111.0065.250304
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«25» 03 2004Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11104059
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
9 մարտի 2004 թվականի N 65-Ն
i
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գործավարության կարգը»` համաձայն հավելվածի:
2. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերին` ապահովել սույն հրամանով հաստատված կարգի կիրարկումը:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել աշխատակազմի ղեկավար` Գ. Մանասյանին:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
մշակույթի և երիտասարդության
հարցերի նախարարի
2004 թվականի մարտի 9-ի
N 65-Ն հրամանի
Կարգ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գործավարության կարգը:
2. Նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է նախարարության աշխատակազմը (այսուհետ` աշխատակազմ):
3. Սույն կարգով սահմանված գործավարության կանոնները պարտադիր են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների համար:
4. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում (այսուհետ` ստորաբաժանում) գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
5. Գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 30-ի N 626 որոշմամբ հաստատված հրահանգի պահանջներին համապատասխան:
6. Սույն կարգով սահմանված գործավարության միասնական կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը դրվում է նախարարության աշխատակազմի քարտուղարության (այսուհետ` քարտուղարություն) վրա:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՇԱՐԺԸ
7. Աշխատակազմում ստացված պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն` այդ թվում նաև էլեկտրոնային փոստով հաղորդված, ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնում` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ` նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը: Թղթակցության շարժն առանց գրանցման արգելվում է (աշխատակազմի ստորաբաժանումներում ներքին փաստաթղթաշրջանառության համար պահվում են առանձին գրանցամատյաններ):
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը: Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցին տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
8. Բաժնում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև` էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից): «Անձամբ» մակագրությամբ ծրարները (ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը:
9. Բաժնի աշխատողները ծրարը բացելիս պարտավոր են ստուգել փաստաթղթերի առկայությունը (ներառյալ` հավելվածները), առդիր թերթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է համապատասխան ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է ընդհանուր բաժնում, երկրորդը կցվում է փաստաթղթին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպություն, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ համակարգչային ցանցով ուղարկվում են ըստ պատկանելության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացվել են, անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով տվյալ կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
10. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
11. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են նախարարության համակարգչային ցանցով (այսուհետ` համակարգչային ցանց), հաստատված պետք է լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակը, անհրաժեշտության դեպքում, վերծանվում և տեղական (լոկալ) համակարգչային ցանցով ուղարկվում է հասցեատիրոջը:
12. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը համապատասխան ստորագրություններով:
13. Փաստաթղթերի էլեկտրոնային այն օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը, բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
14. Այն դեպքում, երբ փաստաթուղթն ունի գաղտնիության աստիճան, անհրաժեշտության դեպքում պետք է վերծանվի հրահանգի համաձայն և հետո հանձնվի հասցեատիրոջը:
15. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, ապարատածրագրային էլեկտրոնային միջոցների օգնությամբ ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
16. Նախարարության համակարգի կազմակերպությունների կողմից աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին հասցեագրված տեղեկատվական բնույթի փաստաթղթերի կամ դրանց ֆայլերի վրա, եթե դրանք ներկայացնելու անհրաժեշտությունը չի բխում որևէ հանձնարարականի կատարման պահանջներից (հավելված 1 ցանկի համաձայն), դրվում է դրոշմակնիք` նշելով միայն մուտքի ամսաթիվը, որից հետո դրանք ստորագրությամբ հանձնվում կամ լոկալ ցանցի միջոցով հաղորդվում են աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին:
17. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից ստացված նյութերը և «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում է զեկուցման` նախարարին:
Մյուս թղթակցությունը հասցեատիրոջն է տրվում աշխատանքային մեկ օրվա ընթացքում` սույն կարգի համաձայն:
18. Օտար լեզվով ստացված փաստաթղթերը հանձնվում են միջազգային հարաբերությունների և սփյուռքի վարչություն, որտեղ փաստաթուղթը թարգմանվում և վերադարձվում է քարտուղարություն` սահմանված կարգով գրանցելու համար:
19. Նախարարին, նրա տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո զեկուցվում են աշխատակազմի ղեկավարին աշխատանքային մեկ օրվա ընթացքում` վերջինիս կողմից սահմանված ժամանակահատվածում: Զեկուցված փաստաթղթերը համապատասխան հանձնարարականներով քարտուղարության կողմից ուղարկվում են ըստ պատկանելույն ոչ ուշ, քան մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00:
20. Նախարարը հանձնարարականներ է տալիս աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալներին և աշխատակազմի ղեկավարին: Նախարարի հանձնարարականով փաստաթղթերը ընդհանուր բաժնի միջոցով հանձնվում են նախարարի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին:
21. Նախարարի տեղակալները հանձնարարականներ են տալիս կամ փաստաթղթերը մակագրում են միայն աշխատակազմի իրենց կողմից համակարգվող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին:
22. Ստորաբաժանման աշխատողը (այսուհետ` աշխատակազմի աշխատող), ստորաբաժանման գործավարության վարման պատասխանատուն, ընդհանուր բաժնից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում և մատյանում, ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում:
23. Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթուղթը հասցեատիրոջն է հանձնվում քարտուղարության միջոցով` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ:
24. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է միայն այն դեպքում, երբ փաստաթղթին կից ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «Գործին» մակագրությունը:
25. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերվել դրանց: Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում կատարել: Արգելվում է ստացված փաստաթղթերի բնօրինակները դուրս բերել նախարարությունից:
26. Արձակուրդ գնալու, երկարատև գործուղման մեկնելու կամ այլ պատճառներով բացակայելու դեպքում աշխատողը պարտավոր է իր մոտ գտնվող բոլոր փաստաթղթերը (նաև անավարտ գործերը) հանձնել իրեն փոխարինող անձին կամ անմիջական ղեկավարին:
27. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերն ու կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումները քարտուղարությունից դուրս տրվում են նախարարի և նախարարության աշխատակազմի աշխատողներին` վերադարձնելու պայմանով կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով:
Քարտուղարությունից վերցված իրավական ակտերը ենթակա են վերադարձման` հնգօրյա ժամկետում:
3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
28. Աշխատակազմում փաստաթղթերի քննարկման համար սահմանվում են հետևյալ ժամկետները.
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդից, նախարարություններից, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմիններից ստացված` նախարարության լուծումը պահանջող հարցերի վերաբերյալ գրություններին պատասխանելու համար (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված)`
ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 աշխ. օր,
բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 աշխ. օր:
29. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի, նախարարությունների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հիման վրա նախարարության իրավասության շրջանակներում ձևակերպումների կամ նոր գրությունների պատրաստման համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն)`
ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ չպահանջող հարցեր` մինչև 7 աշխ. օր,
բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, թղթակցություն պահանջող հարցեր` մինչև 15 աշխ. օր:
30. Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարականների կատարման համար (եթե այլ ժամկետներ չեն նախատեսված)`
ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ չպահանջող հարցեր` մինչև 3 աշխ. օր,
բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, թղթակցություն պահանջող հարցեր` մինչև 7 աշխ. օր:
31. Պետական, համայնքային և ոչ պետական կազմակերպություններից ստացված հարցումներին և այլ գրություններին պատասխանելու համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն)`
ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ չպահանջող հարցեր` մինչև 7 աշխ. օր,
բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, հիմնավորումներ, խորհրդակցության հրավիրում պահանջող հարցեր` մինչև 15 աշխ. օր:
32. Հանձնարարականի ժամկետի կատարման համար պատասխանատվություն են կրում անմիջական կատարողը և ստորաբաժանումների ղեկավարները:
33. Հանձնարարականի կատարողը կատարման ժամկետի երկարացումը պետք է ձևակերպի փաստաթղթի կատարման ժամկետը սպառվելուց ոչ ուշ, քան 2-3 օր առաջ, եթե կատարման ընթացքում պարզվում է, որ փաստաթուղթը նշված ժամկետում կատարելն անհնար է: Հակառակ դեպքում հանձնարարականը համարվում է տրված ժամկետում չկատարված: Ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա, հանձնարարականը տվող պաշտոնատար անձի թույլտվությամբ, կատարման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 24 աշխատանքային օր:
34. Եթե հանձնարարականը տրվել է միաժամանակ մի քանի կատարողների, ապա հանձնարարականի կատարման պատասխանատուն առաջին հասցեատերն է, որի անվան դիմաց գրառված է «հավաք» նշումը:
Հանձնարարական ստացած մյուս կատարողները պարտավոր են կատարման վերաբերյալ պատասխանատու կատարողին առաջարկություններ, առարկություններ և անհրաժեշտ այլ նյութեր ներկայացնել այն հաշվով, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հանձնարարողի կողմից սահմանված ժամկետում կատարելու հանձնարարականը: Եթե հանձնարարականում բացակայում է «հավաք» նշումը, ապա նրանում նշված պատասխանատու կատարողները կարծիքները ներկայացնում են հանձնարարությունը տվող պաշտոնատար անձին: Հանձնարարականը համարվում է կատարված, եթե լուծված են նրանում բարձրացված բոլոր հարցերը կամ նրա վերաբերյալ պատասխան տրվել է ըստ էության:
35. Քարտուղարության ընդհանուր բաժնի աշխատողը հսկողության է վերցնում բոլոր փաստաթղթերը: Եթե փաստաթղթի մեջ սահմանված է ժամկետ, ապա հսկողության է վերցվում նշված ժամկետը, իսկ եթե որոշակի ժամկետ չի նշվել, ապա բաժնի աշխատողը ինքն է նշում կատարման ժամկետ` ելնելով սույն կարգի 28. 29. 30. 31 կետերից: Բոլոր հսկողական նշումները արձանագրվում են փաստաթղթերի գրանցման մատյաններում և ապարատածրագրային միջոցներով:
36. Հսկողության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ քարտուղարությունը աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է սահմանված ձևի հիշեցում-տեղեկանք, իսկ կատարման ժամկետը լրանալիս` ահազանգ-տեղեկանք, համակարգչային ծրագրի առկայության դեպքում:
37. Աշխատակազմի ստորաբաժանումների պետերը յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա 30-ը, տեղեկատվություն են ներկայացնում նախարարի տեղակալներին` ըստ համակարգման ոլորտների և աշխատակազմի ղեկավարին` ստորաբաժանման կողմից հանձնարարականների, ինչպես նաև նախարարի հրամանների կատարման ընթացքի և դրանց կատարման ապահովման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին:
38. Քարտուղարության ընդհանուր բաժինը եռամսյակը մեկ անգամ ստուգում է բոլոր փաստաթղթերի շարժը` ժամկետանց և չկատարված փաստաթղթերի մասին աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է տեղեկանք, որի մասին աշխատակազմի ղեկավարը զեկուցում է նախարարին:
39. Աշխատակազմի ղեկավարը պարբերաբար քննության է առնում Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ծրագրով նախատեսված հանձնարարականների, ինչպես նաև նախարարի հրամանների կատարման արդյունքները և միջոցներ է ձեռնարկում թերությունները վերացնելու համար:
40. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների պետերը հանձնարարականի կատարումը հավաստող նյութերը ներկայացնում են աշխատակազմի ղեկավարին, և նրա ցուցումով փաստաթուղթը հանվում է հսկողությունից:
4. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ, ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆ ՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ
41. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող հարցի հիմնավորվածության, դրա որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատվություն է կրում հարցը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը:
42. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող Հայաստանի Հանրապետության օրենքների և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների նախագծերը պետք է համապատասխանեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:
43. Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող հարցերին առնչվող փաստաթղթերում հստակ նշվում է, թե գործող օրենսդրության որ ակտերում և դրանց որ մասերում է առաջարկվում փոփոխություններ կամ լրացումներ կատարել և կամ որ ակտերի գործողությունն է անհրաժեշտ դադարեցնել: Նման դեպքերում հարցի հետ ներկայացվում է համապատասխան ակտի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
44. Համապատասխան ստորաբաժանման ղեկավարը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկման համար հարցը պետք է նախապատրաստի Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թ. հունիսի 20-ի N 890-Ն որոշման 26-րդ կետի պահանջներին համապատասխան, ըստ որի Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացվող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի փաթեթը ներառում է.
ա/ առաջարկվող նախագիծը` նախարարի ուղեկցական գրությամբ, նշագրով,
բ/ նախագծի ընդունման հիմնավորումը,
գ/ ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք,
դ/ տվյալ նախագծի ընդունման հետ կապված այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման կամ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք,
ե/ օրենքի նախագծի ներկայացման դեպքում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի այն որոշումների ցանկը, որոնցով ընդունվելիք օրենքի կարգավորման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրվել է օրենքի ուժ ունեցող որոշումներ ընդունելու լիազորություն կամ տեղեկանք դրանց բացակայության մասին,
զ/ այն իրավական ակտերի ցանկը, որոնց հիման վրա կամ, որոնցից օգտվելով, մշակվել է տվյալ նախագիծը,
է/ կատարողի կողմից ստորագրված հարցաթերթիկ այն պետական մարմինների և կազմակերպությունների նշումով, որոնց ուղարկվելու է իրավական ակտը: Ցանկում պարտադիր պետք է ընդգրկված լինեն Հայաստանի Հանրապետության արդարադատության ու ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունները,
45. Հարցը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախագծերի փաթեթի համապատասխանությունը օրենսդրությանն ապահովելու նպատակով այն ներկայացնում է քարտուղարության պետին` իրավաբանական բաժնի պետին փոխանցելու համար:
46. Իրավաբանական բաժնի պետը 3-օրյա ժամկետում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և դրանց համապատասխանությունը գործող օրենսդրությանն ու օրենքներին` հավաստելով նշագրով:
47. Հայաստանի Հանրապետության օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ 5-օրյա, այնուհետև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ` 15-օրյա ժամկետներում համաձայնեցնելուց հետո: Եթե վերը նշված ժամկետներում նախագծի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեն ստացվում, ապա նախագիծը կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն: Նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության և շահագրգիռ նախարարությունների առարկություններն ու առաջարկությունները կցվում են իրավական ակտերի նախագծերին:
48. Ստորաբաժանման ղեկավարն ապահովում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ նախարարությունների առարկությունների և առաջարկությունների հիման վրա նախագծի լրամշակումը և պատրաստում է տեղեկանք առարկություններն ու առաջարկություններն ընդունելու կամ չընդունելու մասին:
49. Նախարարության աշխատակազմի ղեկավարը`
ա/ հետևում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվեն Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների, անհրաժեշտության դեպքում պետական կառավարման և տարածքային կառավարման մարմինների հետ համաձայնեցված նախագծեր,
բ/ հետևում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը նախատեսված հարցերի սահմանված ժամկետներում նախապատրաստմանը,
գ/ հսկողություն է սահմանում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացվող նախագծերի Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թ. մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգի պահանջների համապատասխանության նկատմամբ:
50. ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն ընտրում է ստորաբաժանման տվյալ հարցը նախապատրաստող աշխատողը` լրացնելով սահմանված ձևի պահանջագիր բազմացման ենթակա նյութերի վերաբերյալ` համաձայնեցնելով ստորաբաժանման ղեկավարի հետ: Պահանջագիրը նշագրում է աշխատակազմի ղեկավարը:
Քարտուղարությունը բազմացնում է նշված նյութերը:
51. Ստորաբաժանման կողմից իրավական ակտի նախագծի, փաստաթղթի վերաբերյալ եզրակացությունը, պատասխան նամակի նախագիծը ներկայացվում է հանձնարարականում նշված մյուս ստորաբաժանումների ղեկավարների համաձայնեցմանը:
52. Ստորաբաժանման ղեկավարը իրավական ակտի նախագիծը ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` նշագրերով:
53. Աշխատակազմի ղեկավարը ՀՀ կառավարություն ուղարկելու համար իրավական ակտի նախագիծը պատրաստ լինելու մասին զեկուցում է նախարարին:
54. Նախարարի կողմից իրավական ակտի նախագիծը ստորագրելուց հետո նախագծում չի թույլատրվում ուղղումներ կատարել:
55. Նախարարի ստորագրելուց հետո որոշման նախագիծը կամ դրա ֆայլը հանձնվում է քարտուղարություն` առաքելու համար:
5. ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
56. Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները նախապատրաստում են նախարարի և աշխատակազմի ղեկավարի` ըստ իրավասությունների սահմանների, հրամանների նախագծեր հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ նոր ընդունված օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:
57. Հրամանի նախագծի բովանդակությունը կազմված է երկու մասերից` փաստագրական (ներածական) և կարգադրական:
Փաստագրական մասում հակիրճ շարադրվում են այն փաստերն ու հանգամանքները, որոնք հրամանի հիմք են հանդիսացել, իսկ կարգադրական մասում` տրվող հանձնարարականները: Եթե հրամանն արձակվում է իրավական ակտի հիման վրա, ապա ներածական մասում պետք է նշվի այդ հանձնարարությունը բովանդակող փաստաթղթի լրիվ անվանումը, համարը և ամսաթիվը:
Հրամանների կարգադրական մասը սկսվում է «ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ» բառերով, տպագրվում է մեծատառերով և առանձին տողում: Կարգադրական մասը պետք է բովանդակի հանձնարարություններն ու միջոցառումները` նշելով պատասխանատու անձանց և կատարման ժամկետները: Կարգադրական մասի վերջին կետում նշվում են այն պաշտոնատար անձի կամ անձանց ազգանունները, որոնց վրա դրվում է տվյալ հրամանի կատարման հսկողությունը:
Նախագիծը չպետք է հակասի նախկինում արձակված հրամաններին, իսկ գործողության մեջ գտնվող հրամանի որևէ կետի փոփոխման դեպքում նախագծում պետք է տրվի դրա անհրաժեշտության հիմնավորումը:
Հրամանի նախագծի տեքստը պետք է գրվի «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` պահպանելով քերականական և շարահյուսական կանոնները:
58. Հրամանի նախագիծ նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը համաձայնեցնում է հարցին առնչվող և հանձնարարականներ ստացող ստորաբաժանումների պետերի հետ, որից հետո այն ներկայացնում է քարտուղարության պետին` գործող օրենսդրության համապատասխանությունն ապահովելու և խմբագրելու համար:
59. Ստորաբաժանումն ստացված առաջարկությունների հիման վրա լրամշակում է հրամանի նախագիծը, աշխատակազմի ղեկավարի և նախարարի տեղակալների հետ համաձայնեցնելուց հետո տպագրում է համապատասխան ձևաթղթի վրա:
60. Հրամանի առաջին օրինակի վրա նշագրում են պատրաստողը, ստորաբաժանման ղեկավարը, ֆինանսական դրույթ պարունակող հրամանի վրա` պարտադիր ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետը, իրավաբանը, ոլորտը համակարգող նախարարի տեղակալը: Պատրաստողը հետևում է, որ նշագրերի տակ գրվեն ամսաթիվը, նշագրողի պաշտոնը, անվանատառերը, ազգանունը, նաև էլեկտրոնային պատճենների ճիշտ ձևավորվածությանը: Նշագրերով հրամանի օրինակը կից փաստաթղթերով ստորաբաժանման ղեկավարը հանձնում է աշխատակազմի ղեկավարին` նախարարի ստորագրությանը ներկայացնելու համար:
61. Հրամանի նախագծի բովանդակության նկատմամբ առարկության դեպքում նշագրողի կողմից առանձին թղթի վրա տրվում է առարկության հիմնավորումը և կցվում հրամանի նախագծին:
62. Նախարարի (նրա բացակայության դեպքում կամ հանձնարարությամբ նախարարի տեղակալի) ստորագրմանն է ներկայացվում նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների, պետական մշակութային, երիտասարդական քաղաքականության նպատակներին և առաջնային ուղղությունների սահմանմանն ու իրականացմանը վերաբերող հրամանները:
63. Աշխատակազմի ղեկավարի ստորագրությանը ներկայացվող հրամանի նախագիծ պատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախագիծը համաձայնեցնում է հարցին առնչվող և հանձնարարականներ ստացող ստորաբաժանումների պետերի հետ, այնուհետև այն ներկայացնում է քարտուղարության պետին` գործող օրենսդրության համապատասխանությունն ապահովելու և խմբագրելու համար, որից հետո համապատասխան նշագրերով ներկայացնում է աշխատակազմի ղեկավարին` ստորագրման:
64. Հրամանի նախագծի հիմնավորվածության, արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատվություն է կրում այն նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը:
65. Քարտուղարության ընդհանուր բաժինը հրամանը սահմանված կարգին համապատասխան նախապատրաստած չլինելու դեպքում այն վերադարձնում է նախապատրաստող ստորաբաժանմանը` լրամշակման:
66. Աշխատակազմի ղեկավարի (նրա բացակայության դեպքում կամ հանձնարարությամբ աշխատակազմի ղեկավարի տեղակալի) ստորագրմանն է ներկայացվում նախարարության աշխատակազմի ֆինանսական և գույքային, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան հրամանները:
67. Նախարարի (նախարարի ստորագրությամբ և նախարարության կնիքով կնքված) և աշխատակազմի ղեկավարի (ղեկավարի ստորագրությամբ և աշխատակազմի կնիքով կնքված) հրամանների առաջին օրինակները քարտուղարությունում գրանցվում են համապատասխան գրանցամատյաններում` դրանց տալով հերթական համարներ, նշելով ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Յուրաքանչյուր տարվա համար հրամանների համարակալումներն սկսվում են հունվարի առաջին հրամանից և ավարտվում տվյալ տարվա դեկտեմբերի վերջին հրամանով: Հրամանների առաջին օրինակները պահվում են քարտուղարությունում:
68. Քարտուղարությունը համակարգչային ցանցով փոխանցում է նախարարի, աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, իսկ եթե չի գործում համակարգչային ցանց կամ հասցեատերերն ընդգրկված չեն դրանում, հրամաններն առաքվում են փոստով` համաձայն հասցեաթերթի: Հրամանի յուրաքանչյուր օրինակ կնքվում է քարտուղարության կնիքով:
69. Իրավական նորմ պարունակող հրամանները քարտուղարությունը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:
70. Քարտուղարության կողմից կազմակերպություններին և աշխատակազմի աշխատողներին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում առանց աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի ցուցումի:
71. Հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով և առաքվում ըստ սկզբնական հասցեատերերի:
72. Նախարարի հրամանների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:
73. Անձնակազմի վերաբերյալ հրամանները ձևակերպվում են անձնակազմի կառավարման բաժնում, համարակալվում հերթական համարներով (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը) և ինդեքսավորվում «Ա» նիշով:
6. ՆԱԽԱՐԱՐԻ, ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԱՌԱՔՈՒՄԸ
74. Նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ կայացած խորհրդակցությունների սպասարկման աշխատանքը, հրավիրվող անձանց ծանուցումը իրականացնում է կատարող ստորաբաժանումը:
75. Խորհրդակցության արձանագրումը ապահովում է քարտուղարությունը, եթե այլ բան չի որոշում հրավիրողը: Արձանագրության մեջ նշվում է քննարկվող հարցն ընդունելու, այն քննարկումից հանելու կամ հետաձգելու, հավանության արժանացած առարկությունների ու առաջարկությունների, ինչպես նաև խորհրդակցությունը վարողի ամփոփիչ որոշման մասին: Արձանագրությունները ճշգրիտ կազմելու նպատակով, ըստ անհրաժեշտության, խորհրդակցությունները կարող են արձանագրվել:
76. Քարտուղարությունը նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրությունները ստորագրվելուց հետո քաղվածքների ձևով ուղարկում է աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներ: Պատճենները կնքվում են քարտուղարության կնիքով, իսկ էլեկտրոնային օրինակները` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
77. Արձանագրությունների բնագրերը պահվում են քարտուղարությունում, յուրաքանչյուր նիստի արձանագրությանը տրվում է հերթական համար` միասնական համարակալման համաձայն, որը կատարվում է տարեսկզբից մինչև տարեվերջ: Հաջորդ տարվա սկզբին հանձնվում են աշխատակազմի արխիվ, իսկ դրանց էլեկտրոնային պատճենները տեղավորվում են տվյալների շտեմարանում:
7. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
78. Աշխատակազմում ելից փաստաթղթերը ստորագրում են նախարարը (նրա բացակայության դեպքում կամ հանձնարարությամբ` նախարարի տեղակալը), աշխատակազմի ղեկավարը (նրա բացակայության դեպքում կամ հանձնարարությամբ` աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ստորաբաժանումների ղեկավարները):
79. Ստորագրության ներկայացվող փաստաթղթին կցվում է երկրորդ օրինակը` պատրաստողի, խմբագրողի, համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, շահագրգիռ համահեղինակ ստորաբաժանումների ղեկավարների, ֆինանսական դրույթ պարունակող փաստաթղթերի վրա` պարտադիր ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի, իրավական նորմեր պարունակող փաստաթղթերը` իրավաբանի, ոլորտը համակարգող նախարարի տեղակալի և աշխատակազմի ղեկավարի նշագրերով:
80. Նամակի տեքստի տակ, որին կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում է կցվող նյութերի թերթերի թիվը, ներքևի ձախ անկյունում` կատարողի պաշտոնը, ազգանունը, հեռախոսի համարը:
81. Մի քանի անձանց կողմից նշագրվող փաստաթղթերի բովանդակության համար հավասարաչափ պատասխանատու են նշագրող բոլոր անձինք:
82. Այն դեպքում, երբ նամակն ուղարկվում է որպես ստացված գրության պատասխան, ձևաթղթի վերևի ձախ անկյունում` «Ձեր» տողում, նշվում է ստացված գրության ամսաթիվը և համարը: Նույն տվյալները պետք է ունենա էլեկտրոնային օրինակը:
83. Փաստաթղթերը` նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականներն ու ցուցումները` կից նյութերով, ուղարկվում են նախարարության համակարգ, որպես կանոն, էլեկտրոնային կամ թղթի վրա` պատճենների ձևով:
84. Փաստաթուղթն ուղարկելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:
85. Առաքվող թղթակցության ելից համարը բաղկացած է պայմանանիշից և հերթական համարից: Ելից համարը և ամսաթիվը դրվում է ձևաթղթի վերևի ձախ անկյունում: Ելից թղթակցության ձևակերպումը կատարվում է միայն քարտուղարությունում: ՈՒղարկվող թղթակցությունը գրանցվում է քարտուղարության ընդհանուր բաժնի համապատասխան գրանցամատյանում (էջակալած և կնքված) կամ ապարատածրագրային միջոցներով: Ելից փաստաթղթերի գրանցման ժամանակ քարտուղարությունում ստուգվում են`
ա/ թղթակցի հասցեի ճշտությունը,
բ/ փաստաթղթի և դրան կից հավելվածների վրա բոլոր անհրաժեշտ ստորագրությունների առկայությունը,
գ/ փաստաթղթի վրա հավելվածների մասին նշումների առկայությունը և հավելվածների համապատասխանությունը նշումներին, փաստաթղթի ձևավորման և դրանց վրա անհրաժեշտ բոլոր ռեկվիզիտների տեղադրման ճշտությունը:
86. Ստորագրված ելից փաստաթղթի հետ քարտուղարություն է ներկայացվում վերջինիս պատճենը` 2 օրինակից և տվյալ փաստաթղթի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթուղթը /փաստաթղթերը/: Պատճենների վերևի աջ անկյունում գրվում է ելից փաստաթղթի հերթական համարը և կատարող ստորաբաժանման կոդը, ամիս-ամսաթիվը: Պատճեններից մեկը` պահանջվող նշագրումներով, պահվում է քարտուղարությունում, իսկ մյուսը` կատարող ստորաբաժանումում: Քարտուղարությունում են պահվում տվյալ փաստաթղթի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը:
87. Արգելվում է նախարարության ստորաբաժանումներում ելից թղթակցությունների ձևակերպումը:
88. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ուղարկվող պաշտոնական փաստաթղթին կցվում է դրա մագնիսական կրիչը` պահպանելով փաստաթղթի և կրիչի բացարձակ համապատասխանելիությունը և այն հաստատելով ուղեկցող նամակով: Մագնիսական կրիչն ապահովում է թղթակցություն պատրաստողը: Առանց մագնիսական կրիչի պաշտոնական փաստաթղթերը չեն առաքվում:
89. Հեռագրային և հեռախոսագրային գրագրությունը կատարվում է միայն իրենց բնույթով շտապ հարցերի վերաբերյալ: Հեռախոսագիր ստացողը գրության ձախ` ներքևի անկյունում դնում է իր նշագիրը:
90. Եթե հասցեատերն ունի համակարգչային ցանցի էլեկտրոնային փոստի հասցե կամ ֆաքս, փաստաթուղթը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ ստորագրությամբ /որպես էլեկտրոնային իսկական օրինակ/, համակարգչային ցանցով կամ ֆաքսով ուղարկվում է հասցեատիրոջը: Ֆաքսն ուղարկվում է միայն աշխատակազմի ղեկավարի նշագրի առկայության դեպքում:
91. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:
92. Թույլատրվում է առձեռն առաքումը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժիններ, ինչպես նաև «Շտապ» թղթակցությունները` աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ:
93. Թղթակցությունը քարտուղարության կողմից հասցեատերերին է ուղարկվում փոստով կամ սուրհանդակային (հատուկ) ծառայության միջոցով:
94. Արգելվում է թղթակցության առձեռն առաքումը, բացառությամբ սույն կարգի 93-րդ կետի:
8. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
95. Նախարարությունում քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները քննարկելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
96. Նախարարությունում ստացված քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները ստացման օրը գրանցվում են քարտուղարությունում:
Անանուն նամակները գրանցման ենթակա չեն և ոչնչացվում են օրենքով սահմանված կարգով:
97. Միևնույն անձից միևնույն հարցով քննարկման համար տարբեր հասցեներով ուղարկված և նույն պետական մարմնում ստացված առաջարկությունները, դիմումներն ու բողոքները հաշվի են առնվում առաջին առաջարկության, դիմումի ու բողոքի գրանցման պայմանանիշով` ավելացնելով հերթական համարը` կոտորակի ձևով /ապարատածրագրային փնտրման համակարգի առկայության դեպքում/:
98. Առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման համար օրենսդրությամբ սահմանված են հետևյալ ժամկետները (կատարման ժամկետները հաշվվում են դրանց ստացման օրվանից)`
- ըստ պատկանելության, այլ կազմակերպություններ ուղարկելը` ծանուցելով հեղինակին` 5-օրյա ժամկետ,
- լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում չպահանջող դիմումներն ու բողոքները- 15 օրից ոչ ուշ,
- լրացուցիչ ուսումնասիրություն և ստուգում պահանջող դիմումներն ու բողոքները- մեկ ամսվա ընթացքում:
99. Այն դեպքում, երբ դիմումին կամ բողոքին ընթացք տալու համար անհրաժեշտ է կատարել ստուգում, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումներին կամ բողոքներին ընթացք տալու ժամկետները, բացառության կարգով, կարող են երկարացվել, բայց ոչ ավելի, քան 15 օրով` սույն կարգի 33-րդ կետի համաձայն, այդ մասին հայտնելով դիմում կամ բողոք ներկայացրած անձին:
100. Արգելվում է քաղաքացիների բողոքները, սահմանված ժամկետը պահելու նպատակով, լուծման ուղարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործունեությունը բողոքարկվում է:
101. Նամակ-հարցումներում պարտադիր պետք է նշվի սպասվող պատասխանի ժամկետը:
102. Որոշ առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քարտուղարության կողմից կարող են ուղարկվել այն պետական մարմիններ, հիմնարկներ ու կազմակերպություններ, որոնց անմիջական իրավասությանն է պատկանում տվյալ հարցի լուծումը` դիմորդին ուղարկելով դրա մասին ծանուցում:
103. Համապատասխան ստորաբաժանումը պարտավոր է ապահովել առաջարկություններում, դիմումներում, գանգատներում բարձրացված հարցերի համալիր և բազմակողմանի ուսումնասիրությունը` մակագրության համաձայն ու սահմանված ժամկետներում պատասխանել դրանց, հետագայում ապահովելով ընդունված որոշումների կատարումը:
104. Աշխատակազմի ստորաբաժանումներում քննարկված առաջարկությունների, դիմումների ու բողոքների պատասխանները նախարարի, աշխատակազմի ղեկավարի ստորագրություններով վերադարձվում են քարտուղարություն` հասցեատերերին ուղարկելու համար: Նամակների քննարկման արդյունքների մասին գրավոր կամ, դիմորդի համաձայնությամբ, բանավոր տեղեկացվում է հեղինակներին: Այս նպատակով պատասխանը նախապատրաստվում է 2 օրինակից: Առաջին օրինակը` համապատասխան ստորագրությամբ, ուղարկվում է դիմորդին, երկրորդը` համապատասխան նշագրերով, կցվում է գործին:
105. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների ընթացքը համարվում է ավարտված, եթե քննության են առնվել նրանցում բարձրացված խնդիրները, դրանց վերաբերյալ գործող օրենսդրությանը համապատասխան ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ, տրվել սպառիչ պատասխաններ:
106. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը: Քաղաքացիների այն առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, որոնց տրվում են միջանկյալ պատասխաններ, հսկողությունից չեն հանվում:
9. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
107. Աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը, նախարարության նիստերի արձանագրությունները: Դրանց մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգչի վրա գրանցվում են նաև ֆայլերը:
108. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
109. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել, գործը դուրս բերել կամ նրանից փաստաթղթեր պատճենահանել միայն աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:
110. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշերի:
111. Քարտուղարության արխիվային գործի մասնագետը (արխիվագետը) գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը: Ցանկի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
10. ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
112. Նախարարության աշխատակիցների կատարողական կարգապահության վերահսկումը իրականացնում է քարտուղարությունը` համակարգչի միջոցով, համապատասխան ծրագրով:
113. Ստացված բոլոր փաստաթղթերի, նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանների, հանձնարարականների, մակագրությունների, քաղաքացիների դիմումների հետ կապված ժամկետների նկատմամբ սահմանվում է վերահսկողություն:
114. Ծառայողական փաստաթղթերի բովանդակությունների ճիշտ նախապատրաստման և ձևակերպման պատասխանատվությունը դրվում է ստորաբաժանումների ղեկավարների վրա:
115. Հսկողության տակ գտնվող փաստաթղթերը, հանձնարարականները հսկողությունից հանվում են նախարարի կամ նրա հանձնարարությամբ` աշխատակազմի ղեկավարի կողմից:
Հավելված 1
ՑԱՆԿ 1*) ԳՈՐԾԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Նամակների` ի գիտություն ուղարկված պատճեններ
2. Հեռագրեր ու նամակներ, գործուղումների և արձակուրդների թույլտվության մասին
3. Ծանուցումներ` նիստերի, խորհրդակցությունների և օրակարգերի
4. Գրաֆիկներ, կարգագրեր,
5. Ի գիտություն ուղարկված ամփոփագրեր և տեղեկատվություններ
6. ՈՒսումնական պլաններ, ծրագրեր, պատճեններ
7. Գովազդային ծանուցումներ, պլակատներ, խորհրդակցությունների, կոնֆերանսների ծրագրեր և այլն
8. Գնացուցակներ, պատճեններ
9. Նյութերի ծախսի նորմաներ
10. Շնորհավորական նամակներ և հրավիրատոմսեր
11. Հաշվապահական փաստաթղթեր
12. Տպագիր հրատարակություններ (գրքեր, ամսագրեր, տեղեկագրեր)
13. Գիտական հաշվետվություններ` ըստ թեմաների
14. Ամսական, եռամսյակային, կիսամյակային հաշվետվություններ
15. Վիճակագրական հաշվետվության ձևեր
----------------------
1*) 4, 6, 11, 12, 13, 14, 15 կետերում թվարկված փաստաթղթերը աշխատակազմի
համապատասխան ստորաբաժանումներում (ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական
հաշվառման, մշակութային քաղաքականության, երիտասարդական քաղաքականության,
միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության
վարչություններում, քարտուղարությունում և անձնակազմի կառավարման
բաժնում) ենթակա են հատուկ հաշվառման: