Սեղմել Esc փակելու համար:
«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱ ...

 

15.10.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի սեպտեմբերի 12-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժգ.1» կետով.

«ժգ.1) սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները.»:

 

i

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 1-ին մասում`

1) «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. սահմանում է տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման գները` ըստ չափորոշիչների, հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները` ըստ չափորոշիչների, ինչպես նաև հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների էլեկտրոնային աճուրդի կանոնակարգը,».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետով.

«գ.1) կազմակերպում և անցկացնում է տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդ,»:

 

i

Հոդված 3. Օրենքի 13.2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ մասերով.

«6. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայրը, մայրը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին` հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին` հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ:

7. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 6-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:»:

 

i

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.3-րդ հոդվածով.

 

«Հոդված 13.3. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդների անցկացման հիմնական պայմանները

 

1. Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման էլեկտրոնային աճուրդը (այսուհետ` աճուրդ) էլեկտրոնային համակարգերի կիրառմամբ ներքին գործերի լիազոր մարմնի պաշտոնական կայքի միջոցով կազմակերպվող սակարկություններն են, որը կազմակերպում և անցկացնում է ներքին գործերի լիազոր մարմնի համապատասխան ծառայությունը:

2. Աճուրդի լոտ է հանդիսանում տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը:

3. Աճուրդի անցկացման գործընթացի նկատմամբ կիրառվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված` էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող աճուրդին վերաբերող կարգավորումները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

4. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը կատարվում է աճուրդն անցկացնելու (սկսելու) օրվանից առնվազն երկու օր առաջ, որը ներառում է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 4-8-րդ կետերով սահմանված տեղեկությունները:

5. Աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է ներքին գործերի լիազոր մարմնի http://www.mia.gov.am պաշտոնական կայքում:

6. Աճուրդին մասնակցել ցանկացող անձը պաշտոնական կայքում ստեղծված համակարգում գրանցում է մասնակցի անձնական էջ, որից հետո հրապարակային ծանուցման մեջ նշված կարգով և ժամկետներում լոտի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով աճուրդի մասնակցության նախավճար է սառեցնում կամ փոխանցում կազմակերպչի դեպոզիտ հաշվին և հայտագրվում աճուրդին: Աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը սահմանում է ներքին գործերի լիազոր մարմնի ղեկավարը:

7. Յուրաքանչյուր լոտի աճուրդի ավարտի հաշվարկային ժամ է համարվում տվյալ լոտի աճուրդն սկսելու օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն: Աճուրդի ավարտին նախորդող 10 րոպեի ընթացքում յուրաքանչյուր նոր գնային առաջարկի դեպքում աճուրդը շարունակվում է ևս 10 րոպե` հաշված առաջարկի ստացման պահից:

8. Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային հայտ, որը պետք է գերազանցի մասնակիցների ներկայացրած նախորդ գնային հայտը` առնվազն նվազագույն հավելման չափով: Լոտի մեկնարկային գնի նվազագույն հավելումները կատարվում են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափերով:

9. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից նախօրոք սառեցված նախավճարը փոխանցվում է կազմակերպչի հաշվին, իսկ դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը չի վերադարձվում:

10. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարն ապասառեցվում (վերադարձվում) է:

11. Լոտի գնի վճարումը կատարվում է անկանխիկ եղանակով:

12. Կազմակերպիչն աճուրդի ավարտից հետո անմիջապես աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա նշած էլեկտրոնային փոստին է հասցեագրում աճուրդի արձանագրությունը, որի ձևը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

13. Աճուրդում հաղթող մասնակիցը պարտավոր է արձանագրությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, վճարել գնված լոտի գինն ամբողջությամբ` հաշվանցելով նախավճարը:

14. Աճուրդում հաղթած մասնակցի կողմից լոտի գնման գինը չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում:

15. Լոտի վաճառքի ամբողջական գինը կազմակերպիչն ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, աճուրդում հաղթած մասնակցի անձնական էջում հասանելի է դարձնում կամ նրա նշած էլեկտրոնային փոստին է հասցեագրում հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը, որի ձևը սահմանվում է աճուրդի կանոնակարգով:

16. Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքն աճուրդով ձեռք բերելու մասին վկայականը վավեր է մեկ տարի: Նշված ժամկետում այն տրանսպորտային միջոցի հաշվառում իրականացնող ստորաբաժանում չներկայացնելու (աճուրդով օգտագործման իրավունքով ձեռք բերված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներով տրանսպորտային միջոց չհաշվառելու) դեպքում աճուրդում հաղթող մասնակիցը կորցնում է հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների օգտագործման իրավունքը, իսկ լոտի վաճառքի գինը չի վերադարձվում:

17. Աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդին չի մասնակցել ոչ մի գնորդ.

2) աճուրդի ընթացքում լոտի մեկնարկային գնի հավելում չի կատարվել.

3) աճուրդում հաղթած անձը հրաժարվել է առուվաճառքի պայմանագիր կնքելուց կամ սահմանված ժամկետում չի վճարել լոտի գնման գինը:

18. Եթե աճուրդը չի կայացել լոտի գնման գինը սահմանված ժամկետում գնորդի կողմից չմուծվելու հիմքով, ապա տվյալ մասնակցի համար հաջորդ աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է լոտի մեկնարկային գնի քսան տոկոսի չափով:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով և 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Կառավարության որոշումը և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամաններն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. հոկտեմբերի 3
Երևան
ՀՕ-285-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2023 թվական:

 

pin
ՀՀ 12.09.2023
N ՀՕ-285-Ն օրենք