ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ
ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆ
____ նոյեմբերի 2003 թ. ____ նոյեմբերի 2003 թ.
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
i
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը սահմանում է, որ, այդ օրենքի գործողությունը տարածվում է «մինչև դրա ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված և անշարժ գույքի կադաստրը վարող պետական մարմնի կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված շենքերի և շինությունների վրա»:
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի իրավական ակտի նորմում «և» կամ «ու» շաղկապները կիրառվում են այն դեպքում, երբ նորմի կիրառման համար պարտադիր է դրանցով բաժանված պայմանների միաժամանակյա առկայությունը: Այս նորմի պահանջներից ելնելով օրենքի 2-րդ հոդվածը պարզաբանելու դեպքում գալիս ենք այն եզրահանգման, որ օրենքը տարածվում է միայն այն շենքերի ու շինությունների վրա, որոնք բավարարում են հոդվածում նշված երկու պայմաններին միաժամանակ` առաջին պայմանի համաձայն շենքը և շինությունը պետք է ինքնակամ կառուցված լինի մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, իսկ երկրորդ պայմանը սահմանում է, որ ինքնակամ շենքը և շինությունը պետք է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառված լիներ անշարժ գույքի պետական կադաստր վարող պետական մարմնում:
Սակայն հակասություններ են ծագում օրենքի 2-րդ հոդվածի առաջին և երկրորդ պայմանների միջև: Այսպես` եթե նկատի ունենանք, որ օրենքն ուժի մեջ է մտել 2003 թվականի փետրվարի 23-ին, ապա անհնար էր, որ անշարժ գույքի կադաստրը վարող պետական մարմնի կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառվեին մինչև 2003 թվականի փետրվարի 23-ին կառուցված ինքնակամ շինությունները:
Միաժամանակ հակասություն է առաջանում նաև օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված 2-րդ պայմանի ու օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի միջև: Վերջինիս համաձայն մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, ինչպես նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը հաշվառումից դուրս մնացած ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված կամ օրենսդրության խախտումներով օտարված պետական սեփականության հողամասերի վերաբերյալ դիմումների և հայտերի քննարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Փաստորեն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը ի հակասություն օրենքի 2-րդ հոդվածի երկրորդ պայմանի թույլ է տալիս օրինականացնել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված բոլոր ինքնակամ կառուցված շենքերն ու շինությունները` անկախ այն հանգամանքից թե դրանք նախկինում հաշվառվել են թե ոչ:
Օրենքի վերոհիշյալ դրույթների միջև նշված հակասությունները պետք է պարզաբանվեն հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ և 87-րդ հոդվածները:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասությունների դեպքում գործում են այն մասերի դրույթները, որոնք բխում են տվյալ իրավական ակտի էությունից կամ տվյալ իրավահարաբերությունները կարգավորող իրավունքի սկզբունքներից: Այս սկզբունքից ելնելով և հաշվի առնելով, որ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը միանշանակ սահմանում է, որ օրենքը տարածվում է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը կառուցված ու չհաշվառված ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների վրա կարելի է եզրակացնել, որ օրենքի 2-րդ հոդվածի առաջին և երկրորդ պայմանների միջև եղած հակասությունը ծագել է միայն «և» «կամ» տերմինների սխալ կիրառման հետևանքով:
Միաժամանակ անհրաժեշտ է ի նկատի ունենալ, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն իրավական ակտի վերջիններիս համար նախընտրելի մասը: Այս պայմաններում անշուշտ ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար առավել նախընտրելի է օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, որը ինքնակամ շինությունների օրինականացման համար նախնական պարտադիր հաշվառման պահանջ չի նախատեսում:
Ելնելով վերոգրյալից պաշտոնապես պարզաբանում ենք`
«Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը տարածվում է`
ա) մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների վրա.
բ) ինքնակամ կառուցված շենքերի և շինությունների վրա` որոնք անշարժ գույքի կադաստրը վարող պետական մարմնի կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը հաշվառվել են.
գ) մինչև նշված օրենքի ուժի մեջ մտնելն ինքնակամ զբաղեցրած, առանց օրենսդրության պահանջների պահպանման օտարված (տրամադրված) պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի վրա: