26.12.2023 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2023 թվականի N 882-Ն
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1799-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34.1-ին հոդվածի 5-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փրկարար ծառայության տնօրենի տեղակալների և փրկարարական ծառայողների ատեստավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 20-ի «Փրկարարական ծառայողի ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 1799-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունիսի 2
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի հունիսի 1-ի
N 882-Ն որոշման
ԿԱՐԳ
ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԵՎ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոն զբաղեցնող փրկարարական ծառայողների (այսուհետ` ծառայող) համար զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման (այսուհետ` ատեստավորում) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները: Սույն կարգը չի տարածվում ուսումնական հաստատությունում փրկարարական ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների վրա:
2. Ատեստավորման շրջանակներում ստուգվում են ծառայողների ընդհանուր զարգացվածությունը, ֆիզիկական պատրաստականության աստիճանը, մասնագիտական գիտելիքների իմացությունը:
3. Ծառայողի ցանկությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով նախատեսված ատեստավորմանը կարող է նախորդել նրա վերապատրաստումը:
4. Ծառայողը մինչև ատեստավորումն իրավունք ունի մեկ անգամ անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:
5. Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում փրկարար ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում` պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ինչպես նաև ծառայության այլ վայր հավասարազոր պաշտոնի փոխադրվող ծառայողները ատեստավորման ենթակա չեն, իսկ ատեստավորված ծառայողները պահպանում են ատեստավորման արդյունքները, բացառությամբ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:
6. «Փրկարար ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի համաձայն փրկարար ծառայությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով անցկացվող ատեստավորմանը` սույն որոշմամբ սահմանված կարգով:
7. Փրկարար ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց վեց ամիս անց: Նա զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու կամ զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորմանը պարտավոր է մասնակցել վեցամսյա ժամկետը լրանալուց հետո` երեք տարվա ընթացքում:
8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված և տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները պարտավոր են ատեստավորվել յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ծառայողը ատեստավորման համար կարող է դիմել նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո:
9. Հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն կետով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար պարտավոր են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո` երեք տարվա ընթացքում:
10. Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողը ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:
11. Ատեստավորման գործընթացին չի թույլատրվում մասնակցել այն ծառայողին, որի նկատմամբ իրականացված թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքը դրական է, կամ որն ունի 20 մլն և ավելի ՀՀ դրամի (կամ դրան համարժեք) տրամադրված վարկ և 91 օր և ավելի ժամկետանց վարկային պարտավորություն: Թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործումը ստուգվում է բժշկական կազմակերպությունում` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի (այսուհետ` նախարար) կողմից սահմանված ժամկետներում:
12. Սույն կարգով նախատեսված ատեստավորման կազմակերպման նպատակով ընդունվում է նախարարի հրաման, որը ներառում է`
1) ատեստավորման օրը, ամիսը, տարեթիվը, մեկնարկի ժամը և վայրը.
2) ատեստավորմանը մասնակցելու համար զեկուցագրերի ընդունման սկիզբը և վերջնաժամկետը.
3) տվյալ հրամանը ծառայողներին էլեկտրոնային եղանակով կամ գրավոր պարտադիր ծանոթացնելու վերաբերյալ նշում.
4) սույն կարգի 1-ին կետով սահմանված ատեստավորման հիմքերից առնվազն մեկի վերաբերյալ նշում:
13. Ատեստավորումն անցկացվում է նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո ոչ շուտ, քան մեկ ամիս հետո:
14. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:
15. Փրկարար ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո փրկարարական ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողը ենթակա է ատեստավորման:
16. Մինչև զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունն ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելը առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները:
2. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
17. Ատեստավորման նախապատրաստական և կազմակերպչական բնույթի աշխատանքները և անցկացման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` նախարարություն) կադրային աշխատանքների համար պատասխանատու ստորաբաժանումը (այսուհետ` կադրային ստորաբաժանում):
18. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողն ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրը ներկայացնում է կադրային ստորաբաժանման պետի անունով: Ծառայողը զեկուցագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնի վարկային պատմության վերաբերյալ վարկային բյուրոյի կողմից տրամադրված տեղեկանք: Նախարարի հրամանով կարող են սահմանվել ծառայողի կողմից ներկայացման ենթակա այլ տեղեկություններ:
19. Համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի` ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ զեկուցագիրը նախարարության կադրային ստորաբաժանում է ուղարկվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ:
20. Ատեստավորմանը մասնակցելու վերաբերյալ ներկայացված զեկուցագրերի և սույն կարգի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում նշված և կադրային ստորաբաժանումում հաշվառվող պարտադիր ատեստավորման ենթակա ծառայողների ցուցակների հիման վրա, համաձայն սույն կարգի 12-րդ կետում նշված հրամանով հաստատված ժամանակացույցի, սույն կարգի 11-րդ կետում նշված թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման արդյունքներն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կադրային ստորաբաժանման կողմից կազմվում է ատեստավորմանը մասնակցող ծառայողների անվանացուցակ և երկու աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ տեղեկացվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին` նշելով ատեստավորման անցկացման վայրը, օրը և ժամը:
(20-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2293-Ն որոշում)
21. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կարգի 20-րդ կետում նշված գրությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում ծառայողին պարտադիր ծանոթացնում են դրան, իսկ ատեստավորման անցկացման օրը և դրան նախորդող երկու օրը` ծառայողին ազատում ծառայողական պարտականությունների կատարումից` ատեստավորմանը մասնակցելու համար:
22. Նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում կադրային ստորաբաժանումը նախարարության ուսումնական հաստատության կողմից մշակված ատեստավորման մեթոդական ուղեցույցն ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներին: Մեթոդական ուղեցույցում ներկայացվում են թեստավորման մասնագիտական բաժնի առաջադրանքների հիմքում ընկած իրավական ակտերի և այլ նյութերի ցանկը, առաջադրանքների նմուշները և պատասխանների ձևաթղթի լրացման կարգը:
23. Ծառայողների ատեստավորման գործընթացի կազմակերպման, համակարգման և դրա արդյունքների ամփոփման նպատակով նախարարի հրամանով ձևավորվում է ատեստավորման հանձնաժողով: Ատեստավորման հանձնաժողովը կազմված է տասներկու անդամից, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեկ պատգամավոր (համաձայնությամբ), Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից` մեկ ներկայացուցիչ, ինչպես նաև արդարադատության, իրավապահ համակարգի զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կամ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա գործունեության փորձ ունեցող երկու հասարակական կազմակերպություններից ընտրված մեկական ներկայացուցիչ (համաձայնությամբ): Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին հասարակական կազմակերպություններ ընդգրկելու համար համապատասխան հայտարարությունը նախարարության կայքում հրապարակվում է ատեստավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան տասը աշխատանքային օր առաջ: Եթե ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար դիմել է մեկ հասարակական կազմակերպություն, ապա ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տվյալ հասարակական կազմակերպության երկու ներկայացուցիչ, իսկ եթե ատեստավորման հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու համար չի դիմել որևէ հասարակական կազմակերպություն, ապա ատեստավորումն անցկացվում է առանց հասարակական կազմակերպության ներկայացուցիչների:
24. Ատեստավորման հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն ութ անդամ: Ատեստավորման հանձնաժողովի անհատական կազմը հաստատվում և ատեստավորման հանձնաժողովի քարտուղարը նշանակվում է նախարարի հրամանով: Նույն հրամանով ատեստավորման հանձնաժողովի կազմից նշանակվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահ: Ատեստավորման հանձնաժողովի նախագահը նախարարի տեղակալն է: Ատեստավորման հանձնաժողովի քարտուղար է նշանակվում նախարարության կադրային ստորաբաժանման` առնվազն միջին խմբի կամ դրան հավասարազոր պաշտոն զբաղեցնող աշխատակիցը, ով կազմակերպում է ատեստավորման գործընթացը և ատեստավորման արդյունքների արձանագրումը:
25. Ատեստավորումն իրականացվում է փուլերով` հետևյալ հերթականությամբ` ընդհանուր բաժնի թեստավորում` էլեկտրոնային եղանակով, ստուգարք, մասնագիտական բաժնի թեստավորում` էլեկտրոնային եղանակով (գաղտնիության դրոշմագիր ունեցող թեստերը` թղթային եղանակով), իսկ փրկարար ծառայության տնօրենի տեղակալների, փրկարար ծառայությունում բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար` նաև հարցազրույց:
26. Ատեստավորման հաջորդ փուլին մասնակցում են նախորդ փուլում անցողիկ միավորներ ապահոված ծառայողները: Ընդհանուր բաժնի թեստավորման, ստուգարքի կամ մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն իրավունք ունի անցողիկ միավորներ ապահոված ծառայողների հետ միասին մասնակցելու ատեստավորման հաջորդ փուլերին:
(26-րդ կետը փոփ. 21.12.2023 թիվ 2293-Ն որոշում)
26.1. Ընդհանուր բաժնի թեստավորման, ստուգարքի և մասնագիտական բաժնի թեստավորման փուլերից միայն մեկում անցողիկ միավորներ չապահոված ծառայողն այդ փուլը վերահանձնելու համար զեկուցագիրը ներկայացնում է կադրային ստորաբաժանման պետի անունով: Ծառայողը զեկուցագիրը պետք է ներկայացնի ատեստավորման մյուս բոլոր փուլերը հաջողությամբ անցնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում: Զեկուցագիրը նախարարության կադրային ստորաբաժանում է ուղարկվում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետի ուղեկցող գրությամբ: Ծառայողը ներկայացված զեկուցագրի հիման վրա վերահանձնման իրավունքն ստանում է ոչ շուտ, քան իր խմբի ատեստավորման փուլերի ավարտը, և ոչ ուշ, քան անցողիկ միավորներ չապահովելու օրվանից երեք ամսվա ընթացքում: Վերահանձնումն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:
(26.1-ին կետը լրաց. 21.12.2023 թիվ 2293-Ն որոշում)
26.2. Սույն կարգի 26-րդ կետում նշված փուլերից երկուսում անցողիկ միավոր չապահոված, սույն կարգի 26.1-ին կետով սահմանված ժամկետներում վերահանձնմանը չմասնակցած, վերահանձնման արդյունքներով անցողիկ միավորներ չապահոված կամ հարցազրույցից բացասական եզրակացություն ստացած ծառայողի վերաբերյալ կայացվում է «Փրկարար ծառայության մասին» օրենքի 34.1-ին հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված համապատասխան եզրակացություն:
(26.2-րդ կետը լրաց. 21.12.2023 թիվ 2293-Ն որոշում)
27. Ծառայողների ատեստավորման թեստավորման փուլը տեսագրվում է:
28. Թեստավորումն իրականացվում է այդ նպատակով առանձնացված սենյակում (այսուհետ` թեստավորման սենյակ):
29. Թեստավորման ընթացքին հետևելու և թեստավորման ընթացքն սպասարկելու նպատակով թեստավորումն անցկացնող նախարարության ուսումնական հաստատության ղեկավարի հրամանով ստեղծվում է թեստավորման հանձնաժողով` կազմված թեստավորման հանձնաժողովի նախագահից և առնվազն երկու անդամներից:
30. Թեստավորման հանձնաժողովի նախագահը և առնվազն մեկ անդամ պետք է ունենան գաղտնիության երկրորդ կարգի թույլտվություն` գաղտնիության դրոշմագիր ունեցող թեստերով անցկացվող թեստավորման ընթացքի և արդյունքների արձանագրման համար:
31. Գաղտնիության դրոշմագիր ունեցող թեստեր պատրաստելը, թեստավորման ժամանակ դրանք օգտագործելը, լրացված թեստերը ստուգելը, ստուգված թեստերի հետագա պահպանումը և ոչնչացումը կատարվում են գաղտնի գործավարության կանոններին համապատասխան: Թղթային եղանակով անցկացվող թեստավորման ժամանակ օգտագործվող` գաղտնիության դրոշմագիր ունեցող թեստերը նախարարության ուսումնական հաստատության քարտուղարությունից ստանում է թեստավորման հանձնաժողովի նախագահը: Թեստավորման ավարտից հետո թեստավորման հանձնաժողովի նախագահը ստուգված թեստերը վերադարձնում է լիազոր մարմնի ուսումնական հաստատության քարտուղարություն:
32. Թղթային եղանակով անցկացվող թեստավորման աշխատանքներն սկսվելուց մեկ ժամ առաջ թեստավորման հանձնաժողովի նախագահը թեստավորման սենյակում թեստավորման հանձնաժողովի անդամներին է տրամադրում թեստի պատասխանների լրացման ձևաթղթերի ծրարը և ատեստավորմանը մասնակցող ծառայողների անվանացուցակը:
33. Թեստավորման հանձնաժողովի անդամները թեստի պատասխանների լրացման ձևաթղթերը տրամադրում են ծառայողներին:
34. Ատեստավորմանը մասնակցող ծառայողների մուտքը թեստավորման սենյակ սկսվում է թեստավորման համար նշանակված ժամին: Թեստավորման համար նշանակված ժամից հետո ատեստավորման ենթակա ուշացած ծառայողների մուտքը թեստավորման սենյակ չի թույլատրվում, և վերջիններս համարվում են թեստավորման փուլին չներկայացած: Թեստավորման սենյակում ատեստավորմանը մասնակցող ծառայողը ստանում է պատասխանների լրացման ձևաթուղթը, ատեստավորմանը մասնակցող ծառայողների անվանացուցակում իր անվան դիմաց ստորագրությամբ հաստատում է պատասխանների լրացման ձևաթուղթը ստանալու փաստը և տեղ զբաղեցնում թեստավորման սենյակում տեղադրված` համարակալված որևէ նստարանի:
35. Մինչև թեստավորման սկիզբը թեստավորման հանձնաժողովի նախագահն ատեստավորմանը մասնակցող ծառայողների համար ընթերցում է թեստավորման անցկացման կարգը:
36. Ատեստավորմանը մասնակցող ծառայողները պատասխանների լրացման ձևաթղթում լրացնում են իրենց կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը, այնուհետև թեստավորման հանձնաժողովի անդամները մոտենում են, կտրում պատասխանների լրացման ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող հատվածները, հաշվում են դրանք և հանձնում թեստավորման հանձնաժողովի նախագահին:
37. Թեստավորման հանձնաժողովի նախագահը թեստավորման հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հաշվում է պատասխանների լրացման ձևաթղթերի անձնական տվյալները պարունակող հատվածները, ստուգում, այնուհետև տեղավորում այդ նպատակով նախատեսված ծրարում` ծրարի վրա գրելով պատասխանների լրացման ձևաթղթերի` անձնական տվյալները պարունակող կտրված հատվածների թիվը:
38. Թեստավորման հանձնաժողովի նախագահը համապատասխան թեստերի փաթեթները ցուցադրում է ատեստավորմանը մասնակցող ծառայողներին` նրանց ուշադրությունը հրավիրելով փաթեթների փակ և ամբողջական լինելու հանգամանքի վրա, որից հետո բացում է դրանք` բոլորին տեսանելի ձևով: Փաթեթների բացման վերաբերյալ արձանագրությունների համապատասխան տողում թեստավորման հանձնաժողովի անդամները կատարում են նշում:
39. Թեստավորման հանձնաժողովի անդամները թեստերը բաժանում են ատեստավորմանը մասնակցող ծառայողներին: Ատեստավորմանը մասնակցող ծառայողը, ստանալով իր թեստը, ստուգում է այն և թեստի շապիկի համապատասխան մասում գրում իր կոչումը, անունը, ազգանունը, հայրանունը և նստարանի համարը: Հայտարարվում են թեստավորման սկիզբը, տևողությունը, ցուցատախտակի վրա կատարվում է նշում` թեստավորման սկզբի և ավարտի վերաբերյալ:
40. Էլեկտրոնային եղանակով անցկացվող թեստավորման դեպքում ատեստավորման հանձնաժողովն ապահովում է ատեստավորմանը մասնակցող ծառայողի նույնականացման բացառումը` ծառայողի անձնական տվյալները ծածկագրելու միջոցով: Ատեստավորման մասնակիցը մինչև առաջադրանքի վերջնական պահպանումը կարող է փոփոխել ընտրված պատասխանները: Թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգը պետք է ունենա հնարավորություն` ինքնաշխատ եղանակով պարբերաբար պահպանելու մասնակցի կատարած նշումները: Թեստային առաջադրանքների կատարման համար սահմանված ժամանակի ավարտից անմիջապես հետո թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգն ապաակտիվացնում է թեստը: Եթե մասնակիցը որևէ պատճառով չի պահպանել իր կատարած առաջադրանքը մինչ հատկացված ժամանակի ավարտը, ապա առաջադրանքի կատարման վերջնական տարբերակ է համարվում թեստն ապաակտիվացնելու պահին թեստավորման անցկացման էլեկտրոնային համակարգում ինքնաշխատ եղանակով պահպանված տարբերակը:
41. Էլեկտրոնային եղանակով անցկացվող թեստավորման` օբյեկտիվ պատճառներով (հոսանքազրկում, ծրագրային խափանում և այլն) ընթացքն ընդհատվելու դեպքում, եթե մասնակիցը չի ավարտել թեստավորումը, և եթե ընթացքը հնարավոր չէ վերականգնել վաթսուն րոպեի ընթացքում, թեստավորումը ատեստավորման հանձնաժողովի նախագահի որոշմամբ անցկացվում է նորից` ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը` նախորդ արդյունքների զրոյացմամբ, իսկ թեստավորման ընթացքի վերականգնման դեպքում թեստավորման ժամանակն ավելացվում է ընդհատված ժամանակի չափով:
42. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ թեստավորման սենյակ տանել կապի միջոցներ կամ այլ տեխնիկական սարքեր, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր:
43. Թեստավորման ընթացքում մասնակիցներին չի թույլատրվում աղմկել, հուշել, օգտվել որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալ ներկա գտնվող անձանց, այդ թվում` ատեստավորման հանձնաժողովի անդամներին, ինչպես նաև դուրս գալ սենյակից: Թեստավորման ընթացքում մասնակիցների կողմից աղմկելու, հուշելու, թեստավորման առաջադրանքների կատարման հետ կապված հարցեր տալու դեպքում ատեստավորման հանձնաժողովի նախագահը կամ անդամը մեկ անգամ բանավոր նախազգուշացնում է ատեստավորմանը մասնակցող ծառայողին, իսկ խախտումը կրկնվելու դեպքում` դադարեցնում է վերջինիս թեստավորումը և դուրս հրավիրում թեստավորման սենյակից` արձանագրելով խախտումը և տվյալ ծառայողի տվյալները: Թեստավորման ընթացքում մասնակիցների կողմից որևէ գրավոր (տպագիր, մեքենագիր, ձեռագիր և այլն) նյութից, կապի միջոցներից կամ այլ տեխնիկական սարքերից օգտվելու դեպքում դադարեցվում է ատեստավորմանը մասնակցող ծառայողի թեստավորումը, և վերջինիս դուրս են հրավիրում թեստավորման սենյակից` արձանագրելով խախտումը և տվյալ ծառայողի տվյալները:
44. Թեստավորման ընթացքում ատեստավորմանը մասնակցող ծառայողը թեստավորման սենյակից կարող է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում` թեստավորման հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ` թեստավորման հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ուղեկցությամբ:
45. Թեստավորման ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող թեստերն ու պատասխանների լրացման ձևաթղթերը նորերով փոխարինում է թեստավորման հանձնաժողովի նախագահը` արձանագրությունների համապատասխան տողում այդ մասին կատարելով նշում: Թերություններ ունեցող պատասխանների լրացման ձևաթղթերի կամ թեստերի վրա գրվում են «Խոտանված է» բառերը:
46. Թեստավորման սենյակում, բացի ատեստավորմանը մասնակցող ծառայողներից, կարող են գտնվել միայն ատեստավորման հանձնաժողովի նախագահը, անդամներն ու քարտուղարը, թեստավորման հանձնաժողովի նախագահն ու անդամները, ինչպես նաև ատեստավորման հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ` այլ անձինք:
47. Թեստավորման ավարտից 10 րոպե առաջ թեստավորման հանձնաժողովի նախագահն ատեստավորմանը մասնակցող ծառայողների ուշադրությունը հրավիրում է ժամանակի վրա:
48. Թեստավորումն ավարտելուց հետո ատեստավորմանը մասնակցող ծառայողը թեստը և պատասխանների լրացման ձևաթուղթը հանձնում է թեստավորման հանձնաժողովի նախագահին` ստորագրելով ատեստավորմանը մասնակցող ծառայողների անվանացուցակում` իր անվան դիմաց: Թեստավորման հանձնաժողովի նախագահը համեմատում է թեստի և պատասխանների լրացման ձևաթղթում նշված թեստի համարները, պատճենահանում պատասխանների լրացված ձևաթուղթը և պատճենը հանձնում է ատեստավորմանը մասնակցող ծառայողին: Չի թույլատրվում պատասխանների ձևաթղթերի վրա կատարել ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ, մեկ հարցի համար նշել մեկից ավելի պատասխաններ: Նման դեպքերում տվյալ հարցի պատասխանը համարվում է սխալ:
49. Սույն կարգի 54-րդ և 55-րդ կետերում նշված` թեստավորման առաջադրանքի կատարման համար հատկացված ժամանակի ավարտից հետո թեստավորման հանձնաժողովի նախագահը պատասխանների լրացման ձևաթղթերի (օգտագործված, չօգտագործված, խոտանված), ատեստավորմանը մասնակցած ծառայողների անվանացուցակի ծրարները, պատասխանների լրացման ձևաթղթերի` անձնական տվյալ պարունակող հատվածները և թեստերը (օգտագործված, չօգտագործված, խոտանված) հաշվում է և արձանագրում:
50. Պատասխանը ստուգելուց և ծառայողին նույնականացնելուց հետո համապատասխան միավորը գրանցվում է որպես ծառայողի թեստավորման արդյունք: Թղթային եղանակով թեստավորման պատասխանները ստուգվում են ատեստավորման հանձնաժողովի ներկայությամբ:
51. Թեստավորման ընդհանուր բաժինը բաղկացած է 2 ենթաբաժիններից` ընդհանուր զարգացվածության և մասնագիտական կարողության ենթաբաժիններ:
52. Թեստավորման ընդհանուր բաժնի ընդհանուր զարգացվածության ենթաբաժինը ներառում է 55 հարց, և անցողիկ նվազագույն շեմը 20 միավորն է: Ճիշտ պատասխանները գնահատվում են 1 միավոր, սխալ պատասխանները` 0 միավոր:
53. Թեստավորման ընդհանուր բաժնի մասնագիտական կարողության ենթաբաժինը կազմված է 154 հարցից, որոնց պատասխանների հիման վրա գնահատվում են ծառայողի անկեղծության աստիճանը և համապատասխանությունը «Փրկարար» մասնագիտությանը: Անկեղծության աստիճանի գնահատման շեմը չպետք է գերազանցի 9 միավորը, իսկ մասնագիտական կարողության գնահատման շեմը չպետք է գերազանցի 50 միավորը:
54. Թեստավորման ընդհանուր բաժնի հարցերին պատասխանելու համար ծառայողին տրվում է 80 րոպե ժամանակ:
55. Թեստավորման մասնագիտական բաժինը կազմված է 50 հարցից, որոնց պատասխանների հիման վրա գնահատվում են ծառայողի մասնագիտական գիտելիքները: Ընդ որում, մասնագիտական բաժինը կարող է ներառել նաև իրավիճակային խնդիրներ: Թեստավորման մասնագիտական բաժնի առաջադրանքը կատարելու համար ծառայողին տրվում է 60 րոպե ժամանակ:
56. Թեստավորման մասնագիտական բաժնի թեստերը կազմվում են ըստ փրկարար ծառայության գործունեության ոլորտների և ծառայողների ատեստավորման մակարդակների, որոնք սահմանվում են նախարարի հրամանով:
57. Թեստավորման մասնագիտական բաժնի արդյունքներով ծառայողի մասնագիտական գիտելիքները գնահատվում են «գերազանց», «լավ», «բավարար» և «անբավարար» հետևյալ համամասնությամբ`
.________________________________.
|Գնահատականը |Ճիշտ պատասխանների|
| |քանակը/միավորները|
|______________|_________________|
|գերազանց | 45-50 |
|______________|_________________|
|լավ | 35-44 |
|______________|_________________|
|բավարար | 26-34 |
|______________|_________________|
|անբավարար | 0-25 |
.________________________________.
58. Թեստավորման ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում թեստավորման հանձնաժողովի կողմից ամփոփվում են թեստավորման արդյունքները և կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է թեստավորման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
59. Սույն կարգի 58-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, թեստավորման արդյունքներով կազմված արձանագրությունը` նախարարության ուսումնական հաստատության ղեկավարի ուղեկցող գրությամբ ուղարկվում է ատեստավորման հանձնաժողով և կադրային ստորաբաժանում:
60. Թեստավորման արդյունքներով կազմված արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կադրային ստորաբաժանումը կազմում է թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած ծառայողների անվանացուցակներ, որոնք կադրային ստորաբաժանման պետը սույն կետով նախատեսված ժամկետում զեկուցագրով ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին: Կադրային ստորաբաժանման պետը սույն կետով նախատեսված ժամկետում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է թեստավորման արդյունքների մասին` կից ուղարկելով նաև թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած ծառայողների անվանացուցակները: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում թեստավորման փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան, ինչպես նաև թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած ծառայողների անվանացուցակներին:
61. Ստուգարքի անցկացման նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է առանձին հանձնաժողով, որը կազմված է 4 անդամից և քարտուղարից: Նույն հրամանով ստուգարքային հանձնաժողովի կազմից նշանակվում է ստուգարքային հանձնաժողովի նախագահ: Ստուգարքային հանձնաժողովի նախագահը և անդամները պետք է լինեն համապատասխան ոլորտի մասնագետներ:
62. Ստուգարքն անցկացվում է ծառայողների ֆիզիկական պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով: Ծառայողների ֆիզիկական պատրաստականության աստիճանը գնահատվում է նախարարի հրամանով հաստատված ֆիզիկական պատրաստականության պահանջներին համապատասխան:
63. Ստուգարքի արդյունքներով, դրա անցկացումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգարքային հանձնաժողովի կողմից կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է նախագահի, անդամների և քարտուղարի կողմից:
64. Սույն կարգի 63-րդ կետով նախատեսված արձանագրությունը ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը նախարարության ուսումնական հաստատության ղեկավարի ուղեկցող գրությամբ ուղարկվում է ատեստավորման հանձնաժողով և կադրային ստորաբաժանում:
65. Ստուգարքի արդյունքներով կազմված արձանագրությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կադրային ստորաբաժանումը կազմում է ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած ծառայողների անվանացուցակներ, որոնք կադրային ստորաբաժանման պետը` սույն կետով նախատեսված ժամկետում զեկուցագրով ներկայացնում է ատեստավորման հանձնաժողովի նախագահին: Կադրային ստորաբաժանման պետը` սույն կետով նախատեսված ժամկետում համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է ստուգարքի արդյունքների մասին` կից ուղարկելով նաև ստուգարքի փուլը հաղթահարած և չհաղթահարած ծառայողների անվանացուցակները: Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերը, սույն կետում նշված գրությունն ստանալու պահից մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ստուգարքի փուլին մասնակցած ծառայողներին պարտադիր ծանոթացնում են դրան, ինչպես նաև թեստավորման փուլը հաղթահարած և չհաղթահարած ծառայողների անվանացուցակներին:
66. Հարցազրույցն իրականացվում է սույն կարգի 64-րդ կետով սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող 30 օրերի ընթացքում:
67. Հարցազրույցն իրականացվում է այդ նպատակով առանձնացված սենյակում, որտեղ ներկա են գտնվում միայն հարցազրույցին մասնակցող ծառայողները, ատեստավորման հանձնաժողովը և ատեստավորման հանձնաժողովի քարտուղարը:
68. Հարցազրույցի փուլում ատեստավորման հանձնաժողովը ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ներգրավում է հոգեբանի:
69. Հարցազրույցի ընթացքում ստուգվում են ծառայողի` թիմ ղեկավարելու կարողությունը, նախաձեռնողականությունը, սեփական հույզերը կառավարելու ունակությունն ու ինքնատիրապետումը, այլ անձանց ունկնդրելու, նոր միջավայրին հարմարվելու կարողությունը և բարեվարքությունը:
70. Հարցազրույցի արդյունքներով եզրակացությունը կայացվում է գրավոր` ատեստավորման հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկությանը մասնակցում են միայն ատեստավորման հանձնաժողովի անդամները, որոնք իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից: Ձայների հավասարության դեպքում նախապատվությունը տրվում է այն ծառայողին, ով առավել բարձր միավոր է ապահովել հետևյալ հերթականությամբ ատեստավորման փուլերից` թեստավորման մասնագիտական բաժնից, թեստավորման ընդհանուր բաժնից, ստուգարքից:
71. Հարցազրույցի արդյունքներով, դրա ավարտից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում, ատեստավորման հանձնաժողովի քարտուղարի կողմից կազմվում է ատեստավորման արձանագրություն, որն ստորագրվում է ատեստավորման հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից:
72. Ատեստավորման արդյունքներով ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ծառայողի վերաբերությամբ կայացնում է «Փրկարար ծառայության մասին» օրենքի 34.1-ին հոդվածի 13-րդ մասով նախատեսված համապատասխան եզրակացություն:
73. Ատեստավորման արդյունքներով եզրակացությունները երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են կադրային ստորաբաժանում:
74. Ատեստավորման արդյունքներով եզրակացությունը կայացվում է գրավոր, որը ստորագրում են ատեստավորման հանձնաժողովի նախագահը և անդամները:
75. Ատեստավորման արդյունքներով եզրակացությունները հաստատվում են տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:
76. Կադրային ստորաբաժանումը կայացված գրավոր եզրակացությունները ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց պատճեններն ուղարկում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին:
77. Ատեստավորմանը մասնակցած ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացությունը կցվում է վերջինիս անձնական գործին:
78. Թեստավորմանը, ստուգարքին կամ հարցազրույցին չներկայանալու դեպքում ծառայողն իրավունք ունի ներկայացնելու զեկուցագիր` նշելով չներկայանալու պատճառը: Ատեստավորման հանձնաժողովի նախագահի կողմից ծառայողի ատեստավորմանը չներկայանալը հարգելի համարվելու դեպքում ծառայողն իրավունք է ձեռք բերում մասնակցել հերթական հաջորդ ատեստավորմանը` այն փուլից, որին նա չի ներկայացել:
79. Ստուգարքին, թեստավորմանը կամ հարցազրույցին անհարգելի չներկայացած ծառայողների վերաբերյալ, ինչպես նաև սույն կարգի 43-րդ կետով նախատեսված դեպքերում կայացվում է «Փրկարար ծառայության մասին» օրենքի 34.1-ին հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված համապատասխան եզրակացություն:
80. Սույն կարգի 76-րդ կետով նախատեսված ժամկետի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կադրային ստորաբաժանումը ատեստավորման արձանագրության ու գրավոր եզրակացությունների պատճեններն ուղարկում է նախարարության` ֆինանսների կառավարման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանում` հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի վճարումը դադարեցնելու համար: Կադրային ստորաբաժանումը, սույն կետով նախատեսված ժամկետում, համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների պետերին գրությամբ տեղեկացնում է ատեստավորման արդյունքների մասին` կից ուղարկելով նաև ատեստավորմանը մասնակցած համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենը:
81. Համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պետը` կադրային ստորաբաժանումից սույն կարգի 80-րդ կետով նախատեսված գրությունը և կից ուղարկված ատեստավորմանը մասնակցած ծառայողի վերաբերյալ կայացված գրավոր եզրակացության պատճենն ստանալու պահից մեկօրյա ժամկետում դրանց պարտադիր ծանոթացնում է ատեստավորմանը մասնակցած ծառայողին: Ատեստավորմանը մասնակցած ծառայողն իրավունք ունի ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը վերադասության կարգով բողոքարկելու նախարարին` դրանց ստանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:
82. Ատեստավորման արդյունքների և կայացված գրավոր եզրակացության` վերադասության կարգով բողոքարկումը չի կարող հանգեցնել նոր ատեստավորման անցկացման: Քննարկելով բերված բողոքը` նախարարն իրավունք ունի`
1) բավարարելու բողոքն ամբողջությամբ` հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կայացնելու նոր եզրակացություն, իսկ սույն կարգի 43-րդ կետով նախատեսված խախտումները չհաստատվելու, ինչպես նաև ստուգարքի, թեստավորման կամ հարցազրույցի փուլին չներկայանալու հանգամանքը հարգելի համարվելու դեպքում` հանձնարարելով ատեստավորման հանձնաժողովին կազմակերպել համապատասխան ծառայողների ստուգարքի կամ թեստավորման կամ հարցազրույցի անցկացումը` սույն կարգով նախատեսված ընթացակարգին համապատասխան.
2) մերժելու բողոքը` ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը թողնելով անփոփոխ:
Պաշտոնական հրապարակման օրը` 2 հունիսի 2023 թվական: