05.06.2024 -
100.0033.200111
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«20» 01 2011 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10011025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 դեկտեմբերի 2010 թվականի N 33-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում փայտացման կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» ՍԿ N 3.1.1-014-10 սանիտարական կանոններն ու հիգիենիկ նորմատիվները` համաձայն հավելվածի:
(հրամանը խմբագրվել է 10.05.2024 թիվ 161-Ն հրաման)
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2010 թվականի դեկտեմբերի 14-ի
N 33-Ն հրամանի
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՍԿ N 3.1.1-014-10 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
ԳԼՈՒԽ 1
ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏ
1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` Կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` բժշկական կազմակերպություն) համար:
2. Կանոնները սահմանում են բժշկական օգնության և սպասարկման դիմած անձանց (այսուհետ` պացիենտ) շրջանում փայտացման դեպքերի հայտնաբերմանը, հաշվառմանը և հաղորդմանը, փայտացման դեպքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը, կասկածելի կամ հաստատված դեպքի նկատմամբ իրականացվող միջոցառումներին` վերքերի մշակմանը, փայտացման դեմ պատվաստումների իրականացմանը ներկայացվող պահանջներ:
ԳԼՈՒԽ 2
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄ
3. Փայտացման դեպքի հայտնաբերումը` համաձայն Ձև 1-ի և Ձև 2-ի, իրականացնում են բժշկական կազմակերպության ավագ և միջին բուժաշխատողները.
1) բժշկական կազմակերպությունից դուրս (շտապօգնության կանչի վայրում, ներառյալ` մասնագիտացված շտապօգնությունը, ինչպես նաև բժշկական տարհանման ժամանակ` տրանսպորտում),
2) արտահիվանդանոցային պայմաններում` շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չպահանջող դեպքերում (ներառյալ` տնային կանչը),
3) ցերեկային ստացիոնարի պայմաններում (ցերեկային ժամերին բժշկական հսկողություն և բուժում ապահովելու պայմաններով, որոնք չեն պահանջում շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում),
4) հիվանդանոցային, երբ անհրաժեշտ են շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում:
ԳԼՈՒԽ 3
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ, ՀԱՂՈՐԴՈՒՄ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
4. Փայտացման յուրաքանչյուր կասկածելի և հաստատված դեպքի շտապ հաղորդումը, հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:
5. Փայտացման դեպքի ախտորոշումը փոփոխելու, ժխտելու, հաստատելու կամ մահվան մասին հաղորդումը և հաշվառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների համաձայն:
6. Փայտացման կամ դրա կասկածելի յուրաքանչյուր դեպքի լիարժեք, հավաստի և ժամանակին հաշվառումը, հաշվետվությունների ամբողջականությունը, ինչպես նաև` դրանց մասին ժամանակին և օպերատիվ հաղորդման գործընթացը կազմակերպվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից:
7. Բոլոր բժշկական կազմակերպություններում յուրաքանչյուր փայտացման դեպք հաշվառվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի հավելվածի Ձև 5-ով հաստատված «Հիվանդությունների հաշվառման մատյան»-ում:
8. Փայտացման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետությունում իմունականխարգելման ոլորտում «Կառավարելի վարակիչ հիվանդությունների վերաբերյալ» Ձև N Պ-4/հ (ամսական, տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվության ձևով` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի N 08-Ն հրամանի:
9. Դեպքերի բացակայության պայմաններում ներկայացվում է զրոյական հաշվետվություն: Յուրաքանչյուր հիվանդության տողում «Ընդամենը» սյունակում նշվում է «0» թիվը:
10. Հաշվետվությունների կրկնօրինակները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 397-Ն որոշմամբ սահմանված ժամկետով:
ԳԼՈՒԽ 4
ՓԱՅՏԱՑՈՒՄ ԱԽՏՈՐՈՇՄԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԴԵՊՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
11. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի կամ կասկածելի դեպքի հիվանդության պատմագրում նշվում են հիվանդության առաջնային ախտանշանները, պացիենտի պատվաստումային կարգավիճակի մասին տեղեկատվությունը:
12. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի ստացիոնարից դուրսգրումն իրականացվում է առողջացումից, լավացումից հետո:
13. Փայտացում ախտորոշմամբ պացիենտի օջախում հակահամաճարակային միջոցառումներ չեն իրականացվում:
ԳԼՈՒԽ 5
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
14. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումների կազմակերպումը, հաշվառումը, հաշվետվությունների ներկայացումը, բժշկական հակացուցումների վարումը, հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի գրանցումը, հաշվառումը, հաղորդումը և հետազոտությունն իրականացվում են համաձայն Հայաստանի հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի պահանջների:
15. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի:
16. Փայտացման դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են պլանային և համաճարակաբանական ցուցումով:
ԳԼՈՒԽ 6
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ, ՎԵՐՔԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ
17. Փայտացման դեմ համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելումն իրականացվում է համաձայն Ձև 3-ի, եթե առկա են`
1) վնասվածքներ` մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների ամբողջականության խախտումով,
2) սառեցում և այրվածքներ 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճանի,
3) արտահիվանդանոցային վիժումներ,
4) արտահիվանդանոցային ծննդաբերություն,
5) հյուսվածքների ցանկացած տեսակի փտախտ, մեռուկացում (նեկրոզ),
6) թափանցող վնասվածքներ` ստամոքսաղիքային ուղու վիրահատությունների ժամանակ,
7) վայրի և ընտանի կենդանիների կողմից կծված վերք:
18. Բոլոր տեսակի վերքերի ժամանակ իրականացվում է վիրաբույժի կողմից զննում, դրանց անհապաղ մանրամասն մշակում` օտար մարմինների և մեռուկացած հյուսվածքների հեռացմամբ: Զանգվածային աղտոտված վերքերի առաջնային մշակման ժամանակ առաջնային կար չի դրվում, եթե վնասվածքի պահից անցել է 24 ժամից ավելի: Խուլ կար դնելու դեպքում կատարվում է վերքի դրենավորում:
19. Փայտացման դեմ համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելումն արտահիվանդանոցային ծննդաբերության դեպքում կատարվում է`
1) ծննդկաններին` համաձայն Ձև 3-ի,
2) նորածիններին` ներարկում են հակափայտացման մարդկային իմունոգլոբուլին (250 ՄՄ) կամ հակափայտացման շիճուկ (3000 ՄՄ): Նորածնին համաճարակաբանական ցուցումով արտակարգ կանխարգելում չի կատարվում, եթե ծննդկանի մոտ առկա են պատվաստումների վերաբերյալ փաստաթղթերով հաստատված տվյալներ` Պատվաստումների ազգային օրացույցին համապատասխան և եթե վերջին պատվաստումից հետո չի անցել 10 տարի:
Ձև 1
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
._____________________________________________________________________.
| Դեպքի սահմանում |
|_____________________________________________________________________|
|1. Կլինիկական |1) Ծամիչ, պարանոցային մկանների լարված, ցավոտ և |
|նկարագիր |ջղակծկումով դեպք: Առավել հաճախակի հանդիպող առաջին |
| |ախտանիշը որովայնային մկանների կարկամությունն է: |
| |Փայտացմանը բնորոշ մկանային սպազմերի դրսևորումներից են|
| |մարմնի հարկադրական դիրքը (tetanus acrօbaticսs կամ |
| |opisthotonus), ինչպես նաև դեմքի յուրօրինակ |
| |արտահայտությունը` հայտնի կեղծ ծիծաղ (risսs sardonicus)|
| |անվամբ: |
|______________|______________________________________________________|
|2. Դեպքի |1) Կասկածելի դեպք` |
|դասակարգում |Ծամիչ մկանների լարվածություն և ջղակծկում (տրիզմ) սուր|
| |շրջանում, |
| |______________________________________________________|
| |2) Հավանական դեպք` կասկածելի դեպք գումարած ներքոհիշյալ|
| |ախտանիշներից որևէ մեկը. |
| |ա. անամնեզում մաշկի վնասվածքի առկայություն, |
| |բ. մկանների կարկամում, |
| |գ. կլման ակտի դժվարացում, |
| |______________________________________________________|
| |3) Հաստատված դեպք` կասկածելի կամ հավանական դեպք |
| |գումարած հետևյալ նշաններից որևէ մեկը` |
| |ա. կեղծ ծիծաղ (risսs sardonicus), |
| |բ. ջղաձգության նոպա (օրվա մեջ մեկ և ավելի անգամ), |
| |գ. մարմնի հարկադրական դիրք (tetanus acrօbaticսs): |
|______________|______________________________________________________|
|3. Ախտորոշման |1) Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական |
|լաբորատոր |ախտանիշների վրա և կախված չէ մանրէաբանական |
|չափանիշ |հաստատումից: |
._____________________________________________________________________.
Ձև 2
ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ
._____________________________________________________________________.
| Դեպքի սահմանում |
|_____________________________________________________________________|
|1. Դեպքի |1) Կասկածելի դեպք` |
|դասակարգում |Պերինատալ շրջանում մահվան ցանկացած դեպք` ծնվելուց հետո|
| |3-րդ և 28-րդ օրերի միջև, որի մահվան պատճառը |
| |պարզված չէ, |
| |______________________________________________________|
| |2) Հավանական դեպք` կասկածելի դեպք գումարած |
| |հիվանդության դեպք` ծնվելուց հետո 3-րդ և 28-րդ օրերի |
| |միջև, որը գրանցված է որպես փայտացում, բայց |
| |հետազոտված չէ, |
| |______________________________________________________|
| |3) Հաստատված դեպք` կասկածելի կամ հավանական դեպք |
| |գումարած հետևյալ նշաններից որևէ մեկը` |
| |ա. նորածինը առաջին երկու օրը նորմալ կրծքով կերակրվել |
| |և ճչացել է, իսկ 3-րդ և 28-րդ օրերի միջև ծծել չի |
| |կարողանում, |
| |բ. ունի ցնցումներ (մկանների թեթևակի կծկում): |
|______________|______________________________________________________|
|2. Ախտորոշման |1) Ախտորոշումն ամբողջովին հիմնված է կլինիկական |
|լաբորատոր |ախտանիշների վրա և կախված չէ լաբորատոր հաստատումից: |
|չափանիշ | |
._____________________________________________________________________.
Ձև 3
ՓԱՅՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՈՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
._____________________________________________________________________.
|ԱՓ պատրաստուկով |Տարիքային|Վերջին |Կիրառվող պատրաստուկներ |
|պատվաստումային |խումբ |պատվաստ-|__________________________|
|կարգավիճակ | |ման |ԱՓ (փայ-|ՄՀՓԻ(2),|ՀՓՇ, ՄՄ |
| | |ժամկետ |տացման |ՄՄ | |
| | | |անատոք- | | |
| | | |սին)(1),| | |
| | | |մլ | | |
|_____________________________________________________________________|
| Առկա է պատվաստումների փաստաթղթային հաստատում |
|_____________________________________________________________________|
|Տարիքին համապատասխան |Երեխաներ |Անկախ |Չի |Չի |Չի |
|պլանային պատվաստումների|և դեռա- |ժամկետից|կատար- |կատար- |կատար- |
|լրիվ կուրս (ըստ |հասներ | |վում(3) |վում |վում |
|պատվաստումների ազգային | | | | | |
|օրացույցի) | | | | | |
|_______________________|_________|________|________|________|________|
|Պլանային պատվաստումների|Երեխաներ |Անկախ |0.5 |Չի |Չի |
|լրիվ կուրս, առանց |և դեռա- |ժամկետից| |կատար- |կատար- |
|վերջին կրկնապատվաստման |հասներ | | |վում |վում |
|_______________________|_________|________|________|________|________|
|Պատվաստումների լրիվ |Մեծա- |5 տարուց|Չի |Չի |Չի |
|կուրս(4) |հասակներ |ոչ ավելի|կատար- |կատար- |կատար- |
| | | |վում |վում |վում |
|_______________________|_________|________|________|________|________|
|2 պատվաստում(5) |Բոլոր |5 տարուց|0.5 |Չի |Չի |
| |տարիքներ |ոչ ավելի| |կատար- |կատար- |
| | | | |վում |վում |
| | |________|________|________|________|
| | |5 տարուց|1.0 |250 |3000 |
| | |ավելի | | | |
|_______________________|_________|________|________|________|________|
|1 պատվաստում |Բոլոր |2 տարուց|0.5 |Չի |Չի |
| |տարիքներ |ոչ ավելի| |կատար- |կատար- |
| | | | |վում(6) |վում(6) |
| | |________|________|________|________|
| | |2 տարուց|1.0 |250 |3000(7) |
| | |ավելի | | | |
|_______________________|_________|________|________|________|________|
|Չպատվաստված |Մինչև 5 |- |Չի |250 |3000(8) |
| |ամսական | |կատար- | | |
| |երեխաներ | |վում | | |
| |_________|________|________|________|________|
| |Մնացած |- |1.0 |250 |3000(7) |
| |տարիքներ | | | | |
|_____________________________________________________________________|
| Առկա չէ պատվաստումների փաստաթղթային հաստատում |
|_____________________________________________________________________|
|Վերհուշում առկա չեն |Մինչև 5 |- |Չի |250 |3000 |
|պատվաստումների նկատմամբ|ամսական | |կատար- | | |
|հակացուցումներ |երեխաներ | |վում | | |
| |_________|________|________|________|________|
| |5 ամսա- |- |0.5 |Չի |Չի |
| |կանից | | |կատար- |կատար- |
| |բարձր | | |վում |վում |
| |երեխաներ,| | | | |
| |դեռահաս- | | | | |
| |ներ, զին-| | | | |
| |վորական- | | | | |
| |ներ, | | | | |
| |նախկին | | | | |
| |զինվորա- | | | | |
| |կաններ | | | | |
|_______________________|_________|________|________|________|________|
|Մնացած քանակակազմեր |Բոլոր |- |1.0 |250 |3000 |
| |տարիքներ | | | | |
._____________________________________________________________________.
______________________
1) ԱՓ-ի (փայտացման անատոքսին) փոխարեն, 18 տարեկանից բարձր, կարելի է կիրառել ԱԴՓ-Մ (դիֆթերիայի և փայտացման անատոքսին):
2) Կիրառել ՄՀՓԻ (մարդու հակափայտացումային իմունոգլոբուլին) կամ ՀՓՇ (հակափայտացումային շիճուկ):
3) «Ինֆեկցված վերքերի» դեպքում կատարվում է 0.5 մլ ԱՓ, եթե վերջին պատվաստումից անցել է 5 տարուց ավելի: «Ինֆեկցված վերքեր» են համարվում արտահիվանդանոցային ծննդաբերության ժամանակ պորտի, հղիության արտահիվանդանոցային ընդհատման, աղիների թափածակած, կծված վերքերը, ինչպես նաև թարախակույտերը, նեկրոզը:
4) Մեծահասակների փայտացման դեմ պատվաստումների լրիվ կուրսը կազմված է 2 դեղաչափ պատվաստումից` 4 շաբաթ ինտերվալով, և խթանիչ դեղաչափից` 6-12 ամիս հետո:
5) Պատվաստումների սովորական սխեմայով երկու պատվաստումները (մեծահասակների և երեխաների համար) կամ 1 պատվաստում` մեծահասակների համար պատվաստումների կրճատված սխեմայով:
6) Ինֆեկցված վերքերի ժամանակ ներարկվում են ՄՀՓԻ կամ ՀՓՇ:
7) Ակտիվ-պասիվ կանխարգելում ստացած անձինք 6 ամիս-2 տարի հետո ստանում են կրկնապատվաստում (0.5 մլ ԱՓ)` լրիվ կուրսն ավարտելու համար:
8) Վերքի լավացումից հետո փայտացման դեմ պատվաստումները շարունակվում են իրականացվել ըստ Պատվաստումների ազգային օրացույցի: