ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 հունվարի 2024 թվականի N 33-Ն
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ԱՌՆՎԱԶՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՐՄԱԼ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2.1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը` համաձայն հավելվածի:
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարի չափը սահմանելու մասին» N 2-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2024 թ. հունվարի 8
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2024 թվականի հունվարի 4-ի
N 33-Ն որոշման
ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԲԱԶԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՎ ԱՌՆՎԱԶՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՆՈՐՄԱԼ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԱՇԽԱՏՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում (այսուհետ` ծրագիր) ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի ամենամսյա հավելավճարի (այսուհետ` հավելավճար) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Ծրագրում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողների հավելավճարի չափը սահմանվում է գիտությունների դոկտորին` 50 000 դրամ, գիտությունների թեկնածուին` 25 000 դրամ:
3. Հավելավճար տրամադրվում է Աշխատանքային օրենսգրքով նախատեսված բոլոր այն դեպքերում, երբ հիմնական աշխատավարձը պահպանվում է:
2. ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼԸ
4. Ծրագիր իրականացնող կազմակերպությունը յուրաքանչյուր բյուջետային տարվա առաջին ամսվա առաջին տասնօրյակում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի (այսուհետ` կոմիտե) առցանց համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով կոմիտե է ներկայացնում գիտական աշխատողների հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հայտ (այսուհետ` հայտ), որի ձևը սահմանում է կոմիտեն:
5. Հայտում ներառված տվյալների համապատասխանության դեպքում` կոմիտեի և կազմակերպության միջև կնքվում է գիտական աշխատողներին հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հանձնարարության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր):
6. Ծրագիր իրականացնող կազմակերպությունը յուրաքանչյուր կիսամյակի վերջին ամսվա մինչև 3-րդ տասնօրյակի վերջին աշխատանքային օրը համակարգի միջոցով կոմիտե է ներկայացնում ծրագրում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողների թվաքանակի և ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ կիսամյակային հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), իսկ վերջին կիսամյակի հաշվետվությունը` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ին տասնօրյակը:
7. Կիսամյակի ընթացքում փոփոխությունների առկայության դեպքում` կազմակերպությունը հաշվետվության հետ միասին պետք է կոմիտե ներկայացնի հայտում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
8. Հաշվետու կիսամյակից շուտ կատարված, սակայն հայտով չներկայացված փոփոխությունները, անկախ չներկայացման պատճառներից, հաշվի չեն առնվում:
9. Սույն կարգի 7-րդ կետով նախատեսված փոփոխության արդյունքում այն գիտական աշխատողներին, որոնց աշխատած օրերի քանակը տվյալ ամսում լրիվ աշխատանքային օրերի քանակից պակաս է` հավելավճարը վճարվում է ըստ տվյալ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակի:
10. Ծրագիր իրականացնող կազմակերպությունը, յուրաքանչյուր բյուջետային տարվա վերջին կիսամյակի հաշվետվությունը կազմելիս, անհրաժեշտություն առաջանալու պարագայում, կոմիտեի հետ կնքում է գիտական աշխատողներին հավելավճարի վճարման նպատակով ֆինանսական միջոցների տրամադրման հանձնարարության պայմանագրի գնի կամ այլ պայմանների փոփոխության մասին համաձայնագիր (այսուհետ` համաձայնագիր):
11. Հայտի, պայմանագրի, հաշվետվության և համաձայնագրի ձևերը գեներացնում է համակարգը:
12. Կոմիտեն`
1) հավաքագրում է կազմակերպությունների կողմից տարեսկզբին հայտով ներկայացված և կիսամյակային պարբերականությամբ հաշվետվություններով ներկայացվող տվյալները.
2) հավաքագրված տվյալները ներառում է ծրագրում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողների վերաբերյալ ստեղծված շտեմարանում.
3) իրականացնում է ներկայացված տվյալների համեմատություն` համապատասխան փոփոխությունների ներառման և ամփոփման նպատակով.
4) ծրագիր իրականացնող կազմակերպություններին գիտական աշխատողներին հավելավճար վճարելու նպատակով ֆինանսական միջոցների փոխանցումն իրականացնում է յուրաքանչյուր ամսվա մինչև 15-ը` ըստ կազմակերպությունների կողմից ներկայացված հավելավճար ստացող գիտական աշխատողների ճշգրտված թվաքանակի:
Պաշտոնական հրապարակման օրը` 9 հունվարի 2024 թվական: