(ուժը կորցրել է 04.08.14 թիվ 180-Ն հրաման)
i
106.0081.080604
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 06 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10604152
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 ապրիլի 2004 թվականի N 81-Ն
i
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2004 թ. մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշման 2 կետի հանձնարարականի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման կարգը, համաձայն հավելվածի:
2. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու նշանակել ՀՀ գյուղատնտեսության նախարարության մամլո քարտուղարին:
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատուին` եռամսյակը մեկ անգամ նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին ներկայացնել տեղեկատվություն նախարարությունում հավատարմագրված լրագրողների հետ կատարված աշխատանքների մասին:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար` Կ. Միքայելյանին:
Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2004 թվականի ապրիլի 9-ի
N 81-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող) պետական կառավարման մարմնում (այսուհետ` ՀՀ գյուղատնտեսության նախարարություն) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` պետական մարմնում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել գյուղատնտեսության նախարարության գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
Հավատարմագրված լրագրողի գործունեությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
3. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը`
ա) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
բ) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
գ) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
դ) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ` ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցառումներ):
Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ոչ ուշ, քան յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անգամ հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր պետական մարմնի գործունեության արդյունքների մասին: Դա կարող է իրականացվել ամփոփագիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության էլեկտրոնային էջում տեղադրելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն առնվազն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ իր գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդմամբ հանդես է գալիս մամուլի ասուլիսում նախարարությունում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ:
5. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման համար պատասխանատու է ՀՀ գյուղատնտեսության նախարարության նշանակած անձը (այսուհետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու):
6. ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, նշելով`
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրը (հասցեն).
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի, ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո, այն անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ հավատարմագրումը մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:
8. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
9. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան 2 լրագրող և 2 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 2 օպերատոր:
10. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին.
11. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 6-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 9-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու սույն կարգի 13-րդ կետի «ա», «բ» կամ «գ» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
12. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության անցագրային կետ (կետեր):
Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան` այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:
13. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`
ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով,
բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ,
գ) նա տարածել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
դ) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
ե) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
14. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 6-րդ կետով նախատեսված` դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:
Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` գյուղատնտեսության նախարարությունում հավատարմագրման համար ՀՀ-ում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
15. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`
ա) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը,
բ) նախապես տեղեկացված լինելու ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալու առկա տեղեկատու նյութերին,
գ) մասնակցելու գյուղատնտեսության նախարարության միջոցառումներին,
դ) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից,
ե) ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում հավատարմագրված լինելուց անկախ` տեղեկատվության ազատության վերաբերյալ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:
16. ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով, լրագրողի միջնորդությամբ կազմակերպում է այցելություններ գյուղատնտեսության նախարարության ստորաբաժանումներ և հանդիպումներ գյուղատնտեսության նախարարության պաշտոնատար անձանց հետ:
17. ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցառումներին կարող են մասնակցել կամ ներկա գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե նախարարության պատասխանատուի հետ ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:
18. ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը նախարարություն համաձայնեցվում է նախարարության պատասխանատուի հետ: Այդ դեպքում (ինչպես նաև միջոցառումների ժամանակ) լրագրողը նախարարություն է այցելում սույն կարգի 12-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց նախարարության տարածք մուտքի անցագրի:
19. ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատուի` նախարարության տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:
20. Հավատարմագրված լրագրողներին տեղավորելու համար նախարարության շենքային հնարավորությունների սահմանափակ լինելու դեպքում, նախարարությունը, ելնելով իր գործունեության թափանցիկությունն ապահովելու և այդ գործունեության մասին հանրությանն առավել մեծ ծավալով և լիարժեք տեղեկատվություն տալու նկատառումներից, կարող է սահմանել լրագրողների հավատարմագրման հստակ, բանական և արդարացի քվոտաներ` ըստ լրատվության միջոցի տեսակի, տարածման տարածքի, մամուլի տպաքանակի, բովանդակային գերակա ուղղվածության և լրատվության միջոցի այլ բնութագրերի: Այդ դեպքում լրագրողների հավատարմագրումն իրականացվում է առաջնությունը տալով ըստ այդ քվոտաների պահանջվող հատկանիշներին առավել չափով բավարարող լրատվական միջոցները ներկայացնող լրագրողին: