(ուժը կորցրել է 26.05.98 թիվ ՆՀ-55 հրամանագիր)
i
030.0717.030497
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ
Մինչև էներգետիկայի մասին օրենքի ընդունումը Հայաստանի Հանրապետությունում էներգասպառողներին հիմնավորված սակագներով էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի հուսալի ու անվտանգ մատակարարումների ապահովման, էներգետիկայի բնագավառում մրցակցային հարաբերությունների զարգացման, ֆինանսական գործունեության բարելավման, տեղական և օտարերկրյա ներդրումների խթանման նպատակով որոշում եմ.
1. Ստեղծել էներգետիկայի բնագավառում /էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդում, բնական գազի տեղափոխում, բաշխում/ սակագների սահմանումն ու լիցենզավորումն իրականացնող Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով /այսուհետ` հանձնաժողով/:
i
Հանձնաժողովն էներգետիկայի բնագավառում կարգավորող պետական մարմին է, որը գործում է օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված որոշակի լիազորությունները հանձնաժողովին պատվիրակելու հիման վրա:
Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է սույն հրամանագրով, այլ իրավական ակտերով և անկախ է իր գործունեության մեջ` իրեն վերապահված իրավասության սահմաններում:
Հանձնաժողովի հիմնական խնդիրը էներգետիկայի բնագավառում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման, բնական գազի տեղափոխման, դրանց բաշխման գործունեությամբ զբաղվող պետական և ոչ պետական ձեռնարկությունների համար միատեսակ պայմաններ ապահովելով` Հայաստանի Հանրապետության էներգասպառողներին հիմնավորված սակագներով հուսալի ու անվտանգ էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման երաշխիքների ստեղծումն է:
2. Հանձնաժողովն էներգետիկայի բնագավառում իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա/ էլեկտրական և ջերմային էներգիայի ու բնական գազի սակագների հաստատումը.
բ/ էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության և հաղորդման, բնական գազի տեղափոխման ու կարգավարական ծառայության, բաշխման գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների պահպանման վերահսկումը և լիցենզիայի գործողության դադարեցումը.
գ/ ձեռնարկությունների միջև կնքված էներգամատակարարման պայմանագրերի գրանցումը ու էներգասպառողներին էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի մատակարարման պայմանագրերի օրինակելի ձևերի մշակումը և կիրառումը.
դ/ մրցակցության խթանումը և ներդրումների խրախուսումը.
ե/ միջազգայնորեն ընդունված հաշվապահական հաշվառման ստանդարտների հիման վրա միասնական և ստանդարտացված համակարգի մշակումը, որը պետք է դառնա ֆինանսական և տնտեսական հաշվետվությունների ձև: Այս համակարգը հիմք պետք է ծառայի սակագների հաշվարկման և քննարկման համար.
զ/ ձեռնարկությունների միջև առաջացած տարաձայնությունների լուծման նպատակով իր իրավասությունների սահմաններում քննարկումների անցկացումը.
է/ էներգասպառողների շահերի պաշտպանությունը.
թ/ նշված գործառույթներից բխող այլ գործունեություն:
3. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ, տեղակալ և երեք անդամ:
Հանձնաժողովի անդամներին պաշտոնի է նշանակում և ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:
Հանձնաժողովի անդամներից հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի նախագահի տեղակալ նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:
Հանձնաժողովի անդամների լիազորությունների ժամկետը հինգ տարի է: Հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում թեկնածու է առաջադրվում սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց մասնագիտական կարողություններով ի վիճակի են ապահովել սույն հրամանագրով սահմանված պարտականությունների կատարումը:
Հանձնաժողովի անդամներ չեն կարող նշանակվել`
ա/ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.
բ/ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք.
գ/ օրենքով սահմանված կարգով որոշակի պաշտոն վարելու իրավունքից զրկված անձինք.
դ/ 65 տարին լրացած անձինք:
Հանձնաժողովի անդամների լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել միայն սույն կետի «ա», «բ» և «զ» ենթակետերում նշված, ինչպես նաև նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարման դեպքերում` Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ:
Հանձնաժողովի անդամները և աշխատակազմի աշխատողներն իրենց պաշտոնավարության ընթացքում էներգետիկայի բնագավառում ուղղակիորեն կամ անուղղակի արժեթղթեր, բաժնեմաս կամ փայամասնակցություն ունենալու իրավունք չունեն:
Հանձնաժողովի անդամները չեն կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք, լինել ներկայացուցչական մարմինների անդամ:
Նույն անձը ավելի քան երկու անգամ չի կարող նշանակվել հանձնաժողովի անդամի պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքից հեռացված անդամը չի կարող նշանակվել հանձնաժողովի անդամ կամ հանձնաժողովի աշխատակազմում զբաղեցնել այլ պաշտոն:
Հանձնաժողովի անդամները կարող են հրաժարական տալ` այդ մասին մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով և ընդունում որոշումներ:
Հանձնաժողովի նիստերը անցկացվում են դռնբաց` առնվազն երկու շաբաթը մեկ անգամ:
Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամներից առնվազն երեքը, այդ թվում` հանձնաժողովի նախագահը կամ նախագահի տեղակալը: Որոշումը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել հանձնաժողովի անդամների մեծամասնությունը:
5. Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է հանձնաժողովի նախագահի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում` հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
6. Հանձնաժողովի նախագահը`
ա/ համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը.
բ/ նախագահում է հանձնաժողովի նիստերը, ստորագրում հանձնաժողովի որոշումները և նիստերի արձանագրությունները.
գ/ իր իրավասության շրջանակներում ներկայացնում է հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
դ/ հաստատում է հանձնաժողովի աշխատակազմի աշխատողների հաստիքացուցակը, աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հանձնաժողովի աշխատակազմի աշխատողներին:
7. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է ինքնուրույն` հանձնաժողովի աշխատակազմի միջոցով:
8. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի կազմում է հաջորդ տարվա իր ծախսերի նախահաշիվը /հանձնաժողովի բյուջեն/ և սահմանված ժամկետում ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն այն առանց փոփոխության պետական բյուջեի նախագծում առանձին հոդվածով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:
Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը պետք է ապահովի սույն հրամանագրում ամրագրված հանձնաժողովի գործառույթների իրականացումը:
i
Հանձնաժողովի գործունեության ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր վճարները և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն:
9. Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում ընդունում է որոշումներ, իսկ հանձնաժողովի նախագահը` արձակում հրամաններ, որոնք հաշվառվում են հանձնաժողովի գրանցման մատյանում: Հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերը հրապարակվում են «Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր կողմից ընդունվող իրավական ակտերի մատչելիությունը: Հանձնաժողովը հրապարակում է նիստերի անցկացման տեղը և ժամանակը, օրակարգը, որոշումների նախագծերի բովանդակությունը` հնարավորություն ընձեռելով շահագրգիռ կողմերին և հասարակության ներկայացուցիչներին մասնակցելու նիստերին, ներկայացնելու տեղեկություններ և ունենալու ելույթներ:
Եթե շահագրգիռ կողմն անհարգելի պատճառով կրկին անգամ չի ներկայանում հանձնաժողովի նիստին, ապա որոշումն ընդունվում է առանց շահագրգիռ կողմի մասնակցության:
10. Հանձնաժողովն ամեն տարի ֆինանսական հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնին: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը ֆինանսական հաշվետվության հավաստիությունը ճշտելու նպատակով կարող է անցկացնել հանձնաժողովի գործունեության աուդիտ, իսկ հանձնաժողովը պարտավոր է աջակցել դրա անցկացմանը:
Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում տարեկան տեղեկատվություն հանձնաժողովի գործունեության մասին:
Հանձնաժողովը պարտավոր է ապահովել իր գործունեության վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունը:
Հանձնաժողովի գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը պետք է հասու լինեն հասարակությանը:
11. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման, բնական գազի տեղափոխման, բաշխման նկատմամբ տեխնիկական հսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինները, որոնք հայտնաբերված խախտումների մասին տեղյակ են պահում հանձնաժողովին:
Հանձնաժողովն իր գործառույթներն իրականացնելիս հավաստի տեղեկատվություն ստանալու նպատակով իր իրավասության սահմաններում կարող է դիմել պետական մարմիններ և ազատ մուտք ունենալ էներգետիկայի բնագավառի ցանկացած ձեռնարկություն` անկախ սեփականության ձևից:
Հանձնաժողովն իր աշխատանքներում կարող է ներգրավել անկախ փորձագետների:
12. Հանձնաժողովի հաստատած սակագինը ենթակա չէ գանգատարկման:
i
Հանձնաժողովի այն որոշումները, որոնք ընդունվել են սույն հրամանագրի խախտումներով, ենթակա են գանգատարկման դատական կարգով:
13. Էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագների սահմանման սկզբունքներն են`
ա/ էլեկտրական և ջերմային էներգիայի, բնական գազի սակագներով էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունների անվտանգ ու արդյունավետ գործունեությունն ապահովող շահագործման, պահպանման ծախսերի, հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխան և հիմնական միջոցների հիմնավորված վերագնահատված հաշվեկշռային արժեքի ամորտիզացիոն հատկացումների, հիմնանորոգման, կապիտալ ներդրումների, վարկերի սպասարկման ծախսերի փոխհատուցումը և շահույթի ապահովումը.
բ/ էներգետիկայի բնագավառին ցույց տրված պետական աջակցության հաշվի առնելը.
գ/ սպառողների տարբեր խմբերի համար տարբեր սակագների սահմանումը` կախված առաքման արժեքից.
դ/ սպառողների համար տարբերակված սակագների սահմանումը` կախված սպառման ծավալից, տարվա եղանակից, օրվա ժամերից, ծառայությունների տեսակից:
Հանձնաժողովն ուսումնասիրում, հաստատում կամ մերժում է էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունների առաջարկած սակագները` սույն հրամանագրի դրույթներին համապատասխան:
Հանձնաժողովի գործող սակագների վերաբերյալ որոշումը ընդունվում է սակագները փոխելու մասին դիմումն ստանալուց հետո 90-օրյա ժամկետում: Նոր սակագների վերաբերյալ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 30 օր հետո:
Սակագինը փոխելու մասին դիմումի ձևը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը սահմանում է հանձնաժողովը:
14. Էներգետիկայի բնագավառում`
ա/ էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության, հաղորդման, բնական գազի տեղափոխման, բաշխման գործունեությունն իրականացվում է միայն հանձնաժողովի տված լիցենզիայի առկայության դեպքում:
Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրողից լիցենզիա չի պահանջվում, եթե այդ էներգիան օգտագործվում է բացառապես սեփական կարիքների համար.
բ/ լիցենզիա ունեցող ձեռնարկությունն իրավունք չունի իր լիցենզիան օտարել կամ փոխանցել մեկ այլ ձեռնարկության.
գ/ լիցենզավորման պայմանները սահմանվում են սույն հրամանագրի, Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի, ինչպես նաև ստանդարտների, անվտանգության տեխնիկայի կանոնների և այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի դրույթներին ու պահանջներին համապատասխան:
15. Հանձնաժողովը լիցենզիայի հայտ ներկայացողներից պահանջում է ֆինանսական երաշխիքներ, որոնց ձևերը և ներկայացնելու կարգը սահմանում է հանձնաժողովը:
16. Լիցենզիա ստանալու համար ներկայացվող դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի և դրանց ձևերի, ներկայացված փաստաթղթերի քննարկման և լիցենզիա տալու կարգը սահմանում է հանձնաժողովը:
17. Հանձնաժողովը որոշում ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում լիցենզիա տալը մերժելու վերաբերյալ որոշման պատճենը պաշտոնապես հանձնում է դիմողին:
18. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
ա/ 15-օրյա ժամկետում հանձնաժողովն ապահովել իր գործունեության համար անհրաժեշտ աշխատանքային պայմաններով.
բ/ երկամսյա ժամկետում լուծել հանձնաժողովին Երևան քաղաքում տարածք, ինչպես նաև գույք և 1997 թվականի գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու հարցերը.
i
գ/ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների ակտերը սույն հրամանագրի պահանջներին համապատասխանեցնելու համար:
i
19. Հայաստանի Հանրապետության վարչապետին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել հանձնաժողովի անդամների, հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածությունները, հաշվի առնելով, որ հանձնաժողովի առաջին կազմի անդամների լիազորությունների ժամկետները սահմանվում են.
մեկ անդամի համար` մեկ տարի,
մեկ անդամի համար` երկու տարի,
մեկ անդամի համար` երեք տարի,
մեկ անդամի համար` /հանձնաժողովի նախագահի տեղակալ/`
չորս տարի,
մեկ անդամի համար` /հանձնաժողովի նախագահ/`
հինգ տարի:
20. Հանձնաժողովին`
ա/ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ընթացիկ տարվա ծախսերի նախահաշիվը.
բ/ մինչև 1997 թվականի հունիսի 30-ը սույն հրամանագրի պահանջներին համապատասխան գրանցել էներգետիկայի բնագավառի ձեռնարկությունների միջև գործող էներգամատակարարման պայմանագրերը և վերանայել գործող սակագները:
21. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
3 ապրիլի 1997 թ.
ՆՀ-717