ օրինակը համապատասխան նամակի և կից նյութերի հետ կարվում է պահպանվող համապատասխան գործում, երրորդ օրինակը հետ է վերադարձվում համապատասխան ստորաբաժանմանը:
35. Գործակալությունում ստացված փաստաթղթերին պատասխանելիս պատասխանի վրա, վերևի ձախ անկյունում նշվում է ստացված գրության համարը և ամսաթիվը (օրինակ, Ձեր 2002 թ. հոկտեմբերի 20-ի թիվ 2-15/451): Նույն տվյալները պետք է ունենա նաև էլեկտրոնային օրինակը:
36. Ելից փաստաթղթերը ստորագրության են ներկայացվում գործակալության պետին ընդհանուր փոստի հետ` գործավարի միջոցով:
37. Նախարարությունից ստացված գրություններին ընթացք տալուց հետո դրանք հետ են վերադարձվում նախարարության աշխատակազմի քարտուղարություն` նախարարի 30.09.04 թ. թիվ 117-Ն/1 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգի» 5-րդ և 6-րդ բաժիններին համապատասխան:
38. Գործակալության պաշտոնական ձևաթղթերի նմուշները հաստատում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:
39. Ելից փաստաթղթերի համար գործակալությունում օգտագործվում են ներքոհիշյալ պաշտոնական ձևաթղթերը /բլանկները/.
ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն,
բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ,
գ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ____________ տարածքային մարմին:
40. Փաստաթղթի ելից համարը կազմված է պայմանանշից և համապատասխան ստորաբաժանման հերթական համարից, օրինակ` 1/12-450:
41. Ինչպես շտապ, այնպես էլ սովորական թղթակցությունը ռեեստրների վրա գրանցելուց հետո առաքվում է հասցեատերերին: Ռեեստրների երկրորդ օրինակները պահպանվում են գործավարի մոտ:
VI. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻՆ, ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼՈՒ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ
42. Գործակալությունում քաղաքացիներից ստացված առաջարկությունները նույն օրը գրանցվում են մատյաններում և համակարգչային ծրագրում:
43. Առաջարկության գրանցման համարանիշը (կոդը) բաղկացած է դիմողի ազգանվան առաջին տառից և հերթական համարից:
44. Միևնույն անձից միևնույն հարցով ստացված առաջարկությունները գրանցվում են առաջին առաջարկության գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համար` կոտորակի ձևով (Ա-250/2, Ա-250/3):
45. Անանուն առաջարկությունները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
46. Կոլեկտիվ առաջարկությունների ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում առաջին ազգանունը, անունը:
47. Քաղաքացիների այն առաջարկությունները, որոնք գործակալությունում ստացվել են վերադաս մարմիններից` դրանցում նշված փաստերը ուսումնասիրելու և արդյունքների մասին տեղեկացնելու խնդրանքով, վերցվում են հատուկ հսկողության: Հատուկ հսկողության վերցված նամակների առաջին էջի ներքևի աջ անկյունում դրվում է «Հատուկ հսկողության տակ» դրոշմակնիքը:
48. Քաղաքացիների առաջարկությունների պատասխանները գործակալությունում ստորագրվում են գործակալության պետի կողմից:
49. Որոշ առաջարկություններ կարող են ուղարկվել տվյալ հարցի լուծման իրավասություն ունեցող այլ պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով` այդ մասին տեղեկացնելով դիմողին:
50. ՈՒսումնասիրությունից և վերջնական քննարկումից հետո առաջարկությունների պատասխանները` առաջարկով և կից նյութերով 3 օրինակից վերադարձվում են գործավարին:
Առաջին օրինակը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը առաջարկի և կից նյութերի հետ կարվում է գործավարի մոտ պահվող համապատասխան գործում, երրորդ օրինակը վերադարձվում է համապատասխան ստորաբաժանում:
51. Քաղաքացուն կարող է տրվել գրավոր կամ բանավոր պատասխան: Բանավոր պատասխանի դեպքում այդ մասին գրառումը կատարվում է դիմումի վրա:
52. Առաջարկության պատասխանի համարը կազմված է գրանցման համարից և այն գործի համարից, որի մեջ կարվում է տվյալ հարցին վերաբերող գրագրությունը (օրինակ, Ա-2157/7-75)
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
53. Գործակալությունում ստացված փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե փաստաթղթում ժամկետներ չեն նախատեսված).
ա) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ չպահանջող հարցերի համար մինչև 5 աշխատանքային օր,
բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցերի համար մինչև 15 աշխատանքային օր,
գ) իրավական ակտերի նախագծերի համաձայնեցման համար մինչև 5 աշխատանքային օր:
54. Գործակալությունում ստացված առաջարկությունների համար սահմանվում են հետևյալ ժամկետները (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված).
ա) լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող առաջարկությունների համար մինչև 15 աշխատանքային օր,
բ) լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ պահանջող առաջարկությունների համար մինչև 30 աշխատանքային օր:
55. «Ի գիտություն» մակագրությամբ փաստաթղթերի համար պատասխան չի ակնկալվում: Այդ փաստաթղթերը պահպանվում են գործակալությունում:
VIII. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
56. Գործակալությունում կատարողական կարգապահության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է գործակալության մեթոդավերլուծական բաժինը:
57. Գործակալության պետի օգնականը պատրաստում է տեղեկանք շաբաթական կատարվելիք հանձնարարականների վերաբերյալ և բաժանում կառուցվածքային ստորաբաժանումներին և տարածքային մարմիններին:
IX. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ՀԵՏԱԳԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ
58. Աշխատակազմի արխիվ են հանձնվում գործակալության նախորդ տարվա գործունեությամբ առաջացած և փորձագիտական արժեքավորման ենթարկված մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա փաստաթղթերը:
59. Չի թույլատրվում բնօրինակ փաստաթղթերով գործերի դուրս բերումը: Անհրաժեշտության դեպքում գործերի կրկնօրինակները կարելի է դուրս բերել միայն աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:
60. Պահպանվող գործերին կարելի է ծանոթանալ աշխատակազմի ղեկավարի բանավոր թույլտվությամբ:
61. Արգելվում է հանձնված փաստաթղթերում ջնջումներ և ուղղումներ կատարելը: