(ուժը կորցրել է 19.02.18 թիվ 3-Ն հրաման)
i
112.0012.100204
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«10» 02 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11204018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
27 դեկտեմբերի 2003 թվականի N 12-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասի» թիվ 890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի պահանջների.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ոչ գաղտնի գործավարության կարգը»` համաձայն հավելվածի:
2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
ոստիկանության պետի
27 դեկտեմբերի 2003 թ.
N 12-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՉ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ոչ գաղտնի գործավարության կարգը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունում գաղտնի գործավարությունն իրականացվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության գերատեսչական նորմատիվ-իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունում ոչ գաղտնի գործավարությունն (այսուհետև` գործավարություն) իրականացվում է քարտուղարության ստորաբաժանումների կողմից` ոստիկանության պետի և ոստիկանության ստորաբաժանումների պետերի անմիջական հսկողությամբ: Այն ստորաբաժանումներում, որտեղ չկան քարտուղարություններ, գործավարությունն իրականացվում է գործավարների կամ դրա համար լիազորված ծառայողների /աշխատողների/ կողմից` ոստիկանության ստորաբաժանումների պետերի անմիջական հսկողությամբ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման պետը:
5. Քարտուղարությունների ծառայողների /աշխատողների/ և գործավարների նշանակումները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարության հետ:
6. Գործավարության վարման ու ապահովման ուղղությամբ քարտուղարության ծառայողների /աշխատողների/ և գործավարների ուսուցումն ու նախապատրաստումը կազմակերպում են ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարությունը և ոստիկանության ստորաբաժանման պետը:
II ՄՏԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
7. Ոստիկանությունում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է քարտուղարությունում, ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ, նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
8. Գործավարություն իրականացնելու համար մշակվում է գործերի /թղթապանակ/ անվանացուցակ: Ըստ անվանացուցակների կազմված գործերի և գործավարության կազմակերպման համար տարվող մատյանների պահպանության, նրանցում կատարվող գրանցումների ժամանակին և ճիշտ կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով քարտուղարությունում տարվում է վերոհիշյալ անվանացուցակային գործերի և գործավարության մատյանների հաշվառման միասնական մատյան, որտեղ, ի թիվս պահանջվող շատ ռեկվիզիտների, մասնավորապես նշում է կատարվում գործերի ու մատյանների ավարտման ժամկետների վերաբերյալ:
9. Բոլոր փաստաթղթերի գրանցումը, բացառությամբ գույքային հաշվառման վերցվող փաստաթղթերի, յուրաքանչյուր տարի սկսվում է առաջին համարով:
10. Մտից փաստաթղթերը բացելու պահին գրանցվում են մատյանի հերթական համարներով և տրվում են կատարողներին` ստորագրությամբ:
11. Հաշվառման մատյաններում արտացոլվում են փաստաթղթերի շարժի մասին տվյալները, նրանց ստացման կամ նախապատրաստման պահից մինչև կատարման ավարտը, գործում կարելը և հասցեատերերին առաքելը:
12. Սրբագրական հեղուկի կիրառմամբ մատյաններում ջնջումներ, ինչպես նաև ուղղումներ չեն կատարվում: Քարտուղարության ծառայողի /աշխատողի/ կողմից կատարած ուղղումները վավերացվում և հաստատվում են ստորագրությամբ` նշելով ամսաթիվը:
13. Աշխատանքի ժամերին ոստիկանությունում ստացվող թղթակցությունն ընդունում են քարտուղարության ծառայողները /աշխատողները/, իսկ աշխատանքային ժամերից դուրս` օպերատիվ հերթապահը, որն ընթեռնելի ստորագրում է ցուցակում /ռեեստրում/ կամ առաքման գրքում` նշելով ընդունվող ծրարների քանակը, ամսաթիվը, ժամը և հաստատում է ստորագրությամբ ու կնիքով, առանց ծրարները բացելու դրանք գրանցում է հերթապահ մասում գտնվող ծրարների հաշվառման մատյանում և փոխանցում քարտուղարություն:
«Շտապ» նշագրումով ծրարներ ստանալիս օպերատիվ հերթապահը այդ մասին զեկուցում է ոստիկանության ստորաբաժանման պետին և նրա մակագրությամբ այն հանձնում է համապատասխան կատարողին, որն այնուհետև ծրարը գրանցում է քարտուղարության հաշվառման մատյաններում:
14. Քարտուղարության ծառայողը /աշխատողը/ թղթակցություն ստանալիս, ստուգում է գտնվելու կամ բնակության վայրի ճշտությունը, փաթեթի ամբողջականությունը, կնիքի դրոշմվածքի տեքստի համապատասխանությունն առաքողի անվանմանը, համեմատում է ծրարի վրա, ցուցակում /ռեեստր/ կամ առաքման գրքում նշված փաստաթղթի համարների հետ:
Ֆայլերի բացակայության, փաստաթղթերի վնասվածքների, առաքողի անվան, կնիքի դրոշմվածքի, տեքստի տարբերություն կամ անհամապատասխանություն հայտնաբերելիս կազմվում է ակտ` երեք օրինակից, որը ստորագրում են ծրարը ներկայացնող և ընդունող անձինք, իսկ այդ մասին ցուցակում /ռեեստրում/ կամ առաքման գրքում կատարվում է համապատասխան գրառում: Ակտի մեկ օրինակն առաքվում է ծրարը ներկայացնող կապի կազմակերպություն, երկրորդ օրինակը փաստաթուղթն առաքողին` միջոցներ ձեռնարկելու համար, իսկ երրորդ օրինակը` գործին:
Այն դեպքում, երբ ծրարի վնասվածքը հնարավորություն է տալիս ծանոթանալ ծրարի մեջ եղած փաստաթղթի բովանդակությանը, դրա մասին հաղորդվում է ոստիկանության ստորաբաժանման պետին և ծրարը փաստաթղթով պահպանվում է ծառայողական քննություն անցկացնելու համար:
15. Ծրարները բացվում են երեք կողմից, ստուգվում է դրանց վրա նշված հաշվառման համարների համապատասխանությունը ծրարներում գտնվող փաստաթղթերի համարներին, օրինակների ու թերթերի, ինչպես նաև հավելվածների քանակներին: Ծրարները բացող ծառայողը /աշխատողը/ պետք է համոզվի թղթակցությունը ծրարից ամբողջությամբ հանվելու մասին: Ծրարները բացելուց հետո փաստաթղթերը անմիջապես գրանցվում են մտից մատյանում: Ծրարում մի քանի փաստաթղթերի առկայության դեպքում դրանցից յուրաքանչյուրը գրանցվում է առանձին համարով: Բացված, պատռված ծրարները /նաև էլեկտրոնային/, որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի գտնվելու կամ բնակության վայրը, եթե ծրարի վրա փոստային դրոշմակնիքի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար: Մնացած դեպքերում դրանք կարվում են ծրարների համար առանձնացված համապատասխան գործում:
16. Ստացված փաստաթղթերի հաշվառման տվյալներում և ռեկվիզիտներում հակասություն հայտնաբերելու դեպքում քարտուղարության երկու ծառայողների /աշխատողների/ ստորագրությամբ կազմվում է ակտ` երկու օրինակից: Ակտի առաջին օրինակը և ծրարի շիտակ երեսը ուղարկվում են առաքողին, իսկ երկրորդ օրինակը կարվում է գործում: Ակտը ստանալուն պես առաքողը հակասությունները պարզելու և վերացնելու նպատակով միջոցներ է ձեռնարկում:
17. Սխալմամբ ուղարկված փաստաթղթերը չեն գրանցվում և վերադարձվում են առաքողին կամ նրա համաձայնությամբ ուղարկվում ճիշտ հասցեատիրոջը նոր ծրարով և նույն համարի տակ` կցելով առաքողից ստացված ծրարի շիտակ երեսը:
Ոստիկանության ծառայություններին հասցեագրված ծրարները քարտուղարությունում չեն բացվում, այլ փոխանցվում են ըստ պատկանելության` առաքման գրքով կամ ցուցակով /ռեեստրով/:
18. Գրանցելիս մտից փաստաթղթի առաջին էջի վրա դրվում է դրոշմ, որում նշվում են. ոստիկանության անվանումը, հաշվառման /մտից/ համարը, գրանցման ամսաթիվը, հիմնական փաստաթղթի և դրա հավելվածների էջերի քանակը:
19. Եթե անհնար կամ աննպատակահարմար է ստացված փաստաթղթերի հավելվածները կարել գործում /օրինակ` բրոշյուրները, մեծ չափերի տեղեկատվական գրքերը և այլ/ դրանք վերցվում են գույքային հաշվառման` այդ մասին նշելով ուղեկցական նամակի վրա և մտից մատյանում, իսկ նամակը կարվում է գործում:
20. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները /նաև էլեկտրոնային/ բացի «Անձամբ» նշագրումով ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից /ֆայլերից/:
«Անձամբ» նշագրումով ծրարը բացում է անձամբ հասցեատերը կամ նրա կողմից լիազորված անձը, որը ստուգում է ծրարի և փաստաթղթի վրա դրված համարների համապատասխանությունը և փաստաթուղթը գրանցում է քարտուղարությունում:
Ինքնուրույն մտից համարներով ենթակա են գրանցման բոլոր փաստաթղթերը, որոնց համարները նշված են ծրարի վրա: Բոլոր փաստաթղթերի վերաբերյալ մտից մատյանի «Փաստաթղթի տեսակը և բովանդակությունը» սյունակում գրառվում է «Անձամբ» նշումը:
21. Հաշվառման մատյաններում գրանցվող փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ գրառումը կատարվում է հակիրճ և փաստաթղթի էությանը բնորոշ: Գրանցելուց հետո մտից փաստաթղթերը հանձնվում են ոստիկանության ստորաբաժանման պետին: Քարտուղարության ծառայողները /աշխատողները/ համակարգում են պետին հանձնած փաստաթղթերի վերադարձը և դրանք ժամանակին փոխանցում կատարողներին:
Թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով աշխատանքային 1 օրվա ընթացքում` սույն կարգին համապատասխան:
22. Քարտուղարության ծառայողները /աշխատողները/ կատարողներից փաստաթղթերն ընդունելիս ստուգում են փաստաթղթերի էջերի քանակի համապատասխանությունը:
23. Քարտուղարության ծառայողները /աշխատողները/ աշխատանքային օրվա վերջում ստուգում են օրվա ընթացքում ստացված փաստաթղթերի առկայությունը, բացված ծրարները, միջադիրները և համոզվում, որ դրանց մեջ պատահաբար թողնված փաստաթղթեր չկան:
24. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
25. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով, ստացված ապարատածրագրային միջոցներով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը: Փաստաթղթի կամ դրա էլեկտրոնային պատճենի իսկությունն ապահովում է նույն անձը կամ ստորաբաժանումը, որը հավաստել է փաստաթուղթը` համապատասխան ստորագրություններով:
26. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
27. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են գրությամբ, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ, ենթակա են վերափոխման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
28. Քարտուղարությունում գործին կցելու համար փաստաթուղթն ընդունվում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է ստորաբաժանման պետի կողմից կատարված «Գործին» մակագրությունը:
29. Քարտուղարության ծառայողները /աշխատողները/ պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության և դրանց խնամքով վերաբերելու համար:
Քարտուղարությունում ստացված փաստաթղթի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում չի կատարվում:
30. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս քարտուղարության ծառայողը /աշխատողը/ պետք է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնի իրեն փոխարինողին կամ անմիջական պետին:
31. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր և այլ պետական մարմիններից քննարկման համար ստացված փաստաթղթերի ուսումնասիրության համար, եթե նրանցում կոնկրետ ժամկետներ չեն նախատեսված, սահմանվում են հետևյալ ժամկետները`
ա/ Լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 5 օր
բ/ Լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պահանջող հարցեր` մինչև 10 օր:
III ԵԼԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
32. Ելից նամակագրությունը ուղարկվում է քարտուղարության միջոցով, փաստաթղթերը ստորագրելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ:
33. Առաքման համար փաստաթղթերն ընդունելիս քարտուղարության ծառայողը /աշխատողը/ ստուգում է առաքվող փաստաթղթի օրինակների և թերթերի առկայությունը:
34. Համակարգչային ցանցով ուղարկման ենթակա` համաձայնեցված և հաստատված փաստաթղթերը, որոնց տրված են ելից համարներ և դրանց էլեկտրոնային պատճենները փոխանցվում են այն ստորաբաժանում, որը փաստաթղթերն ուղարկում է հասցեատերերին:
35. Էլեկտրոնային փոստով Էլեկտրոնային փոստի հասցե ունեցող հասցեատիրոջը փաստաթուղթ առաքելիս /որպես էլեկտրոնային իսկական օրինակ/ ուղարկողը պետք է այն հաստատի էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
36. Փաստաթուղթն ուղարկելուց առաջ դրա էլեկտրոնային օրինակը պետք է գրանցվի ուղարկողի տվյալների շտեմարանում:
37. Եթե հասցեատերը միացված չէ համակարգչային ցանցին և չունի էլեկտրոնային փոստի իր սեփական հասցեն, ապա փաստաթղթի էլեկտրոնային օրինակը` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ, պետք է ուղարկվի մագնիսական սկավառակին գրանցված վիճակում` սուրհանդակային կամ այլ ծառայության միջոցով:
38. Յուրաքանչյուր հավելված պետք է ունենա թերթերի կամ էջերի ինքնուրույն համարակալում: ՈՒղեկցական նամակում «Հավելված» բառից հետո նշվում է յուրաքանչյուր հավելվածի գրանցման համարը ու թերթերի քանակը: Եթե հավելվածը հանդիսանում է փաստաթղթի բաղկացուցիչ մասը և բրոշյուրավորված է նրա հետ միասին, ապա միասնական փաստաթուղթը պետք է ունենա ընդհանուր համարակալում:
Հինգ և ավելի հավելվածների առաքման դեպքում կազմվում է առանձին ցուցակ` նշելով դրանց անհրաժեշտ ռեկվիզիտները, իսկ ուղեկցական նամակում գրվում է` «Հավելված համաձայն N _____ ցուցակի _____ թերթ»:
39. Եթե հավելվածները առաքվում են գտնվելու կամ բնակության մի քանի վայր, ապա ուղեկցական նամակներում դրանք առաքվում են առանձին:
Օրինակ` առաջին հասցեին - տեղեկանք, N 723, օրինակ N 1, 3 թերթ: երկրորդ հասցեին - տեղեկանք, N 723, օրինակ N 2, 3 թերթ:
Եթե առաքողի մոտ չեն մնում հավելվածների պատճենները, ապա ուղեկցական նամակում նշվում է «Միայն հասցեատիրոջը»:
40. Հինգ և ավելի հասցեներով առաքվող փաստաթղթերի համար կատարողը կազմում է առանձին ցուցակ, որը հաստատում է ստորաբաժանման պետը, իսկ յուրաքանչյուր առաքվող փաստաթղթի վրա նշվում է միայն մեկ հասցե:
41. Ելից փաստաթղթի պատճենը կարվում է գործի մեջ բոլոր անհրաժեշտ ռեկվիզիտների առկայության դեպքում /այդ թվում գրանցման համարը, ամսաթիվը, ստորագրող անձի պաշտոնը, ազգանունը/ և վավերացվում կատարողի կողմից:
42. Ելից փաստաթղթերի հաշվառումը իրականացվում է ելից մատյանում գրանցում կատարելու միջոցով:
Ելից փաստաթղթերը գրանցելիս մատյանի «Փաստաթղթերի տեսակը և կարճ բովանդակությունը» սյունակում նշվում է նաև հավելվածի հաշվառման համարը:
43. Փաստաթղթերը կարող են հասցեատերերին առաքվել իրենց գրանցահամարներով, առանց ուղեկցող նամակի, եթե դրանց նշանակումը պարզաբանումների կարիք չունի:
Փաստաթղթերն առանց ուղեկցող նամակի առաքելիս ծրարների վրա, որոնց մեջ դրված են այդպիսի փաստաթղթեր, նշվում են բոլոր փաստաթղթերի գրանցահամարները, իսկ հաշվառման մատյանում` ցուցակի համարը և առաքման ամսաթիվը:
44. Փաստաթղթերը ծրարի մեջ դրվելուց առաջ փաթեթավորվում են անլուսաթափանց թղթով: Եթե ծրարը պատրաստվում է անլուսաթափանց ստվարաթղթից, ապա փաստաթղթի փաթեթավորումը պարտադիր չէ: Փաստաթղթերը չեն փաթեթավորվում նախկինում օգտագործած ծրարներում, ինչպես նաև փխրուն, փայլուն, կամ թափանցիկ թերթերից պատրաստված ծրարներում:
45. Ծրարի վրա դրվում են հետևյալ ռեկվիզիտները`
ա/ վերին աջ անկյունում` անհրաժեշտության դեպքում` «Շտապ» կամ «Անձամբ» նշագրումները, ծրարող անձի ստորագրությունը` վավերացված «Ծրարների համար» կնիքով,
բ/ ներքևի աջ մասում` ստացողի գտնվելու կամ բնակության վայրը, իսկ դրա տակ, գծից ցած` թղթակցությունն առաքողի գտնվելու կամ բնակության վայրը /առանց նշելու ազգանունը և պաշտոնը/ և ներդրված փաստաթղթերի գրանցահամարները:
Միևնույն փաստաթղթի մի քանի օրինակներն առանց ուղեկցական նամակի առաքելիս, բացի փաստաթղթի գրանցահամարից, փակագծում նշվում են նաև դրա օրինակների համարները:
46. Փոստարկղահամարների տեսքով պայմանական անվանում ունեցող հիմնարկներին ուղարկվող թղթակցությամբ ծրարների վրա նշվում է միայն հիմնարկի գտնվելու վայրի լրիվ անվանումը, իսկ զինվորական մասերին հասցեագրված փաստաթղթերի ծրարների վրա` զորամասի համարները: Ծրարի վրա չի նշվում հիմնարկի պատկանելությունը:
Օրինակ` Ստացող` Սյունիքի մարզ, ք. Գորիս, հիմնարկ Ա-200 Առաքող` Շիրակի մարզ, ք. Գյումրի, հիմնարկ Կ-400
Ծրարների վրա և ցուցակում դրվում են թղթակցությունն առաքողի գտնվելու կամ բնակության վայրի տվյալները, համապատասխան կնիքները և դրոշմակնիքները:
47. Փաստաթղթերը հասցեատերերին հասցվում են ըստ ցուցակների /ռեեստրների/ սուրհանդակային և հատուկ կապի կամ ոստիկանության ծառայողների միջոցով:
48. Ոստիկանության պետի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ /Հայաստանի Հանրապետության կառավարության 1997թ. դեկտեմբերի 30-ի թիվ 626 ԿԳ որոշմամբ հաստատված հրահանգի համաձայն/ փաստաթղթերը տվյալ բնակավայրի սահմաններում կարող են տեղ հասցնել կատարողները քարտուղարության կողմից կնքված աշխատանքային թղթապանակներում /հատուկ պայուսակներում/ և միայն ծառայողական տրանսպորտով:
49. Սուրհանդակային ծառայության միջոցով թղթակցության առաքման համար լրացվում է ցուցակ /ռեեստր/ երկու օրինակից, որոնք թղթակցության հետ միասին հանձնվում են սուրհանդակային կամ հատուկ կապի ծառայողներին: Սուրհանդակի ստորագրությամբ և կնիքով վավերացված ցուցակի /ռեեստրի/ մեկ օրինակը վերադարձվում է քարտուղարության ծառայողին /աշխատողին/ և պահվում է ցուցակների գործում, իսկ մյուս օրինակը մնում է սուրհանդակային ծառայությունում: Ելից թղթակցությունների ցուցակներում նշվում են թղթակցության հանձնման-ընդունման ամսաթիվը և ժամը` վավերացված սուրհանդակի ստորագրությամբ և կնիքով:
50. Սուրհանդակային կամ հատուկ կապի ծառայության աշխատակիցը թղթակցությունը հասցեատերերին հանձնելիս լրացնում է ցուցակ /ռեեստր/ մեկ օրինակից, որը ստացողի ստորագրությամբ և կնիքով վավերացված` վերադարձնում է քարտուղարություն:
Թղթակցությունը հասցեատերերին կարող է հանձնվել նաև առաքման գրքերով: Ցուցակները /ռեեստրները/ կարվում են գործում, իսկ առաքման գրքերը գրանցվում են միասնական հաշվառման մատյանում և պահվում են ցուցակի /ռեեստրի/ լրացման պահից կամ առաքման գրքում վերջին գրառումից հետո հինգ տարուց ոչ պակաս և ոչնչացվում են ակտով:
IV ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
51. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության և նրա ենթակա ստորաբաժանումների քարտուղարություններում ստացվող իրավական ակտերը գրանցվում են իրավական ակտերի հաշվառման մատյաններում:
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի և նրա տեղակալների կողմից ընդունված իրավական ակտերի բնագրերը հաշվառվում և պահպանվում են մշտապես:
Գրանցումները յուրաքանչյուր տարի պետք է սկսվեն առաջին համարից:
52. Իրավական ակտերի հաշվառման մատյանները վարվում են մինչև տարին լրանալը: Մատյանում պետք է նշված լինեն բոլոր գրանցված փաստաթղթերի առաքման և ոչնչացման մասին տվյալները /ելից կամ ոչնչացման ակտի համարները ու ամսաթվերը/, որից հետո այն պահվում է քարտուղարությունում:
53. Ստացված իրավական ակտերի յուրաքանչյուր օրինակի և նրան կից ստացված չբրոշյուրավորված հավելվածի վրա դրվում է դրոշմակնիք, որտեղ նշվում է փաստաթղթի հերթական հաշվառման համարն ըստ մատյանի և ստացման ամսաթիվը: Հիմնական փաստաթղթի չբրոշյուրավորված հավելվածը գրանցվում է նույն մատյանում առանձին տողով հիմնական փաստաթղթի նույն համարի տակ:
54. Իրավական ակտի բնույթից ելնելով` հրամանների գրանցահամարից հետո գծիկով ավելացվում է «Ն» /նորմատիվ/ կամ «Ա» /անհատական/ տառերը:
55. Իրավական ակտերի բնօրինակները պահվում են առանձին գործերում ըստ փաստաթղթերի տեսակների և հանձնվում են արխիվ: Բնօրինակները չեն առաքվում կամ ոչնչացվում:
56. Իրավական ակտերն առաքվում են քարտուղարության միջոցով առանց ուղեկցական նամակի` փաթեթի վրա նշված իրենց գրանցահամարներով: Մի քանի տեսակի իրավական ակտերը կարող են ուղարկվել նամակով` նշելով յուրաքանչյուրի գրանցահամարը:
57. Իրավական ակտերը բազմացվում և առաքվում են` հաշվի առնելով ծառայողական անհրաժեշտությունը:
Իրավական ակտերի առաքման համար կազմվում է ցուցակ, որը հաստատվում է ստորաբաժանման պետի կողմից, որը իրավական ակտերի բնօրինակների հետ միասին կարվում է գործին և պահվում մշտապես:
58. Իրավական ակտերի լրացուցիչ օրինակները կարող են ուղարկվել ոստիկանության ստորաբաժանումներ ծառայողական անհրաժեշտության առկայության դեպքում:
59. Իրավական ակտերի հետ ծանոթացումը կատարվում է ծանոթացման թերթիկի վրա` ստորագրությամբ: Նշված թերթիկը պահվում է իրավական ակտերին կից:
Անձնակազմի վերաբերյալ հրամանների բովանդակությանը ստորաբաժանումների պետերը կարող են ծանոթացնել խորհրդակցությունների ընթացքում: Կադրերի և ֆինանսատնտեսագիտական ծառայություններին թույլատրվում է անձնակազմի վերաբերյալ հրամաններից կատարել քաղվածքներ և կազմել տեղեկանքներ` ծառայողների /աշխատողների/ անձնական գործին կցելու համար:
60. Իրավական ակտերը տրվում են ծառայողներին ստորագրությամբ:
Իրավական ակտերն ենթակա են վերադարձման քարտուղարություն աշխատանքային օրվա վերջում: Կատարողներին մշտական օգտագործման համար անհրաժեշտ իրավական ակտերը տրվում են ստորաբաժանման պետի գրավոր թույլտվությամբ:
61. Իրավական ակտերի հետ ժամանակին ծանոթանալու և վերադարձնելու վերահսկողությունը դրվում է քարտուղարության վրա:
62. Ոստիկանության ուսումնական հաստատություններում իրավական ակտերը պահվում են գրադարաններում և ուսումնական խմբերին տրվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:
63. Գործողությունը դադարեցված իրավական ակտերի վրա, ինչպես նաև այն մատյաններում, որտեղ դրանք գրանցված են, այդ մասին արվում են նշումներ, որից հետո այդ փաստաթղթերը մինչև ոչնչացնելը պահվում են գործող իրավական ակտերից առանձին:
64. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությունից և այլ մարմիններից ստացված տարբեր իրավական ակտերի պատճեններ հանել չի թույլատրվում` առանց ղեկավարության գրավոր թույլտվության:
65. Քարտուղարությունում գրանցված իրավական ակտերը հարմար օգտագործելու համար դրանք կենտրոնացվում և պահվում են թղթապանակներում կամ արագակարներում` ըստ հրատարակության տարիների փաստաթղթերի ցուցակի: Իրավական ակտերը ընթացիկ գրագրության գործում չեն կարվում:
66. Գործնական և տեղեկատվական նշանակությունը կորցրած իրավական ակտերը և ավելորդ օրինակները տարեկան մեկ անգամ ստորաբաժանումների պետերի կողմից ստեղծված փորձաքննական հանձնաժողովների միջոցով առանձնացվում և ոչնչացվում են ակտով` նշելով այդ մասին հաշվառումներում:
V ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱՆՔ ԱՐԽԻՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
67. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության իրավական ակտերի պահպանման և ոչնչացման համար փաստաթղթերի և գործերի ընտրությունը իրականացվում է ոստիկանության պետի հրամանով ստեղծված կենտրոնական փորձաքննական հանձնաժողովի կողմից /15.05.2002թ. թիվ 227 հրաման/:
68. Փորձաքննական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են երեք հոգուց ոչ պակաս ոստիկանության ծառայողներ կամ աշխատողներ /այդ թվում քարտուղարության ծառայողը կամ աշխատողը/, որոնք ուսումնասիրում են փաստաթղթերի տնտեսական, գիտական, սոցիալ-մշակութային, պատմական նշանակությունը:
Հանձնաժողովի նախագահ է նշանակվում ոստիկանության պետի տեղակալներից մեկը:
69. Փաստաթղթերի` ըստ տեսակների պահպանման ժամկետների նշումով ցանկում
/Հայաստանի Հանրապետության կառավարության 25.12.1998թ. թիվ 833 որոշում/, որոնք չընդգրկված փաստաթղթերի պահպանման ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի կողմից` կենտրոնական փորձաքննական հանձնաժողովի ներկայացմամբ:
70. Փաստաթղթերի և գործերի փորձաքննության ընթացքում դժվարություններ առաջանալու դեպքում այդ աշխատանքներում կարող են ընդգրկվել այլ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակիցներ:
71. Ոչնչացման ենթակա են պահպանման ժամկետներն անցած, գործնական նշանակությունը կորցրած և պատմական կամ այլ արժեք չունեցող փաստաթղթերը, գործերը, որոնց ոչնչացումը պարտադիր է:
72. Փաստաթղթերի և գործերի ոչնչացման համար կազմվում է ակտ` 2 օրինակից: Ակտը կազմվում է յուրաքանչյուր տարին մեկ և ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից: Ոստիկանության ստորաբաժանումների պետերի հաստատումից հետո ակտը համաձայնեցման համար ուղարկվում է ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարություն: Համաձայնեցված ակտի մեկ օրինակը ուղարկվում է հասցեատիրոջը:
73. Ոչնչացման ենթակա փաստաթղթերը նախքան ակտում ընդգրկելը /դրա անվանումը, գրանցահամարը, օրինակի համարը և թերթերի քանակը/ համեմատվում են հաշվառման մատյանի հետ:
Հնարավոր սխալներից խուսափելու և էջերի ճիշտ հաշվարկը ապահովելու համար փաթաթված կամ ծալված փաստաթղթերը բացվում են:
Հանձնաժողովի անդամները ոչնչացման համար ընտրված և ակտում ընդգրկված փաստաթղթերի համեմատելուց հետո դրանք պահում են` մյուս փաստաթղթերից առանձին: Ոչնչացնելուց առաջ հանձնաժողովը համեմատում է ոչնչացվող փաստաթղթերը ակտի գրառումների հետ:
74. Փաստաթղթերի ոչնչացման վերաբերյալ ակտերում որևէ ուղղում /ջնջում, լրացում/ չի կատարվում:
Բացառիկ դեպքերում ակտում կատարված ուղղումները վավերացվում են հանձնաժողովի բոլոր անդամների ստորագրությամբ:
75. Մշտապես և ժամանակավորապես պահպանվող գործերի ցուցակները կազմվում են երեք օրինակից, որոնցից երկուսը գործերի հետ միասին փոխանցվում են արխիվ, իսկ երրորդը` գործերը ընդունող արխիվի աշխատողի ստորագրությամբ մնում է գործերը հանձնող ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումում:
Մշտապես և ժամանակավորապես պահպանվող գործերի ցուցակներն ունեն հետևյալ սյունակները` համարներ ըստ կարգի, գործերի դասիչները, պահվող միավորի վերնագիրը, գործի սկզբի և ավարտի ժամկետները, հոդվածների համարները ըստ փաստաթղթերի ցանկի, նշելով դրանց պահպանման ժամկետը, թերթերի քանակը, ծանոթագրություններ:
Արխիվ հանձնվող փաստաթղթերի, գործերի և ցուցակների ճշտությունը ստուգում են արխիվի աշխատողները:
Խախտումներով ձևակերպված գործերը և ցուցակները վերադարձվում են հասցեատիրոջը և ենթակա են ուղղման:
76. Արխիվում պահպանվող փաստաթղթերին և գործերին ծանոթանալը իրականացվում է արխիվային զետեղարանում` համապատասխան ստորաբաժանման պետի թույլտվությամբ: Գործերը կարող են տրվել կատարողներին աշխատատեղերում ծանոթանալու համար` ոստիկանության ստորաբաժանման պետի գրավոր թույլտվությամբ:
77. Ոստիկանության արխիվներում փաստաթղթերի և գործերի պահպանման կանոնների վերահսկողությունը իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության պետի աշխատակազմի քարտուղարությունը և Ինֆորմացիոն կենտրոնը:
VI ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ, ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
78. Ոստիկանությունում և նրա ենթակա ստորաբաժանումների քարտուղարություններում, քաղաքացիների, զինծառայողների, ինչպես նաև իրավաբանական անձանց դիմումները հաշվառվում և գրանցվում են քաղաքացիների առաջարկությունների և դիմումների հաշվառման մատյանում` մուտք եղած օրվանից /հավելված թիվ 1/:
ա/ Դիմումի առաջին էջի վրա, ազատ տեղում դրվում է ոստիկանության կամ ստորաբաժանման մուտքի դրոշմակնիքը, որի վրա նշվում է ամիսը, ամսաթիվը և գրանցման համարը: Այն կարող է լրացվել տառանշաններով, որոնք ևս ապահովում են դիմումի համակարգումը, փնտրումը (օրինակ` հեղինակի ազգանվան առաջին տառը /Ա 200/:
բ/ Դիմումը պետք է ստորագրված լինի` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, ուսումնական հաստատության, բնակության կամ աշխատանքի վայրը: Եթե հիշյալ տեղեկությունների բացակայության կամ անհամապատասխանության դեպքում դիմումատուի ինքնությունը ճշտելն անհնար է, դիմումը համարվում է անստորագիր, չի քննարկվում և /քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին Հայաստանի Հանրապետության օրենքը 22.12.1999թ. ՀՕ-24/ օրենքով սահմանված կարգով ոչնչացվում է:
գ/ Անստորագիր դիմումները, որոնք պարունակում են նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին տեղեկություններ, քարտուղարության մուտքի մատյանում գրանցելուց հետո հանձնվում են օպերատիվ ծառայություններին` հանցագործությունները կանխելու կամ բացահայտելու նպատակով օգտագործելու համար:
դ/ Դիմումների ծրարները պահվում են քննարկման ամբողջ ժամանակաընթացքում, որից հետո ոչնչացվում են:
ե/ Կրկնվող դիմումներին կցվում է հաշվառման քարտ, որի վրա կատարվում են գրառումներ` դիմումի շարժի և կատարման ընթացքի մասին /հավելված թիվ 2/: Քարտերը դրվում են քարտադարանում, այբբենական կարգով:
զ/ Կրկնվող դիմումները գրանցվում են` դնելով «կրկնակի» դրոշմ և մատյանում կատարելով նշում` «կրկնակի»:
է/ «Կրկնվող» են համարվում նույն անձի կողմից գրված նույնաբովանդակ դիմումները, եթե բողոքարկվում են նախկինում տրված դիմումների պատասխանները, քննարկման սահմանված ժամկետների խախտումները և տվյալ հարցին առնչվող այլ հանգամանքները:
ը) Նույն անձի կողմից տարբեր հասցեներով ուղարկված նույնաբովանդակ դիմումները, որոնք ստացվում են ոստիկանության ստորաբաժանումներում հարցի քննարկման և լուծման համար, չեն համարվում կրկնակի, այլ դիտվում են որպես ինքնուրույն դիմում:
թ) Չի թույլատրվում դիմումներն ուղարկել ոստիկանության այն ստորաբաժանումներ, որոնց ծառայողների գործողությունները բողոքարկվում են:
ժ) Երբ դիմումում ոստիկանության ստորաբաժանման իրավասությանը վերաբերող հարցերի հետ մեկտեղ բարձրացվում են նաև այլ նախարարությունների և կառավարությանն առընթեր պետական մարմինների քննարկման ենթակա հարցեր, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում նախարարություններ և կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմիններ են ուղարկվում դիմումի պատճենը կամ քաղվածքը, որի մասին ծանուցվում է դիմումատուին:
ի) Հսկողության վերցված դիմումների համար լրացվում են հսկողական քարտեր (2 օրինակից), որոնցից մեկը պահվում է քարտուղարությունում, իսկ մյուս օրինակը դիմումի հետ միասին հանձնվում է կատարողին (հավելված 3):
լ) Ստացված բոլոր դիմումները համարակալվում են գրանցման ժամանակ և պատասխանները ուղարկվում են դիմումատուներին` ելից հաշվառման մատյանում գրանցելուց հետո:
խ) Դիմումը ստանալուց և վերջնական ընթացքը լուծելուց հետո այն, պատասխան գրության հետ, վերադարձվում է քարտուղարություն, որի վրա դրվում է ստորաբաժանման պետի մակագրությունը` «գործին», իսկ անձնակազմին վերաբերող դիմումների պատճենները` կապված ծառայության անցման հետ, կցվում են անձնական գործերին: Կատարողի մոտ փաստաթղթեր չեն պահվում:
ծ) Փաստաթղթերը գործում կարվում են ըստ այբբենական կամ հերթական համարի:
Կրկնվող դիմումներ կամ լրացուցիչ փաստաթղթեր ի հայտ գալու դեպքում դրանք կցվում են համապատասխան փաստաթղթերին:
կ) Հսկողության վերցված և կրկնվող դիմումների գրանցման համար «հսկողական» և «կրկնակի» դրոշմների փոխարեն կարող են օգտագործվել գունավոր անկյունագծով քարտեր` հսկողական դիմումները գրանցելով կարմիր, իսկ կրկնակի դիմումները` կապույտ քարտերում:
հ) Դիմումները քննարկվում են ոստիկանություն մուտք եղած օրվանից 15 օրվա ընթացքում:
ձ) Նամակների և բողոքների քննարկման ժամանակ, երբ անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություն, պահանջել լրացուցիչ նյութեր կամ ձեռնարկել այլ միջոցներ, դիմումի կատարման ժամկետները, բացառության կարգով, համապատասխան ստորաբաժանման պետի կամ նրա տեղակալի թույլտվությամբ կարող են երկարաձգվել ևս 15 օրով` այդ մասին հայտնելով դիմումատուին:
ղ) Դիմումների կատարման ընթացքը համարվում է ավարտված, եթե ձեռնարկված միջոցառումների մասին պատասխանվել է դիմումատուին: Պատասխանը տրվում է գրավոր կամ դիմումատուի համաձայնությամբ` բանավոր, որի մասին կատարվում է նշում դիմումների հաշվառման մատյանում:
ճ) Դիմումի կատարման ժամկետը հաշվարկվում է դիմումը ոստիկանությունում մուտք եղած օրվանից մինչև դիմումատուին պատասխանելու օրը:
Հավելված թիվ 1
ՄԱՏՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է «----» -------- 200 թ.
Ավարտված է «----» ------- 200 թ.
Պահպանման ժամկետը ---------տարի
Հիմքը հր.-- թիվ- -- հոդված ----
Էջերի քանակը ---------- թերթից
ՄԱՏՅԱՆ
Քաղաքացիների առաջարկությունների է դիմումների հաշվառման
.______________________________________________________________________.
|հ/հ|Անուն |Դիմողի |Ստացման |Որտեղից է |Համառոտ |
| |Ազգանուն |գտնվելու կամ |ամսաթիվը |ստացվել, ելքի |բովանդակություն |
| |Հայրանուն |բնակության | |համարը և | |
| | |վայրը | |ամսաթիվը | |
|___|__________|_____________|_________|______________|________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
.______________________________________________________________________.
_________________________________________________________.
Ու՞մ, երբ և ինչ |Ստացման մասին |Նշում կատարման մասին |
մակագրությամբ է |ստորագրությունը |_____________________|
ուղարկված |և ամսաթիվը |գործի N-ը| էջերի N-ը |
__________________|________________|_________|___________|
7 | 8 | 9 | 10 |
_________________________________________________________.
Հավելված թիվ 2
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
ՔԱՐՏ
.______________________________________________________________.
|Ազգանունը --------------------- թիվը ------------------------ |
|Ա. Հ. ----------------------» «--------------------- 200 թ. |
|------------------------------------------------------------- |
|------------------------------------------------------------- |
| Գտնվելու կամ բնակության վայրը |
|ՈՒր է ուղարկվել ----------------------------------------------|
|Որտեղից է ստացվել ---------- թիվ ---------» «------- 2003 թ.|
|Բովանդակությունը -------------------------------------------- |
|------------------------------------------------------------- |
|------------------------------------------------------------- |
|Հիմնական փաստաթուղթը ----- ԹԵՐԹԻՑ ՀԱՎԵԼՎԱԾ ----- թերթ ------- |
|Ղեկավարության մակագրությունը -------------------------------- |
|ՈՒմ կողմից է մակագրվել -------------------------------------- |
.______________________________________________________________.
քարտի երեսնամասը
.______________________________________________________________.
|--------------------------------------------------------------|
|/Դիմումի շարժի և վերանայման արդյունքների վերաբերյալ նշումներ/|
|--------------------------------------------------------------|
|--------------------------------------------------------------|
|--------------------------------------------------------------|
|Կատարողի ազգանունը --------------------- հեռ. ----------------|
|/ստորագրությունը/ |
|Գործ թիվ ------------------------------------ էջ թիվ ---------|
.______________________________________________________________.
քարտի հակառակ երեսնամասը
Հավելված թիվ 3
ԴԻՄՈՒՄԻ ՀՍԿՈՂԱԿԱՆ
ՔԱՐՏ
.______________________________________________________________.
| Կատարման ժամկետը «---»----------- 200 թ. |
|Ազգանունը --------------------- թիվ ------------------------- |
|Ա. Հ. ----------------------» «--------------------- 200 թ. |
|------------------------------------------------------------- |
|------------------------------------------------------------- |
| Գտնվելու կամ բնակության վայրը |
|ՈՒր է ուղարկվել ----------------------------------------------|
|Որտեղից է ստացվել ---------- թիվ ---------» «------- 2003 թ.|
|Բովանդակությունը -------------------------------------------- |
|------------------------------------------------------------- |
|------------------------------------------------------------- |
|ՈՒմ կողմից է մակագրվել -------------------------------------- |
.______________________________________________________________.
քարտի երեսնամասը
.______________________________________________________________.
|Ղեկավարության մակագրությունը ---------------------------------|
|ՈՒղարկվել է --------------------------------------------------|
|--------------------------------------------------------------|
|--------------------------------------------------------------|
|Նշումներ կատարման և արդյունքների վերաբերյալ -----------------|
|--------------------------------------------------------------|
|--------------------------------------------------------------|
|--------------------------------------------------------------|
|Կատարողի (ազգանունը, հեռախոս) --------------------------------|
|Գործ թիվ ------------------------------------ էջ թիվ ---------|
|Ենթակա է վերադարձման ոստիկանություն, որն իրականացնում է |
|հսկողությունը: |
.______________________________________________________________.
քարտի հակառակ երեսնամասը