ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2024 թվականի N 834-Ն
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԸ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Վտանգավոր բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգը հաստատելու մասին» N 1372-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի հունիսի 6-ի
N 834-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՐԳԸ, ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների օդային փոխադրման նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը (այսուհետ` կարգ) սահմանում է`
1) դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ (այսուհետ` օդանավակայաններ) կամ օդանավակայաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածքով վտանգավոր համարվող, սակայն օդային փոխադրման համար չարգելված բեռների օդային փոխադրման.
2) Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողներին վտանգավոր բեռների օդային փոխադրման թույլտվությունների տրամադրման.
3) օդանավակայաններում օդանավով փոխադրման համար նախատեսված վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին.
4) վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններին օդանավով փոխադրվող վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվությունների տրամադրման.
5) վտանգավոր բեռների օդային փոխադրման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացման գործընթացները:
2. Կարգը մշակվել է` հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիա) 37-րդ հոդվածը, կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելվածը (այսուհետ` N 18 հավելված) և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (այսուհետ` ԻԿԱՕ) Doc. 9284 AN/905 «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգը» (այսուհետ` «Տեխնիկական հրահանգ»):
3. Կարգի իմաստով օդանավով փոխադրվող վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները և նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալիք հանդիսանալ ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքի, առողջության և թռիչքների անվտանգության համար, ընդգրկված են «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված վտանգավոր բեռների ցանկում, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն:
4. Կարգի դրույթները չեն տարածվում օդանավում գտնվող այն նյութերի և միացությունների վրա, որոնք վտանգավոր են, սակայն, ելնելով օդանավի թռիչքային պիտանիության պահանջներից և օդանավի շահագործման պայմաններից, անհրաժեշտ են օդանավում գտնվելու համար:
5. Կարգի պահանջները տարածվում են Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ կամ օդանավակայաններից թռիչքներ իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների վրա:
2. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
6. Սույն կարգի իմաստով`
1) ազատում - պետության լիազոր մարմնի համապատասխան մեկանգամյա որոշում, որը թույլ է տալիս վտանգավոր բեռների օդային փոխադրումների գործընթացն իրականացնել առանց N 18 հավելվածի պահանջների պահպանման.
2) լիազոր մարմին - պետական կառավարման մարմին, որը, համաձայն «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի, իրականացնում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողություն.
3) վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպություններ - օդանավակայաններ, օդանավ շահագործողների բեռնափոխադրումների գործակալներ և այլ կազմակերպություններ, որոնք լիազոր մարմնի թույլտվության հիման վրա օդանավակայաններում օդանավ շահագործողի համար և նրա անունից պայմանագրային հիմունքներով կազմակերպում են վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումներ կամ դրանց փոխադրման ձևակերպումներ.
4) Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործող - Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որին լիազոր մարմնի կողմից տրվել է օդանավ շահագործողի վկայական, զբաղվում է օդանավերի շահագործմամբ կամ առաջարկում է իր ծառայություններն այս ոլորտում.
5) օտարերկրյա օդանավ շահագործող - օտարերկրյա կազմակերպություն, որն ունի օդանավ շահագործողի վկայական, զբաղվում է օդանավերի շահագործմամբ կամ առաջարկում է իր ծառայություններն այս ոլորտում.
6) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններ - կազմակերպություններ, որոնք լիազոր մարմնի թույլտվության հիման վրա օդանավակայաններում իրականացնում են օդանավով փոխադրվող վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ.
7) բեռնային գործակալներ - կազմակերպություններ, որոնք օդանավ շահագործողների հետ պայմանագրային հիմունքներով իրականացնում են բեռնափոխադրումների ձևակերպումներ.
8) Միավորված ազգերի կազմակերպության ցանկով սահմանված քառանիշ համարանիշ - քառանիշ համարանիշ, որը տրվում է Միավորված ազգերի կազմակերպության վտանգավոր բեռների փոխադրման փորձագետների կոմիտեի կողմից, վտանգավոր նյութերի կամ դրանց խմբաքանակի նշագրման համար.
9) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրում» N 18 հավելված - քաղաքացիական ավիացիայի օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման համար պարտադիր կատարման ենթակա չափանիշները սահմանող միջազգային նորմատիվ իրավական փաստաթուղթ.
10) «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգ» (9284 ձեռնարկ) - Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ընդունված ձեռնարկ, որը սահմանում է քաղաքացիական ավիացիայի օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման կարգն ու պահանջները.
11) հաստատում - լիազոր մարմնի կողմից տրված թույլտվություն`
ա. մարդատար կամ բեռնատար օդանավերով փոխադրման համար արգելված վտանգավոր բեռների փոխադրման համար,
բ. Տեխնիկական հրահանգներում նշված այլ նպատակների համար:
3. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
7. Վտանգավոր բեռների օդային փոխադրմամբ զբաղվող կազմակերպություններն իրենց աշխատանքներում պետք է պահպանեն և կիրառեն «Տեխնիկական հրահանգներ»-ի կամ «Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի» (IATA) վտանգավոր բեռների փոխադրման կանոնակարգերի ընթացիկ հրատարակություններով սահմանված պահանջները:
8. Վտանգավոր բեռների սպասարկման և փոխադրման աշխատանքները` վտանգավոր բեռների ընդունման կետերում, պահեստներում, օդանավակայանների բեռնային համալիրներում և օդանավակայանների այլ տարածքներում կարող են իրականացվել միայն այդ նպատակով հատուկ նշանակված տեղամասերում, որոնք պետք է հագեցած լինեն հրդեհաշիջման սարքավորումներով, առաջին օգնության բժշկական հավաքածուներով, անհատական պաշտպանության միջոցներով, որոնց օգտագործումը խորհուրդ է տրվում վտանգավոր ապրանքների հետ աշխատելիս և արտակարգ իրավիճակներում: Անհատական պաշտպանության միջոցները պետք է ներառեն նաև պաշտպանիչ ձեռնոցներ, ջերմակայուն ձեռնոցներ և շնչառական միջոցներ:
9. Բեռնային համալիրներում, պահեստներում և օդանավակայաններում վտանգավոր բեռների պահեստավորման ընթացքում պետք է պահպանվեն անհամատեղելի վտանգավոր բեռների առանձին տեղակայման, պայթուցիկ նյութերի առանձին տեղադրման, վտանգավոր բեռների հետ վարվելու մասով «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված կանոնները:
10. Օդանավ շահագործողները վտանգավոր բեռների սպասարկման պայմանագրեր են կնքում միայն այն բեռնային գործակալների հետ, ովքեր ունեն վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման վավեր վկայական/թույլտվություն` տրված քաղաքացիական ավիացիայի լիազոր մարմնի կողմից:
11. Ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները պետք է անցնեն ուսուցում և պարբերական վերապատրաստում (վերջին վերապատրաստումից ոչ ուշ, քան 24 ամիս հետո) վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված տեխնիկական հրահանգներով սահմանված հետևյալ կատեգորիաների համար`
1) առաքիչներ.
2) փաթեթավորողներ.
3) բեռնային համալիրների աշխատողներ, որոնք ներգրավված են վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներում.
4) բեռնային համալիրների աշխատողներ, որոնք իրականացնում են բեռի կամ փոստի մշակման աշխատանքներ, բայց ներգրավված չեն վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներում.
5) բեռնային համալիրների աշխատողներ, որոնք ներգրավված են բեռի կամ փոստի մշակման, պահպանման և բեռնման գործընթացներում.
6) օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները, որոնք կատարում են վտանգավոր բեռների սպասարկում և ընդունում են վտանգավոր բեռներ.
7) օդանավ շահագործողների և ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողները, որոնք կատարում են վտանգավոր բեռների սպասարկում և ընդունում են բեռներ կամ փոստ` (բացառությամբ վտանգավոր բեռների).
8) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների աշխատողներ, որոնք կատարում են բեռների, փոստի կամ ուղեբեռի մշակման, ընդունման, բեռնաբարձման/բեռնաթափման գործառույթներ.
9) ուղևորների սպասարկման մեջ ներգրավված ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողներ.
10) օդանավ շահագործողների թռիչքային անձնակազմի անդամներ/օդաչուներ, որոնք պատասխանատու են օդանավ բեռների բեռնաբարձման պլանավորման համար.
11) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների կարգավարներ.
12) օդանավի անձնակազմի անդամներ (բացի թռիչքային անձնակազմի անդամներից).
13) ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողներ, որոնք իրականացնում են ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, անձնակազմի անդամների զննման գործառույթներ, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ապահովման այլ գործառույթներ իրականացնող աշխատողներ/պահպանություն, մուտքերի հսկողություն, անցագրային վերահսկողություն, տեխնիկական սարքավորումների սպասարկում, տեսահսկում, անվտանգության մենեջերներ և անվտանգության ընթացակարգերի իրականացման մեջ ներգրավված այլ անձնակազմ.
14) փոստի սպասարկման աշխատանքներում ներգրավված փոստային օպերատորների աշխատողներ, որոնք իրականացնում են վտանգավոր նյութեր պարունակող փոստային առաքանիների ընդունման աշխատանքներ.
15) փոստի սպասարկման աշխատանքներում ներգրավված փոստային օպերատորների աշխատողներ, որոնք ներգրավված չեն վտանգավոր նյութեր պարունակող փոստային առաքանիների ընդունման աշխատանքներում:
12. Փոստային առաքանիներով վտանգավոր ապրանքների փոխադրումն արգելվում է, բացառությամբ «Տեխնիկական հրահանգ»-ով նախատեսված դեպքերի:
13. Օդային փոխադրումների համար թույլատրված վտանգավոր բեռների փոստային առաքումների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով նշանակված փոստային օպերատորի կողմից կիրառվող ընթացակարգերը ուսումնասիրվում և հաստատվում են քաղաքացիական ավիացիայի լիազորված մարմնի կողմից:
14. Ուղղաթիռներով վտանգավոր բեռների փոխադրումն իրականացվում է բացառապես «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված պահանջներին համապատասխան:
15. Վտանգավոր ապրանքների օդային փոխադրմամբ զբաղվող օդանավ շահագործողները, ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունները /բեռնային համալիրներ, վտանգավոր բեռների սպասարկումներ իրականացնող կազմակերպություններ և օդանավ շահագործողների բեռնային գործակալներ/ պետք է տիրապետեն «Տեխնիկական հրահանգ»-ի կամ «Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի» (IATA) վտանգավոր բեռների փոխադրման կանոնակարգերի ընթացիկ հրատարակությունների դրույթներին:
16. Օդանավերով որոշակի տեսակների վտանգավոր բեռները կարող են փոխադրվել առանց N 18 հավելվածի պահանջների պահպանման, եթե լիազոր մարմնի կողմից նրանց տրվում է ազատում:
17. Լիազոր մարմնի կողմից ազատման բացակայության դեպքում օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված վտանգավոր բեռներ են համարվում վարակակիր կենդանիները և այն արտադրատեսակներն ու նյութերը, որոնց փոխադրումը սովորական պայմաններում օդային տրանսպորտով տեխնիկական հրահանգով արգելվում է:
18. Օդանավակայաններում վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությունները պետք է ապահովեն, որպեսզի վտանգավոր համարվող բեռներն օդային փոխադրման համար ընդունվեն միայն այն դեպքում, երբ`
1) դրանք ուղեկցվում են վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման համար Տեխնիկական հրահանգներով սահմանված ու լրացված փոխադրման փաստաթղթերով.
2) վտանգավոր բեռների նշագրումը, փաթեթավորումը և փոխադրման ընդունման ընթացակարգերը համապատասխանում են «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված պայմաններին.
3) վտանգավոր բեռներն օդանավ բարձման/բեռնաթափման դեպքերում պահպանվեն կազմակերպությունների «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված ընթացակարգերը:
19. Օդանավ շահագործողի ներկայացուցիչը կամ բեռնային գործակալը վտանգավոր բեռի փոխադրման մասին «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված կարգով տեղեկացնում է օդանավի հրամանատարին, նրան տրամադրելով վտանգավոր բեռի փոխադրման փաստաթղթերը /NOTOC/:
20. Վտանգավոր բեռ փոխադրող օդանավում պետք է առկա լինի ԻԿԱՕ-ի 9481 ԱՆ/928 փաստաթղթի պահանջներին համապատասխան մշակված «Օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված արտակարգ իրավիճակներում գործողությունների ուղեցույց», իսկ թռիչքային անձնակազմը և օդանավի անձնակազմի անդամները պետք է անցնեն նախնական ու պարբերական ուսուցումներ, վտանգավոր բեռների փոխադրման հետ կապված արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ գործողությունների իրականացման համար:
21. Օդանավ շահագործողների կողմից օդով վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են N 18 հավելվածով սահմանված չափանիշներով, «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված պայմաններով և պահանջներով:
4. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
22. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ կամ օդանավակայաններից վտանգավոր բեռների օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից իրականացվում են լիազոր մարմնի կողմից տրված թույլտվության հիման վրա:
23. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ կամ օդանավակայաններից վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվության համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները և օտարերկրյա օդանավ շահագործողները կամ նրանց բեռնային փոխադրումների գործակալները բեռներ առաքողներից ստացված վտանգավոր բեռների փաստաթղթերի հիման վրա, նախատեսված փոխադրումից հինգ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին են ներկայացնում հայտ, որում նշվում են փոխադրվող վտանգավոր բեռի բնույթը, Միավորված ազգերի կազմակերպության կողմից վտանգավոր բեռին տրված քառանիշ ծածկագիրը, բեռի քանակն ըստ չափման միավորի (լիտր, մ3, կգ և այլն), ընդհանուր տեղերի քանակը, փաթեթավորման տեսակը, օդանավ շահագործողը, փոխադրման ուղղությունը, օրը, չվերթի համարը: Հայտին կցվում է նաև վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրումների թույլտվության պատճենը:
24. Պետական կարիքների կամ «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված վտանգավոր բեռների առանձին տեսակների օդային փոխադրումների անհապաղ իրականացման պայմաններից ելնելով` հայտեր համապատասխան հիմնավորմամբ կարող են տրվել նաև փոխադրումից առնվազն 24 ժամ առաջ:
25. Հայտատուի կողմից հայտը լիազոր մարմին է ներկայացվում հայերենով, ռուսերենով կամ անգլերենով` էլեկտրոնային փոստով, ֆաքսով կամ ՍԻՏԱ/SITA և ԱՖՏՆ/AFTN ավիացիոն կապի (հեռագիր) միջոցներով:
26. Հայտի մուտքագրման օր է համարվում լիազոր մարմին հայտի մուտք լինելու օրը:
27. Լիազոր մարմին մուտք եղած հայտը համապատասխան իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից մակագրվում է լիազոր մարմնի մասնագիտական ստորաբաժանումներին` իրենց մասով հայտի ուսումնասիրության և եզրակացությունների ներկայացման համար:
28. Հայտը լիազոր մարմին մուտք լինելուց հետո չորս օրվա ընթացքում, լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումների կողմից ուսումնասիրումից հետո, սույն կարգի 27-րդ կետում նշված ստորաբաժանումների դրական եզրակացությունների հիման վրա, բայց ոչ ուշ, քան հայտում նշված փոխադրման ժամկետներից առնվազն տասներկու ժամ առաջ, թույլտվության տրամադրման իրավասություն ունեցող լիազոր մարմնի պաշտոնատար անձը համապատասխան ծանուցմամբ հայտատուին է տրամադրում վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվությունը:
29. Հայտում ներկայացված տվյալները «Տեխնիկական հրահանգ»-ի կամ սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում այդ մասին համապատասխան հիմնավոր եզրակացությունը ներկայացվում է լիազոր մարմնի վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որը հայտատուին է տրամադրում թերությունների ցանկը` հայտը լիազոր մարմին մուտք լինելուց հետո երկօրյա ժամկետում, իսկ փոխադրումից առնվազն 24 ժամ առաջ տրված հայտերի դեպքում` տվյալ աշխատանքային օրվա ընթացքում:
30. Լիազոր մարմնի կողմից տրված թույլտվություններով վտանգավոր բեռների փոխադրումներ չկատարելու դեպքերում վտանգավոր բեռների օդային փոխադրումներն սպասարկող կազմակերպությունները երկօրյա ժամկետում այդ մասին համապատասխան գրությամբ տեղեկացնում են լիազոր մարմնին:
31. Հայտատուն` վտանգավոր բեռների օդային փոխադրումների իրականացման համար դիմած հայտում նշված ժամկետից առնվազն մեկ օր առաջ պետք է վերացնի այդ թերությունները` դրա մասին տեղեկացնելով լիազոր մարմնին: Թերությունները սույն կարգով սահմանված ժամկետներում չվերացնելու դեպքում լիազոր մարմնի կողմից վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվությունը մերժվում է և նախատեսված փոխադրումից առնվազն տասներկու ժամ առաջ այդ մասին տեղեկացվում է հայտատուին:
32. Հայտի մերժման համար հիմք են հանդիսանում հետևյալ պայմանները, եթե`
1) չեն պահպանվել «Տեխնիկական հրահանգ»-ի և սույն կարգի դրույթների պահանջները.
2) հայտով ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են:
33. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Հայտը չի կարող մերժվել աննպատակահարմարության պատճառաբանությամբ, արգելվում է նաև վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվության հայտը թողնել անպատասխան:
5. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ
34. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողները վտանգավոր բեռների օդային փոխադրման թույլտվությունների ստացման համար լիազոր մարմին են ներկայացնում հայտ` նշելով օդանավ շահագործողի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության վայրերը: Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
1) Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողի վկայականի պատճենը.
2) օդանավի թռիչքային անձնակազմի անդամների, օդանավի անձնակազմի անդամների վտանգավոր բեռների փոխադրումների մասով ուսուցման և պարբերական վերապատրաստումների լիազոր մարմնի կողմից ճանաչված վկայականների կամ սերտիֆիկատների պատճենները.
3) օդանավ շահագործողի բեռնային փոխադրումների ծառայության առնվազն երկու աշխատողների` վտանգավոր բեռների սպասարկման դասընթացներին մասնակցության վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ճանաչված վկայականների կամ սերտիֆիկատների պատճենները.
4) «Տեխնիկական հրահանգ»-ի պահանջներին համապատասխան մշակված կազմակերպության «Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը»:
35. Հայտը լիազոր մարմին մուտք լինելուց հետո ներկայացվում է համապատասխան ստորաբաժանումներ` ուսումնասիրության և եզրակացությունների ներկայացման համար, որոնք ուսումնասիրում են հայտը և յոթնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ ներկայացնում են եզրակացություն: Եթե ներկայացված հայտում առկա են թերություններ, ապա լիազոր մարմին հայտի մուտք լինելու օրվանից տասնօրյա ժամկետում առկա թերությունների մասին համապատասխան գրությամբ տեղեկացվում է հայտատուին, որն այն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում պետք է վերացնի թերությունները և ներկայացնի լիազոր մարմին:
36. Հայտի ուսումնասիրության վերաբերյալ լիազոր մարմնի մասնագիտական ստորաբաժանումների կողմից ներկայացված դրական եզրակացությունների ամփոփման արդյունքում, հայտը լիազոր մարմին մուտք լինելու օրվանից երեսնօրյա ժամկետում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով օդանավ շահագործողին տրվում է վտանգավոր բեռների օդային փոխադրման աշխատանքների իրականացման թույլտվություն (Ձև N 1):
37. Օդանավ շահագործողներին վտանգավոր բեռների օդային փոխադրումների աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է մինչև 2 տարի գործողության ժամկետով:
38. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները օդով փոխադրման համար նախատեսված վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվությունների ստացման նպատակով լիազոր մարմին են ներկայացնում հայտ, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
2) վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների ցանկը, նրանց ուսուցման և վերապատրաստումների վերաբերյալ տեղեկատվությունը (լիազոր մարմնի կողմից հաստատված մասնագիտական դասընթացների թեմաները, մասնագիտական դասընթացներին մասնակցությունը հավաստող փաստաթղթերը, մասնագիտական դասընթացների ավարտին ստացած որակավորման աստիճանը, մասնագիտական դասընթացներն անցկացնող մասնագետների որակավորման վկայականները կամ սերտիֆիկատները):
3) վտանգավոր բեռների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների և միջոցների ցանկը.
4) «Տեխնիկական հրահանգ»-ի պահանջներին համապատասխան մշակված կազմակերպության «Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը».
5) օդանավ շահագործողների հետ կնքված բեռնափոխադրումների սպասարկման մասով պայմանագրի պատճենը.
6) անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը կարող է պահանջել ներկայացնել սույն կետի 3-րդ և 5-րդ ենթակետերով պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:
39. Օդով փոխադրման համար նախատեսված վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվությունների ստացման նպատակով ներկայացված հայտը լիազոր մարմին մուտք լինելուց հետո ներկայացվում է համապատասխան ստորաբաժանումներ` ուսումնասիրության և եզրակացությունների ներկայացման համար, որոնք ուսումնասիրում են հայտը և յոթնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ ներկայացնում են եզրակացություն: Եթե ներկայացված հայտում առկա են թերություններ, ապա լիազոր մարմին հայտի մուտք լինելու օրվանից տասնօրյա ժամկետում առկա թերությունների մասին համապատասխան գրությամբ տեղեկացվում է հայտատուին, որն այն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում պետք է վերացնի թերությունները և ներկայացնի լիազոր մարմին:
40. Հայտի ուսումնասիրության վերաբերյալ լիազոր մարմնի մասնագիտական ստորաբաժանումների կողմից ներկայացված դրական եզրակացությունների ամփոփման արդյունքում, հայտը լիազոր մարմին մուտք լինելու օրվանից երեսնօրյա ժամկետում լիազոր մարմնի ղեկավարի հրամանով հայտատուին տրվում է օդով փոխադրման համար նախատեսված վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվություն (Ձև N 2):
41. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների իրականացման թույլտվությունը տրվում է մինչև 2 տարի գործողության ժամկետով:
42. Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների կողմից իրականացվող վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքները «Տեխնիկական հրահանգ»-ին և գործող կարգի պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվում են տեսչական ստուգումների և դիտարկումների տարեկան պլաններ, որոնք իրականացվում են համաձայն «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված ստուգաթերթիկների:
43. Օդանավ շահագործողի, վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն ստացած կազմակերպության գործունեության դադարեցման կամ իրավաբանական անձի փոփոխություն դեպքում թույլտվությունը վերադարձվում է լիազոր մարմնին:
6. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ
44. Դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ կամ օդանավակայաններից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ ուղևորային կամ բեռնատար օդանավերով փոխադրման համար արգելված վտանգավոր բեռի փոխադրման ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` օդանավ շահագործողը, որն ունի նման վտանգավոր բեռի փոխադրման պատվեր, տվյալ փոխադրումից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան հայտ` վտանգավոր բեռների փոխադրման սահմանված կարգից ազատում տրամադրելու մասին.
1) ուղևորային օդանավերով փոխադրման համար արգելված վտանգավոր բեռի փոխադրման սահմանված կարգից ազատումը կարող է լինել միայն տվյալ չվերթում ուղևորների բացակայության պայմանով և պետք է համապատասխանի Տեխնիկական հրահանգներով սահմանված պայմաններին.
2) օտարերկրյա օդանավ շահագործողները հայտը լիազոր մարմին են ներկայացնում դիվանագիտական ուղիներով.
3) սույն կետի իմաստով ծայրահեղ անհրաժեշտության դեպքեր են համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից պետական կարիքների համար իրականացվող այն անհետաձգելի միջոցառումները, որոնք ուղղված են պետության պաշտպանության, հանրային անվտանգության, ազգային անվտանգության, տնտեսության և առողջապահության ապահովմանը:
45. Ազատումը կարող է ձևակերպվել վտանգավոր բեռների մեկանգամյա կամ մի քանի նմանատիպ փոխադրումների համար` որոշակի ազատման ժամանակահատվածով, բայց ոչ ավելի, քան 12 ամիս ժամանակահատվածը:
46. Հայտատուի կողմից հայտը լիազոր մարմին, իսկ օտարերկրյա օդանավ շահագործողի դեպքում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացվում է հայերենով, ռուսերենով կամ անգլերենով` էլեկտրոնային փոստով, ֆաքսով կամ ՍԻՏԱ/SITA և ԱՖՏՆ/AFTN ավիացիոն կապի (հեռագիր) միջոցներով:
47. Հայտի մուտքագրման օր է համարվում լիազոր մարմին հայտի մուտքագրման օրը:
48. Լիազոր մարմին մուտքագրված հայտը տրվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում` ուսումնասիրության նպատակով:
49. Ազատման հայտին կցվում են փաստաթղթեր, որոնք պարունակում են հետևյալ տեղեկությունները`
1) ուղևորային կամ բեռնատար օդանավով վտանգավոր բեռների փոխադրման ծայրահեղ անհրաժեշտության հիմնավորումը` տրված համապատասխան պետական կառավարման մարմնի կողմից.
2) բեռն առաքողի անվանումը և գտնվելու վայրը.
3) բեռն ստացողի անվանումը և գտնվելու վայրը.
4) վտանգավոր բեռի ցանկը և բնութագիրը, դրա վտանգավորության բնութագրումը.
5) բեռնաթափվող բեռի անվանումը և Միավորված ազգերի կազմակերպության կողմից տվյալ տեսակի վտանգավոր բեռին շնորհված քառանիշ համարանիշը.
6) փաթեթավորման հավաքածուի տեսակը և քանակը` ՄԱԿ-ի կողմից շնորհված յուրաքանչյուր քառանիշ համարանիշ ունեցող վտանգավոր բեռի համար.
7) օգտագործված փաթեթավորման ուղեցույցների համարները և փաթեթավորման տեսակը.
8) ՄԱԿ-ի կողմից շնորհված յուրաքանչյուր համարի որակավորման հիմքը (տեղեկություններ բեռի և փաթեթավորման հավաքածուի դասակարգման փորձարկումների մասին)` կցելով համապատասխան փորձարկումների վերաբերյալ արձանագրությունները.
9) լրացուցիչ սարքավորումների առկայության և օգտագործման անհրաժեշտության մասին տեղեկություններ.
10) օդանավ շահագործողի անվանումը.
11) օդանավ շահագործողի կողմից վտանգավոր բեռների փոխադրման թույլտվության առկայության մասին տեղեկություն.
12) փոխադրման պլանավորված ժամանակացույցը.
13) փոխադրման պլանավորված ուղին.
14) թռիչքներ, վայրէջքներ և նշված բեռների մշակման վերաբերյալ օդանավակայանների համաձայնության մասին տեղեկության առկայությունը` կցելով փաստաթղթերի պատճենները.
15) պլանավորված օդանավի տեսակը.
16) հիմնական և լրացուցիչ օդանավերի գործարանային համարները.
17) հիմնական և լրացուցիչ օդանավերի թռիչքային և խցիկային անձնակազմերի մասին տեղեկատվությունը.
18) այն կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնք մասնակցելու են բեռների` օդանավ բեռնմանը, բեռնաթափմանը, ընդունմանը և պահպանմանը, և դրանց` վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու թույլտվությունների պատճենները.
19) վթարային իրավիճակների դեպքերի համար նախատեսված ցանկացած անհրաժեշտ հատուկ տեսակի մշակումների և ցանկացած հատուկ գործողությունների նկարագիր և վթարային իրավիճակում գործողությունների վերաբերյալ տեղեկատվություն:
50. Հայտում ներկայացված տվյալները սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին եզրակացություն է ներկայացվում լիազոր մարմնի թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին: Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է թերությունների ցանկը` հայտը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն մեկ օր առաջ պետք է վերացնի այդ թերությունները` դրա մասին փոխադրումից առնվազն 24 ժամ առաջ կարգով տեղեկացնելով լիազոր մարմնին:
51. Օտարերկրյա օդանավ շահագործողներին լիազոր մարմնի կողմից տրամադրվող թերությունների ցանկը և թերությունների վերացման մասին տեղեկատվությունը լիազոր մարմին են ներկայացվում դիվանագիտական ուղիներով:
52. Հայտը երկօրյա ժամկետում համաձայնեցվում է նաև լիազոր մարմնի շահագրգիռ ստորաբաժանումների հետ:
53. Հայտը լիազոր մարմին մուտքագրվելուց հետո չորս օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան նախատեսված փոխադրումից առնվազն տասներկու ժամ առաջ, թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող լիազոր մարմնի պաշտոնատար անձը` համապատասխան ծանուցմամբ հայտատուին տալիս է համապատասխան թույլտվություն կամ մերժում է հայտը: Հայտն անպատասխան թողնելն արգելվում է:
54. Հայտը մերժվում է, եթե`
1) չեն պահպանվել սույն կարգի դրույթների պահանջները.
2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ են կամ խեղաթյուրված:
56. Հայտի մերժման դեպքում դրա մասին հայտատուն երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որում նշվում են մերժման պատճառները:
57. Վտանգավոր բեռների փոխադրման ազատումը ձևակերպվում և առաքվում է հայտատուին դրա իրավասություն ունեցող լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից` համապատասխան փաստաթղթի միջոցով, որը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) առաքողի և ստացողի տվյալները.
2) առաքվող բեռների ցանկը և բնութագրերը.
3) վտանգավորության բնութագրերը, ՄԱԿ-ի կողմից շնորհված համարները.
4) փաթեթավորման քանակը և տեսակը.
5) առաքման օդանավակայանների անվանումները, նշանակումը և տարանցիկ վայրէջքները.
6) փոխադրման ժամանակացույցը և թույլատրված երթուղին.
7) այն կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը, որոնց թույլատրվում է մասնակցել բեռների` օդանավ բեռնման, ընդունման և պահպանման աշխատանքներում.
8) փոխադրման նպատակակետի և տարանցիկ երկրների կողմից ազատման առկայության անհրաժեշտության մասին տեղեկատվություն.
9) ցուցումներ փոխադրման պայմանների, բեռնման առանձնահատկությունների, բեռի ամրացման, հավելյալ սարքավորումների առկայության և օդանավի վրա կամ բեռնման ու բեռնաթափման օդանավակայաններում հնարավոր պատահարի չեզոքացման գործողությունների վերաբերյալ.
10) նշանակման և տարանցիկ օդանավակայաններում վայրէջքի թույլտվության պարտադիր առկայության փաստը:
58. Լիազոր մարմինը դեպի Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ, օդանավակայաններից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով տարանցիկ ուղևորային կամ բեռնատար օդանավերով վտանգավոր բեռների փոխադրման համար տրված թույլտվության, ինչպես նաև օդանավի թռիչքի և վայրէջքի ժամի, թռիչքի երթուղիների, փոխադրվող վտանգավոր բեռների մասին տեղեկատվությունը փոխադրումից առնվազն 3 օր առաջ էլեկտրոնային կապի միջոցներով հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն:
7. ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
59. Օդանավ շահագործողների, վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման և վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների թույլտվություններ ունեցող կազմակերպությունների կողմից իրականացվող վտանգավոր բեռների օդային փոխադրման աշխատանքներում մատուցվող ծառայությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից` պլանային տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների և ոչ պլանային ուսումնասիրությունների ու դիտարկումների միջոցով:
60. ԻԿԱՕ N 18 հավելվածի, «Տեխնիկական հրահանգ»-ի և գործող կարգի պահանջների համապատասխանության ստուգման նպատակով լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումների կողմից մշակվում են տեսչական ստուգումների և ուսումնասիրությունների տարեկան պլաններ` համաձայն «Տեխնիկական հրահանգ»-ով սահմանված ստուգաթերթիկների միջոցով և լիազոր մարմնի կողմից սահմանված ընթացակարգերով, վտանգավոր բեռների մասով տեսչական լիազորություններ ունեցող մասնագետների կողմից: Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումների կողմից կարող են իրականացվել նաև ոչ պլանային տեսչական ստուգումներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ:
61. Տեսչական ստուգումները, ուսումնասիրությունները և դիտարկումներն իրականացվում են լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ստուգման թերթիկներով /checklist/: Ստուգումների ընթացքում թռիչքների անվտանգությանն սպառնացող անհամապատասխանությունների արձանագրման դեպքում լիազոր մարմինն իրավասու է կասեցնել կամ դադարեցնել վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքների թույլտվության գործողությունը, ինչի մասին տեղեկացնում է տվյալ աշխատանքներն իրականացնող կազմակերպությանը:
62. Տեսչական ստուգումների, ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքների վերաբերյալ կազմվում է ակտ, որը տեսչական գործառույթների արդյունքներն ամփոփող գրավոր փաստաթուղթն է և ներառում է միջոցառման իրականացման գործընթացի ամբողջ ժամանակաշրջանն ու վտանգավոր բեռների սպասարկման մասով մատուցված ծառայությունների ուսումնասիրման ենթարկված ոլորտների բնութագրերը:
63. Ակտը ներառում է`
1) ներածական մասը.
2) միջոցառման տեսակը, անցկացման վայրը, ամսաթիվը և ժամանակահատվածը.
3) միջոցառմանը ներգրավված մասնագետների տվյալները` նշելով անունը, ազգանունը և պաշտոնը.
4) միջոցառմանը ենթակա կազմակերպությունը և ոլորտը.
5) միջոցառման ընթացքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները.
6) տեսչական խմբի եզրակացությունը և հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ (եթե այդպիսիք կան):
64. Ակտը կազմվում և ներկայացվում է կազմակերպությանը տեսչական գործառույթի ավարտից 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կազմակերպությունը ակտի ստացումից հետո 10-օրյա ժամկետում Քաղաքացիական ավիացիայի կոմիտե է ներկայացնում թերությունների վերացման պլանը, որը ներառում է իրականացման ենթակա գործողության հստակ նկարագիրը և կատարման ժամկետները:
65. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իրականացնում է շարունակական վերահսկողություն վտանգավոր բեռների սպասարկման ընթացքում հայտնաբերված թերությունները վերացնելու և աշխատանքային խմբի արձանագրմամբ տեղում վերացված թերությունների հետագա կրկնելիությունը բացառելու նկատմամբ:
66. Ուղղիչ գործողությունների պլանի կատարումը վերահսկվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից:
Ձև N 1
Զինանշան
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ CIVIL AVIATION COMMITTEE ԿՕՄԻՏԵՏ ԳՌԱԺԴԱՆՍԿՕՅ ԱՎԻԱՑԻԻ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ PERMISSION FOR SERVICE ACTIVITIES OF DANGEROUS GOODS AIR TRANSPORTATION ՌԱԶՌԵՇԵՆԻՅԵ ՆԱ ՕԲՍԼՈՒԺԻՎԱՆԻՅԵ ՎՕԶԴՈՒՇՆՕՅ ՊԵՌԵՎՕԶԿԻ ՕՊԱՍՆԻԽ ԳՌՈՒԶՕՎ N _____
Կազմակերպություն _____________________________________________________
Organization _____________________________________________________
Օռգանիզացիյա _____________________________________________________
Պետական գրանցման համարը ____________________________________________
State Registration Number ____________________________________________
Նօմեռ գօս. ռեգիստռացիի ____________________________________________
Գտնվելու վայրը _____________________________________________________
Location _____________________________________________________
Մեստօնախօժդենիյե _____________________________________________________
Սպասարկման տեսակը Վտանգավոր բեռների օդային փոխադրումներ
Type of service Air transportation of dangerous goods
Տիպ օբսլուժիվանիյա Վօզդուշնայա պեռեվօզկա օպասնիխ գռուզօվ
Գործողության ժամկետը _________________________________________________
Permission validity _________________________________________________
Դեյստվիտելնօ դօ _________________________________________________
Տրման ամսաթիվը _______________________________________________________
Date of issue _______________________________________________________
Դատա վիդաչի _______________________________________________________
Լրացուցիչ պայմաններ Բացառությամբ միջուկային տարանջատվող
Additional conditions նյութերի փոխադրումներից
Դօպօլնիտելնիյե ուսլօվիյա Excluding transportation of nuclear
divisible materials
Զա իսկլուչենիյեմ տռանսպօռտիռօվկի
յադեռնիխ դելիմիխ մատեռիալօվ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
THE CHAIRMAN OF CIVIL AVIATION COMMITTEE
ՊՌԵԴՍԵԴԱՏԵԼ ԿՕՄԻՏԵՏԱ ԳՌԱԺԴԱՆՍԿՕՅ ԱՎԻԱՑԻԻ ___________________________
Ձև N 2
Զինանշան
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵ CIVIL AVIATION COMMITTEE ԿՕՄԻՏԵՏ ԳՌԱԺԴԱՆՍԿՕՅ ԱՎԻԱՑԻԻ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲԵՌՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ PERMISSION FOR SERVICE ACTIVITIES OF DANGEROUS GOODS ՌԱԶՌԵՇԵՆԻՅԵ ՆԱ ՕԲՍԼՈՒԺԻՎԱՆԻՅԵ ՕՊԱՍՆԻԽ ԳՌՈՒԶՕՎ N _____
Կազմակերպություն _____________________________________________________
Organization _____________________________________________________
Օռգանիզացիյա _____________________________________________________
Պետական գրանցման համարը ____________________________________________
State Registration Number ____________________________________________
Նօմեռ գօս. ռեգիստռացիի ____________________________________________
Գտնվելու վայրը _____________________________________________________
Location _____________________________________________________
Մեստօնախօժդենիյե _____________________________________________________
Սպասարկման տեսակը ____________________________________________________
(ընդունում, փաթեթավորում, փաստաթղթային ձևակերպում,
պահեստավորում և մինչև օդանավակայան փոխադրում)
Type of service Type of service Acceptance of dangerous goods,
packaging, documentation, stowage and
transportation to the airport
Տիպ օբսլուժիվանիյա Տիպ օբսլուժիվանիյա Պռիյոմ օպասնիխ գռուզօվ,
ուպակօվկա, խռանենիյե, դօկումենտիռօվանիյե ի
պեռեվօզկա դօ աէռօպօռտա
Գործողության ժամկետը _________________________________________________
Permission validity _________________________________________________
Դեյստվիտելնօ դօ _________________________________________________
Տրման ամսաթիվը _______________________________________________________
Date of issue _______________________________________________________
Դատա վիդաչի _______________________________________________________
Լրացուցիչ պայմաններ Բացառությամբ միջուկային տարանջատվող
Additional conditions նյութերի փոխադրումներից
Դօպօլնիտելնիյե ուսլօվիյա Excluding transportation of nuclear
divisible materials
Զա իսկլուչենիյեմ տռանսպօռտիռօվկի յադեռնիխ
դելիմիխ մատեռիալօվ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
THE CHAIRMAN OF CIVIL AVIATION COMMITTEE
ՊՌԵԴՍԵԴԱՏԵԼ ԿՕՄԻՏԵՏԱ ԳՌԱԺԴԱՆՍԿՕՅ ԱՎԻԱՑԻԻ ___________________________
Պաշտոնական հրապարակման օրը` 6 հունիսի 2024 թվական: