320.0084.020503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32003148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ
23 ապրիլի 2003 թվականի N 84-Ն
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի երրորդ և 49-րդ հոդվածի երկրորդ կետերի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման գործընթացի կանոնակարգման, Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողների շահերի պաշտպանության և իրականացվող չվերթերի անվտանգության ապահովման նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել`
ա) «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվությունների տրման կարգ»-ը` համաձայն N 1 հավելվածի,
բ) Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր չվերթերի իրականացման հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
գ) Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր չվերթի թույլտվության հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի,
դ) Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվության ձևը` համաձայն N 4 հավելվածի:
2. Համաձայն «Օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման թույլտվությունների տրման կարգ»-ի թույլտվությունների տրման իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին:
3. 45-օրյա ժամկետում նախկինում տրված թույլտվությունները համապատասխանեցնել սույն հրամանով հաստատված կարգի պահանջներին:
4. Սույն հրամանի հսկողությունը վերապահում եմ ինձ:
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի
2003 թվականի ապրիլի 23-ի
N 84-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԵՎ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը մշակված է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ և 49-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա:
2. Սույն կարգի նպատակն է` դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթերի իրականացման իրավական հիմքերի ապահովումը, Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկայի միջազգային նորմերի և կանոնների համաձայն կարգավորումը և Հայաստանի Հանրապետության օդային փոխադրումների շուկան սպասարկող` կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնող հայկական օդանավ շահագործողների շահերի պաշտպանությունը:
3. Սույն կարգի դրույթները տարածվում են դեպի Հայաստանի Հանրապետություն ուղևորների, բեռների, փոստի կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումների իրականացման մեջ ներգրավված բոլոր օտարերկրյա օդանավ շահագործողների վրա:
4. Օտարերկրյա օդանավ շահագործողները դեպի Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթներ իրականացում են`
ա) Հայաստանի Հանրապետության և համապատասխան պետությունների միջև կնքված միջազգային համաձայնագրերի հիման վրա,
բ) Հայաստանի Հանրապետության և համապատասխան պետությունների միջև ստորագրված արձանագրությունների կամ փոխըմբռնման հուշագրերի հիման վրա,
գ) Ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու համար սույն կարգով սահմանված հայտի հիման վրա:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր չվերթերի իրականացման հայտը (այսուհետև` հայտ) գրության տեսքով ներկայացվում է օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն (այսուհետև` Գլխավոր վարչություն) Միջկառավարական համաձայնագրի, արձանագրությունների կամ փոխըմբռնման հուշագրերի հիման վրա, չվերթի իրականացման օրվանից 30 (երեսուն) օր առաջ և պարտադիր պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) օդանավ շահագործողի լրիվ անվանումը` կազմակերպաիրավական ձևի նշումով, փոստային հասցեն, կապի բոլոր միջոցների համարները, բանկային ռեկվիզիտները,
բ) Հայաստանի Հանրապետությունում օդանավ շահագործողի ներկայացուցչության (ներկայացուցչական գործառնություն իրականացնող կազմակերպության) հասցեն կամ ներկայացուցիչների անուն-ազգանունները և հասցեները,
գ) հայտում նշված չվերթի իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի և ռեզերվային օդանավերի տիպ(եր)ը, պատկանելիությունը, գրանցման երկիրը և համարը, բաղադրակազմը,
դ) չվերթի համարը Միջազգային Քաղաքացիական Ավիացիայի Կազմակերպության (այսուհետև` ԻԿԱՕ) եռանիշ կոդով, չվերթի իրականացման ժամկետները և հաճախականությունը,
ե) օտարերկրյա կապիտալի բաժնեմասը տվյալ ընկերությունում:
6. Ներկայացվող հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը (ներկայացված բոլոր փաստաթղթերի պատճենները պետք է հաստատված լինեն օդանավ շահագործողի ղեկավարի կողմից).
ա) տվյալ օդանավ շահագործողի նշանակման նամակը` տրված համապատասխան պետության ավիացիոն իշխանությունների կողմից և ուղարկված դիվանագիտական խողովակներով,
բ) օդանավ շահագործողի սերտիֆիկատի և նրան կից հատուկ դրույթների և պատճենները,
գ) օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված կանոնավոր չվերթի իրականացման թույլտվության (լիցենզիայի) պատճենը` եթե համաձայն այդ պետությունում սահմանված կանոնների նման գործունեությունը ենթակա է լիցենզավորման,
դ) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,
ե) հայտում նշված չվերթը իրականացնելու համար նախատեսված օդանավ(եր)ի թռիչքային պիտանիության և պետական գրանցման վկայականների պատճենները,
զ) չվերթի իրականացման համար նախատեսված օդանավերի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականների պատճենները,
է) չվերթի իրականացման համար փոխադրումների ձևակերպման համար փաստաթղթերի պատճենները:
7. Հայտը պետք է կազմված լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվի հայտատու օդանավ շահագործողի ղեկավարի կողմից:
8. Գլխավոր վարչությունը կարող է, անհրաժեշտության դեպքում, դիմել հայտատու օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանություններին` ներկայացված վկայականներից ցանկացածի վավերականությունը պարզելու համար:
9. Հայտի տրման օր է համարվում հայտը կից փաստաթղթերով Գլխավոր վարչության գրասենյակում գրանցելու (գրանցման գրառում կատարելու) կամ համապատասխան կապի միջոցներով Գլխավոր վարչություն հասնելու օրը:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Գլխավոր վարչությունը` օդային տրանսպորտի վերաբերյալ Միջկառավարական պայմանագրերի համաձայն, օտարերկրյա ավիաընկերության` որպես կանոնավոր ավիափոխադրողի նշանակումը ստանալուց հետո, հեռագրային միջոցներով տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության օդանավակայան(ներ)ին և Հայաստանում գրանցված օդանավ շահագործողներին նշանակման մասին:
11. Հայաստանի Հանրապետություն կանոնավոր չվերթները իրականացվում են միայն Գլխավոր վարչության թույլտվության առկայության դեպքում:
12. Գլխավոր վարչության գրասենյակում գրանցված հայտը` կից փաստաթղթերով, ներկայացվում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում, գրանցման և ուսումնասիրման համար:
13. Հայտի և կից փաստաթղթերի` սույն կարգով սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում, հնգօրյա ժամկետում, հայտատու օդանավ շահագործողին ներկայացվում է դիտողությունների ցուցակը:
14. Հայտը ուսումնասիրվում և Գլխավոր վարչության պետին է ներկայացվում գրանցման օրվանից 7 (յոթ) օրվա ընթացքում:
15. Հայտի ուսումնասիրման և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին Միջազգային համաձայնագրերին և/կամ համապատասխան պետությունների ավիացիոն իշխանությունների և Գլխավոր վարչության միջև բանակցությունների Արձանագրություններին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային փոխադրումները կարգավորող նորմատիվ ակտերին, ինչպես նաև սույն կարգի պահանջներին: Հաշվի են առնվում նաև հայտում նշված օդանավակայան(ներ)ում հայտավորված տիպի օդանավ(եր)ի ընդունման, սպասարկման և տեխնիկական հնարավորությունները:
16. Եթե օտարերկրյա օդանավ շահագործողի կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր չվերթներ իրականացնելու հայտում նշված է երթուղի, որը կանոնավոր չվերթերով շահագործվում է Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի կողմից, այն կարող է իրականացվել տվյալ օդանավ շահագործողի հետ գրավոր համաձայնության դեպքում: Նման համաձայնեցումը իրականացվում է օդանավ շահագործողների միջև գրավոր` առևտրային կամ այլ համաձայնագրի տեսքով, և հայտին կից ներկայացվում է Գլխավոր վարչություն` հայտատու օդանավ շահագործողի կողմից:
17. Հայտի ուսումնասիրությունը և համաձայնեցումը ավարտելուց հետո կազմվում է համապատասխան գրավոր եզրակացություն, որը ներկայացվում է Գլխավոր վարչության պետին:
18. Թույլտվության շնորհումը/մերժումը իրականացվում է Գլխավոր վարչության պետի կողմից: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:
19. Հայտը կարող է մերժվել եթե`
ա) սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերի համաձայն ներկայացված փաստաթղթերը կեղծ են, պարունակում են կեղծ տեղեկատվություն և չեն համապատասխանում միջազգային համաձայնագրերի պահանջներին,
բ) հայտում ներկայացված չվերթի պայմանները չեն համապատասխանում ավիափոխադրումների վերաբերյալ տվյալ երկրի հետ կնքված միջկառավարական համաձայնագրի պահանջներին:
20. Հայտի մերժման դեպքում այդ մասին տեղեկացվում է հայտատու օդանավ շահագործողին` նշելով դիտողությունների ցանկը: Հայտի մերժումը աննպատակահարմարության պատճառաբանությամբ արգելվում է:
21. Սույն կարգի 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի հիման վրա կանոնավոր չվերթ իրականացնելու թույլտվությունը շնորհվում է անժամկետ:
22. Կանոնավոր չվերթերի իրականացման չվացուցակներում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հայտերը ներկայացվում են առաջարկվող փոփոխության օրվանից 30 (երեսուն) օր առաջ, իսկ միանգամյա փոփոխությունների վերաբերյալ դիմումները 3 (երեք) աշխատանքային օր առաջ:
23. Կանոնավոր չվերթների հետ կապված արարողակարգերի կատարման և ընթացիկ հսկողությունը իրականացվում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանման կողմից:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Օտարերկրյա օդանավ շահագործողը, որը նախատեսում է ոչ կանոնավոր չվերթեր իրականացնել Հայաստանի Հանրապետություն, պետք է պարտադիր կարգով ստանա Գլխավոր վարչության թույլտվությունը: Նման թույլտվություն ստանալու համար օդանավ շահագործողը չվերթի իրականացման օրվանից 14 (տասնչորս) աշխատանքային օր առաջ, իսկ միանգամյա չվերթերի իրականացման համար թռիչքի իրականացման ժամից առնվազն 72 (յոթանասուներկու) ժամ առաջ, ներկայացնում է`
ա) ուղևորային և բեռնային երկու և ավելի չվերթերից բաղկացած ծրագրի համար` սույն կարգի Հավելված 2-ում սահմանված ձևի հայտ,
բ) ուղևորային և բեռնային եզակի չվերթի համար` սույն կարգի Հավելված 3-ում սահմանված ձևի հայտ (հեռագրային տեսքով):
25. Եթե հայտը շտապ է և չի կարող տրվել սույն կարգի 23 կետում նշված ժամկետներում` շտապ լինելու հիմնավոր պատճառները պետք է հստակորեն շարադրվեն հայտին կից գրության կամ նամակի մեջ:
26. Ըստ Հավելված 2-ի ներկայացվող հայտը պարտադիր պարունակում է հետևյալ տեղեկությունները`
ա) օդանավ շահագործողի լրիվ անվանումը, փոստային հասցեն, կապի բոլոր միջոցների համարները,
բ) Հայաստանի Հանրապետությունում չվերթի պատվիրատուի կամ պատասխանատու անձի տվյալները և հասցեն,
գ) հայտում նշված չվերթի իրականացման համար շահագործվող օդանավ(եր)ի և պահուստային օդանավ(եր)ի տիպ(եր)ը, պատկանելիությունը, գրանցման երկիրը, համարը և տեխնիկական միջոցները,
դ) չվերթի համարը (ԻԿԱՕ եռանիշ նշանով), չվերթի իրականացման ժամկետները և հաճախականությունը,
ե) մեկնման օդանավակայանից չվերթի մեկնման ժամը, Հայաստանի Հանրապետության օդանավակայան(ներ)/ից ժամանման և մեկնման ժամերը,
զ) չվերթի երթուղին, ներառյալ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բեռնավորման և տեխնիկական կանգառի կետերը,
է) չվերթի տեսակը (ուղևորային, բեռնային և այլն):
27. Հավելված 2-ով սահմանված հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը կամ նրանց պատճենները հաստատված օդանավ շահագործողի ղեկավարի կողմից`
ա) գրություն Գլխավոր վարչության պետի անունով,
բ) օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը,
գ) օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված` հայտում նշված երթուղին շահագործելու թույլտվության պատճենը,
դ) հայտում նշված չվերթը իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության և պետական գրանցման վկայականների և տեխնիկական սպասարկման վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն,
ե) չվերթի իրականացման համար նախատեսված օդանավերի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականները,
զ) չարտերային չվերթների համար` պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պատճենը,
է) օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագրի պատճենը,
ը) իրականացվող չարտերային չվերթի ծրագիրը:
28. ՈՒղևորային և բեռնային եզակի չվերթերի իրականացման համար, սույն կարգի Հավելված 3-ով սահմանված հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը.
ա) օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը,
բ) օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված` հայտում նշված երթուղին շահագործելու թույլտվության պատճենը,
գ) հայտում նշված չվերթը իրականացնելու համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատի և պետական գրանցման վկայականի պատճենները,
դ) չվերթի իրականացման համար նախատեսված օդանավի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ ապահովագրության վկայականների պատճենները:
29. Հայտը պետք է կազմված լինի հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով և հաստատվի հայտատու օդանավ շահագործող ղեկավարի կողմից:
30. Գլխավոր վարչությունը կարող է, անհրաժեշտության դեպքում, դիմել հայտատու օդանավ շահագործողի գրանցման երկրի ավիացիոն իշխանություններին` ներկայացված վկայականներից ցանկացածի վավերականությունը պարզելու համար:
31. Հայտի տրման օր է համարվում հայտը կից փաստաթղթերով Գլխավոր վարչության գրասենյակում գրանցելու (գրանցման գրառում կատարելու) օրը կամ այդ մասին հեռագրային կապով տեղյակ պահելու օրը:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
32. Գլխավոր վարչության գրասենյակում գրանցված հայտը` կից փաստաթղթերով, ներկայացվում է Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանում, ուսումնասիրության համար:
33. Հայտի և կից փաստաթղթերի սույն կարգով սահմանված պահանջներին անհամապատասխանության դեպքում, այդ մասին զեկուցվում է Գլխավոր վարչության պետին երկօրյա ժամկետում` հայտատու օդանավ շահագործողին ներկայացնելով դիտողությունների ցանկը:
34. Հայտը, կից ներկայացված փաստաթղթերով, համաձայնեցվում է Գլխավոր վարչության շահագրգիռ ստորաբաժանումների հետ հետևյալ ժամկետներում`
ա) եզակի ուղևորային և բեռնային չվերթերի համար` գրանցելու օրվանից առնվազն 48 ժամվա ընթացքում,
բ) երկու և ավել ուղևորային և բեռնային չվերթերից բաղկացած ծրագրի դեպքում` գրանցելու օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում:
35. Հայտի քննարկման և համաձայնեցման ընթացքում հաշվի է առնվում ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օդային հաղորդակցությունների մասին Միջկառավարական համաձայնագրերին և/կամ համապատասխան պետությունների ավիացիոն իշխանությունների և Գլխավոր վարչության միջև բանակցությունների Արձանագրություններին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային օդային փոխադրումները կարգավորող նորմատիվ ակտերին: Հաշվի են առնվում նաև հայտում նշված օդանավակայաններում հայտարարված տիպի օդանավերի ընդունման և տեխնիկական սպասարկման հնարավորությունները:
36. Օտարերկրյա պետության օդանավ շահագործողը, որը նախատեսում է մեկից ավելի ոչ կանոնավոր ուղևորային չվերթերից բաղկացած ծրագիր իրականացնել Հայաստանի Հանրապետություն, պետք է նման չվերթերի իրականացումը համաձայնեցնի տվյալ երթուղում նշանակված հայկական օդանավ շահագործողի հետ: Նման համաձայնեցումը իրականացվում է օդանավ շահագործողների միջև, կոմերցիոն պայմանագրի կամ առանձին արձանագրության տեսքով և հայտին կից ներկայացվում է Գլխավոր վարչություն հայտատու օդանավ շահագործողի կողմից:
37. Հայաստանի Հանրապետություն չարտերային չվերթեր կատարող օդանավ շահագործողներին Հայաստանի Հանրապետության տարածքում ավիատոմսերի վաճառքի իրականացումն առանց Գլխավոր վարչության գրավոր համաձայնության արգելվում է:
38. Հայտի քննարկումը և համաձայնեցումն ավարտելուց հետո կազմվում է համապատասխան գրավոր եզրակացություն, որը ներկայացվում է Գլխավոր վարչության պետին:
39. Թույլտվության շնորհումը/մերժումը իրականացվում է Գլխավոր վարչության պետի կողմից, մեկօրյա ժամկետում, Հավելված 4 ներկայացված ձևի համաձայն: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:
40. Հայտը կարող է մերժվել եթե` սույն կարգի 26-րդ և 27-րդ կետերի համաձայն ներկայացված փաստաթղթերը պարունակում են կեղծ տեղեկատվություն կամ չեն համապատասխանում ընդունված միջազգային համաձայնագրերին ու պայմանագրերին:
41. Հայտի մերժման դեպքում այդ մասին տեղեկացվում է հայտատու օդանավ շահագործողին` նշելով դիտողությունների ցանկը: Հայտի մերժումը աննպատակահարմարության պատճառաբանությամբ արգելվում է:
42. Գլխավոր վարչության պետը իրավունք ունի դադարեցնել տրված թույլտվության գործողությունը եթե`
ա) օդանավ շահագործողի կողմից չեն կատարվում միջազգային օդային փոխադրումների իրականացման գործընթացը կանոնակարգող նորմատիվ ակտերի պահանջները,
բ) չվերթերի իրականացման ընթացքում խախտվում են սույն կարգի դրույթները:
IV. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
43. Կանոնավոր չվերթեր իրականացնելու համար տրված թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետություն կանոնավոր չվերթեր իրականացնող օդանավ շահագործողը կնքում է տեխնիկական և կոմերցիոն սպասարկման պայմանագրեր համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:
44. Երկու և ավելի ոչ կանոնավոր (չարտերային) չվերթերից բաղկացած ծրագիր իրականացնելու համար շնորհված թույլտվության հիման վրա Հայաստանի Հանրապետություն ոչ կանոնավոր չվերթեր իրականացնող օդանավ շահագործողը կնքում է տեխնիկական և կոմերցիոն սպասարկման պայմանագրեր համապատասխան ծառայություններ մատուցող ընկերությունների և կազմակերպությունների հետ:
45. Հայաստանի Հանրապետություն իրականացվող կանոնավոր չվերթների սակագները և չվացուցակները Գլխավոր վարչության կողմից հաստատվում են, Միջկառավարական համաձայնագրերի, ավիացիոն իշխանությունների միջև ստորագրված Արձանագրությունների, կամ Փոխըմբռնման հուշագրերի համապատասխան հոդվածների համաձայն:
46. Օդանավ շահագործողների կողմից Հայաստանի Հանրապետություն կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթների իրականացման համար նախատեսվող փաստաթղթերի վավերականության և հայտում նշված պայմանների կատարման նկատմամբ հսկողությունը իրականացնում են Գլխավոր վարչության համապատասխան ստորաբաժանումները:
47. Կանոնավոր և ոչ կանոնավոր չվերթեր իրականացնելու կարգի վերաբերյալ հակիրճ տեղեկությունները Գլխավոր վարչության կողմից պարբերաբար հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Աերոնավիգացիոն տեղեկատու փաստաթղթերում:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի
2003 թվականի ապրիլի 23-ի
N 84-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏ
1. Օդանավ շահագործող (անուն, հասցե, հեռախոս, ֆաքս) _________________
____________________________________________________________________
Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ (ազգանուն, անուն, հայրանուն, հասցե, հեռախոս, ֆաքս)
____________________________________________________________________
____________________________________________________________________
2. Պատվիրատու (հասցե, հեռախոս, ֆաքս) _______________________________
____________________________________________________________________
3. Չվերթի տեսակ ____________________________________________________
4. Օդանավի տիպը ________________, նստատեղերի քանակ _________________
Օդանավերի գրանցման համարները _______________________________________
5. Օդանավի գրանցման պետությունը ____________________________________
6. Չվերթերի երթուղին ______________________________________________
7. Կատարվող չվերթերի ժամկետները, հաճախականությունը և չվերթի համարը
______________________
«__»_________ 200__թ-ից մինչև «__»_________ 200__թ-ը շաբաթվա ____ օր
«__»_________ 200__թ-ից մինչև «__»_________ 200__թ-ը շաբաթվա ____ օր
8. Այլ պայմաններ.
____________________________________________________________________
____________________________________________________________________
ՓՈԽԱԴՐՈՂ ՊԱՏՎԻՐԱՏՈՒ
________________ __________________ _______________ __________________
ստորագրություն ազգանուն ստորագրություն ազգանուն
Կ. Տ. «___»_____________ 200__թ. Կ. Տ. «___»_____________ 200__թ.
Հայտին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- օդանավ շահագործողի սերտիֆիկատի պատճենը,
- օդանավ շահագործողի գրանցման պետության ավիացիոն իշխանությունների կողմից տրված տվյալ երթուղին շահագործելու թույլտվության պատճենը,
- չվերթը իրականացնելու համար նախատեսված օդանավերի թռիչքային պիտանիության և պետական գրանցման վկայականների պատճենները,
- օդանավերի, ուղևորների, ուղեբեռների, բեռի, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության վկայականների պատճենները,
- պատվիրատուի հետ կնքված պայմանագրի պատճենը,
- օդանավակայանային սպասարկումների իրականացման մասին պայմանագրերի պատճենները,
- օդանավ շահագործողի ավիացիոն անվտանգության ծրագիրը,
- օդանավ շահագործողի պատվիրատուի տվյալները (ազգանուն, անուն, հայրանուն, հասցե, հեռախոս, ֆաքս),
- տեղեկանք Հայաստանի Հանրապետության օդանավակայանում օդանավի տեխնիկական սպասարկման մասին,
- իրականացվող չարտերային չվերթի ծրագիրը:
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի
2003 թվականի ապրիլի 23-ի
N 84-Ն հրամանի
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
1. Օդանավ շահագործողի անվանումը և հասցեն ___________________________
_____________________________________________________________________
2. Օդանավ շահագործողի` ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը և չվերթի համարը __________
3. Օդանավի գրանցման երկիրը __________________________________________
4. Օդանավի տիպը և գրանցման համարը __________________________________
5. Չվերթի նպատակը ___________________________________________________
6. Չվերթի երթուղին (մուտքի և ելքի կետերը) ՀՀ օդային տարածքում ______
_____________________________________________________________________
7. Թռիչքի աէրոդրոմ, վայրէջքի աէրոդրոմ Հայաստանում, վերջնական
աէրոդրոմ _________________________________________________________
_____________________________________________________________________
8. Օդանավի բեռնվածություն (ուղևորների քանակը, բեռների քանակը և
բնույթը) _________________________________________________________
_____________________________________________________________________
9. Չվերթի կատարման ամսաթիվը և ժամը _________________________________
10. Օդանավ(եր)ի ստանդարտ սարքավորում _______________________________
11. Ծառայությունների և գանձումների դիմաց վճարման ձևը, ոչ կանխիկ վճարման դեպքում նշելով բանկի անունը և հաշվի համարը _____________________
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր
վարչության պետի
2003 թվականի ապրիլի 23-ի
N 84-Ն հրամանի
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ 00/200___
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՉ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
Օդանավ շահագործող _________________________________
Երթուղի _________________________________
Օդանավերի տեսակները _________________________________
Օդանավերի գրանցման համարները _________________________________
Չվերթի համարը _________________________________
Հաճախականությունը _________________________________
Թույլտվության գործողության ժամկետը մինչև «___» _________ 200__ թ.
_________________________
(ազգանուն, անուն)
Կ.Տ.
«_____» ____________ 200 թ.
(տրման ամսաթիվը)
ՈՒղարկված է`
1. Օդային տարածքի կառավարման կենտրոն
2. _________ օդանավակայան (չվերթի իրականացման ՀՀ օդանավակայան)
3. _________ օդանավ շահագործող (տվյալ երթուղին շահագործող ՀՀ օդանավ շահագործող)
4. _________ օդանավ շահագործող (չվերթ կատարող օդանավ շահագործող)