Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ...

12.04.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   18.02.2004  -ից մինչեւ   12.04.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 17.02.12 թիվ 143-Ն հրաման)

i

118.0934.301202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «30»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11802465

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

30 դեկտեմբերի 2002 թվականի N 934-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ««Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» 2001 թվականի նոյեմբերի 5-ի N 1064 որոշման 2-րդ կետով հաստատված ցանկի 4-րդ կետին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև վերջիններիս ենթակա հիմնարկներում ներքին աուդիտի անցկացման կարգը» համաձայն հավելված 1-ի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Հայաստանի Հանրապետության

ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2002 թվականի

դեկտեմբերի 30-ի N 934-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ֆինանսական ու հաշվապահական ծառայություններում և այդ մարմինների ենթակա այլ հիմնարկներում (այսուհետև` աուդիտի ենթարկվող օբյեկտներ) իրականացվող ֆինանսական գործառույթների ներքին աուդիտի (այսուհետ` աուդիտ) անցկացման կարգը:

(1-ին կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

2. Ներքին աուդիտի նպատակն է`

i

ա) գնահատել աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող` ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը` այդ գործառույթները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին,

բ) գնահատել աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ վերջինիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը,

գ) բացահայտել աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ տեղ գտած անհամապատասխանությունները:

(2-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 2. ԳԼԽԱՎՈՐ ԱՈՒԴԻՏՈՐԸ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐԸ

 

i

3. Աուդիտի ենթարկվող օբյեկտներում աուդիտն իրականացնում է գլխավոր աուդիտորը, որը գործում է տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի գլխավոր ֆինանսիստի անմիջական ենթակայությամբ և պատասխանատու է աուդիտի ծրագրերի կազմման և իրագործման համար:

(3-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

4. Ելնելով ֆինանսատնտեսական գործունեության առանձնահատկություններից, աուդիտի անցկացման նպատակով, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հրամանով կարող է ստեղծվել աուդիտորական խումբ: Աուդիտորական խումբը ղեկավարում է գլխավոր աուդիտորը:

Աուդիտի ենթարկվող օբյեկտների քանակից ելնելով, անհրաժեշտության դեպքում աուդիտի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում` գլխավոր աուդիտորի անմիջական ղեկավարությամբ կարող է ստեղծվել ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանում:

(4-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

5. Աուդիտորական խմբի անդամներ կարող են հանդիսանալ տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ֆինանսական և հաշվապահական ծառայությունների աշխատակիցները, ինչպես նաև սույն կարգի 48-րդ կետով նախատեսված փորձագետները:

Ընդ որում, աուդիտի ենթարկվող յուրաքանչյուր առանձին օբյեկտում իրականացվող աուդիտի ժամանակ աուդիտորական խմբի կազմում չի կարող ներառվել աուդիտի ենթարկվող օբյեկտում աուդիտի անցկացման օրվանից հաշված` վերջին երկու տարիների ընթացքում աշխատած աշխատակիցը:

Աուդիտորական խմբի անդամները չեն կարող մասնակցել ներքին հսկողության այն համակարգերի արդյունավետության գնահատման աշխատանքներին, որոնց մշակման աշխատանքներին վերջիններս նախկինում ուղղակիորեն մասնակցել են: Այն դեպքում, երբ սույն կարգի 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում գործում է ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանում, աուդիտորական խմբերը կազմվում են այդ ստորաբաժանման աշխատակիցներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սույն կարգի 48-րդ կետով նախատեսված փորձագետներից:

(5-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

6. Աուդիտորական խմբի անդամները, բացառությամբ գլխավոր աուդիտորի և ներքին աուդիտի առանձին կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների, աուդիտի աշխատանքներին մասնակցում են իրենց հիմնական աշխատանքային պարտականությունների հետ համատեղման կարգով:

Գլխավոր աուդիտորի համար տվյալ մարմնում և ենթակա հիմնարկներում աուդիտի կազմակերպումն ու իրականացումը հանդիսանում է վերջինիս միակ աշխատանքային պարտականությունը:

(6-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

7. Աուդիտորական խումբն իրականացնում է.

i

ա) աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից իրականացվող գործառույթների` օրենսդրության պահանջներին համապատասխանության գնահատում,

բ) աուդիտի ենթարկվող օբյեկտի եկամուտների (բյուջետային և արտաբյուջետային) և ծախսերի հաշվառման ու սկզբնական գրանցումների ճշտության գնահատում, առկա անհամապատասխանությունների բացահայտում,

գ) աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից ծախսերի տնտեսման ուղղությամբ իրականացվող աշխատանքների և տնտեսման հնարավորությունների օգտագործման գնահատում,

դ) աուդիտի ենթարկվող օբյեկտի բնականոն աշխատանքը խանգարող արհեստական խոչընդոտների ու ապօրինի գործողությունների բացահայտում:

ե) աուդիտի ենթարկվող օբյեկտի ներքին հսկողության համակարգի գնահատում:

(7-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

8. ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների աուդիտի գործառույթները կոորդինացվում և այդ գործառույթների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի Նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից, որի շրջանակներում Նախարարությունը.

ա/ ստանում է աուդիտի տարեկան ծրագրերը և իր համաձայնությունն է տալիս վերջիններիս հաստատման համար,

բ/ ստանում և ուսումնասիրում է աուդիտորական հաշվետվությունները,

գ/ գլխավոր ֆինանսիստին ներկայացնում է պարտադիր կատարման ենթակա ցուցումներ, աուդիտորական հաշվետվության, ինչպես նաև աուդիտի արդյունքում ի հայտ եկած թերությունների և բացթողումների վերացման համար,

դ/ ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների և վերստուգումների միջոցով.

- գնահատում է իրականացված աուդիտների համապատասխանությունը` այդ գործառույթների իրականացման համար սույն կարգով և դրանից բխող այլ ակտերով սահմանված պահանջներին,

- ինչպես նաև պարզում է հիմնարկների` բյուջեի եկամուտների (մուտքերի) ձևավորմանը և ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, հիմնարկներում հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման ու ներկայացնելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխանությունը:

(8-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՄԱԼԻՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԱՈՒԴԻՏ

 

i

9. Կախված աուդիտի ընդգրկման շրջանակներից, ծավալներից ու նպատակներից, կարող են իրականացվել համալիր և նպատակային աուդիտներ:

Համալիր աուդիտներն իրականացվում են աուդիտի ենթարկվող օբյեկտի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական ակտերի պահանջներին` աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող գործունեության համապատասխանությունը գնահատելու, դրանց կողմից ներկայացված հաշվետվություններում և տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատությունը պարզելու, ինչպես նաև սույն կարգի 7-րդ կետով սահմանված այլ խնդիրների իրականացման նպատակով:

(9-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

10. Կախված աուդիտի ծրագրերում` դրանց համար սահմանված ժամկետներից ու իրականացման հաջորդականությունից, համալիր աուդիտները կարող են լինել հերթական և արտահերթ:

Հերթական համալիր աուդիտներն իրականացվում են աուդիտի ծրագրերին համապատասխան: Համալիր աուդիտի տևողությունը կախված է աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից իրականացվող գործառույթների ծավալներից և չի գերազանցում 30 աշխատանքային օրը: Անհրաժեշտության դեպքում, գլխավոր աուդիտորի գրավոր հիմնավորմամբ և գլխավոր ֆինանսիստի հանձնարարությամբ, համալիր աուդիտի տևողությունը կարող է երկարաձգվել 15 աշխատանքային օրով:

Աուդիտի ենթարկվող օբյեկտների ղեկավարները պարտավոր են աուդիտորական խմբին տրամադրել այդ ստորաբաժանման ֆինանսատնտեսական գործունեության մասին ստացված բողոքներն ու առաջարկությունները:

Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունների թվին դասվող յուրաքանչյուր ստորաբաժանումում հերթական համալիր աուդիտն իրականացվում է ֆինանսական տարին մեկ անգամ, իսկ այդ մարմինների ենթակա յուրաքանչյուր հիմնարկում` ոչ պակաս, քան 3 տարին մեկ անգամ:

(10-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

11. Արտահերթ համալիր աուդիտներն իրականացվում են գլխավոր ֆինանսիստի հանձնարարությամբ, որի իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ`

ա) օրենսդրության պահանջների պարբերաբար խախտումները,

բ) գլխավոր աուդիտորի հիմնավորումը,

գ) Նախարարության առաջարկությունը,

դ) նախկինում կատարված աուդիտի արդյունքները:

Արտահերթ համալիր աուդիտներն իրականացվում են համալիր աուդիտի համար` սույն կարգով սահմանված ընթացակարգերով:

12. Նպատակային աուդիտներն իրականացվում են` հիմք ընդունելով.

i

ա) աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվություններում արտացոլված տվյալների անարժանահավատության կամ կատարված գործառնությունների օրինականության վերաբերյալ գլխավոր աուդիտորի հիմնավորումը,

բ) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի ստորաբաժանումների և/կամ այդ մարմնի ենթակա այլ հիմնարկների կողմից ներկայացվող հիմնավորված առաջարկությունները,

գ) Նախարարության առաջարկությունները,

դ) պետական այլ մարմինների կողմից ներկայացվող առաջարկությունները,

ե) Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի և/կամ այդ մարմնի ենթակա այլ հիմնարկի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ բողոքները:

(12-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

13. Նպատակային աուդիտներն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով (նպատակներով)`

ա) աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից ներկայացված հաշվետվություններում և ֆինանսա-տնտեսական բնույթի տեղեկատվություններում արտացոլված տվյալների արժանահավատության ստուգում,

բ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի և այդ մարմնին ենթակա այլ հիմնարկների ղեկավարի հրամանների ու գլխավոր ֆինանսիստի հանձնարարականների կատարման ընթացքի ստուգում,

գ) ֆինանսատնտեսական գործառնությունների առանձին տեսակների օրինականության ստուգում,

դ) հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ արտացոլված տվյալների արժանահավատության ստուգում:

Նպատակային աուդիտներն իրականացվում են գլխավոր ֆինանսիստի հանձնարարությամբ` նույն կարգով, ինչ համալիր աուդիտները` տարբերությամբ, որ նպատակային աուդիտի ժամկետները, չեն գերազանցում 20 աշխատանքային օրը: Անհրաժեշտության դեպքում վերջինս գլխավոր ֆինանսիստի հանձնարարությամբ կարող է երկարացվել 10 աշխատանքային օրով:

(13-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 4. ԱՈՒԴԻՏԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՈՒԴԻՏԻ ԾՐԱԳՐԵՐԸ

 

i

14. Աուդիտի պլանավորումը հանդիսանում է աուդիտի անցկացման նախնական փուլը, որն իրենից ներկայացնում է աուդիտի տարեկան և եռամսյակային ծրագրերի կազմման ու հաստատման գործառույթների ամբողջություն:

Ներքին աուդիտի ծրագրերը կազմվում և գլխավոր ֆինանսիստի հաստատմանն են ներկայացվում գլխավոր աուդիտորի կողմից: Յուրաքանչյուր ֆինանսական տարվա աուդիտի տարեկան ծրագիրը կազմվում է 2 օրինակից և գլխավոր աուդիտորի կողմից գլխավոր ֆինանսիստի հաստատմանն է ներկայացվում ոչ ուշ, քան նախորդ ֆինանսական տարվա նոյեմբերի 1-ը:

Աուդիտի տարեկան ծրագիրը ստանալուց հետո գլխավոր ֆինանսիստը ուսումնասիրում և առավելագույնը 1 շաբաթյա ժամկետում իր ստորագրությամբ և համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի կնիքով հաստատում է այն: Գլխավոր ֆինանսիստի կողմից հաստատվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում աուդիտի տարեկան ծրագիրը գլխավոր ֆինանսիստի կողմից համաձայնեցման նպատակով ներկայացվում է Նախարարություն:

Աուդիտի տարեկան ծրագրերը ստանալուց հետո Նախարարությունը 20 աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը ծրագրի վերաբերյալ: Աուդիտի տարեկան ծրագրերի վերաբերյալ Նախարարության կողմից անհամաձայնությունների դեպքում այդ ծրագրերը վերջնական համաձայնեցման են ենթակա ոչ ուշ, քան նախորդ ֆինանսական տարվա դեկտեմբերի 15-ը: Համաձայնեցվելուց հետո աուդիտի տարեկան ծրագրի մեկ օրինակը վերադարձվում է այն ներկայացնող մարմնին, իսկ մյուսը` մնում է Նախարարությունում:

(14-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

15. Ներքին աուդիտի տարեկան ծրագիրն արտահայտում է աուդիտորական խմբի կողմից տվյալ ֆինանսական տարում հերթական համալիր աուդիտների անցկացման ժամանակացույցը` ըստ աուդիտի ենթակա ստորաբաժանումների:

Աուդիտների ժամանակացույցը կազմելիս, աշխատաժամանակի ծախսերը հաշվարկվում են հիմք ընդունելով`

ա) նախատեսվող իրական աշխատանքային ծախսումները («մարդ-օրերով»),

բ) աուդիտորական խմբի անդամների նախատեսվող թվաքանակը,

գ) տվյալ ստորաբաժանումում նախորդ աուդիտի անցկացման համար պահանջված փաստացի ժամանակային ծախսումները:

(15-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

16. Հաստատված տարեկան ծրագրի հիման վրա, մինչ յուրաքանչյուր եռամսյակին նախորդող ամսվա 10-ը, գլխավոր աուդիտորը կազմում և գլխավոր ֆինանսիստի հաստատմանն է ներկայացնում աուդիտի անցկացման եռամսյակային ծրագիրը (եռամսյակային ծրագիր)` աուդիտի ենթարկվող այն օբյեկտների համար, որոնցում աուդիտի տարեկան ծրագրով նախատեսված է տվյալ եռամսյակի ընթացքում անցկացնել աուդիտ:

Աուդիտի եռամսյակային ծրագրերը ենթակա են հաստատման ոչ ուշ, քան տվյալ եռամսյակին նախորդող ամսվա 25-ը:

(16-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

17. Եռամսյակային ծրագիրը հանդիսանում է աուդիտի տարեկան ծրագրի մանրամասնումը և իրենից ներկայացնում է աուդիտորական խմբի գործառույթների թվարկում, որոնք անհրաժեշտ են աուդիտի տարեկան ծրագրով տվյալ եռամսյակում նախատեսված աուդիտների իրականացման համար:

Եռամսյակային ծրագրում պարտադիր պետք է ներառվեն աուդիտորական խմբի անդամների ցուցակները, նրանց որակավորումը, ինչպես նաև խմբերի անդամների միջև աշխատանքների բաշխումը ըստ նրանց որակավորման և մասնագիտական կարողությունների:

i

18. Աուդիտի տարեկան և եռամսյակային ծրագրերը` հաստատվելուց հետո ենթակա չեն փոփոխության: Այդ ծրագրերում փոփոխություններ կարող են կատարվել միայն գլխավոր ֆինանսիստի հանձնարարությամբ` գլխավոր աուդիտորի առաջարկության հիման վրա (աուդիտի տարեկան ծրագրերի դեպքում փոփոխության վերաբերյալ Նախարարության համաձայնության առկայության պայմաններում):

(18-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 5. ԱՈՒԴԻՏԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ: ԱՈՒԴԻՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐԸ

 

19. Աուդիտի եռամսյակային ծրագրերի հաստատումից հետո` գլխավոր աուդիտորը այդ ծրագրով նախատեսված յուրաքանչյուր աուդիտի անցկացումից առնվազն երկու շաբաթ առաջ` այդ մասին ծանուցում է աուդիտի ենթակա ստորաբաժանմանը:

Ծանուցման նպատակն է հեշտացնել աուդիտորական խմբի աշխատանքները` հնարավորություն տալով աուդիտի ենթակա ստորաբաժանումներին` մինչ աուդիտի անցկացումը նախօրոք պատրաստել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

20. Աուդիտի իրականացման մասին ծանուցագիրը պետք է ներառի հետևյալ պարտադիր ցուցումները`

ա) աուդիտի եռամսյակային ծրագրով` տվյալ աուդիտի համար սահմանված պայմանները` աուդիտի օբյեկտը, նպատակները և ժամկետները,

բ) հղում սույն կարգին և այն օրենքներին կամ իրավական ակտերին, որոնց հիման վրա պետք է իրականացվի աուդիտը,

գ) աուդիտի ընթացքում լուծման (պարզաբանման) ենթակա լրացուցիչ հարցեր,

դ) ընդհանուր տեղեկություններ աուդիտորական խմբի կազմի և վերջինիս կողմից իրականացվելիք աշխատանքների մասին,

ե) տեղեկություններ աուդիտի իրականացման ժամանակ կիրառվելիք մեթոդների վերաբերյալ,

զ) տեղեկություններ աուդիտորական խմբում փորձագետների ներգրավվածության մասին,

է) այն բոլոր փաստաթղթերի և գրառումների ցանկը, որոնք անհրաժեշտ են աուդիտի իրականացման համար:

21. Աուդիտի իրականացման մասին ծանուցագիրը աուդիտի ենթակա ստորաբաժանում է ուղարկվում 2 օրինակից: Ստորաբաժանման ղեկավարությունը 3-օրյա ժամկետում ծանոթանում է ծանուցագրին և ստորաբաժանման ղեկավարը ստորագրում է այն «Ծանուցագիրը ստացել եմ» մակագրությամբ` մեկ օրինակը վերադարձնելով գլխավոր աուդիտորին: Վերջինս վկայում է ստորաբաժանման կողմից աուդիտի իրականացման ծանուցագրի ստացման և աուդիտի համար պահանջվող փաստաթղթերը տրամադրելու վերջինիս պատրաստակամության վերաբերյալ:

Այն դեպքերում, երբ որևէ պատճառով անհնար է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերը, ապա ծանուցագրին կցվում է հատուկ գրություն, որտեղ նշվում են փաստաթղթերի տրամադրման անհնարինության պատճառները:

i

22. Աուդիտի եռամսյակային ծրագրի հաստատումից հետո` 1-շաբաթյա ժամկետում գլխավոր աուդիտորը աուդիտորական խմբի անդամներին տեղեկացնում է աուդիտի անցկացման համար ծրագրով նախատեսված ժամկետների մասին, ինչպես նաև յուրաքանչյուր աուդիտի անցկացումից (աուդիտի անցկացման վայր մեկնելուց) առնվազն 2 շաբաթ առաջ` այդ աուդիտն իրականացնող աուդիտորական խմբի անդամներին է տրամադրում հետևյալ տեղեկությունները (փաստաթղթերը).

ա) Աուդիտի իրականացման մասին ծանուցագրի պատճենը,

բ) ամբողջական տեղեկատվություն աուդիտի ենթակա ստորաբաժանման մասին (կանոնադրությունը և այլ անհրաժեշտ փաստաթղթեր),

գ) տվյալ ստորաբաժանումում անցկացված նախորդ աուդիտների հաշվետվությունների փաթեթները,

դ) տվյալ ստորաբաժանումում իրականացված նախորդ աուդիտի ժամանակ կատարված դիտողությունների ցանկը, որոնց ուղղությամբ պետք է կատարվեն համապատասխան ստուգումներ,

ե) տվյալ ստորաբաժանումում իրականացված վերջին աուդիտից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ ստորաբաժանման կողմից իրականացված հիմնական վճարումների ցուցակը (եթե այդպիսիք իրականացվում են),

զ) աուդիտորական խմբի կողմից տեղերում հետազոտման ենթակա այլ ցանկացած խնդիր,

է) տեղեկատվություն տվյալ ստորաբաժանումում իրականացվող ընթացիկ գործառույթների մասին:

Աուդիտի իրականացման վայր մեկնելուց առաջ գլխավոր աուդիտորը աուդիտորական խմբի անդամներին տրամադրում է աուդիտորական խմբի կազմը հաստատելու մասին պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի հրամանը, ինչը վկայում է տվյալ անձանց իրավասությունը աուդիտի ենթակա ստորաբաժանումում աուդիտ (դրանից բխող` սույն կարգին համապատասխան գործողություններ) իրականացնելու համար:

(22-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 6. ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

23. Աուդիտի իրականացման համար սահմանված ժամկետներում աուդիտորական խմբի անդամները ժամանում են աուդիտի ենթակա ստորաբաժանում:

Ստորաբաժանման տարածք մուտք գործելիս աուդիտորական խմբի անդամները պարտավոր են ներկայացնել իրենց տրամադրված` աուդիտորական խմբի կազմը հաստատելու մասին համապատասխան հրամանի կրկնօրինակը և անձը հաստատող համապատասխան փաստաթուղթ: Նշված փաստաթղթերի առկայությունը ենթադրում է այն ներկայացնող անձի համար` ստորաբաժանման տարածք մուտք գործելու և աուդիտի անցկացման համար պահանջվող փաստաթղթերը ստանալու անվերապահ թույլտվություն:

Նշված փաստաթղթերի չներկայացման դեպքում աուդիտի ենթակա ստորաբաժանման աշխատակիցներն իրավունք ունեն արգելել աուդիտորական խմբի անդամի մուտքը ստորաբաժանման տարածք և չտրամադրել որևէ փաստաթուղթ:

Աուդիտի ենթարկվող օբյեկտի աշխատակիցները պարտավոր են ընդունել և աջակցել աուդիտորական խմբին, մասնավորապես`

ա) ապահովել աուդիտի ընթացքում աուդիտորական խմբի անդամների անարգել մուտքը և ելքը աուդիտի ենթարկվող օբյեկտի տարածք ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամերին` ըստ փոխադարձ պայմանավորվածության,

բ) աուդիտի իրականացման առաջին օրը կազմակերպել աուդիտորական խմբի անդամների հանդիպումը ստորաբաժանման ղեկավարի (ղեկավարների),

գ) առանձնացված ստորաբաժանումներում աուդիտի ժամանակ աուդիտորական խմբին հատկացնել աշխատանքային տարածք, որն ապահովված է աշխատելու համար բավարար պայմաններով,

դ) ապահովել աուդիտորական խմբին` աուդիտի իրականացման համար պահանջվող սկզբնական հաշվառման բոլոր փաստաթղթերին և հաշվապահական գրանցամատյաններին, տվյալների համակարգչային բազային, ինչպես նաև ցանկացած այլ փաստաթղթի ու տեղեկատվության մատչելիությունը:

24. Աուդիտորական խումբը աուդիտ իրականացնելիս իրավասու է.

ա) օգտվել աուդիտի իրականացման համար անհրաժեշտ` ստորաբաժանումում առկա կազմակերպատեխնիկական միջոցներից, ինչպես նաև աուդիտի ենթարկվող օբյեկտ բերել և այնուհետև դուրս տանել համակարգիչ, մագնիսական կրիչներ, հաշվիչներ և այլն,

բ) ստորաբաժանման ղեկավարներից և իրավասու աշխատակիցներից պահանջել աուդիտի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր` ստորագրված իրավասու անձանց կողմից, այդ թվում

- ստորաբաժանման հիմնադիր փաստաթղթերը, դրանցում կատարված փոփոխությունները, որոշումներ, հրամաններ և կարգադրություններ,

- պայմանագրեր, գրագրություններ, դրամարկղահաշվարկային փաստաթղթեր, ֆինանսական հաշվետվություններ, սկզբնական և այլ հաշվապահական փաստաթղթեր,

- կատարված ֆինանսատնտեսական գործառնությունների վերաբերյալ դիմում-բողոքներ,

- ստորաբաժանման գործունեությունն ապահովող համակարգչային համակարգին առնչվող փաստաթղթեր,

- նախորդ հաշվետվությունները` տվյալ ստորաբաժանումում իրականացված աուդիտների մասին, նախորդ աուդիտների արդյունքներով հայտնաբերված խախտումների ու թերությունների վերացման ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկատվություն և այլ անհրաժեշտ փաստաթղթեր` աուդիտը` վերջինիս իրականացման համար սահմանված ժամկետներում և հիմնավոր ձևով իրականացնելու համար,

դ) անհրաժեշտության դեպքում ինքնուրույնաբար կամ աուդիտի ենթարկվող օբյեկտի օգնությամբ պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթեր, ֆայլեր, համակարգչային ցանցում կամ առանձին համակարգչային համակարգում պահվող գրառումներ,

ե) աուդիտի ենթարկվող օբյեկտի ղեկավարությանը և իրավասու աշխատակիցներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնել հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են աուդիտի նպատակից:

25. Աուդիտորական խմբի անդամները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես իրենց տրամադրված փաստաթղթերի ապահովության և վերադարձելիության համար, ինչպես նաև աուդիտի ենթարկվող օբյեկտների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների և շահերի խախտման և այդ ստորաբաժանումների բնականոն աշխատանքները անհարկի և անհիմն խոչընդոտելու համար:

Աուդիտի իրականացման ժամանակ աուդիտորական խումբն իրավունք չունի աուդիտի ենթարկվող օբյեկտին ստիպել կամ որևէ այլ ձևով միջոցներ ձեռնարկել բացահայտված թերությունների և սխալների ուղղման կամ վերացման նպատակով: Բացահայտված բոլոր թերությունները և սխալները, ինչպես նաև դրանց վերացման ուղղությամբ առաջարկները գլխավոր աուդիտորի կողմից ներկայացվում են գլխավոր ֆինանսիստին` աուդիտորական հաշվետվություններով:

26. Աուդիտի իրականացման ընթացքում արգելվում է խոչընդոտել կամ միջամտել աուդիտորական խմբի օրինական գործողություններին:

Սույն կարգի 23 կետով նախատեսված պարտավորությունները աուդիտի ենթարկվող օբյեկտի ղեկավարների և իրավասու աշխատակիցների կողմից չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, այդ թվում` ուշացնելը, ինչպես նաև կեղծ կամ անարժանահավատ տվյալներ ներկայացնելը համարվում է աուդիտի խոչընդոտում:

Աուդիտի խոչընդոտում է համարվում նաև աուդիտորական խմբի կարծիքը փոխելու նպատակով ստուգման ենթարկվող ստորաբաժանման աշխատակիցների կողմից այդ խմբի նկատմամբ ճնշման կամ այլ միջոցների կիրառումը:

Յուրաքանչյուր նման դեպք նույն օրն աուդիտորական խմբի կողմից ձևակերպվում է համապատասխան ակտով, որի մասին գլխավոր աուդիտորը զեկուցագրով դիմում է գլխավոր ֆինանսիստին` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով:

i

27. Աուդիտի իրականացմանը խոչընդոտելու մասին ակտը աուդիտի ենթարկվող օբյեկտի ղեկավարների կողմից չստորագրելը երբևէ չի կարող վիճարկվել օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության կիրառման ժամանակ:

Աուդիտի անցկացման ընթացքում խաբեությունների կամ այլ անօրինական գործողությունների հայտնաբերման դեպքում` աուդիտորական խումբն անմիջապես այդ մասին տեղեկացնում է գլխավոր աուդիտորին, իսկ վերջինս էլ գլխավոր ֆինանսիստին` հետագա գործողությունների համար:

(27-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

 

ԳԼՈՒԽ 7. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

28. Հիմնավոր եզրակացություն տալու նպատակով, աուդիտորական խումբը պարտավոր է աուդիտի իրականացման ընթացքում ձեռք բերել բավարար քանակությամբ աուդիտորական ապացույցներ: Աուդիտորական գնահատականներ տալու համար անհրաժեշտ և բավարար տեղեկատվության քանակը որոշում է աուդիտորական խմբի անդամը` ելնելով իր մասնագիտական դատողություններից:

29. Աուդիտորական ապացույցների ստացման հիմնական աղբյուրներն են.

i

ա) աուդիտի ենթարկվող օբյեկտի և երրորդ անձանց (սույն կարգի իմաստով երրորդ անձինք են համարվում աուդիտի ենթարկվող օբյեկտից բացի աշխատակազմի ցանկացած այլ ստորաբաժանում, ցանկացած պետական մարմին, հիմնարկ, իրավաբանական անձ և նման կարգավիճակ չունեցող այլ անձինք, որոնք որևէ կերպ առնչություն ունեն աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից իրականացվող գործառույթների հետ) առաջնային փաստաթղթերը,

բ) աուդիտի ենթարկվող օբյեկտի հաշվապահական հաշվառման գրանցամատյանները,

դ) աուդիտի ենթարկվող օբյեկտի գործունեության ֆինանսական վերլուծությունը,

ե) աուդիտի ենթարկվող օբյեկտի աշխատակիցների և երրորդ անձանց կողմից տրամադրված բանավոր տեղեկությունները,

զ) աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից ներկայացված փաստաթղթերի համեմատումը այդ ստորաբաժանման այլ փաստաթղթերի և երրորդ անձանց փաստաթղթերի հետ,

է) աուդիտի ենթարկվող օբյեկտի հաշվապահական հաշվետվությունները:

(29-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

30. Աուդիտորական ապացույցները պետք է լինեն հավաստի, որակյալ և սպառիչ, ընդ որում առավել հիմնավոր և արժեքավոր ապացույցներ են համարվում գրավոր կարգով ներկայացված և երրորդ անձանց կողմից հաստատված ապացույցները:

Այն դեպքում, երբ հակասություն կա տարբեր աղբյուրներից ստացված տեղեկությունների մեջ, աուդիտորական խումբը պետք է կիրառի լրացուցիչ մեթոդներ` իրական ապացույցներ հայտնաբերելու և շեղման պատճառները բացահայտելու նպատակով:

31. Կախված ուսումնասիրվող գործառույթների առանձնահատկություններից, աուդիտորական խումբը, ապացույցներ ձեռք բերելու նպատակով, կարող է կիրառել աուդիտի իրականացման հետևյալ մեթոդները.

ա) հանրահաշվական հաշվարկների ստուգում (վերահաշվարկ),

բ) առանձին գործառույթների իրականացման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերում դրանց արտացոլման կանոնների պահպանման ստուգում,

գ) աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության գծով երրորդ կողմից հավաստիացումների ստացում,

դ) բանավոր հարցումներ աուդիտի ենթարկվող օբյեկտի ղեկավարությանը, աշխատակիցներին և երրորդ անձանց,

ե) հաշվապահական գրանցումներում` առաջնային փաստաթղթերում առկա տեղեկատվության արտացոլման հետազննում,

զ) անալիտիկ գործառույթներ,

է) այլընտրանքային հաշվեկշիռների պատրաստում:

32. Վերահաշվարկն իրենից ներկայացնում է փաստաթղթերի աղբյուրներում և հաշվապահական գրանցումներում առկա տեղեկատվության հանրահաշվական ճշտության ստուգման, ինչպես նաև այդ նպատակով աուդիտորական խմբի կողմից ինքնուրույն (անկախ) հաշվարկների իրականացման գործառույթների ամբողջություն:

33. Առանձին գործառույթների իրականացման և հաշվապահական հաշվառման փաստաթղթերում դրանց արտացոլման կանոնների պահպանման ստուգման նպատակն է ստուգել աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից իրականացվող առանձին գործառույթների իրականացման և այդ գործառույթների` հաշվապահական փաստաթղթերում արտացոլման համապատասխանությունը սահմանված կանոններին:

34. Աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության գծով երրորդ կողմի հավաստիացումները ստացվում են աուդիտի ենթարկվող օբյեկտի անունից այդ անձանց ուղղված հարցումների միջոցով` խնդրելով ներկայացնել անհրաժեշտ տեղեկություններ անմիջապես աուդիտորական խմբին: Անհրաժեշտության դեպքում, աուդիտորական խումբը ինքնուրույն կարող է դիմել երրորդ կողմին` համապատասխան տեղեկություններ տրամադրելու խնդրանքով:

Եթե հակասություն կա երրորդ կողմից տրամադրված և աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից ներկայացված տեղեկությունների մեջ, ապա աուդիտորական խումբը պետք է կիրառի լրացուցիչ մեթոդներ` իրական ապացույցներ հայտնաբերելու և շեղման պատճառները բացահայտելու նպատակով:

35. Աուդիտի իրականացման ընթացքում աուդիտորական խմբի կողմից բանավոր հարցումներ կարող են կատարվել ցանկացած փուլում և ցանկացած ժամանակ: Բանավոր հարցումների դեպքում հարցազրույցին պետք է ներկա լինի աուդիտորական խմբի առնվազն 2 անդամ: Հարցումների արդյունքները պետք է անմիջապես արձանագրվեն համապատասխան տեղեկանքի կամ կարճ համառոտագրի տեսքով, որտեղ պարտադիր պետք է նշվեն հարցումն իրականացնելու ամսաթիվը, ինչպես նաև հարցումն իրականացնող և հարցվող անձի անունները, ազգանուններն ու պաշտոնները: Բանավոր հարցումների արձանագրությունները պետք է ստորագրվեն հարցմանը մասնակցած աուդիտորների և անձանց կողմից:

Տիպային հարցումների իրականացման համար աուդիտորական խմբի կողմից կարող են մշակվել հատուկ հարցաշարեր, ընդ որում` բանավոր հարցումների վերաբերյալ գրավոր տեղեկանքները հանդիսանում են աուդիտի փաստաթղթերի անբաժան մասը:

36. Աուդիտի ենթարկվող օբյեկտի առաջնային փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հետազննումը ենթադրում է առաջնային փաստաթղթերի ստուգում, դրանցում առկա տեղեկատվությունը հաշվապահական հաշվեկշիռներում և սինթետիկ ու անալիտիկ հաշիվներում արտացոլման ճշտության ստուգում, այդ հաշիվների եզրափակիչ թղթակցումների ուսումնասիրում` նպատակ ունենալով համոզվել հաշվապահական հաշվառման մեջ տվյալ գործառույթի արտացոլման ճշտության մեջ:

37. Անալիտիկ գործառույթները ստացված տեղեկատվության գնահատման, վերլուծության, ֆինանսական ու տնտեսական ցուցանիշների հետազոտման գործառույթներ են, որոնց նպատակն է հայտնաբերել հաշվապահական հաշվառման մեջ արտացոլված ոչ սովորական և ոչ ճիշտ գործառույթները, ինչպես նաև բացահայտել առկա սխալների և շեղումների պատճառները:

Աուդիտի իրականացման ժամանակ, որպես կանոն կիրառվում են հետևյալ անալիտիկ գործառույթները.

ա) հաշվապահական հաշվետվություններում արտացոլված ցուցանիշների համեմատումը դրանց նախահաշվային (ծրագրային) ցուցանիշների հետ,

բ) հաշվետվությունների տարբեր հոդվածների հարաբերակցությունը և դրանց համադրումը նախորդ ժամանակահատվածների նույն ցուցանիշների հետ,

գ) ֆինանսական և ոչ ֆինանսական (հաշվապահական հաշվառման մեջ ուղղակիորեն չարտացոլված) տեղեկությունների համեմատումը և համադրումը:

38. Այն դեպքում, երբ աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության ստուգումը գործնականում գնահատվում է որպես ավելի աշխատատար, քան աուդիտորական խմբի կողմից ինքնուրույն այլընտրանքային հաշվեկշիռների պատրաստումն ու համեմատումը ներկայացված հաշվեկշիռների հետ, աուդիտորական խումբը կարող է կազմել նման այլընտրանքային հաշվեկշիռներ և դրանց միջոցով ստուգել ներկայացված տեղեկատվության ճշտությունը:

 

ԳԼՈՒԽ 8. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

39. Աուդիտները պարտադիր կարգով պետք է ուղեկցվեն դրանց շրջանակներում իրականացվող բոլոր գործառույթների փաստաթղթավորմամբ, այսինքն` աուդիտորական աշխատանքային փաստաթղթերում (այսուհետ` աշխատանքային փաստաթղթեր)` աուդիտի իրականացման ընթացքում ստացված ողջ տեղեկատվության արտացոլմամբ:

Աշխատանքային փաստաթղթեր են հանդիսանում`

ա) աուդիտի ենթարկվող օբյեկտների հիմնադիր փաստաթղթերի պատճենները,

բ) աուդիտի ենթարկվող օբյեկտների աշխատանքներին առնչվող փաստաթղթերի պատճենները (պայմանագրեր, հրամաններ, որոշումներ),

գ) աուդիտի տարեկան և եռամսյակային ծրագրերին վերաբերող փաստաթղթերը,

դ) աուդիտի ենթարկվող օբյեկտների հաշվապահական հաշվառմանը վերաբերող գրառումները (նկարագրություններ, հարցաշարեր և այլն),

ե) տեղեկանքներ հաշիվների և դրամարկղի մնացորդների վերաբերյալ,

զ) աուդիտորական խմբի կողմից աուդիտի իրականացման ընթացքում օգտագործված մեթոդների և ընթացակարգերի, դրանց իրականացման ծավալների, բնույթի և ժամկետների, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքների վերաբերյալ տեղեկանքներ,

է) տեղեկություններ այն մասին, թե ում կողմից և երբ են իրականացվել աուդիտորական աշխատանքները,

ը) աուդիտի շրջանակներում աուդիտորական խմբի և այլ փորձագետների ու կազմակերպությունների միջև կատարված հարցուպատասխանների, նամակների ու դրանց վերաբերյալ տեղեկանքների պատճենները,

թ) աուդիտի ենթարկվող օբյեկտների ու աուդիտորական խմբի անդամների միջև կայացած հանդիպումների, ինչպես նաև նամակագրության ու հարցուպատասխանների մասին տեղեկատվություն,

ժ) աուդիտի ենթարկվող օբյեկտների պարզաբանումները, բացատրություններն ու հայտարարությունները,

ժա) աուդիտի արդյունքում աուդիտորական խմբի կողմից կայացրած եզրակացությունները,

ժբ) հաշվապահական կամ այլ ֆինանսական փաստաթղթերի պատճենները:

40. Աշխատանքային փաստաթղթերում կարող են ներառվել ինչպես աուդիտորական խմբի կողմից, այնպես էլ աուդիտի ենթարկվող օբյեկտների կամ այլ ստորաբաժանումների ու անձանց կողմից ստեղծված փաստաթղթեր:

Յուրաքանչյուր աուդիտի աշխատանքային փաստաթղթերի քանակությունը, կազմը և որակը սահմանվում է գլխավոր աուդիտորի կողմից` ելնելով.

ա) աուդիտորական խմբի կողմից իրականացվող աշխատանքների բնույթից,

բ) աուդիտի ենթարկվող օբյեկտի կողմից իրականացվող աշխատանքների բնույթից և բարդությունից,

գ) աուդիտի ենթարկվող օբյեկտի հաշվապահական հաշվառման վիճակից,

դ) առանձին գործառույթների իրականացման համար աուդիտորական խմբերին ղեկավարելու և վերահսկելու պահանջվող մակարդակից:

41. Աշխատանքային փաստաթղթերում ներառված տեղեկությունների ամբողջությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն, որն աուդիտորական խմբի կողմից ենթակա չէ հրապարակման առանց գլխավոր ֆինանսիստի նախնական համաձայնության:

Աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը պետք է պարունակեն այն բոլոր տեղեկությունները, որոնք անհրաժեշտ և բավարար են`

ա) աուդիտորական խմբի կողմից աուդիտի արդյունքների հիման վրա աուդիտորական եզրակացության կազմման համար,

բ) հաստատելու համար այն փաստը, որ աուդիտորական խմբի կողմից իրականացվող աշխատանքներն ընթացել են սույն կարգի պահանջներին համապատասխան,

գ) գլխավոր աուդիտորի կողմից, աուդիտորական խմբի աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար,

դ) գլխավոր աուդիտորի կողմից աուդիտի հետագա պլանավորման համար:

42. Աշխատանքային փաստաթղթերում ներառված նյութերը (փաստաթղթերը) պետք է պարունակեն հետևյալ պարտադիր վավերապայմանները.

ա) փաստաթղթի անվանումը,

բ) աուդիտի ենթարկվող օբյեկտի անվանումը,

գ) աուդիտի անցկացման ժամանակահատվածը,

դ) աուդիտորական ընթացակարգի իրականացման կամ փաստաթղթի կազմման ժամկետը,

ե) փաստաթղթի բովանդակությունը,

զ) փաստաթուղթը կազմող անձի անձնական ստորագրությունը (առկայության դեպքում նաև կնիքը) և դրա վերծանումը,

է) փաստաթղթի ստուգման ժամկետը,

ը) փաստաթուղթը ստուգող անձի անձնական ստորագրությունը (առկայության դեպքում նաև կնիքը) և դրա վերծանումը:

43. Աուդիտորական հաշվետվության ներկայացման պահին, ողջ աշխատանքային փաստաթղթերը պետք է կազմված (ստացված) և վերջնական տեսքի բերված լինեն: Դրանք կարող են ստեղծվել թղթային, մեքենայական և այլ կրիչների վրա, և դրանցում գրառումները պետք է կատարվեն այնպիսի միջոցներով, որոնք կապահովեն դրանցում պարունակվող տեղեկատվության պահպանումը` արխիվում դրանց պահելու համար օրենսդրությամբ սահմանված ժամկետի ընթացքում:

Աշխատանքային փաստաթղթերում ներառված ողջ տեղեկատվությունը պետք է ներկայացվի պարզ ու հստակ ձևով` բացառելով դրանց բովանդակության և կազմի այլընտրանքային մեկնաբանությունները:

44. Աշխատանքային փաստաթղթերում պայմանական նշանների (սիմվոլների) օգտագործման դեպքում պետք է ներկայացվեն նաև դրանց բացատրությունները:

Աշխատանքային փաստաթղթերում ներառված նյութերը (փաստաթղթերը), պետք է պարունակեն հղումներ այդ փաստաթղթերի կազմման աղբյուրներին:

45. Աշխատանքային փաստաթղթերը պետք է կազմվեն պատշաճ կերպով և դրանցում ներառված յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր հերթական համարը:

Եթե աշխատանքային փաստաթղթերում ներառված փաստաթուղթը կազմվել է ստուգման ենթարկվող օբյեկտի կողմից, ապա այդ մասին պետք է պարտադիր նշվի, միաժամանակ նշելով նաև այդ փաստաթուղթը ստուգող անձի տվյալները:

46. Աուդիտի ավարտից հետո, աուդիտորական աշխատանքային փաստաթղթերը պարտադիր կարգով պետք է արխիվացվեն:

Փաստաթղթերը պահվում են յուրաքանչյուր աուդիտի համար ստեղծված առանձին թղթապանակների (ֆայլերի) մեջ` կոմպլեկտավորված և կարված վիճակում:

Աշխատանքային փաստաթղթերի ամբողջականության և պահպանման համար պատասխանատու է գլխավոր աուդիտորը:

47. Գլխավոր աուդիտորի արխիվում աշխատանքային փաստաթղթերը պահվում են 5 տարի ժամկետով` ընդ որում, արխիվից փաստաթղթերի դուրս բերումը և այլ անձանց կամ ստորաբաժանումներին դրանց տրամադրումն իրականացվում է միայն գլխավոր ֆինանսիստի հանձնարարությամբ:

 

ԳԼՈՒԽ 9. ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՈՒԴԻՏԻՆ

 

i

48. Սույն կարգի իմաստով փորձագետներ են հանդիսանում ֆինանսական և հաշվապահական ծառայությունների աշխատակիցների հաստիքացուցակում չընդգրկված Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի այլ ստորաբաժանումների աշխատակիցները, որոնք սահմանված կարգով ընդգրկված են աուդիտորական խմբերի կազմում: Փորձագետները պետք է ունենան մասնագիտական որակավորում, փորձ և կարողանան արժանահավատ եզրակացություններ տալ այնպիսի ոլորտներում, որոնք ուղղակիորեն առնչվում են կոնկրետ աուդիտորական ստուգման աշխատանքների հետ, սակայն դուրս են աուդիտորի մասնագիտական շրջանակներից:

(48-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

49. Աուդիտորական խմբերում փորձագետների ներգրավման մասին որոշումը կայացնում է գլխավոր ֆինանսիստը` գլխավոր աուդիտորի առաջարկի հիման վրա աուդիտի ընթացքում ստուգման ենթակա գործառույթների բնույթից և բարդությունից ելնելով:

i

(49-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

50. Փորձագետները, աուդիտի ընթացքում իրենց կողմից կատարված աշխատանքների և դրանց արդյունքների վերաբերյալ, կազմում են փորձագիտական հաշվետվություններ: Փորձագիտական հաշվետվությունը հանդիսանում է աուդիտորական աշխատանքային փաստաթղթերի բաղկացուցիչ մասը և ամբողջությամբ ներառվում է դրանցում:

Փորձագիտական հաշվետվությունը պետք է լինի ամբողջական և բավականաչափ մանրակրկիտ` հնարավորություն տալով փորձառու աուդիտորներին և աուդիտին մասնակից այլ փորձագետներին` պատկերացում կազմել փորձագետի կողմից կատարված աշխատանքների մասին:

51. Փորձագիտական հաշվետվությունը պետք է բավարարի աուդիտորական փաստաթղթերի համար սույն կարգով սահմանված պահանջներին և կազմված լինի հետևյալ 3 բաժիններից` նախնական դրույթներ, աշխատանքային մաս և եզրակացություններ:

Փորձագիտական հաշվետվության նախնական դրույթներում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) այն ստորաբաժանման անվանումը, որտեղ անցկացված աուդիտի ժամանակ փորձագետը կատարել է աշխատանքներ,

բ) փորձագետի կողմից կատարված աշխատանքների նկարագրությունը,

գ) տվյալներ փորձագետի մասին` անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտական որակավորումը և այլն,

դ) փորձագիտական աշխատանքների անցկացման սկիզբը,

ե) փորձագետին ստուգման ներկայացված նյութերի անվանումները,

զ) աուդիտի իրականացման ստուգման այն պայմանները և նախնական տվյալները, որոնք որոշակի նշանակություն են ունեցել փորձագիտական եզրակացության կազմման համար,

է) լուծման նպատակով փորձագետի առաջ բարձրացված հարցերը:

Նախնական դրույթներում հարցերը ներկայացվում են այնպիսի ձևակերպումներով, ինչպես որ դրանք ներկայացվել են փորձագետին:

Հարցերը ներկայացվելուց հետո, դրանք ճշգրտելու նպատակով, փորձագետը պարտավոր է նշել, թե ելնելով իր իրավասություններից, ինչպես է հասկացել իրեն տրված հանձնարարությունը:

Այն դեպքում, երբ փորձագետը գտնում է, որ իրեն ներկայացված հարցերը կամ դրանց մի մասը դուրս են իր մասնագիտական գիտելիքների շրջանակներից, ապա այդ մասին փորձագիտական հաշվետվության մեջ պետք է կատարվեն համապատասխան նշումներ:

Նպատակահարմարությունից ելնելով` փորձագետը կարող է խմբավորել հարցերը և դրանք ներկայացնել ցանկացած հաջորդականությամբ, ընդ որում` փորձագետի կողմից ինքնուրույն որևէ հարց ներկայացվելու դեպքում այն նույնպես ներկայացվում է նախաբանում:

52. Փորձագիտական հաշվետվության աշխատանքային մասում նկարագրվում է փորձագետի կողմից իրականացված ստուգման գործընթացը և դրա արդյունքները, ինչպես նաև տրվում է բացատրություն բացահայտված փաստերի կապակցությամբ:

Փորձագիտական հաշվետվության աշխատանքային մասում յուրաքանչյուր հետազոտված հարցին հատկացվում է առանձին բաժին: Եթե երկու և ավելի փոխկապակցված հարցեր հետազոտվել են միաժամանակ, դրանց արդյունքները ներկայացվում են մեկ ընդհանուր բաժնում:

Փորձագիտական հաշվետվության աշխատանքային մասում ներառվում են հետևյալ տեղեկությունները`

ա) փորձագիտական ստուգման անցկացման մեթոդների նկարագրությունը: Վերջիններս պետք է հասկանալի և մատչելի լինեն նույնիսկ համապատասխան մասնագիտական որակավորում չունեցող անձանց համար: Նկարագրությունները պետք է կատարվեն այնպիսի մանրամասնությամբ, որն անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտա նույնությամբ կրկնել կատարված ստուգումը` փորձագետի կատարած ստուգման ճշտությունը ստուգելու համար,

բ) փորձագետի կողմից ստուգման ժամանակ կատարված ենթադրությունները, դրանց հիմնավորումները և բացատրությունները,

գ) այն տեղեկատվական-նորմատիվ փաստաթղթերի ցանկը, որոնցով փորձագետն առաջնորդվել է իր առջև դրված հարցերի հետազոտման ժամանակ:

Փորձագետի կողմից հաշվետվության մեջ հատուկ մասնագիտական տերմիններ օգտագործելիս պետք է ներկայացվեն նաև վերջիններիս բացատրությունները:

Այն դեպքում, երբ փորձագետը հնարավորություն չի ունեցել իր առջև դրված մեկ կամ մի քանի հարցերի տալ սպառիչ պատասխաններ, ապա աշխատանքային մասում պարտադիր կարգով պետք է ներկայացվեն դրանց պատճառները:

53. Փորձագիտական հաշվետվության եզրափակիչ բաժնում ներկայացվում են փորձագետի եզրակացությունները իր կողմից կատարված ստուգման արդյունքների վերաբերյալ:

Փորձագիտական եզրակացությունները ներկայացվում են փորձագետի առջև դրված հարցերին վերջինիս կողմից տրված պատասխանների տեսքով` այն հաջորդականությամբ, որով այդ հարցերը ներկայացված են նախնական դրույթներում:

Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ պետք է տրվի սպառիչ պատասխան, հակառակ դեպքում պետք է հստակորեն նշվեն դրանց ներկայացման անհնարինության պատճառները:

Եթե ստուգման ընթացքում ի հայտ են եկել հարցեր, որոնց մասին փորձագետին նախօրոք տեղյակ չի պահվել, և որոնք սակայն բացահայտվել և հետազոտվել են վերջինիս կողմից, ապա եզրակացության վերջում պետք է նշվեն նաև այդ հարցերի վերաբերյալ համապատասխան եզրակացությունները:

Այն դեպքում, երբ եզրակացությունը չի կարող ձևակերպվել առանց ստուգման արդյունքների նկարագրության, ապա եզրակացության մեջ կարող են կատարվել համապատասխան հղումներ աշխատանքային մասում դրանց վերաբերյալ ներկայացված տեղեկատվությանը:

54. Փորձագիտական հաշվետվության մեջ ներառված տեղեկատվությունը պետք է ներկայացվի պարզ ձևով` ապահովելով վերջիններիս բովանդակության և կազմի ակնհայտությունն ու բացառելով դրանց տարբեր մեկնաբանությունները:

Փորձագիտական հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից, որոնք համապատասխանաբար պահվում են փորձագետի և գլխավոր աուդիտորի (աուդիտորական խմբի աշխատանքային փաստաթղթերի մեջ) մոտ:

55. Այն դեպքերում, երբ փորձագիտական հաշվետվությունն ու դրանում արտահայտված եզրակացությունը գլխավոր աուդիտորի կողմից չի դիտարկվում որպես բավականաչափ հիմնավորված, վերջինս պետք է լրացուցիչ ստուգումներ իրականացնի` իր կասկածները փարատելու նպատակով:

Աուդիտորական հաշվետվության և եզրակացության արժանահավատության համար պատասխանատվություն է կրում գլխավոր աուդիտորը` ընդ որում փորձագետի ներգրավումը աուդիտորական աշխատանքներին, չի ազատում գլխավոր աուդիտորին այդ պատասխանատվությունից:

 

ԳԼՈՒԽ 10. ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

i

56. Աուդիտի ավարտից հետո աուդիտորական խումբը կազմում է աուդիտորական հաշվետվության նախնական տարբերակը, որը աուդիտի ավարտից հետո առավելագույնը 1-շաբաթյա ժամկետում գլխավոր աուդիտորի կողմից 2 օրինակից տրամադրվում է աուդիտի ենթարկված օբյեկտին: Իրականացվող աուդիտի բարդությունից ելնելով` գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ աուդիտորական հաշվետվության կազմման ժամկետը կարող է երկարացվել` այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար պահանջվող ժամկետով:

(56-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

57. Աուդիտորական հաշվետվությունը (դրանում ներառված առանձին դրույթները) կազմավորվում (ձևավորվում) են աուդիտի իրականացման ընթացքում, որոնց շուրջ աուդիտի իրականացման ընթացքում կարող են իրականացվել բանավոր կամ նամակագրական քննարկումներ աուդիտի ենթարկվող օբյեկտի աշխատակիցների հետ` հաշվի առնելով նրանց պատասխանատվության և իրավասությունների շրջանակները, ինչպես նաև պահանջվող տեղեկատվությանը վերջիններիս հասանելիության աստիճանը:

Հիշյալ բոլոր նամակները (ինչպես աուդիտորական խմբի կողմից ուղարկված, այնպես էլ վերջինիս կողմից ստացված), հանդիսանում են աուդիտորական փաստաթղթերի անբաժանելի մասը:

58. Աուդիտի ենթարկված օբյեկտի ղեկավարը հաշվետվության նախնական տարբերակի ստացումից հետո` առավելագույնը 1 շաբաթյա ժամկետում ծանոթանում է այդ հաշվետվությանը, ստորագրում է այն` «Հաշվետվության հետ ծանոթացել եմ» մակագրությամբ և մեկ օրինակը վերադարձնում է գլխավոր աուդիտորին:

i

Հաշվետվության մեջ ներառված առանձին դրույթների վերաբերյալ աուդիտի ենթարկված օբյեկտի ղեկավարի առարկություններն ու բացատրությունները (դրանց առկայության դեպքում) հաշվետվությանը կից` գրավոր կարգով ներկայացվում են գլխավոր աուդիտորին:

(58-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

59. Աուդիտի ենթարկված օբյեկտի ղեկավարի կողմից հաշվետվությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին հաշվետվությունում կատարվում է համապատասխան նշում:

Աուդիտի ենթարկված օբյեկտի ղեկավարի կողմից աուդիտորական հաշվետվության չստորագրելու փաստը չի կարող վիճարկվել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության կիրառման ժամանակ:

i

60. Գլխավոր աուդիտորը 1 շաբաթվա ընթացքում կազմակերպում է հաշվետվության նախնական տարբերակի և դրա վերաբերյալ աուդիտի ենթարկված օբյեկտի ղեկավարի առարկությունների ու բացատրությունների (եթե այդպիսիք առկա են) քննարկում, որին, անհրաժեշտության դեպքում, կարող են մասնակցել նաև տվյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի այլ ստորաբաժանումների և այդ մարմնի ենթակա այլ հիմնարկների աշխատակիցներ, իսկ աուդիտի ենթարկված օբյեկտի կողմից առարկությունների և բացատրությունների առկայության դեպքում` պարտադիր նաև վերջինիս ղեկավարը:

Իրականացվող աուդիտի բարդությունից ելնելով` գլխավոր ֆինանսիստի համաձայնությամբ ներկայացված նյութերի քննարկման ժամկետները կարող են երկարացվել` այդ աշխատանքներն ամբողջությամբ ավարտելու համար պահանջվող ժամկետով:

(60-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

61. Քննարկումների ավարտից հետո գլխավոր աուդիտորը կազմում է աուդիտի վերջնական հաշվետվությունն ու համապատասխան եզրակացությունների և առաջարկությունների հետ միասին մեկ շաբաթյա ժամկետում ներկայացնում է գլխավոր ֆինանսիստի քննարկմանը: Վերջնական հաշվետվության մեջ պարտադիր կարգով պետք է արտացոլվեն հաշվետվության նախնական տարբերակի վերաբերյալ աուդիտի ենթարկված օբյեկտի կողմից ներկայացրած առարկություններն ու բացատրությունները (կամ նշում դրանց բացակայության մասին), ինչպես նաև դրանց շուրջ կատարված քննարկումների և դրանց արդյունքների մասին ողջ տեղեկատվությունը:

i

62. Սույն կարգի 61-րդ կետի համաձայն հաշվետվության վերջնական տարբերակը ստանալուց հետո գլխավոր ֆինանսիստը ուսումնասիրում է ներկայացված հաշվետվությունը և դրա հիման վրա` 1-շաբաթյա ժամկետում տալիս է համապատասխան գրավոր հանձնարարականներ` աուդիտի ընթացքում հայտնաբերված խախտումների, թերությունների և բացթողումների վերացման ուղղությամբ:

Նշված հանձնարարականները հանդիսանում են աուդիտորական հաշվետվության անբաժանելի մասը և կցվում են վերջինիս:

Աուդիտորական հաշվետվության վերջնական տարբերակը կազմվում է 3 օրինակից: Օրինակներից երկուսը` հաշվետվության վերջնական տարբերակը գլխավոր ֆինանսիստի քննարկմանը ներկայացվելուց հետո 2-շաբաթյա ժամկետում վերջինիս կողմից տրամադրվում են համապատասխանաբար աուդիտի ենթարկված օբյեկտին և Նախարարությանը: Հաշվետվության վերջնական տարբերակի 3-րդ օրինակը պահվում է գլխավոր աուդիտորի մոտ:

(62-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

63. Աուդիտորական հաշվետվությունը հանդիսանում է աուդիտի եզրափակիչ փաստաթուղթը, որն արտացոլում է աուդիտի ողջ ընթացակարգը, ինչպես նաև աուդիտի ենթարկվող օբյեկտի գործունեության արդյունքում տեղ գտած և աուդիտի ժամանակ հայտնաբերված բոլոր սխալներն ու շեղումները, որոնք ազդում են կամ կարող են ազդել վերջինիս գործունեության և հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների արժանահավատության վրա:

i

64. Աուդիտորական հաշվետվությունը փաստաթուղթ (փաստաթղթերի ամբողջություն) է, որը կառուցվածքային առումով պետք է բավարարի փորձագիտական հաշվետվության նկատմամբ սույն կարգի 49-ից 55 կետերով ներկայացված պահանջներին` տարբերությամբ, որ աուդիտորական հաշվետվության մեջ արտացոլվում է աուդիտի իրականացմանն (աուդիտորական խմբի կողմից կատարված բոլոր աշխատանքներին) առնչվող ողջ տեղեկատվությունը:

(64-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

65. Բացի սույն կարգի 64 կետով ներկայացված պահանջներից, աուդիտորական հաշվետվության մեջ ներառվում են նաև հետևյալ տեղեկությունները.

ա) տեղեկություններ աուդիտորական խմբի վերաբերյալ.

- աուդիտորական խմբի անդամների անվանացանկը և նրանց որակավորումը` անունները, ազգանունները, հայրանունները և համապատասխան մասնագիտական որակավորման վկայականների համարները (եթե այդպիսիք առկա են), ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրի պարտականությունները,

բ) տեղեկություններ աուդիտի ենթարկվող օբյեկտի վերաբերյալ`

- ստորաբաժանման պաշտոնական անվանումը, հասցեն և հեռախոսահամարները,

- ստորաբաժանման գործունեության և հաշվապահական հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, հայրանունները և պաշտոնները,

գ) տեղեկատվություն աուդիտի առարկայի, իրականացված աուդիտորական աշխատանքների ընդգրկման շրջանակների և աուդիտի ընթացքում կիրառված մեթոդոլոգիայի վերաբերյալ,

դ) աուդիտի ընթացքում հայտնաբերված օրենսդրության խախտման դեպքերը, որոնք ազդել են կամ կարող են ազդել աուդիտի ենթարկված օբյեկտի գործառույթների և հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների ճշտության և արժանահավատության վրա,

ե) աուդիտի ենթարկված օբյեկտի գործունեության այն բնագավառները, որոնք ենթարկվել են այդ ստուգումներին,

զ) աուդիտի ընթացքում իրականացված աշխատանքների առանձնահատկությունները,

է) աուդիտի ժամանակ աուդիտորական խմբի կողմից ներկայացված դիտողությունների, հայտնաբերված թերությունների ու սխալների, ինչպես նաև ներկայացված առաջարկությունների ցանկը,

ը) տվյալ ստորաբաժանումում նախկինում կատարված աուդիտների աուդիտորական հաշվետվություններում տեղ գտած դիտողությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը,

թ) փաստարկներ, որոնք հիմք են հանդիսացել աուդիտորական եզրակացությանը հանգելու համար:

66. Աուդիտորական հաշվետվությունում ներկայացված տեղեկատվությունը պետք է լինի հստակ, լակոնիկ և ամբողջական` բացառելով որևէ փաստացի անճշտություն: Աուդիտորական հաշվետվությունում ներառվում են նաև աուդիտորական ապացույցների քանակական հաշվարկներն ու գնահատականները, ինչպես նաև հղումներ օրենսդրության պահանջներին:

67. Աուդիտորական հաշվետվության և եզրակացության արժանահավատության համար պատասխանատու է գլխավոր աուդիտորը:

68. Աուդիտորական հաշվետվությունը հանդիսանում է գաղտնի փաստաթուղթ, որը ստորագրվում է աուդիտին անմիջական մասնակցություն ցուցաբերած աուդիտորների և փորձագետների կողմից, և չի կարող հրապարակվել այլ անձանց` առանց գլխավոր ֆինանսիստի թույլտվության:

Պահպանելով գաղտնիության պահպանման կանոնները` գլխավոր աուդիտորը կարող է աուդիտորական հաշվետվություններից (նրանցում ներառված փաստաթղթերից) կատարել պատճեններ` հետագա աուդիտների ժամանակ դրանց օգտագործման նպատակով:

i

69. Գլխավոր աուդիտորը, մինչ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը (տարեկան հաշվետվությունների դեպքում` ֆինանսական տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը) ներառյալ, գլխավոր ֆինանսիստին, ինչպես նաև Նախարարություն է ներկայացնում այդ եռամսյակում (ֆինանսական տարում) իրականացված աուդիտների վերաբերյալ եռամսյակային (տարեկան) ամփոփ հաշվետվություններ:

Աուդիտորական եռամսյակային (տարեկան) ամփոփ հաշվետվություններն արտահայտում են տվյալ եռամսյակի (ֆինանսական տարվա) ընթացքում եռամսյակային (տարեկան) ծրագրերով նախատեսված, ինչպես նաև դրանցից դուրս իրականացված աուդիտների հիմնական պայմանները` նպատակ ունենալով արտահայտել նշված ծրագրերի և տվյալ ժամանակահատվածում այդ հաշվետվություններում արտացոլված, ինչպես նաև նախկինում իրականացված աուդիտների արդյունքում կատարված առաջարկությունների կատարողականը:

(69-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

i

70. Նախարարությունում ուսումնասիրվում են սույն կարգի 62 և 69-րդ կետերի համաձայն Նախարարություն ներկայացվող աուդիտորական հաշվետվությունները (ներառյալ սույն կարգի 62-րդ կետի պահանջներին համապատասխան հաշվետվությանը կցված` գլխավոր ֆինանսիստի հանձնարարականները) և, որպես արդյունք, անհրաժեշտության դեպքում, գլխավոր ֆինանսիստին ներկայացվում են աուդիտորական հաշվետվության, ինչպես նաև աուդիտի արդյունքում հայտնաբերված թերությունների, բացթողումների և սխալների վերացմանն ուղղված պարտադիր կատարման ենթակա ցուցումներ:

(70-րդ կետը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

71. Նախարարությունը ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների միջոցով իրականացնում է հսկողություն սույն կարգի 70 կետի համաձայն` իր կողմից ներկայացված առաջարկությունների կատարման ընթացքի նկատմամբ:

(կարգը փոփ. 28.01.04 թիվ 23-Ն հրաման)

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
30.12.2002
N 934-Ն
Հրաման