110.0225.220403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11003138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
10 ապրիլի 2003 թվականի N 225-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի թիվ 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ի 8-րդ կետի պահանջներին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ասպիրանտուրայի ընդունելության նպատակային տեղերի հատկացման և տեղադրման կարգ»-ը համաձայն հավելվածի (կցվում է):
2. Նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ` Ա. Քոսյան)` սույն կարգը եռօրյա ժամկետում գրանցման ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ պարոն Ա. Ավետիսյանին:
«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարար
2003 թվականի ապրիլի 10-ի
N 225-Ն հրամանով
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի թիվ 662 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգ»-ի 8-րդ կետին համապատասխան:
2. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` Նախարարություն) կողմից ասպիրանտուրայի ընդունելության նպատակային տեղերի հատկացման կարգը:
2. ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
3. Նպատակային տեղերի հատկացման հայտերը կարող են ներկայացնել շահագրգիռ նախարարությունները, ինչպես նաև գիտական հետազոտություններ և (կամ) տեխնոլոգիական մշակումներ իրականացնող կազմակերպությունները:
4. Նպատակային տեղերի հատկացման հայտը ներառում է հայտ ներկայացնող կազմակերպության անվանումը, մասնագիտությունը, ինչպես նաև գիտական կազմակերպության և (կամ) բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետև` բուհ) անվանումը, որտեղ առաջարկվում է տեղադրել նպատակային տեղը:
5. Հայտում նշված մասնագիտությունն ու դրա դասիչը պետք է համապատասխանի Նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի համապատասխան մասնագիտությունների Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին:
6. Տվյալ գիտական կազմակերպությունում և (կամ) բուհում նպատակային տեղի տրամադրումը Նախարարությունը համաձայնեցնում է այդ գիտական կազմակերպության և (կամ) բուհի հետ:
7. Նպատակային տեղերը հատկացնում է Նախարարությունը տվյալ տարում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացված առկա և հեռակա ասպիրանտական տեղերի թվաքանակից` վճարովի կամ անվճար ուսուցմամբ: Վճարովի սկզբունքով ասպիրանտի ուսանելու դեպքում ուսման վարձավճարը մուծում է պատվիրատու կազմակերպությունը:
8. Առկա ուսուցմամբ նպատակային տեղերը հատկացվում և տրամադրվում են ըստ մասնագիտության, առանց նշելու երաշխավորվող դիմորդի անունը: Այս դեպքում նպատակային տեղի վրա ընդունելությունը անց է կացվում բաց մրցույթով:
9. Ասպիրանտուրայի ընդունելության նպատակային անվանական տեղերը նախարարություններին և կազմակերպություններին հատկացվում են միայն ուսուցման հեռակա ձևով` նշելով երաշխավորվող դիմորդի անունը, ազգանունը և մասնագիտությունը:
10. Ասպիրանտուրայի ընդունելության նպատակային ոչ անվանական տեղերը կազմակերպություններին հատկացվում են ուսուցման առկա և հեռակա ձևերով: Բաց մրցույթով նպատակային ոչ անվանական տեղի վրա ընդունված ասպիրանտի հետ տվյալ կազմակերպությունը կնքում է պայմանագիր, որով ամրագրվում են կողմերի պարտականությունները:
11. Ասպիրանտուրայի ընդունելության նպատակային անվանական և ոչ անվանական տեղերի հատկացման մասին առաջարկությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:
12. Ասպիրանտուրայի ընդունելության նպատակային անվանական և ոչ անվանական տեղերի հատկացումը հրամանագրում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը, որի մասին տեղեկացվում են համապատասխան նախարարություններն ու կազմակերպությունները: