(ուժը կորցրել է 23.04.07 թիվ 539-Ն հրաման)
i
326.0917.131004
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«13» 10 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32604272
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
20 սեպտեմբերի 2004 թվականի N 917-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի աշխատակազմի պետի վրա:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2004 թվականի սեպտեմբերի 20-ի
N 917-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության (այսուհետ` Վարչություն) գործավարության վարումը, Վարչության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործավարության համակարգված իրականացումը:
2. Սույն կարգով սահմանված կանոնները պարտադիր են Վարչության ստորաբաժանումների համար:
3. Վարչության գործավարության կազմակերպումն իրականացնում է Վարչության քարտուղարությունը:
4. Վարչության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում (այսուհետ` ստորաբաժանում) գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
II. ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
6. Վարչությունում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է Վարչության քարտուղարությունում (այսուհետ` քարտուղարություն)` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Ստորաբաժանումներում ներքին փաստաթղթաշրջանառության համար պահվում են առանձին գրանցամատյաններ:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
7. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր (նաև` էլեկտրոնային) ծրարները, բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են կամ Վարչության համակարգչային ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:
8. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
9. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
10. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են Վարչության համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց), պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
11. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:
12. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
13. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի սույն կարգի 5-րդ կետում նշված հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
14. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ, ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
15. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից, դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են Վարչության համապատասխան ստորաբաժանումներին:
16. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման` վարչության պետին:
Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
17. Վարչության պետին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո հանձնվում են Վարչության պետին:
Չի թույլատրվում առանց գրանցման թղթակցության շարժը:
18. Քարտուղարության աշխատողը ստանալով Վարչություն ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում և մատյանում, վարչության պետի կամ վարչության պետի տեղակալների կողմից մակագրվելուց հետո հանձնում անմիջական կատարող ստորաբաժանմանը` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը Վարչության ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին են հանձնվում քարտուղարության միջոցով` համապատասխան տեղակալի համաձայնությամբ:
Ստորաբաժանման գործավարության վարման համար պատասխանատու աշխատակիցը, քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է մատյանում, ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին:
19. Վարչության աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:
Չի թույլատրվում Վարչությունում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել:
Վարչության ստորաբաժանումները քարտուղարությունից ստացած Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումների բնագրերը վերադարձնում են քարտուղարություն` պահպանման:
20. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
21. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է Վարչության պետի կամ նրա համապատասխան տեղակալի «Գործին» մակագրությունը:
22. Ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման պարտականությունը դրվում է համապատասխան աշխատակիցների վրա, որոնց հետ քարտուղարությունը անցկացնում է համապատասխան հրահանգավորում: Ստորաբաժանումների միջև ծառայողական փաստաթղթերի փոխանակումը, դրանք ստորաբաժանումների պետերի կողմից ստորագրվելուց հետո, իրականացնում են ստորաբաժանումները:
III. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Վարչությունում ելից փաստաթղթերը ստորագրվում են Վարչության պետի և Վարչության պետի տեղակալների կողմից:
24. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` համապատասխան նշագրերով:
25. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում է կցվող նյութի էջերի թիվը, ներքևի ձախ անկյունում` կատարողի ազգանունը և հեռախոսահամարը:
26. Ելից փաստաթղթերը ստորագրվելուց հետո քարտուղարությունում գրանցվում են ելից փաստաթղթերի գրանցման մատյանում և համարակալվում: Ելից համարը դրվում է ձևաթղթի վերևի ձախ անկյունում:
27. Ելից փաստաթղթերն ընդունելիս քարտուղարության աշխատողները պարտավոր են ստուգել փաստաթղթի ձևակերպման համապատասխանությունը սույն կարգով սահմանված բոլոր չափանիշներին:
28. Այն դեպքում, երբ փաստաթղթերն առաքվում են, որպես ստացված գրությունների պատասխաններ, հասցեատիրոջ անվան տակ վերին ձախ անկյունում նշվում են այդ գրության համարը և ամսաթիվը:
29. ՈՒղարկվող փաստաթղթի երկրորդ օրինակը պահվում է քարտուղարությունում` սահմանված կարգով:
Առաքվող թղթակցության ցուցակները պահվում են քարտուղարությունում:
IV. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
30. Քաղաքացիների կողմից ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
31. Վարչության իրավասու անձի կողմից քաղաքացիների անհատական ընդունելության ժամանակ նրանց գրավոր առաջարկությունները, դիմումներն ու բողոքները նույնպես ենթակա են գրանցման` օրենքով սահմանված կարգով:
32. Կոլեկտիվ առաջարկության, դիմումի և բողոքի ստացման դեպքում գրանցվում է ընդգծված ազգանունը, իսկ դրա բացակայության դեպքում` առաջին ազգանունը:
33. Անստորագիր նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
34. Ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ներկայացվում են վարչության պետին կամ եթե այլ հասցեատեր է նշված` հասցեատիրոջը:
35. Վարչության պետի հանձնարարությամբ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը, կամ որոնց անմիջական ենթակայությամբ է գործում այն կազմակերպությունը կամ պաշտոնատար անձը, որի գործողությունը բողոքարկվում է` դիմողին ուղարկելով դրա մասին ծանուցում:
36. Վարչության ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները` Վարչության պետի կամ նրա համապատասխան տեղակալի մակագրություններով, վերադարձվում են քարտուղարություն` հասցեատերերին ուղարկելու համար:
Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմողի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է դրանց հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է 3 օրինակից, մեկը ուղարկվում է դիմողին, երկրորդ օրինակը` կցվում գործին, երրորդ օրինակը տրվում է կատարողին:
37. Քաղաքացիների և Վարչության աշխատողների ընդունելության կարգը սահմանվում է պետի հրամանով:
V. ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՔՈՒՄԸ
38. Վարչության պետի, վարչության պետի տեղակալների և օրենքով սահմանված կարգով լիազորություններ տրված անձանց հրամանների նախագծերը նախապատրաստվում են համապատասխան ստորաբաժանման կողմից:
Հրամանը տպագրվում է համապատասխան ձևաթղթերի վրա:
Հրամանի նախագիծը կատարողը համաձայնեցնում է Վարչության շահագրգիռ ստորաբաժանումների, Վարչության պետի համապատասխան տեղակալի հետ:
Հրամանի նախագիծը ենթարկվում է փորձաքննության, որից հետո քարտուղարության կողմից ներկայացվում է հաստատման` Վարչության պետին:
39. Հրամանները ստորագրվելուց հետո քարտուղարությունում գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
Անձնակազմի վերաբերյալ հրամանները պահպանվում են Վարչության կադրային մարմնում: Հրամաններին տրվում է միասնական համարակալում:
Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումները սկսվում են հունվար ամսվա առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով:
40. Քարտուղարությունը կազմակերպում է հրամանների բազմացումը և առաքում է (համակարգչային ցանցի առկայության դեպքում` նաև համակարգչային ցանցով) կատարողներին ըստ առնչության` համաձայն առաքման թերթի:
Հրամանի յուրաքանչյուր օրինակ կնքվում է քարտուղարության կնիքով:
41. Քարտուղարության կողմից ստորաբաժանումներին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց վարչության պետի, վարչության պետի տեղակալների ցուցումի:
42. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների գրավոր ցուցումով, և առաքվում` ըստ սկզբնական հասցեաթերթերի:
43. Հրամանների բնօրինակները պահվում են քարտուղարությունում:
VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
44. Վարչության արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական ու ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը:
45. Վարչության արխիվում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
46. Վարչության արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել, միայն Վարչության պետի, Վարչության պետի տեղակալների կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:
47. Վարչության արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշերի:
48. Վարչության արխիվային գործի մասնագետը գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են Վարչության արխիվում: