110.0144.010403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11003094
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
13 մարտի 2003 թվականի N 144-Ն
i
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի չորրորդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1123 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգին» համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի համալիր նախագծերի ներկայացման կարգ»-ը:
2. Նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչությանը (պետ` Ա. Քոսյան)` սույն կարգը 3-օրյա ժամկետում գրանցման ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ պարոն Ա. Ավետիսյանին:
«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
կրթության և գիտության նախարար
- ---------- Լ. ՄԿՐՏՉՅԱՆ
2003 թվականի մարտի 13-ին
ԿԱՐԳ
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 4-րդ կետի «զ» և 5-րդ կետի «գ» ենթակետերին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. նոյեմբերի 17-ի N 1123 որոշմամբ հաստատված «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգին» համապատասխան սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (այսուհետև` պատասխանատու մարմիններ) կողմից կարգավորվող ոլորտներում գիտության և տեխնիկայի բնագավառին առնչվող նպատակային ծրագրերի համալիր նախագծերի (այսուհետև` ծրագրերի նախագծեր) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետև` նախարարություն) ներկայացման կարգը:
2. Ծրագրերի նախագծերը պատասխանատու մարմինները նախարարություն են ներկայացնում նախարարության հրավերով սահմանված ժամկետում:
3. Ծրագրերի նախագծերը պետք է պարունակեն տեղեկություններ.
ա) նպատակների և խնդիրների,
բ) արդիականության,
գ) ծավալների և դրանց իրականացման ժամկետների,
դ) ակնկալվող արդյունքների,
ե) ավարտական ձևերի վերաբերյալ,
զ) ունենան կից նախահաշիվներ:
Ծրագրերի նախագծերում պետք է առանձնացվեն փուլեր` նշելով դրանց իրականացման ժամկետները և առաջադրանքները, տեխնիկատնտեսական ցուցանիշները և ֆինանսավորման ծավալները` համապատասխան հաշվարկներով ու հիմնավորումներով:
4. Նախարարությունը ծրագրերի նախագծերը ստանալուց հետո հինգօրյա ժամկետում համակարգում է դրանք և տրամադրում համապատասխան մասնագիտական փորձագիտական խորհուրդներին, որոնք գործում են համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 20.11.01 թ. N 522-Մ հրամանով հաստատված «Մասնագիտական փորձագիտական խորհուրդների ձևավորման կարգի»:
5. Մասնագիտական փորձագիտական խորհուրդները 10-օրյա ժամկետում իրականացնում են նախագծերի փորձաքննությունը:
6. Գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի նախագծերը քննարկելու նպատակով նախարարությունը ստեղծում է հանձնաժողով, որի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (նախագահ), նախարարի տեղակալը, ՀՀ ԳԱԱ փոխպրեզիդենտն ու համապատասխան նախարարների տեղակալները, նախարարության գիտության և գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետը (քարտուղար):
7. Դրական եզրակացություն ստացած նախագծերը նախարարության կողմից հինգօրյա ժամկետում ամփոփվում են և համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ սահմանված կարգով ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն: